ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:15 - 15 հունվարի, 2022
Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Եվրոպական դատարանում պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ ներկայացրել ենք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացրած որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որտեղ ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի կարծիքով` միջազգային ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի: «ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Կարծում եմ, նմանատիպ քայլերը հետևողականորեն պետք է շարունակվի»,- ասաց Կիրակոսյանը:
15:13 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ազգային ժողովում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը: «Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ: Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
14:23 - 16 դեկտեմբերի, 2021
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները |1lurer.am|

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները |1lurer.am|

1lurer.am:  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսել է գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով միջազգային իրավական պրոցեսների մասին:  «Գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով մի շարք պրոցեսներ ունենք, որոնք ընթանում են նախ Եվրոպական դատարանում: Այնտեղ պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Բայց կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը:  Նրա խոսքով՝ միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով պետք է ավելացվի ճնշումը:
14:03 - 16 դեկտեմբերի, 2021
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին: Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Իրավական գործընթացներն ընթանում են, եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար, մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:
16:04 - 13 դեկտեմբերի, 2021
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի  վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
13:10 - 03 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ «Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 
14:21 - 27 նոյեմբերի, 2021
Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին: Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը: «Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», - ասաց Եղիշե Կիրակոսյանը: Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին գործի լսումները ավարտվել են: Երկու շաբաթվա ընթացքում երկու լսում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ Հայաստանի ներկայացրած խնդրանքի հիման վրա, մյուսը՝ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու խնդրանքի հիման վրա: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ երկու լսումների ընթացքում էլ Հայաստանի փաստաբանական թիմը բավական զորեղ ու համոզիչ փաստարկներ ու ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև շատ համոզիչ կերպով պաշտպանել է հայկական շահերը Ադրբեջանի միջնորդության ժամանակ՝ հակափաստարկներ բերելով ադրբեջանական կողմի դատարկ և անհիմն պահանջներին: Նա շեշտեց, որ Ադրբեջանի դեմ դատական գործի ընթացքը ինքնին կարևոր է, քանի որ դրանով որոշակի արդյունքներ արդեն արձանագրվել են, մասնավորապես այն, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի պահանջով հեռացրել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմական ավարի պուրակից»: «Կարծում եմ՝ դա առաջին մեծ հաջողությունն է, քանի որ ադրբեջանական կողմը մանեկենների և սաղավարտների հեռացման ապացույցը ներկայացրեց դատարանին լսումներից ընդամենը երկու-երեք օր առաջ, ինչը ցույց է տալիս, որ այս լսումները ինքնին արդեն արդյունք ունենում են», - մեկնաբանեց Եղիշե Կիրակոսյանը: Ներկայացուցչի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումը տվյալ գործով հրապարակելու է մոտ մեկ կամ մեկուկես ամսից. «Եթե որոշումով ստանանք այն, ինչ ուզում ենք, դա կլինի ավելի համոզիչ, և դա մեծ ճնշում է ավելացնելու Ադրբեջանի վրա: Արդեն ավելացրել է, և եթե որոշումը լինի, այդ ճնշումը բազմապատկվելու է»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել ՀՀ դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր եզրափակիչ խոսքում մասնավորապես ասել է. - «Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»: Կիրակոսյանը Հաագայի դատարանին խնդրել է «ամբողջությամբ մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների ներդրման վերաբերյալ»: Ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դիմել էր միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով, այդ թվում՝ պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել:
10:43 - 20 հոկտեմբերի, 2021
ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|

ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված գործով լսումների առաջին օրը կարողացել է լավագույնս ներկայացնել իր դիրքորոշումը, ապացույցները, փաստարկները՝ դատարանից ակնկալելով ականջալուր լինել համոզիչ փաստարկներին:  Հաագայից մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, այս գործով ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը: «Լսումների առաջին օրվա առաջին հատվածում Հայաստանը ներկայացրեց իր պնդումներն ու իրավական փաստարկները, ապացույցները, որոնցով հիմնավորվում են Հայաստանի կողմից պահանջվող հրատապ միջոցների կիրառման հանգամանքները: Սա առաջին փուլն էր, որին պետք է հաջորդի Ադրբեջանի պատասխանը օրվա երկրորդ կեսին: Առավոտյան արդեն կրկին Հայաստանը պետք է ներկայացնի իր հակափաստարկները: Կարծում ենք, որ դա կամփոփվի օրվա ավարտին նաև Ադրբեջանի պատասխանով»,-ասաց Կիրակոսյանը: Դատարանի արձագանքը լինելու է որոշման տեսքով: Ակնկալվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշումը կկայացնի 1-1.5 ամսվա ընթացքում: «Հայաստանը, կարծում եմ, կարողացավ իր ներկայանալի թիմով լավագույնս և ամբողջությամբ շատ մանրակրկիտ և շատ փաստարկված ներկայացնել հայկական դիրքորոշումը, փաստարկները և ապացույցները: Կսպասենք արձագանքին: Վստահ ենք, որ մենք ներկայացրել ենք մաքսիմալ ամենալավ եղանակով»,-ասաց Կիրակոսյանը: Հոկտեմբերի 14-ին լսումներում Հայաստանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանի կողմից ընդունված, հաստատված գերիների, այնպես էլ այն գերիների մասին, որոնց մասին Ադրբեջանից հաստատում չի ստացվել: Նշվել է, որ կան ապացույցներ՝ նրանց գերության մեջ լինելու մասին: Հղում է կատարվել լուսանկարներին, տեսանյութերին, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստերը: Կիրակոսյանը վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած ապացուցողական զանգվածը, տեսանյութերը բավականին շատ են: Բոլոր դատավորներին տրվել են այդ ապացույցները: Հայաստանը միջազգային դատարան է գնացել արդարության, արդարադատության ակնկալիքով: «Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է: Հետագա ընթացքը ցույց կտա, բայց ակնկալիքն այն է, որ դատարանն ականջալուր կլինի Հայաստանի կողմից ներկայացված համոզիչ ապացույցներին և փաստարկներին և պետք է  քայլ ձեռնարկի այս ուղղությամբ: Մեր ակնկալած քայլը դատարանի կողմից հրատապ միջոց կիրառելու որոշումն է: Մեզ համար ցանկալի է, որ մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները բավարարվեն, որովհետև վստահ ենք, որ մեր ներկայացրած բոլոր պահանջները հիմնավոր են: Արդարությունն է մեր ակնկալիքը»ղ,-ասաց Կիրակոսյանը: Ավելին՝ armenpress.am-ում
17:19 - 14 հոկտեմբերի, 2021