Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|

Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|

aysor.am: Այսօր կառավարության նիստին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ առաջարկվում է 1մլդ 940մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ «Նշված գումարից 1մլդ 880մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց նախարարը։ Հայրապետյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են մինչև այժ կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրի մասով.«Այս ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեից այս փոխանցումը կլինի նախավերջինը։ Վերջին փոխանցումը կլինի 2025 թվականին՝ 1մլդ-ի չափով»։  Նախարարը նաև հավելեց, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա.«Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ»։
11:57 - 19 սեպտեմբերի, 2024
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը: Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու գաղափարները: Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ԲՏԱ նախարարության հետ համագործակցության արդյունքում ստեղծված աերոտիեզերական ոլորտի զարգացմանը նպաստող ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիային, որը ներառում է «Մաքուր սենյակ» լաբորատորիան, նանոլիտոգրաֆիկ համակարգը, ԱԹՍ֊ների և այլ թռչող սարքերի համար նախատեսված աերոդինամիկ խողովակը, աերոտիեզերական սարքերի և կոմպոնենտների թեստավորման այլ լաբորատոր սաքերը: Նախարարին ներկայացվել է նաև «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որի նպատակն է ստեղծել ամուր հիմքեր հայկական տիեզերական արդյունաբերության համար՝ այդ շրջանակում, ճանապարհային քարտեզում ծրագրվում է կառուցել թվով չորս առանցքային գործարան, որոնցից մեկը կիսահաղորդչային կոմպոնենտների և միկրոէլեկտրոնիկայի արտադրության լաբորատորիա-գործարանն է: Ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել լաբորատորիա-գործարանի հավակնոտ ծրագրերը: Երկուստեք հաստատել են Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը. նախարարն իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աերոտիեզերական ինժեներության ոչ ֆորմալ կրթական ծրագրին, որի միջոցով խնդիր է դրված լուծելու Հայաստանում աերոտիեզերական ոլորտում մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը: Հիմնադրամի միջոցով երիտասարդների համար կազմակերպվում և իրականացվում են աերոտիեզերական ինժեներության անվճար դասընթացներ, որոնք ոչ միայն միտված են երիտասարդներին կապելու աերոտիեզերական ոլորտի հետ, այլ նաև՝ վերապրոֆիլավորելով այլ մասնագետների, խթանելու նրանց գործունեությունն այս ոլորտում: Հ իմնադրամի շնորհիվ շուրջ 850 շրջանավարտ ստացել է տարբեր մասնագիտություններ՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, աերոտիեզերական ինժեներություն, էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա: Նախարար Հայրապետյանը, իր հերթին, կարևորելով Հայաստանում աերոտիեզերական արդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ոլորտի զարգացմանն օժանդակելու գործում, ներկայացրել է նախարարության կողմից ներդրված բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանը նպաստելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ:
21:44 - 05 սեպտեմբերի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող «ԱՏԳ» ընկերություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող «ԱՏԳ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ։ Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։ Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ավելացման և արտահանման ներուժի ընդլայնման ընկերության պատրաստակամությանը: Նախարարը ևս մեկ անգամ ընկերությանն է ներկայացրել այն ծրագրերն ու հնարավորությունները, որոնք ներդրված են ոլորտը բարելավելու նպատակով: Խոսել են նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից: «ԱՏԳ» ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։ Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։
10:22 - 03 սեպտեմբերի, 2024
Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։  Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը: Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։ 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի  4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։ WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:  WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։  Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության  առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։
21:56 - 22 օգոստոսի, 2024
Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար
 |1lurer.am|

Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Ըստ նախարարի՝ այս աշխատանքներն այսօր էլ կատարվում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, սակայն բանավոր հիմքով: Նախագծով առաջարկվում է ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն, այն է՝ հստակ պատկերացում կունենան, թե ԳՀՓԿ աշխատանքների համար դիմելու հայտերն ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում, կատարվում: Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար: Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:
13:13 - 01 օգոստոսի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին այցելել է «Արագած» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1992 թվականին, այժմ մասնագիտացած է ռազմական կիրառման  էլեկտրոնային սարքերի նախագծմամբ, մշակմամբ և սերիական արտադրությամբ։  Ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանի բարեփոխումներին, արտադրական ծավալներին։ Այս ընկերությունում է ամբողջությամբ նախգծվել և պատրաստվել հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար ջերմադիտարկման սարքը։ Ընկերության տնօրենը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, հայկականն իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է: Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ արտադրվող տեսականին ամբողջությամբ կիրառվում է ՀՀ ՊՆ-ի կողմից, սակայն արտադրական ծավալներն ու գործարանի հնարավորությունները թույլ են տալիս առաջիկայում մտածել նաև արտահանման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև կադրերի համալրման խնդրին։ Նշվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ընկերության աշխատակազմը գրեթե տասնապատկվել է։  Աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մեխանիկներ, էլեկրոնիկայի հետ աշխատող մասնագետներ, ֆիզիկոսներ և ծրագրավորողներ են։  Առաջարկ է եղել նաև նախարարության կողմից ինժեներական կրթության ուղղությամբ համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական տարածքների ընդլայնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները, դրանց իրականացման տարբերակները։  Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի պերմանենտ զարգացմանն ու ընդլանմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը հնարավորության կտա էլ ավելի մեծ արժեք ստեղծել տնտեսության ռազմարդյունաբերության ճյուղում։  Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր մի քանի անգամ ավելացվել են պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Արագած»-ՍՊԸ-ն, ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները։
10:01 - 01 օգոստոսի, 2024
Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է համահարթ սակագին

