Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|
10:40 - 26 մայիսի, 2025

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը:

Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերին:

«Խորապես հպարտ ենք մեր մայրաքաղաքում ձեզ հյուրընկալելու այսպիսի համաժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով, հարթակ՝ մտորումների, համագործակցության և հեռանկարայնության համար: 

Քիչ առաջ էկրանին դիտեցիք, թե ընդամենը երկու շաբաթ առաջ «Նավարկելով անհայտության միջով» վերնագրի ներքո ինչպես պատկերեցինք աշխարհը փոխող վերջին զարգացումներից մի քանիսը: 

Ակնհայտ է, թե երկու շաբաթվա ընթացքում որքան թարմացումներ են անհրաժեշտ, քանի նոր՝ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, և դեռևս անհայտ է, թե ինչպես կզարգանան այդ իրադարձությունները վաղը»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ականատես ենք եղել դրական և քաջալերող զարգացումների, բայց զուգահեռ նկատել ենք նաև, թե քանի պայմանավորվածության շուրջ է համաձայնություն ձեռք բերվել կամ չի բերվել:

Ըստ Միրզոյանի՝ այս տարվա թեման՝ «Նավարկելով անհայտության միջով», ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին:

«Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների՝ աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով: Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը, և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ՝ բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ: 

Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ:

Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը: Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն: 

Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են:

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ:

Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- ընդգծեց ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել