Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան
 |news.am|
14:01 - 10 հոկտեմբերի, 2023

Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան |news.am|

news.am: Երեւանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժերի եւ նրանք ներկայացված են Երեւանի ավագանիում. Ամեն քաղաքական ուժ իր որոշումն է կայացնում արդեն հետընտրական շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացին «Հանրապետություն» կուսակցությանը ձայն է տվել որպես ընդդիմություն, սակայն այսօր այդ ուժը ՔՊ-ի հետ հուշագիր է ստորագրել եւ միացել իշխանությանը:

«Հետընտրական շրջանում գաղափարական նույն հենքի եւ ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետության» հետ մենք կազմեցինք հետընտրական դաշինք: Սա պաշտոններ կիսելու հարց չէ: Մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց: բոլորը տեղյակ են հետընտրական շրջանում, բոլորը տեսել են ամեն ինչ, բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են: Մենք ասել ենք, որ մերժում ենք այդ ձեւը, մենք մերժում ենք այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որեւէ կերպ դաշինք կազմել: Որովհետեւ եթե ձեր ծրագրերը նույն բանի մասին չեն, եթե դու, օրինակ, չես մտածում Երեւանի, երեւանցիների մասին, եթե դու նույնիսկ էս երկրի մասին չես մտածում, եթե դու պոտենցիալ այլ երկրի շահերին ես ծառայում, մենք չենք կարող նման ուժերի ֆրակցիաների հետ դաշինք կազմել: Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, այս դաշինքը համագործակցության մասին է՝ գաղափարների եւ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ավինյանը:  

Իր հերթին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց. «Ընտրությունները մցրույթ են, տենդեր են հանրային պաշտոններում նշանակվելու համար: Մենք մասնակցել ենք այդ տենդերին եւ շահել ենք 12 տոկոսի չափ: Մենք նախընտրական արշավի ժամանակ հայտարարել ենք, թե որ ուժերի հետ դաշինք չենք կազմելու եւ մեր ընտրողը դա լսելով է մեզ ձայն տվել: Երեւանցին կարող էր միանգամից ընտրել ուղիղ մանդատով Երեւանի քաղաքապետ։, բայց որոշել է, որ իր փոխարեն քաղաքապետ պետք է ընտրեն պատվիրակները՝ ավագանու անդամնեը: Մենք այդ պատվիրակված լիազորությունն իրականացրել ենք այն սկզբունքների շրջանակներում, որոնց մասին հայտարարել ենք քարոզչության ժամանակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել