Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք |armenpress.am|

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։  «Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,- հանդիպումից հետո Ջոշուա Հաքի խոսքերը փոխանցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  
14:59 - 30 մայիսի, 2025
«Հայ Առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում, մի 1000 հատ էլ կտենա, եկեղեցին իր ատամի բանը չէ»․ Հայկ Մամիջանյան
 |aravot.am|

«Հայ Առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում, մի 1000 հատ էլ կտենա, եկեղեցին իր ատամի բանը չէ»․ Հայկ Մամիջանյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Եկեղեցին թիրախավորելու հայտարարություններին ու գործողություններին։ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորություն է, որ այդ քաղաքական դիակը դեռեւս հավաքված չէ»,- ասաց նա։ Մամիջանյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 29-ի կառավարության նիստում այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում։ «Ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան ՔՊ պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, ովքեր պսակադրություն են անցկացրել եկեղեցում, կյանքի ամենածանր պահերին դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն։ Կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության՝ ուժայինները, իրավապահ մարմինները։ Կարդան ու իրենք իրենց մեջ պատասխանեն մի հարցի՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- ասաց նա։ Հայկ Մամիջանյանը հավելեց․ «Հայ Առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում՝ տարբեր կալիբրի, մի 1000 հատ էլ կտենա։ Հայ Առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»։
12:55 - 30 մայիսի, 2025
ԱԺ-ն ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը
 |factor.am|

ԱԺ-ն ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը |factor.am|

factor.am: ԱԺ-ն 93 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը։ Նշենք, որ արձանագրության վավերացումն ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցության բարելավմանը, մասնավորապես հետախուզման հետ կապված փաստաթղթերի էլեկտրոնային ճանապարհով փոխանցման հնարավորություններին, ինչը ներկաումս չի կարգավորվում: Այսինքն՝ որոնման ընթացքում փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային հիմունքներով, այլ ոչ թե թղթի վրա, ինչպես նախկինում էր արվում: Հավելենք նաև, որ ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին: 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:
13:31 - 29 մայիսի, 2025
Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
 |civilnet.am|

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան |civilnet.am|

civilnet.am: «Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհանգստություն ստեղծի սահմանային գոտում։ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ ձգտում է խաղաղության պայմանագրի կնքմանը և փորձում է կանխել սահմանային էսկալացիաները»,- այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նախօրեին ասել էր, թե Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Օրեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե իրական վտանգ կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է կրկին սրվել։ Անդրադառնալով այս հայտարարություններին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ յուրաքանչյուր գերտերություն իր շահերն ունի, և չես կարող ասել, թե նման հայտարարություններն ինչ հիմք ունեն։ «Հայաստանի իշխանությունն ասում է այն, ինչ կա, և դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի»,- ասել է նա։ Խաչատրյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին սահմանային գոտում՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի։ «Ցավոք սրտի, նրանք սահմանային հատվածներում բնակչություն չունեն։ Եվ եթե նրանք կրակում են կամ զորավարժություն են անցկացնում, դա լսվում է մեր գյուղերում։ Ցանկացած կրակոց, իհարկե, անհանգստացնում է»,- նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լուծում տալ այդ խնդիրներին։ «Օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տրվի։ Եթե կնքվի, չեն կրակի»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում բանակային ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերով։ Պատգամավորը շեշտել է, որ հայկական կողմն ունի համարժեք պատասխան գործողությունների հնարավորություն, սակայն ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է բացառել էսկալացիան։ «Մեր ԶՈւ-ն ադեկվատ գործողություններ է իրականացնում, և էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել», – ասել է իշխանական պատգամավորը։ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկայում սահմանային լարվածության նախերգանք չկա։ Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
12:18 - 29 մայիսի, 2025
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը
 |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն այսօրվա՝ մայիսի 29-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ (կողմ՝ 67, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 29 ձայնով) ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություն չի կատարվել: Զաքարյանը հայտնել էր՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծմանը, որտեղ էներգակիրները բավականին էժան են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին ժամանակներում նկատվում է իրանական ցեմենտի գնանկում, ինչի հետևանքով տեղական ցեմենտը գնային առումով դարձել է ոչ մրցունակ, և ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև: Այսպիսով, պաշտպանելու համար ներքին արտադրողին առաջարկվում էր ինքնարժեքների համահարթեցման նպատակով մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով՝ գործող 200-ապատիկի փոխարեն: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (կողմ՝ 68, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 28 ձայնով): Վավերացվեց նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը: Հիշեցնենք՝ ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից՝ ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո: Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ: Խորհրդարանը վավերացրեց նաև ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:   Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով: Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ: Վավերացվեց նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով կբարելավվի ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը նախագիծը (կողմ՝ 65 դեմ՝ 0, ձեռնպահ՝ 31 ձայներով):   «Օրակարգը սպառվեց,  նիստը՝ նույնպես»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  
12:04 - 29 մայիսի, 2025
Հայաստանի խորհրդարանում հյուրընկալել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Հայաստանի խորհրդարանում հյուրընկալել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հրաչյա Հակոբյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաեւ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Դմիտրո Միկիշան կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները:
17:48 - 27 մայիսի, 2025
«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ
 |azatutyun.am|

