1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն անդրադարձել է անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգություններին, պատերազմներին, հիշատակել նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածը։ Մինչ նստաշրջանի մեկնարկը՝ ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Թինի Կոքսն իր խոսքում նշել է, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վեհաժողովի առաքելությունը պետք է այցելի Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վեհաժողովը կողմ է քվեարկել նաև «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու՝ Բյուրոյի առաջարկին։ Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Նստաշրջանի առաջին օրը հայ պատվիրակները ևս մեկ անգամ բարձրաձայնել են Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը:
Հռիփսիմե Գրիգորյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ավելի քան 100 հազար մարդ լքել է ոչ միայն իր տունն ու հայրենիքը, այլ նաև հողը, որտեղ իրենց նախնիներն են ապրել, արարել տասնյակ դարեր: Կան բազմաթիվ հարցեր այստեղ բարձրաձայնելու, բայց ամենակարևորը մեկն է՝ այս կառույցը չունի բավականաչափ գործիքներ, թե չկա բավարար քաղաքական կամք: Անհաշվելի են Եվրոպական խորհրդի այն բոլոր կոնվենցիաները, օրենքները, որոնք խախտել է Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում: Իրականում պետք է հասկանալ, թե որոնք են այն գործողությունները, որոնք կկանխեն բռնությունն ու էթնիկ զտումը:
Խոսելով բանկացությունների մասին... հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված էր հնգակողմ հանդիպում: Վերջին պահին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել դրան: Սա ապացուցում է, որ նա մտադրություն չունի Հայսատանի հետ խաղաղության գնալու: Ես ուզում եմ շեշտել այն երեք հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Երկուստեք պետք է ընդունվեն տարածքային ամբողջականությունը և երկրների ինքնիշխանությունը, պետք է սահմանազատում տեղի ունենան 1991 թվականին Ալմա Աթայի պայմանագրի հիման վրա, իսկ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը` պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Բոլոր գործընկերներիս կոչ եմ անում միանալ Գրանադայի հայտարարությանը: Հորդորեք ձեր կառավարություններին գործադրել բոլոր ջանքերը Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար: Միայն գործելով և ոչ թե խոսելով կարող ենք խաղաղ ապագայի հնարավորություն ունենալ:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ես հիշում եմ՝ այս տարվա հունվարն էր, երբ ես այս ամբիոնից հորդորեցի դիմել հրատապ քայլերի, հակառակ դեպքում ուշ կլինի: Ես հիշում եմ, երբ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակված էր, ես ձեզ խնդրեցի ընդունել հայտարարություն, ցավոք, ի պատասխան ստացա պատճառաբանություններ, թե այս փուլում դա անհնար է կազմակերպել: Երբ նախաձեռնեցի հրատապ բանավեճ, հասկացա, որ շատ ուշ կարող է լինել: Այսօր՝ այս հանդիպման օրը, Լեռնային Ղարաբաղում հայ չկա: Տիկնայք և պարոնայք, այսօր Լեռնային Ղարաբաղում կա 10-50 էթնիկ հայ, նրանց մեծ մասը ծերեր են կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք:
Մենք խաղաղության կողմնակից ենք, մենք կողմ ենք բոլորի հետ լավ հարաբերություններին, բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ քանի դեռ Ադրբեջանին թույլ է տրվում լինել այս հեղինակավոր կառույցում, դա խոչընդոտում է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
comment.count (0)