STARMUS VI փառատոն

Գիտության և արվեստի STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։ 6-րդ STARMUS փառատոնը կանցկացվի Հայաստանում, սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ գիտնականներ ու երաժիշտներ։

 

 

Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը

Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը

Starmus-ի խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։ Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։ Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։ Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս։
08:05 - 20 սեպտեմբերի, 2022
Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022
Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։  Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։  Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։ Լիա Հալլորանը և Քիփ Թորնը Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։ Անի Ապրահամյանը Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։ Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։  Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։ «Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունումԵրկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։ Գրավիտացիոն ալիքներըԷներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝Մթագնելով մեկը մյուսին, Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։ Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։ Աննա Սահակյան
23:19 - 09 սեպտեմբերի, 2022
STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 9-ին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկմանը բանախոսել են ԵՊՀ շրջանավարտ, STARMUS VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գարիկ Իսրայելյանին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման կայացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը գիտության բնագավառի վերարժևորման և հասարակության ուշադրությունը գիտության կողմը սևեռելու տեսանկյունից։ «Շատերը չէին հավատում, որ «Սթարմուսը» կկայանա Հայաստանում, սակայն Դուք սովորեցրիք հավատալ երազանքների իրականացմանը և դրա համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Անհրաժեշտ է շատ աշխատել, ձգտել լավագույնին, ստեղծել կապեր և սովորել օտար լեզուներ։ Վստահ եմ՝ ցանկացած երազանք հնարավոր է իրականացնել, և այսօր դա ապացուցում են Գարիկ Իսրայելյանը, Ջիմ Բաղյանը և Դեյվիդ Ջոն Էյքրը»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։ Խոսելով Նոբելյան շաբաթվա ընթացքում գրանցած հաջողությունների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն էր գիտությունն ուսանողների և գիտնականների համար էլ ավելի հետաքրքիր դարձնելու: «Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորի մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։ Ապա նա ԵՊՀ շրջանավարտ Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ: Մինչ բուն քննարկմանն անցնելը Գարիկ Իսրայելյանը ներկաներին պատմեց ԵՊՀ-ում անցկացրած ուսանողական տարիների մասին՝ վերհիշելով այն տպավորությունները, որոնք իր կյանքում մինչ օրս ունեն ազդեցիկ նշանակություն։ «Ինձ համար անչափ հաճելի է վերադառնալ սիրելի և հարազատ բուհ, որտեղ անցել է իմ ուսումնառության ամենակարևոր ժամանակահատվածը: Տարիներ անց, վերադառնալով Երևանի պետական համալսարան, ես ինձ կրկին ուսանող եմ զգում»,- ասաց ԵՊՀ շրջանավարտը: ««Սթարմուսի» համահիմնադիրը մեզ հետ զրույցում պատմեց, որ փառատոնի ստեղծման գաղափարը միանգամից չի առաջացել․ հիմնադրվել է 2007 թվականին, իսկ անվանումն ընտրվել է երկարատև քննարկումների արդյունքում։ Գ. Իսրայելյանը փաստեց, որ տիեզերագիտության արդիականությունն ավելի է ընդգծվում տեխնոլոգիական դարաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ես համոզված եմ, որ հետագա տարիներին այս ոլորտում սպասվում են չափազանց հետաքրքիր նորարարություններ, դրանով պայմանավորված՝ փառատոնի կարևորությունը տարեցտարի մեծանում է: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում մենք շնորհում ենք նաև Սթիվեն Հոքինգի անվան հուշամեդալ։ Ս․ Հոքինգը հաջողության է հասել իր գիտահանրամատչելի աշխատությունների շնորհիվ՝ գրելով ռեկորդային ցուցանիշ գրանցած «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը։ «Սթարմուս» փառատոնը նույնպես գիտահանրամատչելի է և նախատեսված տիեզերագիտությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար»,- նշել է նա: Հաջորդիվ ելույթ է ունեցել հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը՝ հայտնելով, որ առաջին անգամ է եկել Հայաստան և իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում: «Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին և միշտ ցանկացել եմ լինել այստեղ»,- ասել է Բաղյանը: «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ջիմ Բաղյանը ներկայացրել է տիեզերքը՝ պատմելով ներկաներին ամենից շատ հետաքրքրող՝ դեպի տիեզերք թռիչքի, դրա ընթացքում ստացած տպավորությունների և զգացողության մասին։ Տիեզերագնացն անդրադարձել է նաև Երկրից դեպի Մարս ձգվող ճանապարհին արևի ճառագայթահարման վտանգի առկայությանը՝ նշելով. «Հավանականությունը, որ մարդը տիեզերքից հետ չի վերադառնա կամ վերադառնալուց հետո քաղցկեղ կունենա, 5-10 տոկոս է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել անգամ այդ քիչ տոկոսը, և ես կարծում եմ՝ մարդկությունը դեռևս պատրաստ չէ այդ վախը հաղթահարելուն»: «Տիեզերանավից հստակ տեսանելի է Երկիրը, երևում է ամեն բան, նույնիսկ ֆուտբոլի դաշտը: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե որքան հետաքրքիր և տպավորիչ է տիեզերանավի պատուհանից ողջ տիեզերքը տեսնելը»,- պատմել է տիեզերագնացը: ԵՊՀ տեղեկացմամբ՝ ամերիկացի գրող, աստղագիտությունն ու տիեզերքը հանրայնացնող գործիչ Դեյվիդ Ջոն Էյքրը նշել է, որ ինքը 2002 թվականից եղել է աստղագիտությանը վերաբերող ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նա գիտության և Ամերիկայի պատմության վերաբերյալ 23 գրքի հեղինակ է, համահեղինակ կամ խմբագիր։ 15 տարեկանում հիմնադրել է աստղագիտությանն առնչվող ամսագիր՝ «Deep Sky Monthly»-ն։ Ներկաներին հետաքրքրել է նաև այն, որ Դեյվիդ Էյքրը հաճախ է ճամփորդում՝ աստղագիտության վերաբերյալ զրույցներ անցկացնելու համար, ինչպես նաև զբոսաշրջիկների հետ դիտելու արևի խավարումը: «Քննարկման ունկնդիր, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի ղեկավար, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հայկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում համալսարանականներին շնորհվել է բացառիկ հնարավորություն լսելու աշխարհահռչակ գիտնականներին և ծանոթանալու գիտության բնագավառի նորարարություններին»,- հայտնում են ԵՊՀ-ից։ «Նոբելյան մրցանակակիրների և հանրաճանաչ գիտնականների՝ Հայաստան, մասնավորապես Երևանի պետական համալսարան այցելելը չափազանց կարևոր է մեզ համար։ «Սթարմուս» փառատոնը նաև ստեղծեց հասարակությանը գիտությանն ավելի մոտեցնելու հնարավորություն: Անչափ կարևորում եմ այն, որ մեր ուսանողները լսում են գիտության մեջ մեծ վաստակ ունեցող մարդկանց դասախոսությունները՝ ծանոթանալով նրանց փորձին և գիտության տվյալ ոլորտի նորարարություններին»,- ասել է Հայկ Զաքարյանը։ «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մարինե Տոնոյանը ներկա է եղել «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված բոլոր դասախոսություններին և անչափ տպավորված է դրանցից։ Մ. Տոնոյանը փաստեց, որ այս շաբաթն իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել՝ նպաստելով գիտելիքների հարստացմանը։ «Երկար ժամանակ անհամբեր սպասում էի հենց այսօրվա քննարկմանը: Ցանկանում էի տեսնել հատկապես Գարիկ Իսրայելյանին, որովհետև նրա գործունեությունն ինձ ոգեշնչում է՝ մղելով ավելի լավ սովորելու, իմ մասնագիտության մեջ կատարելագործվելու, որպեսզի իմ բոլոր երազանքներն իրականություն դառնան: Այդ երազանքներն իհարկե ուղղված են գիտության, հատկապես աստղագիտության զարգացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Տոնոյանը։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից Նունե Բադալյանը հավելեց, որ երիտասարդ գիտնականների ու ֆիզիկոսների համար այսպիսի միջոցառումների նախաձեռնումն անչափ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր դասախոսություն ոգեշնչման աղբյուր է։ «Այսօրվա քննարկումը շատ հետաքրքիր էր, որովհետև կապված էր նաև իրական կյանքի հետ, ցույց էր տալիս, թե ինչքան կարևոր է աստղագիտությունը մեր կյանքում, և թե ինչպես պետք է երեխաներին ու հասարակությանը կրթենք, որպեսզի գիտությունն ավելի շատ ուշադրության արժանանա»: Ն. Բադալյանին տպավորել էր Ջիմ Բաղյանի պատմությունը, որին ճանաչում է դեռ փոքր տարիքից՝ հետևելով նրա գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ «Ջիմ Բաղյանը պատմեց, թե ինչպես է փոքր տարիքում, նայելով աստղերին, հետաքրքրվել գիտությամբ։ Զարմանալի կթվա, սակայն այդ պատմությունը շատ նման է իմ պատմությանը․ փոքր տարիքում ֆիզիկոս պապիկս ինձ ցույց էր տալիս աստղերը, ուսումնասիրում էինք քարտեզը ճիշտ այնպես, ինչպես Ջ․ Բաղյանն էր պատմում։ Այսպիսով՝ ինձ համար այս օրն անչափ նշանակալի էր»,- պատմեց է Բադալյանը:   Սեպտեմբերի 5-10 Հայաստանում առաջին անգամ անցկացվող STARMUS VI միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ ԵՊՀ-ի և փառատոնի համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես են եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը, Միշել Մայորը և մանրէաբան Էմանուել Շարպենտիեն։
21:05 - 09 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Վահրամ Դումանյանը,  «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք: «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել:
20:06 - 09 սեպտեմբերի, 2022
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով |armenpress.am|

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով |armenpress.am|

armenpress.am: Մարզահամերգային համալիրում 2022 թվականի սեպտեմբերի 9-ին՝ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով:  «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով գեղաթերթիկի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Գարիկ Իսրայելյանն ընդգծեց՝ որ շատ շնորհակալ է այս պատվի համար, քանի որ  առաջին անգամ է նամականիշը նվիրվում STARMUS  փառատոնին: «Մենք մի քանի անգամ ճանաչվել ենք աշխարհի լավագույն գիտական փառատոն, տարբեր մրցանակներ ենք ստացել, բայց նամականիշը շատ կարևոր բան է, և, ճիշտն ասած, մենք չեինք սպասում, որ STARMUS-ի նամականիշ կունենաք հենց Հայաստանում: Ես կարծում եմ, որ STARMUS-ը  Հայաստանում հաջողվեց, քանի որ տեսնում են երաժիշտների, ուսանողների և մեր մեդիայի  խանդավառությունը»,- ասաց Իսրայելյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
13:46 - 09 սեպտեմբերի, 2022
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սատլանտիս» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման երկարաժամկետ հեռանկարները, ՀՀ-ում տիեզերական բնագավառի կարողությունների զարգացման համատեքստում համագործակցության տարբեր ձևաչափերը և նոր հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին, ներկայացվել են մանրամասներ: Հանդիպմանը ներկա է եղել «Սատլանտիս Միկրոսաթս» ընկերության խորհրդի նախագահ Ժան Ժակ Դողդենը, ով երկար տարիներ աշխատել է որպես Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն: Նա կիսվել է իր հարուստ փորձով, մասնավորապես տիեզերական բնագավառի զարգացման հիմնական ուղղություններին առչվող հարցերի վերաբերյալ:
10:23 - 08 սեպտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին, որն Հայաստան է այցելել STARMUS VI փառատոնի շրջանակում: Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և ջերմությամբ հիշել անցյալ տարի Երևանում տեղի ունեցած իրենց հանդիպումը, երբ ինքը դեռ զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: «Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար: Ժան Ժակ Դորդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ հատկապես STARMUS-ի շրջանակում: «Այս հիանալի փառատոնը կարողանում է մեկ հարկի տակ հավաքել գիտնականների, երաժիշտների և ամբողջ աշխարհից ժամանած շատ մարդկանց: Այդ բացառիկ համախմբումից է ձևավորվում նորարարությունը»,- նշել է նա: Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար: «Այստեղ գտնվելու ընթացքում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ: Համոզված եմ, որ դա կնպաստի Հայաստանի կարողությունների և արտադրողականության մեծացմանը, ինչն, անշուշտ, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Ժան Ժակ Դորդենը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գիտակրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
09:50 - 08 սեպտեմբերի, 2022
Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

