Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին |armenpress.am|

Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին |armenpress.am|

armenpress.am: Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս:  Այս մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:  Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով:  «Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական վարույթներ ունենք: Մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք: Եվ Քննչական կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք: Այն դեպքերով, որոնցով հանցավոր խմբի անդամների որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանում, ունենք լավ արդյունքներ, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք և ավարտված վարույթներ ունենք: Սակայն այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս»,–ասաց Պողոսյանը:   Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում բացահայտել են նաև դեպքեր, երբ այլ պետություններում կատարված հանցագործությունների դերակատարները նաև ՀՀ քաղաքացիներն են:   «Մեզ համար առաջնային խնդիր էր այնպիսի մեխանիզմներ մշակելը, որ կանխենք հետագա խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որ հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները»,–ասաց կոմիտեի նախագահը:  ՔԿ նախագահը ԿԲ նախագահին միջնորդագիր է հասցեագրել, որ այնպիսի գործիքակազմ ու մեխանիզմներ մշակվեն, որ խարդախները հնարավորություն չունենան քաղաքացիներից գումարներ հափշտակել: Ուսումնասիրությունը ցույց  է տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում են մի քանի բանկերի միջոցով: Պողոսյանի խոսքով՝ միջնորդագրի քննարկման արդյունքում հանձնաժողով է ձևավորվել, որը հիմա աշխատում է:  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 6–ին հայտնել էր, որ վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են:  
14:14 - 12 մայիսի, 2025
Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|

Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: Այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշեց Գալստյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում: «Քննարկումները շարունակվում են: Հանձնառություն ենք ստանձնել ուսումնասիրել բոլոր դրվագները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն գործ յուրահատուկ է: Ուստի պետք է գործերը նայենք, փորձենք դրանք համախմբել: Եթե խնդիրը պրոդուկտի մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե կարգավորման մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է՝ այդտեղ այնքան էլ զորեղ չենք: Դրա մասին մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, ովքեր, ցավոք, տուժել են այդ ամենից»,- հայտնեց ԿԲ նախագահը: Նա հավելեց, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է գտնել լուծման ճանապարհ, որն, ըստ Մ. Գալստյանի՝ նման իրավիճակի արդյունքում ձևավորված բոլոր վարկային պարտավորությունների սառեցումն է այս պահին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:50 - 06 մայիսի, 2025
ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
 |civilnet.am|

ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. մայիսի 6-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ իրենք հնարավոր սցենար են դիտարկում նաև ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և միջազգային մամուլի հրապարակումների` այս պատժամիջոցները կազդեն այն երկրների վրա, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ զգայուն, հատկապես ` բանկային և էներգետիկ ոլորտներում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաշերտ տնտեսական կապեր և մեծապես կախված է այդ երկրի շուկայից, ներդրումներից և էներգակիրներից։ Գալստյանը նշեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ իրեն ակնարկել են այս սցենարի հավանականության մասին: Հայաստանը հատկապես խոցելի է այդ պատժամիջոցների հանդեպ: Երկրորդային պատժամիջոցները, որոնք կարող են ներառել պատժիչ տուրքեր, կսահմանվեն ոչ թե առանձին ընկերությունների, այլ ամբողջ երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում: ԱՄՆ Սենատում արդեն պատրաստվում են ՌԴ-ի նկատմամբ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Համաձայն փաստաթղթի` 500 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան կամ նավթամթերք: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացնում է ճնշումը Հայաստանի անմիջական հարևան Իրանի վրա, որի հետ, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հայաստանի փոխադարձ առևտուրն աճում է՝ 2024-ին հասել է 737 մլն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 6,5%-ով: «Սրանք անորոշությունները սաստկացնող գործոններ են»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում ամենահաճախ հնչող բառը «անորոշությունն» էր: «Ցանկացած խոսակցություն, որը սկսվում էր որևէ բանախոսի կողմից, այդ բառն առաջին նախադասության ամենագլխավոր մեխն էր»,- ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ այսօր չկա որևէ ինստիտուտ, անհատ, տնտեսագետների խումբ կամ համալսարան, որը կարող է հստակ կանխատեսել զարգացումների ուղղությունը: Հատկապես փոքր բաց տնտեսությունների համար, ինչպիսին Հայաստանն է, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնեց, որ իր կառավարությունը երկրորդային պատժամիջոցներ կկիրառի իրանական նավթի ցանկացած գնորդների դեմ: Իրանից Հայաստանը հիմնականում գազ է ներմուծում՝ բարտերային սխեմայով` էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխադարձ առևտրի հիմնական ուղղությունն է՝ 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց: Հայաստանը Իրանից ներմուծում է նաև նավթամթերք, սակայն դրա մասնաբաժինն ընդհանուր առևտրում մեծ չէ: Գալստյանի խոսքով՝ իր միջազգային հանդիպումների ժամանակ երեք հիմնական թեմաներ են ուշադրություն կենտրոնում` Ռուսաստան, Իրան և կրիպտոարժույթ: Նրա խոսքով՝ Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է Ուկրաինական հակամարտության զարգացման երկու հիմնական սցենար: Առաջին սցենարով ենթադրվում է, որ հակամարտությունը հանգուցալուծվում է, և «դրական սենտիմենտ» է ձևավորվում, սանկցիաները վերացվում են, միջազգային առևտուրը և ֆինանսական հոսքերը վերականգնվում են: Երկրորդ սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-ը չի կարողանում Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստանում են: «Դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է»,- ասաց ԿԲ ղեկավարը: Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների և գնահատի, թե ինչպես կարող են նոր պատժամիջոցները ազդել երկրի կենսական ոլորտների, մասնավորապես՝ էներգետիկայի վրա: «Արդյոք մենք կարո՞ղ ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին արտոնություն կտրվի», – ասաց Գալստյանը: Նրա խոսքով` ԿԲ-ն իր քննարկումներում արդեն ներառել է տարբեր սցենարներ՝ ավելի պատրաստված լինելու միջազգային տնտեսական և քաղաքական շոկերին:
18:02 - 06 մայիսի, 2025
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75%։  Այս մասին ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը արագանալով՝ մարտին կազմել է 3.3 տոկոս: Ներկայացնելով այդ ցուցանիշը՝ Մարտին Գալստյանն անմիջապես տեղեկացրեց, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև ապրիլի գնաճի տվյալը՝ 3.2 տոկոս: ԿԲ ղեկավարը, շարունակելով միտքը, նշեց, որ 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է, սակայն մնում է թիրախից ցածր՝ 2 տոկոսի մակարդակին: Ըստ Գալստյանի՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղեցման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են: «ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես, առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ պահպանվում են առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները»,- ներկայացրեց  Գալստյանը: Նա ընդգծեց, որ այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները: ԿԲ ղեկավարի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը:  «Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են գնաճային ռիսկեր»,- հայտնեց նա:  Մարտին Գալստյանի խոսքով՝ քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ: Ա տիպի, որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական և Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ ռիսկի հավելավճարի և դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։ Բ տիպի, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: Արդյունքում, արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով նաև Ա տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: 
15:58 - 06 մայիսի, 2025
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6,75%

Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6,75%

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75%: Ըստ Կենտրոնական բանկի տարածված հաղորդագրության՝ մարտի 18-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6,75%: Տևական ժամանակ հետևողական նվազեցումից հետո սա առաջին դեպքն է, որ գլխավոր դրամատուն անփոփոխ է թողնում տոկոսադրույքը: ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը տեղի էր ունենում տնտեսական աճի բարձր տեմպերի և գրեթե զրոյական գնաճի պայմաններում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն հունվարի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 1,7%: Նշվում է, որ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%:
13:25 - 18 մարտի, 2025
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից: «Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։ Ինչպես պաշտպանվել․ Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։ Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։ Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով»,- հայտնում են ԿԲ-ից։ Մանրամասները՝ հետևյալ հղումով։
11:22 - 18 փետրվարի, 2025
Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ |armenpress.am|

