ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակմանը։
Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց պատերազմի բացել միջանցքը, Միքայելյանը նշեց, որ միայն եթե դիվանագիտական դաշտում կարողանան լուրջ գործողություններ անել։
Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստանում տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները (Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ խմբ․) միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հրապարակվում է տեղեկագիր, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով։
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։
comment.count (0)