Հայկ Ալումյան

Փաստաբան, փաստաբանական պալատի գործող անդամ։ Ծնվել է 1968թ․ նոյեմբերի 4-ին։ Մասնագիտացած է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների գործերով։

2018թ.-ից հանդիսանում է Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ։

Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը

 |factor.am|

Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը |factor.am|

factor.am: Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)։ Ալումյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԿԿՀ-ի 2021 թ-ի որոշումն իրեն 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկելու մասին։ Հանձնաժողովը որոշել էր տուգանել Ալումյանին՝ սահմանված ժամկետներում գույքի և եկամուտների 2020 թ-ի հայտարարագիր չներկայացնելու համար։ «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնյաները, այլև նրանց ամուսիները։ Հ․ Ալումյանը դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսինն է, բայց հայտարարագրեր չի ներկայացնում։ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հ․ Ալումյանը ներկայացրել է 2 փաստարկ՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում պահանջվում է ներառել այնպիսի տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել, և «Հանրային ծառայության մասին» օրենքով (հոդված 36) պաշտոնյայի ընտանիքի անդամների համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանված չէ: ԿԿՀ-ի դիրքորոշմամբ՝ օրենքով որևէ բացառություն նախատեսված չէ՝ կապված կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակում պաշտպանվող տվյալների հետ, հատկապես, որ սահմանված են հայտարարագրման ենթակա տվյալների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներ: Ժամկետների առումով ԿԿՀ-ն նշել է, որ օրենսդիրը նույնանման պահանջներ է սահմանել թե´ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսող պաշտոնյաների, թե´ նրանց ընտանիքի անդամների համար: Factor.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ օրենքում գրված է, թե ինչ ժամկետում պաշտոնատար անձը պետք է ներկայացնի հայտարարագիր, բայց նշված չէ, թե նրա ընտանիքի անդամն ինչ ժամկետում պետք է ներկայացնի հայտարարագիր․ «Այսինքն՝ օրենքը գրվել է չմտածված։ Ես օրենքի այդ թերության մասին մոտ 7-8 տարի է՝ դատարանում ասում եմ։ Այս ընթացքում կարելի էր այդ թերությունը վերացնել, որ այդպիսի հիմք չլիներ։ Չեն վերացրել, հիմա էլ չեն պատրաստվում վերացնել։ Իսկ տուգանքը նշանակվել է ՎԻՎ օրենսգրքի այն հոդվածի հիման վրա, որտեղ գրված է՝ «օրենքով նախատեսված ժամկետում հայտարարագիր չներկայացնելը»։ Օրենքը ժամկետ չի սահմանել։ Երբ կսահմանի, ես այդ հիմքը չեմ ունենա»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
21:10 - 25 նոյեմբերի, 2024
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ենթադրյալ կաշառք ստանալու գործով հերթական նիստի ժամանակ միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։   Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը, միևնույն ժամանակ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ «Մեղադրանքի վերաբերյալ մենք ունեինք առավելագույնը 10 հարց, և եթե դատախազները կպատասխանեին այդ հարցերին, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից», - նկատեց Խուդոյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի․ եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։ «Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց», - հայտարարեց Քոչարյանը։ Միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի:
14:41 - 22 փետրվարի, 2022
Դրամաշնորհներ և վարձատրություն Սորոսի հիմնադրամից․ Հայկ Ալումյանի չներկայացրած հայտարագրերի շուրջ |civilnet.am|

