Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գեղարքունիքի մարզում ՀՀ նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է զինծառայողների հետ

Գեղարքունիքի մարզում ՀՀ նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է զինծառայողների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։
17:48 - 05 հոկտեմբերի, 2022
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է ֆրանսիացի  քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած «Reconquête» կուսակցության պատվիրակությանը, որը ղեկավարում էր կուսակցության փոխնախագահ Նիկոլա Բեյինը։ Ինչպես տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխաակազմից, հյուրերի հետ  Վարդենիս էր ժամանել նաեւ Մարսելի քաղաքային խորհրդական, ֆրանսիացի քաղաքական գործիչ Բուշ-դյու-Ռոնիի սենատոր Ստեֆան Ռավյենին։ «Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տեղեկանալ մանրամասներին եւ բարձրաձայնել խնդիրների մասին Եվրախորհրդարանի ամբիոնից եւ իրենց տեսած մասին  իրազեկել Ֆրանսիայի քաղաքացիներին: «Հյուրերն այցելել են թշնամու կողմից հրթիռահրետակոծության ենթարկված Սոթք գյուղ, տեսել ավերվածությունները, զրուցել բնակչության հետ, կատարել համապատասխան նկարահանումներ եւ մեկնել Վարդենիսից։ Հուսով ենք, որ նրանք իրենց հանրությանը հավուր պատշաճի կներկայացնեն իրականությունը, մեր համայնքում թշնամու ագրեսիայի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակը, որը շատ կարեւոր է միջազգային հանրության մոտ ճիշտ կարծիք ձեւավորելու առումով»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։
13:47 - 03 հոկտեմբերի, 2022
Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։   Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։   Սոթք և Կութ բնակավայրերում թիրախավորվել և ռմբակոծվել են դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանի շենքերը, բուժկետը, 190-ից ավելի տներ, որոնցից մոտ 50-60-ը՝ ամբողջությամբ, օժանդակ շինություններ, տեխնիկա, ավտոմեքենաներ։   «Այն, ինչին մենք ականատես եղանք շրջայցի ժամանակ, ակնհայտ է դարձնում, որ թշնամին միտումնավոր է թիրախավորել է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Դա է փաստում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թիվը»,- ընդգծել է նախարարը։   Երկու բնակավայրում շրջայցից և փաստերն արձանագրելուց հետո արդեն Վարդենիս համայնքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան։   ԳՇ պետի տեղակալը դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը և ադրբեջանական կողմի վայրագությունները՝ մասնավորապես հայ կին զինծառայողների մարմինները ծայրահեղ դաժանությամբ խոշտանգելու փաստեր։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։   Նախարարը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին նախաձեռնությանն արձագանքելու և շրջայցին մասնակցելու համար:   «Մենք այս օրերին տեսել ենք ոչ միայն ձեր բարեկամական աջակցությունը, այլև լսել ենք ձեր թիրախային գնահատականը ագրեսորի նկատմամբ։ Կարծում ենք, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, որպեսզի նրանք դուրս գան մեր սուվերեն տարածքից, և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,- ասել է նախարարը։
12:29 - 30 սեպտեմբերի, 2022
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ

 |armenpress.am|

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին  կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։
15:46 - 29 սեպտեմբերի, 2022
Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք
 |armenpress.am|

Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տարհանված ընտանիքները հիմնականում ապաստան են գտել Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերում։ Որոշ մասն էլ ապաստանել են Երեւանում կամ Հայաստանի այլ մարզերում՝ իրենց հարազատների կամ ծանոթների տներում։ Թշնամու կողմից ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետեւանքով, նախնական տվյալներով,  վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաեւ Սոթքի դպրոցի եւ բուժկետի շենքերը, ինչպես նաեւ ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։ Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։ «Տարհանված բնակչության, ագրեսիայի հետեւանքների վերացման, կարիքների գնահատումը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի կողմից մոտենում է ավարտին։ Տարհանված բնակչությանը, պետական կամ հասարակական, միջազգային կառույցների օժանդակությամբ, հատկացվում է օգնություն, հոգեբանական աջակցություն, քայլեր են ձեռնարկվում նրանց՝ իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ։ Դրա համար առաջնահերթ է վնասված բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնումը, ինչի համար մեզ որոշակի միջոցներ ու ժամանակ է հարկավոր։ ՀՀ կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ համապատասխան միջոցներ տրամադրելու ուղղությամբ։ Կարիքների գնահատումից հետո առաջին հերթին կնորոգվեն այն բնակարանները, որոնք համեմատաբար քիչ վնասներ են կրել եւ ենթակա են արագ վերականգնման։ Իսկ այն բնակարանները, որոնք նորոգման համար պիտանի չեն, կկառուցվեն հիմքից, որի համար արդեն որոշակի ժամանակ է պահանջվելու, մանավանդ, որ առջեւում արդեն շինարարական աշխատանքների համար ոչ բարենպաստ ամիսներն են։ Բոլոր տարհանված ընտանիքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այսօրվա դրությամբ տարհանված 539 ընտանիքներից իրենց բնակության վայրեր են վերադարձել 442-ը՝ 712 շնչով։ Ասել է, թե ընտանիքները վերադարձել են տան անդամների ոչ լիարժեք կազմով»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
13:46 - 23 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման է անցել սահմանամերձ բնակավայրերի 12 դպրոց |armenpress.am|

Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման է անցել սահմանամերձ բնակավայրերի 12 դպրոց |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում, պայմանավորված սեպտեմբերյան ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակով, հեռավար կրթության են անցել սահմանամերձ բնակավայրերի 12 հանրակրթական դպրոց։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, այդ դպրոցները գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այն բնակավայրերում, որոնք ադրբեջանական սեպտեմբերյան վերջին ագրեսիայի արդյունքում հայտնվել են թշնամական թիրախի ներքո, եւ, ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից, որոշվել է անցնել կրթության կազմակերպման հեռավար ձեւին։ Գեղարքունիքի մարզի  մնացած կրթական հաստատությունները գործում են առկա ուսուցմամբ, այդ թվում՝ Վարդենիս համայնքի մնացած դպրոցներում, որոնք չեն համարվել անվտանգության տեսանկյունից խոցելի համարվող կառույցներ։ «Հեռավար ուսուցման անցած աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 1245-ի։ Պետք է շեշտեմ, որ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ուղիղ մեկ շաբաթ կրթություն ստանալու իրավունքից զրկվել են Վարդենիս համայնքի 36 հանրակրթական հաստատությունների 7072 աշակերտներ։ 500 նախադպրոցական տարիքի երեխաներ էլ զրկվել են մանկապարտեզներ հաճախելու իրավունքից։ Անշուշտ, հեռավար ուսուցումն էլ առաջացնում է իր դժվարությունները՝ կապված տեխնիկական հնարավորությունների հետ։ Այդ խնդիրը կարգավորելու համար մենք աշխատում ենք տարբեր կառույցների հետ եւ անում հնարավորը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա հեռավար կրթություն ստանալու հնարավորությունից »,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
09:59 - 23 սեպտեմբերի, 2022
Կարմիր խաչի ներկայացուցիչներին է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսի տուժած բնակավայրերի վիճակը

Կարմիր խաչի ներկայացուցիչներին է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսի տուժած բնակավայրերի վիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։   «Կարմիր խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին՝ առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար։   Ներկայացրի Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը։   Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։   Խոսվեց նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։   Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլին ներկայացրեց մշակված մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի բնակավայրերում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելուց և իրավիճակը գնահատելուց հետո։   Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև լայնածավալ ագրեսիայից տուժած և տարհանված բնակիչներին Հայկական Կարմիր խաչի կողմից ցուցաբերվող աջակցությունների մասին»,- նշված է մարզպետի գրառման մեջ։
14:48 - 20 սեպտեմբերի, 2022
Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ

Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։    Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:   Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:   Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր:
16:49 - 19 սեպտեմբերի, 2022
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, և, իհարկե, սա բերեց նրան, որ այս բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից, կրթության իրավունքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  «Խոսքը վերաբերում է թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական կրթությանը։ Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին 3 մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին։ Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է համարվել լրացուցիչ արձակուրդի գնալը, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։  Մենք հետևել ենք ընթացքին և կապ մեջ լինելով մեր գործընկերների հետ երեք մարզերում՝ ունենք որոշում, և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով, և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալուց հետո, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չի, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- նշեց նա։ Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն․ «Սյունիքի մարզում մենք ունենք ավելի ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ, 5 դպրոցներ են, որտեղ առկա ուսուցումը այս պահին կվերականգնվի, հիմնականում Քաջարանում, և 1 դպրոց՝ Կապանում»։ Հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով հեռավար ուսուցման փորձը՝ կարող ենք ասել, որ գործընթացը սահուն կընթանա, Անդրեասյանն ասաց․ «Դպրոցները կուտակել են մեծ փորձառություն։ Ցավոք, ոչ միայն Քովիդի ժամանակահատվածում։ 2020թ․-ի աշնան պատերազմի ժամանակահատվածում մենք հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքներում, որտեղ կար անվտանգության հետ կապված իրավիճակ, հեռավար կրթությանն էինք անցում կատարել, և այս դպրոցները ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանան հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպել։ Դպրոցների կարողությունները՝ հեռավար ուսուցում կազմակերպելու, բավարար են, և կկարողանան այս պահին աշխատանքը այս ձևաչափով իրականացնել։ Իհարկե, խնդիր ունենք, որպեսզի օր առաջ, հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային իրավիճակը, դրա հնարավորության պարագայում վերադառնանք առկա ուսուցման»։ «Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին, խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների  իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ, բայց, ինչ խոսք, սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- նշեց Անդրեասյանը։ Անդրեասյանը հավելեց, որ խոսում է եղած շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու մասին, և այս պահին վնասի չափերը ճշգրտվում են։ Հարցին, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հետ կապված, Անդրեասյանն ասաց․ «Մենք, բնականաբար, այդ աշխատանքը անում ենք համակարգված՝ ԱԳՆ-ի հետ միասին, որովհետև դա ավելի ընդհանուր քաղաքականության և այդ կոմունիկացիան ապահովելու շրջանակում է իրականացվում։ Բնականաբար, այս տվյալների և համապատասխան նամակի նախագծերը՝ ուղղված միջազգային կառույցներին, տրամադրված են ԱԳՆ-ին, և մենք նրանց հետ սերտ կապի մեջ ենք՝ այս աշխատանքները իրականացնելու առումով»։
14:28 - 19 սեպտեմբերի, 2022
Քանդված տները սարքվող են, կարեւորը մեր տղերքի կյանքերն են․ Սոթք, հրետակոծությունից օրեր անց

Քանդված տները սարքվող են, կարեւորը մեր տղերքի կյանքերն են․ Սոթք, հրետակոծությունից օրեր անց

