1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։
Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը:
Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
Որոշումը հնարավորություն կստեղծի ՊՆ-ի համար Չեխիայում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է հիմնականում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ համագործակցության ձևաչափով: Սակայն երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն:
Ռազմական կցորդի առկայությունը Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:
Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
comment.count (0)