ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», - գրել է նա սոցիալական հարթակներում։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», - հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։
Այսօր 11:25
Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ |azatutyun.am|

Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորատային ոլորտներում համագործակցությունը խորացնելու ներուժի ուղղությամբ: Այս մասին ասված է Բրյուսելում անցած օրերին կայցած անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում։ Նիստը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Մասնակիցները անկեղծ և կառուցողական կարծիքներ են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։ Ողջունել են բարձր մակարդակով անցկացված վերջին հանդիպումները՝ ցույց տալով կողմերի համատեղ շահագրգռվածությունը երկկողմ հարաբերություններում նոր գլուխ բացելու հարցում», - հայտարարել են կողմերը։ Հայտարարությունում ԵՄ-ն նաև վերահաստատում է «Ադրբեջանից հուսալի գազի մատակարարման կարևորությունը» ԵՄ էներգետիկ անվտանգության համար: «Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը», - ասված է ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության կայքէջում հրապարակված հայտարարությունում։
11:06 - 29 մայիսի, 2025
ԵՄ խորհուրդը համաձայնության է եկել մինչև 150 միլիարդ եվրո պաշտպանական ներդրումային ծրագրի շուրջ
 |azatutyun.am|

ԵՄ խորհուրդը համաձայնության է եկել մինչև 150 միլիարդ եվրո պաշտպանական ներդրումային ծրագրի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել մինչև 150 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական ներդրումային ծրագրի՝ SAFE-ի շուրջ։ Այս մասին ասված է կառույցի հաղորդագրությունում։ Ծրագիրը մասնավորապես կֆինանսավորի զենքի և զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև ԵՄ-ի պաշտպանության համար կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Անդամ երկրներից բացի, այլ պետություններ ևս, այդ թվում՝ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան կարող են գումար ստանալ այդ ծրագրից։ Գումարը կօգտագործվի զինամթերքի, հրթիռների, հրետանային, ՀՕՊ համակարգերի դրոնների արտադրության, արհեստական բանականության և տիեզերական արդյունաբերության զարգացման համար։ Ապրանքների մեծ մասը պետք է արտադրվի ԵՄ-ի ներսում։ SAFE ծրագիրը ԵՄ երկրների վերազինման լայնածավալ ծրագրի առաջին փուլն է, որն ընդունվել է Ուկրաինայում պատերազմի և Վաշինգտոնի կողմից արտասահմանում ռազմական ներկայությունը կրճատելու քաղաքականության ֆոնին։ Վերազինման ծրագրի ընդհանուր արժեքը մի քանի տարվա ընթացքում կարող է հասնել 800 միլիարդ եվրոյի:
18:41 - 27 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։  Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են կոնկրետ մեխանիզմներ, որոնց լավագույնս իրացումը համապատասխանում է ՀՀ և ԵՄ կողմից բարձագույն մակարդակում արտահայտված՝ երկկողմ գործընկերությունը խորացնելու քաղաքական կամքին։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական միտումներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
16:48 - 27 մայիսի, 2025
Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք, և ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ից և ԵՄ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններին ՀՀ: Այս համատեքստում ԱԺ խոսնակն ընդգծեց՝ պետք է եղած հարցերը բարձրաձայնել, միաժամանակ Հայաստանի անվտանգության համակարգի ու տնտեսության համար նոր ճանապարհներ փնտրել: «Այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել: Այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական համակարգով իրեն հեռու պահել (ՀՀ-ում և ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների համատեքստում - խմբ.), այդ ՀԱՊԿ երկրներից մեկը հայտարարել էր, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին. դա ու էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց,- այնուամենայնիվ, լավ բան չէ երկիրն ամբողջությամբ 1 խողովակից կախելը և 1 ճանապարհով երկրի [ընթացքը] ապահովելը: Ասում եմ՝ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է. չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս»: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը, տեսլականն ու շահերը, իսկ ՀՀ դիվանագիտության, քաղաքական գործչի գործունեության իմաստը, ըստ Ալեն Սիմոնյանի, այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը: «Ռուսամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է այդ ծանր, երկու կամ երեք, չորս բևեռների միջով տանի առաջ,- ասաց նա և հավելեց.- Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող 1 երկիր, որն ամբողջությամբ քաղաքական 1 գիծ է վարում: Նման երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Դրա օրինակները չեմ ուզում բերել, բայց շատ վատ օրինակներ են: ՀՀ-ն շատ լավ ու բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ որևէ մեկը պետք է իրենց դրածոներին փորձեն այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով սարքել: Դրա համար պետք է բալանսավորել: Այլ ծայրահեղության մեջ պետք չէ ընկնել»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
13:06 - 27 մայիսի, 2025
Մակրոնը, Մերցն ու Տուսկը դատապարտել են Վրաստանում «ժողովրդավարությունից նահանջը»
 |factor.am|

