Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով
 |azatutyun.am|
16:58 - 26 փետրվարի, 2025

Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք», - այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարեց կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծեց, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Հիմա մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ է, որովհետև սկզբնական շրջանի մեջ ենք տակավին, բայց ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում այդ խորհրդակցությունները, օրինակ՝ Ֆրանսիայի պարագայում՝ ուղղակի նախագահական պալատի հետ, Ամերիկայի պարագայում՝ նոր վարչակարգի հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Տեր-Խաչատուրյանը:

Ինչպե՞ս է սա հնարավոր, երբ Հայաստանի իշխանությունը արցախցիների վերադարձն անիրատեսական է համարում, հայաթափված Լեռնային Ղարաբաղն էլ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ է:

«Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը», - «Ազատության» այս դիտարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն արձագանքեց. - «Չէ, չի բարձրացնում այդ հարցը, և դա խոչընդոտում է: Անշուշտ, որ դժվարացնում է: Մենք միշտ առաջարկել ենք այդ, բայց դժբախտաբար՝ երբեմն խուլ և համր են ձևացնում այդ ուղղությամբ»:

Նախընտրական շրջանում թեկնածու Դոնալդ Թրամփն անդրադարձել էր արցախահայերի էթնիկ զտմանը՝ օգտագործելով Արցախ բառը: Նա քննադատել էր իր մրցակցին՝ Քամալա Հարիսին, ասելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Թրամփը միաժամանակ խոստացել էր «պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

ՀՅ Դաշնակցությունը հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով: Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը:

«Նաև գերիների հարցով իրեն հատուկ խնդրանք ենք ներկայացրել, որ ճնշում բանեցվի Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի ռազմաքաղաքական գերիներին: Դա ներկայացրել ենք ընտրություններից ճիշտ առաջ՝՝ երկու թեկնածուներին՝ իրեն և Քամալա Հարիսին: Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը մի քիչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն հայկական այսպես կոչված դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքից հետո», - ասաց Տեր-Խաչատուրյանը:

Հարցին էլ՝ ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական պատասխանեց. - «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»:

«Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ վաղ է, որ հարյուր օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնահերթությունը բարձրացնի իր առաջին դասի մեջ, այդպես չէ: Բայց վստահ եղեք, որ շարունակվելու է աշխատանքը, և ամեն գնով այդ ճնշումները մենք բանեցնելու ենք», - ընդգծեց Տեր-Խաչատուրյանը:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շեշտում է՝ համաշխարհային մակարդակով արցախցիների հավաքական վերադարձի հարցը բարձրացնելուն զուգահեռ պետք է ամեն ինչ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի արցախահայերը համախմբված ապրեն Հայաստանում և չարտագաղթեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել