ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արամ Արամյանը միաձայն (40 կողմ) քվեարկությամբ` ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ: Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազ Արամյանին՝ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է համապատասխանենք վարքագծի ամենաբարձր չափորոշչին»,- շեշտել է Աննա Վարդապետյանը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամ Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ստանձնած գործառույթներն իրականացնելիս՝ կանի առավելագույնը համակարգի հեղինակությունը բարձր պահելու համար:
15:00 - 30 հունվարի, 2023
Հրդեհի գործով ձերբակալված թիկունքի պետը երկու ամիս ժամկետով կալանավորվել է

Հրդեհի գործով ձերբակալված թիկունքի պետը երկու ամիս ժամկետով կալանավորվել է

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով, հայտնում են Դատախազությունից։  Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
09:50 - 27 հունվարի, 2023
Զինվորական դատախազը կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում

Զինվորական դատախազը կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Այս մասին հայտնում  են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները. տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում. տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը. պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը. իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին. հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է: Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն:
16:43 - 26 հունվարի, 2023
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը
 |factor.am|

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը երեկ՝ հունվարի 25-ին, բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանք առաջադրելուց հետո այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթների ընթացքում մեղադրանքի վերաբերյալ հայտարարություններ էր արել, որից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից: Ի պատասխան Ալումյանի բողոքի՝ Դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը գրությամբ հայտնել էր, որ բողոքաբերի պահանջը դուրս է դատախազության լիազորություններից: Պաշտպան Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով արձանագրել Քոչարյանի իրավունքների խախտման փաստն ու Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։ Առաջին ատյանի դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել էր՝ ճանաչելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստը։ Դատախազ Վահե Դոլմազյանի և պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը։ Այս որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ։ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել: Դատախազն ընդգծել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որևէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանի որ վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել, եթե անձամբ կատարեր նախաքննություն։ Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձևակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը: Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով իր կայացրած որոշմանը՝ նշել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել․ ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ, բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:30 - 26 հունվարի, 2023
Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր
 |hetq.am|

