Նոյեմբերյան

Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում օգոստոսի 20-21-ը տեղի կունենան կոնֆերանսներ, պանելային քննարկումներ ՏՏ ոլորտի, մարզերի համաչափ զարգացման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ «Ապագայի նախատիպը» կոչվող այս միջոցառումը կազմակերպել են «Protolab» ստարտափի պատանիները՝ ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առիթով։ «Protolab»-ի համահիմնադիր Արգամ Ամիրաղյանը միջոցառման նպատակը նկարագրում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով․ «Աշխարհում հաղթում են թիմերը, իսկ անհատների առաքելությունը թիմեր ստեղծելն է»․ «Մեր գլխավոր նպատակն այն է, որ ձևավորվեն թիմեր, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն։ Ես վստահ եմ, որ միջոցառումը մեր համայնքի համար օգտակար կլինի, որովհետև ես չեմ հիշում, որ Նոյեմբերյանում այսպիսի կոնֆերանսային միջոցառում երկար ժամանակ եղած լինի։ Հույս ունեմ, որ մարդիկ նորից հավատով կլցվեն դեպի Նոյեմբերյան ու ապագա կտեսնեն նաև իրենց համայնքներում»։ Արգամը պատմում է, որ հետաքրքրիր ու խիտ գրաֆիկ են կազմել, որպեսզի երկու օրերը դառնան իսկական գիտելիքի տոն։ Միջոցառման գլխավոր թեմաներն են մարզերի համաչափ զարգացումը, ՏՏ ոլորտը, բիզնեսի զարգացումը, անձնային աճը, մոտիվացիան․ լինելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ․ «Առաջին օրը ամբողջ օրակարգը հիմնականում նվիրված է լինելու կոնֆերանսներին, պանելային քննարկումներին,  որից հետո արդեն մեկնելու ենք վրանային գիշերակացի, երեխաները հնարավորություն են ունենալու շփվել միմյանց ու նաև փորձառու մարդկանց հետ։ Հաջորդ օրը կոնֆերանսների քանակն ավելի քիչ կլինի․ տեղի կունենա «Protolab»-ի պաշտոնական շնորհավորումը, ու որոշել ենք գաղափարների մրցույթ իրականացնել, որի մասնակիցները լինելու են Հայաստանի տարբեր մարզերից թիմեր, ու նրանց ծրագրերը պետք է միտված լինեն իրենց համայնքներում որոշ խնդիրներ լուծելուն»։ Արգամն ասում է, որ այս պահին 20 բանախոսներ հաստատել են միջոցառմանը իրենց մասնակցության մասին, որոշների հետ էլ դեռ ճշգրտման փուլում են։ Իսկ համայնքներում խնդիրներ լուծելու համար նախատեսված գաղափարների մրցույթի համար թիմերը պետք է նախապես հայտագրվեն․ Արգամն ասում է, որ այս պահին հայտագրումները քիչ են․ «Սակայն շփվելով մարզեցիների հետ, տեսնում ենք, որ հետաքրքրվածությունը բավական մեծ է, ու լինելու է  գաղափարների իրական մրցակցություն։ Հայտատադիմումները փակվելու են օգոստոսի 10-ին, ու մտածում ենք, որ վերջին 2 օրում կտեսնենք, թե ինչ գաղափարներ կան, որոնք փոփոխություն կբերեն համայնքներում, հետո արդեն՝ մարզերում»։ Նրա խոսքով՝ միջոցառմանը 150 պատանիներ են մասնակցելու, որոնք 15-23 տարեկան են։ Մասնակիցները հիմնականում Տավուշի և Լոռու մարզերից են․ «Միջոցառմանը մասնակցելու հայտադիմումները արդեն փակվել են, ու ընդհանուր առմամբ 190 հոգի են հայտադիմում ներկայացրել, որոնցից 110-ը հաստատ անցել են։ Նրանց կմիանան նաև Նոյեմբերյանի երեխաները, ու մասնակիցների թիվը 150 կլինի»։ Պատանիները միջոցառման կազմակերպման ճանապարհին դժվարությունների հանդիպում են, սակայն հույս ունեն, որ այն հնարավորինս բարձր մակարդակով կանցկացնեն․ «Բացի նրանից, որ մեր փորձը քիչ էր միջոցառումներ կազմակերպելու առումով, նաև սեզոնային իրավիճակով պայմանավորված բավական բարդ էր մարդկանց հետ կապ հաստատելը։ Հյուրերի մեծ մասը, որոնք գաղափարակից են, գտնվում են Հայաստանից դուրս կամ գործի բերումով խիստ զբաղված են լինում։  Խնդիրները շատ են, բայց մենք կարծում ենք, որ պատվով ենք դուրս գալիս, ու քանի որ մեր նպատակը բավականին մեծ է, բարդացումները այդքան էլ չեն խանգարում, թույլ տրված սխալներն էլ մեր կազմակերպած հաջորդ միջոցառման ընթացքում կուղղվեն»։ Նա պատմում է նաև, որ միջոցառումը «Protolab»-ի թիմով են կազմակերպում, սակայն զգում են Նոյեմբերյանում ապրող պատանիների, երիտասարդների, ինչպես նաև համայնքի աջակցությունը։ Իսկ «Ապագայի նախատիպը» «Protolab» ստարտափի կարգախոսն է, հենց այդպես էլ անվանել են սպասվելիք միջոցառումը․ «Մենք նաև այդ օրերին փորձելու ենք կառուցել ապագայի նախատիպը, այսինքն՝ տարբերակներ գտնել, թե ինչպիսին պետք է լինի ապագան Հայաստանում»։   Նանե Ավետիսյան
12:32 - 09 օգոստոսի, 2022
Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։ Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։ Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։  Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։  Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։ Բեյը Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։  Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները  յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։ Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։  Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։ Նվարդ Չիլինգարյանը Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը  այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։ Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․ «Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։  Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։ Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։ Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։  «Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին»։ Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․ «Թուր ու թվանք թամքումը Ջուխտ աղունակ վանքումը, Մեռնեմ սիրածս յարին, Ինքը քաղքի ճամփումը»։ Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։ Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։ Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։ Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։ Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022
Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

«Ի՞նչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ Բարեկամավանի դպրոցականներին: «Որ շատ մարդ լիներ»,- միաձայն հնչում է նույն պատասխանը: Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին է՝ անդունդի եզրին, որտեղից այն կողմ այլ իրականություն է: Բարեկամավանը պարզապես սահամանամերձ գյուղ չէ, այն սահմանամերձի սահմանամերձն է, որտեղ հայտնվելիս թվում է` հայտնվել ես երկրագնդի եզրագծին: Երբեմնի մեծ ու շեն Դոստլու գյուղից (գյուղի հին անվանումը) այսօր Բարեկամավանում (գյուղի նոր անվանումը) ապրում է 140 հոգի: Գյուղի կենտրոնով քայլելիս մարդ չկա, փակ են նաև գյուղի 2 խանութները: Դրանցից մեկի վրա հեռախոսահամար է փակցված, որ զանգի դեպքում կբացվի: Այստեղ փակցված է Նոյեմբերյան-Բարեկմավան հանրային տրանսպորտի ժամանակացույցը, սակայն, տեղացիների խոսքով, «օրա լինում՝ մարդ էլ չի գնում»: Խանութը Դատարկ փողոցների ու տների արանքից մարդկանց փոխարեն «ձեռքով են անում» վառ կարմիր նռենիներն ու «ողջունում են» բերքաշատ ծառերը: Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար: Խանութը՝ կոտրված ապակու միջից Ահա և ինձ ընդառաջ են գալիս ընկերուհիներ Դիանան, Անահիտը և Անահիտի կրտսեր քույր Մանեն: Այսօր Բարեկամավանն իրենք են ներկայացնելու: Անցնող ուսումնական տարում տեղի դպրոցում սովորել է 13 աշակերտ, դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ: Երկու տարի առաջին դասարանցի չունենալուց հետո սեպտեմբերին դպրոցն ընդունելու է 3 առաջին դասարանցիների: Դիանան, Անահիտը և Մանեն Դիանան և Անահիտը փոխադրվել են 11-րդ դասարան, Մանեն՝ 8-րդ: Դիանան որոշել է դառանալ իրավաբան, «որ մարդկանց շահերը պաշտպանի»: Անահիտն ընտրել է ծրագրավորողի մասանգիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվելու են Երևան: Դասերից դուրս ազատ ժամանակն աղջիկները զբաղվում են ընթերցանությամբ, հավաքվում են գյուղի կենտրոնում՝ եկեղեցու բակում, կամ էլ, ինչպես իրենք են ասում, «ես իրանց տուն եմ գնում, հետո ինքը՝ մեր»: Բացի դասերից ու ընթերացանությունից՝ այստեղ օրն ունի իր կարևոր առաքելությունը. աղջիկները մյուս տեղացիների նման ամեն օր խմելու ջուր են բերում մոտակա աղբյուրներից, քանի որ տներում առկա է միայն տեխնիկական ջուր: «Ի՞նչը կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ աղջիկներին աղբյուր տանող ճանապարհին: «Որ շատ մարդ լիներ, շատ լավ կլիներ»,- գրեթե միաբերան պատասխանում են նրանք: «Իսկ գյուղում շատ մարդ կա՞, որ մենակ ա ապրում»: «Հա՜, շատ»,- միանգամից հնչում է պատասխանը: «Մի տատիկ էլ կա, ինքը բանաստեղծություններ ա գրում»: Եվ մենք մոտենում ենք այդ տան դարպասին:  «Անգրագետ կնիկը բանաստեղծ կըլի՞», - իր մասին մուտքի մոտ շտապում է ասել Անիչկա Միքայելյանը, որին գյուղում բոլորը Անիկ տատ են ասում: «Նախդի հըմի կոֆե էփե»,- դիմում է նա աղջիկներից մեկին, - «խմենք, ծերգին (նախ և առաջ) էդ, ըժու (հետո) ինչ որ ցանկանաք, այն էլ կասեմ: Ափսուս գրագետ չեմ, որ բնական խոսքերը ասեմ, բայց ինչքան որ հիշեմ, էնքանը կասեմ: Ես կլինեմ բոլորիդ տատը, ամուր լինի մեր կապը»: Անիկ տատը Անիկ տատը շտապում է մեզ սուրճ հյուրասիրել, որից հետո միայն սկսում է պատմել իր մասին: Իր ամբողջ խոսքը նա կազմում է հանգերով: «Ասածներս իմացեք, իմ խոսքերին դիմացեք», - սկսում է նա: «Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի Անիչկա Միքայելյանս ծնվել եմ 1934 թ.-ի նոյեմբերի 17-ին: Ես ծերության սիրել եմ ամեն աշխատանք էլ անեմ, սրտանց ցանկանում եմ բնական խոսքերով սրտիս փափագը հանել»: Դիանան սուրճ է պատրաստում Անիկ տատի տանը Անիկ տատը 2 տարի է դպրոց գնացել, բայց սիրել է ամբողջ կյանքը գրել ու ստեղծագործել, որոշ գործեր նաև տպագրել է: «Ի՜, ցավդ տանիմ, ոչ ջնջել եմ, ոչ գրել եմ, խոսքեր ա, որ գալիս ա», - ասում է նա:  «Ես չեմ տեսել գիր ու գրիչը, ա՜խ, ինձնից է ամեն ինչը: Ցերեկները հողն եմ փնտրել, գիշերները խոսքն եմ ընտրել, հերիք ինչքան, որ գիշեր ու ցերեկ ես մնացի արթուն, խելքս ու խոսքս մնաց թաքուն»: Անիկ տատի ամուսինը 8 տարի առաջ է մահացել, այդ օրվանից նա մենակ է ապրում: Նրա երեխաները, թոռներն ու ծոռները ապրում են տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ Անիկ տատը տեղափոխվել չի ցանկանում: «Ոչ մի տեղ էլ ա հնարավոր չի, որ ես կենամ աղջիկ ջեն»,- ասում է նա: «Ըստի (այստեղ) ծնվել եմ, ըստի սնվել եմ, էս մի պուճուր բուդկեն (ցույց է տալիս սենյակը, որտեղ նստած ենք) որ կա է, Ռուսաստան էլ ա, Հունաստան էլ ա, Կիրովական էլ ա (այստեղ են ապրում իր երեխաները): Սա ինձ հմար շատ քաղցր հող ա: Ես չեմ սիրում դրսի փողը, սիրում եմ իմ հայրական ու մայրական հողը»: 22 տարի Անիկ տատը աշխատել է որպես կթվորուհի, այնուհետև 20 տարի թութուն է հավաքել: Ասում է, որ 42 տարվա աշխատանքային փորձով այսօր ստանում է 54.000 դրամ: Բայց հիմա էլ շարունակում է աշխատել իր տանը: Նա արդեն հասցրել է մշակել ու ցանել իր տնամերձ այգին, որը լի է տարատեսակ ծառերով ու պտուղներով: Անիկ տատն աղջիկների հետ «Պըտիտ չեմ գալի է՜, 50 տարեկանի գործ եմ անում»,- ասում է նա,- «փորում եմ, ցանում եմ, վարում եմ, կարտոլ եմ ցանում: Լա էս դուռը (ցույց է տալիս այգին) մատեն տեղ չկա, մտիկ արա: Լրիվ փորել եմ, ցանել եմ, վարունգ ա, պոմիդոր ա, ծառերը լավ բռնած են, թութը վաքել եմ, արաղը քաշել եմ, կյանքս մաշել եմ: Ջահելի նման պըտիտ եմ գալիս, զբաղվում եմ, օրս անց եմ կացնում»: Ու դեռ երկար Անիկ տատը վերհիշում է իր գրած բանաստեղծություններն ու տողերը, որոնք ընթացքում վերափոխվում են իր հեղինակային երգերի: «Ոչ մի երիտասարդ չմնացին իրենց տանը, Լրիվ գնացին Ռուսաստանը, ուզում են հանգիստ մնալ իրենց տանը: Մե՛ք մոռանալ Հայաստանը, հետ գալիս եք դուք ձեր տանը: Շատ մի սիրեք ռսի փողը, եկեք պաշտապանեք մեր պապական քաղցր հողը: Հենց այդ հողն է ձեր ծնողներին պահողը: *** Շատ եմ խնդրում խաղաղություն ձեռք բերեք, Դրսում ապրողներին հետ բերեք, Մենք էլ ենք սիրում մեր հողը, Գրպանումս չկա ոչ մի տեսակ փողը, Բա ինչո՞վ սնվեմ, որ պաշտպանեմ ես իմ հողը: Աշխարհս արյունոտ ծով է, հայոց ազգը ոտից գլուխ սով է, Բայց ոչ մեկս չգիտի, թե արդյոք մեղավորը ով է»: Անիկ տատի տնից հետո մեզ իրենց տուն է հրավիրում Սյուզի Ղարաքեշիշյանը: Սյուզին եղել է Բարեկամավանի 2020թ.-ի միակ շրջանավարտը: Նրանից հետո գյուղում առաջին դասարանցի չի եղել: Այժմ Սյուզին սովորում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: Մեծ երազանք ուներ մասնագիտական կարիերան սկսել իր գյուղի դպրոցից, սակայն «օրենքը թույլ չէր տվել առանց ավարտելու աշխատանքի անցնել դպրոցում»: Սյուզին՝ ապագա ամուսնու հետ Այսօր նրանց տանը մեծ իրարանցում է. Սյուզին պատրաստվում է ամուսնանալ և իր սահմանամերձ գյուղից տեղափոխվել համայնքի մյուս սահմանամերձ՝ Բերդավան գյուղ: Ծերացող գյուղում կրկին հնչելու է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը, ամբողջ գյուղը սպասման մեջ է: Այսպես են պահում սահմանամերձ համայնքներն այստեղ՝ սահմանի մոտ՝ անդունդի եզրին: Սահմանամերձի սահմանամերձով սիրով շրջեց Մերի Մամյանը
15:04 - 19 հուլիսի, 2022
Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձագույն, արեւապաչ դաշտերի հեռվում մի խորդուբորդ կատարով, միայնակ սար է երեւում։ Դրա փեշերին փռված է Դեղձավան գյուղը, փոքրիկ այնքան, որ շոգ ժամին հեռվից նայելիս թվում է՝ արեւի ջերմությունից լղոզվում է հողին, համարյա չի երեւում՝ մինչեւ չմոտենաս։ Դեղձավանցիները սարը Օձասար են կոչում։ Հեռվում՝ Օձասարն ու Դեղձավանը Գյուղացիներն անասուններին արոտ են տարել, իրենք էլ տապից պատսպարվել տներում։ Առաջին երկու տների բակերում մարդ-մուրդ չկա, միայն ծտերի ծլվլոց ու դարպասների հետեւից ուղիղ դեմքիս սլացող ճանճեր։ Բայց մի բակում ընկուզենու հովին վերնաշապկի կոճակերն արձակած նստած է մի մորուքավոր տղամարդ։ «Չե՞մ խանգարի»,- հարցնում եմ ցանցի հետեւից։ Զարմացած ինձ է նայում, հետո առանց երկմտանքի ասում՝ «արի՛, աղջիկ ջան»։ Ռոմիկն է, օրվա շոգ ժամերին ամեն օր գալիս, նստում է այս ծառի տակ։ Ասում է՝ ընկուզենու շուրջ մոծակներ չեն հավաքվում։ Բայց երբեմն ձանձրանում է Ռոմիկը, ասում է՝ կուզեր գյուղում մշակույթի տուն լիներ, միջոցառումներ կազմակերպեին, որ գյուղացիները զբաղվեին, կուզեր նաեւ մի տեղ լիներ՝ շախմատ-շաշկի խաղար։ Ուրիշ բանից նա չի բողոքում։ Պատմում է, որ գործի բերումով շատ տեղեր է գնացել, շատ բաներ է տեսել, հիմա էլ աշխատանքից չի նեղվում, ընդհակառակը՝ նեղվում է, եթե աշխատանք չի լինում։ 60-ամյա Ռոմիկը, չնայած սրտի խնդիրներին, այժմ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, համ իր այգին է մշակում, համ էլ որոշակի վարձատրության դիմաց գյուղացիների արտերում է աշխատում։  Ռոմիկը Երբ Ռոմիկն իր երեխաներից, թոռներից է խոսում, ու ես արձանագրում եմ՝ թոռատեր մարդ է, բայց լավ էլ ջահել, ասում է՝ «բա ջահել եմ, ես իմ տարիքի կամ ինձնից մեծ մարդկանց հետ չեմ շփվում, իմ շրջապատում ջահելներ են, ջահելը հեշտ ա հասկանում, տարեցի հետ մի քիչ բարդ ա»։ Ռոմիկը մի քանի անգամ ներս է հրավիրում, որ տիկնոջ հետ ծանոթացնի, թոռներին ներկայացնի, բայց խոսքով ենք ընկնում, դեռ էլի մնում այգում՝ խունացած մետաղե խողովակին նստած։ Զրուցակիցս ասում է՝ համեմատած այլ գյուղերի՝ Դեղձավանի մարդիկ շատ հյուրընկալ են, շատ բարի են, միմյանց հասնող։ Դեղձավանի բնակիչներից շատերը եկել են Վրաստանի Ծալկայի շրջանից։ Ռոմիկն ինքն էլ այդ շրջանի հայաբնակ Խաչգյուղից է։ Եկել է Հայաստան, աշխատել, հետո ամուսնացել ու հաստատվել այստեղ։ Մինչ կգնանք ներս ու իր տիկինը՝ Էլմիրան էլ կմիանա մեր զրույցին․ Ռոմիկն իր այգին է ցույց տալիս ինձ։ Նա ծառից քաղում է հասած, արեւագույն դեղձերը, հետո քայլելով գնում ենք դեպի տուն, որին կապող նեղ ու կարճ արահետի երկու կողմերում հետաքրքիր դրվագները քիչ չեն․ ամեն տեսակի ծառեր՝ նռենուց մինչեւ ձիթենի, մեծ տարայով տարատեսակ մրգեր, որ օղի դառնալու ճանապարհին են, վառարան, որտեղ հաց են թխում օրը մեջ։ Ընդ որում, ինչպես ասում է Ռոմիկը, գյուղում ով ուզում է՝ հանգիստ գալիս, իրենց տանը հաց է թխում։ Միայն ափսոս, որ իմ այստեղ գալուց քիչ առաջ այդ արարողությունն արդեն ավարտել են․ երբ Ռոմիկը վառարանի դուռը բացում է, տաք մետաղի ջերմությունը երեսիս է խփում։ Ի դեպ, Ռոմիկը գյուղի խոհարարն է․ ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ հիմնական ուտեստներն ինքն է սարքում։ «Էլմիրա՜»,- դռան մոտից ձայն է տալիս տիկնոջը ու մինչ արձագանք կստանա, ինձ պատմում է, որ դռան կողքին դրված ծաղիկները կինն է խնամում․ «Շատ ա սիրում։ Հլը էս ի՜նչ ա, կեսն էլ չորացավ, թե ջրից, թե ինչից»,- ասում է Ռոմիկը ու նորից կանչում՝ «Էլմիրա՜, բաբուլյա՜», հետո դիմում թոռներին, որ տատին կանչեն։  Բաց դռան վերին փեղկից կախված վարագույրը մի կողմ է տանում տիկին Էլմիրան․ «Աստծու բարին, աղջիկ ջան»,- ողջույնիս միանգամից պատասխանում է նա ու ասում՝ «արի տեսնենք՝ մեր քովն ի՞նչ կա»։ Էլմիրան էլ է Վրաստանից այստեղ տեղափոխվել․ «Ես անձամբ Վրաստան եմ ամուսնացել, բայց վերադարձել ենք ստեղ, աշխատում, ապրում ենք։ Տուն ու տեղ ենք դրել, ընտանիք ենք ստեղծել, չորս երեխա ունինք, ութ թոռնիկ, սպասում ենք իններորդի ծնվելուն։ Թոռներիցս յոթը տղա են։ Էդպես, աղջիկ ջան, աշխատեցինք, ստեղծեցինք, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր մարդ ու կնիկ յոլա գնացինք, մի օր կռվեցինք»,- ասում է տիկին Էլմիրան, ամուսինն էլ շարունակում՝ առանց վեճի ընտանիք չկա։ Բայց երկուսով էլ հաստատում են՝ ոչ մի օր մտքներով չի անցել լքել Հայաստանը․ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի աշխարհում, մնացած ամեն ինչն էլ մարդու համար է»,- ասում է Էլմիրան, որի որդիները ծառայել են հայկական բանակում։  Տիկին Էլմիրան՝ թոռան հետ Տիկին Էլմիրան գյուղի խնդիրներից ու առավելություններից շատ օբյեկտիվ է խոսում։ Ասում է՝ գյուղի դպրոցը հիմնական է, աշակերտներն իններորդից հետո գնում են հարեւան Պտղավան գյուղի դպրոց, բայց գյուղապետարանը տրանսպորտ է հատկացրել, գնալ-գալը հեշտացել է։ Ասում են՝ այստեղ՝ Դեղձավանում, բնակիչներն իրար թիկունքի կանգնած են, ուրախության