2018թ-ին Երևանի Ավան վարչական շրջանը «Խութ» հիմնադրամին տրամադրել է 11 մլն 666 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունից, որը հրապարակվել է օրեր առաջ:
«Խութ» հիմնադրամը կապվում է նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի հետ: Այն ստեղծվել է 2005թ-ի հոկտեմբերին, երբ Մարգարյանը Ավան համայնքի ղեկավարն էր: Հիմնադրամի ստեղծումից հետո նա եղել է դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այս տեղեկությունը դուրս է թողնվել քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ նախկին քաղաքապետերի մասին պատմող էջում հրապարակված կենսագրականից, բայց առկա է Մարգարյանի կենսագրության հին տարբերակում և այլ պաշտոնական հրապարակումներում:
Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցմանը, հայտնել է, որ 11.6 մլն դրամի փոխանցման նպատակը եղել է սոցիալապես անապահով անձանց աջակցությունը:
Վարչական շրջանի և հիմնադրամի միջև կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ այդ նպատակի համար նախատեսված է եղել ոչ թե 11.6, այլ 35 մլն դրամ: Սակայն ամբողջ գումարի փոխանցումը տեղի չի ունեցել, հավանաբար, Հանրապետական իշխանության անկման պատճառով:
Հիմնադրամը գումարը պետք է ստանար 4 մասով, ամեն եռամսյակում՝ 8 մլն 750 հազար դրամ: Փետրվարի 2-ին և ապրիլի 7-ին նրան է փոխանցվել 5 833 000-ական դրամ: Հունիսի 28-ին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից օրեր առաջ, փոփոխություն է մտցվել նվիրատվության պայմանագրում, և նախատեսված գումարը նվազեցվել է 23 մլն 334 հազար դրամով: Այսինքն՝ հիմք է ընդունվել արդեն փոխանցված 11.6 մլն դրամը, և հետագա հատկացումները դադարեցվել են: Փոփոխության պատճառը չի նշվում:
Արա Դանիելյանը տեղեկացրել է, որ վարչական շրջանը հիմնադրամի հետ համագործակցել է նաև 2013-2017թթ.՝ դրան փոխանցելով ընդամենը 214.7 մլն դրամ: 2016թ-ին, օրինակ, թաղապետարանը հիմնադրամին մոտ 60 մլն դրամ է տվել:
Այլ հատկացումներ
«Խութ» հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանություններից ստացած գումարը ավելին է՝ մոտ 286 մլն դրամ: Որպես նվիրատու՝ նշված է Երևանի քաղաքապետարանը, թեև հնարավոր է՝ դրանք ներառում են Ավան վարչական շրջանից ստացած գումարները:
Ընդ որում, սա միայն 2011թ-ից ի վեր հրապարակված հաշվետվություններում նշված գումարի չափն է: 2005-2010թթ. հաշվետվություններն ինտերնետում հասանելի չեն: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի 2005-2008թթ. որոշումներն ու կարգադրությունները պահպանության են հանձնվել ազգային արխիվ, իսկ 2009-2010թթ. որոշումներում և կարգադրություններում «հիմնադրամին գումար փոխանցելու վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել»:
comment.count (0)