«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են: «Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեցին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը: Համեմատությունը Սիմոնյանը տեղին է համարում։ Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է՝ ոչ: Արցախ չի՞ եղել. տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել: «Ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել, այո, չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի: Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրենք էլ էդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իր հայելային արձագանքն է, էդքան բան: Ես ասում եմ՝ ինչու է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»: Դիտարկմանը՝ «մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունները կային, այսինքն՝ երկու տարի առաջ է դա արել», Սիմոնյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ»: Ղարաբաղի հայերը մի օր, երբ անվտանգ կլինի, պետք է վերադառնան ու ապրեն իրենց տներում, կարծում է խորհրդարանի խոսնակը: «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին կոչ է անում մոռանալ, չի տեսնում հնարավորություն, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում. - «Ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պահի դրությամբ անհնար է»: Բայց այլ կանխատեսում է Սիմոնյանն անում՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. ինքն, օրինակ, Ադրբեջանից գազ կառներ: «Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որը որ ժամանակին իրենք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այսինքն, մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալիս և իրար չենք նայում, հինգ րոպե հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել», - վստահ է Ազգային ժողովի նախագահը: «Առևտուր են անելու: Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը, կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, տենց պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք», - շարունակեց Սիմոնյանը: Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ազդակներ Ադրբեջանից կա՞ն. Ալեն Սիմոնյանն ասաց՝ խոսակցությունը շարունակվում է, իսկ հայ - ադրբեջանական սահմանին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հնարավոր էսկալացիայի մասին տեղեկության, պնդեց, չի տիրապետում։ 
17:12 - 27 մայիսի, 2025
Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն |armenpress.am|

Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն |armenpress.am|

armenpress.am: Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:   Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:  Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական  պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461–րդ և 462–րդ հոդվածներով):  Պետությունը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է նկատել:  «Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461–րդ հոդվածի 1–ին մասով և 462–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461–րդ հոդվածում 1–ին մասում սահմանված պատիժը՝ 2–5 տարի ժամկետով ազատազրկումը, փոխարինել 3–6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462–րդ հոդվածում՝ վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սահմանված տուգանքը՝ առավելագույնը 20–ապատկի չափով, փոխարինել 15–ապատիկից 30–ապատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, փոխարինել 1–3 տարի ժամկետով»,–ասաց Քոչարյանը:   Կառավարությունում կարծում են, որ նման փոփոխությունները կարող են նպաստել զինվորական ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: 
13:29 - 27 մայիսի, 2025
Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք, և ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ից և ԵՄ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններին ՀՀ: Այս համատեքստում ԱԺ խոսնակն ընդգծեց՝ պետք է եղած հարցերը բարձրաձայնել, միաժամանակ Հայաստանի անվտանգության համակարգի ու տնտեսության համար նոր ճանապարհներ փնտրել: «Այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել: Այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական համակարգով իրեն հեռու պահել (ՀՀ-ում և ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների համատեքստում - խմբ.), այդ ՀԱՊԿ երկրներից մեկը հայտարարել էր, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին. դա ու էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց,- այնուամենայնիվ, լավ բան չէ երկիրն ամբողջությամբ 1 խողովակից կախելը և 1 ճանապարհով երկրի [ընթացքը] ապահովելը: Ասում եմ՝ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է. չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս»: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը, տեսլականն ու շահերը, իսկ ՀՀ դիվանագիտության, քաղաքական գործչի գործունեության իմաստը, ըստ Ալեն Սիմոնյանի, այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը: «Ռուսամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է այդ ծանր, երկու կամ երեք, չորս բևեռների միջով տանի առաջ,- ասաց նա և հավելեց.- Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող 1 երկիր, որն ամբողջությամբ քաղաքական 1 գիծ է վարում: Նման երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Դրա օրինակները չեմ ուզում բերել, բայց շատ վատ օրինակներ են: ՀՀ-ն շատ լավ ու բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ որևէ մեկը պետք է իրենց դրածոներին փորձեն այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով սարքել: Դրա համար պետք է բալանսավորել: Այլ ծայրահեղության մեջ պետք չէ ընկնել»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
13:06 - 27 մայիսի, 2025
10 000-ից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին
 |1lurer.am|