առիթ լինի, թե տխրության։ Հիշում են՝ Ռոմիկի երկու եղբայրներն անցած տարի մահացան, իրենց ընտանիքը ոչ մի հարցով չզբաղվեց այդ տխրության ծանր օրերին․ «Բառիս բուն իմաստով ոչ մի բանի չենք խառնվել, մենք մենակ առեւտուր ենք արել, մեր հարեւաններն են մնացած հարցերը լուծել, ժողովրդին ընդունել, ճամփու դրել»։  Բացի մշակույթի տան բացակայությունից՝ դեղձավանցիներին մտահոգում է մանկապարտեզ չունենալու հարցը․ «Ես, օրինակ, թոռներ չունեմ մոտս, բայց կուզենայի՝ մանկապարտեզ լիներ, որ հարեւանի երեխեքը զբաղվելու, խաղալու տեղ ունենային»,- ասում է տիկին Էլմիրան, - «արեւի տակ, էս շոգին, կրակին մնում են դրսերը երեխեքը։ Երիտասարդներն էլ զբաղվելու բան չունեն, մի ժամանցի տեղ չկա»։ Խաղահրապարակ էլ չկա, ֆուտբոլի դաշտն էլ մի սովորական փոքրիկ դաշտ է, լրիվ սարքած չէ, անասուններին էլ ֆուտբոլրի դաշտից են հանդ տանում, ուրիշ տեղ չկա։ Իսկ ահա ճանապարհները, ասում է, բարեկարգ են, շատ լավ սարքած։ Տրանսպորտ էլ կա, երկուշաբթիից ուրբաթ 200 դրամով աշխատում է, մեքենան շրջում է Նոյեմբերյանի բնակավայրերով։ Կոմունալ խնդիրները մեծ մասամբ լուծված են, միայն թե կան որոշ թաղամասեր, որտեղ կոյուղագիծ չկա, ինչպես շատ այլ գյուղերում։ Տարիներ շարունակ դեղձավանցիները խմելու ջուրը գնել են տարաներով, հիմա այդ հարցը եւս լուծվել է։ Ռոմիկն էլ հավելում է՝ ոռոգման ջուր էլ կա, բայց խողովակներն են հին։  Մեր զրույցի ընթացքում Ռոմիկը գնում է «կովերը բաց թողնելու»։ Կովերն արոտում են, բայց այնտեղ անասուններին ջուր տալու հարմարություն չկա, դրա համար Ռոմիկն օրը երկու անգամ կովերին բերում է ջուր խմելու, նորից ուղարկում արոտ։ Ես նրա հետ դուրս եմ գալիս, գնում գյուղապետարան։ Դեղձավանի վարչական ղեկավարը՝ Յուրիկ Հովհաննեսյանը, հեռու չի ապրում աշխատավայրից։ Մինչ նա կգա, գյուղապետարանի զրուցարանում նստում եմ այնտեղ հավաքված երեխաների մոտ։ Սուրենը, Ռաֆայելը, Ժորան, երեքն էլ ֆուտբոլ խաղալ շատ են սիրում։ Ռաֆայելն ու Ժորան Սուրենն ու Ժորան ուզում են ֆուտբոլիստ դառնալ, Ռաֆայելը՝ ոստիկան։ Վստահեցնում են՝ դպրոցում լավ են սովորում, Սուրենն ասում է՝ շախմատի դասերին միշտ իրենց են կանչում գրատախտակի մոտ։ Մինչեւ հովը կընկնի ու ֆուտբոլի հավեսը կբացվի, նրանք բլոտ են խաղում։ Ես բլոտ խաղալ չգիտեմ, կուզեի՝ շախմատի տախտակ լիներ սեղանին, մի երկու քայլ էլ ես անեի, բայց այս անգամ նրանց թուղթ ու գրիչ եմ տալիս, որ իրենց խաղի հաշվարկն օդի մեջ չանեն։  Ֆուտբոլի դաշտը Վարչական ղեկավարը գալիս է, նա, ի դեպ, Ռաֆայելի հայրն է։ Զրույցի սկզբում Հովհաննեսյանն ասում է՝ Դեղձավանն աշխարհի կենտրոնն է։ Այդպես է այստեղ ապրող ամեն մեկի համար, ինչպես մյուս գյուղերում՝ տեղացիների։ Դեղձավանը հիմնվել է 1973-ին։ Վարչական ղեկավարն ասում է՝ կզարմանաք, բայց այստեղից արտագաղթողներ չկան։ Կարող է՝ մի քանիսը մեկնեն արտագնա աշխատանքի, բայց գյուղն, ամեն դեպքում, չեն լքում։  Հովհաննեսյանը կոյուղու խնդրի մասին, իհարկե, տեղյակ է, բայց դրա լուծումը մեծ փողերի հետ է կապված, բացի դրանից՝ տեղանքի ռելիեֆը տարբեր է, ճանապարհներն էլ ասֆալտապատված են, նախքան աշխատանքներ սկսելն ուսումնասիրություն պիտի անեն, հետո ասֆալտը քանդեն։ Համայնքապետարանում էլ են տեղյակ այս հարցից, բայց կարծես այս պահին միայն հուսալն է մնում, որ հարցը մի օր լուծում կստանա։  Մշակույթի տուն ժամանակին եղել է գյուղում, հետո զորամաս է դարձել, հետո, երբ գյուղից դուրս զորամաս է կառուցվել, այդ շենքը դարձել է «հացատուն», հիմա՝ տարբեր առիթների, հանդիսությունների սրահ։ Իսկ մանկապարտեզի նախագծա-նախահաշվային պլաններն արդեն արված են, մնում է Ճապոնիայի դեսպանատունը հաստատի ծրագիրը, ու կսկսեն կառուցման աշխատանքները, եթե ոչ այս տարի, ապա եկող։ Յուրիկ Հովհաննեսյանը Դեղձավանն, ինչպես ասացի, փոքր գյուղ է։ Այստեղ տնտեսությունների թիվը հարյուրի էլ չի հասնում, բնակիչներն էլ մոտ երեք հարյուրն են։ Հովհաննեսյանը շեշտում է՝ գյուղում դատարկ բնակարան չկա։ Ինքն էլ փորձում է առկա խնդիրները լուծել՝ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնելու համար։ Ապագայում մտադրված են խաղահրապարակ էլ կառուցել։ Գյուղում նաեւ նախակրթարան է գործում, որտեղ վեց երեխա է հաճախում, իսկ դպրոցում հիսունին մոտ աշակերտ կա։ Մի քանի առարկաների ուսուցիչներ կողքի գյուղերից են գալիս դասավանդելու, օրինակ՝ ռուսերեն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա։ Իսկ մեծերի զբաղմունքն էլ հիմնականում այգեգործությունն է, անասունները քիչ են, խոշոր եղջերավորները՝ ընդամենը 118-ը։  Քանի որ արդեն կովերին նորից արոտ են ուղարկել, սպասում են՝ հետ բերելուն, դուրս եմ գալիս գյուղամեջ՝ կարծելով՝ հաստատ մարդ-մուրդ կլինի։ Պատի տակ նստած են չորս գյուղացիներ, նրանցից մեկը Ռոմիկն է։ Կողքին Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին են։ Հարցուփորձ եմ անում, ասում են՝ «գրի, որ էս գյուղից ավելի լավ տեղ չկա, ամեն ինչ ունենք՝ դպրոցը կա, խանութները կան, վարսավիրանոց կա, փողոցային լուսավորություն ունենք, ի՞նչ ա պետք մարդուն, ամեն ինչ կա, մենակ մանկապարտեզի հարցն ա, երանի Հայաստանի բոլոր գյուղերն այ սենց լինեին»։ Ռոմիկը, Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին Լսել եմ, որ Դեղձավանում մի երիտասարդ կին կոմպոտների բիզնեսով է զբաղվում։ Առանց հարց ու փորձի եմ ուզում գտնել նրա տունը։ Մի քիչ քայլում եմ, ու Ռոմիկի տնից քիչ հեռու տեսնում մի տուն, որի տանիքին արեւային պանելներ կան։ Մտքովս անցնում է, որ ճիշտ եմ եկել։ «Էս Արուսանց տունն ա՞»,- հարցնում եմ բակում կանգնած աղջնակին։ Ասում է հա ու կանչում՝ «մա՜մ, քեզ են հարցնում»։ Արուսին պատմում եմ իմ մասին, մեր «մարzoom» նախագծի մասին, ու միասին գնում ենք նրանց փոքրիկ արտադրամաս։ Արուսը 2019 թվականին Արուս Ղազարյանը որոշում է բիզնես սկսել, ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ հենց այդ տարի էլ սկսում է։ Սկզբում վերանորոգում է հին ավտոտնակը, որն այժմ իրենց արտադրամասն է։ «Ի սկզբանե բիզնես ծրագիրը գրելիս նախատեսել էի օշարականեր պատրաստել, բայց հետո հասկացա, որ մաքուր օշարակաները կամ պիտի շատ թանկ վաճառեմ, կամ չեմ կարող այդքան հաճախորդ ունենալ թանկով, մարդիկ ավելի էժան օշարակներից են օգտվում»,- պատմում է Արուսն ու շարունակում,- «չընկճվեցի, ու արդեն 2020 թվին անմիջապես միտք եկավ, որ ես պետք ա կոմպոտ անեմ, համ գյուղին օգտակար կլինեմ, համ իմ բիզնեսը կանեմ։ Ես միշտ ասում եմ՝ մրգի առումով էս գյուղն աշխարհի կենտրոնն ա, որովհետեւ ամենահամով ու ամենահյութալի մրգերը մեզ մոտ են լինում»։  Այսպես, Արուսը հիմնում է «Հայք ֆուդ» ընկերությունը ու հիմա զբաղվում է կոմպոտների, մուրաբաների, պահածոների արտադրությաբ։ 2020թ․ համավարակի, պատերազմի ծանր շրջանում Արուսի բիզնեսը շարունակել է աշխատել։ Նա պատմում է, որ զինվորներին պատերազմի օրերին միշտ կոմպոտ ու մուրաբա են ուղարկել․ «Ամուսինս տանում, գյուղապետի հետ բաժանում էին կոմպոտները։ Որ ամեն շաբաթ Յուրան (գյուղապետը) պիտի տաներ պոստ, զանգում էր ինձ, ասում էի՝ ինչքան կոմպոտ ա պետք, ինքն ասում էր՝ էսքան շիշ, խնդիր չկա, դնում, ուղարկում էինք»։  Այդ տարվա ամբողջ արտադրանքն էլ վաճառել են միջնորդին, հաջողությամբ շարունակել աշխատել, սկսել է նոր սարքավորումներ ձեռք բերել։ Արուսը շատ ոգեւորված է իր աշխատանքով, դժվարություններից էլ չի վախենում․ «Էն մի փոքրիկ գումարն էլ, որ մեր տուն ա մտնում, արդեն տեղավորված ա, որովհետեւ ուզում ենք նենց բան ստեղծենք, որ համ արտադրական տարածքն իր հիգիենիկ վիճակով ոչ մի պրոբլեմ չունենա, համ մեր ապրանքը գրագետ տեսք ունենա, հաճախորդը գա, մտնի մեր արտադրամաս, ինքը դրանից լավ զգա»,- կոմպոտների շշերը դասավորելով՝ ասում է Արուսը։ Հետո ինձ հարցնում՝ ես որի՞ց եմ սիրում, ես էլ, դե, ինչ մեղքս թաքցնեմ, բալի կոմպոտ շատ եմ սիրում։ Եւ դուք միայն փորձեք, թե ինչ համով է Արուսի սարքած բալի կոմպոտը։ Արուսի արտադրամասում սարքավորումները նոր են, մեկը՝ պահածոների շշերն է փակում, մեկը եփում է, մեկը պիտակ է փակցնում։ Բայց պատրաստվում են ինքնակպչուն պիտակներ էլ ձեռք բերել, այդպես կհեշտանա աշխատանքը։ Դրան օգնում են նաեւ արեւային պանելները։ Արուսն ասում է՝ հենց մեծացնի արտադրամասը, պանելներն էլ կավելացնի։ Իսկ այս գյուղում արեւն այնքան մոտ է թվում, որ հյուրընկալս հաստատ էներգիայի պակաս չի ունենա։ Զրուցակցիս արտադրամասում գյուղի չորս-հինգ կանայք էլ են աշխատում․ «Ես իրենց ինձանից չեմ տարբերում, աշխատում ենք բոլորով, ես իրենցից մեկն եմ»,- վստահեցնում է Արուսը ու ասում։  Ի դեպ, Արուսի արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն հավելվածներով, ինչպիսին է, օրինակ, «Կորիզը»։ Դեղձավանում, ինչպես ասացի, նաեւ ձիթապտուղ է աճում։ Արուսն էլ առիթը բաց չի թողել եւ փորձել է նաեւ ձիթապտուղ փակել։ Ասում է՝ շատ հավանել են, հիմա էլ, երբ ձիթենին պտուղներ տա, նորից կպահածոյացնի։ Անցած անգամ ողջ արտադրանքը վաճառել է։  Արուսենց բակը, որտեղ ապագայում մեծ արտադրամասը կլինի Բայց այս բիզնեսում նաեւ դժվարություններն են շատ, գնորդները տարբեր մարդիկ են՝ տարբեր բարեխղճության, հետո պետք է շատ հաշվարկել, շատ աշխատել, գնած ապրանքը կարողանալ իրացնել։ Արուսին իր աշխատանքում ողջ ընտանիքն է աջակցում։ Ասում է՝ գյուղացիներն էլ ամեն տեղ իր արտադրանքը գովազդում են, գովում։ Զրուցակիցս նույն խանդավառությամբ պատրաստվում է տան բակում ավելի բարեկարգ արտադրամաս հիմնել, ավելի լավ պայմաններով, ընտիր սարքերով, մի խոսքով՝ իր ներուժն է դնում լավագույն որակ ստանալու համար։ Արուսն ինձ ճանապարհելիս հետս կոմպոտ է դնում։ Ես որոշում եմ Նոյեմբերյան հասնել ավտոստոպով, ու ինձ տեղ հասցրած վարորդին պատմում եմ այս գյուղի, այնտեղ ապրող ջերմ մարդկանց, Արուսի ու իր բիզնեսի մասին, կոմպոտն էլ նվիրում նրան, որ անունը հանկարծ չմոռանա։ Հայարփի Բաղդասարյան
