Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է, նախկինում՝ Երևանի քաղաքապետը։ ՀՀԿ անդամ է։Ծնվել է 1978թ.  ապրիլի 17-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 2001թ.՝ նույն բուհի մագիստրատուրան: Ճարտարագիտության մագիստրոս: Տնտեսագիտության թեկնածու:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, այնուհետեւ բաժնի պետ: 2003-2005թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել եւ 2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երեւանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011-2018թթ.՝ Երեւանի քաղաքապետ:

2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության եւ նախագահության անդամ:

1996 թվականից ՀՀԿ անդամ է, 2006թ.` ՀՀԿ խորհրդի, 2012թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012-2018թթ. եղել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ: 2014-2018թթ.` «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Դատախազը Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի բռնագանձման հիմքում դրված հաշվարկները տրամադրեց դատարանին
 |hetq.am|

Դատախազը Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի բռնագանձման հիմքում դրված հաշվարկները տրամադրեց դատարանին |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 16-ին շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբում ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը դատարանին և դատավարության կողմերին սկավառակի տեսքով տրամադրեց հայցադիմումի հիմքում դրված հաշվարկները։ Քանի որ պատասխանողների ներկայացուցիչների հիմնական հարցադրումները կապված էին հենց հաշվարկների հետ, փաստաբան Բենիկ Գալստյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ դատախազի տրամադրած հաշվարկներն ուսումնասիրելուց հետո հնարավոր է շատ հարցեր սպառվեն կամ նոր հարցեր առաջանան։ Դատարանն առաջարկեց պատասխանողների ներկայացուցիչներին հնչեցնել այն հարցերը, որոնք կապ չունեն հաշվարկների հետ, որից հետո հետաձգել նիստը։ Փաստաբան Մուշեղ Առաքելյանը, դիմելով դատախազին, ասաց, որ ուսումնասիրված ժամանակահատվածում Տարոն Մարգարյանի որդիները եղել են 2 և 3 տարեկան, հետևաբար նրանք հանրային ծառայության վերաբերյալ գիտակցում կամ դիրքորոշում չէին կարող ունենալ։  Դատախազը պատասխանեց, որ տվյալ գույքերի իրական շահառուն դիտարկել են Տարոն Մարգարյանին այն հիմքով, որ ընտանիքում այդ պահի դրությամբ միայն նա է եղել աշխատող։ «Մենք ընդհանրապես չենք քննարկում, որ երեխաները 2, 3 տարեկանում կարող էին կամ պետք է իմանային, որ, օրինակ, նրանց հայրը կարող էր ունենար ապօրինի իջոցներ։ Եթե դատարանը հետագայում որոշի, որ նրանք հանդիսացել են բարեխիղճ ձեռքբերողներ, այդ դեպքում  մեր պահանջը կփոխվի, այլ պահանջ կներկայացվի, գուցե նույնիսկ բռնագանձում չտարածվի այդ գույքերի վրա»,– ասաց դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։  Հարց հնչեցրեց նաև փաստաբան Տարոն Մարգարյանի մոր՝ Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանը։ Նա խնդրեց դատախազին հայտնել, թե Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների մասով ուսումնասիրության ժամկետը երկարաձգելու համար կոնկրետ ի՞նչ կասկածներ են եղել և ո՞ր ապացույցներն են պահպանված եղել։ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ գույքերի մասով պահպանված ապացույցը կադաստրային գործն է, իսկ կասկածը ծագում է նախնական ուսումնասիրություն իրականացնելուց հետո։ Դատախազն ընդգծեց՝ եթե իրավասու մարմինը ուսումնասիրություն է նախաձեռնում, ապա 10 տարուց ավելի հետ գնալու իրավունք չունի, ուստի գրեթե բոլոր ուսումասիրություն կատարելու որոշումները կազմվում են 10 տարվա ժամկետով, սակայն դա վերաբերում է բռնագանձման ենթակա գույքերին, դա չի նշանակում, որ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրել մինչև այդ ձեռք բերված գույքերը, ծախսերը։ Տիրան Աբգարյանի հաջորդ հարցը Տարոն Մարգարյանի մորը՝ Սուսասննա Մարգարյանին պատկանող Lexus lx 570 մակնիշի ավտոմեքենայի մասին էր, որը օտարվել է։ Փաստաբանը նշեց՝ դատախազությունը տվյալ մեքենայի իրական շահառու է դիտարկել Տարոն Մարգարյանին։ «Կարո՞ղ եք ասել՝ Տարոն Մարգարյանի իրական շահառու լինելը օրենքի տրամաբանությամբ ո՞րն է, ինչու՞մն է կոնկրետ փաստական առումով դրսևորվել Տարոն Մարգարյանի՝ այս մեքենայի իրական շահառու լինելու հանգամանքը»,- ասաց Աբգարյանը։ Դատախազը պատասխանեց, որ դիտարկել են մի քանի հանգամանքների համակցություն։ «Կոնկրետ դեպքում Տարոն Մարգարյանը կարող է լինել և՛ այն անձը, ով վերահսկել է այդ գործարքը, և՛ այն անձը, ում հաշվին իրականացվել է գործարքը»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր գործի համատեքստից է բխում այն, որ Սուսաննա Մարգարյանը Տարոն Մարգարյանի միջոցներով է ձեռք բերել այդ ավտոմեքենան։ Դատախազությունը պնդում է, որ տվյալ մեքենայի մասով գործարքի գինը, որ նշվել է 1 մլն դրամ, ձևական է, և մեքենան գնահատվել է 20 մլն 500 հազար դրամ։ Աբգարյանի խոսքով՝ շուկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գույքը վաճառվում է շուկայականից էականորեն էժան գնով՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, օրինակ մեքենան խափանված կարող է լինել։  Հարցերը սպառվելուց հետո դատավոր Կարապետ Բադալյանը հետաձգեց նիստը սեպտեմբերի 16-ին՝ 14։00-ին։ Նիստի ավարտից առաջ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտարարեց, որ իրենք էլ իրենց հաշվարկներն են ներկայացնելու դատարանին և դատախազին։
20:23 - 16 հուլիսի, 2024
Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․  ցանկ
 |hetq.am|

Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․ ցանկ |hetq.am|

hetq.am: Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դատարանում մեկ գործ կա։ Տարոն Մարգարյանի ունեցվածի ծագումն ուսումնասիրել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի նախկին քաղաքապետից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք։ Այդ թվում՝ առանձնատներ։ «Հետքն» ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքերը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել ենք, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույքերը։ Դատախազության չհայտնաբերած գույքերը «Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակովի փողոցում գտնվող հասարակական տարածքների սեփականատերերին և պարզել, որ մոտ 100 մետրի վրա գտնվում են գույքեր, որոնք պատկանում են Տարոն Մարգարյանի քույրերին՝ Անի և Հայկանուշ Մարգարյաններին, սանիկին՝ Արա Ճորուխյանին, Տարոն Մարգարյանի վստահելի անձանցից՝ Սերոբ Կարապետյանին։ Գույքերի մի մասը Մարգարյանի ընտանիքի անդամներին է փոխանցել նրա մտերիմ, քաղաքապետի պաշտոնում նրա օգնական Արմեն Բունիաթյանը։ Այդ գույքերից ոչ մեկը դատախազության հայցադիմումում չկա։ Խուդյակովի փողոց 169/1 հասցեի երկհարկանի անշարժ գույքը պատկանում է Անի Անդրանիկի Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի քրոջը։ Գույքի նկատմամբ, որի միայն հողամասը 80 քմ է, Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2015 թ.-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Անի Մարգարյանը գույքը գնել է Հովիկ Վարդանյանից, որը նշված գույքի առաջին սեփականատերն է։ Վերջինս համայնքային հողի վրա 14.քմ ապօրինի կառուցապատում է իրականացրել, ապա 2014 թ.-ին օրինականցրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Բացի այդ, կրկին Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևան համայնքից ընդամենը 155 հազար դրամով գնել է ինքնակամ շինության հարևանությամբ գտնվող 34 քմ հողամասը։ Մեկ տարի անց՝ 2015 թ.-ին, նշված երկու գույքերը և սեփականության իրավունքով իրեն պատկանող ևս երկու գույք Հովիկ Վարդանյանը միավորել է, ստացել է միասնական մեկ հասցե՝ Խուդյակովի փողոց 169/1 և վաճառքի պայմանագրով փոխանցել է Անի Մարգարյանին։ Տարոն Մարգարյանի քույրը հասարակական տարածքի մի մասը վարձակալության է տվել «Մոբայլ սենտր» ՍՊԸ-ին, մյուս մասը՝ Կարեն Քալաշյանին։ Խուդյակովի փողոց 220/5 հասցեի հասարակական տարածքը նույնպես պատկանում է Անի Մարգարյանին։ Այս գույքը 66 քմ է (65.99 քմ), որի նկատմամբ Անի Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2018 թ.-ին։ Տարոն Մարգարյանի քույրը այն նվեր է ստացել Տարոն Մարգարյանի մտերիմ, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանից։ Մինչ Բունիաթյանին անցնելը, Երևան համայնքի սեփականությունը համարվող հողամասի վրա քաղաքացի Հունան Վատիկյանը ապօրին կառուցապատում է կատարել, ապա Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ 2003 թ.-ին օրինականացրել է 66 քմ հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցը, իսկ հողամասը 5 տարի վարձակալությամբ հատկացվել է նույն անձին։ Հետագայում և՛ հողամասը, և՛ վրայի շինությունը դարձել է Արմեն Բունիաթյանի սեփականությունը, ապա փոխանցվել Անի Մարգարյանին։ Նա էլ արդեն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը 2018 թ.