10 000-ից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է: Ինչպես մնացած նորմալ երկրներում է, մարդիկ, որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան զինվորական: Դա վերջնանպատակն է: Հիմա այս ընթացքում կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ չեմ մտնելու: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որի փոփոխություններից մեկի համաձայն՝ առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ:  «10 հազարից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից»,- ասաց ԱԺ նախագահը և պարզաբանեց, թե վերջնանպատակը պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ ծառայելու ցանկություն ունեցողները ծառայությանը կվերաբերվեն որպես մասնագիտություն: Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ օրենքը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, քանի որ կան հարցեր, որոնք քննարկման փուլում են, բայց նաև ընդգծեց, թե այն իրավիճակը, որ եղել է և կա մեր երկրում տասնամյակներ շարունակ, պետք է փոխել: «Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են երեխաներին ազատել բանակից, դա արել են: Նոր որակում տալու որևիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է»,- ասաց նա:
12:28 - 27 մայիսի, 2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ Նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։  Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունը առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։  Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։ Նախագիծը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ հիմնավորելով փոփոխությունը տնտեսական և արդյունաբերական հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ ցեմենտը հանդիսանում է ռազմավարական նշանակության ապրանք, որի արտադրության շարունակականությունն ու ներքին շուկայի պահանջարկի տեղական ապահովվածությունը կարևոր են ազգային տնտեսության համար։ Սակայն վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գների կտրուկ նվազումը՝ պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ և էներգակիրների ցածր սակագներով, խաթարել է տեղական արտադրողների մրցունակությունը։ 2023 թվականին ներմուծվել է շուրջ 260 հազար տոննա ցեմենտ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 անգամ՝ կազմելով տեղական արտադրության մոտ 22.4 տոկոսը։ 2024 թվականին նույնպես արձանագրվել է շուրջ 65% ներմուծման աճ։ Զաքարյանը նշեց, որ տեղական արտադրության ինքնարժեքի գերակշիռ մասը ձևավորվում է էներգառեսուրսների ծախսերից, ինչի հետևանքով ներկրվող ցեմենտը վաճառվում է զգալիորեն ցածր գնով՝ մոտ 27 500 դրամ մեկ տոննայի դիմաց, մինչդեռ տեղական արտադրանքի միջին գինը հասնում է 35-37 հազար դրամի։ «Ստեղծվել է իրավիճակ, երբ ներմուծվող ցեմենտը ոչ միայն լրջորեն խաթարում է տեղական արտադրողների դիրքերը, այլև սպառնում է նրանց գոյությանը։ Նման պայմաններում նրանք կարող են կանգնել արտադրության դադարեցման, իսկ շուկան՝ ներմուծումից ամբողջական կախվածության առաջ, ինչը կվնասի մեր արդյունաբերական քաղաքականությանը և կբերի ցեմենտի գների անկանխատեսելի աճի»,- նշել էր փոխնախարարը։
11:33 - 27 մայիսի, 2025
ԱԺ-ն մերժեց Հաղթանակի 80-ամյակի և Շուշիի ազատագրման մասին հայտարարության նախագիծը
 |civilnet.am|

ԱԺ-ն մերժեց Հաղթանակի 80-ամյակի և Շուշիի ազատագրման մասին հայտարարության նախագիծը |civilnet.am|

civilnet.am:  Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որն առաջարկում էր ԱԺ կողմից հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունն օրակարգ չընդգրկվեց՝ 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Նախագիծը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումն ընթացել է աշխարհաքաղաքական շահերի բախման և թեմայից շեղված մեկնաբանությունների շրջանակում։ Հայտարարության նախագծում նշվում էր, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերով և զոհողություններով, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Անդրադարձ կար նաև Շուշիի 1992-ի ազատագրմանը՝ որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակ։
11:15 - 27 մայիսի, 2025
Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում

Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում

Երևանում մայիսի 26-ին մեկնարկել են «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային երկրորդ համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում շուրջ 15 երկրների խորհրդարանականների, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների ու ՀՀ ԱԺ պատագամավորների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկման համակարգող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը քննարկման բացման ելույթում ընդգծել է երկխոսության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները՝ խթանելու մեր համատեղ հանձնառությունը: Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն»: Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թատերաբեմ, այլ՝ որպես համագործակցության խաչմերուկ: «Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա. այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն: ՀՀ կառավարությունը սկսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես գործնական, խաղաղ եւ ապագային միտված նախաձեռնություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կոնկրետ, իրատեսական ծրագիր է՝ տարածաշրջանում վերաբացելու եւ կառուցելու նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկ եւ կապի ենթակառուցվածքներ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախագիծը հիմնված է չորս առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն: Նրա դիտարկմամբ սրանք այն կարեւոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլեւ կայուն դարձնել: Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները: Նրանք ողջունել են նման ձեւաչափով քննարկումները՝ կարեւորվելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց տարածաշրջաններում խաղաղությանը եւ համագործակցությանն ուղղված ջանքերը: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում: Ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու, իրենց օգտակար դիտարկումներն ու հաջողված փորձը ներկայացնելու համար:
21:43 - 26 մայիսի, 2025
Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|

Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվեր ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ Նիստը մեկնարկեց, բայց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի արտահերթ նիստը չեղարկվում է։ «Պետք է հայտարարեմ, որ հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստը չեղարկվում է։ Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք եւ հաշվի առնելով, որ դեռեւս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարը ԱԺ շենքում է գտնվում։ Մեզ համար խիստ անհասկանալի է, նաեւ հասկանալի է, որովհետեւ իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու է բացասական եզրակացություն։ Նաեւ հասկանալի է, որ հանրային մեծ ընդվզում կա, եւ տարբեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներ, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։ Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական եւ այլ կատեգորիաներից»։ Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլ կա մեծ սպասում․ եւ Սփյուռքում, եւ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում։ «Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասին, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է ՀՀ-ից արտագաղթը եւ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երեւույթը, որը ՀՀ-ում ունենք։ Եվ այն խեղված վիճակը, որն առկա է զորակոչի համակարգում, շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։ Պետք է հետամուտ լինենք, որպեսզի մինչեւ առաջիկա զորակոչի օրը, այսինքն՝ մինչեւ հուլիսի մեկը օրենքն ընդունվի եւ մտնի օրինական ուժի մեջ՝ իր բերելով բոլոր այդ դրական հանգամանքները»,- ասաց Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթը, բայց զուգահեռ կառավարությունն արել է իր առաջարկությունները, որոնց հիման վրա այս նախագծերը պետք է լրամշակվեն։ Այս փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչեւ 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչեւ 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախատեսվում է նաեւ Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։ ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։
10:27 - 26 մայիսի, 2025
Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով առանձնահատուկ նշանակություն է տրվում Հայաստանի անդամակցությանը «Միջազգային արեւային դաշինքին», որը Հնդկաստանի եւ Ֆրանսիայի համատեղ նախաձեռնություն է: Հակոբ Արշակյանի գնահատմամբ սա նույնպես նոր հնարավորություններ է բացում ոլորտում համագործակցության համար: Նա ընդգծել է, որ մեր երկիրը գնահատում է Հնդկաստանի աջակցությունը Հայաստանի՝ 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու հայտին: Նշվել է, որ միջազգային համագործակցության տեսանկյունից Հայաստանը կարեւորում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչպես նաեւ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» եւ Չաբահար նավահանգստի նախագծի շրջանակներում համատեղ ծրագրերով: Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարեւորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին: Նիլակշի Սահա Սինհայը ներկայացրել է Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին ստեղծված լարվածությունը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում: Նրա համոզմամբ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են հանգեցնել տեւական կայունության ու տարածաշրջանային զարգացման: Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
15:21 - 23 մայիսի, 2025