 |armenpress.am|

Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում անցկացվող STARMUS փառատոնի առաջին երեք օրը ֆանտաստիկ էին և խոստման մի մասը կատարվել է՝ ապահովվել է արվեստի և գիտության կապը։ STARMUS փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆիզիկոս Սքոթ Հաբբարդը, ով զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ինչպես նաեւ ծրագրերով, նախագծերով և գործադիր կառավարմամբ ավելի քան 45 տարի, այդ թվում ՝ 20 տարի ՆԱՍԱ-ում։ «Պետք է ասեմ, որ գիտության մեջ կա երաժշտություն և երաժշտության մեջ կա գիտություն։ Սա իսկապես շատ ազդեցիկ բացահայտում էր և տպավորություն էր։ Ես նաև շփվել եմ իմ գործընկերների հետ, մի մասին ճանաչում էի, մի մասը նոր գործընկերներ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր հանձնառությունը և բոլոր ջանքերը իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ, որովհետև «կուբսատների» ստեղծումից հետո ակնհայտ է, որ տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում կարող են ներգրավվել նոր երկրներ»,- ասաց Հաբբարդը։
20:05 - 07 սեպտեմբերի, 2022
STARMUS VI. Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը երիտասարդ գիտնականներին խորհուրդ է տալիս շատ աշխատել մեծ խնդիրների վրա

 |armenpress.am|

STARMUS VI. Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը երիտասարդ գիտնականներին խորհուրդ է տալիս շատ աշխատել մեծ խնդիրների վրա |armenpress.am|

armenpress.am: «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Մեր հյուրն է Նոբելյան մրցանակակիր, ամբողջ աշխարհում հայտնի գիտնական, ում հետազոտության ոլորտը մոտ է մեր ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների հետաքրքրությունների շրջանակներին», - ասել է Աշոտ Սաղյանը և ներկայացրել պրոֆեսոր Քըրթ Վյութրիխի անցած գիտական ուղին: Ըստ աղբյուրի՝ Քըրթ Վյութրիխը հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձը: Դիմելով երիտասարդ գիտնականներին՝ Քըրթ Վյութրիխն ասել է. «Եթե դուք ուզում եք նկատելի լինել, եթե ուզում եք ինչ-որ մի բան ղեկավարել գիտության ոլորտում, պետք է լսեք խորհուրդներ և շատ-շատ աշխատեք մեծ խնդիրների վրա: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց կրթությունը ստանան լավ համալսարաններում, երիտասարդ գիտնականները խրախուսվեն և առաջնորդեն գիտությունը, հանդիպեն այն գիտնականներին, ովքեր կարողանում են աշխատել մեծ խնդիրների վրա և իրենց ուսանողներին էլ են դա սովորեցնում: Ես մարզիկ էի, գիտությունն ինձ համար երեկոյան զբաղմունք էր, և ես երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ: Գիտության մեջ դու աշխատում ես և հանկարծ հայտնաբերում ինչ-որ մի բան: Ճանաչումը կարող է տևել 20 տարի և ավելի: Հետո միայն կարող են որոշել, դա արժանի է Նոբելյան մրցանակի, թե՝ ոչ: Երիտասարդ գիտնականները պետք է հասկանան, որ հաջողությունը միանգամից չի լինում, դա շատ դժվար աշխատանք է: Դու չես կարող վստահ լինել, որ Նոբելյան կոմիտեն քեզ կհավատա: Պետք են տարիներ, որպեսզի հաստատվեն քո ուսումնասիրությունները: Դուք պետք է շատ աշխատեք, թեպետ Ձեր ընտանիքն այնքան էլ երջանիկ չի լինում դրանից: Նոբելյան մրցանակ ստանալիս ինձ հետ էր իմ կինը, և դա փոխհատուցումն էր այն դժվար կյանքի, որը նա տեսել է, որովհետև ես անընդհատ լինում էի աշխատավայրում»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը: Նշվում է, որ Քըրթ Վյութրիխը կարևորել է հիմնարար գիտական հետազոտությունների նշանակությունը ցանկացած կիրառական արդյունքի ստացման համար: Նա նշել է, որ, օրինակ, COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստացման աշխատանքները հիմնված են մի քանի տասնամյակ տևած հիմնարար հետազոտությունների վրա: Նոբելյան մրցանակակիրը խոսել է նաև իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի, պրիոնների մասին: Այնուհետև ծավալվել է հարց ու պատասխան:
19:26 - 07 սեպտեմբերի, 2022
Ուր գնալ և ինչ անել այսօր «Սթարմուս VI» երրորդ փառատոնային օրվա ընթացքում

Ուր գնալ և ինչ անել այսօր «Սթարմուս VI» երրորդ փառատոնային օրվա ընթացքում

«Սթարմուս VI» փառատոնը ներկայացնում է, թե ինչ կարող եք անել և ուր գնալ փառատոնային երրորդ օրը:    Հանրայնացման ծրագիր, մուտքն ազատ է   ժամը 11:00 – 13:00   Վայրը՝ Հայաստանի համալսարաններ և դպրոցներ   Հանդիպումների ժամանակացույցը՝ այստեղ   Փառատոնի հիմնական ծրագիր, մուտքը՝ General Attendee տոմսով   Վայրը՝ Մարզահամերգային համալիր, հիմնական սրահ   ժամը 17:30 – 19:30   «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանս  Լուիս Ֆրիդման - 50 տարի Մարսի վրա: Mars 3-ից և Mariner 9-ից մինչև Starship  Բեթանի Էլման - Գիտական հայտնագործություններ Մարսի վրա․ այսօր և վաղը  Սքոթ Հաբըրդ - Մարսի հետազոտությունները. Վերակառուցում  Միշել Մայոր - Միլիարդավոր մոլորակներ Տիեզերքում  Լիզա Կալտենեգեր - Երկրագնդի նման մոլորակներ   Դեյվիդ Գրինսփուն - Կլիմայական աղետներ Վեներայի, Երկրի և Մարսի վրա ժամը 19:30 – 20:30 Ընդմիջում   ժամը 20:30 Another World համերգային ծրագիր   Բրայան Մեյ, Դերեկ Շերինյան` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ «Բամբլֆութի» հետ, Մոնսերրատ Մարտի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, Ջեֆ Սքոթ Սոթո, Ջիվան Գասպարյան կրտսեր, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ, բացումը` «Նեմրայի» և Գոռ Սուջյանի կողմից,   Հատուկ հյուրեր` Գրեհեմ Գոուլդման և Սերժ Թանկյան:
11:59 - 07 սեպտեմբերի, 2022
Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի հնարավորության մասին

 |armenpress.am|

Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն,  ով Երևանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, խոսել է հետագայում կրկին Հայաստան այցելելու հավանականության մասին: Ասուլիսում, ի պատասխան հարցի, թե արդյոք կայցելի նորից Հայաստան՝ երաժիշտը կատակեց. «Եթե երկար ապրեմ, անպայման կգամ»: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Մեյը վերաբերում նրան, որ տիեզերքում, փաստորեն, ևս հնչում է երաժշտություն: Ըստ նրա՝ դա արվեստի և գիտության հիանալի համադրության օրինակ է: Հարցին, թե ինչո՞ւ այսօր էլ չի ծնվում այնպիսի երաժշտություն, ինչպիսին «Queen» խմբինն է, Բիթլսինն է՝ Մեյը խոստովանեց. «Իմ սերնդի համար նույնիսկ մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ չկա նման երաժշտություն: Մեր բախտը բերել է. լինելով  Queen-ի անդամ՝ միմյանց քննադատաբար էինք մոտենում: Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»:
14:04 - 06 սեպտեմբերի, 2022
«Այդպիսին էր Ֆրեդին»․Մեյը պատմեց Queen-ի լեգենդի հետ գիտության շուրջ զրույցների, երկրաշարժից հետո Հայաստան այցելելու ծրագրերի ու առաջիկա համերգի մասին

 |armenpress.am|

«Այդպիսին էր Ֆրեդին»․Մեյը պատմեց Queen-ի լեգենդի հետ գիտության շուրջ զրույցների, երկրաշարժից հետո Հայաստան այցելելու ծրագրերի ու առաջիկա համերգի մասին |armenpress.am|