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն ընդհանուր առմամբ մնում են նույն մակարդակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:  «Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ հատվածի միջև: Այսինքն, կորի այդ հատվածում ունենք էական նվազում: Կորի երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է: Այսինքն, այս պահի դրությամբ ներդրողները, որքան էլ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը ցածր է երկարաժամկետ հատվածում, որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռքբերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից: Մյուս ֆենոմենը, որի հետ գործ ունենք, դա հսկայական պահանջարկն է, որը կա վարկային պրոդուկտների նկատմամբ: Այսինքն, թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները վարկերի բավականին մեծ պահանջարկ ունեն, որը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընդհանուր վարկային տոկոսների մակարդակը պահպանվում է նույն մակարդակին»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այս պահին բիզնես վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում կա: Ըստ Մարտին Գալստյանի, վարկերի տոկոսների կարգավորման դեմ վարչական լծակներ չկան, իսկ տոկոսադրույքների սահմանափակումն ավելի մեծ վնաս կպատճառի տնտեսությանը: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75 տոկոս:  
18:33 - 04 փետրվարի, 2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։   Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։  
12:46 - 04 փետրվարի, 2025
Հունվարի 27-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 20 000-դրամանոցներ

Հունվարի 27-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 20 000-դրամանոցներ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։  2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով: Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։ 1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: ԿԲ-ից ներկայացրել են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:  20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է: Դիմերես. ​​​​Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։ Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում: Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր: Դարձերես. ​Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։ Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։ Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):
15:11 - 27 հունվարի, 2025
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։  Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է պետական պարտատոմսերում, մնացածը՝ բանկային ավանդներում և կորպորատիվ պարտատոմսերում։ «Հայաստանում է ներդրված կուտակային ֆոնդի 1 տրիլիոնի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում։ Մնացածը բանկերի ավանդներում է և կորպորատիվ պարտատոմսերում, որից ամենախոշորը ՀԷՑ-ն է»,- ասաց Նուրբեկյանը։ Նուրբեկյանը հավելեց, որ ֆոնդերը ներդրումներ են արել նաև բաժնային IPO-ներում, սակայն այս հատվածում ակտիվությունը սահմանափակ է՝ պայմանավորված շուկայի փոքր ծավալով։ 
12:34 - 21 հունվարի, 2025
Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|

Առնվազն 3 տարի անհուսալի վարկեր ունեցող անձանց եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը հավանություն տվեց նոր նախագծի, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Բացի այդ՝ շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը ներկայիս մինչև 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20 տոկոս:  Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատեց՝ բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է: Հենց սա էլ ստիպել է մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: «Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրները, անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե նա ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»,-ասաց Մկրտչյանը:  Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսում ենք սահմանել 20 տոկոս: Այժմ այդ բռնագանձվող գումարի չափը մինչև 50 տոկոս է:  Պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է: Ընդ որում, նրանց 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է: Նախարարը նկատեց՝ նրանք գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Նա նշեց, որ այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն»,-ասաց նախարարը: Ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ ու պատասխանատվություն է: Ես օրը 20-30 նամակ եմ ստանում, մարդիկ ասում են՝ վարկ են վերցրել, չեն կարողանում փակել, խնդրում են օգնել: Եթե շատ անկեղծ ասեմ, սա անընդունելի խոսակցություն է: Ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ: Չի կարելի ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, դու փակիր: Երբ մարդը վարկ է վերցնում, պետք է պլանավորի, թե հետո ինչ է անելու»: 
12:55 - 12 դեկտեմբերի, 2024
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի |armenpress.am|

armenpress.am: Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:  «Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում:  Ֆոնդերի մասնակիցների թիվը մոտ 460 հազար է:  Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու աշխատավարձից կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնք լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից:  
11:29 - 25 նոյեմբերի, 2024