13:47 - 19 հուլիսի, 2022
Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Հուլիսյան ալարկոտ մի կիրակի շարժվում եմ դեպի Բերդավան (հին անունը Ղալաչա, տեղացիների խոսքով՝ Ղլաչա)։ Այստեղ կյանքը կարծես ենթարկվում է արեւին․ մարդիկ առավոտյան մտնում են այգիներ, կեսօրին, երբ արեւը զենիթում է, թաքնվում տներում, ու այդ ժամերին միայն բերդն է դիմանում շոգին՝ միշտ կանգուն, միշտ ձիգ։ Իսկ երեկոյան մարդիկ հերթով դուրս են գալիս տներից, նստում հովին, նայում անցող-դարձողին, զրուցում կամ լռում իրար հետ։  Դեպի Ղալինջաքար ամրոց տանող ճամփան Բերդավանում շրջելը սկսում եմ հենց Ղալինջաքար ամրոցից՝ որպես ծիսակարգ, որպես այստեղ այցերի անդավաճան արարողություն։ Սահմանին շատ մոտ այս ամրոցի գլխին հայկական դրոշն է ծածանվում։ Որոշ հիշատակումներում Ղալինջաքար ամրոցը թվագրվում է 12-րդ դարին, բայց որոշ աղբյուրներ էլ նշում են 17-րդ դար։ Մինչեւ կիջնեմ գյուղ ու կպատմեմ բերդավանցիների մասին, գրեմ, որ բերդի տարածքում պահպանվել են տարբեր գերեզմանաքարեր ու խաչքարեր, որոնց թվում թեեւրը բաց կանգնած է նաեւ մի խաչքար։ Որքանով հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու՝ թեւավոր քարակերտ խաչքարերը հիմնականում տարածում են ունեցել 5-7-րդ դարերում, դրանցից քչերն են պահպանվել։ Թեւավոր խաչքար Ուրեմն, ժամանակին հին գյուղատեղին ամրոցին ավելի մոտ է եղել, բայց հետո մարդիկ իրենց տները տեղափոխել են քիչ հեռու, այնտեղ, որտեղ գյուղը հիմա է՝ ավելի հարմար դիրքով ու պայմաններով։ Գյուղը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, շատ հողեր հակառակորդի ուղիղ դիտակետում են, եւ արոտներ, եւ այգիներ։ Բերդավանում հիմա 730 փաստացի տնտեսություն կա, մոտ 3000 բնակիչ։ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Անահիտ Աբրահամյանն ինձ մի քանի տվյալներ էլ է հայտնում, օրինակ՝ 1100 խոշոր եղջերավոր անասուն են պահում գյուղացիները, 700 գլուխ էլ՝ մանր։ Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, պտղատու այգիներ մշակում։ Բերդավանը Գյուղամիջի տներից մեկում աշխատանքային ակտիվ շարժ է։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցչուհու՝ տիկին Օֆելյայենց տունն է։ Նրանց այգիների մի մասն էլ է դիտարկվում, այնտեղից բերք հավաքելը ռիսկային է։ 77-ամյա Օֆելյա Գիշյանն ինձ պատմում է, որ մի օր որդին տուն է եկել ոտքից գլուխ ցեխ․ խաղողը պառկած էին քաղել․ «Ասի՝ բրախեցեք․․․ Դե՜, ժամանակին զոհեր էլ են եղել»,- ասում է տիկին Օֆելյան՝ հիշելով անցած տարիները, երբ նույնիսկ այգիներում հակառակորդի կրակոցներից զոհեր էին լինում։  Տիկին Օֆելյան Տիկին Օֆելյայից հետաքրքրվում եմ՝ լա՞վ գյուղ է, արժե՞ գալ այստեղ ապրել։ Նա, իհարկե, չգովել չի կարող, բայց զգացվում է, որ ամեն բառն անկեղծ է՝ ձեռքով կրծքավանդակից բառեր է հանում․ «Ազնիվ մարդիկ են էստեղ, աշխատասեր։ Դե, գյուղ չի լինում, որ, ասում ա, շուն չունենա, բայց լավ մարդիկ են, մշակութային մարդիկ են»,- ասում է հյուրընկալս՝ շեշտելով, որ ցանկացած բերդավանցու նպատակն իր երեխային որակյալ կրթության հնարավորություն տալն է․ «Կրթությունն էս ժողովրդի համար առաջնային ա։ Տհենց երեխա չկա, որ փող տա ավարտելու համա»։  Գալ հասնել Բերդավան եւ տեղացիներին Կողբի հետ իրենց բարդ հարաբերություններից չհարցնել չեմ կարող։ Տիկին Օֆելյան ծիծաղում է ու հիշում, որ երբ ուսանող էին, գնում-գալիս էին քաղաք, այնտեղ թե մեկին նեղող լիներ, մյուսն անպայման թեւութիկունք էր լինում, կողբացին՝ բերդավանցուն, բերդավանցին՝ կողբացուն։ Բայց թե հարցն այս երկուսի մեջ է, իրար օգնել չկա․ «Տհենց բան չկար, որ չվիճեին, դա հնարավոր չի, որ Բերդավանն ու Կողբը իրար հետ չվիճեն, տհենց ա։ Թե դա որդեղից ա եկել, չգիտեմ, ես երեխա եմ եղել, էդ եղել ա, հմի էլ կա ու կա»։ Իսկ տիկին Օֆելյայի հարսը՝ Արեւը, հավելում է, որ համ էլ լավ բարեկամություն են անում, հենց այսօր էլ Բերդավանից Կողբ հարս են ճամփել։  Տիկին Օֆելյան մի պահ հայացքը ծաղիկներին է գցում ու մտքերով ընկնում” թոռանը բանակ են ճանապարհել, ինքը շատ է կարոտում, անհամբեր զանգին է սպասում։ Հյուրընկալներիս համբերությունը չեմ չարաշահում ու նրանց հրաժեշտ եմ տալիս՝ այլ որոնումներով գնալու մտքով։ Մի խանութ եմ մտնում՝ ջուր առնելու, որովհետեւ ծորակի ջրերն այս շոգին տաք են լինում։ Աշխատող տիկնոջն ասում եմ՝ «որտեղի՞ց ա գալիս էս կողմի ջուրը, մի տեսակ ուրիշ համ ունի, Ստեփանավանից ա՞»։ Կինն ասում է, թե Ստեփանավանի ջուրը պիտի որ լավ էլ համով լինի, ու հոնքերը մի տեսակ կիտելով՝ հավելում, թե՝ «էդ վատ համով ջուրն աչքիս Կողբից ա գալիս»։ Ծիծաղս զսպել չեմ կարող, նա էլ ինձ հետ է ծիծաղում։  Բերդավանցի պապիկները Գյուղամիջի զրուցարանում հավաքված պապիկների հետ մի քիչ զրուցելուց հետո էլ գնում եմ այն ճանապարհով, որի վերջում բացվում է փարթամ անտառով ծածկված Գոնչուտը։ Գոնչուտը 93-ամյա Սոնյա տատի «կուշտն եմ եկել»։ Նրա այգում խնամված, արդեն ճութ տված խաղողն է հով անում, տատն էլ բակում կատուներին կեր է տալիս, զբոսնում, ներս գնում։ Սոնյա տատը կարդալ շատ է սիրում։ Նրա սենյակում պատուհանագոգին տարբեր գրքեր են դրված ու օրացույց, որի էջերն ամեն օր պոկում է տատը։ Գիրքը, որ հիմա կարդում է Սոնյան Նա մտահոգվում է, որ այս տարվա օրացույցում սխալ կա։ Սոնյա տատը ցույց է տալիս, որ էջերի վրա գրված է «ցերեկվա տեւողությունը»․ «Արդյո՞ք ճիշտ ա օրվա տեւողությունը, օրը 24 ժամ ա, չէ՞, իսկ ստեղ օրվայա գրված, բայց ցերեկվա մասին ա»,- ասում է նա։  Տատը հիշում է՝ եկող շաբաթ Բերդավանում վարդավառ են նշում՝ Ջանգյուլում։ Պատմում է՝ ոնց էին ժամանակին խաղում, ասում է՝ հարս են ընտրում, ու հարսը մինչեւ եկող առավոտ պետք է չխոսի, եթե խոսեց, «գյուլումը» վատ է գնում։ Հարցնում եմ՝ դու խաղացել ե՞ս ջահել վախտդ, երազկոտ, երկարացնելով ասում է՝ «շա՜տ-շա՜տ-շա՜տ-շա՜տ», բայց հարս չի եղել՝ «անխոս կարեցել չեմ կենամ»։ Հետո տատը հնձանն է ցույց տալիս, որտեղ խաղողից գինի են ստանում։ Այս հնձանը նաեւ ապաստարան է ծառայում․ կրակոցների ժամանակ այդտեղ են պատսպարվում։ Սոնյա տատը Սոնյայի հետ զբոսնում ենք, խոսքի մեջ ասում է, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում․ ո՞նց է, որ ռուսները շաբաթը понедельник-ից են հաշվում, իսկ մենք՝ երկուշաբթիից։ Ասում եմ՝ դե նույնը չի՞, понедельник-երկուշաբթի․ «Ո՞նց ա երկուշաբթի, էդ вторник-ն ա»։ Տատին խոստանում եմ, որ հենց իմանամ հարցի պատասխանը, իրեն էլ կասեմ։  Իմ զբոսանքի ընթացքում մի տուն տանող արանքում տեսնում եմ խոտի տուկերի մոտ նստած տղամարդկանց։ Նրանք Չարդախլուից՝ Զորական գյուղից են եկել, խոտ են բերել այստեղ, սպասում են՝ տան տերը գա։ Մի քիչ զրուցում ենք դեսից-դենից, գյուղից, կյանքից, ու նրանք թողնում եմ հանգիստ՝ հովն ու պաղպաղակը վայելեն։ Իսկ Չարդախլուից մեր պատմությունը կարող եք կարդալ այստեղ։ Զորականցի Մաքսը, Հովհաննեսը, գլխահակ նստած Անդրանիկը՝ Սպիտակից, եւ զորականցի Ալբերտը Քիչ հեռու տներից մեկի բացում խաղ անող երեխաների ձայներ են լսվում։ Դարպասի մոտից աղջնակը տեսնում է ինձ ու ներս կանչում։ Տասնամյա Մանեն է, մայրիկին էլ ձայն է տալիս, ինձ տուն են հրավիրում։ Մի բաժակ սուրճի շուրջ շատ խոսակցություններ են լինում ամենատարբեր թեմաներից։ Բայց ինձ անչափ գրավում է երեխաների հավես չարաճճիությունը։ Մանեն Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ունի, ասում է՝ քույր կամ եղբայր է ուզում ու առողջանալ։ Աղջնակը հոդերի խնդիրներ ունի, շատ ցավեր է հաղթահարել, հիմա ավելի լավ է ու խոստանում է՝ արագ կլավանա մինչեւ վերջ։ Նա ուզում է մատնահարդար դառնալ, իր եղունգներն էլ հենց ինքն է ներկել։ Համ էլ լավ նկարում է ու ոգեւորված ինձ ցույց է տալիս իր նկարները։ Իսկ իր զարմիկը՝ յոթամյա Արմենը, որ ցնցող դիմախաղ ունի, ուզում է օդաչու դառնալ։ Ո՞նց է այդ միտքը ծագել, հարցնում եմ, պատասխանում է, որ իր փոքրիկ եղբայրը՝ արդեն մեկ տարեկան Լեոն, ատամհատիկին քաշել է օդաչու գրությամբ թղթիկը, ինքն էլ որոշել է՝ երկուսով կթռչեն։ Տղաներն ընտանիքի հետ Ռուսաստանում են ապրում, ամռան ամիսներին գալիս են գյուղ։  Լեոն եւ Արմենը Մանեն սիրում է իր գյուղը, ինքը գնալ չի ուզում։ Նրա մայրը՝ Սաթինեն էլ, ասում է Բերդավանն իրեն շատ հոգեհարազատ է։ Ամուսինն էլ զինծառայող է, նաեւ այդ հանգամանքի բերումով