-ին վարձակալությամբ տրամադրել է «Օրանժ Արմենի» ՓԲԸ-ին («Յուքոմ» ընկերությանը)։ Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը պատկանում է Երևանի ավագանու 2013 թ.-ի ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակում ներկայացված, Ավանի ավագանու նախկին անդամ Սերոբ Կարապետյանին։ Կարապետյանը եղել է նաև Ավանի Դուրյան թաղամասում գտնվող թիվ 177 դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ ներկայացնելով Ավան վարչական շրջանը։ Խուդյակովի փողոց 212/3 հասցեի 71 քմ անշարժ գույքը Սերոբ Կարապետյանը կրկին նվեր է ստացել Արմեն Բունիաթյանից՝ Տարոն Մարգարյանի օգնականից։ Երևանի քաղաքապետի 2004 թ-ի որոշմամբ նշված հասցեի հողամասը 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել է Արմեն Բունիաթյանին։ Վարձակալության պայմանագրով սահմանվել է վարձակվճար գույքի կադաստրային արժեքի 1 %-ի չափով՝ տարեկան 3217 դրամ(Պայմանագիր՝ 1, 2)։ Մեկ տարի անց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հողամասը գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարվել է Արմեն Բունիաթյանին։ Նա էլ արդեն 2018 թ.-ին գույքը նվիրել է Սերոբ Կարապետյանին։ Այսօր Խուդյակովի փողոց 212/3 հասցեի հասարակական տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին։ Խուդյակովի փողոց 212/4 հասցեի անշարժ գույքը 2018 թ։-ից պատկանում է Հայկանուշ Մարգարյանին՝ Տարոն Մարգարյանի մյուս քրոջը։ 102 քմ տարածք զբաղեցնող այս գույքը ժամանակին կրկին պատկանել է Տարոն Մարգարյանի օգնական Արմեն Բունիաթյանին։ Բունիաթյանն այս դեպքում ևս գույքը նվիրել է Մարգարյանի քրոջը։ Արմեն Բունիաթյանը 2002 թ.-ին Երևան համայնքից տարեկան ընդամենը 20 հազար դրամով վարձակալել է 80 քմ հողամաս (այդ պահին կադաստրային արժեքի 30%- ով)։ Մինչ այդ՝ 1999 թ.-ին, 20 քմ համայնքային հողամասի վրա Ավանի թաղապետի թույլտվությամբ կրպարկ էր կառուցել, որից հետո ընդլայնել է հողամասը։ Արդեն 2003 թ.-ին Արմեն Բունիաթյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, և Երվանդ Զախարյանի որոշմամբ նրան տրվել է 80 քմ հողամասի գնման նախապատվության իրավունք, ապա հողամասը սեփականաշնորհել է կադաստրային արժեքով։  Կադաստրային և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է 80 քմ-ը դառնում 102 քմ։ Ի դեպ, Արմեն Բունիաթյանը Երևանի քաղաքապետի օգնականի պաշտոնը զբաղեցրել է 2010-2018 թվականներին, նրաաշխատավարձը սկզբում 180 հազար դրամ էր, հետագայում դարձել է 230 հազար դրամ, իսկ 2017 թ.-ից՝ 298 հազար դրամ։ Խուդյակովի փողոց 165/2 հասցեի անշարժ գույքի սեփականատերն այժմ Արա Ճորուխյանն է՝ Տարոն Մարգարյանի սանիկը։ Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերջին գրանցումը կատարվել է 2011 թ.-ին՝ Արա Ճորուխյանի անվամբ, դրանից առաջ այն Երևանի սեփականությունն էր։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, նշված հասցեի 52 քմ (51.95 քմ) հողամասն ուղիղ վաճառքով է փոխանցվել Արա Ճորուխյանին, որի համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի 2011 թ.-ի ապրիլի 15-ի 1344-Ա որոշումը։ Ուսումնասիրելով հիշյալ որոշումը, պարզեցինք, որ Արա Ճորուխյանը համայնքային հողի վրա ապօրինի կառուցապատում է իրականացրել այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։ Ուշագրավ է, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու և այն Արա Ճորուխյանին ուղղակի վաճառելու որոշման փաթեթում առկա փաստաթղթերից մեկի վրա հատուկ ընդգծված է Տարոն Մարգարյանի սանիկի անուն, ազգանունը (հավանաբար նրա համար, որ փաստաթղթերին առնչվողներն իմանան, թե ում հետ գործ ունեն)։ Ինքնակամ կառույցն օրինականացնելուց հետո այն երկու շաբաթ անց՝ 2011 թ.-ի մայիսի 5-ին վաճառվել է Արա Ճորուխյանին։ Այսօր տարածքը նա վարձակալությամբ տրամադրել է «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին։ Արա Ճորուխյանը 2009-2011 թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, իսկ նրա աշխատավարձն այդ ժամանակ կազմել է ընդամենը 140 հազար դրամ։ 2011-2017 թթ. Ճորուխյանը զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի պետի (աշխատավարձը նախ՝ 225 հազար դրամ, հետո՝ 253 հազար դրամ), ապա 2017-2018 թթ.` հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնը (346 հազար դրամ)։ Հենց այդ տարիներին նա հասցրել է դառնալ Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի այլ գույքերի սեփականատեր։ Այդ գույքերի հիմնական մասն Ավան վարչական շրջանում է` Ծարավ Աղբյուր, Բաբաջանյան, Աճառյան, Սաֆարյան փողոցներում, Թումանյան թաղամասում։ 2018 թ.-ից հետո գույքերի մի մասը Տարոն Մարգարյանի սանիկը անխոչընդոտ վաճառել է, մի քանիսը՝ նվեր տվել Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված այլ անձանց։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
