ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
Հայաստանը ստացել է Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը

Հայաստանը ստացել է Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը

2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։ Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։ Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ։
14:28 - 14 փետրվարի, 2025
ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց  նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից։ «Միաժամանակ, շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ ՄԻՀՆ գրասենյակից հայտնում են նաև, որ հետեւում են այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ «Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,- ասվում է հայտարարության մեջ։
12:15 - 19 հունվարի, 2025
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա վճիռը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա վճիռը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Հայտնում են ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից: Դատարանը մասնավորապես գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել: Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae):  Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
19:58 - 12 նոյեմբերի, 2024
Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ

Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ: Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:
13:15 - 05 նոյեմբերի, 2024
Հայաստանը պատրաստվում է Հաագայի դատարան ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

Հայաստանը պատրաստվում է Հաագայի դատարան ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ «Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին»,- ասված է գրառման մեջ։
21:59 - 12 հունվարի, 2024
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:   «Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ Մասնավորապես դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։   Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:  Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Եվրոպական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»,- ասված է հաղորդագրության մեջ:  
15:31 - 07 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է նրա մերձավոր ազգականներին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։   Ադրբեջանը տեղեկատվությունը տրամադրել է հայկական կողմի` ՄԻԵԴ ներկայացված դիմումի համաձայն։   «Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:   Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:   Ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացված դիումի վերաբերյալ Ադրբեջանը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:   Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին»:
19:11 - 05 հոկտեմբերի, 2023
ԱԺ-ի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում. Կիրակոսյան
 |armenpress.am|

ԱԺ-ի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում. Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ «Հռոմի կանոնադրությունն ունի  ուժի մեջ մտնելու վերաբերյալ կանոնակարգումներ։ Կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»,-ասաց Կիրակոսյանը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։  Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:  Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
12:07 - 28 սեպտեմբերի, 2023
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է  Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը: ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ասվում է ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:
15:10 - 22 սեպտեմբերի, 2023
Արդարադատության միջագային դատարանը ծանուցվել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին

Արդարադատության միջագային դատարանը ծանուցվել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին (Հաագայի դատարան) երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական էջը։ Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը երեկ էլ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
09:39 - 20 սեպտեմբերի, 2023
Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։   Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից:  Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս` ուսումը շարունակելու: Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
13:55 - 30 օգոստոսի, 2023