իրենց մտքով անգամ չի անցնում գյուղից հեռանալը։ Աշխատում են, ապրում, ապագայի պլաններ ունեն, վերանորոգել տունը, շենացնել, մի խոսքով՝ սիրելով ապրելով։ Բերդավանից գնալիս մեկ էլ մսագործ Արայիկի խանութ եմ գնում։ Նա քչախոս մարդ է, լուռ իր գործն է անում։ Առեւտրից չի բողոքում, ասում է՝ նորմալ է։ Մսի սառնարանի ապակու վրա թղթով կպցրած է՝ «նիսյա չկա»։ Հարցնում եմ՝ բայց չեք տալի՞ս «նիսյա»։ Ժպտում է, թե՝ «տալիս եմ, որ ուզում են, ո՞նց չտաս»։ Արայիկը՝ խանութում Մաքուր, կոկիկ խանութ է, առաջին հայացքից չես էլ հասկանա՝ միս են ծախում։ Միսն էլ մաքուր, կոկիկ շարված ամանների մեջ, իսկը՝ բուսակերների դժոխք ու մսակերների դրախտ՝ ինքս ինձ ասում եմ, երբ Արայիկը սուր դանակով կտրում է պատառը, ավելորդ, բայց երեւի թե համեղ մասերն էլ տալիս իր շանը՝ Գեցոյին։  Արայիկը Իսկ ինձ գյուղից դուրս է ուղեկցում թաղերով հեծանիվ քշող 11-ամյա Հենրին։ Ասում է՝ «ուղիղ գնա ասֆալտ, դուրս ես գալու Նոյեմբերյան գնացող  ճամփա»։ Մինչ ես կհասնեմ «ասֆալտին»՝ գլխավոր ճանապարհին, Հենրիին հարցուփորձ եմ անում։ Նա արդեն վեցերորդ դասարան է փոխադրվել, ամենից շատ ֆիզկուլտուրան է սիրում եւ ուզում է զինվորական ու փրկարար դառնալ։ Ինչո՞ւ, հարցնում եմ․ «Որ մեր հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հենրին, որ ամռան արեւից մգացած համաչափ դեմք ու լուրջ աչքեր ունի։ Հենրին Հենրին երեւի այնքան է սիրում իր գյուղը, որ հենց ինձ հասցնում է «ասֆալտի» պռնկին, անմիջապես հետ է դառնում․ «Դե հաջող»,- հեռվից ձայնում է,- «զգույշ կլնես»։ Հաջող եմ անում Հենրիին, բայց մտքով, որ հուլիսի 23-24-ին էլի այստեղ եմ լինելու, որովհետեւ Բերդավանն այդ օրերին մեծ փառատոն է անցկացնելու, Սոնյա տատի հիշատակած «ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ»-ը։ Փառատոնին, ուրեմն, հագեցած հանգիստ է կազմակերպվելու բնության գրկում՝ վրանային գիշերակացով, լինելու է առողջ նախաճաշի, անուշեղենների ու տոնական խորովածի հյուրասիրություն, իսկ ժամանցային-խաղային հագեցած ծրագրերը՝ անպակաս։ Ինձ ամենից շատ դուր է գալիս այն գաղափարը, որ տեղի է ունենալու նաեւ քայլարշավ՝ դեպի անտառի խորքում կառուցված միջնադարյան եկեղեցի՝ Մշկավանք, հետո արդեն մեծ խարույկ՝ կիթառային երգերի ուղեկցությամբ ու, իհարկե, Վարդավառյան ջրոցի եւ ավանդական Ջանգյուլում խաղ։ Տեղացիներն ինձ պատմում են, որ նաեւ ձիարշավ է լինելու, իսկ փառատոնին ներկա է լինելու «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Մնում է միայն գրանցվել մասնակցելու համար՝ անցնելով այս հղմամբ։ Փառատոնից գոյացած գումարով Բերդավանի միջնակարգ դպրոցի միջանցքներն են վերանորոգվում, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Հայարփի Բաղդասարյան
22:25 - 18 հուլիսի, 2022
Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

«Անտառնի՜ն»,- ամեն կողբացի այսպես ձգելով պատասխանում է այն հարցին, թե ինչն է ամենից լավը իրենց բնակավայրում։ Անտառներից հետո, իհարկե, թվարկումը երկար է ձգվում․ «Մեր հողը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, մեր մարդիկ․․․»,- ասում են ինձ պատահած անցորդները, որոնք, պարզվում է, մեկը մյուսից ինքնամփոփ են ու այնքան էլ նկարվել չեն սիրում։ Պատրաստ են օգնել ինչով կարող են, բայց հրապարակային խոսելն իրենց սրտով չէ։ Կողբ այցիս առաջին ժամերին մտածում եմ՝ դեռ կոթեցիներին են ասում բարդ հասարակություն, աչքիս՝ Կողբում չեն եղել։ Բայց, ինչպես այս կյանքում շատ այլ բաներ, այնպես էլ տարածաշրջանում ապրողների բնավորությունները միանշանակ ու նույնատիպ չեն, մարդիկ տարբեր են՝ ինչքան էլ տարիներով իրար հետ ապրելով բնավորության նմանություններ ունենան։  Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է։ Եւ թեեւ ես նախկինում այս գյուղում չեմ եղել, բայց ինչ-որ արտասովոր աշխուժություն եմ զգում գյուղամիջում, որին գյուղամեջ ասելն այնքան էլ չի ստացվում, այլ ավելի նման է փոքրիկ քաղաքային հրապարակի։ Բնակավայրի կենտրոնական փողոցում նստարանին նստած է Մարտուն պապը։ Հարցնում եմ՝ մի՞շտ է գյուղն այսքան ակտիվ շարժի մեջ, պապն ասում է՝ սա կապված է վաղվա միջոցառման հետ, վաղը Կողբում մեծ վարդավառ են նշում։ Բայց Կողբում վարդավառը, պարզվում է, միայն վաղը չեն նշում, մի անգամ էլ հուլիսի 24-ին են տոնելու, բայց արդեն ամեն մեկն իր ընտանիքի հետ, ոչ թե այսպես՝ ամբողջ գյուղով ու հյուրերով։ Մարտուն պապն ասում է՝ վաղը տարբեր միջոցառումներ են լինելու, համերգ, եւ այլն․ «Ի՞նչ թվարկեմ, քյանդրբազ էլ ա լինելու, քյանդրբազը գիտե՞ս որն ա»,- հարցնում է ինձ, ճշտում եմ՝ կարող է՞ լարախաղացն է, ու ճիշտ էլ գուշակում եմ։  Մարտուն պապին հարցնում եմ՝ Կողբը լա՞վ տեղ է, ապրելո՞ւ տեղ է, նա միանշանակ այո է պատասխանում․ «Բա իհարկե լավ տեղ ա, իրա ապրելաձեւով, դրվածքով, կողբացիք շատ խելացի մարդիկ են։ Ի՞նչ ա նշանակում Կ․Ո․Ղ․Բ․»,- հարցնում է ինձ, իսկ ես զարմանում եմ, որովհետեւ առաջին անգամ եմ լսում, որ Կողբ անունը հապավում է։ Պապը դասատուի հայացքով բացատրում է․ «Ուրեմն՝ կադրեր, որոնք ղեկավարում են բոլորին»։ 1941-45թթ․ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Ծիծաղելով հաջողություն եմ մաղթում պապին ու գնում դեպի փողոցի մյուս ծայրը, որտեղ տաքսի ծառայություն է։ Տիկնայք, որոնք այստեղ աշխատում են, շատ համեստն են ու նրանցից եւս մի կադր պոկել չի հաջողվում, բայց զրույցներից որոշ հատվածներ գրի կառնեմ այստեղ։  Տիկնայք սիրում են իրենց գյուղը, դժգոհ չեն, միայն թե մտահոգություններ կան, որ ոչ բոլոր թաղամասերում կա ոռոգման ջուր, կոյուղու ցանց։ Ջրատարեր կան, որոնք կոյուղաջրերը դուրս են հանում ու լցնում Կողբաչայ կոչվող գետը, որը ամռան ամիսներին գրեթե ցամաքում է։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցներս չեն մոռանում շեշտել, որ կողբացիք խելացի, աշխատասեր մարդիկ են։ Ես, իհարկե, առիթը բաց չեմ թողնում հարցնել Կողբ-Բերդավան «հակամարտության» մասին։ Տիկնայք ծիծաղում են, ասում՝ դա արդեն լրիվ հումորի դաշտում է, ու երբ պետք լինի՝ կողբացին բերդավանցու կողքին կկանգնի, ու հակառակը։ Բայց այդ դեպքերը, ինչպես ես հասկացա, լրջագույն դեպքեր պիտի լինեն, ինչպես, օրինակ, եթե նոյեմբերյանցին փորձի նեղը գցել նրանցից որեւէ մեկին, մյուսն անպայման թիկունքին կկանգնի։ Համ էլ հիմա շատ-շատ բերդավանցիներ ու կողբացիներ են իրար խնամություն անում, ու թշնամանքի մասին խոսելն ուղղակի աբսուրդ կհնչի։ Ես էլ այս «կոնֆլիկտը չսրելու» համար իմ նյութերում ձեզ չեմ պատմի այն հումորները, որ իրար մասին հորինել են մեր հայրենակից հարեւանները։ Զանգ է գալիս տաքսի ծառայության հեռախոսին․ «- Տաքսի ծառայություն։ - ․․․։ - Հա։ - ․․․։ - Գալիս ա։ - ․․․։ - Սերվիսը։ - ․․․։ - Ո՞ւր տի գալ (ծիծաղում է), կարող ա՞ Լոնդոն։ - ․․․։ - Քեզ ո՞ւր ա պետք, Ղլաչե՞ն (Բերդավանը), թե՞ ձեր տուն։ - ․․․։ - Կացի լա տենամ ո՞վ գիդե Աղունանց տան տեղը։ Հա, Սաշիկն եկավ, նա կգիդենա»,- այսպես պատվիրատուի հետ խոսակցությունն ավարտում է ծառայության աշխատակիցն ու վարորդ Սաշիկին ուղարկում ճշտած ուղղությամբ պատվերը կատարելու։ Իսկ ես շարունակում եմ քայլել գյուղի փողոցներով, որոնցով անընդհատ մեքենաներ են գնում-գալիս։ Բայց պատահում են նաեւ երիտասարդներ, որոնք զբոսնում են։ Ինձ ընդառաջ են գալիս երկու ընկերուհիներ՝ Թամարան ու Աշան, որոնք տուն են գնում Կողբի մշակույթի տնից, որտեղ պատրաստվում էին վաղվա միջոցառումներին։ ։ Թամարան եւ Աշան Թամարա Գալստյանը 11-րդ դասարան է փոխադրվել։ Նա ուզում է լեզուների մասնագետ դառնալ, այս պահին ամենից շատ անգլերենն է սիրում, հետո պատրաստվում է եւս մեկ լեզու սովորել։ Իսկ Աշա Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում։ Սկզբում նա ուզել է լուսանկարիչ դառնալ, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է հագուստի մոդելավորող դառնալ։  Ճամփեզրին մի տղամարդ միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Վարուժն է, նա քչախոս մարդ է։ Ասում է առեւտուրը վատ չէ, միայն եթե «նիսյա» չլիներ, ավելի լավ կլիներ։ Սակավախոս զրուցակիցս կարճ ու կոնկրետ ասում է՝ Կողբը լավ տեղ է, մարդն իր գյուղը ո՞նց չի սիրի։ Վարուժը Իսկ նրանից քիչ հեռու խելոք նստած են իր թոռնիկները՝ ութամյա Մարին, որն ուզում է բժշկուհի դառնալ, որ իր մյուս պապիկին բուժի, եւ երկուամյա Լյուսին, որը նոր-նոր պատրաստվում է մանկապարտեզ գնալ։ Ինչ հարց տաս՝ ասում է «հա», պապն էլ կողքից կատակում է՝ ինչ ուզես իմանալ, երեխեքից կիմանաս։ Մարին եւ Լյուսին Բայց քանի որ երեխեքը հիմա դժվար թե գյուղի նիստ ու կացից շատ պատմեն, ես շարունակում եմ իմ զբոսանքը։ Գյուղամեջից մի քիչ այն կողմ եռուզեռ համարյա թե չկա։ Բակերում ոչ մեկը չի երեւում, ես էլ սկսում եմ նկարել շուրջս, ու մի մեքենա է գալիս-կանգնում իմ կողքի դարպասի մոտ։ Մի քանի վայրկյան ինչ-որ բան են խոսում վարորդն ու կողքին նստած կինը ու բացում դուռը։ «Բարեւ ձեզ»,- ասում եմ,- «չե՞մ խանգարի, եթե մի քիչ ժամանակ խլեմ ձեզնից»։ Միաձայն ասում են՝ «չէ, աղջիկ ջեն, ի՞նչ խանգարել, արի ներս գնանք»։ Ամուսիններ են՝ տիկին Օֆիկն