20:44 - 23 մարտի, 2023
Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել |hetq.am|

Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից օգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր և դրամական միջոցներ։ Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը։ Հայցապահանջն այսօր Հակակոռուպցիոն դատարանում ներկայացրեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ Դատական նիստին չէր ներկայացել ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Ստորև ներկայացնում ենք Տարոն Մարգարյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից, ըստ դատախազության, hօգուտ պետությանը բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրա ձեռքբերման մանրամասները։  Տարոն Մարգարյանից և կնոջից՝ Գոհար Սարգսյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Ջերմուկ քաղաքում գտնվող առանձնատունը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը` 67 միլիոն 893 հազար դրամ գումար։ Տարոն Մարգարյանը 2007թ.-ին է գնել Ջերմուկի առանձնատունը, որն այն ժամանակ արժեցել է 5 միլիոն 200 հազար դրամ։ Գույքը գնելիս Տարոն Մարգարյանը օրինական եկամուտի մնացորդ չի ունեցել։ Այդ պայմաններում, ըստ դատախազության, այս գույքն ամբողջությամբ հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք։ Տարոն Մարգարյանի որդուց՝ Անդրանիկ Մարգարյանից և նրա կնոջից՝ Կարինե Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 7-րդ ավտոտնակը և «Տոյոտա կորոլա» տեսակի ավտոմեքենան։ Նշված գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել համապատասխանաբար՝ 295 միլիոն 865 հազար դրամ, 6 միլիոն 50 հազար դրամ և 9 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար։ Տարոն Մարգարյանը 2004թ․-ի օգոստոսի 17-ին 5 միլիոն դրամով է ձեռք բերել Ավանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, որի արժեքի 98.2 %-ը չի հիմնավորվել նրա այդ ժամանակ ունեցած օրինական եկամուտներով։ Նույն գույքը 2019թ․-ի հուլիսի 18-ին նվիրատվությամբ փոխանցվել է Անդրանիկ Մարգարյանին։ Տարոն Մարգարյանի մյուս որդուց՝ Նահապետ Մարգարյանից և նրա կնոջից՝ Աստղիկ Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեի տունը, իսկ անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 295 միլիոն 260 հազար դրամ։  Բացի այդ Նահապետ և Աստղիկ Մարգարյաններից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել Բաբաջանյան փողոցի 24/1 հասցեի գույքի միջին շուկայական արժեքը՝ 99 միլիոն 850 հազար դրամ, Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 3-րդ ավտոտնակը և «Տոյատո Քեմրի» տեսակի ավտոմեքենա։ Անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել 5 միլիոն 990 հազար դրամ (ավտոտնակի համար) և 13 միլիոն 375 հազար ՀՀ դրամ (Ավտոմեքենայի համար)։ Տարոն Մարգարյանը 2005թ․-ի օգոստոսի 17-ին 6 միլիոն 825 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասը։ Ըստ դատախազի, Տարոն Մարգարյանը տվյալ օրվա դրությամբ կարող էր ունենալ օրինական եկամուտի մնացորդ ընդամենը 93 հազար 957 դրամ գումար։ Հետևաբար, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասի 98.6%-ը ձեռք է բերվել ապօրինի միջոցներով։  2005թ․-ի օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը միավորվել են, իսկ դեկտեմբերի 21-ին Տարոն Մարգարյանը, չունենալով օրինական եկամուտի մնացորդ, ընդլայնել է Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը, որոնց համար վճարել է 3 միլիոն 619 հազար 200 դրամ։ Նշված հողամասերի վրա 2005-ից 2007թթ․-ին կառուցվել են անշարժ գույքեր, որոնք ստացել են Բաբաջանյան 77/7 հասցեն։ 2020թ․-ի հուլիսին այս հասցեում գտնվող օժանդակ շինություններն առանձնացվել են և դրանց տրվել է Բաբաջանյան 24/1 հասցե, որոնք նվիրատվությամբ փոխացնվել են Տարոն Մարգարյանի որդուն՝ Նահապետ Մարգարյանին։ Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