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատարանում հայցադիմումը ներկայացնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների: Նշենք, որ Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը: Գևորգ Քոչարյանը 2022թ. դեկտեմբերին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, նշեց, որ Քոչարյանը ներկայացնի սկզբնական հայցադիմումը, որից հետո՝ միայն միջնորդությունը: Ներկայացնելով հայցադիմումը, Գ. Խաչատրյանը նշեց, որ պահանջում են հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան: Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները: Նշենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը: Դատախազությունը խնդրում էր նաև Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը: Գևորգ Քոչարյանը նշեց, որ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պետք է բռնագանձել նշված գույքերի միջին շուկայական արժեքները: Բացի այդ, դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից և 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մասը: Ինչպես նաև 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների: Դատախազությունը խնդրում է վերը նշված դրամական պահանջը բավարարել, ինչպես Սեյրան Օհանյանին պատկանող, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող ակտիվների հաշվին: Այդ թվում՝ Աննա Բադալյանի անվամբ գրանցված Նալբանդյան փողոցի անշարժ գույքի, Ժակ Պիեռ Ֆովոյի Վահագնի թաղամասի առանձնատան օրինական եկամուտներով հիմնավորվող մասերի, ինչպես նաև Բենիամին Ղալեչյանի անվամբ գրանցված Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի գույքի կառուցապատման իրավունքի հաշվին: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ Բ. Ղալեչյանը հանդիսանում է Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի ազգականը: Իսկ այդ գույքի իրական շահառուն Ս. Օհանյանն է: Գևորգ Քոչարյանը թվարկեց նաև փաստական տվյալներ, որոնք հայցադիմումի հիմքն են կազմում: Մասնավորապես նշեց, որ Սեյրան Օհանյանի 2009թ. ներկայացված հայտարարագրի համաձայն, կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին 34 մլն 770 հազ դրամի չափով նվիրատվություն է փոխանցել: Իսկ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրել է նշված գումարային արժեքով LEXUS մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այն չի համապատասխանում Ճանապարհային ոստիկանությունից ստացված տվյալներին: LEXUS ԼX 570 մակնիշի ավտոմեքենան Ռ. Խաչատրյանի անվամբ  հաշվառվել է 2011թ. հոկտեմբերի 3-ին, ինչն էլ հիմք է ընդունվել: Բացի այդ, ավտոմեքենայի համար Ռ. Խաչատրյանի կողմից վճարման փաստը հավաստող տեղեկություններ չեն եղել բանկային քաղվածքներում և դատախազությունը հիմք է ընդունել հայտարարագրված 34 մլն 770 հազ դրամը: Գևորգ Քոչարյանն ասաց, որ ավտոմեքենայի ձեռքբերումը օրինական եկամուտներով, հիմնավորվում է 3,29%-ով: Հաջորդ գույքի մասով նշվեց, որ 2009թ. հուլիս ամսին Սեյրան Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի կողմից կանխիկ մուտքագրված գումարներից 198,199 000 և 62,378,100 դրամի չափով փոխանցումներ են արվել՝ Նալբանդյան փողոցի 98 շենքում գտնվող երկու բնակարանի և տարածքի համար: Այդ գործարքները Գլխավոր դատախազությունը համարել է Սեյրան Օհանյանի կողմից կատարված: Գևորգ Քոչարյանը նշեց, որ 2009թ. հուլիսի 3-ի դրությամբ (մինչև օգնականի կողմից գումարների փոխանցումը) Օհանյանի օրինական եկամուտներից դրամական միջոցների մնացորդը կարող էր կազմել ընդամենը 865,116 դրամ: Այլ կերպ ասած՝ Նալբանդյան փողոցի տարածքի օրինական մասը կազմում է 0,44%, իսկ 2 բնակարանի օրիանականությունը, ըստ Քոչարյանի, չի հիմնավորվում օրինական եկամուտերով: Նույն տարվա հուլիսի 30-ին Ա. Առաքելյանի անվամբ 900,000 ԱՄՆ դոլար վարկ է ստացվել «Արցախբանկ»-ից և փոխարկվել դրամի: Նույն օրը փոխանցումներ են կատարվել Նալբանդյան փողոցի վրա գտնվող երկու անշարժ գույքերի համար: Սեյրան Օհանյանը, ընդհատելով դատախազության ներկայացուցչին, հայտնեց, որ նշված գույքերն իրենը չեն: «Գտնում եմ, որ փաստաբանները պետք է լուրջ ուսումնասիրեն, ծանոթանան ինչի մասին, որ խոսվում է: Մեծամասնությանը ես չեմ տիրապետում: Առաջարկում եմ փաստաբաններն ուսումնասիրեն»,- հայտնեց Օհանյանը, հավելելով, որ ինչի մասին դատախազությունը խոսում է, զգալի մասին չի տիրապետում, իսկ գործի նյութերն իր մոտ չեն: Ըստ էության Օհանյանը միջնորդում էր դատական նիստը հետաձգել: Սակայն, դատարանը որոշեց, որ դատախազությունը ներկայացնի հայցադիմումի առարկան, և քանի որ գործի քննությունը չի ավարտվում, կատարվելու են որոշ դատավարական գործողություններ։ Օհանյանն իր դիրքորոշումը կարող է ներկայացնել փաստաբանների հետ քննարկելուց հետո: Սեյրան Օհանյանն առարկեց, հայտնելով՝ ստացվում է, ինքը պետք է նստի ու միայն լսի: Ըստ Օհանյանի, ստեղծված վիճակը հավասարազոր է նրան, որ նիստն առանց իրեն տեղի ունենա: Դատարանը որոշեց նիստը շարունակել: Շարունակելով տվյալների ներկայացումը, Գ. Քոչարյանը հայտնեց, որ 2009թ. սեպտեմբերին Արթուր Առաքելյանի կողմից ևս 48,468,420 դրամի փոխանցում է կատարվել Նալբանդյան 98 շենքի 25 տարածքի  համար: Այդ գումարը, ըստ Գ. Քոչարյանի, չի հիմնավորվել օրինական եկամուտներով, օրինական է համարվել միայն դրա 0,85%-ը: Ամփոփելով 25 տարածքի վերաբերյալ տարբեր փոխանցումները, Քոչարյանն ասաց, որ օրինական եկամուտներով փոխանցում է համարվել ընդհանուր փոխանցված գումարների միայն 81,79%-ը: Ինչ վերաբերում է Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ գրանցված Վահագնի թաղամասի առանձնատանը, Գևորգ Քոչարյանը նշեց, որ տարածքի հողամասը 2019թ. փետրվարին 160 մլն դրամով ձեռք է բերվել «Հովնանյան» Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից՝ Զարուհի Բադալյանի կողմից (Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է): Հողամասն ունի 4000քմ մակերես: Նշված գույքի դիմաց փոխանցումները, բանկային քաղվածքներով, չեն հայտնաբերվել: Սակայն, քանի որ առուվաճառքի պայմանագրում նշված է, որ գումարն ամբողջությամբ վճարված է, դատախազության կողմից վճարում կատարելու փաստն ընդունվել է պայմանագրի կնքման օրը: Գևորգ Քոչարյանը նշեց, որ այդ գույքի իրական շահառուն ևս հանդիսանում է Սեյրան Օհանյանը, ուստի այդ գույքի ձեռքբերման օրվա դրությամբ հաշվարկվել է վերջինիս օրինական եկամուտները: Օրինական գումարների մնացորդների բացակայության պայմաններում, նշված անշարժ գույքի ձեռքբերումն ամբողջությամբ գլխավոր դատախազությունը համարում է ապօրինի: Նշված հասցեում իրականացվել է շինարարություն. կառուցվել է առանձնատուն: Դրա ներդրումային արժեքի, այսինքն՝ կատարված ծախսերի ուղղությամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ըստ Գ. Քոչարյանի, 2021թ. ստացված փորձագիտական եզրակացությամբ փորձագետները նշել են, որ կառուցապատման համար, 2019թ. տվյալներով, կարող էր ծախսվել 648,700,000 դրամից մինչև 716,980,000 դրամ: Նշված շինարարությունը սկզբում իրականացվել է առանց թույլտվության և տևել է տարիներ: Միայն 2019թ.-ին է ստացել արտաքին ավարտուն տեսք, իսկ ներքին հարդարման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Գևորգ Քոչարյանն ասաց, որ բավարար ապացույցներ չեն կարողացել ձեռք բերել, թե երբ, ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել: Սակայն, հիմք ընդունելով, որ շինարարությունն իրականացվել է մինչև 2019թ., իսկ շինարարական ծախսերը նախորդող տարիներին ողջամտորեն ավելի պակաս պետք է լինեին, քան 2019-ին (գնաճով պայմանավորված), փորձաքննությամբ կատարված ներդրումային արժեքներներից, որպես կատարված ծախս, ընդունվել է նվազագույն արժեքը՝ 648,700,000 դրամը: Գևորգ Քոչարյանն ասաց, որ նշված ծախսը Սեյրան Օհանյանի օրինական եկամուտներով հիմնավորվում է 108,053,358 դրամով, կամ՝ 16,68%-ով: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ 2020թ. մայիսի 22-ին Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ 6 մլն 4 հազար 590 դրամ փոխանցում է կատարվել բյուջե՝ նշված հասցեի ապօրինի կառույցի օրինականացման համար: Բոլոր ծախսերը հաշված՝ (հողամաս, կառուցապատում, օրինականացման համար վճարում) նշված գույքի օրինականությունը հիմնավորվել է 14%-ով: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:27 - 26 հունվարի, 2023
Պաշտոնից ազատվել են Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազները. կան նոր նշանակումներ

Պաշտոնից ազատվել են Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազները. կան նոր նշանակումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ hունվարի 19-ի, 23-ի, 24-ի և 25-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազը ստորագրել է պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազ Վարդապետյանը ստորագրել է նաև պաշտոնի նշանակման հրամաններ: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Մադոյանը փոխադրվել է Երևան Քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: Առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երրորդ դասի խորհրդական Անի Միքայելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վաչե Ղազարյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Մուրադյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ Ոստիկանությունում շնորհված լեյտենանտի կոչումը համապատասխանեցնելով երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանին:
13:08 - 26 հունվարի, 2023
Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Ըստ Քյարամյանի՝ վկաների ցուցմունքներով բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է

Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Այս մասին այսօրվա՝ հունվարի 26-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։  «Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է, և կարծես թե, էս պահի դրությամբ ունենք ապացույցների այն անհրաժեշտ բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունը անընդհատ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ կառավարության նիստում որևէ բան հնչել է, որևէ մեկը այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ․ «Որովհետև այդ պահին ինչ հնչել է, ինչ տեղեկություն ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք, կիսում ենք և կկիսենք։ Նկատի ունեմ՝ եթե կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է․ «Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»։ Վարդապետյանի ու Քյարամյանի հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ հայտնեց քննությունից։ «Պետք է ընդգծել, որ ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել, որ բուլդոզերները դիզվառելիք են օգտագործում, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար։ Հիմա փաստորեն գործի տվալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Ընդ որում՝ վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը՝ բռնկված վիճակում, ու նաև տարածքը՝ բռնկված վիճակում։ Եվ էդ ամեն ինչը էս պահին գոնե հիմնավորվում է, և էլի եմ ասում, որ սա չի նշանակում, որ որևէ բանով կաշկանդված ենք, և քննությունը պետք է լինի շարունակական»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել ՊՆ-ում։ Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։
12:03 - 26 հունվարի, 2023
ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է․ Աննա Վարդապետյան

ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է․ Աննա Վարդապետյան

ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Նա այլ մանրամասներ չասաց՝ իր խոսքով, ելնելով նախաքննության ընթացքից։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ որոշվել է զինվորների կացարանի հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում հարուցել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ըստ դատախազության՝ նա իր պարտականությունները չի կատարել՝ այդ թվում նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
11:52 - 26 հունվարի, 2023
Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։  Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով՝ կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը. կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը. ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը. ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:43 - 26 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա․Չ․ի (Արմեն Չարչյանի-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Photolure-ի
12:58 - 23 հունվարի, 2023
«Այգեկի մանկապարտեզ»-ի տնօրենը այնտեղ բանվորի հաստիքը զբաղեցնող, ՀՀ-ից բացակայող իր հորը վճարել է զգալի չափերով գումար

«Այգեկի մանկապարտեզ»-ի տնօրենը այնտեղ բանվորի հաստիքը զբաղեցնող, ՀՀ-ից բացակայող իր հորը վճարել է զգալի չափերով գումար

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Ն. Մ.-ն, զբաղեցնելով «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնը, նույն Կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հոր՝ Ս.Զ.-ի վերաբերյալ, հաշվապահ Հ.Ա.-ի հետ կազմել, ստորագրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Կազմակերպության տնօրեն Ն.Մ.-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ.-ի կողմից, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, հաշվարկվել և ՀՈԱԿ-ի դրամական միջոցներից Ս.Զ.-ին է վճարվել զգալի չափերով գումար: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հաստատվել են «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Մ.-ի կողմից նույն ՀՈԱԿ-ի հաշվապահ Հ.Ա.-ի և բանվոր Ս.Զ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում ու Ն.Մ.-ի և Հ.Ա.-ի կողմից խմբի կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ Կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:      Միաժամանակ, դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին՝ վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը:
15:03 - 21 հունվարի, 2023
Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան

Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է իր նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: 2023 թվականի հունվարի 3-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից: Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ: Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով:Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և նոյեմբերի 28-ին Ա.Գ.-ի նկատմամբ 19 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել, այն ուղարկվել էր վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել էր, միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել էր միջնորդությունը: Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով, որը 2022 թվականի դեկտեմբերին ևս երկու ամսով երկարաձգվել էր: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 21 հունվարի, 2023
Զինդատախազը ծանոթացել է ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին

Զինդատախազը ծանոթացել է ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հունվարի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին: Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների հետ, այնպես էլ բուժզննում իրականացնող ռազմական բժիշկների հետ: Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ քննարկել է նաև զորակոչի գործընթացն ու կազմակերպչական մի շարք հարցեր:
16:38 - 20 հունվարի, 2023
«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։ Նա կարծում է, թե այս միջնորդությունն այսօր են ներկայացրել, որ շեղեն հասարակությանն այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։ «Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Ազգային ժողովի նախագահը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Պատգամավորին համապատասխան տեղեկացում է տրվել։ Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ», - հայտնեց Ծովինար Խաչատրյանը։
13:12 - 20 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
11:58 - 20 հունվարի, 2023