Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

«Նա տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյանը ներկայացրեց՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին |news.am|

«Նա տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյանը ներկայացրեց՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին |news.am|

news.am: Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Նա զրպարտել է ինձ այն առումով, թե ես իրեն ինչ-որ կենցաղային հարցերով նամակներ եմ հղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքել և պահանջել է, որ հրապարակեն այդ նամակները, պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան տեղի չէր ունեցել»,- նշեց երրորդ նախագահը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրեն չի զգուշացրել հնարավոր ռազմական գործողությունների վտանգի մասին, երրորդ նախագահը թվարկեց, թե քանի անգամ են ներկայիս իշխանությունները զգուշացվել այդ մասին․ «Առաջին անգամ ապրիլի 17-ին և՛ ինքը, և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ես ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ դրանից հետո բացատրեցի, թե ինչումն է խնդիրը։ Իրենց սկզբից ոնց որ չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով կոնտեքստից, այդ բառերը որպես ապացույց բերել՝ բանակցությունների ձախողման։ Հետո 44-օրյա պատերազմից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա տեսեք, ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, որ վատ է լինելու և այլն․ 2 տարի խոսում էին այդ մասին, իսկ հիմա ասում են, որ չենք զգուշացրել։ Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթում» ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ բնականաբար, ինքն իր բնույթով շուռ տվեց իմ ասածն ու տարավ այնտեղ, թե ես իբր սպառնում եմ մեր ժողովրդին։ Այն ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ, Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ։ Հաջորդ զգուշացումն ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ ինքն առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորներն ասում էին, որ ինքը չի կարող կառավարել, չի կարող լինել Գերագույն գլխավոր հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, դա էլի ինքը չընկալեց։ Հաջորդ հիշեցումն ուղիղ տեքստով եղել է 2020-ի մարտին, երբ նա Վայոց Ձորում Քովիդը խեղդում էր օղիով բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, եթե մենք չենք ասել, բա այդ բառերը որտեղի՞ց էր։  Ինչ վերաբերում այն ասածին, որ կար մարդ որ և՛ ինձ հետ էր շփվում և իր հետ էր շփվում․ այո, կար այդպիսի մարդ, բայց, ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Ուղղակի թող նա հիշի այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019-վերջին 2020-ի սկզբից, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու, բանից պարզվեց, որ այդ մարդկանց կանգնել էր, որ թիկունքից հարվածի, և հարվածեց։ Ես անձամբ երբ 2020-ի ամռանը մամլո ասուլիս անցկացրի, ես ասացի, որ արդեն ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են․ էլ զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում»։
18:07 - 04 ապրիլի, 2024
Կներվեն արցախցիների՝ ոսկու գրավադրմամբ վերցրած վարկերը
 |civilnet.am|

Կներվեն արցախցիների՝ ոսկու գրավադրմամբ վերցրած վարկերը |civilnet.am|

civilnet.am: Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, ովքեր Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 3-ի նիստում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։ Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների հետվերադարձը։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:
12:33 - 04 ապրիլի, 2024
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
 |azatutyun.am|

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Ազատության» տեղեկություններով՝ Սարգիս Գալստյանը Հայաստան է մուտք գործել ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Նա և կինը Արցախից Հայաստան են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում նաև պնդել էր՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած իր հորեղբայրը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել:
16:08 - 03 ապրիլի, 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
 |1lurer.am|

ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ |1lurer.am|

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ: Զառա Ամատունի - Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար «Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է, իր ցանկությամբ, որևէ անձի չենք կարող դրդել որևէ արարքի, հայտնում են, մենք որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ»:  
14:54 - 03 ապրիլի, 2024
Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր

Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։   Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -ից:Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ։Նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից տրամադրվող շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ։ Յուրաքանչյուր դեպքով ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։Քննարկվել են մի շարք այլ հարցեր։
18:41 - 29 մարտի, 2024
ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո

ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է արել․ որտեղ, մասնավորապես, ասվում է․  «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագոյն սպառնալիքներ։ Արցախի յանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանութիւնը ամէն կերպ մոռացութեան է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրաւունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազօրութիւն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունէութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարուել այդ իրաւունքներից։ Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը հայութեան օրակարգի վրայ են եւ մինչեւ չլուծուեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիւ եւ իրական խաղաղութիւն։ Հ.Յ.Դաշնակցութիւնը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանութիւնը։ Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ։ Համոզուած ենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մէկն է՝ հայկական պետականութեան փրկութիւնը»։
09:15 - 29 մարտի, 2024
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան
 |factor.am|

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան |factor.am|

factor.am: Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է, Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ունենալու հայտարարությունը կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա։ Կոնջորյանի խոսքով՝ իրենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։ Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի պետական մարմինների գործունեությանը։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»,- ասել էր Շահրամանյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:25 - 28 մարտի, 2024
Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը ի պատասխան արված հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, նաեւ, որ Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է: «Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասում են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, իրենք գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են իրենք գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, իրենք ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասաց նա: Բեգլարյանի խոսքով, լավ, թե վատ, Արցախի իշխանությունները ինչ-որ ձեւով, կիսատ-պռատ ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում, որպեսզի ներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները եւ հնարավորինս պաշտպանվեն դրանք նաեւ իրենց կողմից: «Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը: Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը թերեւս արձագանքն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն. «Չէի ասի, որ այդտեղ հատուկ վտանգ կա, ուղղակի պետք է ձեւակերպումն այնպես անել, որ այո, Հայաստանի տարածքի վրա Արցախի իշխանությունների լիազորությունները չեն տարածվում: Իհարկե, նախընտրելի է, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանություններին եւ աջակցեն, բայց եթե նույնիսկ չեն էլ ճանաչում, չպետք է գոնե խանգարեն, լրացուցիչ վտանգներ, սպատնալիքներ ստեղծելով: Էլ չեմ խոսում, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներից բխող խոսույթը այնպիսին է, որ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, արտաքին գործակալական ցանցի մի մաս է, որը շատ անընդունելի խոսույթ է: Շատ արցախցիներ կան, որ համարում են, որ Արցախի իշխանությունները եղած-չեղած, շատ ավելի քիչ գործունեություն են ծավալում, իրենց ձայնը չի լսվում, քան ինչ-որ իրենք անում են: Տեսանելի է, որ հոկտեմբերից ի վեր շատ զգույշ ու զուսպ ձեւով են Արցախի պետական մարմինները գործում, այնքան, ինչքան ռեսուրս ու կարողություն ունեն: Այսինքն հակառակ քննադատությունն էլ կա: Իմ տպավորությամբ Արցախի իշխանությունները բավականին զուսպ եւ զգույշ են, որպեսզի շահարկումներ չլինեն ոչ ներսից, ոչ Ադրբեջանից»,- հայտարարեց Արցախի նախկին պետնախարարը:
17:27 - 28 մարտի, 2024
Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։ Վերջինս Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ «Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա, առանց անուններ նշելու, ասել է, թե նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Եվ տեսել ենք՝ ինչ են արել այդ հնարավորության հետ»։ «Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք; Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- եզրափակել է Փաշինյանը։
12:22 - 28 մարտի, 2024
Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ
 |armenpress.am|

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
12:16 - 28 մարտի, 2024
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
 |arm.sputniknews.ru|

ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությոնը լուծարելու մասին։ «Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։ Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,- ասել է նա: Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ են կամ հաշմանդամություն ունեն, նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեզմանները։ Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա` Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։ Անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև` Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում։ «Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»,- ասել է նա: Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։
11:02 - 28 մարտի, 2024
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
 |news.am|

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ |news.am|

news.am: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակվող և անօրինական բանտարկությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը, այդ թվում՝ նրանց կյանքին վտանգ սպառնալը, միջազգային լուրջ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել: Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր և ապահովելու Ադրբեջանում պատանդառված բոլոր հայ ռազմագերիների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ կերպով հայրենիք վերադարձը»։ Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ Ադրբեջանը կալանքի տակ է պահում Արցախի Հանրապետության ութ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից կալանքի տակ պահվող բոլոր հայերի տառապանքը խորապես մտահոգիչ է, այսուհանդերձ, նրանց հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։«Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի չորս ամսվա «կանխարգելիչ կալանավորմանը» հետևելու են մի շարք շինծու մեղադրանքներ: Հաշվի առնելով Վարդանյանի և մնացած բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդանշական և պատմական նշանակությունն Արցախի անկախության գործում՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Ինստիտուտը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչախմբին՝ անհապաղ կերպով ազատ արձակելու բոլոր հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին։ Բացի այդ, միջազգային հանրությանը հորդորել է զերծ մնալ ցանկացած տեսակի օգնության տրամադրումից, որը կարող է ավելի վատթարացնել Արցախի ցեղասպանության զոհերի տառապանքը կամ քաջալերել Ադրբեջանին՝ իրականացնելու ցանկացած անօրինական ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։
11:00 - 27 մարտի, 2024
Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|

Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։ «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», - ասված է հայտարարությունում։
10:54 - 27 մարտի, 2024
Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

a1plus.am: «Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որպեսզի մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։ Գ. Ստեփանյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց կարիքների համար միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող աջակցությունն ընդհանրապես չի համապատասխանում առկա կարիքներին։ «Ըստ հանրային դաշտում առկա հայտարարություների՝ աջակցությունների թիվը չի գերազանցում 65-67մլն դոլարը և՛ Եվրոմիության և՛ ԱՄՆ կողմից հատկացրած։ Հարկ է նշել, որ այդ գումարը չի հատկացվել Հայաստանի կառավարությանը։ Դրանից կարծես թե 15մլն դոլարն է, որ ուղիղ բյուջետային աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս գումարը հատկացվել է Կարմիր խաչին, և տարբեր զարգացման, հասարակական կազմակերպությունների։ Վստահորեն, այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն ցուցաբերել են, բայց դա ընդհանրապես շոշափելի աջակցություն չէր։ Այսօր մարդիկ կան, որ սոված են քնում։ Տրամադրված 40+10 աջակցությունն ընդամենը հերիքում է բնակարանային վարձը և կոմունալ ծախսերը հոգալուն»,- ասում է Գ. Ստեփանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:56 - 26 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երևանում և մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները: Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը: Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգից՝ Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից: Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից: Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել է համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաև հասարակական կազմակերպությունների վերլուծությունները: Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Մանրամասն ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման և այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը: Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ: Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին և այլ հարցերի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը: Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:
18:37 - 25 մարտի, 2024