22:02 - 06 մարտի, 2023
Վեց բնակելի տուն Երևանում, ամառանոց Ջերմուկը․ Դատախազությունը Տարոն Մարգարյանից ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Վեց բնակելի տուն Երևանում, ամառանոց Ջերմուկը․ Դատախազությունը Տարոն Մարգարյանից ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել

2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տ.Մ.-ից (Տարոն Մարգարյան,-խմբ․), նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.  Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ. Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք. Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար): Լուսանկարը՝ Ազգային ժողովի մամուլի ծառայության
10:47 - 11 հունվարի, 2023
Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվել են ՀՀ դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով։ «Azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Տարոն Մարգարյանին ծանուցումն ուղարկվել է հուլիսի 7-ին, Գեւորգ Կոստանայնին՝ հուլիսի 6-ին։ Միաժամանակ, նշվում է, որ Տարոն Մարգարյանը Դատախազություն պետք է ներկայանա հուլիսի 14-ին, իսկ Գևորգ Կոստանյանը՝ հուլիսի 19-ին։ Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման»: Միաժամանակ ասվում է, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։ Առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամներ։
16:43 - 11 հուլիսի, 2022
Շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն Մարգարյան
 |tert.am|

Շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն Մարգարյան |tert.am|

tert.am: «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ ու կուսակցության անդամներ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ «Ակնկալիքները շատ մեծ են, դուք տեսնում եք, որ քաղաքացիները միանում են մեզ՝ մարդիկ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին, իսկ դուք դա կտեսնեք»,- ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք․«Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-ասաց նա:
18:10 - 28 ապրիլի, 2022
Ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին առնչվող քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին առնչվող քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 13.172 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմվելիք հողամասի նոր հատակագծով դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ. մակերեսով՝ դպրոցին պատկանող հողակտորը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, անտեսելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետի 02.12.2002թ. թիվ 2448-Ա որոշման հիման վրա հաստատված թիվ 2365-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, կատարելով պաշտոնական կեղծիք՝ համապատասխան եզրակացության մեջ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. այն է՝ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշել են, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9478,88 քմ: Հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, արդեն իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ հաստատվել է նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող, Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի 13.172 քմ մակերես ունեցող հողամասը արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով: Այնուհետև, Տարոն Մարգարյանը դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված նշյալ մակերեսով հողատարածքից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի թիվ 5198-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում 22.659.900 ՀՀ դրամով հողամասը ձեռք բերած անձնավորությունն օրեր անց այն բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4 մլն և 3 մլն ՀՀ դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ միասին, նախաձեռնել է հիշյալ կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց: Գործելով նախկին քաղաքապետի հանձնարարությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, նշված պաշտոնյաների գործողությունների արդյունքում ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով՝ պաշտոնական կեղծիքի արդյունքում կազմված եզրակացության մեջ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշելով, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քաղաքաշինական իրադրության փոփոխությունների արդյունքում մանկապարտեզի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872.27 քմ.՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452.9 քմ.-ի փոխարեն: Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված՝ վերոգրյալ մակերեսով հողատարածքից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի թիվ 69-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը՝ 5.433.800 ՀՀ դրամով ձեռք է բերել իր ընտանիքի մտերիմը՝ Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը: Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վերոնշյալ նույն ընթացակարգով դարձյալ հանձնարարել է կատարել Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել այս անգամ արդեն՝ 863,34 քմ. մակերեսով հողակտորը: Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված նույնքան մակերեսով, Տիտոգրադյան 17/3 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետի՝ 2014թ. հոկտեմբերի 15-ի թիվ 3885-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 8.442.063 ՀՀ դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին: Հետագայում, Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ, Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են վերոնշյալ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող՝ Տիտոգրադյան 17 հասցեի հողատարածքին: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող և պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված 15523 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, պետական գույքի կառավարման վարչության պետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ դպրոցի տնօրենի հետ քննարկումների ժամանակ, վերջինիցս թաքցնելով իր իրական մտադրությունը, առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու նպատակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դպրոցի սահմաններից դուրս բերել դպրոցի տարածքում նախկին տարիների ընթացքում կառուցված ստորգետնյա ավտոտնակները: Դպրոցի տնօրենից ստանալով համանուն բովանդակությամբ դիմում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված գրությամբ Արման Սահակյանն այն ուղարկել է Երևանի քաղաքապետարան՝ համայնքի ղեկավարին խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել սահմանների ճշտում: Ուղարկելով նշված դիմումը՝ Արման Սահակյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից, կատարվելիք չափագրության արդյունքներով դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների հետ որևէ կապ չունեցող, դպրոցապատկան հողամասի՝ միմյանցից անջատ ևս երկու հողակտոր: Առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմվել ու ներկայացվել են ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները և անհիմն եզրակացությունը, համաձայն որի՝ դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671.57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15523 քմ փոխարեն: Տեղյակ լինելով, որ սահմանների ճշտումը կատարվում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և որ սահմանների ճշգրտման արդյունքում բացի դիմումում նշված հողակտորից դուրս են բերվել ևս երկու այլ հողակտորներ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության  շահերին հակառակ, անտեսելով, որ հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է 02.12.2002թ. թիվ 2252-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները կատարել են պաշտոնեական կեղծիք՝ հողամասի սահմանների փոփոխման և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու մասին գրառման փոխարեն՝ դարձյալ նշելով տարածքի տեղագրական հանույթի վերաճշգրտման հանգամանքը: Հիմք ընդունելով վերը նշված կեղծ եզրակացությունը, կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով սահմանել է, որ Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671,57 քմ, առաջարկվել է չեղարկել նախկինում հաստատված գլխավոր հատակագիծը և վավերացնել նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և Երևանի քաղաքապետարանի Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15523 հա  հողատարածքը նվազեցվել  է 3851,43 քմ. ընդհանուր մակերեսով և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Այնուհետև նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար: Նվազեցված՝ 3851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներն ընդունվել են որպես համայնքային սեփականություն և Երևանի քաղաքապետի 2014թ. հունիսի 11-ի թիվ 2235-Ա որոշմամբ ներկայացվել են աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի վերը նշված աշխատակիցների հանցավոր գործողությունների հետևանքով ևս պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ արդյունքում նաև հիշյալ դպրոցին  փաստացի զրկելով իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Վերոգրյալ արարքների կատարման համար առաջադրվել են համապատասխան մեղադրանքներ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինություն ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթացման նպատակով: 2021թ. դեկտեմբերի 30-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
13:49 - 03 հունվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

tert.am: Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։  Այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը: -Պարոն Մարգարյան, անցած երեք տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե լքել եք Հայաստանն ու ընտանիքով բնակություն եք հաստատել ՌԴ մայրաքաղաքում: -Վերջին 3 տարիների ընթացքում իմ անվան շուրջ հյուսված ապատեղեկատվության պակաս հաստատ չի եղել, որոնցից մեկն էլ Ձեր նշածն էր, որն անմիջապես էլ հերքվել է մեր կողմից։ Պետք է նաև նշեմ, որ վերոնշյալ ժամանակահատվածում, վերապատրաստվելու և մասնագիտական հմտություններս կատարելագործելու նպատակով ընդունվել եմ ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Տնտեսագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտության հեռակա բաժինը՝ «Տնտեսագիտություն և իրավագիտություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու, ինչով պայմանավորված էլ պարբերաբար մեկնել եմ Մոսկվա։ Գուցե հենց այդ հաճախակի մեկնումներս ու որոշ ժամանակով Երևանից բացակայությունս է ոմանց ստիպել մտածել, թե հեռացել եմ Հայաստանից։ Այնուամենայնիվ, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կվերահաստատեմ բազմիցս հնչեցրած խոսքերս, որ թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը մշտապես ապրել, ապրում ու ապրելու՛ ենք մեր սիրելի Երևանում, որն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է և շարունակելու՛ ենք արարել ու շենացնել մեր երկիրն ու հարազատ քաղաքը։   -«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պայքարում էր Ձեր դեմ՝ որպես նախկին, իսկ հիմա իր հետ գնում եք մի դաշինքով կամ միասին մի ցուցակում եք, դա Ձեզ չի՞ կաշկանդում: -Նախ ֆիկսենք, որ պարոն Վանեցյանն օրեր առաջ ուղիղ պատասխանել է այդ հարցին՝ հստակ նշելով, որ ԱԱԾ-ն երբևէ չի՛ հարուցել կամ քննել իմ անձին վերաբերող որևէ գործ։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի ներկայիս վայ-իշխանությունները, ավելի ճիշտ, իշխանազավթները, քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով, դրանց ներկայացման շրջանակում միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես։ Մի խոսքով, պարոն Վանեցյանի սպառիչ պատասխանին ավելացնելու բան չունեմ, ըստ այդմ՝ նաև չկա որևէ կաշկանդվածություն, որպեսզի համատեղ ուժերով փորձենք իշխանության ղեկից դուրս շպրտել Հայաստանն անխուսափելի կործանման տանող իշխանազավթների այդ խունտային։ -Պարոն Մարգարյան, Ձեր դաշինքն արդյո՞ք կստանա այնքան քվե, որ կարողանաք ներկայացված լինել Ազգային ժողովում: -Մեր առաջնային նպատակը, ինչպես արդեն նշեցի, նախ և առաջ իշխանազավթների այդ խունտային դուրս շպրտելն է լինելու։ Եվ բնական է, որ մեզ պարտադրված այս ընտրություններում մենք հավակնում ենք ԱԺ-ում ունենալ որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն, ինչը կլինի այդ նպատակի իրագործման կարևոր բաղկացուցիչը։ Եվ, այո՛, ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն։ Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ Մենք ունենք հաստատակամություն, բավական փորձ ու գիտելիք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար և, չեմ կասկածում, որ այդ ամենը կգնահատվի նաև մեր բազում համաքաղաքացիների կողմից: -Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ հայ հասարակությունն այսօր էլ դեռ շարունակում է մնալ սև-սպիտակի բաժանված ու պառակտված։ Ըստ այդմ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս ընտրություններում, ըստ Ձեզ, կհաղթեն սևե՞րը, թե՞ սպիտակները: -Նախ պետք է խնդրեմ ու հորդորեմ, որ անխտիր բոլորս և, առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրության մտածելակերպի վրա գործուն ազդեցություն թողնող մեխանիզմ, մեր բառապաշարից մեկընդմիշտ վերացնենք այդ արատավոր ձևակերպումն ու այլևս երբեք թույլ չտանք դրա շրջանառումը։ Այդ կեղծ ու կործանարար բաժանումը, որով իշխանազավթների այս խունտան թշնամանք մտցրեց հայ օջախներ, անգամ հարազատ եղբայրներին հանեց իրար դեմ ու սեպ խրեց ընկերների և բարեկամների միջև, մեր երկիրը հասցրել է կործանման եզրին։ Մենք իրավունք չունենք անգամ վարկյան ավել հանդուրժել այս իրավիճակն ու ամեն ինչ անելու ենք, որ իշխանազավթների այս խունտայի հետ մեկտեղ մեր իրականությունից դուրս շպրտենք արատավոր այդ բաժանումը ևս։ Կա՛մ մենք միասնաբար կվերադարձնենք մեր ժողովրդին համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտն ու կտոնենք չարի և չարության հանդեպ մեր հաղթանակը, կա՛մ կպարտվենք բոլորս միասին։ Այլ տարբերակ ուղղակի չկա։  Շարունակությունը՝ tert.am-ում
13:53 - 15 հունիսի, 2021
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ: Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս: Հետագայում, 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:
18:53 - 18 փետրվարի, 2021
Ավան վարչական շրջանը 2018թ.-ին 11.6 մլն դրամ է փոխանցել Տարոն Մարգարյանին առնչվող հիմնադրամին |hetq.am|

Ավան վարչական շրջանը 2018թ.-ին 11.6 մլն դրամ է փոխանցել Տարոն Մարգարյանին առնչվող հիմնադրամին |hetq.am|

2018թ-ին Երևանի Ավան վարչական շրջանը «Խութ» հիմնադրամին տրամադրել է 11 մլն 666 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունից, որը հրապարակվել է օրեր առաջ: «Խութ» հիմնադրամը կապվում է նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի հետ: Այն ստեղծվել է 2005թ-ի հոկտեմբերին, երբ Մարգարյանը Ավան համայնքի ղեկավարն էր: Հիմնադրամի ստեղծումից հետո նա եղել է դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այս տեղեկությունը դուրս է թողնվել քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ նախկին քաղաքապետերի մասին պատմող էջում հրապարակված կենսագրականից, բայց առկա է Մարգարյանի կենսագրության հին տարբերակում և այլ պաշտոնական հրապարակումներում: Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցմանը, հայտնել է, որ 11.6 մլն դրամի փոխանցման նպատակը եղել է սոցիալապես անապահով անձանց աջակցությունը: Վարչական շրջանի և հիմնադրամի միջև կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ այդ նպատակի համար նախատեսված է եղել ոչ թե 11.6, այլ 35 մլն դրամ: Սակայն ամբողջ գումարի փոխանցումը տեղի չի ունեցել, հավանաբար, Հանրապետական իշխանության անկման պատճառով: Հիմնադրամը գումարը պետք է ստանար 4 մասով, ամեն եռամսյակում՝ 8 մլն 750 հազար դրամ: Փետրվարի 2-ին և ապրիլի 7-ին նրան է փոխանցվել 5 833 000-ական դրամ: Հունիսի 28-ին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից օրեր առաջ, փոփոխություն է մտցվել նվիրատվության պայմանագրում, և նախատեսված գումարը նվազեցվել է 23 մլն 334 հազար դրամով: Այսինքն՝ հիմք է ընդունվել արդեն փոխանցված 11.6 մլն դրամը, և հետագա հատկացումները դադարեցվել են: Փոփոխության պատճառը չի նշվում: Արա Դանիելյանը տեղեկացրել է, որ վարչական շրջանը հիմնադրամի հետ համագործակցել է նաև 2013-2017թթ.՝ դրան փոխանցելով ընդամենը 214.7 մլն դրամ: 2016թ-ին, օրինակ, թաղապետարանը հիմնադրամին մոտ 60 մլն դրամ է տվել: Այլ հատկացումներ «Խութ» հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանություններից ստացած գումարը ավելին է՝ մոտ 286 մլն դրամ: Որպես նվիրատու՝ նշված է Երևանի քաղաքապետարանը, թեև հնարավոր է՝ դրանք ներառում են Ավան վարչական շրջանից ստացած գումարները: Ընդ որում, սա միայն 2011թ-ից ի վեր հրապարակված հաշվետվություններում նշված գումարի չափն է: 2005-2010թթ. հաշվետվություններն ինտերնետում հասանելի չեն: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի 2005-2008թթ. որոշումներն ու կարգադրությունները պահպանության են հանձնվել ազգային արխիվ, իսկ 2009-2010թթ. որոշումներում և կարգադրություններում «հիմնադրամին գումար փոխանցելու վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել»: Ավելին՝hetq.am-ում
05:27 - 20 մարտի, 2019