Ասֆալտե ճանապարհը փոխվում է քարքարոտի Սոթք գյուղ թեքվելուն պես։ Ձայն-ձուն չկա, միայն ծառերի սվսվոց։ Ու անաղմուկ շրջող մի շուն, ու փլված տանիքներ, ու կողպված դռներ, ու ապակու կտորներ, ու արկերի բեկորներ անթիվ։ Հեռվում՝ մեկ ու մեջ երեւացող մարդիկ, մեկը՝ լուռ հենված պատին, մեկը՝ նստած աստիճաններին այն տան, որ դեռ մի քանի օր առաջ կանգուն պատեր ուներ, մաքուր լվացած լուսամուտներ, որոնցից բացվում էր տեսարան՝ դեպի ծաղիկներով այգին։ Բայց մի քանի օր առաջ, երբ, հիշում եմ, լիալուսին էր, ու լիալուսին էր երեւի նաեւ թշնամու մի հրետանավորի գլխավերեւում, որոշվում է, որ իրենց քնին պատրաստվող խաղաղ մարդկանց տների տանիքներին, ցանած այգիներում, գյուղամիջում, եւ ամենուր, ամենուր, ամենուր պիտի արկեր կախվեն։  Սոթքը Գեղարքունիքի մարզի սահմանային այն բնակավայրերից է, որ հակառակորդը հրետակոծել է անխնա։ Այստեղ շրջելիս աջ ու ձախ ամեն քայլի պատահում են պատերազմի հետքեր ունեցող շինություններ, եւ ոչ միայն տներ։ Մինչեւ տներին դառնալը՝ Գեղամասարի համայնքապետարանն էլ, որ Սոթք գյուղում է, թիրախավորվել է, վնասվել․ արտաքին պատերին բեկորների հետքեր են, խարխլված դռներ, միջանցքներում, բակում՝ ապակու կտորներ։ Համայնքապետարանի շենքի մոտ է Սոթքի վարչական ղեկավարը՝ Սեւակ Խաչատրյանը, որ անընդհատ շրջում է գյուղում։ Նա լավ հիշում է՝ գյուղի ուղղությամբ առաջին հարվածը եղել է գիշերը՝ ժամը 00:05, հետո հասկացել են՝ «մի բան էն չի», ու սկսվել է ինտենսիվ հրետակոծությունը՝ ըստ էության չդադարելով այդ գիշեր ու հաջորդ օրերին։ «Բնակիչներից ով մեքենա ուներ՝ դուրս եկավ, հետ եկավ, մյուսներին տարավ, արդեն չորսի կողմերը բնակիչների մեծ մասը տարհանված էր»,- պատմում է վարչական ղեկավարը։  Նրա հայտնած տվյալներով՝ Սոթքը մոտ հազար բնակիչ ունի։ Թեեւ հիմա տարհանվել են մեծ մասը, գյուղում միայն տղամարդիկ են, որ գալիս են իրենց կենդանիներին կերակրելու, նորից հետ են գնում ժամանակավոր կեցավայրեր, մեկը՝ Վարդենիս, մեկը՝ Մարտունի, այդպես, մի խոսքով՝ հարակից բնակավայրեր։ Բայց Խաչատրյանն ասում է՝ արդեն ընտանիքներ կան, որ գյուղում են գիշերում։ Ինքն ու իր ծնողներն էլ են գյուղում մնում։ Այս պահին գյուղում հոսանք չկա, բայց, ասում է, շուտով կկարգավորվի լույսի, գազի հարցը։  Վարչական ղեկավարը նշում է նաեւ, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ առաջ չի եկել, եւ մերոնք, եւ նրանք նույն դիրքերում են։ Իսկ հրադադարից հետո կրակողներ, նրա խոսքով, չեն եղել։ Իր մեքենայի մոտ շտապող Ռաֆիկ պապն է հանդիպում, հասցնում եմ մի երկու հարց տալ (դժվար է այս ամենի միջով անցնող մարդկանց հարցեր տալը)։ Պատմում է՝ միայն տասնմեկ արկ իր տան մոտ է պայթել․ «Տունն լրիվ ցխուկ ա, տասնմեկ ական մինակ իմ տան մոտն ա։ Հիմա ռուսներն են ընդեղ»,- ասում է նա ու նստում մեքենան։ Ռաֆիկը հասցրել է երեխաներին հանել գյուղից, բարեբախտաբար, չեն վիրավորվել։  Ռաֆիկ պապը Գյուղի բնակիչներից Անդրանիկ Սիմոնյանն էլ ընտանիքին հանել է գիշերը, ինքը՝ մնացել։ Անդրանիկը 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել, հիմա իր աչքին նախորդ օրերին տեղի ունեցածը, իհարկե, ցավալի, բայց երեւի այլեւս սարսափելի չի թվում։ Կողքից հարցնում են՝ վիրավորվել ես, չէ՞, էն օրը, աչքերը ներքեւ հառած ասում է՝ չէ՜, բայց մյուսներն ասում են՝ վիրավորվել է։ Անդրանիկը Համագյուղացի Մելքումյան Վանոն էլ է միանում զրույցին։ Հարցնում եմ՝ ի՞նչ պատկերացնում ունի, ո՞նց է լուծվելու այս ծանր խնդիրը, պատասխանում է․ «Է՜, սաղ գյուղն էլ էտի ա ուզում իմանա, թե ոնց կլինի։ Ստեղ մեզ գերեզմանոց ունենք, բան ունենք, մեր հողն ու ջուրն ա, չենք ուզում գնալ, սաղ էլ էդ հարցի պատասխանն են ուզում իմանալ։ Բարդ, բարդ դրություն ա»։ Անդրանիկն էլ շարունակում է՝ «գոնե պետությունը աջակցի, որի տունը քանդված ա, ինչա, ինչ չափով ա, օգնեն, այ էտի, որ անեն․․․»։ Հետո Վանոն ուղեկցում է իր համագյուղացիների, հարազատների տների մոտ, որ վնասվել ու ավերվել են հրետակոծությունից։ Մինչեւ տներին հասնելը՝ հերթով ցույց է տալիս արկերի հետքերը, մեկից այգում փոս է առաջացել, մեկի բեկորից մետաղե հաստ ձողը կոտրվել է, մի տեղ պատ է քանդվել․․․ Փշրված, հալից ընկած «շուշաբանդն» եմ նկարում, ու հետո եմ նկատում դրա մոտ բակի աստիճաններին նստած ամուսիններին։ Լուռ նստած են, ոչինչ չեն խոսում։ Մոտենում եմ՝ վախենալով խանգարել նրանց անձայն ցավը։ «Կպատմե՞ք, ո՞նց եղավ,- համարձակվում եմ հարցնել,- դուք տա՞նն էիք»։  Ամուսինը՝ Էմիլը, կարճ պատասխանում է՝ «բա ի՞նչ էինք»։ Մելինեն էլ գլխահակ ասում է՝ լավ է՝ չեն վիրավորվել, հասցրել են դուրս գալ։ Մելինեն Սպասելիքներից եմ հարցնում, Էմիլն ասում է՝ առաջին հերթին թող մեր զոհերի դիերը տան, թող էլ մարդ չզոհվի, իսկ քանդված տները սարքվող են, չսարքվեն էլ՝ «էլի ջայնման, կարեւորը մեր տղերքի կյանքերն են»։  Էմիլը Էմիլենց տան կողքին էլ Վալերի Պողոսյանի տունն է։ Արկն ընկել է տան մեջ, տունը հալից ընկել է․ «Ձենը լսեցի, ասի՝ հելեք, պատերազմ ա, դուրս եկանք։ Մամային, կնոջս ասեցի՝ սպասեք, ես վազելով քինյամ, ավտոն բերեմ, վազելով գնացի, ավտոն բերի, մտանք ավտոն, գնացինք»,- պատմում է Վալերին՝ կանգնած ավերակների մեջ, կողքին մայրը՝ տիկին Գրետան, որի շունչն էլ չի հերքում այդտեղ ու թողնում, դուրս է գալիս սենյակից, որ էլ նման չէ սենյակի։  Վալերին Սոթքից տպավորությունները ծանր են։ Ծառերին հասել են խնձորները, բակերում շները խելոք ու միայնակ նստած են, ու մարդիկ չկան, խաղացող երեխաներ չկան, այգի մշակող մեծեր չկան։ Բայց դառնացած այդ օդում երեւի ամեն խոցված տան անկյունում կա հույս, որ գալու են՝ դռներից հանեն կողպեքները, նոր ապակի գցեն լուսամուտին, լվանան շորերը, մաքրեն հատակը, ջրեն ծաղիկները, կեր տան շներին, ավլեն բակը, նայեն երկնքին, զարմանան կապույտից, երեխաներին սովորեցնեն անունները համաստեղությունների, երկրների տեղերը՝ քարտեզի վրա՝ չմտահոգվելով, որ մեր տեղը գուցե չգիտեն աշխարհի մի այլ ծայրում, հետո սարքեն խնձորի չիր, լցնեն երեխաների բռերի մեջ, որ ծամծմեն դպրոցի ճամփին, մի խոսքով՝ ապրեն։  Հայարփի Բաղդասարյան
00:44 - 17 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է


 |armenpress.am|

Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով նախնական տվյալներով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: Հրավիրված ասուլիսի ընթացքումՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է: «Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց Վաչե Տերտերյանը:   Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: Վաչե Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ: «Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,- ասաց Վաչե Տերտերյանը: Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
14:05 - 15 սեպտեմբերի, 2022
Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

 |armenpress.am|

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել |armenpress.am|

armenpress.am: Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12,  Նորաբակում  5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի: «Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են,  տեղափոխվել  ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա: Ահարոն Խաչատրյանը նշեց նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր: «Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից  հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելեց  նա:
20:33 - 14 սեպտեմբերի, 2022