ու պարոն Ալբերտը։ Արդեն 45 տարի է՝ միասին են։ Նրանց գործողությունները համաչափ են, սինխրոն։ Տիկին Օֆիկն ինձ առաջարկում է զբոսնել իրենց այգում, մինչեւ արագ վերջացնեն գործերը, գան զրուցենք։ Բայց ես մի ընթացք չեմ կտրվում նրանց շարժումներից, որ լրացնում են մեկը մյուսին։ Առանց իրար որեւէ բառ ասելու՝ մեկը մի գործ է անում, մյուսը՝ ուրիշ․ տոպրակով հացը բերում է կինը, ձմերուկները ձեռքերին՝ ամուսինը, լիմոնադը, մրգոտ մի ճյուղ։ Պարոն Ալբերտը Բերում դասավորում են, ու տիկին Օֆիկը ձայնում է պատշգամբից՝ տեսա՞ր՝ ինչ մրգեր ունենք։ Գլուխս բարձրացնում եմ, տեսնեմ՝ բանանի ծառ, մյուս կողմս՝ կիվի։ Ամուսինները երկար են մշակել այս այգին, տուն ու տեղ են դրել։ Նոր էլ իրենց մեղուների մոտից են գալիս․ 23-24 փեթակ ունեն։ Տիկին Օֆիկն իր սկեսրոջից է սովորել մեղու պահելը։ Նա ձմերուկ է կտրատում, գալիս նստում զրուցարանում․ «Կողբը շատ լավ տեղ ա, տեսարժան վայրերը՝ շատ, բնությունը՝ լավը, լիքը աղբյուրներով, ման գալու տեղեր։ Սրբասար ունինք՝ մի արտակարգ տեղ ա»,- հավեսով գովում է տիկին Օֆիկը։ Ասում է՝ աշխատանք լինի, ամեն ինչ էլ լավ կլինի․ «Ով աշխատում ա, նա գտնում ա, աշխատողը երբեք չի սովում»։ Այս ընթացքում պարոն Ալբերտը լիմոնադ է բերում։ Նա գալիս է խոսակցության այն պահին, երբ ես էլի Բերդավան-Կողբ թեման եմ բացել։ Տիկին Օֆիկը շեշտում է՝ Կողբում հարսին շատ են տեղ տալիս։ «Հա՞»,- զարմացած հարցնում եմ, ու պարոն Ալբերտը միանգամից դիմում է տիկնոջը, թե՝ «դու որ հմի չասես՝ հա, չի՞ տեսնում՝ ոնց ես դու նստած զրից անում, ես էլ սեղան եմ դնում»։ Ծիծաղում են ամուսինները ու ուրախանում նաեւ, որ ես լա՜վ տեղյակ եմ հարեւան բնակավայրերի կատակներից։  Բայց խոսում ենք նաեւ Կողբի խնդիրներից։ Կոյուղու ցանց չլինելու մասին եմ հարցնում։ Հյուրընկալներս ասում են՝ նման խնդիր կա, բայց որոշ թաղամասերում հարցը լուծված է։ Սա, իհարկե, դժվարացնում է կյանքը, բայց հույս ունեն՝ ամեն տեղ կլուծվի խնդիրը։ Ոռոգման ջրից նրանք դժգոհություն չունեն․ իրենց այգին ոռոգում են Բերթաղ սարի տակից եկող աղբյուրի ջրով․ այգում հոր ունեն, ջուրը այդ հորում է հավաքվում։ Սառնորակ ու համեղ ջուր է։ Մեզ է միանում տիկին Օֆիկի հարեւանուհին՝ Վալյան։ Ասում են՝ ամեն օր անպայման միասին մի բաժակ սուրճ պիտի խմեն։ Վալյան էլ բուժքույր է աշխատում, ինքն է տնտեսությամբ զբաղվող Օֆիկին պատմում դրսի անցուդարձը։  Տիկին Օֆիկը, պարոն Ալբերտն ու տիկին Վալյան Հետո Վալյան առաջարկում է մի հատ էլ իրենց տունը նկարեմ, պարզվում է՝ ես այն անցնելիս արդեն նկարել եմ։ Օֆիկին էլ ասում է՝ գնա, տեսնի՝ ոնց են սարքում իրենց բակը ինքն ու ամուսինը՝ Սարիբեկը։  Օֆիկն ինքնըստինքյան բռնում է Վալյայի ձեռքը ու նրանք միասին քայլում են կողքի տուն։ Ալբերտն էլ իրենց դարպասի մոտից ինձ հաջող է անում։ Հայարփի Բաղդասարյան
00:51 - 16 հուլիսի, 2022
Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]

Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]

«Վաղը գիտես չէ՞, որ հրավիրված ես մեր «բիսետկա» սուրճխմության»,- ասում է ինձ Վերան, երբ ասում եմ, որ այցելելու եմ իրենց գյուղ՝ Բաղանիս: Ընկերուհիներ Վերան ու Նոննան համաձայնել են ցույց տալ իրենց գյուղը: Այն Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, այս ճանապարհի վրա է նաև Վերայենց տունը: Դարպասներից այն կողմ «բիսետկան» է, իսկ դրա շուրջը՝ փայտից պատրաստած բազմաթիվ դեկորատիվ պարագաներ, աջ անկյունում «երգում է» փոքրիկ ձեռակերտ ջրվեժը: Այդ ամենը Վերայի հայրիկի՝ Արկադի Սահակյանի ձեռքի աշխատանքներն են: Նա պատմում է, որ COVID 19 համավարակի ժամանակ, երբ տնից դուրս գալու սահմանափակումներ կային, սկսել է զբաղվել փայտագործությամբ և իրենց բակը դարձրել յուրահատուկ հանգստի գոտի: Արկադի Սահակյանը «Ի՞նչ կասեք Բաղանիսի մասին»,- հարցնում եմ նրան: «Կարևորը կրակոցների, կռվի վախտը փախչող չի էլել»,- ասում է Արկադին: Բաղանիսը հայ-ադրբեջանական սահմանին է, գրեթե բոլոր կողմերից երևում են հակառակորդի դիրքերը, իսկ նրանց կողմից կրակոցներն այստեղ հաճախակի են լինում: Գյուղի եկեղեցին Տեղացիները Բաղանիս բառը ստուգաբանում են 2 ձևով, ասում են՝ կապված է կամ  բաղնիք կամ բաղ՝ այգի բառերի հետ: Հին բաղնիքի մասին տեղեկություններ չկան, սակայն հիմա էլ կանաչ բաղերը՝ տնամերձ այգիները, շատ են: Պարզապես տեղացիները միայն սեփական օգտագործման համար են մշակում իրենց հողերը: Բաղանիսի բնակչությունը պաշտոնապես 716 է, սակայն տների մի մասն այլևս դատարկ է: Բաղանիսի դպրոցում անցած տարի սովորել է 97 աշակերտ, որից 11-ն ավարտել են: «Բայց էս տարի առաջին դասարան չենք ունենալու»,- դպրոցի մասին պատմելիս ասում են Նոննան ու Վերան,- «ու մյուս տարի էլ չենք ունենալու»: Տեղացիները նման դեպք չեն հիշում, որ գյուղում գոնե մեկ առաջին դասարանցի չլիներ: Վերան ու Նոննան Այդ ընթացքում մեր զրույցին է միանում Նարեկ Սահակյանը, որը նախքան վերջին ՏԻՄ ընտրությունները 9.5 տարի եղել է Բաղանիսի գյուղապետը: «Ոչ քաղաքական, բայց անհանգստացնող թեմաներից խոսենք»,- սկսում է նա: - «Այսօր, իմ կարծիքով, ամենախնդրահարույցը դեմոգրաֆիական խնդիրն է, ծնելիությունը ամենահրատապ ու ցավոտ հարցն է: Սա զուտ պետության խնդիրն է՝ երիտասարդ ընտանիքներին գյուղում պահեն»: Նարեկ Սահակյանը Նա վստահ է, որ հատկապես սահմանամերձ համայնքների համար պետությունը պետք է լուրջ ծրագիր և ռազմավարություն մշակի: «Իսկ Բաղանիսը Ձեզ համար ինչո՞վ է տարբերվում տարածաշրջանի մնացած գյուղերից»,- հարցնում եմ Նարեկին: «Իմ գյուղն ա»,- միանգամից պատասխանում է նա,- «էստեղ ապրելը լավն ա, կեցության պայմանները մի քիչ բարելավեն՝ լավ ա, աշխատատեղ պետք ա լինի»: Նրա կարծիքով՝ Բաղանիսի միջպետական ճանապարհի վրա գտնվելու փաստը շատ կարևոր է, բայց տեղացիները դրանից ճիշտ չեն օգտվում. ի տարբերություն այլ համայնքների՝ մարդիկ այստեղ ամաչում են իրենց այգու բարիքները վաճառեն, փողոցում դնեն, հաճախ ամենը ուղղակի անվճար տալիս են: Մյուս կողմից՝ շատերն են խուսափում սեփական գործը նախաձեռնել՝ վախենալով, որ այն գյուղում չի աշխատի: Այդպես և Նոննան ու Վերան: Արդեն ամիսներ շարունակ մտածում են սկսել իրենց բիզնեսը՝ տեղական խոտաբույսերը բրենդավորել և վաճառել: Ուսումնասիրել են շուկան, ծանոթ են տեղի խոտաբույսերին, աշխատել են բրենդավորման վրա, բայց այդպես էլ դեռ չեն սկսել: «Մենք կիվի էլ ունենք»,- ասում է Նոննան,- «տնկելուց 4 տարի հետո առաջին պտուղն ա տվել»: «Ճի՜շտ ա»,- բացահայտում արած զարմանքով ասում է նա,- «կարելի ա թեյերի հետ վճառել»: «Մնում ա՝ լավ բրենդավորեք ու հաստատ ձեր հաճախորդին կգտնեք»,- առաջարկում եմ ես,- «Բաղանիսի կիվի: Պատկերացնո՞ւմ եք»: «Իսկ ինչպիսի՞ն է տուրիստական պոտենցիալն այստեղ», - հարցնում եմ Նարեկին: Զրուցակիցս կարծում է՝ դաշտը բաց է, ինչ ուզես՝ կանես։ «Բիստեկա» սրճախմությունից հետո աղջիկների հետ շարունակում ենք շրջել Բաղանիսով: Նոննան ու Վերան արդեն 12-րդ դասարան են փոխադրվել: Ամռանը բավականին զբաղված են. շարունակում են իրենց անհատական դասերը ընդունելության քննության համար, միաժամանակ ակտիվ մասնակցում են համայնքի բոլոր ծրագրերին ու միջոցառումներին: Վերան ցանկանում է դառնալ լրագրող և արդեն իր առաջին փորձերն է անում տեղական «Տավուշ» հեռուստաընկերությունում: Նոննան պատրաստվում է դառնալ միջմշակութային հաղորդակցման մասնագետ: Աղջիկները պատմում են իրենց գյուղի մասին, նաև անտեսված եկեղեցու, որը թվագրվում է 6-7-րդ դարերին, բայց չգիտեն՝ վերջին անգամ երբ է վերանորոգվել, 2019թ.ին հիմնովին կառուցված մանկապարտեզի մասին, որը գյուղի ամենաբարեկարգ հատվածներից մեկն է, «թուրշի ջրի» (հանքային աղբյուր Բաղանիսում), բարձր բլրի վրա երևացող Հարսանաքար սրբատեղի մասին: Մանկապարտեզը «Դե, կասեք՝ հատուկ գիդ՝ Վերա և Նոննա», - նրանց նկարելու ընթացքում ասում է Վերան: «Նոննան 2 ն-ով»,- հավելում է Նոննան: Հետո միասին գնում ենք գյուղի փոքրիկ այգին, որտեղ Բաղանիսի ամենահին վարսավիրանոցն է: Այն պատկանում է Բենիկ Շահնազարյանին, որին տեղացիները դալլաք (թարգմանաբար վարսավիր) են անվանում: Աղջիկները պատմում են, որ նա այստեղ աշխատել է դեռևս 1961 թ:-ից, և իրենք հիշում են, թե ինչպես էին գյուղի տարեցները միշտ հավաքվում այդ վարսավիրանոցի շուրջ, մազ կտրելու համար հերթ կանգնում, բայց նաև, օգտվելով առաթից, միմյանց հետ զրուցում և շփվում: Հիմա արդեն պապը վարսավիրանոցը չի բացում, գյուղի տարեցներն էլ այստեղ չեն հավաքվում: Քովիդյան սահմանափակումներից հետո այն փակեց, որից հետո Բենիկ պապը առողջական վիճակի պատճառով այլևս չվերադարձավ իր 40-ամյա գործին: Վարսավիրանոցի դուռը փակ է, սակայն պատուհանից երևում են սովետական կահավորանքն ու հին գործիքները: Այդ պահին փողոցով անցնելիս տեսնում ենք գյուղի մյուս տարեցներից մեկին՝ Ջիվան պապին: Խնդրում ենք մեզ մի փոքր ժամանակ հատկացնի ու պատմի գյուղի մասին: Պայմանավորվում ենք քիչ հետո հանդիպել իրենց տանը: «Մի քիչ հետաքրքիր բաներ պատմեք Բաղանիսից»,- խնդրում եմ Ջիվան պապին (Ջհան Հարությունյան): «Կռվեինք»,- այսպես է սկսում Ջիվան պապն ու պատմում 90-ականների կռիվների մասին,- «շա՞նց էն տվել (ցույց են տվել), որ չիմ (ամբողջը) նրանց (ադրբեջանական) պոստերն ա»,- ասում է նա ու ցույց է տալիս պատշգամբից երևացող սահմանային դիրքերը,- «քանի թուրքը վրա ա տվել (հարձակվել), տեղահան են էլել, պտտվել, ըստեն ընդի, ընդեն ըստի (այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ) բայց քոչել չեն, ամբողջ գեղը կանգնած էր»: Ջիվան պապը Ջիվան պապը 87 տարեկան է, 3 երեխա ունի, թոռներ ու ծոռներ: Իր մասին ասում է, որ «արհեստավոր մարդ» է, ամբողջ կյանքում ամենատարբեր շինարարական, կառուցման գործեր է արել ու հպարտությամբ ցույց է տալիս տան իր կառուցած հատվածները: «Հիմա ո՞նց ա էստեղ կյանքը Ջիվան պապ»,- հարցնում եմ ես: «Կյանքը լավն ա, բայց դե լավ չեն եդևըմ (հոգ տանել) մեզ: Մենք սահմանապահ ենք, սահմանամերձ չենք, մենք սահման ենք պահում»: «Գյուղի հիմնադրման պատմությունից ի՞նչ կպատմես»: «Ես վիր եմ կացել (վեր կենալ), ծնվել եմ, գեղը կար, ուղղակի ընդով քիչ էինք», - ասում է նա: Ջիվան պապին այցելելուց հետո մի փոքր ևս շրջում ենք գյուղում ու ձեզ համար նկարում Բաղանիսի կանաչ անտառները՝ բաղերը: Վերջում, ինչպես և խոստացել էի, ասում եմ՝ Բաղանիսում հատուկ գիդ՝ Վերա և Նոննա Բաղանիսից սիրով պատմեց Մերի Մամյանը
