Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո
11:34 - 18 հունվարի, 2025

Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր։

Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։ 

«Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից և  ունենալով Թուրքիայի անվերապահ և ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրև թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը:

Խաղաղությունը անշրջելի և կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման և ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է և նոր պատերազմի սաղմնավորում:

Հայ ժողովրդի և  նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից և հաստատել իրական՝ անշրջելի և արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից և կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության և հայոց պետականության կորուստ:

Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և  Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետևյալ առաջնահերթ ուղղություններով.

ա) Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետևանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:

բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:

գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը:

Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները:

Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և  լինելիության պայքարը պետք է շարունակվի:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու և համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում:

Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել