ԿԱՐԴԱԼԻՔ

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։  Այս երեք տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ։ 2022 թվականի հուլիսին կնքված պայմանագրով ընկերությունը Բերքաբեր բնակավայրում բարեկարգել է խաղահրապարակ և նորոգել հանդերձարան։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 8 մլն դրամ։  Ընկերության սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։ Նշված պայմանագրի կնքման պահին ընկերության 50%-ն էր պատկանում ավագանու անդամի հորը, իսկ 2022-ի հուլիսի 7-ից նա հանդիսանում է ընկերության 100% բաժնետերը։ Նույն թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը Սարիգյուղ բնակավայրում կատարել է ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Պայմանագրի գինը կազմել է 99 մլն դրամ։  2023 թվականի մայիսին կնքված պայմանագրով էլ ընկերությունը վերանորոգել է պուրակ։ Պայմանագրի գինը կազմել է 40 մլն դրամ։ 2024 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է․ «Ինձ փոխկապակցված անձանց բիզնես գործունեության հետ որևէ առնչություն չունեմ, ոչ մի անգամ ընդգրկված չեմ եղել  մրցութային հանձնաժողովների կազմում, ուստի շահերի բախում չեմ տեսնում»,- պատասխանել է ավագանու անդամը։ Քանի որ Խաչատուր Աթաբեկյանի հայրը բնակվում է իր հետ, ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր նրա մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։  Այս տեղեկությունները չկան ավագանու անդամի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։  Աթաբեկյանի հետ համատեղ բնակվող անձնացից ևս երկուսը մասնակցություն և ներկայացվածություն ունեն այլ ընկերություններում, ինչը ևս չի հայտարարագրվել։  Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, ավագանու անդամը հայտնեց, որ թերություններն անուշադրության հետևանք են, և դրանք ուղղելու համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը հայտարարագրել է ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները և «Արտարսի» մասնակցությունը համայնքային գնումներին։    Գնումներ ավագանու այլ անդամներին փոխկապակցված ընկերություններից   Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։  Ընդհանուր 2 մլն դրամ արժողությամբ 2 պայմանագիր էլ կնքվել է 2022 թվականի ընթացքում․ ընկերությունը մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։ «Խաչմիշշինը» 2005 թվականին հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2023 թվականի փետրվարից մինչև հաջորդող տարվա հունիս Խաչատուր Համզյանը եղել է ընկերության սեփականատերը․ այս ժամանակահատվածում ընկերության հետ պայմանագրեր չեն կնքվել։ Սակայն 2021 թվականից մինչ օրս ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։ 2024 թվականի հուլիսից ընկերության սեփականատերն ավագանու անդամի հորեղբոր որդին է՝ Արմեն Համզյանը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատուր Համզյանն ասաց, որ ընկերությունը այս կնքված պայմանագրերին զուգընթաց 2022 թվականին մասնակցել է 15 մրցույթի, որոնցից հաղթել է երկուսում, 2023 թվականին ընկերությունը մասնակցել է 7 մրցույթի, որոնցից ոչ մեկում չի հաղթել, իսկ 2024 թվականին մասնակցած 6 մրցույթներից միայն մեկում է հաղթել․ «Կարծում եմ՝ այսքանով պարզ է դառնում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների չկաշկանդվածությունը իշխող խմբակցության ավագանու անդամի՝ տնօրեն հանդիսացող կազմակերպության հանդեպ, որը ըստ ինձ նորմալ է, որ նրանց համար չկա տարբերություն»։  ««Գնումների մասին» օրենքը մեր կազմակերպությանը չի արգելում մասնակցել գնումների, ավագանու անդամն էլ աշխատավարձ չի ստանում, համայնքի աշխատակազմում կամ համայնքի ենթակա կազմակերպություններում չի կարող աշխատել, և եթե մասնավոր հատվածում աշխատելն էլ դիտարկվի շահերի բախում, մնում է համալրել գործազուրկների շարքը»,- նշում է Համզյանը։ Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։ 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվար Խաչատուր Համզյանը եղել է «Իջնախ» ընկերության սեփականատերը։ Այս ժամանակահատվածում ընկերությունը համայնքապետարանի հետ կնքել է 6 պայմանագիր՝ ընդհանուր 5,5 մլն դրամ արժողությամբ։  2024 թվականին 4 պայմանագիր է կնքվել Խաչատուր Համզյանի կնոջ՝ Փառանձեմ Նազինյանի ԱՁ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Այս պայմանագրերի գումարային գինը կազմել է  300 հազար դրամ։ Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։    Համայնքապետարանը շահերի բախման իրավիճակ չի տեսնում, ԿԿՀ նախկին որոշումները՝ պնդում հակառակը   Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը կարծում է, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։ «Վկայակոչված անձինք համայնքի ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ չունեն գործարար, քաղաքական կամ գործնական կամ անձնական հարաբերություններ: Եվ միայն այն հանգամանքը, որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի հայրը կամ կինը, անենևին չի նշանակում, որ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանում են համայնքապետարանից։  Սակայն, օրինակ, ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքապետը ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն։ «Ինֆոքոմի» նախկինում հրապարակված համանման հոդվածների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ  և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին ենթարկել վարչական տույժի։ Այսպիսով, չնայած Իջևանի համայնքապետարանը պայմանագրեր է կնքում ավագանու անդամներին առնչվող ընկերությունների հետ, համայնքապետը շահերի բախման իրավիճակ չի տեսնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնում։ Միաժամանակ, այս ընկերությունները, նրանց հետ կնքված խոշոր պայմանագրերը ներկայացված չեն ավագանու այդ անդամների հայատարարագրերում։   Լիլիթ Գրիգորյան
18:13 - 26 հունիսի, 2025
Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակից խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։ Ներկայացնելով իր անցած զինվորական ճանապարհը՝ մեղադրյալը նաեւ նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ օրից ինքը մեկնել է մարտական հերթապահության, իր ընտանիքն էլ եղել է Ջրականում՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա շեշտեց, որ ինքը փախչելու մտադրություն չի ունեցել, այլ իրավիճակից ելնելով որոշում է կայացրել նշված տեղանքից վաշտը դուրս բերել։ Այդ որոշման մասին, ինչպես նշեց Հայկազ Գրիգորյանը, ինքը տեղյակ է պահել վերադաս հրամանատարությանը, մասնավորապես զորամասի հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, ու ստացել հրաման՝ «ոտերներդ տեղներիցդ չպոկեք»։ Նման հրամանը Հայկազ Գրիգորյանի համար տարակուսելի է, նա ասում է՝ տասը տարուց ավելի ծառայության մեջ է եղել, այդպիսի հրաման որեւէ զինվորական իրավական ակտում չի տեսել։ Ի վերջո, ինքը կայացրել է այդ որոշումը․ «Տվյալ տարածքում ես եմ եղել հրամանատարը ու չեմ փոշմանում մինչ օրս, որ կայացրել եմ այդ որոշումը, որովհետեւ փրկվել է 80 զինվորի կյանք»։  Հայկազ Գրիգորյանը ներկայացրեց, որ իր այդ հրամանից հետո զորքը հասել է 9կմ կոչվող տեղանք, որտեղ նրանց դիմավորել է մայոր Չեւրիկյանը (ըստ ամենայնի՝ նկատի ունի մայոր Էդմոնդ Չեւրիկյանին) եւ իրենց հետ չի ուղարկել այն դիրք, որտեղից իջել էին․ «Մայոր Չեւրիկյանը դրա անհրաժեշտությունը չի տեսել»,- ասաց մեղադրյալը՝ նշելով, որ այդ հատվածից իր վաշտին ուղարկել են այլ տեղանք՝ շարունակելու մասնակցել մարտական գործողություններին։ Երկար չխոսեց Հայկազ Գրիգորյանը։ Վերջում նա միայն ասաց՝ տեղը չի գտնում, որ այս դատական գործի բերումով չի կարողանում օգուտ տալ Հայաստանի զինված ուժերին (44-օրյա պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում, այժմ, կալանքից ազատվելուց հետո, նա այլ զբաղվածություն ունի)։ Մեղադրյալի եզրափակիչ ելույթից հետո հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի դիտարկում արեց ինչպես Գրիգորյանի ասածների, այնպես էլ նրա պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառի վերաբերյալ։ Ավետիսյանի համար ցավալի է, որ Հայկազ Գրիգորյանն իր որոշման ու գործողությունների համար այդպես էլ չի փոշմանում։ Նա ընդգծեց, որ մենք ունենք հայրենիքի պաշտպանության ընդհանուր շահ, եւ այն չի կարող ստորադասվել որեւէ ուրիշ բանի։ Ընդ որում, ինչպես նկատեց մեղադրողը, դա արձանագրված է նաեւ զինվորական համապատասխան փաստաթղթում՝ պաշտպանել հայրենիքը ամեն գնով։ Ինչ վերաբերում է պաշտպանի ելույթին՝ Գեւորգ Ավետիսյանը նախ հիշեցրեց Նորիկյանի այն պնդումը, որ եթե Հայկազ Գրիգորյանը փախչելու մտադրություն ունենար, ապա նահանջից հետո որեւէ այլ գործողության մասնակցելուց ամեն կերպ կխուսափեր, բայց հակառակը՝ նա Հադրութում այլ գործողությունների է մասնակցել։ Ավետիսյանն այս համատեքստում նկարագրեց Հայկազ Գրիգորյանի՝ իր խոսքով՝ հետհանցավոր վարքագծի դրվագներ, որոնք, ըստ նրա, վկայում են այն մասին, որ Գրիգորյանի՝ իրենց բնագծից նահանջելու հրամանը ոչ թե իրավիճակի թելադրանքն է եղել, այլ ունեցել է անձնական շահագրգռվածություն։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ այս գործի շրջանակում խոսվել է «գերեզմաններ» կոչվող տեղամասում մարտական գործողություններից Հայկազ Գրիգորյանի բացակայելու մասին․ ««Գերեզմաններ» [կոչվող տեղանքի մարտական գործողությունների] դրվագում [վկաները] որեւէ տվյալ չհայտնեցին, ասացին, որ ոնց որ [Հայկազ Գրիգորյանն] ավելի շուտ էր դուրս եկել տեղանքից»,- նշեց հանրային մեղադրողը։  Այս դատաքննության ընթացքում վկա Արման Արմաղանյանը, որը եղել է Հայկազ Գրիգորյանի վաշտից, իր ցուցմունքում ասել էր, որ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ այդ տեղանքում վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ [․․․] Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»,- ասել է Արմաղանյանը։ Վերջինս, պատասխանելով հանրային մեղադրողի ճշտող հարցին, թե ուր էին սպաները, ասել է, որ երբ բացազատվել են այդ տարածքում, իրենց մոտ սպաներ չեն եղել, իսկ ինքը հետագայում իրեն իրավունք չի վերապահել վերադասին հարցնել, թե որտեղ է եղել այդ ժամանակ։ Հետհանցավոր վարքագծի տրամաբանության համատեքստում հանրային մեղադրողը նաեւ հիշեցրեց Խուռհատ սարի քրեական գործի շրջանակում քննարկված մի դրվագ, երբ Հայկազ Գրիգորյանը, այդ ժամանակ նշանակված լինելով շտաբի պետ, շրջափակումից դուրս է բերել զորքի չնչին հատվածի։ «Երբ զորքին պետք է եղել հրամանատար, վաշտի հրամանատարը բացակայել է․ սա հիմնավորված փաստ է»,- պնդեց հանրային մեղադրողը։ Պաշտպանը հակադարձեց այս պնդումներին՝ հայտարարելով, որ նախ Խուռհատ սարի գործը այս քրեական գործի հետ կապ չունի եւ այնտեղ քննարկված հանգամանքները չեն կապվում այս գործի հանգամանքներին։ Իսկ ինչ վերաբերում է Հայկազ Գրիգորյանի՝ իրենց զբաղեցրած բնագծից նահանջի հրաման տալուն, նա դարձյալ վկայակոչեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս ասում էր՝ եթե Հայկազ Գրիգորյանն իր ենթակա անձնակազմով սպասեր այդ տարածքում, իրենք գալու էին եւ միասին նահանջ կատարեին։ Այսինքն, ըստ պաշտպանի, այդ տեղանքից նահանջելու ընդհանուր տրամադրվածություն է եղել։ Նա նաեւ պնդեց, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով չեն եղել ոչ մարդկային, ոչ տարածքային, եւ ոչ էլ տեխնիկայի կորուստներ։ Կողմերի վերջնական ելույթներից հետո դատական նիստը հետաձգվեց, դատարանը հեռացավ վերդիկտ կայացնելու։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։  Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։ Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։ Գլավոր լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը Հայարփի Բաղդասարյան
15:50 - 25 հունիսի, 2025
Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։ «Պագամի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին և, ըստ ՊԵԿ-ի տվյալների,  զբաղվում է մաքրման աշխատանքներով։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։  2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Գրիշա Պառավյանի որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։ «Պագամի» ՍՊԸ-ն Վանաձոր համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից։ Միայն 2021-2025 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։  «Պագամի» ՍՊԸ-ն միակը չէ, որ շարունակ հաղթել է այդ ընթացակարգերում։ 2021-2025 թթ. ընթացքում համայնքը հայտարարել է սանիտարական մաքրման 27 մրցույթ, որոնց տարբեր հաճախականությամբ մասնակցել է 10 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Դրանցից հինգը՝ «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Գարիկ Ղափանյան» Ա/Ձ-ն, «Աշոտ Մկրտչյան», «Էկովան» և «Պագամի» ՍՊԸ-ները, ամենաակտիվ մասնակիցներն են եղել։ 2021-2025 թթ․-ին, համայնքի հետ ամենախոշոր պայմանագրերը կնքել են «Էկովան» ՍՊԸ-ն՝ մոտ 278 մլն դրամ, «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն՝ 229 մլն դրամ,  «Պագանի»  ՍՊԸ-ն՝ 188․5 մլն դրամ, «Աշոտ Մկրտչյան» ՍՊԸ-ն՝ 138 մլն դրամ։   Համայնքի ավագանու անդամի ընկերությունը հաղթել է համայնքի գնումների ընթացակարգերում   Գևորգ Հարությունյանը 2021 թվականից ստանձնել է Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի պաշտոնը։ Նրան է պատկանում շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարաված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։ Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։ Հատկանշական է, որ Գևորգ Հարությունյանը 2021-2022 թվականների հայտարարագրերում չի նշել իր մասնակցությունը «Ռիգ» ՍՊԸ-ում։  Վերոնշյալ երկու ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու թեմայով հարցադրումներ ենք արել Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին․ խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։ Այս թեմայի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գևորգ Հարությունյանից, որի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համանման դեպքերի վերաբերյալ   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։  Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։  Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Վանաձոր համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, այնուհանդերձ մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցին, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է ընդհանուր շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։    Սուսինա Խաչատրյան
19:23 - 23 հունիսի, 2025
Երբ քո գնացքը դու չես վարում. հայկական երկաթուղու ռուսական մենաշնորհը

Երբ քո գնացքը դու չես վարում. հայկական երկաթուղու ռուսական մենաշնորհը

Հայաստանի երկաթուղային ցանցը 2008 թվականին կոնցեսիոն կառավարման հանձնվեց Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը։  Ստացվում է՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր ենթակառուցվածքներից մեկը փաստացի շահագործում է այլ պետություն։  Ընկերությունը հայկական երկաթուղին շահագործելու իրավունքը ստացել է  30 տարով։ Երկաթուղային ոլորտում ռուսական մենաշնորհի ժամկետը կարող է երկարացվել ևս 10 տարով, եթե կողմերը այդ մտադրության մասին հայտնեն մինչև 2027 թվականի օգոստոսը։    Այս հոդվածում կարող եք կարդալ՝ ինչ պայմաններով հայկական երկաթուղին հանձնվեց ռուսական կառավարման, ընկերությունն իրականացնո՞ւմ է արդյոք պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչու Կառավարությունը չի օգտվում պայմանագրով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններից, ինչու է ընկերության գնումների գործընթացը դուրս մնացել հանրային վերահսկողությունից, ինչպես ընկերության նկատմամբ հարուցվեց և կարճվեց քրեական գործ, ինչ են պատմում նախկին և ներկա երկաթուղայինները։   «Ուրիշ ռուսներ էին, մեր իմացած ռուսները չէին». Հայկականից՝ Հարավկովկասյան Թումանյան համայնքում Դեբետ գետի երկայնքով գործած երբեմնի «Քոբեր» երկաթուղային կայարանի մասին հիշեցնող քիչ բան է մնացել․ երկաթուղային գծեր և լքված շինություն՝ ճակատին գրված՝ «Հ-Կովկասյան երկաթուղի․ կայարան Քոբեր»։ Քոբեր կայարանը Կայարանի նախկին աշխատակից Սամվել Շահվերդյանը մեզ համար վերականգնեց այժմ կիսավեր կայարանի նախկին պատկերը․ «Սա կայարանապետի սենյակ էր, սա՝ հերթապահի,- ասում է Շահվերդյանը ու մեզ ուղեկցում կայարանի մյուս կողմը՝ Դեբետ նայող պատշգամբ,- այստեղ էլ նստում, հաց էինք ուտում»։  Տեղացիները Սամվել Շահվերդյանի տան ճանապարհն իսկույն բացատրեցին, երբ խնդրեցինք հուշել՝ ով կարող է մեզ պատմել երկաթուղու անցած օրերի մասին։ 68-ամյա Սամվել Շահվերդյանը երկաթուղի է մտել 1977 թվականին, պապն ու հայրն էլ են երկաթուղային եղել։ Քոբերից մինչև Սանահին, սլաքավարից՝ մինչև կայանի հերթապահ, աշխատանքային վերջին տասնամյակներին էլ՝ 1989 թվականից մինչև 2013 թվական՝ Թումանյանի կայարանի պետ։ «1950-60-ական թվականներին երկաթուղին այնքան աշխատող է ունեցել, որ հատուկ իրենց համար շենքեր, խանութ ու սպասարկման կետեր էին կառուցվել։ Վագոններում սովետական և մասնագիտական ֆիլմեր էին ցույց տալիս, և այնքան շատ մարդ էր գալիս, որ նույն ֆիլմը մի քանի անգամ էին ցույց տալիս։ Այնքան շարժ կար, այնքան գեղեցիկ էր, իսկ հիմա․․․ Ամայի է, ոչինչ չկա, միայն մեքենաներ են անցնում։ Կայարանի շենքը տեսեք, օգտագործող չկա։ Տան նման է․ եթե մարդ չի ապրում, կամաց-կամաց փլվում է»,- ասում է Շահվերդյանը։  Սամվել Շահվերդյանը Հիշում է ու համեմատում՝ Սովետական Հայաստանը շատ զարգացած էր, երկաթուղին էլ՝ կարևոր օղակ, պետություն՝ պետության մեջ։ Օրական մի քանի միջազգային ուղղությամբ ընթացող երկաթուղին Միության փլուզումից հետո միայն մեկ ճանապարհ ունի՝ Թիֆլիս (Թբիլիսի)։ «Անկախությունը եկավ, ասացինք՝ անկախ ենք-անկախ ենք ու գիտեինք, թե վագոնները նույն ձևով շարունակելու էին գալ, բայց Հայաստանի ճանապարհները փակվեցին, սկսվեցին կրճատումները, կրճատեցին-կրճատեցին, կայարանները փակեցին, չգիտեմ՝ ինչ որոշում էր, ում էր ձեռնտու, ո՞վ իմանա»,- նշում է Շահվերդյանը։ Հայկական երկաթուղին ռուսական կառավարման հանձնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին շրջանում։ «Եթե այս տարբերակը չլիներ, «Հայկական երկաթուղիները» փրկություն չէին ունենա»,- իրադարձությունն այսպես է մեկնաբանել այդ ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:  «Խնդրում եմ` ճիշտ հասկացեք, որ մենք, իսկապես, եթե թողնեինք հայկական երկաթուղին այս վիճակում, ապա ընդամենը մի քանի տարի հետո շարժակազմ չէինք ունենա»,- ասել էր Մանուկյանը։  Այդ շրջանը լավ է հիշում Սամվել Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ 2008 թվականի նախօրեին հայկական երկաթուղին բարդ վիճակում էր, իր ու շատերի մոտ համոզմունք կար, որ ռուսական շահագործումը շատ բան կփոխի։  Ի վերջո, 2007 թվականին որոշվեց հայկական երկաթուղին հանձնել կոնցեսիոն կառավարման. այն է՝ ենթակառուցվածքի օգտագործման, շահագործման, սպասարկման և բարելավման իրավունքներն ու պարտականությունները որոշ ժամկետով հանձնել որևէ մասնավոր ընկերության։ Կոնցեսիոներին, այսինքն՝ շահագործող ընկերությանը գտնելու համար 2007-ի հոկտեմբերի 18-ին ձևավորվեց մրցութային հանձնաժողով։ Մասնակցելու համար դիմել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և հնդկական մի ընկերություն։  Տրանսպորտի և կապի նախարարության արխիվային տեղեկանքից պարզ է դառնում, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետից մեկ ամիս առաջ հնդկական «RITES» ընկերությունը հրաժարվել էր մրցութային հայտ ներկայացնելուց՝ ընթացիկ ծրագրերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ։ Այդպիսով, ռուսական պետական ընկերությունը հայկական երկաթուղին շահագործելու միակ հավակնորդն էր։  2008 թվականի հունվարի 31-ին Հայաստանում ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայկական երկաթուղու կառավարումը ստանձնեց փետրվարին՝ 1.7 մլրդ դրամ կոնցեսիայի մուտքի միանվագ վճարով և յուրաքանչյուր տարվա համախառն հասույթի 2%-ը պետությանը վճարելու պարտավորությամբ։ Միաժամանակ Հայաստանի Կառավարությունն էլ պարտավորվեց ամեն տարի սուբսիդավորել համաձայնեցված ուղևորափոխադրումների մասով ընկերության կրած վնասների մի մասը։ Ընդ որում՝ սահմանված սուբսիդավորման տոկոսը, համաձայն պայմանագրի, աստիճանաբար բարձրանում է․ 2009-2010 թվականներին Կառավարությունը փոխհատուցել է վնասի 10%-ը, 2011-2012 թվականներին` 15%-ը, 2013 թվականին` 20%-ը, 2014-2015 թվականներին` 25%-ը, իսկ 2016 թվականից մինչև պայմանագրի ավարտ պարտավոր է փոխհատուցել 30%-ը՝ պայմանով, որ այն պետք է չգերազանցի կամ հավասար չլինի տվյալ տարվա համար հաշվարկված կոնցեսիոն վճարին։ Վնասի փոխհատուցման աճող տոկոսադրույքներ սահմանելու հիմնավորումներ, սակայն, այս գործընթացի մասին արխիվային փաստաթղթերում չկան։ Փոխարենն այդ օրերի քննարկումների մասին այլ հետաքրքիր հիշատակումներ կան։ Մասնավորապես 2008-ի հունվարի 10-ին այդ ժամանակվա Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին է ուղարկում «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ներկայացրած ֆինանսական առաջարկի վերաբերյալ գրություն, որում առարկություններ է հայտնում սուբսիդավորման մասին։ Մասնավորապես նշում  է․ «Շահույթների և կորուստների կանխատեսման հաշվետվությամբ նախատեսվել է, որ կոնցեսիոների գործունեությունը շահութաբեր կլինի 2015-ից, սակայն սուբսիդավորում ակնկալվում է ամբողջ կոնցեսիայի ժամանակահատվածի համար։ Բացի այդ, գործունեության վնասաբեր տեսակի առանձնացումը (ուղևորափոխադրումներ,-խմբ․) և դրա գծով առանձնացված հաշվարկների իրականացումն ու սուբսիդավորման ակնկալիքն ընդունելի չի կարող լինել նույնիսկ այն առումով, որ ներկայումս (մինչև 2008 թվականը,-խմբ․) «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է շահույթով առանց սուբսիդավորման»։ Հետագա տարիներին արդեն գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ֆինանսական հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2011-2022 թվականներին ընկերությունն աշխատել է շահույթով՝ միաժամանակ, օգտվելով պայմանագրային իրավունքներից, պետությունից ստացել է սուբսիդավորում։ Այսպիսով, թեև Հայաստանի Հանրապետությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ամեն տարի ստանում է կոնցեսիոն վճար, սակայն այն սիմվոլիկ է, քանի որ գրեթե նույն գումարը վերադարձնում է ընկերությանը սուբսիդիայի տեսքով։  *Պատկերից կարող է թվալ, որ 2013 և 2014 թվականներին պետության վճարած սուբսիդիան գերազանցել է կոնցեսիոն վճարին, ինչը պայմանագրի խախտում է, սակայն 2008-2013 թվականների աուդիտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2009-2012 թվականների համար հաշվարկվել է 986․5 մլն դրամի սուբսիդիա, սակայն վճարվել է 650․8 միլիոնը, հետևաբար 2013 և 2014 թվականների կոնցեսիոն վճարը գերազանցող սուբսիդիոն վճարներով, ամենայն հավանականությամբ, մարվել է նախորդ տարիների պարտավորությունը։ Քաղաքական գիտությունների թեկնածու, ռուսագետ Նարեկ Սուքիասյանը նշում է, որ կոնցեսիոն կառավարումների հանձնումը նորմալ պրակտիկա է հատկապես փոքր ու զարգացող պետությունների մոտ, որովհետև նման բարդ ենթակառուցվածքների կառավարումն ու զարգացումը պահանջում են մեծ գումարներ և առաջատար տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար պակաս հասանելի են լինում այս պետություններին։ «Սակայն ի՞նչ են անում շատ երկրներ, որպեսզի այս քաղաքական կամ տնտեսական ներգրավվածությունը չվերածվի քաղաքական կախվածության և հետևաբար խոցելիության, փորձում են ապահովել հնարավորինս շատ դերակատարների՝ փոխանցում ոչ թե մենաշնորհային ձևով, այլ բազմազանեցված», - ասում է նա։ Նարեկ Սուքիասյանի խոսքով միայն երկաթգծի քարտեզին նայելով՝ հասկանալի է, որ այն դժվար թե լուրջ եկամտաբերություն ապահովի, քանի որ շատ սահմանափակ ենթակառուցվածք ունի, փաստացի, կապված է միայն Վրաստանին. «Բայց պետությունները շատ հաճախ մտնում են անեկամտաբեր և անխոստումնալից ծրագրերի տակ, որովհետև դրանց արժեքը ոչ թե ֆինանսական եկամուտն է, այլ քաղաքական դիվիդենտները, ինչն էլ, կարծում եմ, տեղի է ունեցել այս դեպքում, որովհետև Ռուսաստանը ստացել է Հայաստանի վրա ազդեցության ևս մեկ լծակ», - նշում է քաղաքագետը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, թե ռիսկային չէ՞ արդյոք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել ոչ թե պարզապես մասնավոր ընկերության, այլ մեկ ուրիշ պետությանը պատկանող ընկերության, նշում է, որ երբ պետությունը որևէ ենթակառուցվածք կառավարման է տալիս մասնավոր ընկերության, բերվում են ներդրումներ, և ենթադրաբար սկսում է ենթակառուցվածքը ավելի լավ աշխատել, ուստի որևէ սահմանափակում չկա՝ այդ ընկերության բաժնետերը մեկ այլ պետություն է, թե մասնավոր ընկերություն է։ Նրա դիտարկմամբ, սակայն, ցանկացած արտապատվիրակում իր մեջ ռիսկեր է ներառում. «Արտապատվիրակման նկատմամբ միշտ էական վերապահումներ եմ ունեցել հենց թեկուզ այն պատճառով, որ պետությունը զրկվում է գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից և կախվածությունը մասնավորից մեծանում է»։ Նախկին երկաթուղային Սամվել Շահվերդյանը չի հերքում՝ երկաթգծերն ու գնացքները փոխվեցին, գծային ու լոկոմոտիվային տնտեսությունը լավացավ, նոր կառավարիչներն իրենց հետ կազմակերպվածություն ու կարգապահություն բերեցին, որոնք «հայերին բնորոշ հատկանիշներից չեն»։ «Բայց, միևնույն է, զարգացում, առաջընթաց չկա կամ էլ ես չեմ տեսնում։ Հիմա նայեք՝ ինչքան փակված կայարան կա։ Երկաթգիծը պետք է աշխատի, չէ՞, անընդհատ պետք է ուղևորափոխադրում ու բեռնափոխադրում լինի, բայց չկա։ Իսկ նախկինում հոսքն այնքան շատ էր, որ մասնագետները երկաթգծերը նորոգելու համար ժամանակ հազիվ էին գտնում»,- հիշում է նա։  Հարցնում ենք՝ չէ՞ որ հիմա էլ, ինչպես սովետական տարիներին, կառավարումը ռուսական է, ի՞նչը փոխվեց․ «Ուրիշ ռուսներ են, մեր իմացած ռուսները չեն, այնտեղ էլ են փոխվել։ Արդեն իրենց շահն են առաջ բերել, ամբողջ աշխարհում է հիմա այդպես»։  Շահվերդյանը 2013 թվականին թողել է երկաթուղին, երբ հասկացել է, որ ոչինչ չի կարող փոխել։ Մի քանի տարի Ռուսաստանում բեռնատար է վարել, հետո վերադարձել Թումանյան ու մինչև հիմա անասնապահությամբ ու մեղվագործությամբ է զբաղվում․ «Մեղվապահությունը լիովին կփոխի քեզ, այլ մարդ կդառնաս։ Մեղուների հասարակարգը սոցիալիզմի գաղափարով է, այնտեղ մեկին չեն շահագործում, կարևորը համախմբվածությունն է»։  Կարոտում է երկաթուղու նախկին տարիները, ասում է՝ կյանքն ուրախ էր, միլիոններ չէր վաստակում, բայց սիրած աշխատանքով էր զբաղված, ուրեմն երջանիկ էր։  - Հիմա հնարավորության դեպքում կվերադառնայի՞ք երկաթուղի,- հարցնում ենք։- Այս վիճակո՞ւմ,- ճշտում է,-այս վիճակում՝ ոչ։  «Մինչև երկուսն էլ շահ չեն ունենում, ոչինչ չեն անում։ Մարդուն էլ ասում են՝ ամուսնացի, երեխա ունեցի, որ մի բաժակ ջուր տվող ունենաս»․ ներդրումները «Ղեկավարներն ասում են` կին կայարանապետերն ավելի լավ են աշխատում, ավելի ուշադիր են», - նշում է «Վանաձոր» գծային-կայարանային միավորման Թումանյան կայարանի պետ Անուշ Հակոբյանը։ 2015 թվականից կայարանապետ է, առաջին տարիներին միակ կինն է եղել այդ պաշտոնում։  «Սկզբում մտածում էին՝ երևի արկածախնդիր եմ, բայց եթե գործդ լավ ես անում, էլ հարցեր չեն առաջանում։ Ես փոքրուց շատ եմ սիրել երկաթուղին։ Մանկությանս տարիներին այստեղ դատարկելու էին բերում կոճղեր, որոնց առանձնահատուկ հոտը ամբողջ օրը մնում էր կայարանում։ Այդ ժամանակվանից երկաթուղու հետ կապն անընդհատ եղել է, ու ինձ միշտ ձգել է… Մեծ երջանկություն է, երբ աշխատանքդ սիրում ես»,- պատմում  է Անուշ Հակոբյանը։ 20 տարեկանում Անուշ Հակոբյանը ընդունվել է Թումանյանի կայարան և արդեն 36 տարի այստեղ է։ Աշխատանքի ընդունվելու պահին կայարանում 39 աշխատակից կար, տարիների ընթացքում մնացել են 4-ը․ «Վերջին աշխատակիցը գանձապահն էր, 2008 կամ 2009 թվականին հեռացավ։ Շրջափակումից հետո, երբ շատ ուղղությունները կրճատվեցին, որոշ հաստիքներ էլ անիմաստ դարձան»։  Անուշ Հակոբյանը Նրա գնահատմամբ՝ ռուսական կառավարման հանձնելու նախօրեին հայկական երկաթուղին ծանր վիճակում էր․ գնացքները չէին կարողանում գերազանցել 5 կմ/ժ-ը, հաճախ դուրս էին ընկնում երկաթգծերից, գույքը շարքից դուրս էր գալիս, իրավիճակը փրկել սեփական ուժերով անհնարին էր։   «Հայաստանը հնարավորություն չուներ պահելու, անգամ մտածում էինք՝ հեսա կփակվի երկաթգիծը։ Նոր էինք անցել մութ ու ցուրտ տարիներով, պայմանները վատն էին, ինչ-որ մեկը պետք էր, որ ներդրում աներ։ Ռուսաստանից բացի էլ ուրիշ շահագրգռված երկիր չկար, Հնդկաստանն էր դիմել, հետո հրաժարվել, Չինաստանի անունն էլ էին տալիս, բայց հետո ինչ-որ պայմաններ չեն համընկել։ Նորմալ է, մինչև երկուսն էլ շահ չեն ունենում, ոչինչ չեն անում։ Մարդուն էլ ասում են՝ ամուսնացի, երեխա ունեցի, որ մի բաժակ ջուր տվող ունենաս։ Այսինքն՝ երեխային էլ մարդիկ բերում են, որ հետո իրենց ինչ-որ բան լինի, ուր մնաց բիզնեսն այդպես  չշարժվի»,- ասում է Անուշ Հակոբյանը։ Երկարամյա փորձով երկաթուղայինը թերահավատ է, որ ռուսական ընկերության հետ կնքված պայմանագրի ավարտից հետո հայկական կողմը կկարողանա հաջող շահագործել երկաթուղին։  «Եթե աշխատեն այնպես, ինչպես մինչև 2008 թվականը, մի քանի տարի կշահագործեն, հետո կսկսեն քանդելն ու վաճառելը։ 2008 թվականից երկու իշխանություն փոխվել է, եթե 2038 էլ այլ իշխանություն լինի, կամ թեկուզ այս իշխանությունը, կկարողանա ինքնուրույն շահագործել, բայց ես չեմ պատկերացնում։ Երկաթգծում պետք է կարգուկանոն լինի, իսկ մենք դրանից հեռու ազգ ենք»,- ասում է Հակոբյանը։ Կայարանապետի խոսքով 2008 թվականից ռուսական կողմն ամբողջությամբ արդարացել է իր սպասելիքները. ասում է՝ գնացքները փոխված են, երկաթգծերը նույնպես, աշխատավարձն էլ երբեք չի ուշանում։ Կոնցեսիոն պայմանագրով ռուսական ընկերությունը պարտավորվել է մինչև 2038 թվականը կատարել  174․5 մլրդ դրամի ներդրում, որից 122.3 մլրդը՝ ենթակառուցվածքում, 52.2 մլրդը՝ շարժակազմում։ Ըստ պայմանագրի՝ երկաթուղային ենթակառուցվածքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իսկ շարժակազմը՝ ընկերությանը։ Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցած տվյալների՝ մինչև 2024 թվականը կատարվել է 144 մլրդ դրամի ներդրում, որը 15 մլրդով ավելի է 2008-2024 թվականների համար պլանավորածից։ Պլանավորվածը գերազանցող ներդրումներից 11 մլրդը կատարվել է շարժակազմում։ Հետաքրքիր է, որ պայմանագրի ավարտից հետո շարժակազմը կա՛մ մնալու է «Հարավկովկասյան երկաթուղուն», կա՛մ մնացորդային արժեքով վաճառվելու է Հայաստանին։ Այսինքն՝ պայմանագրի ավարտից հետո բարելավված շարժակազմը ստանալու համար հայկական կողմը պետք է վճարի։ Կայարանապետ Անուշ Հակոբյանը հիշում է՝ այն ժամանակ գնացքները հասնում էին մինչև Ադրբեջան, Աբխազիա և Մախաչկալա, հիմա միայն Թբիլսի, ամռանն էլ՝ Բաթումի։  «Հիմա ուղղությունները քիչ են, բայց դեպի Հայաստան բոլոր գնացքներն անցնում են այստեղով։ Սովետի ժամանակ, իհարկե, անցուդարձը շատ էր, հիմա շրջափակման մեջ ենք, բայց, միևնույն է, երկաթգիծը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտն է: Հետո ինչ եղանակ էլ լինի, երկաթուղին անխափան է աշխատում»,- նշում է նա։ Ներդրումային ծրագիր ներկայացնելիս նախկին ուղղությունները չէին մոռացել նաև «Ռուսական երկաթուղիները»։  Ընկերությունն առաջարկել էր ներդրումային 4 տարբերակ։ Առաջին տարբերակը գործում է կոնցեսիոն պայմանագրի կնքումից ի վեր՝ միջազգային միակ ճանապարհը դեպի Վրաստան։ Երկրորդ տարբերակում ընկերությունը դիտարկել է 2009 թվականից Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որի դեպքում ներդրումների ծավալը կհասներ 183․9 մլրդ դրամի։ Երրորդ տարբերակում, բացի վերոնշյալից, դիտարկվել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որի դեպքում կներդներ 538.5 մլրդ դրամ։ Եվ վերջին սցենարով էլ, եթե Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացվեր, ներդրումները կհասնեին 641 մլրդ դրամի։ Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումների արդյունավետությանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ կատարված ներդրումները, անշուշտ, նպաստել են ենթակառուցվածքների ու շարժակազմի արդիականացման և սպասարկման որակի բարելավմանը։ Սակայն անհրաժեշտ է փաստել, որ ներդրումների ծավալները սահմանափակ են համեմատած տարածաշրջանային այլ երկաթուղիների հետ, ինչն ազդում է համակարգի ընդլայնման ու զարգացման վրա։ «Երկու հիմնական խնդիր կա. առաջին՝ ներդրումների ուղղվածությունը, որոնք դեռ չեն բավարարում երկաթուղու ամբողջական տեխնիկական և կազմակերպչական արդիականացման պահանջներին, երկրորդ՝ տարածաշրջանային քաղաքական ու գեոտնտեսական պայմանները, որոնք խոչընդոտում են տրանզիտի զարգացմանը և նոր երթուղիների բացմանը։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ, չնայած որոշակի առաջընթացին, երկաթուղին դեռ չի զարգանում իր ամբողջական ներուժով»,- նշում է նա։ «Ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները կկարգավորվեն»․ քրեական գործեր «Հարավկովկասյան երկաթուղին» յուրաքանչյուր տարի նախարարությանը ներկայացնում է ֆինանսական հաշվետվությունները` հաստատված անկախ աուդիտորական ընկերության կողմից։  Պայմանագրի համաձայն՝ ՏԿԵ նախարարությունը նույնպես կարող է անկախ աուդիտ պատվիրել՝ կոնցեսիոն վճարի հաշվարկի արժանահավատությունը ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ վճար պահանջելու համար։  Ռուսական ընկերության գործունեության 17 տարիների ընթացքում հայկական կողմը ընկերության գործունեությունը վերահսկելու իր այդ կարևոր հնարավորությունից օգտվել է ընդամենը մեկ անգամ․ նախկին Տրանսպորտի և կապի նախարությունը 2014 թվականին պատվիրել է իրականացնել ընկերության՝ 2008-2013 թվականների գործունեության վերաբերյալ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտ։ Աուդիտի արդյունքները ներկայացվել էին 2015 թվականին։ Ուսումնասիրությամբ հայտնաբերել էր, որ ընկերությունը 2009-2013 թվականների համար շուրջ 132 մլն դրամով ավել է հաշվարկել սուբսիդավորման համար ներկայացված գումարները, այդ թվում՝ 2009-ին՝ շուրջ 5 միլիոն դրամով, 2010-ին՝ շուրջ 18 միլիոն դրամով, 2011-ին՝ շուրջ 33 միլիոն դրամով, իսկ 2012-ին՝ շուրջ 76 միլիոն դրամով։  Ըստ աուդիտի՝ 551 մլն դրամով էլ ավելի էին ներկայացվել ենթակառուցվածքներում կատարված ներդրումները։  Բացի բուն աուդիտից եզրակացություններից՝ աուդիտն իրականացրած ընկերությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը ներկայացրել էր նաև սեփական դիտարկումները։ Ընկերությունը, ի թիվս այլ խնդիրների, նկատել էր, որ պայմանագիրը հստակ չի սահմանում «ներդրումներ» հասկացությունը. որ ծախսերն են համարվում ներդրումներ, ծախսման որ փուլում են համարվում կատարված, որքանով է կատարված ծախսը որպես ներդրում ընդունվելու հանգամանքը կախված նրա արդյունավետությունից և այլն։ Միաժամանակ նշվում էր, որ  հստակեցված չէ սուբսիդավորման չափի հաշվարկման մեթոդիկան։ Հաջորդող 3 տարիներին այս աուդիտի արդյունքները որևէ լուրջ հետևանք չունեցան։ Ընկերությունում արձանագրված խնդիրների մասին կրկին հիշեցին 2018-ի իշխանափոխությունից հետո։ Արդեն 2018 թվականի օգոստոսից ընկերությունում սկսվեցին խուզարկություններ, առգրավվեցին փաստաթղթեր։ 2018-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշեց, որ չարաշահումների ծավալը հասնում է 60 մլն դոլարի։ 2018-ի դեկտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ վերջինս, ստանալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել էին երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում 428 մլն դրամի չկատարված շինարարական աշխատանքներ, ընկերությունից չէր ստացել  դրանց վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ, և խմբային շահերից ելնելով՝ հաղորդում չէր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Դրա հետևանքով ներդրումային միջոցներից հափշտակվել էր 428 մլն դրամ, ինչպես նաև գործուն միջոցներ չէին ձեռնարկվել՝ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ: Նույն թվականի դեկտեմբերի 25-ին էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել էր ստուգում։ Մինչ գործի նախաքննությունը շարունակվում էր, արդեն 2019 թվականի սեպտեմբերին ռուսական RTVI հեռուստաալիքը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, հայտնեց, որ ռուսական ընկերությունը մտադիր է խզել պայմանագիրը Հայաստանի հետ, ինչը, ըստ էության, հաստատեց նաև ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Արդեն 2020 թվականին ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում. «Տնտեսական դաշտում ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Լավրովի այս հայտարարությանը․ «Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,-  ասել էր  Մհեր Գրիգորյանը: Այս հայտարարություններից 4 ամիս անց՝ 2020-ի սեպտեմբերին, ՌԴ տրանսպորտի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների միջև ստորագրվեց Հայաստանի իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման ընթացքում առաջացած անհամաձայնությունների լուծման վերաբերյալ խորհրդակցությունների արձանագրություն, որով կողմերը, ի թիվս այլնի, պայմանավորվեցին, որ  ռուսական կողմը կիրականացնի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի վերաբաշխում՝ 2020-2024 թվականների համար դրանք հասցնելով առնվազն 39 միլիարդ դրամի, կողմերը կպատրաստեն 2025-2038 թվականների ներդրումային ծախսերի թարմացված ծրագիր՝ որոշելով այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ շուրջ 95 միլիարդ դրամի ներդրումային ռեսուրսների պակասության լրացման աղբյուրներն ու մեխանիզմները, հայկական կողմը կդիտարկի Կավկազ-Փոթի երկաթուղալաստանավային հաղորդակցության վերագործարկման պետական աջակցության հնարավորությունը, կողմերը կքննարկեն կոնցեսիոն պայմանագրում լրացումների իրականացման հարցը՝ նախատեսելով ուղևորափոխադրումների սուբսիդիայի չափի սահմանափակումների վերացում։ Վերոնշյալ արձանագրության ստորագրումից 1 տարի անց՝ 2021-ի մարտին, քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է սուբսիդավորման նոր համակարգի նախագիծ։ Նախարարությունը մեզ չտրամադրեց այն՝ նշելով, որ շահագրգիռ գերատեսչությունների դիրքորոշումները ստանալուց, ամփոփելուց և համաձայնեցնելուց հետո նախագծի վերջնական տարբերակը կդրվի հանրային քննարկման։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը սխալ է համարում, որ պետությունը չի օգտվում անկախ աուդիտ պատվիրելու իրավունքից, որովհետև «Հարավկովկասյան երկաթուղին» իրականացնում է հանրային շահ պարունակող գործունեություն։ Քաղաքագետ Վահե Դավթյանը կարծում է, որ նախարարության՝ աուդիտ պատվիրելու հնարավորությունից չօգտվելու և քրեական գործերը կարճելու պատճառները քաղաքական են: Նրա խոսքով 2018-ի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց թիրախավորել ռուսական կապիտալը, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ «Իհարկե, ընկերության ներսում առկա էին բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար Հայաստանի նոր իշխանություններն ունեին բազմաթիվ քաղաքական, դիվանագիտական լծակներ: Սակայն քաղաքական էթիկային ու միջպետական կապերի տրամաբանությանը հակառակ՝ Փաշինյանը որոշեց ՀԿԵ-ում կոռուպցիայի մասին խոսել ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ինչն անվստահության մթնոլորտ ստեղծեց Մոսկվա-Երևան հարաբերություններում: Եվ այո, Լավրովի արձագանքը  այս իմաստով շատ օրգանական էր», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս իրադարձություններին հաջորդեցին 44-օրյա պատերազմը, Մոսկվայի միջնորդությունը, աշխարհաքաղաքական որոշակի վերաիմաստավորումներ, հրաժարում կոշտ հակառուսականությունից և այլն, ինչն էլ չէր կարող չանդրադառնալ  ընկերության մասով նախկինում կայացված որոշումների վրա: Ռուսագետ Նարեկ Սուքիասյանի պնդմամբ հեղափոխությունից հետո Ռուսաստանի հետ ձևավորվել էր հարաբերությունների մի օրինաչափություն, երբ Հայաստանը «դեմոնստրատիվ քայլեր էր անում՝ հաճախ սիմվոլիկ», Ռուսաստանից իր անկախությունը ցույց տալու, որոնց արդյունքում Ռուսաստանը տալիս էր շատ բացասական արձագանք. «Այսինքն` անկախության ձգտումով, որը արվում էր հաճախ ոչ շատ խորաթափանց դիվանագիտության ձևերով, ստեղծում էր մի իրավիճակ, երբ Հայաստանը դառնում էր խոցելի ռուսական ճնշումների նկատմամբ, ու բացասական վերաբերմունքը փարատելու համար այնպիսի քայլեր էր անում, որոնք Հայաստանը էլի տանում էին Ռուսաստանից կախվածության այլ ձևերի», - նշում է նա։ «Մինչև 2024 թվականը երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը»․ Նիկոլ Փաշինյան Արձանագրությունից մեկ տարի և քրեական գործի կարճումից 4 ամիս անց՝ 2021-ի օգոստոսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ․ «Մինչև 2024 թվականը երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։ «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով ընկերությունը 2021-2025 թվականների ընթացքում պետք է իրականացներ շուրջ 15 մլն դրամի ներդրում։ Փաստորեն, վերոնշյալ արձանագրությամբ էականորեն փոփոխվում էր 2020-2024 թվականների համար նախատեսված ներդրումների չափը։  Դեռևս 2021-ի սեպտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից մեզ տրամադրել էին 2020-2024 թվականների համար նախատեսված ծախսերի բացվածքը՝ ըստ տարիների։ ՏԿԵ նախարարության տրամադրած թարմ տվյալներից պարզ է դառնում, որ նախատեսվածին մոտ ներդրումներ կատարվել են միայն 2020 և 2021 թվականներին, իսկ 2022-2024 թվականների ներդրումները էականորեն պակաս են եղել նախատեսվածից։ Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 28 մլրդ 445 մլն դրամի ներդրում, որը 10 մլրդ 563 մլն-ով պակաս է արձանագրությունով պայմանավորվածից։   «Հանրային նշանակության բոլոր ընկերությունները պետք է պարտավորված լինեն ներկայացնելու իրենց գործունեության վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն». գնումներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Գնումների մասին» օրենքին չի ենթարկվում, գնումների ընթացակարգերի կարգավորումներ առկա չեն նաև կոնցեսիոն պայմանագրերում։ Ընկերությունը կայքում հրապարակում է գնման մրցույթների հրավերները միայն, և հնարավոր չէ ծանոթանալ մասնակից և հաղթող ընկերություններին, կնքված պայմանագրին։  Այս տարվա մարտի 18-ին հարցում ուղարկեցինք «Հարավկովկասյան երկաթուղի»՝ խնդրելով հայտնել, թե որ օրենքով կամ կանոնակարգով է կարգավորվում ընկերության գնումների գործընթացը։ 45 օր անց ընկերությունից պատասխանեցին, որ գնումների կազմակերպման գործընթացը իրականացվում է ընկերության գլխավոր տնօրենի հրամանով հաստատված կանոնակարգով և հրապարակման ենթակա չէ։ Մայիսի 12-ին ընկերությանը խնդրեցինք տրամադրել նախորդ մեկ տարվա ընթացքում անցկացված գնման մրցույթների հրավերները և արդյունքում կնքված պայմանագրերը։ Ստացանք պատասխան, որ կնքված պայմանագրերը չեն կարող տրամադրվել, քանի որ պարունակում են առևտրային, բանկային, անձնական բնույթի տվյալներ։ Մայիսի 15-ին գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել վերջին 10 տարիներին անցկացված գնման մրցույթների մասնակիցների և հաղթողների անունները, գնման առարկան և պայմանագրի գինը։ Մեկ ամիս անց կրկին մերժվեցինք․ ըստ ընկերության՝ մեր հայցած տեղեկությունն ունի առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։  Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը պնդում է, որ հանրային նշանակության բոլոր ընկերությունները պետք է պարտավորված լինեն ներկայացնելու իրենց գործունեության վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն, ինչպես իրենց ֆինանսական հաշվետվությունները, այնպես էլ գնումների վերաբերյալ փաստաթղթերը։ Անդրադառնալով ռիսկերին՝ փորձագետը նշում է. «Այստեղ ռիսկերից մեկն այն է, որ կառավարությունը սուբսիդավորում է այդ ընկերության գործունեության ինչ-որ հատվածներ՝  կապված ուղևորափոխադրումների հետ, և մենք չգիտենք՝ ինչպես է վերահսկողությունն իրականացվում այդ գործունեության նկատմամբ, ինչպես են հաշվարկվում ծախսերը, ինչպես են հաշվարկվում սուբսիդիայի գումարը և այլն»։ Գնումների փորձագետը շեշտում է, որ հանրային ծառայությունների մատուցման դեպքում միշտ գերակա է հանրության շահը, և պետությունը պետք է անի առավելագույնը այդ շահը սպասարկելու համար. «Եթե չի կարողանում և տալիս է մասնավորին, ապա պետք է ունենա ինչպես չափորոշիչներ, որոնցով գնահատում է տվյալ ընկերության գործունեությունը, այնպես էլ պետք է ունենա վերահսկողական մեխանիզմներ և համապատասխան մասնագետներ, որոնք կարող են իրականացնել այդ վերահսկողությունը»։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ եթե մասնավոր ընկերությունն իր կարիքների համար գնումներ է կատարում և դա չի ազդում սակագների վրա, ապա պետության վերահսկողությունն արդարացված չէ։ Դեռևս 2016 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 6-ամսյա ուսումնասիրությամբ եզրակացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» գնումներն իրականացնում է ձևական բնույթի մրցույթներով կամ առանց դրանց։ Հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանը նշել էր․ «Պարզվում է, որ ընկերությունն ինքն է որոշում, թե որ ընկերությունից և ինչ պայմաններով ձեռք բերի ապրանքներ և ծառայություններ։ Եթե անգամ ընկերությունը մրցույթներ անցկացնում է, ապա շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում, որովհետև այդ մրցույթների արդյունքում մենք դեպքեր ունենք բացահայտված, որ հաղթող է ճանաչվում ավելի բարձր գին ներկայացրած ընկերությունը»։ Շաբոյանի ղեկավարած կառույցը հայտնաբերել էր նաև, որ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում ընկերությունը արտադրամաս է կառուցել՝ 100 մլն դրամ ծախսելով շինարարության, 300 մլն դրամ՝ սարքավորումներ գնելու համար, որպեսզի անվազույգերի նորոգումն անցկացվի Հայաստանում, մինչդեռ արտադրամասը կառուցելուց հետո անվազույգերը կրկին արտերկրում են նորոգվել։  2015 թվականին անցկացված աուդիտն էլ արձանագրել էր, որ չնայած ընկերությունում որպես առանձին ստորաբաժանում գործում էր իրավաբանական ծառայություն, ընկերությունը պարբերաբար դիմել է տարբեր կազմակերպությունների՝ իրավաբանական ծառայություններ ստանալու համար, և որոշ դեպքերում այդ ծառայությունների գծով կրել է էական ծախսեր, որոնք համարժեք չեն այդ ստացված արդյունքներին։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է, որ եթե գնումների ընթացակարգը նպատակային, արդյունավետ ու խնայողական չէ, ապա լինելու են չարաշահումներ և դրանց արդյունքում ձևավորվելու են գումարներ, որոնք, ի վերջո, կարող են ներառվել սուբսիդիայի գումարի մեջ. «Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի հարկատուները ֆինանսավորում են ընկերության անարդյունավետ գործունեությունը»։ Փնտրվում են փաստաթղթեր և թեմայով կոմպետենտ պատգամավորներ Կոնցեսիոն ակտիվները ռուսական կողմին են փոխանցվել հանձնման-ընդունման ակտի համաձայն, որտեղ նշվել է, թե Հայաստանի Հանրապետությունը շահագործման համար երկաթուղային տրանսպորտի ինչ օբյեկտներ, անշարժ և շարժական գույք է փոխանցել «Հարավկովկասյան երկաթուղուն»։  Թվում է, թե այս փաստաթուղթը, որն ամրագրում է, թե փաստացի ինչ է փոխանցվել ռուսական ընկերությանը, լրագրողներին պիտի տրվեր առաջին իսկ հարցմամբ, սակայն մեր ճանապարհը ավելի բարդ էր։  Պայմանագրի կնքման պահին լիազոր պետական մարմինը Տրանսպորտի և կապի նախարարությունն էր։ Հետագայում լիազորությունները փոխանցվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ 2019 թվականից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։  Նախ՝ ՏԿԵ և ԲՏԱ նախարարություններից մեզ փոխանցեցին, որ հանձնման-ընդունման ակտն իրենց մոտ չի պահվում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր գրությունից հետո ՏԿԵ նախարարությունը ինչ-որ հրաշքով գտավ և մեզ տրամադրեց այն։ Պատմությունն այստեղ էլ չավարտվեց, հանձնման-ընդունման ակտը մեզ փոխանցեցին թերի՝ առանց փոխանցված ակտիվների ցանկը պարունակող 7 հավելվածների։ Այս անգամ վարչապետին ուղղված գրությունն էլ չփրկեց․ հավելվածները չեն պահվում ոչ ՏԿԵ, ոչ ԲՏԱ նախարարություններում, ոչ Կառավարությունում, և ոչ էլ կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացի մասին արխիվային փաստաթղթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում ուղարկեցինք՝ հասկանալու, թե ինչու այս հավելվածները չեն պահպանվել, և թե վերջինս ինչ է անելու դրանք գտնելու համար։ Վարչապետի աշխատակազմն այս հարցումը վերահասցեավորել էր ՏԿԵ նախարարությանը, որն էլ հարցմանը պատասխանելու համար պահանջել է 30 օր։  Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ լիազոր մարմինը ՏԿԵ նախարարությունն է, և իրենք որևէ առնչություն չունեն այդ հավելվածների հետ, հետևաբար՝ բոլոր հարցերը պետք է ուղղել նախարարությանը։ Կոնցեսիոն պայմանագրի լուծման ամսաթվին «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի Հանրապետությանը պետք է վերադարձնի կոնցեսիոն ակտիվները։ Թե ինչպես են լիազոր մարմինները առանց հանձնման-ընդունման ակտի հավելվածներում առկա տեղեկության ապահովելու Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքի պատշաճ ընդունումը, հայտնի չէ։  Նյութը պատրաստելիս ՏԿԵ նախարարությունից խնդրեցինք հարցազրույց կազմակերպել Երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի հետ։ Չնայած հարցազրույցի անցկացման ժամկետ չէինք նշել՝ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանից ստացանք պատասխան, որ զբաղվածության պատճառով հարցազրույցը կազմակերպել հնարավոր չէ։ Դրանից հետո վերջինիս տեղեկացրինք, որ այդ պարագայում կարող ենք զրուցել ցանկացած այլ կոմպետենտ պաշտոնյայի հետ։ Ստացանք պատասխան․ «Հարցազրույց չենք դիտարկում այս պահին։ Եթե այլ հարցեր կան թեմայի վերաբերյալ, խնդրում եմ գրավոր ուղարկել»։ Մեկ շաբաթ անց մամուլի քարտուղարին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխնախարար, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Արմեն Սիմոնյանի հետ։ Սոնա Հարությունյանը խնդրեց կապ հաստատել մեկ շաբաթ անց, քանի որ փոխնախարարը մեկնել էր գործուղման։ Մեկ շաբաթ անց կապ հաստատելուց հետո էլ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ փոխնախարար Սիմոնյանն առաջիկա երկու շաբաթում լինելու է ծանրաբեռնված, հարցազրույցի համար կարող ենք պայմանավորվել հունիսի 19-ից հետո։ Արդյունքում, հաշվի առնելով, որ նյութում անդրադարձ է կատարվում նախարարության իրավասություններին առնչվող թեմաների՝ գրություն ուղարկեցինք՝ խնդրելով 3 օրվա ընթացքում արձագանքել մեր ուղարկած հարցերին։ Այս գրությանը պատասխանելու համար նախարարությունը պահանջեց 30 օր։  Մեր ուսումնասիրության ընթացքում փորձեցինք լսել նաև կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կարծիքը ինչպես երկաթուղու կոնցեսիոն կառավարման, զարգացման հեռանկարների, այնպես էլ, օրինակ, գնումների ոլորտում հանրային վերահսկողության բացակայության վերաբերյալ, սակայն ՔՊ 69-հոգանոց խմբակցությունից չգտնվեց մեկ պատգամավոր, որ կպատասխաներ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի և ոլորտի վերաբերյալ մեր հարցերին։ Նախ փորձեցինք զրուցել ԱԺ փոխնախագահ, նախկինում Տրանսպորտի և կապի փոխնախարար, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ, սակայն վերջինիս օգնականը փոխանցեց, որ պատգամավորը շատ զբաղված է։  Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը անպատասխան թողեց հարցազրույցի մեր առաջարկը։ Նույն հանձնաժողովի փոխնախագահ Արեն Մկրտչյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ այս թեմայով կոմպետենտ չէ, նույն պատճառաբանությամբ մեկնաբանությունից հրաժարվեցին Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  Փորձեցինք կապ հաստատել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ լսելու նրա կարծիքը կամ խնդրելու մեզ ուղղորդել խմբակցության՝ այս հարցով կոմպետենտ պատգամավորի հետ հարցազույցի։ Վերջինս օգնականը նշեց, որ դրական պատասխանի դեպքում կզանգի մեզ․ չզանգեց։ Հարցազրույցի խնդրանքով դիմել էինք նաև «Հարավկովկասյան երկաթուղուն», մերժում ստանալուց հետո մեր հարցերն ուղարկել էինք գրավոր։ Մինչ օրս ընկերությունից այս հարցերի պատասխանը չենք ստացել։ «Պայմանագրի երկարաձգման հարցը պետք է դիտարկվի որպես ռազմավարական որոշում»․ երկաթուղու ապագան Կոնցեսիոն պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է՝ մինչև 2038 թվականը, սակայն սահմանված է այն ևս 10 տարով՝ մինչև 2048 թվականը երկարաձգելու հնարավորություն, եթե մինչև 2027 թվականի օգոստոսը կողմերն իրար հայտնեն  այդ մտադրություն մասին։  Հաշվի առնելով, որ 2027 թվականը սարերի հետևում չէ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հարցրել էինք՝ իրենք ունե՞ն արդյոք նման մտադրություն և հայտնե՞լ են այդ մասին Կառավարությանը։ Ընկերությունից մեր հարցին չեն պատասխանել։ Պայմանագրի երկարացման հնարավորությունների, երկաթուղու կառավարման այլ տարբերակների վերաբերյալ հարցեր էինք ուղղել նաև ՏԿԵ նախարարությանը։ Նախարարությունը, ինչպես նշեցինք, մեկ ամիս է խնդրել այս և մյուս հարցերին պատասխանելու համար։ ։ Քաղաքագետ Վահե Դավթյանը կարծում է, որ այս փուլում, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հաջողվել է պահպանել ենթակառուցվածքների կենսունակությունը, իրականացնել որոշակի արդիականացում և վերականգնել միջազգային ուղևորափոխադրումները, պայմանագրի ևս 10 տարով երկարաձգումը կարող է ապահովել ոլորտի գործառնական կայունությունը և կանխել անցումային ռիսկերը։ Քաղաքագետը, սակայն, միաժամանակ նշում է, որ արդիական է նաև այլընտրանքային սցենարների դիտարկումը․ «Տարածաշրջանային փոփոխությունները՝ հատկապես նոր տրանսպորտային միջանցքների քննարկումը, հուշում են, որ երկաթուղային համակարգի նկատմամբ պետք է ձևավորվի նոր մոտեցում։ Այդ թվում՝ հնարավոր է աստիճանաբար ավելացնել պետական վերահսկողությունը ոլորտի նկատմամբ կամ հաստատել պետական-մասնավոր նոր ձևաչափ, որն առավել սերտ կապված կլինի ազգային- ռազմավարական շահերի հետ։ Ուստի, պայմանագրի երկարաձգման հարցը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տեխնիկական, այլ որպես ռազմավարական որոշում, և դրա հիմքում պետք է լինեն հստակ գնահատականներ՝ արդյունավետության, վերահսկելիության և տարածաշրջանային զարգացումներին ադեկվատ արձագանքման տեսանկյունից»։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ի վիճակի է առանց մասնավոր համագործակցության կամ կոնցեսիայի կառավարել երկաթուղին, Դավթյանը նշում է, որ պոտենցիալ առումով կարող ենք ունենալ համապատասխան ինստիտուցիոնալ և տեխնիկական ռեսուրսներ, սակայն այդ հնարավորությունը խիստ սահմանափակվում է տրանսպորտային քաղաքականության համակարգային ու դոկտրինալ հիմքերի բացակայությամբ․ «Երկաթուղային ոլորտի կառավարումը չի կարող դիտարկվել միայն որպես տեխնիկական կամ ֆինանսական հարց․ այն պահանջում է ազգային ռազմավարության մաս կազմող հստակ ձևակերպված տրանսպորտային դոկտրին, որն այսօր փաստացի առկա չէ»։  Միաժամանակ քաղաքագետի բնորոշմամբ կոնցեսիայի դադարեցումը և կառավարման մոդելի փոփոխությունը պահանջում է քաղաքական կամք, մասնագիտական կադրային ներուժ և ներդրումային հստակ մոբիլիզացիա, որոնց հետ առկա են լուրջ խնդիրներ: Վերջինիս կարծիքով նախքան կոնցեսիոն մոդելի վերանայումը, անհրաժեշտ է վերաիմաստավորել Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը որպես անվտանգության բաղադրիչ, ձևավորել համապատասխան դոկտրին, և միայն դրանից հետո  գնահատել կառավարման այլընտրանքային սցենարների իրագործելիությունը։ Անդրադառնալով հայկական երկաթուղու շահագործման հարցում այլ երկրների կամ ընկերությունների հնարավոր հետաքրքրությանը՝ Վահե Դավթյանը նշում է, որ, նման հետաքրքրությունը կարող է ունենալ բացառապես աշխարհաքաղաքական մոտիվացիա․ «Տեսականորեն, եթե այնուամենայնիվ տարածաշրջանում տեղի ունենա ապաշրջափակում և հաղորդակցությունների վերաբացում, ապա հայկական երկաթուղին կարող է հանդես գալ որպես հանգույց, որի կառավարման նկատմամբ հետաքրքրություն կարող են ցուցաբերել մի շարք պետական և մասնավոր դերակատարներ՝ իրենց տնտեսական և ռազմավարական շահերից ելնելով։ Առաջին հերթին այսպիսի հետաքրքրություն կարող են ունենալ հարավկովկասյան և մերձակա տարածաշրջանի երկրները, ինչպես նաև Թուրքիան, Իրանը և Կենտրոնական Ասիայի պետությունները։ Կարևոր է նաև չբացառել չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ մասամբ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է տրանսպորտային ցանցերի ընդլայնումը դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք»։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը անդրադարձավ նաև ռուսագետ Նարեկ Սուքիասյանը՝ նշելով, որ ապաշրջափակման դեպքում  եթե երկաթգծային հաղորդակցության բաղադրիչը շարունակի լինել ռուսական վերահսկողության տակ, ապա դա կարող է բերել ռիսկի. «Արդեն ապրանքափոխանակությունը, որը կազմում է արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի գլխավոր կոմպոնենտներից մեկը, կարող է տարբեր ռիսկերի հանդիպել. տեխնիկական պատճառներով, բայց քաղաքական հետևանքներով։ Այսինքն` երկաթգիծը, որը կենսական նշանակություն կարող է ձեռք բերել, ինչ-ինչ պատճառներով չաշխատի, իսկ պատճառներ հնարավոր է մտածել անթիվ։ Այս պահին նման վտանգի պոտենցյալը ցածր է, որովհետև մեր երկաթգիծը բացի Վրաստանից առանձնապես որևէ լուրջ միջազգային ենթակառուցվածքների ցանցի միացած չէ, բայց եթե բազմազանեցվեն ու շատանան  այդ կապերը, էլ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ»,- նշում է Նարեկ Սուքիասյանը։   Այսպիսով, 2008 թվականին Հայաստանն իր երկաթուղային համակարգը 30 տարով հանձնեց «Հարավկովկասյան երկաթուղու» շահագործմանը՝ դրա համար սահմանելով տարեկան կոնցեսիոն վճար։ Այս վճարը, սակայն, պայմանավորված  կառավարության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորմամբ, կրում է խորհրդանշական բնույթ։  Ռուսական կառավարման տարիներին որոշակի ներդրումներ իրականացվել են, սակայն արդյունավետ վերահսկողության բացակայությունը, գնումների թափանցիկության խնդիրները և քաղաքական ազդեցության ռիսկերն առաջ են բերում այս մոդելի արդյունավետության վերաբերյալ հարցեր։ Այժմ, երբ մոտենում է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշում կայացնելու սահմանված ժամկետը,  թե՛ պատասխանատու գերատեսչությունները, թե՛ օրենսդիր մարմինը նախընտրում են չանդրադառնալ այս հարցերին։ Մինչդեռ անհրաժեշտ է անկեղծ պատասխան տալ՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը սեփական ուժերով իրականացնել համակարգի կառավարումը։ Եթե ոչ, ապա գոնե պետք է ապահովել առավել թափանցիկ,  հաշվետու և հանրային վերահսկողությանը ենթակա կառավարման մոդել։   Գլխավոր լուսանկարում ձախից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյան Հեղինակներ՝ Լյուսի Մանվելյան, Լիլիթ ԳրիգորյանՎիզուալները՝ Լյուսի ՄանվելյանիՏեսանյութը՝ Ռոման Աբովյանի
22:27 - 18 հունիսի, 2025
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով պաշտպանական եզրափակիչ ճառը

Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով պաշտպանական եզրափակիչ ճառը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումները մոտենում են ավարտին։ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Պաշտպանը պնդում է՝ գործի նախաքննությունը կատարվել է բազմաթիվ բացթողումներով Պաշտպանը, նշելով, որ իր մասնագիտական գործունեության ընթացում բազմաթիվ ճառեր է հրապարակել, այս մեկն առանձնահատուկ համարեց․ «Այս ճառը, պատվարժան դատարան, ինձ համար ոչ միայն իր բովանդակությամբ է առանձնահատուկ, այլ նաեւ մեր իրականության մեջ այս եւ այս տիպի գործերի հանգամանքներն են յուրահատուկ, եւ ես հույս ունեմ, որ մենք Ձեզ հետ միասին այս գործի վերաբերյալ եւ ընդհանրապես Արցախյան աղետալի պատերազմի արդյունքում քննվող գործերի վերաբերյալ արդարադատության իրականացման արդյունքում հանրության մոտ կձեւավորենք օբյեկտիվ իրականության արտացոլանք»։ Ըստ պաշտպանի՝ շուրջ մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում կայացած գրեթե քսանհինգ դատական նիստերի բովանդակությունը, ընթացքը եւ դրանց ամբողջական ու համակողմանի վերլուծությունը, ինչպես նաեւ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի ճառի բովանդակությունը բերում են այն հետեւությանը, որ մեղադրանքի կողմից այս քրեական գործով արված հետեւություններն ու եզրակացությունները օբյեկտիվ չեն, չեն արտացոլում գործի իրական հանգամանքները։ Պաշտպանի համոզմամբ՝ նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով ու թերություններով, քննության առարկա չեն դարձել եւ անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ։  «Հայկազ Գրիգորյանը չպիտի դառնա քավության նոխազ» Նորիկ Նորիկյանն այն համոզմանն է, որ իր պաշտպանյալը պատասխան է տալիս ուրիշների, մասնավորապես երկրի բարձրագույն իշխանության՝ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության բանակի հրամանատարների եւ այլոց կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար․  «Ոչ գումարտակի հրամանատարը, ոչ զորամասի հրամանատարը, ոչ դիվիզիայի հրամանատարը, ոչ էլ որեւէ բարձր սպայական կազմի ներկայացուցիչ նշված մարտական դիրքերում չեն եղել, ծանոթ չեն եղել տվյալ տարածքում տիրող իրավիճակին եւ որեւէ քայլ չեն ձեռնարկել՝ շտկելու ստեղծված դրությունը։ Ավելին, եթե նրանցից յուրաքանչյուրը լիներ իր տեղում ու դիրքում, իրականացներ իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները, հարավոր է՝ մենք այսպիսի իրավիճակում չհայտնվեինք»։  Պաշտպանի համար անհասկանալի է նաեւ այն, որ քրեական վարույթներ են հարուցվում եւ քրեական պատասխանատվության հարց բարձրացվում այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը․ «Եթե հանրությանը ցույց տալու համար մեղավորներ պետք է նշանակել, ես չեմ կարծում, որ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը իր զբաղեցրած կարգավիճակով ու կատարած արարքով պետք է դառնա այդ քավության նոխազը»։ Հայկազ Գրիգորյանի պաշտպանը, դիմելով նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանին, ասաց, որ դատարանը վերդիկտ կայացնելիս պետք է պատասխանի հետեւյալ հարցերին․  1․ ապացուցվա՞ծ են արդյոք Հայկազ Գրիգորյանին վերագրվող փաստական հանգամանքները, 2․ ապացուցվա՞ծ է արդյոք նշված արարքի հակաիրավականությունը,  3․ ապացուցվա՞ծ է արդյոք Հայկազ Գրիգորյանի կողմից այդ արարքի կատարումը,  4․ ապացուցվա՞ծ է արդյոք Հայկազ Գրիգորյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։ «Վերը նշված հարցերից որեւէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում Դուք պարտավոր եք կայացնել արդարացման վերդիկտ»,- դիմելով Դատարանին՝ ասաց պաշտպանը՝ նշելով, որ պաշտպանության կողմին դեռեւս հայտնի չէ, թե դատարանը ինչպիսի պատասխաններ ունի վերը նշված հարցերի վերաբերյալ։ Պաշտպանական կողմն ինքը փորձեց պատասխանել այդ հարցերին՝ պնդելով, որ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն անհրաժեշտ է դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։  Ըստ պաշտպանի՝ մի շարք ցուցմունքներ հաստատում են, որ Հայկազ Գրիգորյանն իրավիճակի թելադրմամբ է ստիպված եղել նահանջի հրաման տալ Նորիկ Նորիկյանը, անցնելով բուն ելույթին, հիշեցրեց, թե ինչ արարք է մեղսագրվում իր պաշտպանյալին։ Նա նշեց, որ քրեական հետապնդում հարուցող սուբյեկտը հանգել է հետեւության, որ «Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն հակառակորդի հետ անմիջական մարտով պայմանավորված հարկադրական զորաշարժ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում իր պահպանության տեղամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հնարավոր հարձակմանը չդիմակայելու, մարտական գործողությունների ժամանակ վերջինների հետ անմիջական մարտի չբռնվելու, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու գործուն առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, [...] խախտել է վաշտի նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման եւ կատարման կարգի վերաբերյալ կանոնադրության համապատասխան կետերի պահանջները, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տվել է նահանջ հրաման՝ չսահմանելով նաեւ նահանջի ուղղություն, երկրորդ բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք եւ անզգուշությամբ առաջադրել մարտական առաջադրանքի խափանում եւ այլ ծանր հետեւանքներ, այն է` կազմաքանդվել են ՊԲ N զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, դրանով պայմանավորված` հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թեւանցման [վտանգ] ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը»։ Մեղադրանքն ընթերցելուց հետո պաշտպան Նորիկյանը հիշեցրեց, թե հենց ինքը՝ Հայկազ Գրիգորյանն ինչպես է գնահատել տեղի ունեցածը։ Մեղադրյալն իր ցուցմունքում նշել էր, որ փախչելու որեւէ մտադրություն չի ունեցել, եւ եթե նման միտք ունենար, ընդհանրապես չէր էլ ծառայի, կթողներ ու կվերադառնար տուն, բայց, ընդհակառակը, շարունակել է ծառայությունը։ Գրիգորյանն իր՝ մարտական դիրքից հեռանալու հրամանը պայմանավորել է զորքի բարոյահոգեբանական վատ վիճակով, տվյալ տարածքում մնալու պարագայում թվով ու տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին դիմադրելու ուժերի բացակայությամբ․ «Ես այդ որոշումը չեմ կայացրել միայն նրա համար, որ ողջ մնայիք, այլեւ նրա համար, որ այնտեղ գտնվելը որեւէ ռազմավարական խնդիր չէր լուծելու, մենք մեր հնարավորություններով որեւէ հակազդեցություն չէինք կարողանալու ցույց տալ, հետեւաբար զոհվելու էինք` չկարողանալով կատարել այդ խնդիրը, որի համար տեղակայվել էինք այդ տարածքում»,- դատարանում հայտարարել է Հայկազ Գրիգորյանը։  Վերջինս իր ցուցմունքում ընդգծել է, որ գումարտակի հրամանատարին զեկուցել է իրավիճակի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Նա ասել է, որ նույն օրը երեկոյան իրենց հարեւան առաջին գումարտակի ուղղությամբ սկսվել են ավիացիոն հարվածները, թիկունք են ներթափանցել հակառակորդի դիվերսիոն խմբեր, եւ ինքը որոշում է կայացրել անձնակազմին դուրս բերել ապահով վայր։ Հայկազ Գրիգորյանը շեշտել է, որ այդ ժամանակ անձնակազմը եղել է խուճապի մեջ։ Պաշտպան Նորիկյանն էլ իր հերթին է հարց բարձրացնում՝ ինչպե՞ս կարելի էր նույնիսկ նորմալ կրակային պատրաստություն չանցած նորակոչիկների ստորաբաժանման առաջ դնել մի այնպիսի մարտական խնդիր, որը կարող էր ողբերգական իրավիճակի հանգեցնել։ Նորիկյանը հիշատակեց նաեւ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ դատարանում տված ցուցմունքը, որի ժամանակ վերջինս ասել էր, որ եթե Հայկազ Գրիգորյանը մնար այդ մարտական դիրքում, լուսաբացին ինքն իր ենթակա անձնակազմի հետ գալու էր, Գրիգորյանի անձնակազմի հետ միասին շարունակեր նահանջը։ Սա, ըստ պաշտպանի, նշանակում է, որ այդ ուղղությամբ ընդհանուր տրամադրվածությունն այդպիսին է եղել։ «Նահանջելը հանցագործություն չէ, անգամ եթե նահանջի ժամանակ թերություններ են եղել, թերությունը հանցագործություն չէ, որեւէ մեկը չի կարող ասել ու չկարողացավ ասել, թե, ի վերջո, Հայկազի նահանջի արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը։ Հայկազին փորձում են դատել, պատվարժան դատարան, որ զոհ չի տվել, որ չի զոհվել»,- հայտարարեց պաշտպանը։ Նա նաեւ շեշտեց, որ Արտյոմ Պողոսյանը եւս խոսել է այն մասին, որ հակառակորդի ուժերն անհամեմատ ավելի շատ են եղել, քան յուրային ստորաբաժանումների մարդուժն ու տեխնիկան։ «Ինչո՞ւ գումարտակի հրամանատարը միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ» Խոսելով այն հարցի մասին, թե, ի վերջո, Հայկազ Գրիգորյանի գործողություններն ինչ հետեւանքների են հանգեցնել, պաշտպան Նորիկյանը հիշեցրեց նույն զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար Արսեն Խաչատրյանի ցուցմունքը, համաձայն որի՝ իրենց հրամանատարական դիտակետը գրավվել է հակառակորդի բազմաթիվ ուժերի եւ գրոհների պատճառով, ոչ թե Հայկազ Գրիգորյանի նահանջի։  Նորիկյանը նաեւ հիշեցրեց, որ դասակի հրամանատար Գագիկ Հարությունյանը իր ցուցմունքում հայտնել է, որ դիտարկելով հակառակորդի առաջ շարժվող ուժերը, 120 միավոր տեխնիկան ու հետեւակը, ինչպես նաեւ հաշվի առնելով վաշտի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, մասնավորապես այն, որ պահեստազորայինների ու ժամկետային զինծառայողների մի մասը ցանկացել է լքել մարտական դիրքը, կապ է հաստատել գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ եւ հայտնել իրադրության մասին․ «Այդ ահազանգը ստանալուց հետո գումարտակի հրամանատարը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել խնդիրը լուծելու համար, նահանջը թույլ չտալու համար, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու ուղղությամբ, ի՞նչ օժանդակ ուժեր է ուղարկել, ինքը ինչո՞ւ անձամբ չի եկել այդ տարածք։ Ակնհայտ է, չէ՞, որ բարձր հրամանատարությունը իր տեղում չի եղել, ու հիմա իրենք ուզում են պլստալով իրենց կաշին փրկել, փորձում են այլ մեղավորներ փնտրել։ Այսպես ազնիվ չէ եւ ճիշտ չէ, պատվարժան դատարան»։ Միաժամանակ, պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե այդ մարտական դիրքից նահանջը նման ռազմավարական նշանակություն ունենար, ակնհայտ է, որ ամեն ինչ պետք է արվեր այդ նահանջը թույլ չտալու համար։  Պաշտպանը տարօրինակ համարեց նաեւ այն, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն իր եզրափակիչ ելույթում առանցքային տեղ է հատկացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթեւոսյանի ցուցմունքի առանձին դրվագներին, որը, Նորիկյանի պնդմամբ, իրավունք չուներ սույն քրեական վարույթով հանդես գալ որպես վկա, քանի որ դատարանում հայտնել էր, որ նշված իրադարձություններին եւ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներին տեղյակ չէ։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ շարքային զինծառայողների ցուցմունքներին, որոնցում, ըստ նրա, գրեթե բոլորը նույն հարցին նույն բովանդակությամբ պատասխաններ են տվել՝ գնահատական տալով Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանին․ ըստ Նորիկյանի՝ նորակոչիկները չեն կարող ունենալ այնքան մասնագիտական գիտելիքներ, որ գնահատեն այդ հրամանի էությունը։ Ինչպե՞ս է ստացվել, որ Հայկազ Գրիգորյանի կատարած ենթադրյալ հանցանքը նկատվել է դեպքից 4 տարի անց միայն Հաջորդիվ պաշտպանը հարց բարձրացրեց նաեւ, թե այդ ինչպես է ստացվել, որ քրեական վարույթը չի նախաձեռնվել դեպքից անմիջապես հետո, այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում տարբեր սպաների, այդ թվում Արտյոմ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել։ «Չգիտես՝ ինչու, որեւէ մեկը չէր նկատել Հայկազ Գրիգորյանի՝ վերը շարադրված «ահասարսուռ գործողությունները»։ Ընդհակառակը, Հայկազ Գրիգորյանը շարունակել իր ծառայությունը, անգամ մարտական գործողությունների ընթացքում ունեցել պաշտոնական առաջխաղացում, անբասիր ծառայության համար պարգեւատրվել, ընդհուպ հետագայում տեղափոխվել զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ»,- ներկայացրեց Գրիգորյանի պաշտպանը՝ շեշտելով, որ եթե հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեկ այլ՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին առնչվող գործով եւս ներգրվված չլիներ որպես դատախազ եւ այդ գործի շրջանակում չհարցաքններ վկաների, այս «առանձնապես ծանր հանցագործությունը» չէր բացահայտվելու։ «Այսինքն` մի ամբողջ բանակ, մի ամբողջ պետություն, մի ամբողջ իշխանություն, մի ամբողջ դատախազություն, ռազմական ոստիկանություն, հրամանատարություն 2020թ․ թվականի հոկտեմբերին չէր նկատել Հայկազ Գրիգորյանի կողմից իրականացված «առանձնապես ծանր հանցագործությունը», չէր հասկացել, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում տեղի է ունեցել վերը նշվածը, եւ ահա մեր հարգարժան պարոն Ավետիսյանը չորս տարի անց մեկ այլ վարույթում իքս անձի հարցաքննելիս բացահայտում է Հայկազի կողմից կատարված «հանցագործությունը»»,- ասաց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել է հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի անձնական պատկերացումներով ու հիմնականում մեկ մարդու՝ նշված ժամանակահատվածում գումարտակի հրամանատարի պարտականությունները իրականացնող Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքի հիման վրա․ «Մարդու, ում այդ ժամանակ աշխատանքից ազատել են, իսկ Հայկազին նշանակել ավելի բարձր պաշտոնի»։ Պաշտպանը շարունակում է պնդել ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտությունը Պաշտպան Նորիկյանն անդրադարձավ մի հարցի, որը բարձրացրել է եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում․ նա առաջարկում էր ռազմագիտական փորձաքննություն նշանակել՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ, որոնք, ըստ նրա, առանց հատուկ մասնագետների մեկնաբանության չէին կարող տրվել։ Պաշտպանը, հայտնելով այդ միջնորդությունը մերժելու վերաբերյալ իր հիասթափությունը, շարունակում է պնդել, որ այս քրեական վարույթում գոյություն չունեն այդ հարցերի պատասխանները։ Նորիկ Նորիկյանը առանցքային հարց է համարում նաեւ այն, թե իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի պահին ինչ օրենք է գործել, արդյոք առաջադրված մեղադրանքը համապատասխանե՞լ է Հայկազ Գրիգորյանի կողմից կատարված արարքին։ Նա նկատեց, որ նախկին քրեական օրենսգրքում չեն հանդիպում այն կապակցությունները (մասնավորապես շահադիտական նպատակներով իշխանազանցությունը), որոնք ներառված են մեղադրանքում։ Նորիկյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Շահադիտական շարժառիթը, պատվարժան դատարան, առկա է այն ժամանակ, երբ անձը ենթադրյալ արարքը կատարում է դրամի կամ նյութական բնույթի այլ օգուտ ստանալու նպատակով, իսկ անձնական այլ շահագրգռվածությունը ենթադրում է ցանկացած այլ օգուտի ակնկալում։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ Հայկազ Գրիգորյանը իր, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահերից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Նորիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների բնույթը շահադիտական որակելը չունի որեւէ հիմնավորում ու պատճառաբանություն, այլ ընդամենը քրեական հետապնդում հարուցող սուբյեկտի սուբյեկտիվ ընկալումն է․ «Նկարագրված իրադրության պայմաններում Հայկազ Գրիգորյանը անձնական ի՞նչ շահագրգռվածություն կարող էր ունենալ։ Այս տրամաբանության համատեքստում կարող ենք արձանագրել, որ որեւէ հրամանատարի կողմից արձակված որեւէ հրաման պետք է պարտադիր կերպով բխի անձնական շահագրգռվածությունից։ Եթե Հայկազ Գրիգորյանը նահանջի հրաման տալուց հետո թողներ, գնար իրենց տուն, հրաժարվեր զինվորական ծառայությունից կամ իր պարտականությունները կատարելուց, ի վերջո իրականում փախներ կամ ինքնավնասում կատարեր` փորձելով ամեն գնով խուսափել մարտական գործողությունների մեջ ներգրավվելուց․․․ Բայց այս դեպքում մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը․ Հայկազ Գրիգորյանը ոչ միայն չի կատարել վերը նշված արարքները, այլեւ ճիշտ հակառակը` նահանջից հետո մի քանի ժամ անց մինչեւ պատերազմի ավարտը մասնակցել է բոլոր մարտական գործողություններին»։ «Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում փրկվել է 80 զինծառայողի կյանք» Ի վերջո, Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտարարեց, որ ապացույցների համակողմանի վերլուծությունից պաշտպանության կողմը հանգել է հետեւյալ հետեւություններին․ 1․ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը բաղկացած է եղել բացառապես նորակոչիկներից։ 2․ Նշված անձնակազմը համալրված չի եղել անհրաժեշտ զենք ու զինամթերքով։  3․ Նշված անձնակազմը չի գտնվել համապատասխան ինժեներական կահավորմամբ գտնվող դիրքերում ու խրամատներում։  4․ Նշված անձնակազմը չէր կարող լուծել իր առջեւ դրված մարտական խնդիրը։  5․ Նշված անձնակազմը չէր կարող ներգրավվել մարտական գործողությունների, այն երկրորդ էշելոնից հանգամանքների բերումով վերածվել էր առաջին էշելոնի, որպիսի պայմաններում էլ ավելի էր վատթարացվել իրենց վիճակը։  6․ Եթե Հայկազ Գրիգորյանը նահանջի հրաման չտար, ինքը եւ իր ենթակա 70-80-հոգանոց անձնակազմը կզոհվեին։ Ընդգծում եմ՝ անիմաստ, քանի որ, ըստ զորամասի հրամանատարի պնդման, եթե Հայկազը մնար տեղում, ապա մի քանի ժամ անց միասին էին նահանջելու, այսինքն՝ էդ մի քանի ժամում Հայկազը ճակատագրական, բեկումնային, շրջադարձային գործունեություն չէր կարող իրականացնել իր 70-հոգանոց նորակոչիկների ստորաբաժանումով։ 7․ 13-րդ վաշտի անձնակազմին տրված հրամանի արդյունքում որեւէ մարտական առաջադրանքի կատարում չի խափանվել եւ բացառապես դրանով պայմանավորված չէ, որ հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը։ 8․ Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով չէ, որ հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը։ 9․ Գրիգորյանի գործողությունների արդյունքում որեւէ վնաս, այդ թվում նյութական, մարդկային, չի հասցվել Հայաստանի Հանրապետությանը, այլ ճիշտ հակառակը՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում փրկվել է 80 զինծառայողի կյանք։ «Չնայած այս ամենին՝ մեղադրանքի կողմը սույն քրեական վարույթի շրջանակում փորձ է անում ամեն գնով հասնել մեղավորության կանխավարկածի հաղթանակին, ինչը բոլոր դեպքերում, իմ կարծիքով, հակաօրինական է եւ խախտում է իմ պաշտպանյալի՝ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Առանց վերը նշված հարցերի պատասխանները ստանալու, պատաժան դատարան, դատել Հայկազ Գրիգորյանին, նշանակում է առնվազն ճիշտ չգնահատել մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը։ Մեր խորին համոզմամբ՝ մեղադրանքի կողմը պարզապես խնդիր է դրել պարտադրել արհեստականորեն կառուցված մեղադրանքը եւ հասնել ցանկալի արդյունքի։ Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, խնդրում ենք սույն քրեական վարույթով կայացնել արդարացման վերդիկտ»։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 25-ին, որի ժամանակ եզրափակիչ ելույթով հանդես կգա մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը։  Լուսանկարում՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ ձախից, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը՝ աջից Հայարփի Բաղդասարյան
17:22 - 17 հունիսի, 2025
Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, և հորեղբոր որդին՝ Կարո Բաղդասարյանը, 2022 թվականի հունիսին դարձել են «Վոլֆ» ՍՊԸ-ի սեփականատերերը և անվանափոխել այն «Ավանգարդ Շին» ՍՊԸ։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է շենքերի ապախոնավեցմամբ և տանիքածածկերի անջրանցիկության ապահովմամբ։  Արա Բաղդասարյանը Աշտարակ համայնքի ավագանու անդամ է 2021 թվականի դեկտեմբերից։ Նա 2022 թվականի հունիսից ստանձնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։  «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն Աշտարակ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել  2022 թվականի սեպտեմբերից։ 2022-2024 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն 2022 թվականի սեպտեմբերին կնքված առաջին պայմանագրով պարտավորվում էր հիմնանորոգել Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, ինչպես նաև բարեկարգել մանկապարտեզի բակային տարածքը։ Ընկերությունը հայտ ներկայացրած միակ մասնակիցն է եղել։ Ըստ պայմանագրի՝ «Ավանգարդ Շինն» այս աշխատանքները պետք է կատարեր 12 ամսվա ընթացքում։ Պայմանագրի գինը կազմել է 186․6 մլն դրամ։  Սակայն 2023 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրով 10 տոկոսի չափով ավելացվել են աշխատանքների ծավալները, ինչի արդյունքում ընկերությանը վճարվել է հավելյալ 18․6 մլն դրամ։  Երկրորդ պայմանագիրը ընկերությունը կնքել է 2023 թվականի հունիսին։ Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս «Ավանգարդ Շինը» եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է 180-օրյա ժամկետում հիմնանորոգեր Աշտարակ քաղաքի և Բազմաղբյուր բնակավայրի մարզադաշտերը։ Այս պայմանագրի արժեքը 263․3 մլն դրամ է, սակայն այս դեպքում ևս համայնքը ընկերությանը վճարել է հավելյալ 26․3 մլն դրամ՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Իսկ երրորդ պայմանագիրը համայնքը ընկերության հետ կնքել է 2024 թվականի սեպտեմբերին։ Գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել 5 մասնակից, որոնցից հաղթող է ճանաչվել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն։ Պայմանագիրը կնքվել է 2 չափաբաժնով, որից առաջինի դեպքում ընկերությունը պետք է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում կառուցեր ֆուտբոլի խաղադաշտեր, իսկ 2-րդի դեպքում՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բակում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում կառուցեր խաղահրապարակներ։ Պայմանագրի գինը կազմել է 218 մլն դրամ: Այս դեպքում ևս համայնքը ընկերությանը հավելյալ վճարել է 11․8 մլն՝ առաջին չափաբաժնի, և 9․8 մլն՝ երկրորդ չափաբաժնի համար՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Այս առնչությամբ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Ըստ համայնքապետի՝ «Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում համարվում է վարձու աշխատող, եւ օրենսդրության պահանջների խախտման մասին [շահերի բախման վերաբերյալ] որեւէ խոսք լինել չի կարող»։ Նշենք, որ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի կնոջ և հորեղբոր որդուն պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։    Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը   2022 թվականին «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի` Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների (ընդհանուր արժեքը` 205 մլն դրամ) իրականացման տեխնիկական վերահսկողությունը իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը՝ համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Տեխնիկական վերահսկողություն իրականացնելու համար համայնքի հայտարարած մրցույթին հայտ է ներկայացրել 6 մասնակից։ Նշենք, որ այս գնման գործընթացը կազմակերպվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, և պայմանագրի արժեքի 70%-ը՝ այս դեպքում 665 դրամը, վճարել է պետությունը։    Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը համայնքապետարանը սահմանել էր 3․2 մլն դրամ: Մրցույթին հայտ է ներկայացրել 6 ընկերություն։ Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրություններից պարզ է դառնում, որ սկզբում բոլոր 6 մասնակիցները ներկայացրել են իրենց գնառաջարկները, որտեղ ամենացածր գնով հայտ է ներկայացրել 2 մասնակից։ Իսկ  Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն 6 մասնակիցներից ամենաբարձր գինն է առաջարկել։ Հանձնաժողովի հաջորդ նիստերում առաջարկվել է նվազեցնել գնառաջարկները, ինչն արել են միայն 2 մասնակից՝ «Լիլ-Ռուզ» ՍՊԸ-ն և Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն՝ առաջարկելով համապատասխանաբար 1000 և 950 դրամ։     Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր վերանորոգման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան, ապահովել կատարվող աշխատանքների անհամապատասխանությունը վերանորոգման նորմերին և կանոններին, ստուգել, վերահսկել նյութերի որակը, արգելել կամ փոփոխել այն նյութերը որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, վերահսկել և գնահատել շինաշխատանքների գործընթացը, կատարել որակի և քանակի հսկում, կատարել անհրաժեշտ գրառումներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ընթացքի վերահսկման համար և այլն։  Համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 950-դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը հազարապատիկ ավելի է եղել։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ ընթացակարգի գների նվազեցման շուրջ կատարվել են միաժամանակյա բանակցություններ, որոնց արդյունքում հաղթող ընտրված մասնակից է ճանաչվել Ա/Ձ Արտակ Մարտիրոսյանը՝ որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից:    Ավագանու անդամը չի հայտարարագրել իր և իր կնոջ ներկայացվածությունն ու մասնակցությունը ընկերությունում՝ չնայած օրենքի պահանջին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրա կինը՝ ընկերության 40 տոկոսի բաժնետերը։ Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Արա Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում տնօրեն լինելու մասին, ոչ էլ իր կնոջ՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Արա Բաղդասարյանը պատասխանեց, որ գիտի՝ իր հայտարարագրերում կան թերի լրացված տվյալներ, որոնք ուղղելու համար կդիմի Հանձնաժողովին։    Մեր զրույցից հետո ներկայացված՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Արա Բաղդասարյանը լրացրել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում իր ներկայացվածության և կնոջ մասնակցության փաստը։  Բացի մասնակցության հայտարարագրումից, պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ՀՀ կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նշենք, որ Արա Բաղդասարյանը 2022, 2023 թվականներին չի հայտարարագրել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի՝ Աշտարակ համայնքի հետ կնքած 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 2 պայմանագրերը։ Նշենք նաև, որ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրեր։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Արա Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ավագանու ՔՊ խմբակցության անդամ են։ Համայնքային գնումներում ի պաշտոնե լինելով պատվիրատուի ղեկավար՝ Թովմաս Շահվերդյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի և նրա կնոջ ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ «Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Արա Բաղդասարյանը շահերի բախում չի տեսնում  իր կնոջ և հորեղբոր որդու ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Աշխատանքային փուլի ամբողջ ընթացքում համայնքը ունի տեխնիկական հսկողության ծառայություն, հեղինակային հսկողության ծառայություն, որոնք շինարարությանը զուգահեռ արվում են։ Եթե դու ինչ-որ բան արած չլինես, նախ չես կարող հանձնես։ Իրենք քո ավարտականը պետք է ստորագրեն, հետո համայնքի պատասխանատու ստորաբաժանումը ստորագրի, այսինքն՝ համայնքի ղեկավարին այլ բան չի մնում անել կամ չանել, ես չլինեմ, Պողոսը լինի, Պետրոս լինի, թե ով կլինի, թեկուզ օտարերկրյա կազմակերպություն, եթե ամեն ինչ արված է, բոլորը հաստատել են, պետք է հաստատի համայնքի ղեկավարը»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանք։ Այսպիսով՝ չնայած Աշտարակ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր և իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներում հաղթած առևտրային կազմակերպությունում։ Սուսինա Խաչատրյան
16:39 - 13 հունիսի, 2025
Դիմակայելով սովին․ ինչպե՞ս են մարդկանց, բակտերիաների ու խմորասնկերի բջիջները սովի պայմաններում էներգիա խնայում | Հանրագիտ

Դիմակայելով սովին․ ինչպե՞ս են մարդկանց, բակտերիաների ու խմորասնկերի բջիջները սովի պայմաններում էներգիա խնայում | Հանրագիտ

Սովին դիմակայել է պետք։ Սա շատ լավ են հասկանում տարբեր օրգանիզմներ՝ պարզագույն խմորասնկերից մինչև մարդ։ Սովի պայմաններում էներգիա խնայելու նոր մեխանիզմի մասին է պատմում Molecular Cell ամսագրում վերջերս հրապարակված հոդվածներից մեկը։ Հոդվածի համահեղինակներից է Հայաստանի կենսաինֆորմատկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը։ Գիտնականը հիշում է՝ երբ շվեդ գործընկերների հետ սկսեց այս հետազոտությունը, 2019-ն էր։ Այդ ժամանակ նա հետդոկտորական աշխատանք էր իրականացնում Շվեդիայում՝ Կարոլինսկայի համալսարանում։ Գաղափարը նրա ղեկավարի՝ Վիսենթ Պելեչանոյի մոտ առաջացել էր դեռ 2015-ին, երբ վերջինս խմորասնկերի գենոմի ուսումնասիրության ժամանակ նորմայից շեղվող տվյալներ էր նկատել։ Լիլիթ Ներսիայանը   Մի փոքր բջիջների ներքին խոհանոցից Մարդու, կենդանիների, բույսերի, բակտերիաների, խմորասնկերի ու այլ օրգանիզմներում գրեթե բոլոր գործընթացները կարգավորվում են սպիտակուց կոչվող մեծ մոլեկուլների միջոցով։ Նյութափոխանակություն, աճ, նյարդային համակարգի աշխատանք․ սպիտակուցների տարբեր տեսակներ կան, որոնցից ամեն մեկն օրգանիզմում ինչ-որ մի գործընթացի համար է պատասխանատու։ Սպիտակուցները սինթեզվում են ըստ անհրաժեշտության, երբ դրանց կարիքը զգացվում է։ Յուրաքանչյուր սպիտակուց ունի առանձնահատուկ կառուցվածք, որի մասին ինֆորմացիան կոդավորված է գեներում, իսկ վերջիններս գտնվում են ԴՆԹ կոչվող մեծ մոլեկուլում։  Երբ անհրաժեշտ է լինում որևէ սպիտակուց սինթեզել, այդ սպիտակուցը կոդավորող գենից կառուցվածքն «արտագրվում» է, տեղափոխում բջջի համապատասխան հատված, որտեղ ռիբոսոմ կոչվող գործիքը մաս-մաս հավաքում է սպիտակուցը։  Սպիտակուցները մակրոմոլեկուլներ են, որոնք կազմված են ավելի փոքր մոլեկուլներից՝ ամինաթթուներից։ Գեները գիտեն, թե ինչ ամինաթթուներ ու ինչպիսի հերթականությամբ պիտի միանան իրար, որ կազմեն որևէ սպիտակուց։ Ամինաթթուների մասին ինֆորմացիան գեներում պահվում է ավելի փոքր մոլեկուլների՝ նուկլեոտիդների միջոցով, որոնց անունները նշվում են տառերով՝ A, T, C, G: Յուրաքանչյուր ամիանթթու նուկլեոտիդների երեք տառանի հաջորդականություն է՝ AGG, AGA, AGG և այսպես շարունակ։ Մոլեկուլների ևս մի կարևոր տեսակ կա, որ մասնակցում է այս գործընթացին՝ ՌՆԹ-ն։ Լինում են տարբեր տեսակի ՌՆԹ-ներ։ Ինֆորմացիոն ՌՆԹ-ն կամ ի-ՌՆԹ-ն «արտագրում» է գեներում սպիտակուցների մասին ինֆորմացիան և տեղափոխվում բջջի համապատասխան հատված, որտեղ ռիբոսոմները կարդում են, թե ինչ ամինաթթուներ պիտի շարեն իրար հետևից։ Այնուհետև ՌՆԹ-ների մեկ այլ տեսակ՝ փոխադրող ՌՆԹ-ները կամ փ-ՌՆԹ-ները մատակարարում են համապատասպան ամինաթթուները, և ռիբոսոմն իր կարդացած ինֆորմացիայի հիման վրա միացնում է ամինաթթուները՝ հավաքելով սպիտակուցը։ Իսկ երբ ի-ՌՆԹ-ների կարիքն այլևս չի լինում, դրանք քայքայվում են տարբեր եղանակներով։ Փորձեք պատկերացնել, որ սպիտակուցը ուտեստ է, որի գաղտնի բաղադրատոմսը (նուկլեոտիդների հաջորդականությունը) պահվում է հատուկ վայրում (համապատասխան գենում)։ Որպեսզի խոհարարը (ռիբոսոմը) այն պատրաստի, ամեն անգամ նրա օգնականները (ի-ՌՆԹ-ները) արտագրում են բաղադրատոմսը, հասցնում նրան, խոհարարն էլ, ըստ բաղադրատոմսի, հասկանում է՝ ինչ բաղադրիչներ (ամինաթթուներ) օգտագործի ու ինչ հերթականությամբ խառնի դրանք իրար։ Մյուս օգնականներն էլ (փ-ՌՆԹ-ները) խոհարարին են մատակարարում բաղադրիչները (ամինաթթուները)։ Բջջի ներքին խոհանոցը (նկարը պատրաստված է ChatGPT-ով) Բայց այս գործընթացը միշտ չէ, որ սահուն ու առանց սխալների է ընթանում։ Երբեմն այնպես է պատահում, ռիբոսոմը դժվարանում է ի-ՌՆԹ-ն ընթերցելու գործում, տառերի հաջորդականության մեջ պատահաբար մեկը բաց է թողնում, ինչի պատճառով սխալ ամինաթթու է կարդում և սկսում ոչ ճիշտ կառուցվածքով սպիտակուց սինթեզել։ Օրինակ՝ պիտի կարդար այս հաջորդականությունը՝ AUG | GCU | ACG | UGA, բաց է թողնում A-ն, ու ստացվում է սխալ հերթականություն՝ UGG | CUA | CGU | GA... Օրգանիզմը հասկանում է, որ սխալ է տեղի ունեցել, և գործի է դնում հատուկ մեխանիզմ՝ վաղաժամ քայքայելով ի-ՌՆԹ-ն ու թույլ չտալով, որ սխալ սպիտակուց սինթեզվի։ Սա սպիտակուցների որակի վերահսկման բնականոն գործընթաց է, սակայն պարզվում է, որ օրգանիզմն այս մեխանիզմն օգտագործում է ոչ միայն սխալ սպիտակուցների սինթեզումը կանխելու համար։   Հիպեթոզ, որի հաստատումը տարիներ պահանջեց Վիսենթ Պելեչանոն դեռ 2015-ին լույս տեսած հետազոտություններից մեկի շրջանակում հետևում էր խմորասնկերում ի-ՌՆԹ-ների քայքայման մեխանիզմներին։ Այս հետազոտության համար գիտնականը խմորասնկերն աճեցրել էր տարբեր պայմաններում և սննդային աղքատ միջավայրում աճեցրած խմորասնկերի ի-ՌՆԹ-ների քայքայման գործընթացում տարօրինակ պարբերականություն էր նկատել, ինչը նրան հիմք էր տվել ենթադրելու, որ քայքայման գործընթացը հաճախակիանում է սովի պայմաններում։ Այս հիպոթեզը հաստատելու համար էլ 2019-ին սկսվեց նոր հետազոտություն։ Խմորասնկերի մասնակցությամբ փորձերը սկսեց Լիլիթ Ներսիսյանը, որն այդ ժամանակ հետդոկտորական աշխատանք էր իրականացնում Կարոլինսկայի համալսարանում։ Նա նաև ծրագրային փաթեթ մշակեց, որի միջոցով վերլուծվում էին բջիջներից անջատված՝ քայքայվող ի-ՌՆԹ-ների տվյալները։ 2021-ին Լիլիթը վերադարձավ Երևան, և փորձերը շարունակեց նրա գործընկերը՝ Յուջի Ջենգը, որը նույն համալսարանի ասպիրանտուրայում էր սովորում։ Հետևի շարքում ձախից երրորդը՝ Յուջի Ջենգնը, աջից՝ Վիսենթ Պելեչանոն, նրա կողքին՝ Լիլիթ Ներսիսյանը (լուսանկարը՝ վերջինիս արխիվից) Լիլիթը հետազոտության շուրջ աշխատանքներն արդեն շարունակեց այստեղից՝ Հայաստանից։ Մի քանի տարի տևած փորձերն ու տվյալների վերլուծությունն ի վերջո հաստատեցին պրոֆեսոր Պելեչանոյի վարկածը․ խմորասնկերում ի-ՌՆԹ-ների քայքայման հաճախակիության բարձրացումը կապված էր սննդային աղքատ միջավայրի հետ։ Ավելին՝ հետագա փորձերը ցույց տվեցին, որ այս երևույթը հանդիպում է նաև բակտերիաների ու մարդկանց բջիջներում։   Ի-ՌՆԹ-ների քայքայումը՝ էներգիա խնայելու միջոց Գիտնականներն, այսպիսով, խմորասնկեր աճեցրին սննդային աղքատ միջավայրում ու նկատեցին, որ ինչ-որ պահից ռիբոսոմները սկսում են ի-ՌՆԹ-ն սխալ ընթերցել, ինչի հետևանքով օրգանիզմը գործի է դնում ի-ՌՆԹ-ների վաղաժամ քայքայման մեխանիզմը, որ նկարագրված է նյութի առաջին մասում։  Եթե նորմալ պայմաններում աճեցրած խմորասնկերում գեների ընդամենը 5.8%-ի դեպքում էր ընթերցման սխալ տեղի ունենում, ապա սովի պայմաններում՝ 77%-ի դեպքում։ Գիտնականները ստուգեցին նաև սթրեսային այլ պայմանններ, օրինակ՝ թթվածնի սուր բացակայությունը։ Սակայն փորձերի արդյունքները ցույց էին տալիս, որ ռիբոսոմներն ամենից հաճախ սխալվում են հենց սովի պայմաններում։ Գիտնականները նկատեցին, որ դեպքերի առնվազն կեսից ավելիում ի-ՌՆԹ-ի քայքայումն իրականացվում է վաղաժամ՝ հենց ռիբոսոմի սխալի հետևանքով ակտիվացված մեխանիզմի միջոցով,  ոչ թե այլ ուղիներով (ի-ՌՆԹ-ների քայքայման տարբեր բնականոն ուղիներ գոյություն ունեն): Գիտնականները ևս մի փորձ անցկացրին՝ վերահաստատելու սննդի պակասի ու այս երևույթի միջև կապը։ Նրանք հերթական անգամ խմորասնկեր աճեցրին սննդային աղքատ միջավայրում, ապա միջավայր ներմուծեցին այնպիսի ամինաթթուներ, որոնք սովորաբար առատ են սննդային հարուստ պայմաններում։ Գիտնականները նկատեցին, որ ռիբոսոմի սխալ ընթերցումների թիվը զգալիորեն նվազեց։ Սա ևս մի անգամ հաստատեց այն վարկածը, որ սննդային աղքատ միջավայրն է ռիբոսոմների սխալվելու և ի-ՌՆԹ-ների՝ վաղաժամ քայքայման պատճառը։ Նրանք հասկացան, որ այս գործընթացի հետևանքով բջիջն էներգիա է խնայում, քանի որ սպիտակուցների սինթեզը էներգատար գործընթաց է, իսկ ՌՆԹ-ների վաղաժամ քայքայումն արգելակում է որոշ սպիտակուցների սինթեզը։ Սա հաստատում էին նաև նրանց այլ փորձերի արդյունքներ։ Հետևելով կենսաբանական գործընթացներին՝ գիտնականներն, օրինակ, տեսան, որ սննդային աղքատ պայմաններում բջիջների աճը դանդաղում էր, և դրանք ավելի լավ էին գոյատևում։ Լիլիթ Ներսիսյանը Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտում Լիլիթ Ներսիսյանը բացատրում է, որ ռիբոսոմների սխալվելու պատճառը սննդի պակասի հետևանքով գործընթացների դանդաղելն է։ Երբ ռիբոսոմը սինթեզման ընթացքում կարդում է ի-ՌՆԹ-ն, որ հերթական ամինաթթուն կցի սպիտակուցի երկար շղթային, փոխադրող ՌՆԹ-ների պակաս է զգացվում, դրանք դանդաղ են աշխատում, ուշացնում են ամինաթթուների մատակարարումը, և դա մեծացնում է ռիբոսոմի սխալվելու ու տառերի շղթայից մեկը բաց թողնելու հավանականությունը։ Օրգանիզմը նկատում է սխալն ու ակտիվացնում ի-ՌՆԹ-ների վաղաժամ քայքայման մեխանիզմը։ Արդյունքում որոշ սպիտակուցների սինթեզ կանգ է առնում, և օրգանիզմն անուղղակիորեն էներգիա է խնայում, ինչն օգնում է դիմակայել սովին։ Գիտնականները փորձերի ընթացքում նկատեցին, որ այս մեխանիզմը գործի է դրվում հատկապես այն սպիտակուցների սինթեզման ժամանակ, որոնք  մասնակցում են բջջի աճն ապահովող գործընթացներին․ սովի պայմաններում այդ սպիտակուցներն ավելի քիչ են արտադրվում։  Հետագա փորձերով գիտնականները սովի պայմաններում ի-ՌՆԹ-ների վաղաժամ քայքայման երևույթը հայտնաբերեցին նաև բակտերիաների մոտ, ինչպես նաև մարդկանց քաղցկեղային բջիջներում։ Դա նշանակում է, որ սա տարածված մեխանիզմ է, որը էվոլյուցիայի ընթացքում զարգացել է տարբեր օրգանիզմների մոտ՝ պարզագույնից մինչև բարդագույն։   Երկարաժամկետ հետազոտություններն ու հայաստանյան գիտությունը Իրենց հիպոթեզը հաստատելու համար գիտնականները մի քանի տարի շարունակ փորձեր էին անցկացնում։ Պատճառն այն էր, որ ի սկզբանե այնքան էլ հստակ  չէր, որ քայքայվող ի-ՌՆԹ-ների մասին տվյալներում շեղվող օրինաչափությունների պատճառը հենց ռիբոսոմների սխալվելն է։ Նրանք տարբեր փորձեր էին անցկացնում՝ վերահաստատելու պատճառահետևանքային կապը։ «Ինչ-որ մի պահի մենք զգում էինք, որ չի ստացվում, չէինք հավատում։ Ես էլ, Յուջին էլ մի պահ հոգնել էինք, բայց Վիսենթը հավատում էր ու մինչև վերջ առաջ մղեց»,- հիշում է Լիլիթ Ներսիսյանը։ Տարիների աշխատանքն, ի վերջո, հաստատեց հիպոթեզը, իսկ հոդվածը տպագրվեց հեղինակավոր ամսագրում։ Լիլիթ Ներսիսյանը, սակայն, քիչ իրատեսական է համարում, որ ներկա պայմաններում միայն Հայաստանում, առանց միջազգային գործընկերների ներգրավվածության հնարավոր կլինի նման մեծածավալ ու երկարաժամկետ հետազոտություն իրականացնել։ «Այս կարգի հիմնարար հետազոտությունների համար պետք է շատ ժամանակ։ Հասկանում ես, որ սա ռիսկային է, օրինակ` երեք հոգի ներգրավված են հետազոտության մեջ, ու դու պետք է այդ ռիսկը վերցնես, պետք է հասկանաս, որ կարող ես ծախսել, օրինակ, 1 մլն դոլար, և վերջում վարկածը չհաստատվի»,- ասում է նա։ Հայաստանում, մինչդեռ, գիտնականները, բազային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պիտի տարեկան մի քանի հոդված ունենան։ Գիտնականի խոսքով՝ սկսել հետազոտություն, որը կտևի մի քանի տարի, և որը ձախողման հավանականություն ունի, Հայաստանում դժվար կլինի։ «Տպագրել մի մեծ հոդված լավ ամսագրո՞ւմ, թե՞ արագ-արագ գրել փոքր հոդվածներ։ Այս պահին իմ դատողությամբ Հայաստանում երկրորդ ընտրությունն է գերիշխում»- ասում է նա։   *** Ամփոփելով թեման՝ հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը հետագա ընդլայնման կարիք էլ ունի։ Մասնավորապես՝ կարևոր է հասկանալ, թե այս գործընթացի արդյունքում սինթեզված ոչ ճիշտ կառուցվածքով սպիտակուցներն ինչպես են ազդում օրգանիզմի վրա, ինպես նաև ՌՆԹ-ների քայքայման այլ ուղիներն ինչ դեր ունեն։ Սա հիմնարար հետազոտություն է, բացատրում է, թե ինչպես է աշխատում տարբեր տեսակի օրգանիզմներում հանդիպող կենսաբանական կարևոր մի մեխանիզմ, սակայն գիտնականները հույս են հայտնում, որ իրենց բացահայտումը կարող է հնարավոր կիրառական նշանակություն էլ ունենալ։ Ինչպե՞ս են, օրինակ, որոշ սնկեր հակասնկային դեղերին դիմակայում, կամ ինչպե՞ս են քաղցկեղային բջիջները դիմանում քիմիաթերապիային․ հետազոտությամբ բացահայտված մեխանիզմը կարող է օգնել պատասխանել այս հարցերին։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Նարինե ՀարությունյանիԳլխավոր նկարը՝ Կատյա Մամյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
16:40 - 12 հունիսի, 2025
Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։  Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինհծառայողների ծնողների ներկայացուցիչ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ  պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։ Ըստ քրեական գործի՝ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է եւ հեռացել։  Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։  Ողջ դատաքննության ընթացքում տուժող կողմը պնդել է, որ կատարվածի համար պատասխանատվություն պիտի կրեն այլ սպաներ եւս։ Տուժող կողմի համոզմամբ՝ Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորվել է Իր ելույթի սկզբում տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ ամբողջությամբ համաձայն է հանրային մեղադրողի մեղադրական ճառում բերված հիմնավորումներին։ Հիշեցնենք՝ մեղադրողը միջնորդել է Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։  Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Գրիգորյանը նշեց, որ Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորվում է նաև այլ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել դատաքննության ընթացքում․  «2020 թվականի հոկտեմբերի 9-ին ստանձնելով 5-րդ գումարտակի հրամանատարի պարտականությունները՝ Իշխան Վահանյանը պատշաճ կերպով չի վերաբերվել իր պարտականությույններին եւ մինչև մարտական դիրքեր բարձրանալը որեւէ քայլ չի ձեռնարկել գումարտակի  բարոյահոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ, չի փորձել որևիցե կերպ համալրել գումարտակը, չի կատարել ինժեներական աշխատանքներ։ Նշված գործողությունները կատարելու պայմանններում գումարտակը կհայտնվեր ավելի բարենպաստ պայմաններում, կբարձրացվեր գումարտակի մարտունակությունը, ինչը կարող էր թույլ չտալ մարտական դիրքերի փլուզում և չէր հանգեցնի հետագա ծանր հետևանքների, հատկապես այն պարագայում, երբ թշնամին հարձակումը իրականացրել է հրաձգային զինատեսակով։ Այդ մասին դատարանում ցուցմունք տվեցին բոլոր հարցաքննվածները»,- ընդգծեց Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի՝ լինելով փորձառու սպա եւ լավ հասկանալով թույլ տրված սխալների հետևանքը՝ մեղադրյալ սպան լքել է մարտի դաշտը՝ թողնելով 5-րդ գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի միջև կապը։ Իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ՝ «Հայտեռա» տեսակի միջոցը՝ Վահանյանը, ըստ փաստաբանի, ոչ միայն փլուզել է գումարտակի պաշտպանությունը, այլ նաև բացասական ծանր հետևանք է թողել ողջ գումարտակի վրա․  «Այն փաստը, որ 5-րդ գումարտակի սպայական կազմից  ոչ ոք դատարանում ցուցմունք չտվեց Վահանյանի կողմից ստորաբաժանումների հրամանատարներից որեւէ մեկին հրաման տալու վերաբերյալ (դիրքավորում, շրջանաձև պաշտպանության անցում եւ այլն), փաստում է, որ Վահանյանը չի կատարել որպես գումարտակի հրամանատար իր վրա դրված պարտականությունները։ Անգամ իր հրամանատարական կետից փախուստի դիմելու պարագայում չի փորձել սպայական կազմին ինչ-որ կերպ տեղեկացնել առանց իր ներկայության մնացած գումարտակի մասին»,- նշեց փաստաբանը։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Վերջինս մեջբերեց Զինված ուժերի Մարտական կանոնադրության մի շարք դրույթներ, ըստ որոնց՝ հրամանատարը պատասխանատու եւ պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, իսկ իր ժամանակավոր բացակայության դեպքում իր պարտականությունները պետք է փոխանցի տեղակալին․ «Օրենքի նշված պահանջները Իշխան Վահանյանի կողմից չկատարելու փաստը հիմնավորել են 5-րդ գումարտակի սպայկական կազմը, մասնավորապես, տեղակալ Հայկազ Գրիգորյանը, գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը, հրետանու մարտկոցի նախկին հրամանատար Արսեն Ղարիբյանը և 13-րդ վաշտի հրամանատար Ղարիբ Ջավադյանը։ Վերջիններս տվեցին նույնաբովանդակ ցուցմունքներ առ այն, որ մարտական գործողությունների թեժ պահին Իշխան Վահանյանը հայտնել է, որ ինքը վիրավոր է, նստել է մեքենան և հեռացել։ Այն, որ  Իշխան Վահանյանը հեռացել է մարտական դիրքից՝ թողնելով գումարտակը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարին, իր նախաքննական ցուցմունքով հաստատել է ՊԲ 59703 զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանը»։ Գրիգորյանը մեջբերեց նաեւ դեպքին ականատես զինծառայողների ցուցմունքներ, որոնցով, ըստ նրա, նույնպես հաստատվում է Վահանյանի մեղադրանքը։ Խոսքը այն զինծառայողների մասին է, որոնք չկանոնակարգված նահանջի ժամանակ թաքնվել են անտառներում եւ 70-օրյա շրջափակումից հետո հրաշքով դուրս եկել․ «Այն փաստը, որ գումարտակը մնացել է առանց կենտրոնացված հրամանատարության, հաստատել են տուժողներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սահակյանը․․․ Հարությունյանը նշել է, որ Վահանյանի հեռանալուց եղել է նրա կողքին և տեսել է, որ նա ազատ տեղաշարժվել է, իսկ Սահակյանը տեսել է հեռացող ավտոմեքենան, որի մեջ գտնվել է Վահանյանը, ով փորձ չի արել հնարավորինս վիրավորներ դուրս բերել մարտի դաշտից։ Տուժողը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ «Քեռի» մականունով կամավորականը զանգահարել է Վահանյանին և մեղադրել հրամանտարական կազմին մենակ թողնելու մեջ։ Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Գագիկ Սիմոնյանը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցուցմունք տված տուժողներից և վկաներից ոչ ոք չհայտնեց, որ Վահանյանը ի վիճակի չի եղել կատարելու իր պարտականությունները։  Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանն իր ցուցմունքով նշել է, որ իրեն հայտնել են, և ինքը համոզված է եղել, որ իրենց դիրքերի ուղղությամբ թշնամին հարձակում չի իրականացնելու․ «Այսինքն՝ մինչ մարտերը սկսելը 5-րդ գումարտակի հրամանատարը թույլ է տվել հանցավոր անգործություն, որն էլ առաջացրել է ծանր հետևանք։ Նախկինում հանդիսանալով 5-րդ գումարտակի շտաբի պետ, քաջատեղյակ լինելով Հայկազ Գրիգորյանի կողմից մինչ այդ մարտական դիրքերը թողնելու և փախուստի դիմելու մասին  և գիտակցելով, որ Հայկազ Գրիգորյանը այն հրամանատարը չէ, որին իրենից հետո կարելի է վստահել գումարտակի հրամանատարությունը՝ միեւնույն է, մարտական գործողությունների ընթացքում դիմել է փախուստի։ Ինչպես հետագա գործողությունների ընթացքը  ցույց է տվել, Հայկազ Գրիգորյանը ի վիճակի չի եղել համախմբելու գումարտակը և կազմակերպելու նահանջը»։ Հիշեցնենք՝ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։  Ըստ տուժող կողմի՝ Վահանյանը այլ հանցանքներ էլ է կատարել Գուրգեն Գրիգորյանը պնդեց, որ նկարագրվածը վկայում է այն մասին, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 375-հոդվածի 4-րդ եւ 380 հոդվածի 1-ին մասերից Վահանյանը կատարել է ևս երկու հանցագործություն։ Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Դրանցից մեկը, ըստ նրա, այն է, որ Վահանյանը մարտի դաշտից հեռանալիս անօգնական վիճակի մեջ է թողել գումարտակի զինվորներին, երկրորդը՝ Վահանյանը, խախտելով ԶՈՒ կանոնագիրքը, անփութորեն է վերաբերվել իր վրա դրված պարտականություններին, պատշաճ կերպով չի կազմակերպել 5-րդ գումարտակի պաշտպանությունը, որը հանգեցրել է ծանր հետևանքի․ «Իշխան Վահանյանի նշված գործողությունները ոչ մի կապ չունեն սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ, և թե՛ պաշտպանական գործողությունները, թե՛ վիրավոր զինվորներին մարտի դաշտում թողնելը ավարտված առանձին  հանցագործության դեպքեր են, որ արտացոլված չեն սույն քրեական գործի մեղադրանքում։ Դատարանը դատական ակտ կայացնելիս պետք է անդրադառնա դատաքննության ընթացքում այդ ուղությամբ ձեռք բերված ապացույցներին»։ Տուժողների ներկայացուցիչը հավելեց, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը անփույթ վերաբերվելու առնչությամբ․ «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Աշոտ Ղազարյանը և Ալյոշ Դավթյանը այցելել են 5-րդ գումարտակի գտնվելու վայր, հրահանգավորել Վահանյանին՝ դիրքերի պաշտպանություն և անվտանգություն կազմակերպելու ուղությամբ, իսկ արդեն հաջորդ օրը Վահանյանը զանգահարել է Աշոտ Ղազարյանին և զեկուցել, որ զորքը փախչում է։ Դա նույնպես խոսում է այն մասին, որ Վահանյանը չի կատարել վերադաս պետերի տված հրամանները, իսկ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը չի փորձել ճշտել 5-րդ գումարտակում տիրող իրավիճակը և պաշտպանական դիրքերի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Դա նշանակում է, որ զորամասի հրամանատարը չի կատարել իր պարտականություները»։   Վերադաս հրամանատարությունից մյուս անձն էլ, որը, ըստ տուժողների ներկայացուցչի, անգործություն է դրսեւորել, 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն է։ Նա ընդգծեց, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրողին և դատարանին հայտնի դարձան այնպիսի փաստեր, որոնք վկայում են, որ պատերազմից առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածում, զորամիավորման բարձրագույն հրամանատարական կազմը՝ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գլխավորությամբ, քաջատեղյակ լինելով թշնամու կողմից կուտակումների, հարձակման նախապատրաստման լինելու մասին, չի ձեռնարկել ոչ մի միջոց հարավային ուղղությամբ պաշտպանությունը ուժեղացնելու,  զրահատեխնիկան և ՀՕՊ համակարգերը ավելի ապահով վայր տեղափոխելու ուղությամբ։ Ավելին, ինչպես հայտնի դարձավ դատաքննության ընթացքում, 5-րդ գումարտակի նորակոչիկներին հանգիստ թողել են զորանոցներում՝ թշնամու ուղիղ հարվածի ներքո։ Դատավոր Ջոն Հայրապետյանը «Գովաբանություին չլինի, ամենայն հարգանքով մեղադրողի նկատմամբ, ես նրան էլ եմ շատ-շատ հարգում, բայց հաշվի առնելով սույն գործով դատարանի փորձը, աշխատելաոճը, այն մտքի հնարավորությունը, որ ունի դատարանը, մնում է մեկ բան՝ դատարանը ունենա կամք՝ հետամուտ լինելու եւ իր հնարավորության սահմաններում ստիպելու Դատախազությանն ու համապատասխան մարմիններին, որ ընթացք տան այս ամենին։ Դա մեծ ազդեցություն կունենա ոչ միայն սույն քրեական գործի շրջանակում հայտնի դարձած դեպքերի, այլեւ մյուս քրգործերի վրա։ Եվ ամենակարեւորը՝ նաեւ կանխելու հրամանատարների հետագա նմանատիպ վարքագիծը»,– դիմելով դատավորին՝ ասաց տուժողների ներկայացուցիչը։ Տուժող կողմի համոզմամբ՝ սույն քրեական գործի դատաքննությունը մեծ մասով վեր հանեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմում թույլ տրված սխալները, բացթողումերը և հատկապես հրամանատարական կազմում եղած թերությունները․ «Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ներկա պահին դեռեւս գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի կանխվի հետագայում նմանատիպ հանցանքների կատարումը»։ Հաջորդ դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես կգա պաշտպանական կողմը։   Միլենա Խաչիկյան
22:16 - 03 հունիսի, 2025
Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ

Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ

Խորհրդային Միության փուզումից հետո Հայաստանի գիտական համակարգն էական բարեփոխումների չենթարկվեց։ Հայաստանում շարունակվում էր ԽՍՀՄ-ին բնորոշ՝ տեղական ամսագրերում տպագրվելու ավանդույթը, քիչ էին միջազգային համագործակցությունները։ Վերջին տարիներին հայաստանյան գիտության մեջ էական տեղաշարժեր են նկատվում՝ ֆինանսավորման աճից մինչև գիտնականների համար միջազգային տպագրությունների պահանջի ներդրում։ Չնայած դրան՝ միջազգային տպագրությունների առումով Հայաստանը զիջում է զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներին։  Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները և նրանց իտալացի գործընկերները Scientometrics ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում Հայաստանի գիտական համակարգը համեմատել են իտալականի հետ՝ հաշվի առնելով, որ Իտալիան ինտեգրված է եվրոպական գիտական տարածքին։ Այս փաստը, հեղինակների խոսքով, օգնում է գնահատել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական ստանդարտներին համապատասխանությունը:  Նրանք Հայաստանի և Իտալիայի գիտնականների արդյունավետության ցուցիչների համեմատություն են կատարել՝ ցույց տալով, թե որքանով է Հայաստանը զիջում Իտալիային, որոնք են Հայաստանում գիտական առաջատար ուղղություններն ու հետազոտություններ իրականացնող կառույցները։   Համեմատությունը անհատական և ընդհանուր մակարդակներով Հետազոտության հեղինակներն ուսումնասիրության մեջ ներառել են 3617 հայ և 27 034 իտալացի գիտնականների։ Ավելի քան 33 հազար գիտնականների համար նրանք հաշվել են արդյունավետության անհատական ցուցիչներ՝ հիմնվելով Web of Science (WOS) գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում այդ գիտնականների՝ 2017-2021 թթ․ հրապարակումների վրա։ Հեղինակները համեմատություն կատարելիս հիմնվել են ոչ թե հոդվածների բացարձակ թվի վրա, այլ բանաձևով հաշվարկել են, թե երկու երկրներում գիտության մեջ արված ներդրումների դիմաց որքան գիտական արդյունք են տվել գիտնականները։ Բանաձևում մի կողմից հաշվի են առնված ամեն գիտնականի աշխատաժամանակը, աշխատավարձը, հետազոտությունների մեջ ներդրված կապիտալ ծախսերը, մյուս կողմից՝  WOS-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված հոդվածներն ու դրանց արված հղումները։ Սակայն հաշվի են առնված ոչ թե հոդվածների բացարձակ թվերը, այլ այն, թե որքան է տվյալ գիտնականի՝ հոդվածին մասնակցությունը (հոդվածը բաժանվել է համահեղինակների թվին), ինչ ազդեցության գործակցով ամսագրում է հրապարակվել այն, որքան հղում է ստացել։ Այլ կերպ ասած՝ սա որակական ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե ստացած ներդրման դիմաց ամեն գիտնական որքան արդյունավետ է աշխատել։ Շուշանիկ Սարգսյանը Ստացված արդյունավետության ցուցիչների համեմատությունը գիտակական ավելի կայուն ու զարգացած համակարգ ունեցող երկրի հետ, ինչպիսին Իտալիան է, թույլ է տալիս պատկերացում կազմել Հայաստանում հետազոտությունների արդյունավետության մասին։ «Այս ցուցիչի նպատակն է գնահատել արտադրողականությունը՝ հաշվի առնելով ոչ միայն հրապարակումների քանակը, այլև դրանց որակը, կապիտալի և աշխատուժի ներդրումը և համագործակցային հետազոտություններում անհատական ներդրումները»,- ասում է հոդվածի համահեղինակ, Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար, գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանը:   Համեմատության արդյունքները Հետազոտության մեջ ներառված գիտնականները դասակարգվել են ըստ գիտական ուղղությունների՝ հիմնվելով WOS-ի՝ ամսագրերի դասակարգման սխեմայի վրա, ընդհանուր՝ 128 ուղղություններ։ Ապա այդ 128 գիտական ուղղությունները խմբավորել են 8 ընդհանուր ուղղություններում։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս գիտնականների բաշխվածությունն այս 8 ուղղություններում։ Հետաքրքիր է, որ և՛ Հայաստանում, և՛ Իտալիայում ճարտարագիտությունը գիտնականների թվով առաջատար է։ Հոդվածի հեղինակները նշում են, որ տվյալների բազայում ներառված 3617 հայ հետազոտողներից միայն 1025-ը կամ 28.3%-ն է 2017-2021 թթ․ ընթացքում WOS-ում ինդեքսավորված ամսագրում առնվազն մեկ հրապարակում հեղինակել: Մինչդեռ Իտալիայի դեպքում այդ գիտնականների թիվը կազմում է 26 515 կամ ավելի քան 98%։ Հեղինակները հետազոտության համատեքստում ակտիվ գիտնական են համարում նրանց, ովքեր WOS-ում ինդեքսավորված ամսագրերում առնվազն մեկ հրապարակում են ունեցել ուսումնասիրված տարիների ընթացքում։ Ստորև կարող եք տեսնել Հայաստանի և Իտալիայի ակտիվ գիտնականների տոկոսը՝ ըստ առանձին ոլորտների (պատկերն ինտերակետիվ է․ ամեն ուղղության տոկոսը տեսնելու համար սլաքը մոտեցրեք համապատասխան կետիկին)։ Ընդ որում, ինչպես և սպասելի էր, Հայաստանում գիտական կազմակերպություններում բուհերի համեմատ ավելի մեծ տոկոս են կազմում ակտիվ գիտնականները, համապատասխանաբար՝ 38.4% և 22.7%։ Իսկ հաջորդիվ կարող եք տեսնել, թե նշված գիտական ուղղություններում մեկ գիտնականին միջինում քանի հոդված է բաժին ընկնում (հաշվարկում ներառված են միայն ակտիվ գիտնականները)։ Ինչպես երևում է, Հայաստանում առաջատարն է ֆիզիկան։ Ինչպես նշեցինք, հեղինակները վերը նշված բանաձևով գիտնականների համար արդյունավետության անհատական ցուցիչներ են հաշվարկել։ Ապա նրանք մեկ այլ բանաձևով հաշվարկել են ընդհանրական ցուցիչներ առանձին ոլորտների համար՝ հիմնվելով այդ ոլորտների գիտնականների անհատական ցուցիչների վրա։ Ստորև կարող եք տեսնել վերը նշված 8 ոլորտների արդյունավետության ցուցիչները։ Այս հաշվարկում ներառված են միայն ակտիվ գիտնականները։ Հայաստանի համար առաջատար ուղղությունն է մաթեմատիկան։ Սակայն մեր ամենաարդյունավետ ուղղությունն անգամ բավականին հետ է մնում Իտալիայի պակաս արդյունավետ ուղղությունից։  Հետազոտողները 128 ոլորտներից առանձնացրել են այն ոլորտները, որոնք առաջատարն են արդյունավետության ցուցիչների առումով։ Հայաստանում առաջին տեղում է կոմպլեմենտար և ինտեգրատիվ բժշկությունը։ Մնացած առաջատար ուղղություններին կարող եք ծանոթանալ ստորև։ Ինչպես երևում է, Հայաստանի ամենաառաջատար ուղղություններում Իտալիայի հետ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Հետազոտողները գիտնականների անհատական ցուցիչների հիման վրա ընդհանրական ցուցիչներ են հաշվարկել ոչ միայն ոլորտների, այլ նաև հետազոտություն իրականացնող կառույցների համար։  Ուսումնասիրվող ժամանակահատվածում hայաստանյան երեք կազմակերպություններ ոչ մի հոդված չեն ունեցել WOS-ում ինդեքսավորված ամսագրերում։ Դրանք են Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը և ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը: Ստորև կարող եք տեսնել հայաստանյան կառույցները՝ ըստ արդյունավետության ցուցիչների։ Ցանկը գլխավորում է Հայաստանում Ամերիկյան համալսարանը, հաջորդում են ԳԱԱ երկու ինստիտուտներ։ Այս դեպքում ևս հաշվարկն իրականացվել է միայն ակտիվ գիտանականների ցուցիչներով։ Թերթեք՝ տեսնելու համար բոլոր կառույցները։ Հաշվի առնելով, որ արդյունավետության անհատական ցուցիչները հաշվարկվել են հետազոտության մեջ ներառված ավելի քան 33 հազար գիտնականների համար, հոդվածի հեղինակներն առանձին ցանկով ներկայացնում են նաև արդյունավետության ամենաբարձր ցուցիչ ունեցող հայաստանյան գիտնականներին՝ նշելով միայն նրանց ոլորտը և այն, թե որ կառույցի/կառույցների հետ են աֆիլացվում։ Ինչպես տեսնում ենք, չնայած ոլորտների ընդհանրական ցուցիչներով Հայաստանն անհամեմատ հետ է Իտալիայից, կան արդյունավետության տպավորիչ արդյունք գրանցած առանձին գիտնականներ։ Այս գիտնականներն աֆիլացվում են Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մի քանի ինստիտուտների և Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ։ Թերթեք՝ տեսնելու համար բոլոր գիտնականներին   Տվյալները՝ քաղաքականության մշակման հիմք Ամփոփելով հետազոտությունը՝ գիտնականները նշում են, որ Հայաստանի ու Իտալիայի արդյունքների անհամաչափությունն ակնհայտ է հատկապես բարձր ազդեցության գործակցով ամսագրերում․ այստեղ հայ գիտնականների ներկայությունը շատ ավելի ցածր է: Այն, որ իտալական գիտական համակարգը ցուցաբերում է հետազոտական ավելի բարձր արդյունավետություն, հոդվածի հեղինակները պայմանավորում են մի քանի գործոններով՝ կայուն ինստիտուցիոնալ հիմքեր, հետևողական ֆինանսավորում, եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրում և միջազգային համագործակցություններ: Հեղինակները նշում են, որ Հայաստանի գիտական համակարգը, թեև ցուցաբերում է զարգացման խոստումնալից նշաններ, դեռ պայքարում է խորհրդային անցյալի ժառանգության հետ: Իսկ արդյունավետության ցածր մակարդակը հեղինակները պայմանավորում են ֆինասնավորման համեմատաբար փոքր ծավալով, որոշ կառույցներում միջազգային հրապարակումները խրախուսող մեխանիզմների բացակայությամբ։  Հեղինակները ողջունում են կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք խրախուսում են WOS-ում և Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունները, մյուս կողմից շեշտում են, որ այս փոփոխությունների լիարժեք ազդեցությունները դեռ պետք է երևան: Իսկ վերջում Հայաստանի գիտական քաղաքականությունը մշակողների համար մի քանի առաջարկներ են ներկայացնում՝ մրցակցային հետազոտական ֆինանսավորման ընդլայնում՝ խրախուսելու բարձրորակ հրապարակումները և միջազգային համագործակցությունը,  միջազգային հրապարակումների խթանների մշակում, ինչպիսիք են ֆինանսավորման բոնուսները WOS-ում և Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների համար, ակադեմիական շարժունակության ծրագրերի ամրապնդում՝ գլոբալ գործընկերությունները ընդլայնելու համար, հետազոտական ինստիտուտները համալսարանների կազմում ինտեգրում՝ համապատասխան եվրոպական բարձրագույն կրթության մոդելներին: Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնում Հոդվածի համահեղինակ Շուշանիկ Սարգսյանը նշում է՝ կարևոր է, որ բուհերի դասախոսների՝ հետազոտություններով զբաղվելը խրախուսվի, ինչու ոչ՝ նաև պարտադրվի։ Գիտնականի խոսքով եթե անգամ սկզբնական շրջանում հետազոտությամբ զբաղվելը պարտադիր չլինի, պիտի գոնե հետազոտող դասախոսներն ինչ-ինչ առավելություններ ունենան։  Հոդվածի հեղինակը կարևորում է նաև այն, որ այս և նմանատիպ հետազոտությունների արդյունքները դրվեն որոշումների կայացման հիմքում։ Իրենց հետազոտությունն, օրինակ, ներառում է Հայաստանում հետազոտություններ իրականացնող գրեթե բոլոր գիտնականների բազան՝ արդյունավետության ցուցիչներով։ Եթե կառավարությունը նպատակ ունի զարգացնելու այս կամ այն ոլորտը, ապա այս տվյալների հիման վրա կարող է պատկերացում կազմել, թե յուրաքանչյուր ոլորտում որ գիտնականներն են առաջատար դիրքերում։ Շուշանիկ Սարգսյանը շեշտում է այն հանգամանքը, որ որոշ ոլորտներում Հայաստանն ունի գիտնականներ, որոնք Իտալիայի նույն ոլորտի գիտնականների հետ հավասար դիրքերում են, անգամ՝ առաջ են անցնում, և այդ մարդկանց ներուժը կարելի է օգտագործել։ Բացի այդ՝ գիտնականը կարևորում է, որ իրենց հավաքագրած ու վերլուծած տվյալներն օգտագործվեն գիտական ուղղությունների առաջնահահերթություններ սահմանելիս։ «Նախ պետք է որոշել, թե որ ուղղություններն են առաջնահերթ մեզ համար։ Օրինակ՝ մենք ասում ենք, որ ուզում ենք հայագիտությունը զարգացնել և ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել։ Ի՞նչ քայլեր ենք անում դրա համար։ Ամենակարևորը՝ պետք է հասկանանք՝ մեր երկրի զարգացման համար որ ուղղություններն են կարևոր, վեր հանենք այն մասնագետներին, որոնք կարող են տվյալ ուղղությունները մակրո մակարդակով զարգացնել։ Եթե մենք ուզում ենք ինտեգրվել միջազգային գիտական հանրությանը, ապա  պետք է խաղանք այդ խաղի կանոններով, տեսնենք՝ այնտեղ որ ուղղություններն են զարգացած, պրոյեկտենք մեր երկրի առանձնահատկությունների վրա՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները։  Գուցե, օրինակ, երկրաբանության մեջ հիմա ներդրում չենք անում, բայց խորհրդային շրջանում ունեինք լավ երկրաբաններ։ Միգուցե դա պետք է զարգացնե՞լ Հայաստանում։ Կամ ագրոգիտությունը։ Ես հիմա ափսոսանքով եմ լսում, որ Ագրարային համալսարանում դիմորդ չի լինում, բայց հետաքրքիր ուղղություններ կան, ինչո՞ւ չենք զարգացնում դա»,- ասում է նա։   Տվյալների հավաքագրումն ու հնարավոր սահմանափակումները Հետազոտության մեջ ներառվել են հայաստանյան 14 համալսարաններ, ինչպես նաև ԳԱԱ 20 ինստիտուտներ (ԳԱԱ համակարգից դուրս գործող ինստիտուտները չեն ներառվել)։ Հայաստանյան մի քանի բուհեր՝ Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը, չեն տրամադրել գիտնականների մասին տվյալներ, հետևաբար հետազոտողներն այս բուհերի տվյալները չեն ներառել։ Սա, հեղինակների փոխանցմամբ, կարող է իրենց տվյալներում որոշակի սահմանափակումներ մտցնել։  Տվյալների անհասանելիության պատճառով հետազոտության մեջ չի ներառվել նաև Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, որը ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական կառույց է։ Սա ևս որոշակի սահմանափակումներ է  մտցնում ֆիզիկային վերաբերող տվյալներում՝ հաշվի առնելով, որ ֆիզիկայի հետազոտություններով զբաղվող գիտական այս կառույցն, ըստ Հայաստանի կառավարության տվյալների, ապահովում է Հայաստանի միջազգային տպագրությունների մոտ 25%-ը։  Իտալիայի դեպքում հետազոտողները վերցրել են պետական բոլոր համալսարանների գիտնականների տվյալները, քանի որ այնտեղ հետազոտություններում առանցքային դեր են խաղում հենց համալսարանները։ Այս դեպքում տվյալները հավաքագրելու կարիք չի եղել՝ հաշվի առնելով, որ Իտալիան պաշտոնական համակարգված վիճակագրություն է վարում։  Շուշանիկ Սարգսյանը նշում է՝ Հայաստանի տվյալների հավաքագրումը և գիտնականների նույնականացումն իրենց աշխատանքի ամենադժվար փուլերից մեկն էր՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկություններն իրենք վերցրել են պաշտոնական փաստաթղթերից, գիտական կառույցների կայքերից կամ գրությունով խնդրել առանձին կազմակերպություններից։ Որոշ կառույցներից, ինչպես արդեն նշեցինք, հնարավոր չի եղել տվյալները ստանալ։ Կարևոր է նշել, որ հեղինակները հոդվածում շեշտում են՝ չնայած այս հետազոտության մեջ ներառվել են WOS-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումները, դրանք գիտական միակ արդյունքը չեն․ գիտական արդյունք են համարվում նաև պատենտները կամ հետազոտական այնպիսի աշխատանքները, որոնց վերջնանպատակը տպագրությունը չէ։ Հեղինակները հավելում են, որ հոդվածներին կատարված հղումները ևս միանշանակ կերպով չեն խոսում այն մասին, որ հետազոտությունից այլ հեղինակներ օգտվել են: Շուշանիկ Սարգսյանը բացատրում է, որ սա փորձնական հետազոտություն էր, որի նպատակն էր համեմատության այս ֆրակցիոն (հետազոտություններին ամեն գիտնականի մասնակցության չափը հաշվի առնող) մեթոդը կիրառելու Հայաստանում։ Գիտնականը նշում է՝ այս մեթոդն արդեն կիրառվել է Իտալիայում, Նորվեգիայում, իսկ այժմ արդեն՝ Հայաստանում։ Լուսանկարում Շուշանիկ Սարգսյանի կողքին հոդվածի առաջին հեղինակ Ջովաննի Աբրամոն է, որը գիտական համակարգերի համեմատության այս մոդելի հեղիակներից մեկն է Կարևոր է նշել, որ հետազոտությունը ներառում է միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ), ինչպես նաև բժշկագիտական ուղղությունները․ հումանիտար և հասարակագիտական ուղղությունները չեն ներառվել։ Շուշանիկ Սարգսյանը բացատրում է, որ այս ուղղություններում հոդվածներին կատարվող հղումների քանակը սովորաբար քիչ է լինում։ Հետևաբար, եթե փորձեին արդյունավետության ցուցիչ հաշվել, այն, միևնույն է, 0 էր լինելու։ Գիտնականը նշում է, որ սա հումանիտար և հասարակագիտան ուղղությունների առանձնահատկությունն է․ այս ոլորտների գիտնականները շատ ավելի մեծ ինտերվալներով են հոդվածներ տպագրում, համահեղինակներ քիչ են լինում, բացի այդ՝ շատ հաճախ հղումներ են կատարվում արխիվային նյութերի, դասական հեղինակների, և հղումների ցանցն այնպես չի աշխատում, ինչպես ԲՏՃՄ և բժշկագիտական ուղղությունների համար։ Այդ է պատճառը, որ այս մեթոդաբանությամբ նշված ոլորտները հնարավոր չէ համեմատել։ Վերջում Շուշանիկ Սարգսյանը հույս է հայտնում, որ երբ մի քանի տարի հետո նորից որոշեն նմանատիպ հետազոտություն իրականացնել, հնարավորություն կունենան ներառելու Հայաստանի բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, իսկ Հայաստանն ավելի առաջատար դիրքերում կլինի։ Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
21:15 - 30 մայիսի, 2025
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Գրեթե 1 տարվա քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց մեղադրական եզրափակիչ ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, պնդեց, որ դրանցով հիմնավորվել է Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը․ «Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածով»,- ասաց նա: Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։ Այս մասին հայտնի է դարձել նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի դատաքննության ժամանակ, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացել էր դատարան՝ որպես վկա հարցաքննվելու։ Հարցաքննությունից հետո հանրային մեղադրողը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ։ Հայկազ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով կազմաքանդվել են 5-րդ գումարտակի մարտակարգերը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն իր եզրափակիչ ելույթը սկսեց՝ հիշեցնելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի մանրամասները։  Գեւորգ Ավետիսյանը Ըստ այդմ, Գրիգորյանը, զբաղեցնելով Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնը, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով 13-րդ վաշտի  բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ինչպես նաև պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ Մարտական կանոնադրության մի շարք դրույթների համաձայն, պարտավոր է եղել իրեն վստահված պահպանության տեղամասում կազմակերպել կայուն, ակտիվ, հակառակորդի բոլոր զինատեսակների հարվածներին դիմակայելու ընդունակ պաշտպանություն, իր ստորաբաժանման հետ համառորեն պաշտպանել զբաղեցրած շրջանը, նույնիսկ շրջապատման և հարևանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում չթողնել դրանք առանց ավագ պետի հրամանի։ Մինչդեռ ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն Գրիգորյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ նահանջ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր ուղղությամբ հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, անմիջական մարտի չբռնվելու, այդպիսով իր, ինչպես նաև ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով՝ որևէ միջոց չի ձեռնարկել խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ։ Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման և կատարման կարգի վերաբերյալ պահանջները և ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Մասնավորապես, կազմաքանդվել են ՊԲ 59703 զորամասի և 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը և զորաշարվածքը, հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թևանցման վտանգ ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը և հարակից մարտական դիրքերը: Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ նախաքննության ժամանակ Հայկազ Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում չի ընդունել այն՝ հերքելով դրանում նկարագրված փաստերը․ «Մասնավորապես՝ դիրքերից դուրս գալու մասին հրաման տալը Գրիգորյանը պայմանավորեց ենթակաների մեծ մասի նորակոչիկներ լինելու և իրականացվող մարտական գործողությունների ժամանակ վատ բարոյահոգեբանական վիճակ ունենալու հանգամանքով։ Իր գործողությունները պատճառաբանեց նաև նրանով, որ իր ենթակայության տակ է անցել մոբ-ից մոտավորապես 40-50 հոգանոց անձնակազմ, որը մարտական գործողությունների ընթացքում վատ ազդեցութուն է ունեցել ենթակա անձնակազմի վրա, իջեցրել բարոյահոգեբանական վիճակը, և երբ դուրս են եկել զբաղեցրած դիրքերից, անձնակազմի մարտունակությունը վերջնականապես ընկել է: Բացի այդ, նշեց, որ իր ենթակա ստորաբաժանումը, ըստ սահմանված կարգի, պետք է ցրվեր առաջնագծում գտնվող ստորաբաժանումներում, մինչդեռ մնացել են նախապես սահմանված վայրում, որտեղ առկա ինժեներական կառույցները գտնվել են անմխիթար վիճակում: Իր գնահատմամբ իրեն հաջողվել է փրկել ենթակա անձնակազմից շատերի կյանքը։  Գտնում եմ, որ, հերքելով իր կողմից կատարված հանցագործությունները՝ Հայկազ Գրիգորյանը ընդամենը փորձ է կատարում կոծկել իր գործողությունների իրական նպատակը, խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ հիմնավորվել է, որ մեղադրյալը չի կատարել իր վրա դրված պարտականությունները Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ առաջին հարցը, որը նշված համատեքստում ենթակա է քննարկման, Հայկազ Գրիգորյանի՝ նախատեսված հանցագործության սուբյեկտ, այսինքն` պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է, ինչը հիմնավորվել է ՊԲ 59703 զորամասի հրամանատարի համապատասխան հրամանով, որով Գրիգորյանը հուլիսի 15-ից նշանակվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի հրամանատարի պաշտոնում։ Ձախից՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը Երկրորդ հարցը, որ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, այն է՝ արդյո՞ք Գրիգորյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղել են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր է եղել կատարել ենթակա անձնակազմի հետ սահմանված բնագծում պաշտպանություն իրականացնելիս: Թեեւ Գրիգորյանը չի վիճարկել այս հանգամանքը, այնուհանդերձ, մեղադրողը մեջբերեց Մարտական կանոնադրության եւ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի մի շարք դրույթներ, ապա պնդեց․ «Ակնհայտ է, որ զինվորական ծառայության կարգը սահմանող նորմերը բովանդակում են, որ վաշտի հրամանատարը հանդիսանում է այն կարևոր օղակը կամ անձը, ով պետք է պատրաստ լինի ձեռնարկել հնարավորը կամ «անհնարինը» հայրենիքի պաշտպանության համար՝ այդ նպատակի համար չխնայելով անգամ կյանքը: Նույն հրամանատարն իր գործողությունները կամ որոշումները պարտավոր է իրականացնել՝ պահպանելով տվյալ իրադրությունում հարաբերությունները կարգավորող նշված իրավական նորմերը։ Վերը նշված գերնպատակի իրագործման համար էլ սահմանվել են վաշտի գործողությունները, այս դեպքում նահանջը գումարտակի հրամանատարի թույլտվությամբ իրականացնելու պարտադիր պահանջը։ Բացի այդ, եթե առաջացել է հարկադրված նահանջ կատարելու անհրաժեշտություն, ապա այն կատարել այնպես, որ նախապես կնախորոշվի այն շրջանը, որտեղ պարտավոր է ենթակա անձնակազմը դուրս գա՝ ապահովելով փոխգործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ նշված նորմերի վերաբերելիությունը 13-րդ վաշտի պաշտպանության տեղամասում տեղի ունեցած դեպքերին և վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին, հիմնավորվել է նաև դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներով։ Մյուս հարցը, որ պաշտոնեական անգործության և պաշտոնեական պարտականությունները ի վնաս պետական շահի օգտագործելու հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, ըստ դատախազի, հետևյալն է՝ Հայկազ Գրիգորյանը, որպես վաշտի հրամանատար, դեպքի օրը կատարե՞լ է իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները, թե՝ ոչ։ Մեղադրողն ընդգծեց՝ եթե նախորդ երկու դեպքերում Հայկազ Գրիգորյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ, բերեց մի շարք պատճառաբանություններ, որոնց արդյունքում իբր այլ ելք չի մնացել, քան դուրս գալ զբաղեցրած դիրքերից: Այս հանգամանքը, սակայն, ըստ մեղադրողի, հերքվել է մի շարք վկաների ցուցմունքներով։ Գեւորգ Ավետիսյանը մեջբերեց, օրինակ, ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանի ցուցմունքը, ըստ որի՝  Հայկազ Գրիգորյանի կողմից նշված անձնակազմի վատ բարոյահոգեբանական վիճակի պայմաններում վերջինս պարտավոր է եղել միջոցներ ձեռնարկել այդ վիճակը բարձրացնելու և հետագա խնդիրները կատարելու ուղղությամբ․ «Բագրատ Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ զինծառայողների վատ բարոյահոգեբանական վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն հրամանատարն է, և բերեց օրինակներ, որտեղ ավելի վատ իրավիճակներում գտնվող զորքը, հրամանատարին տեսնելով, մնացել է և կատարել իր պարտքն առ հայրենիք:  Ամեն դեպքում, ուժեղ հրետակոծությունը կամ դիվերսիոն խմբերի առաջխաղացումը հիմք չեն զբաղեցրած մարտական դիրքերից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Հայկազ Գրիոգարյանի ենթակա անձնակազմը նորակոչիկներով համալրված լինելու հանգամանքին, վկան նշեց, որ օրենդրությամբ որևէ արգելք սահմանված չէ նրանց կիրառելու համար»,- ասաց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ Մաթեւոսյանի գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանը չի պահպանել նաև նահանջի կարգը։ Լսելով քրեական գործով ձեռք բերված այն տվյալը, որ նահանջելիս յուրային ստորաբաժանումները կրակել են 13-րդ վաշտի ուղղությամբ՝ վկան հայտնել է, որ այդ հանգամանքը ևս վկայում է չկազմակերպված նահանջի մասին։ Գեւորգ Ավետիսյանը վկայակոչեց նաեւ զորամասի նախկին հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած մարտական դիրքերից դուրս է եկել առանց իր թույլտվության, ինչի իրավունքը նա չի ունեցել․ «Երբ ուսումնական գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը և զորամասի շտաբի պետը, ով պատասխանատու է եղել փոխգործակցության ապահովման համար, իրեն զեկուցել են, որ Հայկազ Գրիգորյանը չկա, խնդիր է դրել հնարավորինս փակել [Հայկազ Գրիգորյանի անձնակազմի] զբաղեցրած բնագիծը, քանի որ ըստ զորամասի պաշտպանության պլանի՝ այդ հատվածում պետք է լինեին համապատասխան ստորաբաժանումներ։ Պողոսյանը նշել է, որ նորակոչիկներից բաղկացած անձնակազմը գործել է ըստ սահմանված ղեկավար փաստաթղթերի, ունեցել է համապատասխան սպառազինություն, և նրանց առաջնագծում մարտի ներգրավելու համար չկա որևէ արգելք: Հավելել է նաև, որ այն դիրքերը, որտեղ գտնվել է Հայկազ Գրիգորյանի ենթակայության անձնակազմը, պատշաճ կահավորված է եղել, որի կահավորմանը անգամ մասնակցել է Հայկազ Գրիգորյանը»,- ասաց մեղադրողը՝ շեշտելով, որ զորամասի հրամանատարի հավաստմամբ՝ «9-րդ կմ» հատվածը դուրս է եղել իր ենթակա զորամասի պաշտպանության հատվածից և այնտեղ որևէ բնագիծ չի եղել, որտեղ կարող էր Հայկազ Գրիգորյանը նահանջել և զբաղեցնել, այսինքն՝ եղել է անկանոն փախուստ, ոչ թե նահանջ:  Նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանն էլ դատարանում պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Հայկազ Գրիգորյանը կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ վաշտը բարոյապես ծանր վիճակում է, դիմացից հակառակորդի մեծաքանակ ուժեր են դիտարկվում, և վաշտն ի վիճակի չէ խնդիր կատարել ու անձնակազմը ցանկանում է լքել դիրքերը․ «Ինքը նրան հրամայել է մնալ իրենց տեղում, մասնավորապես ասել է. «ոտներդ էդտեղից չկտրեք»: Այդ օրը Հայկազ Գրիգորյանի վաշտը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել: Վաշտը պաշտպանել է 1-ին գումարտակի թիկունքը և գումարտակի մնացած մարտակարգերը: Որոշ ժամանակ հետո լեյտենանտ Նազարյան Հովիկն իրեն զեկուցել է, որ 13-րդ վաշտը լքել է զբաղեցրած դիրքերը, իսկ ինքը սերժանտներ Սամվել Իսկանդարյանի և Խաչիկ Ազիզյանի հետ մնացել է դիրքում: Այդ մասին տեղեկանալուց հետո ինքը փորձել է միջոցներ ձեռնարկել վաշտի նահանջը կանխելու համար, սակայն չի ստացվել, ինչի պատճառով հարևան ստորաբաժանումներից հավաքագրել է մոտավարապես 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքեր և անցել պաշտպանության»,- նշեց Ավետիսյանը։ Հայկազ Գրիգորյանի դեմ ցուցմունք են տվել նաեւ ժամկետային զինծառայողները Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի կողմից իր պարտականությունները չկատարելու հանգամանքը հաստատվել է նաեւ ժամկետային զինծառայողների ցուցմունքներով, ինչպես, օրինակ, Արման Արղամանյանի, Կարեն Մանուկյանի եւ այլոց։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը Այսպես․ Արման Աղամանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ այն ընթացքում, երբ ինքը գտնվել է տանկային փոս ճանապարհից (ռով) մոտ 10 մետր հեռավորության վրա, նկատել է, որ Հայկազ Գրիգորյանը և դասակի հրամանատար Գագիկ Հարությունյանն իրար հետ խոսում են այն մասին, թե ինչ անեն: Խոսակցությունից հասկացել է, որ Հայկազ Գրիգորյանը չի կողմնորոշվել, թե ինչ անի, իսկ Գագիկ Հարությունյանն ասել է հետևյալը. «ինչ հրաման տաս՝ այն էլ կանենք»: Դրանից հետո, ըստ վկայի, Գագիկ Հարությունյանն անձնակազմին ասել է, որ պետք է նահանջեն․ «Դատարանում հարցաքննվելիս վկան ավելացրեց նաև, որ եթե իրեն նահանջի հրաման չտային, ինքը պատրաստ է եղել մնալ և շարունակել պաշտպանությունը: Իր կողմից վերը նշված խոսակցությունների ժամանակ իրեն թվացել է, որ Հայկազ Գրիգորյանը «պանիկայի» մեջ է: Իրենց մոտ եղել են բջջային հեռախոսներ, որոնցով հնարավոր եղել է կապ հասատատել այլ անձանց հետ: Նշեց նաև, որ նահանջելիս Հայկազ Գրիգորյանը բջջայինով տանկի ռովի միջից կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ, որտեղից հայհոյանքներ և տհաճ բառերե են հնչել, ասել են հետ գնացեք ու ավտոմատով կրակեք տանկերի աշտարակների վրա առկա ծակերին: Ամեն դեպքում հետ գնացեք և շարունակեք պաշտպանությունը, ինչը, սակայն չեն կատարել։ Անձնակազմի հիմնական մասը պատրաստ է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն կատարել են վերադասի հրամանները»։ Հաջորդիվ մեղադրողը վկայակոչեց վկա Կարեն Մանուկյանի ցուցմունքը, որը հայտնել է, որ իրենց՝ 14-րդ վաշտի հարևանությամբ դիրքավորված է եղել 13-րդ վաշտը, որի հրամանատարն է հանդիսացել կապիտան Հայկազ Գրիգորյանը․ «Այդ ընթացքում իրենց վաշտով մարտի մեջ են մտել հակառակորդի հետ, հակառակորդը իրենց վաշտի տեղակայման վայրի ուղղությամբ հարվածել է և հրետանիով, և նռնականետով, և ԱԹՍ-ով, ինչպես նաև հակառակորդի հետ անմիջական փոխհրաձգություն է տեղի ունեցել: 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի կողմից նահանջ հրաման տալու հանգամանքի վերաբերյալ հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ գտնվել են «Չռիկներ» կոչվող տեղանքում: Նրանց անվանել են «թռնողների վաշտ», քանի որ առաջինն են լքել մարտական դիրքերը: Իրենց վաշտի ամբողջ անձնակազմի տրամադրվածությունն այնպիսին է եղել, որ պետք է պահեն դիրքերը: Մինչև 13-րդ վաշտի նահանջելը հակառակորդի հետ մարտ են վարել դիրքերի ճակատային մասից, սակայն երբ 13-րդ վաշտը նահանջել է, հակառակորդը սկսել է գրոհել տարբեր ուղղություններից և իրենք նահանջելու միայն մեկ ուղղություն են ունեցել»։ Վկա Դավիթ Սահակյանն էլ իր ցուցմունքով հայտնել է, որ մինչև նահանջի օրն անմիջական մարտական գործողություններ չեն եղել և միայն գիշերներն անկանոն կրակել են իրենց դիրքերի դիմաց գտնվող անտառի ուղղությամբ, քանի որ մարդկանց շարժ են նկատել, սակայն, իր կարծիքով, նույնիսկ մարդ չի եղել: Նահանջ կատարելու օրը Հայկազ Գրիգորյանն անձամբ է այդ հրամանը տվել և ինքն այդ հրամանը լսել է նրանից: Նա ասել է նաև, որ նման հրաման տալու իրավունք չունի, բայց իրենք չեն կարող հակառակորդին դիմագրավել և պետք է շուտ դուրս գան իրենց զբաղեցրած դիրքերից․ «Վկան նշել է նաև, որ ինքն ի վիճակի եղել է մնալ զբաղեցրած բնագծերում և շարունակել պաշտպանությունը և իր գնահատմամբ իր ծառայակիցները ևս պատրաստ են եղել և միայն Հայկազ Գրիգորյանի հրամանով է, որ նման որոշում են կայացրել: Անգամ հրամայեցին, ինչ կա-չկա, թողենք ու դուրս գանք՝ վերցելով միայն զենքը, ինչը կատարել են: Երբ բավականին հետ են եկել, Հադրութում զորամասի սպաներից մեկը ասաց, որ սխալ են արել, որ նահանջել են և հորդորեց հետ գնալ, և մի քանիսը հետ գնացին, այդ ժամանակ հասկացել է, որ նահանջը եղել է չթույլատրված»։  Դատախազի խոսքով՝ մեղադրյալի վաշտի առջև նահանջի պահին առկա են եղել յուրային այլ ստորաբաժանումներ Հիշատակված անձանց ցուցմունքներով, ըստ Ավետիսյանի, հաստատվում է նաեւ, որ Հայկազ Գրիգորյանն ունեցել է իրական հնարավորություն՝ կատարելու օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Օրինակ՝ գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքով այն մասին, որ Հայկազ Գրիգորյանի և նրա ղեկավարած ստորաբաժանման կողմից մարտական դիրքերը թողնելուց հետո ինքը հարևան ստորաբաժանումներից, որոնք, ի դեպ, եւս եղել են նորակոչիկներ, ընդ որում՝ ավելի քիչ ծառայած, քան Հայկազ Գրիգորյանի անձնակազմը, հավաքել է մոտ 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքերում և անցել պաշտպանության: Նշել է, որ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել, երբ ինքը հասել է լքված բնագիծ, այնտեղ ոչ հակառակորդ է եղել, ոչ մարտ է գնացել: Մնացել են տեղանքում և մեկ օր անց նոր միայն մարտի բռնվել հակառակորդի հետ:  ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի նախկին հրամանատար Արսեն Խաչատրյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմ չունենալու պատճառով կարողացել է առանձնացնել 4-5 հոգանոց խումբ և հանձնարարել պաշտպանության անցնել Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած դիրքերում, ինչն այդ խումբը կատարել է և 2 օր մնացել նշված բնագծերում: Այդ ընթացքում հակառակորդի ստորաբաժանումները նրանցից գտնվել են երկու կիլոմետր հեռավորության վրա: Իր գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանման մոտ հարկադրված նահանջի իրավիճակ չի եղել:  Անդրադառնալով Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում նշված հանցակազմի մյուս հատկանիշին՝ հետևանքներին, Ավետիսյանը պնդեց՝ վկաների ցուցմունքներով անհերքելիորեն հիմնավորվել է նաև, որ մեղադրանքում նկարագրված հետևանքներն առաջացել են 13-րդ վաշտի՝ զբաղեցրած բնագծերը թողնելու հետևանքով․ «Պաշտպանկան կոմը շատ գեղարվեստորեն կարող է ներկայացնել, թե ինչպիսի անտանելի վիճակ է եղել առաջնագծում և անհնար է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն քրեական գործով որևէ տվյալ, որով կհաստատվեր գոնե մեկ գործողություն, որը կատարել է Հայկազ Գրիգորյանը՝ փորձելու շարունակել իրեն առաջադրված խնդիրը ձեռք չբերվեց: Հակառակը՝ ստացված տվյալներով ինքը և դասակի հրամանատարը չեն տիրապետել իրավիճակին, եղել են խառնված վիճակում ու երկուսով որոշել դուրս գալ դիրքերից»։ «Պատվարժան դատարան, իմ կողմից քննարկվող հանգամանքը հիմնավորվում է նաև հակառակորդի գտնվելու վայրի և յուրային ստորաբաժանումների մարտունակության վերաբերյալ կազմված օպերատիվ տեղեկագրերով, որոնք դատարանի կողմից ստացվեցին և հետազոտվեցին դատաքննության ընթացքում: Այն, որ հակառակորդը 04.10.2020 թվականի դրությամբ գտնվել է առաջնագծում և յուրային ստորաբաժանումները մեծ կորուստներ չեն ունեցել:  Ունենք փաստ՝ Հայկազ Գրիգորյանի պաշտպանության հատվածում մի կողմից 1 օր ժամկետով առանց խոչընդոտի պաշտպանության է անցել նորակոչիկների 20-հոգանոց անձնակազմ, մյուս կողմից՝ 5-հոգանոց անձնակազմ, և 2 օր մնացել դիրքերում: Այս պայմաններում փորձել ասել, թե 70-հոգանոց նորակոչիկները չէին կարող մնալ, ապա պետք է հարց առաջանա՝ 20-հոգանոց նորակոչիկների անձնակազմն ինչպե՞ս է մնացել, ինչո՞ւ է Հայկազի ստորաբաժանումը եղել բարոյահոգեբանակ վատ վիճակում, ինչի մասին միայն նա ու Գագիկ Հարությունյանն են հայտում, իսկ մյուս ստորաբաժանումը, որն ավելի քիչ ծառայություն է իրականացրել, կարողացել է անցնել պաշտպանության: Ես ցավում եմ, որ այդ խնդիրները բարձրաձայնելիս Հայկազը այդ հարցն իրեն չի տալիս: Պաշտպան Նորիկյանը փորձում է փաստերը տեղափոխել ինչ-որ ռազմագիտական գնատատականների տիրույթ, ինչը տվյալ դեպքում անթույլատրելի էր, քանի որ կա անձնակազմ, որը դա արել է։ Եվ վերջ»,- իր ելույթում նշեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ Մեղադրողն անդրադարձավ նաեւ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի սուբյեկտիվ կողմին, քանի որ նրան մեղսագրված է հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությամբ իշխանության անգործություն դրսևորելու և իշխանությունը չարաշահելու հանգամանք․ «Վկա Արտյոմ Պողոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայկազ Գրիգորյանը ենթակա ստորաբաժանմանը հրաման է տվել դուրս գալ զբաղեցրած մարտական դիրքերից անորոշության և իրավիճակին չտիրապետելու արդյունքում: Վկա Գագիկ Հարությունյանը նշեց, որ նահանջ որոշումն ընդունելու ժամանակ գտնվել է Հայկազ Գրիգորյանի մոտ, խոսակցությունների ժամանակ լսել է, «լավա գնանք, քան մնանք մսաղաց»: Հայկազը գումարտակի հրամանատարին փորձել է համոզել, որ սենց չի լինի, չենք կարող հակառակորդին դիմակայել, պետք է դուրս գանք, սակայն հրամանատարը չի թույլատրել: Վկա Հովհաննես Նազարյանն էլ նշեց, որ երբ Հայկազ Գրիգորյանից փորձել է ճշտել, թե ինչու են նահանջել, Հայկազը պատասխանել է, որ զորքն այլևս չի մնում մարտական դիրքերում, ինչպես նաև հակառակորդի կողմից կուտակում են նկատել ու չեն կարող դիմադրել նրանց: Այդ ընթացքում եղել են խոսակցություններ, որ «եթե մնան, կմեռնեն»: Նախաքննության ժամանակ տված ցուցմունքով Հովհաննես Նազարյանը հայտնել է, որ Հայկազի մոտ վախ է նկատել, սակայն դատաքննության ընթացքում չմտաբերեց՝ Հայկազը գտնվե՞լ է վախեցած վիճակում, թե՝ ոչ, սակայն հնարավոր համարել է․․․ Այսպիսով, կարծում եմ, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է 03.10.2020 թվականին Հայկազ Գրիգորյանի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու և իշխանական դիրքը չարաշահելու դիտավորությունը և հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությունը»։ Հավելենք, որ կողմերի ճառերից հետո նախագահող դատավորը պետք է կայացնի վերդիկտ՝ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ, որից հետո միայն՝ մեղավոր ճանաչվելու դեպքում, քննարկման առարկա դառնա նշանակվող պատժի չափը։   Միլենա Խաչիկյան
17:41 - 23 մայիսի, 2025
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