19:11 - 14 հուլիսի, 2022
Զորական․ զորավարների գյուղը կամ երբ շուրջբոլորը հյուրընկալ չարդախլվեցիներ են․ [մարzoom]

Զորական․ զորավարների գյուղը կամ երբ շուրջբոլորը հյուրընկալ չարդախլվեցիներ են․ [մարzoom]

Նոյեմբերյանից դեպի Զորական տանող ճանապարհը կանաչների միջով է․ թվում է՝ մի քիչ էլ գնաս, ու առջեւումդ անեզր անտառ է բացվելու։ Բայց կանաչները շուտով փոխվում են բնակավայրի՝ քիչ ու միչ հանդիպող մարդկանցով, որոնք, հետո պիտի պարզվի, պակաս անեզր չեն։  Մեքենան կանգնում է գյուղի կենտրոնում, ավելի ճիշտ՝ գյուղամեջում, ինչպես այստեղ է ընդունված ասել։ Իջնում եմ, նայում՝ շուրջս, եւ արդեն պարզ է․ սա այն տեղն է, որն ինձ խորհուրդ էին տալիս Զորական գալու դեպքում անպայման տեսնել։ Լուսանկարում՝ գյուղի հուշահամալիրը Խոսքը կենտրոնական փողոցի վրա բացվող հուշահամալիրի մասին է․ փողոցի մի կողմում՝ սարերի ետնապատկերին, հայ մեծերն են՝ Տիգրան Մեծից մինչեւ Արցախյան պատերազմի հերոսներ (նրանց մասին՝ ավելի ուշ): Լուսանկարում՝ ձախից՝ Գարիկ Մովսիսյանը, Սլավիկ Ազարյանը Մյուս կողմում՝ գյուղապետարանի հարեւանությամբ, Հայրենական եւ Արցախյան պատերազմների, ինչպես նաեւ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարերն են, եւ որ ամենաշատը հիշատակվողն է տեղացիների կողմից՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիները։ Լուսանկարում՝ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ  Բաբաջանյանի կիսանդրիները Հայ մեծերի նկարներ կան նաեւ փողոցի այս կողմում՝ գյուղապետարանի ողջ երկայնքով․ տպավորություն է՝ կարծես թանգարանում ես՝ բաց երկնքի տակ։ Լուսանկարում՝ գյուղապետարանի շենքը «Էստեղ նեղությունը մինակ ոռոգման ջուրն ա» Քայլում եմ, լուսանկարում ամբողջը, հետո՝ մտնում առաջին իսկ պատահած խանութը։ Փոքրիկ, մթերային խանութ է, որտեղ ինձ սիրով ողջունում է խանութի սեփականատերը՝ Արմեն Խաչատրյանը։ Ծանոթանում եմ, պատմում, որ եկել եմ՝ իրենց գյուղն ու գյուղացիներին ճանաչելու․ «Զորական գյուղը, ասեմ քեզ, շատ լավն ա, ստեղ մինակ նեղությունը ոռոգման ջուրն ա, շատ մեծ նեղություն ա, ժղովուրդը անող-դնող ժղովուրդ ա, բայց որ ջուր չկա, մի քիչ նեղվում ա»,- ասում է նա՝ կարեւորելով, որ գոնե խմելու ջրի խնդիրը տարիներ առաջ լուծվեց․ «Մարդկանց հիմնական զբաղմունքը՝ հողամաս, անասուններ, բայց էդքանը որ քիչ ա, ժղովուրդն էլ շատ տարի քինում ա խոպանը՝ Ռուսաստան, ինձ թվում ա՝ սաղ Հայաստանն ա տենց, մինակ մեր գյուղը չի, մի գործ չկա, որ ժղովուրդը մնա, Հայաստանը զարգացնի, ստիպված գնում են»։  Իր խանութից եմ հարցնում, ասում եմ՝ գործը ո՞նց է, հոգոց անելով պատասխանում է՝ նիսյա։ Քանի որ գյուղում բոլորն իրար ճանաչում են, ընկեր ու բարեկամ են, մերժել չի կարողանում․ ապրանքը տալիս է, սպասում մինչեւ մի օր գումարը բերեն։  Լուսանկարում՝ Արմեն Խաչատրյանը Հոգսաշատ թեմաները շրջանցելու համար ընտանիքից էլ եմ հարցնում։ Արմենի աչքերը սկսում են փայլել․ ամուսնացած է, երկու որդի ունի, պատրաստվում են մեկի հարսանիքին։ Ուզում եմ հաջողություն մաղթել, շարունակել ճանապարհս, բայց սա Զորականն է, այստեղ ո՞վ ինձ առանց հյուրասիրության բաց կթողնի։ Արմեն Խաչատրյանը պնդում է՝ պիտի կնոջը տեսնեմ, հետը մի բաժակ սուրճ խմեմ, նոր գնամ։ «Պատերազմից շատ խեղճացած ենք, միայն խաղաղություն ենք ուզում» Տունը հենց խանութի հարեւանությամբ է։ Մտնում եմ, ծանոթանում կնոջ՝ տիկին Սիրանուշի եւ նրա հարեւանուհի Հասմիկի հետ։ Ինձ այնպես ջերմ են ընդունում, կարծես իրենց հազար տարվա ծանոթը լինեմ․ «Ի՞նչ ասեմ, աղջի՛կ ջան, պիտի քինաս մի մանկավարժի կուշտ, որ քեզ սիրուն-սիրուն բաներ ասի»,- նշում է տիկին Սիրանուշը։ Ես էլ շտապում եմ հակառակվել․ «Ինձ սիրուն բաներ չեն պետք, իրական կյանքի պատկերն է պետք, իսկ դա ամենալավը հասարակ ժողովուրդը կպատմի, այսինքն՝ դուք»։ «Ջանիդ մատա՜ղ»,- ասում է տիկին Սիրանուշը ու ծիրան մաքրելով՝ սկսում պատմել։ Առաջարկում եմ զուգահեռ լուսանկարել իրեն, բայց սրտով չի, չի ուզում․ «Մենք բնիկ չարդախլվեցի ենք՝ Ադրբեջանից տեղահանված, ստեղ տեղավորված, ապրուստից չենք դժգոհում, փառք Աստծո, միայն խաղաղություն ենք ուզում, պատերազմից շատ խեղճացած ենք, բալա՛ ջան, պատերազմ չենք ուզում, որպեսզի երիտասարդությունը չհեռանա․ ամեն լարվածության դեպքում մենք էլ չկանք, որովհետեւ երկու ջահել ունեմ, մի բան որ լինի, իհարկե, պիտի գնան»։ Ի դեպ, Ադրբեջանից տեղահանված լինելու մասին․ Չարդախլուն Դաշտային Ղարաբաղի հայկական գյուղերից է՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքում։ Այն հայաթափվել է 1988-89 թվականներին, եւ տեղի բնակչությունը մեծամասամբ բնակություն է հաստատել ներկայիս Զորական գյուղում (գյուղի անվան մասին՝ մի փոքր ուշ)։ Այսքան տարի անց էլ, սակայն, մարդիկ, իրենց մասին խոսելիս, չարդախլվեցի են ասում, ոչ զորականցի, եւ նրանց խոսքերից հստակ ընդգծվում է չամոքվող կարոտը դեպի պատմական հայրենիք․ «Ես Զորականի մասին շատ բան չգիտեմ, իսկ Չարդախլուն, անցնողն էլ գիտի, մարշալների գյուղն ա, ինչքան հերոսներ ա տվել Հայրենական պատերազմի ժամանակ՝ Մարշալ Բաղրամյան, Մարշալ Բաբաջանյան․․․ Շատ լավ մարդիկ՝ ցրված աշխարհով մեկ, չարդախլվեցիներն են»։ Վերադառնալով Զորականին՝ հարեւանուհի Հասմիկը նույնպես աշխատատեղերի պակասից եւ ոռոգման ջրի բացակայությունից է սրտնեղում, ասում է՝ ամիսներով իր ամուսնուն չի տեսնում․ նա էլ շատերի պես արտագնա աշխատանքի է մեկնում․ «Որովհետեւ գործ չկա, միակ գործը դաշտն ա, էն էլ ոռոգման ջուր էլ չեն տալիս, որ մարդ ապրի, չգիտես՝ ինչ անես, գյուղի կեսը ռուսաստաններում ա, ջահել տղա երեւի չեք գնի, մենակ ինքն ա, եկել ա՝ ամուսնանա»,- ասում է նա՝ տիկին Սիրանուշի որդուն ցույց տալով։ Եվ մինչ մենք զրուցում ենք, Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն է զանգահարում․ նրա հետ պայմանավորվել էի՝ երբ գա գյուղապետարան, հանդիպենք։ Շնորհակալություն եմ հայտնում հյուրասիրության համար ու շտապում այնտեղ։ «Ապրել ժողովրդի հետ մի կյանքով՝ մի դարդի, մի ցավի» Սուրեն Մարտիրոսյանի աշխատասենյակն էլ կարծես մի փոքրիկ հուշահամալիր լինի․ աշխատասեղանին՝ ապակու տակ, դարձյալ զորավարների նկարներն են, նրանց կողքին՝ Արցախյան պատերազմի հերոսներինը։ Ցույց է տալիս, անուն առ անուն նշում յուրաքանչյուրին, ապա՝ ներկայացնում վերջին երկու պատերազմներին զոհված իրենց համագյուղացիներին։ Նրանցից մեկը Գարիկ Մովսիսյանն է, զոհվել է 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում, մյուսը՝ Սլավիկ Ազարյանը՝ 2020 թ․ Քառասունչորսօրյա պատերազմին Ջաբրայիլում․ «Երկուսն էլ մերը չեն հիմա»,- ցավով նշում է վարչական ղեկավարը։ Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի տողերն եմ հիշում՝ «Բարձունքը մերն է, տղերքը չկան», բայց այս դեպքում, փաստորեն, ոչ էլ բարձունքը կա։ Տխրում ենք, բայց դե, խուսափել չի լինի։ Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանի աշխատասեղանը Իսկ աշխատասեղանի ապակու վրա՝ շրջանակի մեջ, պատերազմին մասնակցած գյուղացի կամավորականների համատեղ լուսանկարն է, որում ինքն էլ կա։ Բայց այդ մասին շատ չի խոսում, ասում է՝ 2020 թվականը կոտրեց բոլորիս, պիտի ոչ էդ թիվը լիներ, ոչ էդ օրը։ Ամեն դեպքում, հպարտ է․ գյուղը ոչ մի բանից ձեռնպահ չի մնացել, 90-ականներին էլ է հերոսներ ունեցել, հիմա էլ։ Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանը Անդրադառնալով գյուղի պատմությանը՝ Սուրեն Մարտիրոսյանը նշում է՝ գյուղը նախկինում կոչվել է Չինարի՝ պայմանավորված չինարի ծառերի առատությամբ, հետո, երբ այստեղ թուրքական ցեղեր են թափանցել, այն վերանվանվել է Վերին Քյորփլու, խորհրդային տարիներին այստեղ կազմավորված պետական տնտեսությանը տրվել է Հոկտեմբեր անվանումը, իսկ 1988 թվականից արդեն, երբ գյուղը վերաբնակեցվել է Չարդախլուից տեղահանված հայերով, վերջիններս ցանկացել են գյուղին տալ հենց Չարդախլու անվանումը, սակայն դրա հետ կապված վեճ է եղել, քանի որ բառը, ասում են, թուրքական ծագում ունի (ծագում է չարդախ բառից, նշանակում է ծածկ), ուստի այդ տարբերակը չի ընդունվել․ «Մերոնք էլ ասացին՝ հերոսներով ճանաչված գյուղ է, գոնե մի բան անենք, արմատը վերցրին, դրին Զորական, այսինքն՝ զորավարների գյուղ, բայց մենք շատ քիչ ենք Զորական, զորականցի ասում, ում հարցնեք, կասեն՝ չարդախլվեցի»։ Զորավարների գյուղն այժմ ունի 1075 բնակիչ՝ ներառյալ ժամանակավոր ներկաներն ու բացակաները, կա 238 առկա եւ 90 բացակա տնտեսություն։ Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, անասնապահությունը եւ ինչպես արդեն նշվեց, արտագնա աշխատանքը․ վարչական ղեկավարի խոսքով՝ տարվա կտրվածքով 60-80 հոգի մեկնում է արտերկիր՝ աշխատելու։ Գյուղն ունի մեկ դպրոց, որտեղ սովորում է 160 աշակերտ, բոլոր դասարաններում էլ աշակերտներ կան՝ ամենաքիչը 8-10 հոգի։ Գործում է մեկ մանկապարտեզ, ուր հաճախում են 26 փոքրիկներ․ «Մանկապարտեզի բացման ժամանակ ասացի՝ որ ջուրը լինի, էրեխեքն էլ շատ կլինեն, իրոք, ջուրը կյանք ա մեր ժողովրդի համար, բայց մենակ մեզնից չի կախված»,- ասում է վարչական ղեկավարը՝ հավելելով, որ համակարգը 60-ականներին է սարքվել, ներքին ցանցի խնդիրներ կան, փոփոխման կարիք կա, կառավարությունը ներդրումներ անում է, բայց խնդրի լուծումը մեծ ֆինանսների հետ է կապված։ Հարցնում եմ՝ իսկ ժամանցի ի՞նչ վայրեր կան, կես կատակ-կես լուրջ ասում է՝ գյուղում ժամանակ չկա, որ ժամանցի վայր լինի։ Բայց դե, երեւի երբեմն ժամանակ գտնվում է․ կարատեի, դհոլի, երգի-պարի խմբակներ են գործում։ Գյուղում նաեւ ադրբեջանական գերեզման կա․ տեղահանված չարդախլվեցիները դրան ձեռք չեն տվել, Մարտիրոսյանի խոսքով՝ այն հույսով, որ նրանք էլ իրենց թողած գերեզմանին ձեռք չեն տա, թեեւ կյանքը հակառակը ցույց տվեց։ Պատմությամբ հարուստ այս գյուղում, սակայն, չկա եկեղեցի։ Սուրեն Մարտիրոսյանը պատմում է՝ հուշահամալիրի բացման օրը երկու կոնյակ են ստացել ու որոշել՝ մեկը կբացեն այն օրը, երբ սկսվի եկեղեցու շինարարությունը, մյուսը՝ երբ այն ավարտվի։ Նախագիծը կա, ամեն հարցով աջակից գյուղացիները՝ եւս, մնում է՝ բարերար գտնվի։ Հույս է հայտնում՝ գոնե մեր հրապարակումը դրան նպաստի։ Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանը, Հովհաննես Բաղրամյանի դիմանկարով կոնյակները եւ եկեղեցու նախագիծը Ականջի ծայրով լսողն անգամ կնկատի, թե նա ինչ մեծ հպարտությամբ է խոսում հուշահամալիրի մասին, որն իրականություն է դարձել 2015 թ․ ռուսաստաբնակ իրենց հայրենակիցների աջակցությամբ․  «Ու հիմա, երբ այս ճանապարհով տարբեր ազգի մարդիկ են անցնում, կանգնում են, կարդում, հիշում եւ իմանում՝ չարդախլվեցիք էս գյուղում ապրում են, կան ու կլինեն»։  Ի դեպ, Սուրեն Մարտիրոսյանը Զորականի ղեկավարն է 2010 թվականից՝ արդեն 12 տարի։ Ասում եմ՝ լսել եմ, որ սիրված ղեկավար եք, ո՞նց եք այդ սերը վաստակում, ժպիտը դեմքին՝ սկսում է մտածել․ «Չգիտեմ, սկզբունքը սենց ա․ կարեւորը ժողովուրդն ա, որովհետեւ ինչ ղեկավարություն էլ փոխվի, դու, մեկ ա, էս գյուղում ապրում ես, ժողովրդի հետ մի դարդի ես, մի ցավի, ապրել ժողովրդի հոգսով, նրանց կյանքով, ու ինձ թվում ա՝ գնահատում են»,- ասում է նա՝ ինձ դարձյալ առանց հյուրասիրության բաց չթողնելով։ «Աշխարհը չունի էս գյուղից՝ մի գյուղ, երկու մարշալ» Սուրեն Մարտիրոսյանն ինձ առաջարկում է անպայման հանդիպել գյուղի ամենատարեց բնակիչներից մեկին՝ 89-ամյա Միքայել Գրիգորյանին։ Զանգում է, համոզվում, որ տանն է, եւ ինքն էլ ինձ ուղեկցում այնտեղ։ Միշա պապը, կոստյումը հագած, սիրով սպասում է մեզ։ Ծանոթանում եմ, ասում՝ լսել եմ՝ գյուղի ամենատարեց բնակիչներից եք, համաձայնում է․ «Համարյա ամենամեծը ես եմ»։ «Համարյա չէ»,- կողքից միջամտում է տղան, - «Հենց դու ես»։ Պապը ժպտալով ասում է․ «Հա՞, բայց ես կուզեմ փոքր լինել»։ Լուսանկարում՝ Միքայել Գրիգորյանը Կյանքով ու հումորով լեցուն մեխանիկայի մասնագետ Միշա պապը 89 տարեկան է, ունի 8 երեխա, 24 թոռ, 29 ծոռ, սպասում է կոռան ծննդին։ Ասում եմ՝ ի՜նչ հարուստ եք, Միշա՛ պապ, գլխով է անում․ «Հա՛ բա, փառք Աստծո․ Աստված որ տալիս չի, տալիս չի, բայց որ տալիս ա, տալիս ա, բայց եւ տալիս ա, եւ տանում ա, կյանքը տհե ա»։ Մի քիչ տխրում է, որ թոռներն ու զավակները ցրված են Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր ծայրերով, բայց, օրինակ, Ինգան իր կողքին է, ասում է՝ թոռանը ցույց տալով։ Թոռներից մեկն էլ՝ Արշակը, 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջաբրայիլի ճանապարհին շրջափակման մեջ ընկած 70 հոգանոց խմբի հրաշքով փրկված տղաներից մեկը։ Միշա պապի տանը եւս ինձ առանց սուրճ չեն թողնում, ու մինչ նրա հարսը՝ տիկին Փառանձեմը, սեղան է դնում, պապը սկսում է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ասել․ «Գործն է անմահ, լա՛վ իմացեք,որ խոսվում է դարեդար,երնե՜կ նրան, որ իր գործովկապրի անվերջ, անդադար․․․» Նախերգանքն ամբողջությամբ ասում է, վերջում՝ հարցնում․ «Ճիշտ չի՞, լա՛վը եղիր, լա՛վը մնա, մարդկանց անտեղի մի՛ վարկաբեկիր, ես իմ թոռներին դա եմ ասում միշտ, կյանքն ա տհենց»,- նշում է ու շարունակում ասմունքը․ այս անգամ իր աշուղ պապի բանաստեղծությունն է հիշում․ «Գիշեր-ցերեկ ցավ եմ քաշում քո ձեռքիցդ, ա՜խ, ծերությո՜ւն,խնջույքներից ինձ գցել ես, արել ես դուրս, դա՜ռը ծերություն․․․» Լուսանկարում՝ Գրիգորյանի աշուղ պապը Հարցնում եմ՝ բա ո՞նց եք այսքանը անգիր հիշում, կատակում է՝ «Ինձ ի՞նչ կա», հետո էլ, թե․ «Ես գիդում չեմ, հիշողություն կա»։ Ես էլ հիշում եմ, որ իմ մեծ տատի հետ պայմանավորվել էի, որ նա պիտի մինչեւ հարյուրն ապրի․․․ Հիմա նույն պայմանը Միշա պապի հետ էլ եմ կապում․ «Դժվար ա»,- ասում է՝ ժպիտը դեմքին,- «էրեխեքը թող սաղ ըլեն, աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, մենք տուժել ենք, մեր էրեխեքը  թող տուժեն ոչ»։ Պապն անգիր հիշում է նաեւ հայրենի Չարդախլուից տեղահանվելու օրերը ու պատմելիս կարծես վերապրում է ամբողջը․ «1988 թ․ դեկտեմբերի 4-ի գիշերը թուրքերը մեզ մերկացրել են ու վտարել, դեկտեմբերի 18-ի քշերը եկել եմ ու էդ քշերից առ էսօր ստի եմ, որովհետեւ չարդախլվեցիների շատը ստի ա, մի վատ բան չեմ նկատել ես ստի, իրար հետ համախմբված, ամենքը՝ իրենց գործին, յոլա ենք քինում, փառք Աստծո, աղջիկ ենք տալիս, աղջիկ ենք բիրում, խնամություն ենք անում»,- պատմում է նա՝ ոչ մի կերպ չկտրվելով Չարդախլուից․ «Աշխարհը չունի էս գյուղից, էս գյուղիցը ոչ, էն գյուղից․ մի գյուղ, երկու մարշալ աշխարհը չունի»,- ու կարոտը անվերջ զնգում է նրա սրտում։ Միշա պապը գուցե գլխի չի ընկել, բայց աշխարհը իրենց պես մարդիկ էլ չունի։ «Ես ինձ ուրիշ տեղ չեմ պատկերացնում, ուրիշ տեղ օդը ծանր ա» Գյուղի ամենամեծ բնակչի հետ մեկտեղ ուզում եմ նաեւ փոքրերի հետ խոսել։ Ամենափոքրի հետ, դե, հնարավոր չէ, բայց մի երկու դպրոցականի ստացվում է գտնել։ 16-ամյա Հասմիկն ու 14-ամյա Սեդան զարմուհիներ են, ինձ ընդունում են յուրահատուկ խանդավառությամբ։ Պատմում են, որ ծնված օրվանից Զորականում են ապրում եւ իրենց ուրիշ տեղ չեն պատկերացնում․ «Ես մեր գյուղը շատ եմ սիրում, բնությունը շատ լավն ա, մարդիկ շատ լավն են՝ ընկերասեր, հյուրասեր»,- ասում է Հասմիկը։ Չհամաձայնել չեմ կարող․ առաջին հատկանիշը, որով այսուհետ ես կբնութագրեմ զորականցիներին, հյուրասիրությունն է։ Դրան նաեւ հենց իրենք՝ քույրերն են նպաստում․ իրենց այգին են տանում, մի տոպրակ կարմրաթուշ դեղձ հավաքում ինձ համար։ Լուսանկարում՝ Հասմիկ Բալաբեկյանը Հասմիկը երազում է բժշկուհի դառնալ, ասում է՝ սիրում է օգնել մարդկանց, իսկ Սեդան դեռ չի կողմնորոշվել, բայց մտքին մանկավարժի մասնագիտությունն է։ Բոլոր դեպքերում, աղջիկները վստահ են՝ սովորելուց հետո վերադառնալու են իրենց գյուղ․ «Ես մեր գյուղին եմ հարմարվել ու չեմ պատկերացնում ինձ ուրիշ տեղ, որ ուրիշ տեղ գնում եմ, օդը ծանր ա, միջավայրը դուրս չի գալիս, էստեղ լավ ա, բոլորով հավաքվում ենք, խաղում, լավ ժամանակ ենք անցկացնում»,- ասում է Սեդան։ Լուսանկարում՝ Հասմիկն ու Սեդան Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ կուզեիք՝ լիներ գյուղում, որ չկա, քույրերն առաջինը դեղատան մասին են նշում, ասում են՝ որ շտապ պետք է լինում, կամ իրարից են վերցնում, կամ կողքի գյուղ գնում (ավելի ուշ վարչական ղեկավարից իմանում ենք, որ տեղացիներից մեկը ծրագրում է դեղատուն բացել)։ Նրանք նաեւ վերանորոգված ճանապարհ են ուզում, եւ իհարկե, լիարժեք լուսավորություն՝ այդ ճանապարհին, որի պակասը հիմա էլ զգում են։ Հետաքրքրվում եմ՝ իսկ գյուղում որեւէ ոլորտում հաջողության հասած հայտնի դեմքեր կա՞ն, դժվարանում են մտաբերել։ Դե, քանի որ ես էլ սիրում եմ պայման կապել, այս անգամ եւս առիթը բաց չեմ թողնում․ «Ուրեմն՝ ապագայում դուք եք լինելու այդ դեմքերը»,- ասում եմ նրանց՝ հույս հայտնելով, որ տարիներ հետո գյուղը նաեւ իրենցով են ճանաչելու։ Իսկ Զորականն ու զորականցիներին, հավատացեք, ճանաչել հաստատ արժե։ Միլենա Խաչիկյան
16:19 - 13 հուլիսի, 2022