Չեխիա

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
17:17 - 27 հուլիսի, 2022
Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ

Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։  Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում  ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել  խաղաղության համար։ Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։
11:03 - 27 հուլիսի, 2022
Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար
 |armenpress.am|

Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Չեխիան, որպես մարդու իրավունքները և մարդասիրական արժեքները խրախուսող երկիր, մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար: Լիպավսկին նաև հավելեց, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: «Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Խոսելով մասնավորապես Ձեր նշած խնդրի մասին՝ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է [Եվրոպական խորհրդի նախագահ] Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, և կարծում եմ՝ նա շատ կարևոր դեր է խաղում», - հայտնեց Չեխիայի ԱԳ նախարարը:
21:51 - 26 հուլիսի, 2022
Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթ է ունեցել, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։ Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։  Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։ Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով  պահպանելու համար։ Հարգելի՛ ընկերներ, Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։ Հարգելի՛ գործընկերներ, Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։ Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի,  Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան»,- իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարարը: Հարց․ Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները Հայաստանի վրա: Պատասխան. Իհարկե, Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու և, հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք  կհաջողենք այս գործընթացում:
20:38 - 26 հուլիսի, 2022
Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում
 |azatutyun.am|

Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Դիվանագետը նշել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հատուկ հանձնարարականներ է տվել։ Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեն՝ այդ թվում էներգետիկ ոլորտում: Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից։ Բրյուսելը փորձում է ռուսական էներգակիրներին այլընտրանք գտնել՝ դիտարկելով այդ թվում ադրբեջանական գազն ու նավթը:
14:00 - 13 հուլիսի, 2022
Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|

Չեխիայում COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում քառակի աճել է |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել է, 13 հիվանդ գտնվում է ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում համավարկը կրկին սկսել է ընդլայնվել, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 78 ախտահարված, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը մայիսի սկզբից ի վեր: Ամենից շատ հիվանդացածներ են Պրահայում՝ 155 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Համավարակի սկզբից Չեխիայում COVID-19-ով է հիվանդացել ավելի քան 3,9 միլիոն մարդ: Մահվան դեպքեի քանակը կազմել է 40340, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:51 - 13 հուլիսի, 2022
 Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա

 |armenpress.am|

Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա |armenpress.am|

armenpress.am:  Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում: «Դիվանագիտական բանակցությունները պետք է վարվեն առաջին հերթին հենց ուկրաինացիների կողմից: Բայց մենք ուկրաինացիներին պետք է պահենք խաղի մեջ»,-հավելել է նա, նշելով, որ Չեխիայի նախագահությունը չի ազդի այդ բանակցությունների վրա: Նախարարը նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրունի խոսքը, որը հայտարարել է, թե «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին» դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորություն ունենալու համար: «Մակրոնը, հավանաբար, այնքան էլ ուշադրություն չի դարձնում այդ հարցին, Պուտինի համար միեւնույն է, թե Ռուսաստանին ինչպես կընկալեն Արեւմուտքում»,-ամփոփել է Լիպավսկին: ԵՄ-ում Չեխիայի՝ կես տարի տեւող նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին: Այժմ Եվրոպական խորհրդի նախագահը Ֆրանսիան է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:35 - 13 հունիսի, 2022
Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Մայիսի 20-ին ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը: Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր: Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում: Անդրադառնալով 44֊օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:  
15:24 - 20 մայիսի, 2022
Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ թե՛ բարեկամական խմբերի մակարդակով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Անդրադառնալով մեր երկրում ազատ մամուլի դերին ու ժողովրդավարության ամրապնդման հարցում իրականացվող քայլերին՝ ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն առաջընթաց է արձանագրել այդ հարցերում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մամուլը գերակշռում է դաշտում, եւ ընդդիմության ձայնն ամբողջովին լսելի է: Տարածաշրջանային եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներից խոսելով՝ Հակոբ Արշակյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց ազատ արձակման հարցը: Նշվել է, որ «Human rights watch» կազմակերպության վերջին զեկույցում փաստեր կան հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ խոշտանգումների վերաբերյալ: «Ակնկալում ենք մեր չեխ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող մեր ջանքերին»,- ասել է Հակոբ Արշակյանը: Չեխիայի Սենատի փոխնախագահը նշել է, որ իր երկիրը նույնպես հետաքրքրված է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցով: Նրա խոսքով՝ որպես ԵՄ անդամ եւ քրիստոնյա երկիր՝ Չեխիան կարեւորում է հայկական քրիստոնեական արժեքների պահպանումը: Շեշտվել է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Կարեւորելով տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է Արցախի ազատությունն ու անվտանգությունը, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման եւ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու հայկական կողմի վճռականությունը: Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հարցը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումն այլընտրանք չունի: «Մեզ համար ողջունելի են ձեր ձգտումներն ու քայլերը մեդիայի, ժողովրդավարության ոլորտներում, օրենսդրական դաշտի ժողովրդավարացման ուղղությամբ»,- շեշտել է Յիրժի Ռուժիչկան: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Ներկայացվել են երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են մեդիաոլորտի խնդիրները, անդրադարձել ԶԼՄ-ների անկողմնակալ աշխատանքի համար իրականացվող օրենսդրական քայլերին ու միջոցառումներին: Կարեւորվել է այս բնագավառում հայ-չեխական փոխգործակցությունը:
17:47 - 18 մայիսի, 2022
ՔՊ քարտուղարը չեխ գործընկերների հետ քննարկել է գերության մեջ գտնվող 38 հայ ռազմագերների վերադարձի հարցը