armenpress.am: Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյն անհամբեր սպասում է սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին, որի ժամանակ բեմում ելույթ կունենա Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ։ STARMUS VI փառատոնի շրջանակում «Another world» խորագիրն ունեցող համերգային ծրագրին մասնակցելու են նաև անգլիացի երգիչ Գրեհամ Գոլդմանը, երաժիշտ Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Սերժ Թանկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ «Այս համերգը լավ ժամանակ կլինի երաժշտական փորձարկումներ անելու համար։ Այս համերգի ընթացքում մեզնից յուրաքանչյուրը դուրս կգա «հարմարավետության գոտուց», ինչը լավ է, քանի որ համերգի ընթացքում կկարողանանք փորձարկել այն, ինչը այլ վայրում մեզ թույլ տալ չենք կարող»,- այս մասին Մեյն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ իր համար մեծագույն պատիվ էր STARMUS VI-ի բեմում արժանանալ Սթիվեն Հոքինգի մեդալին։ «Ինձ համար մեծ առավելություն է նման մրցանակ ստանալ երկու հրաշալի կանանց հետ (խմբ․ - ամերիկացի բանաստեղծուհի Դայան Էքերմանի և անգլիացի պրիմատոլոգ ու մարդաբան Ջեյն Գուդոլի), ովքեր իսկապես փոխել են մարդկության աշխարհայացքը»,- ասաց նա։ Լեգենդար կիթառահար, աստղաֆիզիկոս Մեյին մրցանակը հանձնվել էր Queen-ի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Մեյը պատմեց գիտության վերաբերյալ իր և Մերկուրիի զրույցների մասին։ «Ֆրեդին հետաքրքրված էր ամեն ինչով։ Նրան հիացնում էր փաստը, որ ես աստղագետ էի, և նա ինձ պարբերաբար հարցնում էր․ «Բրայան, եթե դու չլինեիր այստեղ, ինձ հետ, դու կդառնայի՞ր աստղագնաց»։ Այդ ժամանակ ես պետք է հեռանայի աստղագիտությունից և կենտրոնանայի իմ երաժշտության վրա։ Սակայն ես հաջողակ գտնվեցի՝ վերադառնալով դեպի աստղագիտություն, պաշտպանելով իմ թեկնածուականը»,- ասաց Բրայան Մեյը՝ նշելով, որ իր համար իսկապես մեծ առավելություն էր զբաղվել թե՛ գիտությամբ, թե՛ երաժշտությամբ՝ ի հեճուկս շատ կանխատեսումների, որ նա չի կարող հաջողության հասնել երկու ոլորտներում էլ։ Վերադառնալով Ֆրեդի Մերկուրիին՝ աստղաֆիզիկայի դոկտորը շարունակեց․ «Ֆրեդին շատ կենտրոնացած էր, նա կարող էր խոսել տարբեր թեմաներից, սիրում էր գիտությունը, ստերեոպատկերային իմ լուսանկարները, ամեն բան։ Բայց հետո նա նորից կենտրոնանում էր իր երաժշտության վրա և ասում ․ «Բոլորը կարող են անել դա, ես պետք է իմ գործով զբաղվեմ՝ երաժշտությամբ»։ Այդպիսին էր Ֆրեդին»։ Բրայան Մեյը նշեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ նշելով, որ կուզեր ավելի շատ ժամանակ անցկացնել և ճանաչել մեր երկիրը։ Երաժիշտը նկատեց, որ հատկապես մտահոգվել էր Հայաստանով 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Նա ցավով նշեց, որ այդ տարիների չկարողացավ մի խումբ անվանի երաժիշտների հետ այցելել Հայաստան, սակայն հիմա ուրախ է այդ հնարավորության համար։ Բրայան Մեյը խոսեց նաև երջանկահիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա շնորհիվ «փորձել է կլանել հայկական զգացողությունները և երաժշտությունը»։ STARMUS VI փառատոնի շրջանակում նա նույն բեմում հանդես կգա Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։
13:07 - 06 սեպտեմբերի, 2022
Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Այսօր՝ Գիտության և արվեստի Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվեց SONIC UNIVERSE համերգային ծրագիրը, որի ընթացքում էլ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալին արժանացան Queen խմբի կիթառահար, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը, պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնի կազմակերպիչներին մրցանակի համար։ Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի հաղթող դարձան նաև NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը։ Միջազգային այս փառատոնի ընթացքում Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվում երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որի հեղինակն է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Սթարմուս փառատոնի շրջանակում այս մրցանաբաշխությունը կազմակերպվում է 2016 թ․-ից՝ երրորդ Սթարմուս փառատոնից սկսած։ Առաջին անգամ այն ստացել են գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, ֆիզիկոս Ջիմ Ալ Խալիլին, և ամերիկյան փաստագրական ֆիլմը՝ «Մասնիկների ջերմություն» անունով։ 2017 թ․-ին՝ 4-րդ Սթարմուս փառատոնին այս մեդալը ստացել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Միշելը Ժարրեն, աստղաֆիզիկոս Նեյլ Դեգրաս Թիսոնը, ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսություն» անունով ֆիլմը։2019 թ․-ին 5-րդ Սթարմուս փառատոնին մրցանակ  է ստացել երաժիշտ, կոմպոզիտոր Բրայան Էնոն, միլիարդատեր, Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, տիեզերագնաց Բուզ Ալդրինը, «Apolo 11»  փաստավավերագրական ֆիլմը։
21:34 - 05 սեպտեմբերի, 2022