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է համահարթ սակագին

Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին. որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Հեռուստաընկերությունների կողմից ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման և մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը: Մանրակրկիտ ուսումնասիրելով և քննարկելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված փաստարկները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջնորդությամբ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը որոշում է կայացրել 2024 թվականի օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով նվազեցնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով ամսական 200 հազար դրամ համահարթ վարձավճար։  Հարկ է նշել, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաև փոքր քաղաքների և գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:18 - 30 հուլիսի, 2024
Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին՝ դիպլոմների հանձման  արարողության ժամանակ

Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին՝ դիպլոմների հանձման արարողության ժամանակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին՝  շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողության ժամանակ. «Սիրելի՛ շրջանավարտներ, գրեթե վստահ եմ, որ այս ճանապարհորդության ընթացքում դուք բազմաթիվ խոչընդոտների կհանդիպեք. այդպիսինն է կյանքը, պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները: Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշեք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք: Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին». այսպիսինն էր իմ ուղերձը Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին՝ 2023-24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։ Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ իմ խոսքում կարևորել եմ ՀՌՀ-ի դերը բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համատեքստում ընդգծելով երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը», - նշված է ուղերձում։
15:44 - 21 հուլիսի, 2024
Մխիթար Հայրապետյանը կարևորել է տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։ Այս մասին հաղորդում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։ Գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին։ Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները,  կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:  Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը՝ ուղղված հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։ Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, լուծման հետ կապված դժվարություններին։ Աշխատակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները և առաջարկությունները  դրանց վերացման ուղղությամբ։ Քննարկվել են լուծման մի շարք տարբերակներ ու հնարավորություններ։  Կողմերը վերահաստատել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցությունը շարունակելու, համատեղ  ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:
10:43 - 16 հուլիսի, 2024
Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

 Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունից, նախարարներն, ընթերցելով երդման տեքստը, նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք:
16:08 - 10 հուլիսի, 2024
Համատեղ ջանքերով կկատարելագործենք կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական դաշտը. ԲՏԱ նախարարը՝ Սամանթա Փաուերին

Համատեղ ջանքերով կկատարելագործենք կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական դաշտը. ԲՏԱ նախարարը՝ Սամանթա Փաուերին

Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի: Այդ մասին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Ըստ նախարարի՝ բարձր տեխնոլոգիաների թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ներդրումներ կատարել հուսալի թվային ենթակառուցվածքներում՝ դարձնելով Հայաստանն ավելի դիմակայուն կիբեռհանցագործությունների նկատմամբ: «Թվայնացման գործընթացներին զուգահեռ չափազանց կարևոր է նաև հոգատար լինելն առավել խոցելի խմբերի նկատմամբ, և կիբեռանվտանգության ապահովման մեջ մեր գործունեության հիմնական ուղղությունները ներառում են թվային ենթակառուցվածքների կիբեռանվտանգության միջոցառումների կատարելագործում: Մենք մեծապես շնորհակալ ենք ԱՄՆ-ին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԲՏԱՆ-ն Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ կիբեռկարողությունների գնահատման մի շարք վարժություններ է իրականացրել: Մենք լիահույս ենք, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկատարելագործենք այս ոլորտի օրենսդրական դաշտը, և պետության կիբեռանվտանգության կարողությունները»,- ասաց նախարարը:
12:38 - 10 հուլիսի, 2024
«Ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին». խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են
 |news.am|

«Ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին». խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են |news.am|

news.am: Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են եկել՝ պահանջելու իրավապահներից բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։ Ծնողներին է մոտեցել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մահացած զինծառայող Վալերիա Մուրադյանի մայրը նախարարին ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց ստել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած։ Խմբի մեջ էր նաև Աննա Վարդապետյանը, ասում էր, որ սրանք սպանություններ են, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեզ խոստացավ, թե ոչ մի պաշտոնական վարկած չի համապատասխանում իրականությանը, ասաց՝ գործերը միանշանակ վերաորակվելու են և հոդվածները կփոխվեն, ոչինչ չարեց, իր խոստումը չպահեց։ Գլխավոր դատախազը ստում է։ Մինչև մեր երեխեքի հանցագործների չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները վերացված են, դեպքի վայրը վերացված է, հիմա բա ի՞նչ են քննում։ Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։  Էս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։ Նախարարը ծնողների պահանջը լսելուց հետո խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։
12:43 - 20 հունիսի, 2024