ՔՊ քարտուղարը չեխ գործընկերների հետ քննարկել է գերության մեջ գտնվող 38 հայ ռազմագերների վերադարձի հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերների հետ խորհրդարանում հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորությամբ երկօրյա այցով Երևանում գտնվող չեխ գործընկերների հետ։   «Քննարկել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և կրոնական կոթողների ոչնչացմանը վերաբերող հարցեր՝ ակնկալելով քաղաքական և դիվանագիտական աջակցություն։     Քննարկեցինք նաև մեդիա ոլորտում համագործակցության հնարավորությունները, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։  
16:21 - 18 մայիսի, 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում Չեխիայի ընդգրկվելու օգտին՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը: Չեխիան դարձել է արևելաեվրոպական երկրների խմբից այդ տեղի միակ թեկնածուն, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում բանաձև է ընդունվել խորհրդի կազմում Ռուսաստանի անդամակցության դադարեցման մասին: Որոշում կայացնելու համար պահանջվել է ձայների մեծամասնությունը՝ 97 ձայն, իսկ քվեարկությունն իրականացվել է փակ։  97 ձայների մեծամասնությունը պահանջվում էր նոր երկրի ընդգրկման վերաբերյալ որոշում կայացնելու համար, իսկ ընտրություններն անցկացվում էին գաղտնի: Պատվիրակություններն իրենց քվեաթերթիկները գցեցին անթափանց քվեատուփերի մեջ։ Չեխիան ըմտրվել է 157 ձայնով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
21:19 - 10 մայիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը եւ Մերի Գալստյանը։ Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները: «Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրեւ հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրեւ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը: Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելույն: Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարեւորվել են նաեւ երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները: Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
21:24 - 31 մարտի, 2022
Պրահան ԵՄ-ից ֆինանսական աջակցություն է ակնկալում՝ փախստականներին պահելու համար. Չեխիայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Պրահան ԵՄ-ից ֆինանսական աջակցություն է ակնկալում՝ փախստականներին պահելու համար. Չեխիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Չեխիան ակնկալում է Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալ՝ կապված Ուկրաինայից եկած փախստականների ընդունման համար պետբյուջեից կատարված զգալի ծախսերի հետ: Այդ մասին հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ «Հավատում եմ, որ մեզ կհաջողվի Եվրամիությունից միջոցներ ստանալ Չեխիայի պետական բյուջեի համար, որպեսզի մենք ծածկենք երկրի ծախսերը, որոնք առաջանում են փախստականներին օգնություն ցուցաբերելիս»,- նշել է Լիպավսկին։ Փետրվարի 24-ից սկսած՝ Չեխիայի իշխանություններն ուկրաինացի փախստականներին տրամադրել են շուրջ 230 հազար հատուկ վիզա, որոնք թույլ են տալիս ապաստան ստանալ երկրում: Չեխիայում այժմ մոտ 300 հազար փախստական կա Ուկրաինայից. նրանցից շատերը դեռ պաշտոնական գրանցում չունեն։
16:03 - 26 մարտի, 2022