Կառավարությունը մայիսի 15-ին հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։  Նախագծով Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգերում առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ, որոնց թվում են հետազոտական համալսարանների ստեղծման համար իրավական հիմքերի հաստատումը, գիտական կազմակերպությունների՝ համալսարանների կազմում ինտեգրումը, Գիտությունների ազգային ակադեմիայի նոր դերի սահմանումը, ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելքը՝ եզակի բացառություններով։  Հիշեցնենք, որ այս օրենքի տարբեր նախագծեր շրջանառության մեջ են դրվել՝ սկսած 2019-ից, սակայն օրենք այդպես էլ վերջնականապես չի ընդունվել։ Նախագծերից մեկը 2021-ին Ազգային ժողովում (ԱԺ) հաստատավել էր, սակայն մի քանի դրույթով հակասահմանադրական էր ճանաչվել։ Անցած տարվա աշնանը հրապարակվեց օրենքի լրամշակված նոր նախագիծը, որը քննարկումների ու առաջարկների ընդունման փուլից հետո հասավ կառավարություն և կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ընդունվեց՝ ուղարկվելով ԱԺ։ Հայաստանի գիտական ու բարձրագույն կրթական համակարգերը Այս պահին Հայաստանում գործում են մի քանի տասնյակ բուհեր, որոնց զգալի մասը կենտրոնացած  է հիմնականում կրթական գործառույթի վրա։ Որոշ բուհեր իրականացնում են նաև գիտական հետազոտություններ։ Գիտությունն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ավելի քան 30 ինստիտուտներում, ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական մի քանի անկախ կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչական պատկանելիության ինստիտուտներում։  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ բուհերի նոր տեսակ՝ հետազոտական համալսարաններ, որոնք իրենց կազմում, ի թիվս կառուցվածքային այլ միավորների, կունենան գիտական առնվազն մեկ կազմակերպություն (հոդված 3)։ Նախագծով առաջարկվում է, որ գործեն երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝ հետազոտական համալսարանների կազմում գործող ակադեմիական միավորներ, որևէ գերատեսչության ենթակայությամբ գործող գիտական կազմակերպություններ, հանրային կազմակերպությունների (օրինակ՝ թանգարանների) կազմում գործող հիմնարկներ (հոդված 8)։ ԳԱԱ կազմում, ըստ նախագծի, ինստիտուտներ չեն գործելու, իսկ ԳԱԱ-ին վերապահվելու են նոր գործառույթներ, որոնց մասին՝ մի փոքր ուշ։ Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն, ըստ նախագծի, կարող է հիմնադրվել միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում (հոդված 27): Հանրային գիտական անկախ կազմակերպություններ ունենալու մասին որևէ դրույթ նախագծում առկա չէ։ Այս փաստը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, մեկ անգամ չէ, որ առարկության է հանդիպել։ «Գիտուժ» նախաձեռնությունից, մասնավորապես, ԱԺ-ում նախագծի վերջին քննարկման ժամանակ նշել էին, որ տարբեր երկրներում սովորաբար հետազոտական համալսարաններին զուգահեռ գործում են նաև անկախ, երբեմն՝ տարբեր միավորումներում ներառված, գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են պետությունների կարիքներից բխող կիրառական հետազոտություններով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը, սակայն, նույն քննարկման ընթացքում նշեց, որ աշխատել կարող են գիտական համակարգի տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը»,- ասաց նախարարը։ Որքան էլ քննարկման ժամանակ նախարարը պնդում էր, որ կառավարության առաջարկած համակարգը բացառող չէ, տեսնում ենք, որ օրենքի նախագծով գիտական կազմակերպությունների տեսակները սահմանափակում են միայն երեքով՝ համալսարանների կազմում, գերատեսչությունների կազմում կամ հանրային կառույցների կազմում՝ չստեղծելով իրավական հիմքեր հանրային գիտական անկախ կառույցների կամ դրանց միավորումների ձևավորման համար։ Մյուս կողմից, ըստ նախագծի, հետազոտական համալսարաններն, ի թիվս կրթական գործառույթների, ունենալու են ավելի լայն գործառույցներ, այդ թվում՝  գիտական գործունեության միջազգայնացումը, Հայաստանի տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը, ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը (հոդված 6): Նախագծով առաջարկվում է, որ հետազոտական համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանի կրթական ծրագրերին` ապահովելով որոշակի կրեդիտներ կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով։  Գիտական կազմակերպությունները համալսարանների կազմում ունենալու են ինքնավարության որոշակի մակարդակ․ կարողանալու են գիտական այլ կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով, ինքնուրույն են լինելու գիտական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում (հոդված 8)։ Օրենքի պահանջները բուհերի վրա տարածվելու են 2026-2027 ուսումնական տարվանից, իսկ գիտական կազմակերպությունների վրա` 2026 թվականից (հոդված 43): Կարելի է ենթադրել, որ բուհերի խոշորացումը և գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը սպասվում է 2026-ին։ Թե ինչպես առաջ քաշվեց բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները խոշորացված բուհերի կազմում ընդգրկելու, ակադեմիական քաղաք ստեղծելու օրակարգը, կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմում։    Հոգաբարձուների խորհուրդները և բուհերի ապակուսակցականացումը Նախագծով առաջարկվում է, որ բուհն ունենա կառավարման հետևյալ մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, ռեկտոր։ Հետազոտական համալսարանները, ի թիվս վերը նշվածների, ունենալու են նաև կառավարման կամ տնօրենների խորհուրդ (հոդված 26): Գիտական կազմակերպություններն ունենալու են կառավարման հետևյալ մարմինները՝  հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, տնօրեն: Ընդ որում, հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է համարվելու համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (հոդված 27): Ըստ նախագծի՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում ինչպես նաև ակադեմիական միավորների (ֆակուլտետներ, դպրոցներ, ամբիոններ, դոկտորական դպրոցներ, գիտական ինստիտուտներ) ղեկավար պաշտոններում արգելվելու է որևէ կուսակցության անդամ հանդիսացող, հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է լինելու այդ պաշտոններից ազատման համար (հոդված 26)։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը կազմված է լինելու 20 անդամից: 10-ին առաջադրելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ գիտության, կրթության կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում` Սփյուռքից կամ այլ պետության քաղաքացիներից: Մյուս 10-ին ներկայացնելու է բուհը` ակադեմիական կազմի ներկայացուցիչներից` ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողական մարմինների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն է ընտրելու ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին (հոդված 28)։  Եվ չնայած, ինչպես արդեն նշեցինք, բուհի հոգաբարձուների խորհրդի համար կուսակցության անդամ լինելու և հանրային պաշտոն զբաղեցնելու արգելք կա, այդ արգելքը չի կիրառվելու մինչև 2029-2030 ուսումնական տարին։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնելու 2029-2030 ուսումնական տարում։ Մինչև այդ հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են գործող կարգով, այսինքն՝ ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամներից։ Ավելին՝ անուսակցական և պաշտոնյա չլինելու արգելքը չի տարածվելու գործող կարգով ձևավորվող խորհուրդների վրա (հոդված 43)։  Հիշեցնենք, որ Ինֆոքոմն ուսումնասիրել էր Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմն ու պարզել, որ այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների մոտ 47%-ը կա՛մ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է, կա՛մ էլ նույն կուսակցության աջակից/փոխկապակցված անձ է։ Իսկ ԿԳՄՍՆ առաջադրած անդամների 18․3%-ը կա՛մ պետական համակարգի աշխատող է, կա՛մ նախկին քաղաքական պաշտոնյա, կա՛մ ՔՊ փոխկապակցված անձ/ համակիր։ Այպիսով, չի բացառվում, որ բուհերի խոշորացումից հետո ևս հոգաբարձուների խորհուրդներում կշարունակեն առաջադրվել քաղաքական պաշտոնյաներ և կուսակցականներ, քանի որ հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգը կսկսի գործել 2029-ին միայն։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը դեռ 2019-ից է խոստանում ապակուսակցականացնել բուհերը։ Մինչդեռ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 8 ամսվա ընթացքում (հոդված 44)։ Մինչ հետազոտական համալսարանների կազմում ներառվելը, հիշեցնենք, գիտական կազմակերպությունները լինելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության կառույցներ։  Իսկ ըստ օրենքի նախագծի՝ գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակելու է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվելու է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվելու է կանոնադրությամբ  (հոդված 27):   Բուհերի ռեկտորներն ու գիտական կազմակերպությունների տնօրենները  Բուհի ռեկտորի, ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի համար, բացի անկուսակցական լինելու պահանջից, դրված է նաև առաջադրման պահին և պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորելու պահանջ  (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ բուհի ռեկտորը, և՛ գիտական կազմակերպության ղեկավարը պետք է ունենան ԿԳՄՍՆ հաստատած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ ԿԳՄՍՆ հաստատած, դրան առնվազն համարժեք որակավորում (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ գիտական կազմակերպության տնօրենի, և՛ բուհի ռեկտորի պաշտոնների դեպքում նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նույն պաշտոնում։ Սակայն ռեկտորների դեպքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը տարածվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն, և մինչ այդ ռեկտոր հանդիսանալու հանգամանքը չի դիտարկվելու (հոդված 44): Սա նշանակում է, որ բուհերի ներկայիս ռեկտորները հնարավորություն են ունենալու խոշորացումից հետո ևս երկու անգամ աընդմեջ ռեկտոր ընտրվելու։ Գիտական կազմակերպությունների տնօրենների մասով որևէ հստակեցում օրենքում առկա չէ։   Բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվելու է բյուջետային առանձին ծրագրերով: Բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորումը հիմնված է լինելու կատարողականի վրա։ Բուհերը ստանալու են նաև կրթաթոշակների ֆինանսավորում, դրամաշնորհներ՝ նորարարական ծրագրերի համար, ինչպես նաև թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար։ Գիտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերը շատ փոփոխությունների չեն ենթարկվելու՝ բազային, թիրախային (ներկայումս՝ նպատակային) և դրամաշնորհային (հոդված 39)։  Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ, ազատ են լինելու տնօրինելու պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրենց տրամադրված միջոցները` միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին  (հոդված 27): Պետական աջակցության ծրագրերից օգտվել կարողանալու են նաև մասնավոր գիտական կազմակերպությունները, եթե գրանցվեն գիտության կառավարման տեղեկատվական համակարգում (հոդված 8)։    ԳԱԱ դերն ու գործառույթները Նախագծով առաջարկվում է, որ ԳԱԱ-ն գործի որպես ինքնակառավարվող հիմնադրամ, որն իր կազմում կներառի՝ ԳԱԱ անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), ԳԱԱ գիտական բաժանմունքները,  ԳԱԱ աշխատակազմը,  ԳԱԱ պատվավոր և արտասահմանյան անդամներին, հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին: «Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է»,- ասվում է նախագծում։ ԳԱԱ կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, անդամների ընտրության կարգը, հաստատելու է կառավարությունը։ ԳԱԱ անդամների առավելագույն թիվը լինելու է 100։ ԳԱԱ-ն ունենալու է կառավարման հետևյալ մարմիններները՝ ընդհանուր ժողովը, հոգաբարձուների խորհուրդը` ակադեմիայի նախագահությունը, գործադիր մարմինը` նախագահը: ԳԱԱ նախագահությունը բաղկացած է լինելու 11 անդամներից, որոնք  կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության և կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող և ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք։ Նախագահության անդամներից 3-ին առաջադրելու  է կառավարությունը, մյուս անդամներն ընդհանուր ժողովն ընտրելու է ԳԱԱ կազմից։ Նախագահության կազմը հաստատելու է Կառավարությունը։ Նույն անձը չի կարողանալու ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԳԱԱ նախագահության անդամ: Նախագահությունն ակադեմիկոսների թվից ընտրելու է  ԳԱԱ նախագահին, և ընտրության արդյունքները հաստատելու է կառավարությունը։  Նախագծով սահմանվում է, որ ԳԱԱ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվելու են, եթե լրանա նրա 75 տարին: Իսկ ԳԱԱ անդամներին գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվելու է ամենամսյա դրամական վճար։ Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ ԳԱԱ կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ ԳԱԱ նախագահության կազմը կամ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատում է կառավարությունը։ Սպասվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ԳԱԱ-ն ավելի մեծ կախվածություն կունենա կառավարությունից։ Նախագծով առաջարկվում է սահմանել ԳԱԱ գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝ հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ, հայագիտական հետազոտությունների աջակցությունը, գիտական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը, Հայաստանի գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը, կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը, գիտական ամսագրերի հրապարակումը, գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումը, գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով, միջգիտակարգային երկխոսության ապահովումը, հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը` գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով, ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի: ԳԱԱ գործունեությունների շրջանակն ավելի է լայնացել՝ համեմատած օրենքի նախագծի՝ անցած տարվա սեպտեմբերին շրջանառության մեջ դրված տարբերակի հետ։ Այս փոփոխությունը արդյունք է ԳԱԱ նախագահության և կառավարության քննարկումների։ Այս հանգամանքը պարզ դարձավ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայնտեց՝ կառուցողական քննարկում են ունեցել, և ԳԱԱ-ն պատասխանատու, կարևոր դերակատարություն է ունենալու։ Օրենքի նախագծով նաև առաջարկվում է, որ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպի տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները, իսկ ԳԱԱ-ն գնահատի հաշվետվությունները և ներկայացնի ԿԳՄՍՆ՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ: ԳԱԱ-ին վերաբերող կարգավորումներին կարող եք ծանոթանալ նախագծի 9-րդ հոդվածում։ Օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության մինչև բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ինտեգրման գործընթացը (հոդված 43) Օրենքն ուժի մեջ մտնելու հետո` 6 ամսվա ընթացքում, հաստատվելու է ԳԱԱ կանոնադրությունը, կազմակերպվելու է նոր անդամների ընտրությունը, ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդը (նախագահություն), և ընտրվելու է նախագահ (հոդված 44)։   Ակադեմիական քաղաքը Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական քաղաքը լինելու է կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովելու է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորելու է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը (հոդված 3): Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները ևս կարողանալու են գործունեություն ծավալել, եթե դա բխի քաղաքի զագացման հայեցակարգից: Ակադեմիական քաղաք տեղափոխման արդյունքում ազատված և չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացնելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, իսկ ստացված եկամուտն օգտագործվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով, չօգտագործված գումարով էլ համալրվելու է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը (հոդված 42): Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը գործունեությունը կարողանալու են շարունակել իրենց գործունեության վայրում: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է լինելու միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում (հոդված 44): Մյուս կողմից, Հայաստանում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակների առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս կառավարությունը կարողանալու է սահմանել այդ մասնաճյուղերի գործունեության համար լիցենզավորման և դրանց կազմակերպական-իրավական ձևին և գործունեության բնույթին վերաբերող այլ պայմաններ (հոդված 43): Թե ինչ փուլերով է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքն ու տեղափոխել այնտեղ բուհերը, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։   Գիտության առևտրայնացում և ձեռնարկատիրական գործունեություն Օրենքի նախագծում կան կարգավորումներ, որոնք վերաբերում են գիտության առևտրայնացմանն ու բուհերի՝ ձեռնարկատիրական գործունեությանը։ Նշվում է, որ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործառույթներից է լինելու աջակցել գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը (հոդված 37)։ Բուհի գործառույթներից է լինելու իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծել ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում։ Նախագծով սահմանվում է, որ բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:  Իսկ հետազոտական համալսարանն, ի թիվս այլնի, իր կազմում կարող է ունենալ փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ (հոդված 6):   Գնումների գործընթաց Օրենքի նախագծում անդրադարձ կա նաև գնումներ գործընթացին։ Մասնավորապես նշվում է, որ հանրային բուհերում «Գնումների մասին» օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները փոխանցվելու են հոգաբարձուների խորհրդին (հոդված 7)։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև «Գնումների մասին» օրենքում։ Նշենք, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների խնդիրների մասին գիտական համայնքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Հաշվի առնելով, որ գիտական սարքերը, փորձերի համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար պետք է գնման մրցույթ հայտարարել և հետևել օրենքի ընթակացակարգերին, փորձերի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները շատ ուշ են հասնում Հայաստան՝ դանդաղեցնելով հետազոտությունների ընթացքը։ Երեք տարի առաջ կառավարությունը գնման գործընթացին վերաբերող որոշումներից մեկում փոփոխություն կատարեց՝ հնարավորություն տալով, որ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ ավելի դյուրացված ընթացակարգերով գնում իրականացվի։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ՝ գործադիրից խնդրելով թույլտվություն, որ  գնման գործընթացն իրականացվի այլ պայմաններով։ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի ընդունումից և «Գնումների մասին» օրենքում փոփոխություններից հետո, փաստորեն, կառավարության այս լիազորությունները կփոխանցվեն հոգաբարձուների խորհրդին։   Բուհերում ընդունելությունը և կրթական գործընթացը Հայաստանում գործող բոլոր բուհերը՝ անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ լիցենզիայով սահմանվող՝ ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից  (հոդված 14): Երեք տարի անընդմեջ ուսանողների՝ լիցենզիայով տրամադրված սահմանային թվի կեսից պակասը  համալրելու դեպքում բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 15): Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ևս ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ եթե որևէ կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվեն, լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 16)։ Բուհ առաջին շրջափուլով ընդունվելիս «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են լինելու։  Բուհերն ազատ են լինելու սահմանելու ընդունելության պահանջները, որոնք կարող են լինել հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատական, մոտիվացիոն նամակ, ներբուհական քննություններ և այլն։ Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարողանալու են դիմել սովորելու համար մեկ և ավելի բուհերի կրթական ծրագրերով, ինչպես նաև սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ (հոդված 21):  Առաջարկվում է, որ բուհը կարողանա կրթական ծրագրեր իրականացնել նաև այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք են՝ համատեղ կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են բուհի և այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, և ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում՝  ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով, կրկնակի որակավորման կրթական ծրագրեր՝ մեկ բուհի շրջանակներում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրեր, որոնց ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում ՝ կրկնակի որակավորման դիպլոմով, կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմներով (հոդված 10): Առաջարկվում է, որ ուսանողները կարողանան կազմել ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ակադեմիական մոդուլները), ինչպես նաև բուհի սահմանած կարգով գրանցվել ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (հոդված 22): Հետազոտական համալսարաններում կարող են գործել նաև դոկտորական դպրոցներ, որոնք պատասխանատու են լինելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կազմակերպման համար (հոդված 6)։  Իսկ գիտական աստիճանների շնորհման համակարգը դառնալու է միաստիճան, գիտության թեկնածուներ այսուհետ չեն լինելու, լինելու միայն դոկտորներ (հոդված 3)։ Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ լիցենզավորված բուհերն իրենց կառուցվածքում ունենան Էթիկայի գրասենյակ,  որը պետք է ստանա, գնահատի և առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի և աշխատակազմի՝ ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող բողոքներին (հոդված 33)։  Տարիքային շեմեր և դրամական վճարներ Բուհերում վարչական, ակադեմիական ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները դադարեցվելու են 65 տարին լրանալիս (հոդված 23)։ Բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում պետությունը նրանց տալու է ամենամսյա դրամական վճար (հոդված 24)։   Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականությունը Նախագծում նշվում է, որ, ի թիվս այլնի,  բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքներն են`  ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը, ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը (հոդված 4): Իսկ բուհերի գործառույթների մեջ, ի թիվս այլնի, մտնելու է քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը (հոդված 6): Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու հայագիտության զարգացումը (հոդված 4)։ Պետական քաղաքականության ուղղություններից մեկն էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրումն է՝ «կրթական և գիտական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ» (հոդված 4)։ Թե ինչպես է կառավարությունը հիմնավորում, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման լավագույն ճանապարհը բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների՝ խոշորացված բուհերում ինտեգրումն է, ինչպես է այդ փոփոխությունն, ըստ կառավարության, նպաստելու գիտության արդյունավետ սերնդափոխությանը, և ինչ հակափաստարկներ կան այդ հիմնավորումներին, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում երկու քննարկում է տեղի ունեցել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։    Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
15:54 - 21 մայիսի, 2025
Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Հայոց ցեղասպանության հետևանքով իրենց տունը հարկադրաբար լքած հայերը, հաստատվելով աշխարհի տարբեր երկրներում, հայրենիք վերադառնալու մտադրություններ ունեին։ Հայրենիքը նրանց համար ի սկզբանե միայն Արևմտյան Հայաստանն էր, սակայն հետզհետե խորհրդայնացած Հայաստանը ևս սկսեց որպես հայրենիք ընկալվել։ Այդ փոփոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) վարած քաղաքականությամբ։ Խորհրդային Միության ու Հայկական սփյուռքի հարաբերությունների մասին է պատմում պատմական գիտությունների թեկնածու Հրածին Վարդանյանի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Մարիամ Հակոբյանի՝ Diaspora studies պարբերականում հրապարակված հոդվածը։  Հետազոտողների խոսքով Խորհրդային Միության և Սփյուռքի հարաբերությունների մասին գիտական ուսումնասիրությունները մեծապես անդրադառնում են առանձին իրողությունների՝ հայրենադարձությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն։ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ուսումնասիրել են որպես պետություն-սփյուռք գործակցության մոդել՝ հիմնվելով այդ հարաբերությունների ընդհանուր պատմության և  հիմնական զարգացումների վրա։   Նախքան Հայաստանի խորհրդայնացումը Հոդվածի առաջին հեղինակ, սփյուռքագետ Հրածին Վարդանյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ Հայկական սփյուռքն առաջին հերթին ձևավորվեց Հայոց ցեղասպանությունից փրկված և աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած հայերի կողմից։ Սակայն մինչ այդ էլ, գիտնականի խոսքով, գոյություն ուներ «հայկական գաղթաշխարհը», որը ցեղասպանությունից հետո համալրվեց հայության նոր խմբերով։  Հրածին Վարդանյանը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը գիտակցում էր Սփյուռքի կարևորությունը։ Հրածին Վարդանյանը նշում է՝ Առաջին Հանրապետությունը Սփյուռքի հետ աշխատանքի մի քանի հիմնական ուղղություն ուներ․ մի կողմից՝ նորանկախ Հայաստանի կառավարության համոզմամբ Արևելյան Հայաստանը պետք է դառնար ցեղասպանությունից փրկվածների վերադարձի հասցե, մյուս կողմից էլ Հայաստանն ինքը լավ վիճակում չէր, ուստի պետք էր դարերի ընթացքում ձևավորված, համակարգված և կայուն հայկական գաղթօջախների օժանդակությունը։  Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությամբ պայմանավորված՝ այդ հարաբերություններում առանձնապես զարգացումներ տեղի չունեցան, իսկ նախաձեռնած ծրագրերը մնացին անավարտ: Հրածին Վարդանյանը, սակայն ընդգծում է, որ, թեկուզև կարճատև կյանքով, պետականության վերականգնումը 5 դար անց կարևոր ազդեցություն ունեցավ հայկական ազգային ինքնության վրա, մասնավորապես՝ սփռված հայությունը պետականազուրկ սփյուռքից վերածվեց պետականահեն սփյուռքի։   Ինչպե՞ս կապվեցին Խորհրդային Հայաստանն ու Սփյուռքը Խորհրդային գաղափարախոսության տարածման նպատակով դեռևս 1917-ին Խորհրդային Ռուսաստանում ստեղծվել էր տարբեր էթնիկ խմբերի հետ աշխատանքների համար նախատեսված Ազգությունների ժողովրդական կոմիսարիատը։ Սրա բաժանմունքներից մեկն էլ Հայկական գործերի կոմիսարիատն էր՝ Վահան Տերյանի տեղակալությամբ։ Կոմիսարիատն իր գրասենյակներն էր բացում այն վայրերում, որտեղ ցեղասպանության պատճառով հաստատվել էին մեծ թվով հայեր։ Աստրախանում, Սարատովում, Դոնի Ռոստովում և այլ վայրերում ստեղծված այս գրասենյակներն առաջին օգնություն էին ցուցաբերում գաղթյալներին՝ բացելով որբանոցներ ու հիվանդանոցներ, ինչպես նաև տարածում սոցիալիստական գաղափարախոսությունը ու հեշտացնում երկրում խորհրդային կարգեր հաստատելու գործընթացը։  Հրածին Վարդանյանը ԵՊՀ գրադարանում 1921-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, կոմիսարիատը դադարեցրեց իր գործունեությունը։ Այդ տարածքներում բնակվողները համարվեցին ԽՍՀՄ քաղաքացիներ՝ «ներքին սփյուռք», իսկ իշխանությունները Միության տարածքում չէին խրախուսում էթնիկ խմբերի ազգային-մշակութային կյանքի կազմակերպումը, ուստի ավելի վաղ ժամանակներում ձևավորված հայկական համայնքներն աստիճանաբար թուլացան և մարեցին:  Հոդվածում ներկայացվում է, որ խորհրդայնացումը փոխեց Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, ձևավորվեցին ինստիտուցիոնալ հարաբերություններ, որոնք նպաստեցին Սփյուռքի և Հայաստանի միջև ազգային, մշակութային ինքնությանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ Սրան զուգահեռ Հրածին Վարդանյանն ընդգծում է՝ ԽՍՀՄ-ը Հայկական սփյուռքի հետ համագործակցությունը դիտարկում էր միջոց՝ արտերկրում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խորհրդային կարգերի քարոզչություն