Մակրոնը, Մերցն ու Տուսկը դատապարտել են Վրաստանում «ժողովրդավարությունից նահանջը» |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել են Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք, ըստ եվրոպացի առաջնորդների, խաթարել են երկրի ժողովրդավարական ինստիտուտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։Մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվա առթիվ տարածված համատեղ հայտարարության մեջ Մերցը, Մակրոնը և Տուսկը դատապարտել են «վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարության հետընթացի և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների վրա հարձակումների»։ Նրանք համերաշխություն են հայտնել վրաց ժողովրդին և վերահաստատել իրենց «անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ «Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումներն արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:19 - 26 մայիսի, 2025
Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ Փաշինյան

Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: «Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել: «Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է. «Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: «Համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր դրույթի, որը նախատեսում է՝ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության համաձայնագիրը չկատարելու համար։Վարչապետը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն պարտադիր պետք է ներկայացնել Սահմանադրական դատարան: «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին»: Վարչապետը նշել է` դա նշանակում է, որ վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում. «Սա շատ կարևոր լուր է, որովհետև դա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս: Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը»: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց ՀՀ Կառավարությունն այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. «Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»: Երկրի ղեկավարը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և ընդգծել, որ նախագծի շրջանակում Հայաստանն առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով: Վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր սկզբունքներին՝ պետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձություն: «Սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը։ Երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու արևելքը և արևմուտքը, հյուսիսը և հարավը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, դժբախտաբար, որոշակի վարանողականություն է նկատվում Ադրբեջանի կողմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում հնարավոր առաջընթաց ունենալու համար առաջարկվել են կոնկրետ լուծումներ՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել «Մեզ համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ: Մենք ասում ենք հետևյալը՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը: Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»։ Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն ունի կոնկրետ առաջարկներ առաջընթաց ունենալու և տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հասնելու համար. «Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ հասանելի։ Եվ մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության օրակարգին: Մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ինչ մեզնից կախված է՝ իհարկե, հարգելով իմ արդեն նշած սկզբունքները: Տիկնայք և պարոնայք, իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար»։
15:00 - 26 մայիսի, 2025
Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Սլովակիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռոբերտ Ֆիցո |armenpress.am|

Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Սլովակիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռոբերտ Ֆիցո |armenpress.am|

armenpress.am:  Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը։ «Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։   «Սա շատ կարևոր է համաժողով է՝ քննարկելու համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Կցանկանայի օգտվելով առիթից՝ ներկայացնել Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Սլովակիայի դերակատարությունն ընդհանուր համագործակցության համատեքստում։ Առաջնահերթությունների թվում են խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերն ու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը»,- ասել է Ֆիցոն։  Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև հաստատվել են ամուր բարիդրացիական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա։  «Մեր երկրները նաև առևտրային գործընկերներ են, որոնց միջև տնտեսական կապերն աճում են հատկապես էներգետիկայի, մեքենաշինության, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում։ Օգտագործելով այս առիթը՝ մենք Հայաստանի վարչապետի հետ հանգամանորեն կքննարկենք համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մենք աջակցում ենք Հայաստանի ու ԵՄ-ի սերտ համագործակցությանն ու հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսվել տնտեսական ձեռքբերումներով և սոցիալական ոլորտում իրականացրած բարեփոխումների իր փորձով՝ նպաստելով Հայաստան-ԵՄ գործընկերության պայմանագրի կնքման և վիզաների ազատականացման երկխոսությանը»,- նշել է Սլովակիայի վարչապետը։  Նա հավաստիացրել է, որ Սլովակիան այսուհետ ևս կաջակցի ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, ինչն արդարացրել է իրեն շատ դեպքերում։  «Սլովակիան և Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև Կոսովոյում իրականացվող խաղաղապահ ուժերի գործունեության համատեքստում։ Հայաստանի ներդրումը Արևմտյան Բալկաններում կայունության գործում մեծապես գնահատելի է։ Հայաստանի վարչապետի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործում նույնպես ողջունելի են։ Այս տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության վերաբերյալ ոչ վաղ անցյալում հնչած հայտարարություններն առանցքային նշանակություն ունեն երկու կողմերի համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը բավականին ուժեղ մեսիջ կհղի Եվրոպային առ այն, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով։ Սլովակիան կանգնած է ձեր կողքին և պատրաստ է աջակցել ձեր ջանքերին»,- ասել է նա։                     Խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին՝ Ֆիցոն շեշտել է, որ երկու կառույցներն էլ կենսական նշանակություն ունեն Սլովակիայի համար։  «Այս ինտեգրացիան և շփումների շրջանակը հաստատվել են Եվրոպական տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման նպատակով։ Անդամակցելով ԵՄ-ին՝ Սլովակիան գրանցել է առաջընթաց քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, որը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների և փոխգործակցության վրա։ Այդ գործընթացը խորացնելու նպատակով հատկապես տնտեսության բնագավառում կան լավ հեռանկարներ մեր քաղաքացիների համար։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ մենք չպետք է քննադատական վերաբերմունք ցուցաբերենք ԵՄ-ի քաղաքականության և որոշումների նկատմամբ։ Օրինակ՝ Սլովակիայի կառավարությունը հակադրվել է Եվրամիության այն առաջարկներին, որոնց շնորհիվ պետք է հրաժարվել ռուսական էներգակիրների ձեռքբերումից։ Սլովակիան կոնկրետ քայլեր է կատարել իր էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք միայն մեկ կողմից մատակարարումների հետ կապված ռիսկերը, սակայն ԵՄ-ի առաջարկները կարճատեսական են։ Համոզված ենք, որ դրանք կհարվածեն մեր մրցունակությանը և էներգետիկ անվտանգությանը՝ հատկապես միջուկային էներգետիկայի տիրույթում, որտեղ ներկայում չկա վառելիքային այլընտրանք Սլովակիայի համար»,- նշել է Սլովակիայի վարչապետը։ Նա հավելել է, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ ձգտում են  հավասարակշռության՝ կառուցելով նոր գործընկերություն։  «Ձգտում ենք նաև ամրացնել ռազմավարական հարաբերությունները մի շարք երկրների հետ։ Ունենալով փոքր, սակայն բաց և արտահանման միտված տնտեսություն՝ մենք ցավով ենք տեսնում գլոբալ տնտեսական միտումները, մասնավորապես անազնիվ առևտրային մրցակցությունն ու տնտեսական պրոտեկցիոնիզմը։ Սլովակիայում 20 հազար աշխատատեղեր կվտանգվեն, եթե համաշխարհային առևտրային պատերազմը խորանա։ Այդ պատճառով մենք կարիք ունենք առաջ մղել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են արտահանման դիվերսիֆիկացիայով»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը։ 
14:10 - 26 մայիսի, 2025
Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան
 |1lurer.am|

Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ներկայացրեց իր մտորումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի մասին: «Ինչպես գիտեք, մենք կարողացել ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները, և Հայաստսնը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը, և գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ ՄԽ լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, և Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն ՀՀ տարածք, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանել «Արևմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական առաջարկ է՝ ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- ասաց վարչապետը:  Հաջորդ խնդիրը, որը Ադրբեջանը բարձրացնում է, իր այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: «Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար: Եկեք խնդիրն ուշադիր դիտարկենք և հասկանանք՝ արդյոք կա՞ն տարածքային պահանջներ ՀՀ Սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի: Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում և չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Անցյալ տարի Ադրբեջանի հետ կարողացանք ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, և դա պատմության մեջ առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն էր, որ ստորագրվել էր ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից, և ՀՀ օրենսդրության համաձայն մենք այդ փաստաթուղթը ուղարկեցինք մեր ՍԴ՝ պարզելու, թե այդ փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը: Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը և պարզեց, որ կանոնակարգում Ալմա Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատելու գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
11:27 - 26 մայիսի, 2025
Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|

Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի իր ելույթում անդրադարձել է գլոբալ անկայունությանը, կլիմայական փոփոխություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին և տարածաշրջանային խաղաղության հեռանկարին՝ շեշտելով համաշխարհային համագործակցության և քաղաքական համարձակ որոշումների անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ աշխարհը կանգնած է խորացող ճգնաժամի առաջ, որն ունի լրջագույն հետևանքներ՝ թե՛ տնտեսության, թե՛ միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։ «Կլիման այլևս չի հետևում մեզ ծանոթ օրինաչափություններին, իսկ մարդկությունը բախվում է անորոշությանը, ինչը խուճապի և անկայունության զգացողություն է առաջացնում»,- ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ մարդն առաջին անգամ չէ, որ հաղթահարում է անորոշությունը։ Հիշեցնելով COVID-19 համավարակը, գիտության պատմական մարտահրավերները և աշխարհագրական հայտնագործությունները, նախարարը շեշտել է, որ «մարդկությունը միշտ էլ դիմագրավել է անորոշություններին՝ վերածելով դրանք զարգացման հնարավորություն»։ Խոսելով Հայաստանի մոտեցումների մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկիրը նպատակ ունի խթանել համագործակցությունը, կապերի ընդլայնումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային կապիտալի զարգացումը։ Նախարարն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հաղթահարելու առճակատումները և խթանելու համագործակցությունը։ «Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի դժգոհություններով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա: Պատմությունը չի ավարտվել, այն չի կարող մոռացվել: Այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմությունների միջոցով, որոնք ոմանք կարող են փորձել խթանել: Մինչ սպիները մնում են, և բուժումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտ նվաճում չէ։ Այն շարունակական գործընթաց է, որը մղվում է քաջարի դիվանագիտության, փոխըմբռնման և վստահության կառուցման միջոցով։ Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքով, որևէ կողմի կողմից տարածքային պահանջների միանշանակ մերժում և մյուսների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացում»,- ասել է նախարարը։
11:03 - 26 մայիսի, 2025
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը: Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերին: «Խորապես հպարտ ենք մեր մայրաքաղաքում ձեզ հյուրընկալելու այսպիսի համաժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով, հարթակ՝ մտորումների, համագործակցության և հեռանկարայնության համար:  Քիչ առաջ էկրանին դիտեցիք, թե ընդամենը երկու շաբաթ առաջ «Նավարկելով անհայտության միջով» վերնագրի ներքո ինչպես պատկերեցինք աշխարհը փոխող վերջին զարգացումներից մի քանիսը:  Ակնհայտ է, թե երկու շաբաթվա ընթացքում որքան թարմացումներ են անհրաժեշտ, քանի նոր՝ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, և դեռևս անհայտ է, թե ինչպես կզարգանան այդ իրադարձությունները վաղը»,- ասաց Միրզոյանը: Նրա խոսքով՝ ականատես ենք եղել դրական և քաջալերող զարգացումների, բայց զուգահեռ նկատել ենք նաև, թե քանի պայմանավորվածության շուրջ է համաձայնություն ձեռք բերվել կամ չի բերվել: Ըստ Միրզոյանի՝ այս տարվա թեման՝ «Նավարկելով անհայտության միջով», ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին: «Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների՝ աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով: Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը, և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ՝ բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ:  Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ: Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը: Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն:  Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են: Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ: Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
10:40 - 26 մայիսի, 2025
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։  Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։  «Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Արարատ Միրզոյանը։   ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի սկսելու մասին օրենքի նախագծին։  Մեկնաբանելով Հայաստանի կառավարության նման որոշումը՝ Ռուսաստանում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: 
16:18 - 21 մայիսի, 2025
Հայաստանը մինչև 95 տոկոս նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը մինչև 95 տոկոս նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին:  ՀՀ ԱԳն-ից հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Արարատ Միրզոյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  Հայաստան-ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում։ Այս սեմինարի անցկացումը Հայաստանում վկայում է Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խորացման մասին։ Վստահ եմ, որ ձեր քննարկումներն այստեղ լինելու են խորաթափանց և նպաստավոր՝ ուղղորդելու մեր համատեղ ճանապարհը, որով գնալու մեր հանձնառությունը շարունակաբար ավելանում է։ Այս քննարկումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որը բնորոշվում է հետաքրքիր զարգացումներով և փոփոխություններով, ինչպես նաև բազմաթիվ անորոշություններով։ Ես սա ասում եմ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով, այլ նաև հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային միտումները, ինչպես նաև ԵՄ ներսում առկա անվտանգության դիլեմաները։ Այստեղ ես շատ պարզ հարց ունեմ, որի պատասխանը նույնպես պարզ է, բայց այն հետևանքները, որոնք այն առաջացնում է, ուղղակի ազդեցություն ունեն  մեր բոլորի վրա՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ մեր տարածաշրջանի։ Արդյոք ապրում ենք այն նույն աշխարհում, որում ապրում էինք անցյալ տարի։ Նույնիսկ չեմ խոսում 4-5 տարի առաջվա իրավիճակի մասին։ Անշուշտ՝ ոչ։ Արդյոք առկա անվտանգության ճարտարապետությունն ու միջազգային կարգն արդյունավետ են եղել առկա և զարգացող մարտահրավերներին արձագանքելու գործում։ Վստահ եմ՝ ոչ։ Կան արդյոք արագ և հեշտ լուծումներ բացերը լրացնելու և ալեկոծությունները հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ պարզ լուծումներ չկան, բայց ժամանակակից մարտահրավերների վերագնահատման և խորքային ըմբռնման միջոցով, և, հետևաբար, առաջնահերթությունների վերարժևորմամբ, անհրաժեշտ է ապահովել ավելի ամուր սիներգիա հիմնական արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և միաժամանակ համարձակ լուծումների միջև։ Մենք հետևում ենք ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաներին և քննարկումներին, ուշադիր հետևում ենք այն ընտրություններին, որոնց առջև կանգնած է ԵՄ-ն։ Ժողովրդավարություն Չորս տարի առաջ, հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ասելով սա՝ ես անգամ վստահ չեմ, որ այն ժամանակ բոլորս ամբողջապես պատկերացնում էինք, թե հիբրիդային պատերազմը տեղում իրականում ինչ ձև կարող է ստանալ և որքան լայնածավալ կարող է լինել ոչ կանոնավոր միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին։ Այժմ, երբ հետևում ենք Եվրոպայում ընտրական գործընթացներին, նկատում ենք, որ հիբրիդային պատերազմների երևույթն առավել տեսանելի է դարձել։ Համապատասխանաբար, Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինել ենք հենց ժողովրդավարությանը և դրա կողմից ապահովվող մեխանիզմներին, առաջին հերթին՝ ազատ ընտրություններին և իրավունքի գերակայությանը։ Այդ պահից ի վեր մենք չենք շեղվել այս ճանապարհից։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է Կառավարության քաղաքականության մեջ՝ հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար՝ ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը։ Եվ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Պարզապես նշեմ ամենավերջին օրինակներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Հայաստանը գրանցել է էական առաջընթաց՝ ցուցանիշը բարելավելով 9 հորիզոնականով, և այժմ գտնվում է 34-րդ հորիզոնականում՝ նույնիսկ մի շարք ԵՄ անդամ պետություններից առաջ։ Բացի այդ, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլ նաև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Դիվերսիֆիկացիա Մենք նաև համարձակ քայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր համագործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։ Նշանակալից է, որ մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու  ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդեռլանդների հետ ունեցած արդյունքները՝ երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։ Մենք ձևավորել ենք Ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր համագործակցության և բարեկամության նշան: Ինչպես վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները, մենք հսկայական ներուժ ենք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես կայացած ժողովրդավարությունների և տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ։ Մինչ մենք արդեն կառուցել ենք ամուր գործընկերություն մեր երկկողմ համագործակցության հիմնաքարային փաստաթուղթի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ինստիտուցիոնալ ճարտարապետության միջոցով, այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հեռանկարային մի փաստաթուղթ, որը, ռազմավարական առաջնահերթությունների և իրականացվելիք ծրագրերի միջոցով, նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը։ Այն հիմնված է վերջին տարիներին մեր ձևավորած ամուր գործընկերության վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ արդարադատության բարեփոխումներից մինչև տնտեսական զարգացում, կապուղիներ և էներգետիկա: 2024 թվականին մենք հասանք ևս մեկ կարևոր հանգրվանի. Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում։ Մինչ մենք շարունակում ենք քննարկումներն այս ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն ավելացնելու ուղիների շուրջ, մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդության և աջակցության վրա՝ դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։ Անցյալ տարի մենք հասանք Վիզայի ազատականացման երկխոսության (VLD) մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ: Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից. սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը և փոխըմբռնումը։ Այստեղ ես ուզում եմ շատ անկեղծ լինել. սա, անկասկած, այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները, և հակառակը։ Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են ստեղծարար լուծումներ՝ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք, օրինակ, կարող են ներառել Ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, ինչպես նաև ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ և այլ գործնական քայլեր։  Սա լիովին համահունչ է Հայաստանի վարչապետի 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարության հետ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այս մոտեցումն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների ձգտումներին, որոնք արտացոլվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքում։ Սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում, Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն և մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության մյուս հենասյուներին՝ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունն, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, և մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները, ցավոք, դեռ շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը՝ կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության և կայունության պահպանման գործում։ Հետևաբար, հրադադարի խախտումներին հասցեական և սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։ Մինչ ԵՄ-ի կողմից Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումն անցյալ տարի նշանակալի նվաճում էր, մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է՝ ընդլայնելու և խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով աշխատանքն բոլոր անդամ պետությունների հետ՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կապահովեն այս աջակցությունն՝ այն դարձնելով կանխատեսելի և զերծ չկապակցված նկատառումներից։ Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից:  Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկելէներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Ելնելով երկրի համար ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակից՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միջազգային իրավական մեխանիզմներում ավելի սերտ ներգրավվածության օգտին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Խաղաղություն, հարևանություն Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ, մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։ Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։ Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՝՛ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո։ Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում։ Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակներում։ Այս նախաձեռնությունն առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և կապուղիները՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ կամ կապի գծեր, գործեն այն պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։ Մենք «Խաղաղության խաչմերուկը» համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ, որոնք ավելի ու ավելի են ընդգծում թափանցիկ, անվտանգ և ինքնիշխանությունը հարգող փոխկապակցվածությունը։ Հայաստանի ներգրավվածությունն այս ձևաչափերում և՛ ժամանակին է, և՛ անհրաժեշտ։ Հիմա է ճիշտ պահը՝ Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին՝ որպես խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող հանձնառու, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր։ Այս տրամաբանությամբ մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք Սև ծովը Կասպից ծովին կապող բազմամոդալ միջանցքները, որոնք ձգվում են դեպի արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիայի աճող շուկաներն ու էներգետիկ ռեսուրսները։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ավելացող ներգրավումը Կենտրոնական Ասիայում և խրախուսում ենք ԵՄ հարավկովկասյան և կենտրոնասիական ռազմավարությունների միջև սիներգիան։ Ինչպես իրավացիորեն նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «…Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա խաղի կանոնները փոխող իրադարձություն: Եվ դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ»։ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կառուցողական կապող օղակ այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերն, այլև թվային, էներգետիկ և նորմատիվ փոխգործելիությունը։ Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի հանձնառության մասին են վկայում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք խորապես համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։ Ես խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն ցանկանում եմ նշել, որ մենք արդեն ձևավորված և ինտենսիվ համագործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։ Մեր համագործակցությունն Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում․ Պարսից ծոց - Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը՝ կապելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Ծոցի երկրների հետ և անդին։ Եզրափակիչ ուղերձ Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են: Եկեք կառուցենք մեր համագործակցությունը համատեղ արժեքների հիման վրա և ձեռնարկենք համարձակ ու ստեղծարար քայլեր՝ մեր տարածաշրջանի և դրանից անդին կայունության, դիմացկունության և բարօրության համար։ Շնորհակալ եմ։
17:41 - 20 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Տիրանայում հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:  Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին:
17:06 - 16 մայիսի, 2025