ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը: Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը: Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:23 - 15 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:
17:55 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց՝ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանն ընդգծեց՝ որոշ դեպքերում որոշել են տարանջատել կառույցների գործառույթները, որոշ դեպքերում՝ միավորել․ «Օրինակ, ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միացվել են և ձևավորովում է Ներքին գործերի նախարարությունը․ գնացել ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության մարմինները միավորում ենք և մեկ կառույցի մեջ ենք փորձում տեղավորել համակարգը։ Կան դեպքեր, երբ առնանձնացնում ենք համակարգի մաս կազմող այդ մարմինները, որպեսզի բարձրացնենք նրանց արդյունավետությունը և  նրանց անվտանգության ապահովման կարողությունները»։ Առանձնացման դեպքերին անդրադառնալով՝ Գրիգորյանը խոսեց ՊՊԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին․ «Ինչու ենք պետական պահպանության ծառայությունը և արտաքին հետախուզական ծառայությունը առանձնացնում ԱԱԾ-ից, բազմաթիվ պատճառներ կան, նույնիսկ արտաքին հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա երեք ուղղությամբ աշխատանքի վրա, դա հակահետախուզությունն է, հակաահաբեկչությունը և սահմանադրական կարգը»։ Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի, որով առաջարկվում է ՀՀ-ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: 
12:50 - 09 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

 |armenpress.am|

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և կդառնա առանձին մարմին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ  պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունը գործող ցմահի փոխարեն կտրամադրվի համապատասխանաբար 7 և 10 տարի ժամկետով, որից հետո՝ հնարավորությունը կնախատեսվի վարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ի մարմիններից առանձնացնել ու դարձնել առանձին մարմին: Նախատեսվում է նաև խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս դրույթները վերաբերելու են գործող և ապագա վարչապետերին ու նախագահներին: «Ըստ դրույթների՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության դրույթն այնպես, որ պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Այս դրույթը գործելու է օրենքն ընդունելու պահից սկսած: Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ  ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից: Հանրապետության նախագահի, վարչապետի և նրանց ընտանիքի անդամների համար գործող  կարգավորումներով ամրագրված անձնական բժիշկ ունենալու փոխարեն առաջարկվում է սահմանել, որ վերջիններիս համար ապահովվելու է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն կարգավորումն  է նախատեսվում նաև ԱԺ նախագահի և նրա ընտանիքի անդամների համար: Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԽ քարտուղարը հայտնեց. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:  
15:33 - 08 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել և կանխվել է մի շարք անձանց 3400-7000 ԱՄՆ դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել և կանխվել է մի շարք անձանց 3400-7000 ԱՄՆ դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք․ ԱԱԾ

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների  ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։ Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:     Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։ Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-նշված է հաղորդագրության մեջ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:12 - 06 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:28 - 29 նոյեմբերի, 2022
Ձերբակալվել են «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

Ձերբակալվել են «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում «Թումանյանի անտառտնտեսությունից» մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 խմ վառելափայտը նրան վաճառելու համար նույն օրը իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն Ա. Բ.-ին հանձնել է իր կազմած՝ ընդամենը 4 խմ փայտանյութի բացթողնման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ: Բացի այդ, Գ. Պ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25 խմ վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից նույնպես ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 խմ վառելափայտ վաճառելու համար վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 քմ մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ: 28.11.2022 թ. «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
19:12 - 28 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել նաև ՀՀ ԱԺ նախագահին։ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկեց խորհրդարան։  «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:  Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 
15:49 - 24 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել

 |armenpress.am|

ԱԱԾ-ն առաջարկում է իր ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ընձեռնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: «Արդյունքում թափուր պաշտոնները առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ՝ մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված 5-ամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ»,- ասաց Սիմոնյանը:
13:49 - 24 նոյեմբերի, 2022
Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան
 |civilnet.am|

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի․ Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից և կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, և հիմա փոփոխություն է կատարվում օրենքում։ Այդ ծառայությունը նախագահներին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը։ Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունը երկարացնելու հնարավորություն կտրվի՝ ըստ անհրաժեշտության։  
12:25 - 24 նոյեմբերի, 2022
ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։  Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում  միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում։  Ստացված տվյալներն իրացնելու նպատակով  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության  փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում,  հաշվարկված և վճարված աշխատավարձերը ևս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը։ Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երևանի քաղաքային վարչության և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում:  Արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ,  համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ,  220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են,  միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:07 - 18 նոյեմբերի, 2022
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա որոշմամբ ստեղծված գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Ողջունելով ներկաներին՝ Ա.Աբազյանը ներկայացրեց նոր ձևավորված հանձնաժողովի խնդիրները և հույս հայտնեց, որ հանձնաժողովի վերանայված կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները: Այնուհետև տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ընտրություն: Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվեցին երեքը՝ «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:   Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի անդամներին տրվեց կոնկրետ հանձնարարականներ: Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և օրակարգում ընդգրկել հարցեր՝ ըստ տրված հանձնարարականների:
19:10 - 16 նոյեմբերի, 2022
Պահեստազորայինը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ. ՀՀ ԱԱԾ

Պահեստազորայինը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց  դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:30 - 15 նոյեմբերի, 2022
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով մինչև 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը տարանցիկ երկրներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով տարանցիկ երկիր մուտք գործելու և այնտեղ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար իրավասու մարմիններ ներկայացվելիք՝ աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, մեկնող անձանց մերձավոր ազգականների մահվան վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին: Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի, օտարերկրյա մուտքի վիզաների լուսանկարներ, անօրինական միգրացիայի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ պարունակող բջջային հեռախոսներ: Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու, նշված հանցանքներին օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:29 - 14 նոյեմբերի, 2022