Դրամաշնորհներ և վարձատրություն Սորոսի հիմնադրամից․ Հայկ Ալումյանի չներկայացրած հայտարագրերի շուրջ |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինը տարի չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է ու, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նրա ամուսինը,  որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ալումյանի ներկայացրած որևէ հայտարարագիր առկա չէ։ Հարցմանը, թե ինչու չի ներկայացրել հայտարարագիր և ինչու վարույթ չի սկսվել այս հարցով, ի պատասխան՝ հանձնաժողովը հաստատել է, որ Ալումյանը հայտարարագիր չի ներկայացրել, ապա հայտնել, որ գրություն է ուղարկել Ալումյանին՝ պարզաբանումներ ստանալու հայտարարագիր չներկայացնելու հիմքերի մասին։  Ալումյանը մեջբերել է Փաստաբանության մասին օրենքի 25-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանական գաղտնիքին ու հանձնաժողովին հայտնել է, որ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է չհրապարակել։ Հանձնաժողովը պատասխան գրությամբ  Ալումյանին պարզաբանել է, որ նա ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, ու փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն լրացնելու պահանջ սահմանված չէ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայկ Ալումյանի կողմից հանձնաժողովի պարզաբանումը ստանալուց հետո  հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կներկայացնի վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու գործընթաց»,- հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։  Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ արդեն ծանուցում են ուղարկել փաստաբանին՝ ևս մեկ անգամ ժամկետ տրամադրելով հայտարարագիր ներկայացնելու համար, և դեռ պատասխան չեն ստացել։ Հայտարարագիրը չստանալու դեպքում հանձնաժողովը վարչական վարույթ է սկսելու, որը կարող է հետագայում նաև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։  Ըստ քրեական օրենսգրքի 314.2 հոդվածի՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ եթե 30-օրյա ընթացքում հայտարարատուն դարձյալ այն չի ներկայացնում, ապա կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն՝ կամ տուգանքի տեսքով կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։  Ալումյանից, սակայն, պահանջվում է ներկայացնել ոչ թե ինը տարիների հայտարարագրերը, այլ միայն 2019 թվականինը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը սա բացատրեց համապատասխան օրենսդրական կարգավորումով։ «Մեր հիմնական նպատակը կանխարգելելն է ու կանխարգելման ներքո անհրաժեշտ է անձին հնարավորություն ընձեռել, որ նրա կողմից թերացումը շտկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջանքեր են գործադրում Ալումյանի պարկեշտ վարքագիծն ապահովելու համար։ Հարությունյանը չի ցանկանում պատասխանել հարցերին, թե ինչու է Ալումյանը եղել «արտոնյալ», ինչու վերջինիս հայտարարագրի բացակայությունը հարցեր չի առաջացրել հանձնաժողովում և այլն։ Ըստ նրա՝ հարցի հասցեատերը հանձնաժողովի նախորդ կազմն է։  Հայկ Ալումյանը՝ հայտարարագիր չներկայացնելու մասին  Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ հանձնաժողվն իրեն դիմել է հայտարարագիր ներկայացնելու համար, որին ինքը պատասխանել է, ու ներկայում գրագրության մեջ են. «Հուսով եմ իրենց կկարողանամ ապացուցել, որ օրենքը այն վիճակով, որով գոյություն ունի, չի կարող տարածվել ինձ վրա՝ որպես ընտանիքի անդամի»,- հայտնեց Ալումյանը։ Նա, ըստ ամենայնի, նկատի ունի Հանրային ծառայության օրենքի 2-րդ հոդվածը, որտեղ թվարկված են այն պաշտոնատար անձինք, որոնց վրա տարածվում է օրենքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ներկայացված է նույն օրենքի այլ գլխով և այդ հատվածում արդեն նկարագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը։ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ փաստաբանական գաղտնիքի հետ կապված խնդիրը ևս դրել է հայտարարագիր չներկայացնելու հիմքում։  Ալումյանն ու  «Սորոսի հիմնադրամը»  Հայկ Ալումյանը երկար տարիներ համագործակցել է Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամի հետ։ Ներկայում նրա պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատում է այս հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, գուժում, որ «երկիրը տանում են դեպի սորոսիզացիա»։ 2019-ի մարտին Ալումյանը հաստատել էր, որ դրամաշնորհներ է ստացել Բաց հասարակության հիմնադրամից՝ Մատաղիսի և Աշոտ Հարությունյանի գործերի հետ կապված վճարների համար։ Բացի դրամաշնորհներից, Ալումյանը 2008-2019 թթ․ համագործակցել է հիմնադրամի հետ՝ քրեական արդարադատության ծրագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնեցին Բաց հասարակության հիմնադրամից։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:07 - 23 սեպտեմբերի, 2020
Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

tert.am: Մենք դեռ նախանցյալ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էինք, որ նրանց դատարան հրավիրեն վկայի կարգավիճակով, այն պարզ պատճառով, որ այս գործը, որը քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին:Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունը այս գործին այդ կարգավիճակով և մասնակցեն վկայի կարգավիճակով, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ: Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, դատավարությունը հետաձգվեց, որովհետև դատարանը որոշեց, որ առանց Եգորյանի մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի: Երեկ էլ պարոն Եգորյանը նորից չէր եկել: Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանը պարոն Եգորյանի չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի լուծման համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»,- ասաց նա:Հայկ Ալումյանը մեկ այլ փաստարկ ևս նշեց, որը ներկայացրել են նաև դատարանին: ««Մարտի 1»–ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ-ի վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, հենց այդ գործով են քննվում մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքները: Այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, և բոլորս պետք է հույս ունենանք, որ այդ գործով պետք է բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ այս գործով»,- ասաց նա:Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն էլ պատճառաբանում է, թե քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են այն գործից անջատված գործերով:«Այդ դեպքում մենք ասում ենք լավ՝ ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց 102-ին, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը ընտրել նրանց, որոնք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞, եթե ոչ, բացատրեք ձեր չափանիշը ընտրության»,- հայտարարեց նա:Հայկ Ալումյանն ասաց, որ այս հարցերն են բարձրաձայնել դատարանում, սակայն դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում: «Այսինքն՝ այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները, այսպիսի իրավիճակում է տեղի ունենում դատավարությունը»,- ասաց նա:Հայկ Ալումյանն իր ասածը հիմնավորեց այն փաստարկով, որ այս ամբողջ ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած (այն էլ ոչ Քոչարյանի պաշտպանների կողմից) միակ միջնորդությունը, որ դատարանը բավարարել է, այն էր, որ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով երկրից բացակայել՝ բժշկական ստուգումներ որոշակի միջոցառումներ անցնելու նպատակով: «Այլ որևէ միջնորդություն պաշտպանական կողմի, բացառությամբ 10 րոպե հայտարարվող ընդմիջումների, դատարանը մինչև այսօր չի բավարարել, որովհետև յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազներն առարկում են, և խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտում է որպես վետո»,- ասաց նա:Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:45 - 09 սեպտեմբերի, 2020
Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը |armenpress.am|

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց արգելանքի տակ գտնվող Քոչարյան գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ դատարանին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ պաշտպանական թիմի դիրքորոշումը։ «Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը դրված է ոչ թե պաշտպանների, այլ մեղադրանքի և վարույթ իրականացնող մարմնի վրա, քանի դեռ մենք չունենք հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս պարոն Քոչարյանի, քանի դեռ կալանքի տակ դրված գույքի արժեքը որևիցե կերպ չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումը ուժի մեջ թողնելը, մենք օգտվում ենք քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեր իրավունքից և այս փուլում չենք ցանկանում ներկայացնել կալանքի տակ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր»,- ասաց Ալումյանը։
14:19 - 04 օգոստոսի, 2020
Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների լուծումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։ «Դատարանը գտնում է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգել մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»,- նշել է դատավորը։ Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ պաշտպանական կողմն այդ միջնորդությունը կարող է ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացույցների հետազոտման փուլում։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միացավ Պետրոս Պետրոսյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դեռևս չի հրապարակվել, բացի այդ, դատավարական առումով սույն դատարանում պատկերացում չի կազմվել, թե որ հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար է պաշտպանական կողմը ցանկանում, որ այդ անձինք հրավիրվեն դատարան։
15:17 - 21 հուլիսի, 2020
Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և մի շարք դատավորների |factor.am|

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և մի շարք դատավորների |factor.am|

factor.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն այսօրվա դատական նիստին միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը։ Փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկեց ցուցակի մեջ ներառել հիմա արդեն ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և ՍԴ մի շարք դատավորների՝ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, որոնք քննել են նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքները: Փաստաբանի խոսքով՝ նրանք կարող են գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակում ՍԴ-ի վրա ենթադրվող ճնշման վերաբերյալ: Փաստաբանը նաև միջնորդեց դատարան հրավիրել Սամվել Մայրապետյանին, որը կարող է կարևոր տեղեկություններ հայտնել մեղադրանքի մյուս մասով: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրավերը, որը ստորագրել է մեղադրանքի համար կարևոր 0038 հրամանը: Մեկնաբանելով այն հարցը, որ թվարկվածներից ոմանք անցնում են այլ կարգավիճակով, փաստաբանը նշեց, որ նրանց կարող են հարցաքննել ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ այն, որով անցնում են:
20:00 - 14 հուլիսի, 2020
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ |azatutyun.am|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Նրանք վիճարկում են վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։ Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։ Թեև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, այդուհանդերձ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ նշել է, որ իրենց պաշտպանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հենց այս հանգամանքն էլ Վճռաբեկ բողոքում մատնանշելու են փաստաբանները՝ պնդելով, թե դատավորը 2 միլիարդ դրամ գրավի փոխարեն պարզապես առանց որևէ խափանման միջոցի պետք է ազատեր Քոչարյանին։
18:55 - 11 հուլիսի, 2020
Ամեն ինչ արվում է, որ մինչ մեր գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն գոյություն չունենա․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Ամեն ինչ արվում է, որ մինչ մեր գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն գոյություն չունենա․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադարձավ Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքին՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ըստ որի՝ ՍԴ երեք անդամներ, որ պաշտոնավարում են 12 տարուց ավելի, կազատվեն պաշտոնից․ «Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ այս դատական գործընթացի վրա: Ինչ վերաբերում է առկա իրավիճակին, իմ խորին համոզմամբ, այս ամենը ձեռնարկվել է, որ թույլ չտան՝ ՍԴ-ն այս հայտնի գործով կայացնի որոշում»։ Ալումյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն քննում է ե՛ւ դատարանի դիմումը, ե՛ւ պարոն Քոչարյանի՝ կապված առաջադրված մեղադրանքի՝ 300․1-րդ հոդվածի հետ․ «Եւ հիմա ամեն ինչ արվում է, եւ նոր չի դա սկսվել, որ մինչ այդ գործով վերջնական որոշում կայացնելը ՍԴ-ն, որպես այդպիսին, գոյություն չունենա, կստացվի դա, թե ոչ, այլ հարց է»։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:38 - 23 հունիսի, 2020
Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման  հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումը, ինչպես նաև Aysor.am, www.azatutyun.am և www.a1plus.am լրատվական կայքերում կատարված հրապարակումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը: ԲԴԽ նախագահի դիմումի և զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Արամ Վարդևանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող թիվ ԵԴ/0253/01/19  քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, սակայն, այնուամենայնիվ, փաստաբանները ներկայացել են դատարան և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ, որտեղ գտնվելով ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: Արդյունքում, փաստաբաններ Հայկ Ալումյանին, Հովհաննես Խուդոյանին  և Միհրան Պողոսյանին ըստ էության վերագրվել է 2020 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դրսևորած հետևյալ վարքագիծը՝   - Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց. - Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում. - Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել. - Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ արձանագրվել է, որ Միհրան Պողոսյանին և Հովհաննես Խուդոյանին վերագրվող սեղանների մոտ նստելու վարքագիծն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար օրենքով կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: Այսինքն, նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, կամ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում փաստաբանի նստելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ փաստաբանի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի կամ դատավարության մասնակցի նկատմամբ կամ խախտվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի այլ դրույթ: Հետևաբար, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի վերոհիշյալ վարքագիծը պետք է գնահատման առարկա դարձվի դատական իշխանության նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կամ այլ անհարգալից գործողություններ կատարելու վարքագծի հետ համակցության մեջ: Կայքը նաև տեղեկացնում է, որ  փաստաբան Հայկ Ալումյանը 20.03.2020թ. ՀՀ փաստաբանների պալատ է ներկայացրել միջնորդություն, որով հայտնել է իր դիրքորոշումը ԲԴԽ նախագահի լիազորությունների մասին, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ գործի շրջանակներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի դիրքորոշման կարևորությունը, միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ, որպես առիթ ընդունելով այդ իրադարձությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
20:53 - 30 մարտի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ասուլիսի ժամանակ ես հայտնել էի, որ վերաքննիչ բողոք ենք պատրաստվում ներկայացնել եւ ներկայացրինք։  Համարում ենք, որ այդպիսով դատարանները խախտում են պարոն Քոչարյանի իրավունքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Քանի դեռ դա այդպես է, ուրեմն մենք պիտի կարողանանք բողոքարկել այդ հանգամանքը»,- ասաց Ալումյանը։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին չէր կայացել  Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։  Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով։        
19:45 - 30 մարտի, 2020
ԲԴԽ նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին՝ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու

ԲԴԽ նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին՝ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020թ․ մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից. «Հարգելի պարոն Զոհրաբյան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020թ․ մարտի 17-ին, ժամը 13:00-ին հրավիրվել է դատական նիստ: Դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, որի մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում` ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով: Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Միհրան Պողոսյանը և Հովհաննես Խուդոյանը 2020թ․ մարտի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ներկայացել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ: Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ: Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: Պաշտպանների վերոնշյալ վարքագիծը տեսաձայնագրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները: «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 1.1 կետի համաձայն` փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտականություններ՝ դատարանների և այլ մարմինների առջև, որտեղ փաստաբանը ներկայացնում է վստահորդի շահերը: Այս հարաբերություններում փաստաբանը պետք է հարգանքով վերաբերվի այն մարմիններին, որոնց հետ նա առնչվում է, պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաև արդարադատության պատշաճ և իրավաչափ իրականացմանը: Կանոնագրքի 2.2.2 կետի համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում (ոլորտում) փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից (գործողությունից կամ անգործությունից), որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը: Կանոնագրքի 4.1 կետի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում՝ պետք է հարգանքով վերաբերվի դատավորին և/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը: Այսպիսով, գտնում ենք, որ 2020թ․ մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը: Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ և 39.1-րդ հոդվածներով` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ»:
21:19 - 19 մարտի, 2020
Հայկ Ալումյանի մանիպուլյատիվ պնդումները Մարտի 1-ին բանակի ներգրավման և գործի մյուս մանրամասների վերաբերյալ |fip.am|

Հայկ Ալումյանի մանիպուլյատիվ պնդումները Մարտի 1-ին բանակի ներգրավման և գործի մյուս մանրամասների վերաբերյալ |fip.am|

fip.am։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը մի քանի վիճահարույց հայտարարություններով է հանդես եկել։ Ալումյանը ասուլիսի ընթացքում, մասնավորապես, պնդել է, որ Զինված ուժերը կարող էին մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին.«Միֆերից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ, զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմված է այս միֆի վրա։ Իրականում մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրները լուծելու համար, երբ առկա են ներպետական անկարգություններ»,- հայտարարել է Ալումյանը։ Fip.am-ը բազմիցս անդրադարձել է Զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու հակաօրինականության մասին և հիմնավորել, որ ԶՈՒ օգտագործումով խախտվել են սահմանադրության դրույթները։ Այսպես, 2005 թվականի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշվում է, որ «իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փաստացի իրականացրել է Զինված ուժերի հակասահմանադրական կառավարում՝ ԶՈՒ-ն ներքաշելով ներքաղաքական իրադարձություններում և այն դուրս բերելով խաղաղ ցուցարարների դեմ։ Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերի այդ կառավարմամբ խախտել է Սահմանադրության անփոփոխ՝ 2-րդ հոդվածը և իրականացրել Զինված ուժերի կառավարման յուրացում։ Այդպիսով՝ կատարել է Սահմանադրությամբ ամրագրված հանցագործություն։ Հավելենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունը 2018 թ. հուլիսի 3-ին տարածած հաղորդագրությունում բացատրում է, թե ինչ գործընթացով է ԶՈՒ-ն խառնվել քաղաքական իրադարձություններին։ Ըստ դրա. «․․․ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով․․․»:Հայկ Ալումյանը մեջբերում է 2008-ի Սահմանադրությամբ գործող 8.2 հոդվածը, որը վերաբերում է Զինված ուժերին։ Հատկանշական է, սակայն, որ նա պրեզենտացիայի միջոցով ներկայացնում է միայն հոդվածի առաջին մասը՝ «ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»։ Ալումյանը այս կերպ ուզում է ցույց տալ, որ Զինված ուժերը կատարել են իրենց առջև օրենքով դրված պարտավորությունները՝ ապահովվել ՀՀ անվտանգությունը և այլն։ Սակայն Քոչարյանի փաստաբանը չի նշում դրույթի երկրորդ մասը՝ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո» Հայկ Ալումյանը անդրադառնում է նաև Արցախից զինված ուժերի ներգրավմանը։«Բացի ՀՀ զինված ուժերից, այդ իրադարձությանը որևէ այլ զինվորական չի մասնակցել և Երևան քաղաքի որևէ հատվածում ներգրավված չի եղել»,- հայտարարում է Ալումյանը՝ հավելելով, որ դռնփակ դատական նիստի ընթացքում իրենց թիմը կարողացել է ապացուցել այս պնդումը, և դատախազությունն ընդունել է դա, սակայն հավելյալ հիմնավորումներ ներկայացնել չի կարող։Թեև այս պահի դրությամբ ապացուցված չէ, թե ովքեր են 2008 թ. մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ, և արդյո՞ք Ղարաբաղից բերված զինված ուժերը մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի գործողություններին, թե ոչ, սակայն Datalex տեղեկատվական համակարգում տեղադրված գործի մանրամասներում կան տեղեկություններ Արցախից զինված ուժերի ներգրավման մասին։Ըստ գործի, «2008 թ. մարտին Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ։ Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Երևան քաղաքում տեղակայվելուց հետո Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը»։Բացի այդ, Երևանի «Հրազդան» հյուրանոցում են տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ։ Նշենք, որ վերջերս մեծ աղմուկ հանեց BBC ռուսական ծառայության կողմից հրապարակված հետաքննությունը, որում նշվում է, որ ըստ իրենց ձեռքի տակ հայտնված քննչական փաստաթղթերի, քննիչները կարծում են, որ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան անվտանգության ուժերը՝ հրամանատար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ։Քննչական փաստաթղթերում նշվում է, որ Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ մեկ մարտական հաշվարկով։Ալումյանը նաև հարց է բարձրացնում, որ եթե Մարտի 1- ի իրադարձությունների ժամանակ ցուցարարները զինված չեն եղել, ապա որտեղից 32 վիրավոր ցուցարար՝ 187 վիրավոր ոստիկանի հարաբերակցությամբ։ Նա նաև նշում է, որ սա ապացույցն է այն բանի, որ բանակը անմիջական կոնտակտի մեջ չի մտել ցուցարարների հետ, քանի որ վիրավորներից և ոչ մեկը զինվորական չի եղել։ Վիրավորների քանակի և պաշտպանի տրամադրած այս թվերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հատուկ քննչական ծառայությունից։ Մամուլի հետ կապերի պատասխանատու Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ այս տվյալները վերցված են դատական գործից, այն հասանելի չէ լայն հանրությանը, սակայն որպես մեղադրական և պաշտպանական կողմ, տվյալները տրամադրվել են երկու կողմին էլ։ Իսկ ճշմարտացիության վերաբերյալ միայն նշեց, որ եթե թվերը դատական գործից են, ապա հավանաբար ճիշտ են։Այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» զերծ է մնում այս պահի դրությամբ վերոնշյալ թվերի վերաբերյալ միանշանակ տեղեկատվություն տալուց։ Մենք կփորձենք հարցումների միջոցով ստանալ փաստական ապացույցներ և ներկայացնել այն հանրության դատին՝ դրանց ճշմարտացիության մեջ համոզված լինելուց հետո միայն։
12:10 - 28 օգոստոսի, 2019