ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

«2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը չծավալվեց Իրանի շնորհիվ»․ Վահան Կոստանյան
 |mediamax.am|

«2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը չծավալվեց Իրանի շնորհիվ»․ Վահան Կոստանյան |mediamax.am|

mediamax.am: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:  «Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Վահան Կոստանյանը  Al-Monitor պարբերականի հետ զրույցում, որը հոդված է հրապարակել տարածաշրջանային իրադրության հետ կապված։  Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա: Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:
11:23 - 01 փետրվարի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել  Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը: Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2023
Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։ Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
13:21 - 29 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ

Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հեռախոսզրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը: Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայմանն առնչվող հարցեր։
17:44 - 27 հունվարի, 2023
«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ։ Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Եվրոպական միության և ավելի լայն տարածաշրջանի համար առկա առանցքային անվտանգային հարցերին, մասնավորապես եվրոպական անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի արգելափակման հետ կապված աճող մարդասիրական մտահոգություններին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալելու ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը, որը կարևոր ձևաչափ է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկման համար։ Հայաստանի միջազգային սահմանների մշտադիտարկման գործում Հայաստանն ակնկալում է Հայաստանում ԵՄ առաքելության հետ ամուր համագործակցություն։ Հայաստանն արժևորում է բոլոր միջնորդական և խթանման գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչն էական է Հայաստանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»։ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան նշել է. «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ընդամենն օրեր առաջ մենք հաստատել ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում, որի նպատակը տեղում կայունության ամրապնդմանը, մարդկային անվտանգությանը և վստահության ձևավորմանը նպաստելն է։ Այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն արտահայտում է արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում համագործակցությունն ընդլայնելու մեր փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը աշխատել միասին՝ ի շահ խաղաղության, անվտանգության ու կայունության, հատկապես ներկայիս՝ մարտահրավերներով լի միջազգային համատեքստում, որը բնորոշվում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմով»: Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատել են հանձնառությունը՝ աշխատելու հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների։ Այս համատեքստում կողմերը քննարկել են այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը։ Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործունեության և ԵՄ ղեկավարությանը ներկայացվելիք զեկույցների միջոցով կնպաստի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորությամբ իրականացվող ջանքերին: Մտքերի համապարփակ փոխանակման ընթացքում երկխոսության մասնակիցները նաև քննարկել են ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային այլ խնդիրներին առնչվող հարցեր։ ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստերը նախատեսվում է անցկացնել պարբերաբար՝ ամենամյա սկզբունքով:
11:06 - 27 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:   Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:  Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում են: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը:
20:06 - 26 հունվարի, 2023
Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
19:24 - 25 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր  գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
17:34 - 25 հունվարի, 2023
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը. Արարատ Միրզոյան

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը. Արարատ Միրզոյան

Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․«Պարոն նախագահ, Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար: Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար: Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամների, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար: Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն: Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։ Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։ Հարգելի՛ գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։ Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։ Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։ Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։ Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։ Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։ Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։ Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար: Հարգելի գործընկերներ, Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին: Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է: Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»: Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։
22:30 - 24 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ քննարկել է  Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր

Հունվարի 24-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։    Կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։
17:13 - 24 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։
09:54 - 24 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է  ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով։ Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է նաև ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։
17:50 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ «Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- գրել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
17:04 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով: Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։
16:17 - 23 հունվարի, 2023