Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն
20:38 - 31 հուլիսի, 2024

Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն

2023 թվականին Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 53 մլն դրամի նվիրատվություն է ստացել, որից 10 միլիոնը՝ հորից, իսկ 43 միլիոնը՝ ազգականից։ 

Համայնքապետի հոր՝ Մնացական Սարգսյանի վերջին տարիների եկամուտներով, սակայն, նվիրաբերված գումարը չի հիմնավորվում։  

Նա 2022 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 1․2 մլն դրամ կանխիկ դրամ։ Նույն տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են ընդամենը 218 հազար դրամ։ 

2023 թվականի տարեսկզբի դրությամբ՝  նվիրատվությունից առաջ, համայնքապետի հայրը հայտարարագրել է 10․2 միլիոն դրամի կանխիկ դրամ։ Նշենք, որ 2023-ին վերջինս որևէ եկամուտ չի հայտարարագրել։ 

Հոր՝ որդուն կատարած 10 միլիոն դրամի նվիրատվության աղբյուրը պարզ կլիներ, եթե նախորդ տարիների հայտարարագրերում այն արտացոլվեր։ Քանի որ 2022 թվականին Մնացական Սարգսյանը հայտարարագրել է միայն 1.2 մլն դրամ կանխիկ և 218 հազար դրամ եկամուտ, 2023 թվականի տարեսկզբի դրությամբ նրա հայտարարագրած 9 մլն դրամի ծագումն անհայտ է։ 

Նշենք, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ևս Գարիկ Սարգսյանի հայրը չի հայտարարագրել եկամուտներ, իսկ հայտարարագրած կանխիկ գումարը եղել է առավելագույնը 670 հազար դրամ։ 

Վեդու համայնքապետին մեկ այլ շռայլ նվիրատվություն իրականացնողն էլ նրա ազգականն է՝ Արմեն Եղյայանը։ Վերջինս ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով զբաղվող և այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած «Արտինա» ՍՊԸ ընկերության սեփականատերն է, ինչպես նաև ՌԴ-ում գրանցված  «ՕՆԻԿՍ-ՄՌ»  ճանապարհաշինարարական ընկերության գլխավոր տնօրենը։ 

 

Նվիրատվությամբ համայնքապետն անշարժ գույք է ձեռք բերել

2023 թականին Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը երկու խոշոր գնում է կատարել։ Նախ հոկտեմբերին, այնուհետև դեկտեմբերին նա Դիլիջանում գնել է հասարակական նշանակության երկու շինություն։ Գործարքի մյուս կողմը հանդիսացել է «ՇԻՆ ՏԵԽ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ սեփականատեր Բակուր Բորիսի Թամրազյանը։ 

Ըստ 2023 թվականի հայտարարագրի՝ համայնքապետն այս շինությունների 25% մասնաբաժնի ձեռքբերման համար վճարել է համապատասխանաբար 177․7 մլն և 36 մլն դրամ։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։

Հետևաբար, եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։

Այնուամենայնիվ, ընդունենք, որ Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը։ Այդ դեպքում կստացվի, որ Գարիկ Սարգսյանը այս շինություններում իր մասնաբաժինների ձեռբերման համար վճարել է համապատասխանաբար  44․4 մլն և 9 մլն դրամ։ Իր 5․5 մլն դրամ աշխատավարձով Գարիկ Սարգսյանը այսքան ծախս ևս չէր կարող իրականացնել։ Սակայն, այստեղ նրան օգնության են եկել հոր և ազգականի՝ 53 մլն դրամի նվիրատվությունները։

Գրությամբ դիմեցինք Գարիկ Սարգսյանին՝ նրա արձագանքը ևս հրապարակման մեջ ներառելու համար։ Խնդրել էինք հարցերին պատասխանել մինչև հուլիսի 30-ը, սակայն դեռևս պատասխան չենք ստացել։

Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավար է դարձել 2022 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, իսկ դրանից առաջ՝ Արարատի մարզպետի պաշտոնները։

Սուսինա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել