ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանն Infocom-ի հետ զրույցում հաստատում է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արփենիկ Մարությանին է դիմել՝ ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու հարցի քվեարկությանը չմասնակցելու հարցով։
Արփենիկ Մարությանն այս տարվա փետրվարին մասնակցել է Երեւանի ավագանու այն նիստին, որի ժամանակ քննարկվել է հիշյալ հարցը։ Մարությանն Infocom-ի հետ զրույցում երեկ հայտնել էր, որ ինչպես ավագանու այլ անդամներ, այնպես էլ ինքը, նախապես իմացել է, որ սպասվում է այդ հարցի բոյկոտում։ Նա հարցին ձեռնպահ է քվեարկել՝ տեսնելով, որ լարված իրավիճակ է եւ քվորումի խնդիր կա.
«Մինչ այդ հարցի քվեարկությունը՝ զանգ եւ ֆեյսբուքյան հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր այդ հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ»,- մեր զրույցում պատմել էր Մարությանը:
Նարեկ Բաբայանը, սակայն, այդ հաղորդագրությունը հորդոր չի համարում․ «Ընդամենը տեղեկացրել եմ եւ ասել՝ ցանկալի է, որ այդ նիստում այդ հարցը չքննարկվի, նիստը տեղափոխվի»,- մեր զրույցում ասաց նա։
Պատճառը, Բաբայանի կարծքով, հայտնի է։ Ինչպես վերջինիս քաղաքական թիմակիցները, ավագանու տարբեր անդամներ, այնպես էլ նա, համարում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ինչպես հարկն է՝ չի համագործակցել կառավարության հետ։
«Եթե աշխատած լիներ եւ ժամանակին ինչպես հարկն է համագործացկած լիներ, գուցե ավելի լավ ավտոբուսներ լինեին»,- ասաց նա, եւ մեր ճշտող հարցին՝ ավելի շո՞ւտ կլինեին նոր ավտոբուսներ, եթե համագործացկեր կառավարության հետ, քանի որ պնդումներ կան, որ եթե փետրվարին այդ որոշումը չընդունվեր եւ նոր ավտոբուսներ ձեռք չբերվեին, ապա այս ձմեռը քաղաքացիների համար շատ դժվար կլիներ, Բաբայանը պատասխանեց․
«Ավելի շուտ չէ, նույն ժամանակ։ Կարելի էր մի շաբաթ եւս լրացմշակել, աշխատել վրան, բայց էդ ցանկությունը չի եղել»։
Մեր դիտարկմանը՝ մեկ շաբաթը որպես օրինա՞կ է նշում, թե՞ մի շաբաթից իսկապես հնարավոր կլիներ նոր, լրամշակված նախագիծ ունենալ, մեր զրուցակիցը արձագանքեց․
«Հիմա չեմ հիշում կոնկրետ ժամկետները, բայց սեղմ ժամկետներում հնարավոր կլիներ այնպես անել, որ ձմռանն ընդառաջ լինեին ավտոբուսները, խնդիրն այն էր, որ կառավարության հետ հանագործակցելու ցանկություն ընդհանրապես չկար»,- վստահեցրեց Նարեկ Բաբայանը։
Իսկ արդյոք բացի Արփենիկ Մարությանից ավագանու այլ անդամների դիմե՞լ է քվեարկությանը չմասնակցելու հարցով, Բաբայանն այսպես պատասխանեց․ «Ում հետ որ կարիք ունեցել եմ, խոսել եմ»։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)