իրականացնելու, ուստի պատահական չէ, որ դրա հետ մերձեցմանը նպաստող կառույցներ ստեղծվեցին։ Վերջիններս հասարակական կազմակերպություններ էին, սակայն, ինչպես նշում է հետազոտողը, ամբողջությամբ վերահսկվում էին պետության կողմից։ «Խորհրդային Հայաստանում պետություն-սփյուռք կապերն ապահովելու համար ստեղծված կառույցները, թեև ունեին հասարակական կազմակերպության կարգավիճակ, սակայն, բնական է, Խորհրդային Միությունում արտերկրի հետ առնչվող հաստատությունները պետք է գործեին խորհրդային իշխանությունների և հատուկ ծառայությունների աչալուրջ վերահսկողության ներքո: Ուստի, այդ հաստատությունների գործունեությունն, ըստ էության, հենց պետական քաղաքականություն էր»,- մանրամասնում է Հրածին Վարդանյանը։ Այդ կառույցներից առաջինը Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ) էր, որը ստեղծել էին Խորհրդային Հայաստանի իշխանությունները՝ բացահայտ նպատակ ունենալով Սփյուռքի համայնքներից նյութական աջակցություն ներգրավելու։ 1921-ին ստեղծված կոմիտեի գործունեությունն ի սկզբանե ուղղված էր Խորհրդային Հայաստանի վիճակի բարելավմանը․ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն ու գաղթականների խնդիրները բարդ դրության մեջ էին դրել Հայաստանին։ Խորհրդային Միությունը գիտակցում էր՝ Հայաստանը գաղթավայրերի օգնության կարիքն ունի։ 1930-ականների սկզբին ՀՕԿ-ն արդեն 200 մասնաճյուղ ուներ թե՛ Միության տարածքի, թե՛ դրանից դուրս գտնվող երկրների հայկական համայնքներում։  Կոմիտեն ի սկզբանե իրեն ներկայացրել էր որպես անկուսակցական կառույց, սակայն աստիճանաբար Սփյուռքում սկսեց ընկալվել որպես Խորհրդային Միության գործիք, և Սփյուռքի ու ՀՕԿ-ի հարաբերությունները վատթարացան։ Ինչպես հոդվածում նշում են հետազոտողները, 1930-ականների կեսերին ՀՕԿ-ը որակվեց որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ դրա ղեկավար կազմի մեծ մասը դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ․ նրանք հիմնականում գնդակահարվեցին։ 1937-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը Սփյուռքի հետ համագործակցությունը միառժամանակ դադարեցվեց։    Հայաստանն ու Սփյուռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո  Հոդվածում հեղինակները մանրամասնում են, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերականգնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ՄԿԸՀ, հայտնի էր նաև որպես АОКС, 1944) հիմնադրմամբ։ Այս կառույցին ավելի ուշ միացավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն (ՍՀՄԿԿ, 1964)։ Սրանք ՀՕԿ-ի նման աշխատում էին հասարակական կազմակերպությունների տրամաբանությամբ։ Այս կառույցներն ապահովում էին մշակութային կապը, Հայաստանից գրքեր, թերթեր, լուսանկարներ, կինոֆիլմեր և այլ նյութեր էին ուղարկում հայաշատ համայնքներ, կազմակերպում մշակութային գործիչների այցելության ծրագրեր։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1965-ի համարներից մեկը պատմում է սփյուռքահայ ուսուցիչների՝ Խորհրդային Հայաստան այցի մասին Հետազոտողները հոդվածում առանձացնում են ՄԿԸՀ-ի հիմնադրած «Սովետական Հայաստան» թերթը, որն ուղարկվում էր Սփյուռք, և որտեղ մեծապես տեղ էին գտնում Խորհրդային Հայաստանին վերաբերող նյութեր, սակայն կային նաև ընդհանուր Խորհրդային Միության գիտական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող նվաճումներին անդրադարձներ։ Այս կառույցներն, աշխատելով Խորհրդային Միության հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, խստորեն պահպանում էին բոլոր սահմանափակումները, բայց միաժամանակ օգնում սփյուռքահայերին ազգային ինքնությունը վերագտնելու ու պահպանելու հարցում։ Խորհրդային Միությունը խրախուսում էր նաև սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստանում կրթություն ստանալը։ 1957-ից նրանք կարող էին անվճար սովորել Խորհրդային Հայաստանի բուհերում։ Արդյունքում հազարավոր հայեր Մերձավոր Արևելքից կրթություն ստացան Հայաստանում՝ հիմնականում դառնալով ֆիզիկոսներ, ինժեներներ, հայ երաժշտության ու պարի ուսուցիչներ։ Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն, ըստ էության, շրջադարձային էր, ոչ միայն Հայկական սփյուռքի hետ հարաբերությունների վերականգնման, այլև հարաբերությունների բնույթի փոփոխման առումով. եթե մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը իր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար Խորհրդային Հայաստանն էր Սփյուռքից ռեսուրսներ ստանում, ապա հետպատերազմյան շրջանում Խորհրդային Հայաստանը, որը սոցիալ-տնտեսական բարգավաճում ապրեց 60-ականներին և հատկապես 70-ականներին, այլևս Հայկական սփյուռքից նյութական աջակցություն ստանալը առաջնահերթություն չէր համարում, ավելին՝ ինքն էր փորձում մշակութապես աջակցել Սփյուռքին:   Ովքե՞ր կարող էին այցելել Խորհրդային Հայաստան Հոդվածի հեղինակները մատնանշում են, որ խորհրդային իշխանությունները հայկական համայնքները բաժանում էին գաղափարական երկու հակառակ ճամբարների։ Ճնշող մեծամասնությունը բնութագրվում էր որպես «հայրենասեր» և «առաջադեմ», այսինքն՝ բարեհաճ տրամադրված դեպի ԽՍՀՄ-ը և Խորհրդային Հայաստանը, «մշտապես հետաքրքրված հայրենիքում տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմամբ»։ Այս ճամբարում էին Կոմունիստական, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունները և նրանց հետ առնչվող մշակութային, մարզական և ուսանողական կազմակերպությունները։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1977-ի համարներից մեկը պատմում է Սփյուռքի մշակութային գործիչների, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի՝ ՀԽՍՀ այցի մասին Մյուս, այսպես կոչված, «ռեակցիոն», «ազգայնական» ճամբարը ներկայացնում էին Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպությունները։ Հենց այս վերաբերմունքով պայմանավորված էլ ընտրվում էին Հայաստան այցելողները։ ՄԿԸՀ-ից ու Մշակութային կապի կոմիտեից բացի՝ պատվիրակություններն ընտրվում էին նաև Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների կողմից։ Ընտրող կառույցները հատուկ ուշադրություն էին դարձնում ոչ միայն մարդկանց անցյալին ու համայնքում ունեցած դերին, այլև ԽՍՀՄ-ի գաղափարների հանդեպ հավատարմությանը։    Դառնալով հայրենիք սփյուռքահայության համար Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայերը սկզբնական շրջանում Խորհրդային Հայաստանը չէին ընկալում որպես հայրենիք։ Նախ, ինչպես նշվում է հոդվածում, պատմականորեն որոշակի խզվածքներ կային Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող և Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայության միջև։ Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Սփյուռքը վերապահումներով էր մոտենում Խորհրդային Միության վարչակարգին։ Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք ընկալելու հարցում հոդվածի համահեղինակ Մարիամ Հակոբյանն ընդգծում է հասարակական կազմակերպությունների (ՀՕԿ, ՄԿԸՀ, ՍՀՄԿԿ) նշանակությունը։   «Դրանք այն հաստատություններն էին, որոնք իրենց գործունեությամբ կաթիլ առ կաթիլ Սփյուռքի մեջ փոխեցին վերաբերմունքը, որ կար Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Կամաց-կամաց սփյուռքյան համայնքները Խորհրդային Հայաստանը սկսեցին դիտել որպես հայրենիք»,- նշում է գիտնականը մեզ հետ զրույցում։  Մարիամ Հակոբյանը, լուսանկարը՝ Մարսելի «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության Մարիամ Հակոբյանը հենց այս ընկալման փոփոխությամբ է պայմանավորում նաև ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանությունների նախաձեռնած՝ 1946-1948-ի Մեծ հայրենադարձությունը, որը Սփյուռքից Հայաստան բերեց շուրջ 90 հազար մարդու։ Գիտնականը պարզաբանում է Մեծ հայրենադարձության շարժառիթները. պատերազմից հետո ԽՍՀՄ-ը կանգնած էր դեմոգրաֆիական լուրջ ճգնաժամի առջև, կար աշխատուժի պակաս, բացի դրանից՝ կարճ ժամանակով Մոսկվան դիտարկում էր տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային՝ Կարսի և Արդահանի նկատմամբ, ինչը ոգևորեց սփյուռքահայությանը։ Այս հանգամանքները դարձան հիմնական շարժիչ ուժ՝ տասնյակ հազարավոր սփյուռքահայերի՝ Հայաստան բերելու համար։ Սակայն Մեծ հայրենադարձությունը, Մարիամ Հակոբյանի խոսքով, կազմակերպչական բացեր ուներ․ հայրենադարձվածների հմտությունները, նախկինում ապրած սոցիալական ու մասնագիտական միջավայրը հաշվի չէին առնվում։ Հետազոտողի դիտարկմամբ սրա հետևանքը եղավ այն, որ շատերը կարճ ժամանակ անց ցանկացան լքել Խորհրդային Հայաստանը: Միաժամանակ, հետազոտողը շեշտում է՝ թեև հայրենադարձները  հիասթափվել էին՝ Խորհրդային Հայաստանի ծանր պայմանները տեսնելով, հայրենադարձությունը նպաստեց Հայաստանում ժողովրդագրական խնդրի լուծմանը և ակնառու հետք թողեց բոլոր բնագավառներում՝ կրթությունից ու գիտությունից մինչև կենցաղ:   Եկեղեցին՝ ԽՍՀՄ-Սփյուռք հարաբերություններում Հրածին Վարդանյանը, խորհրդային իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ ստեղծված կառույցներից զատ (ՀՕԿ, ՄԿՀԸ/АОКС, ՍՀՄԿԿ), պետություն-սփյուռք հարաբերություններում ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերակատարումն ու գործունեությունը՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մարիամ Հակոբյանը 2016-ից ուսումնասիրում է խորհրդային շրջանում Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի գործունեությունը։ Նա նշում է՝ 1920-30-ականները եկեղեցու գոյության դժվարագույն շրջաններից էին, երբ մեկը մյուսի հետևից փակվում էին կրթամշակութային կենտրոններ, հալածանքներ էին սկսվում հոգևորականների նկատմամբ, բռնագրավվում էին Էջմիածնի գանձերը, ստալինյան բռնաճնշմանը զոհ էին գնում մի շարք եկեղեցականներ՝ ընդհուպ կաթողիկոս։ Այս շրջանում Էջմիածնի և Սփյուռքի թեմերի հաղորդակցությունը դժվար էր տեղի ունենում, նրանց միջև մեծ անդունդ կար։  Մարիամ Հակոբյանը մանրամասնում է՝ իրենց հետազոտության ընթացքում առանց արտասահմանյան հայագիտական կենտրոնների արխիվային փաստաթղթերի, միայն Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի վավերագրերի վրա հիմնվելով, ամբողջական ու իրական պատկերը չէին ունենա, քանի որ Էջմիածինը սուղ հնարավորություններ ուներ՝ տեղեկանալու Սփյուռքի կյանքի մասին։ Այդ պատճառով էլ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը, բացի Հայաստանում արխիվային նյութերից, ուսումնասիրել են 20-րդ դարի խորհրդահայ և սփյուռքահայ մամուլը, Ֆրանսիայի Նուբարյան գրադարանի ու «Արամ» ասոցացիայի արխիվները։  Մարիամ Հակոբյանը՝ «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության գրադարանում, նկարը՝ ասոցիացիայի Սփյուռքահայության և եկեղեցու հարաբերությունների դժվարությունը հաշվի առնելով՝ կարելի է մտածել, որ Սփյուռքում Մայր Աթոռը հեղինակազրկված պետք է լիներ, սակայն Մարիամ Հակոբյանն ընդգծում է՝ այն հազվագյուտ դեպքերում, երբ 1920-30-ականներին Էջմիածնից որևէ հոգևորական կարողանում էր համայնքներ այցելել, սփյուռքահայ մամուլը «թնդում էր խանդավառությամբ»։ Հոդվածում հետազոտողները ներկայացնում են, որ խորհրդային իշխանությունների ու Մայր Աթոռի հարաբերությունների կարգավորման ու Հայաստան-Սփյուռք համագործակցության վերականգնման խարիսխը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Խորհրդային Միությունը երկար ժամանակ Հայ առաքելական եկեղեցուն դիտարկում էր որպես «հակահեղափոխական երևույթ», սակայն հենց պատերազմի սկզբում Մոսկվան որոշեց ներգրավել նաև եկեղեցու ռեսուրսները, իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ եկեղեցու՝ ֆաշիզմի դեմ պայքարը էլ ավելի նպաստեց նրան, որ Մոսկվան փոխի իր վերաբերմունքը ազգային-կրոնական հարցերի նկատմամբ։  Մարիամ Հակոբյանն  ընդգծում է, որ այդ առումով կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի կոչը՝ ուղղված Սփյուռքի հայերին, ուներ կարևոր շեշտադրումներ․ «Հայը՝ բացի Սովետական Հայաստանից՝ չունի այլ հայրենիք։ ․․․ Աջակցել Սովետական Միության, նշանակում է աջակցել հայրենիքին:»։ Հետազոտողն ընդգծում է՝ կաթողիկոսական տեղապահի ու մի շարք այլ հոգևորականների ուղերձները որոշիչ դեր կատարեցին Սփյուռքի ներգրավվման մեջ․ նրանց կազմակերպած դրամահավաքով ռազմադաշտ ուղարկվեց տանկային 2 շարասյուն։  «Էջմիածին» հանդեսի 1944-ի համարներից մեկում տպագրվել է Ստալինի շնորհակալական ուղերձը Մայր Աթոռին  Այս ամենից հետո, ինչպես նշում է Մարիամ Հակոբյանը, Մոսկվան փոխեց եկեղեցու հանդեպ վերաբերմունքը՝ «եկեղեցուն տեսնելով սոցիալիզմի համաշխարհային հաղթանակին հասնելու միջոց»։ Սրա հետևանքով աճեց ՀԱԵ-ի հեղինակությունը․ Մայր Աթոռն, օրինակ, սկսեց տպագրել «Էջմիածին» ամսագիրը, որով խորհրդահայ հասարակությունը ևս տեղեկացվեց Սփյուռքի հոգևոր կյանքի մասին, քանի որ բացի եկեղեցուն վերաբերող նորություններից՝ լուսաբանվում էին նաև Սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններ։ 1962-ին, երբ Մայր Աթոռը դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ, Սփյուռքի թեմերի հետ համագործակցությունն ավելի ակտիվացավ։   *** Այսպիսով՝ ԽՍՀՄ-Հայկական սփյուռք հարաբերությունները հիմնված էին Խորհրդային Միության մշակութային ու գաղափարական նպատակների, ինչպես նաև Սփյուռքի՝ Խորհրդային Հայաստանին աջակցելու պատրաստակամության վրա։ Գիտնականների հետազոտությունը մատնանշում է, որ ԽՍՀՄ-ը սփյուռքահայությանը դիտարկում էր որպես իր նվաճումները աշխարհին ցույց տվող, սոցիալիստական գաղափարախոսությունը տարածող միջոց, միաժամանակ սփյուռքահայությունը միանգամից չընկալեց Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք․ դա տեղի ունեցավ աստիճանաբար՝ հասարակական կազմակերպությունների ու եկեղեցու օգնությամբ։  Հոդվածի հեղինակներն ընդգծում են՝ թեև պետություն-սփյուռք հարաբերություններում նյութական աջակցությունը և տնտեսական համագործակցությունը եղան նշանակալի, Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն աստիճանաբար դարձան ավելի բազմակողմանի և բազմաշերտ։ Պետականազրկության երկարատև շրջանից և Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո Հայաստանի և Սփյուռքի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունները, ըստ էության, ձևավորվեցին խորհրդային տարիներին։  Հետազոտողները հիշատակում են նաև ժամանակակից սփյուռքագիտության մեջ առաջ քաշված մի հիպոթեզ, ըստ որի՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բարձր ցուցանիշ ունեցող պետություններում իրենց սփյուռքի հետ աշխատանքների համար նախատեսված պետական կառույցների հիմնումը պակաս հավանական է։ Այդ երկրներն ավելի քիչ կարիքներ ունեն՝ տնտեսական նպատակներով իրենց սփյուռքի օգնությանը դիմելու: Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Խորհրդային Հայաստանի օրինակն այս տեսանկյունից դիտարկելը հետաքրքրական է, քանի որ Խորհրդային Միության տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը զուգահեռ պետությունը ոչ թե դադարեց Հայկական սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցի գոյությունը, այլ փոխվեց քաղաքականության բնույթը. սփյուռքի ռեսուրսներն օգտագործելու քաղաքականությունից անցում կատարվեց ինքնության ամրապնդմանն ուղղված քաղաքականության:  Մարիամ Հակոբյանի և Հրածին Վարդանյանի բանախոսությունը Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում, լուսանկարը՝ Մարիամ Հակոբյանի Մարիամ Հակոբյանն ու Հրածին Վարդանյանն իրենց հետազոտության արդյունքներով բանախոսություն են կազմակերպել Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում։ Մարիամ Հակոբյանը նշում է՝ իրենց ներկայացրած իրողությունները նորություն էին համայնքի համար, ուստի պլանավորում են պարբերաբար նման միջոցառումներ իրականացնել։ Հետազոտողները ամփոփում են՝ թեման դեռևս չի սպառվել, ուսումնասիրման տարբեր կողմեր կան՝ արխիվային նյութեր, որոնք կարող են ավելին ասել պետություն-սփյուռք այս բազմաբնույթ հարաբերությունների մասին։    Գլխավոր լուսանկարը՝ «Հայրենիք» շաբաթաթերթի՝ 1965-ի համարներից մեկից   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ ««Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
18:46 - 14 մայիսի, 2025
Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Ջերմասիճանը՝ -1, ձյան հավանականությունը՝ մեծ։ Ստեփանավանում դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումն այսպիսին է։ Դեպի Ստեփանավան տանող ճանապարհը տեղ-տեղ ձյունապատ է։ Քաղաքում, չնայած կանխատեսումներին, ձյուն չկա, ցուրտն էլ տանելի է։ Սոցիոլոգների մոտ տասը հոգանոց խումբը, ինչպես և պայմանավորվել էր նախապես, առավոտյան հավաքվում է Ստեփանավանի հայտնի «ֆոտոյի» մոտ ու քայլում դեպի հրապարակ։   Դասական քաղաքային հրապարակ է․ անջուր շատրվան, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ շենքեր և տոնածառ, որն, ի տարբերություն նախորդների, այստեղ ժամանակավոր է։ Հրապարակից աջ՝ դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին է նայում Ստեփան Շահումյանի արձանը։ Այս գործչի անունն է կրում քաղաքը։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտնականները տարածական և տարածքային հետազոտություններով զբաղվում են դեռ 2011-ից։ Այս տարիների ընթացքում ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, ի թիվս այլ հետազոտությունների, ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները։ Հաշվի առնելով այս փորձը՝ ֆակուլտետի գիտնականները որոշեցին նոր լաբորատորիա հիմնել, որը կզբաղվի հենց տարածքների հետազոտություններով՝ շեշտադրելով տնտեսական կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու տարածքների զարգացմանը վերաբերող այլ կարևոր հարցեր։ Այսպիսով, 2024-ին Բարձրագույն կրթության և գիտութան կոմիտեի՝ Հայաստանում հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ստեղծվեց Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիան, որը Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգի և նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցի հետ համագործակցությամբ սկսեց իր հետազոտական առաջին ծրագիրը՝ հայկական հետարդյունաբերական քաղաքների մասին։  Գիտնականները քայլում են դեպի առևտրի կենտրոնի շենք Ստեփանավանի կենտրոնական հրապարակից խումբը թեքվում է աջ։ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, որ ծնունդով Ստեփանավանից է, ծանոթացնում է տեղանքին։ Խումբը հասնում է Ստեփան Շահումյանի արձանին։ Արձանից քիչ այն կողմ առևտրի հին կենտրոնն է, որ գործել է խորհրդային շրջանում, իսկ հիմա ամայի տեսքի ունի։ Առևտրի կենտրոնի շենքի դիմաց դեղին ավտոբուսներ են։    Սոցիոլոգիա՝ ինտուիտիվ - Մաթֆակ։  - Ֆիզֆակ։  - Մաթֆակ։ - Ֆիզֆակ։  - Սոցիոլոգիա․․․ Հարություն Վերմիշյանը սովորում էր ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում։ Ուսումնական վերջին տարվա ավարտին դպրոցի տնօրենը եկավ նրանց 30 հոգանոց դասարան՝ տեղեկանալու, թե աշակերտներից ով որ ֆակուլտետ է դիմելու։ Հարությունի սիրելի առարկան մաթեմատիկան էր, և տնօրենը նրանից ակնկալում էր լսել առնվազն «մաթֆակ»։ Վերջինիս հարցական հայացքի ներքո, սակայն, Հարություն Վերմիշյանը կրկնեց․ - Անկեղծ եմ ասում․ սոցիոլո՛գիա։  Հարություն Վերմիշյանը Մաթեմատիկայի մեջ Հարությունը կիրառականություն էր փնտրում, բայց թե ինչու ընտրեց հենց սոցիոլոգիան, կամ, ինչպես 90-ականներին էին ասում, ընկերաբանությունը, այդքան էլ պարզ չէ։ «Չգիտեի՝ դա ինչ է, ինձ ինչ է սպասվում։ Բայց հաստատ գիտեի, որ դա՛ եմ ուզում, որովհետև ինտուիտիվ պատկերացնում էի»,- հիշում է նա։  Դե իսկ ժամանակը ցույց տվեց, որ ինտուիցիան չէր խաբում։  Բակալավրում սովորելու տարիները Հարությունին ոչ մի կերպ չէին հուշում, որ ինքն ակադեմիական ուղի կընտրի։ Համալսարան ընդունվելու սկզբնական ոգևորությունը մի պահ կորավ ու վերադարձավ 4-րդ կուրսի վերջում միայն։ Իսկ մագիստրատուրայում արդեն գործերն այնքան լավ էին, որ ֆակուլտետը նրան երաշխավորեց ասպիրանտուրայում սովորելու։  Բակալավրի սկզբնական տարիներին բաց թողածը լրացնել էր պետք, և ասպիրանտական տարիներն անցան գրադարանում։ Մի տարի միայն Հարությունը ծախսեց կարդալու համար բնօրինակներ, որոնց մասին բակալավրում դասագրքերով էին անցնում։ Մինչև հիմա հիշում է, թե ինչպես մի օր գրադարանում լուրջ դեմքով խնդրեց Կարլ Մարքսի «Կապիտալը», ու գրադարանի աշխատակիցը թերահավատորեն ծանր հատորները դրեց սեղանին․․․  Հարությունի ասպիրանտական թեզը վերաբերում էր հայ սոցիոլոգիայի պատմությանը, տեսությանն ու մեթոդաբանությանը։ Իսկ այդ թեման այնքան քիչ էր ուսումնասիրված, որ պետք էր գրադարանում շարունակ գրականություն փնտրել ու տեղեկություններ հավաքել։ Սոցիոլոգը հիշում է, թե ինչպես մի օր Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի տարեց աշխատակիցներից մեկը մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է, ինչ է անում։  «Ասացի, որ դիսերտացիա եմ  գրում։ Նայեց [տեքստին], ասաց՝ այստե՞ղ ես հասել, տո՛ւր․․․ Վերջակետ դրեց, ասաց՝ տար հանձնի՛ր։ Ինչքան գրես, դեռ կգրվի․․․ Պաշտպանի՛ր, հետո շարունակիր գրելը»,- պատմում է Հարությունը։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի արևկող սենյակի գրապահարանից գիտնականը մի գիրք է հանում, դնում սեղանին։ Ասում է՝ իր դիսերտացիայի «կողմնակի հետևանքն է»։ Թեման նա այնքան խորությամբ էր ուսումնասիրել, որ դիսերտացիան ի վերջո Հայ սոցիոլոգիայի պատմության ձեռնարկ դարձավ, ինքն էլ մնաց ակադեմիայում։    Սոցիոլոգիան՝ իր ծանրագույն բարդությամբ Ստեփանավանի հին շուկայից խումբը քայլում է դեպի կամուրջ, որի ներքևում հոսում է հանքարդյունաբերությունից աղտոտված Ձորագետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Արամ Վարտիկյանը հանում է թուղթն ու մատիտը և գծում՝ փորձելով քաղաքի «տարածությունների հիերարխիան հասկանալ»։ Ձորագետը Խումբն առաջ է գնում, իսկ նա շարունակ հետ է մնում․ մերընդմերթ կանգնում է, զննում շուրջը, ինչ-որ բաներ թղթին հանձնում, գործընկերներին խնդրում լուսանկարներ անել այս կամ այն անկյունից։ Հարությունը շրջվում է, նայում իրենցից հետ մնացածներին․ - Անջատողականնե՜ր։ Արամ Վարտիկյանը գծում է տարածությունը Արամ Վարտիկյանը սոցիոլոգիա եկավ պատահաբար, իսկ գիտություն՝ ոչ մի դեպքում պատահաբար, ինչպես ինքն է ասում։ Նա մեծացել է գիտնականների ընտանիքում․ հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ կենսաբան։ Պայմանավորված մոր մասնագիտությամբ՝ Արամի համար սպիտակուցների անունները ֆետիշներ դարձան․ նա սիրում էր կանգնել ու բարձր բղավել մայրիկի սինթեզած սպիտակուցների երկար անունները։ Մեծ գրադարան՝ կազմված մոտ 2000 անուն գրքից, խորհրդային ինտելիգենցիայի մասնակցությամբ զրույցներ․ այսպիսի մանկությունը պիտի նրան տրամաբանորեն տաներ դեպի գիտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիկա։ «Երբ մտա ֆիզֆակ, սիրահարվեցի․ պատերին էի ձեռք տալիս, հոտն էի շնչում։ Մինչև հիմա 4-րդ հարկում զգացվում է ֆիզիկայի յուրահատուկ հոտը»,- հիշում է Արամ Վարտիկյանը։ Արամ Վարտիկյանը Ստեփանավանի այգում Սակայն ֆակուլտետն այնքան էլ չէր համապատասխանում այն «բյուրեղյա իրականությանը», որն Արամը պատկերացնում էր։ Այն ամենը, ինչ նա տեսավ, գնահատականների մրցավազք էր լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար։ Գերազանց գնահատականների շարքում մի 4-ը կամ 3-ը կարող էր ճակատագրական լինել․ հաղթում էին նրանք, ովքեր միայն 5-եր ունեին։ «Իսկ ես ռոմանտիկ էի, պոետիկ էի, ես երկար պիտի թերթեի, մինչև հրապուրվեի, մինչև ոգևորվեի, մինչև գտնեի զրուցակից»,- պատմում է նա։ Արամի ուսանողական տարիներին համացանցը նորություն էր, և այնտեղ նա պատահաբար մի գիրք գտավ մթնոլորտի ֆիզիկայի մասին։ Մթնոլորտի ֆիզիկան դարձավ նրա նոր տարերքը։ «Մեկն ականջիս փչփչաց, որ դրանով զբաղվում են աշխարհագրության ֆակուլտետում։ Իմ միավորները ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի համար չհերիքեցին, բայց հերիքեցին աշխարհագրության ֆակուլտետի համար»,- հիշում է նա։  Աշխարհագրության ֆակուլտետը, սակայն, կրկին այն չէր, ինչ նա փնտրում էր․ ֆիզիկայի խնդիրներն այնտեղ առաջնահերթություն չէին։  Այդ ընթացքում Արամը հասցրել էր ծանոթանալ սոցիոլոգիայի ֆակուլտետին, չնայած որ ուսումն այնտեղ շարունակելու մտքեր չուներ։ Ասպիրանտուրա դիմելիս մտածում էր՝ մնալ աշխարհագրության ֆակուլտետո՞ւմ, թե՞ վերադառնալ ֆիզիկային։ Նրան մտափոխեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել սոցիոլոգիան, որտեղ «կային ավելի լայն հեռանկարներ»։  «Հայերեն ասած՝ ափալ-թափալ փորձեցի, զիջմամբ փորձեցի և վերցվեցի այստեղ․․․ Շատ քրտինք տարավ․ ես ուղնուծուծով բնագետ էի, սա շատ ծանր էր, սա շատ բարդ էր, սա շատ խորթ էր, սա շատ վիրավորական էր․․․ Բայց փրկությունն այն էր, որ պարզվեց՝ ես սիրում եմ ոչ թե խորթը, ոչ թե վիրավորականը, այլ ես սիրում եմ ամենածանրն ու ամենաբարդը։ Եվ ահա տարիներ անց (ոչ թե այն օրերին, որոնց մասին պատմում եմ) սոցիոլոգիան իմ առջև բացվեց իր մեծագույն բարդությամբ։ Ո՛չ մի ֆիզիկա, ո՛չ մի աշխարհագրություն նրա հետ չի համեմատվի իր ծանրագույն բարդությամբ։ Եվ ահա, այդ ծանրագույն բարդությունը դարձավ ամենագրավիչը»,- պատմում է գիտնականը։  Այդպես, նա դարձավ, ինչպես գործընկերներն են կատակում, այստեղի ամենածանր մտածողը․․․   Քաղաքները՝ ինդուստրիալությունից հետո Ձորի վերևի հատվածում՝ կամրջից քիչ հեռու, կիսաքանդ ու ժանգոտված ցուցանակով շենք է՝ դիմացը քարերի կույտեր։ Այն ժամանակին ռեստորան է եղել։ Մինչ Արամը կանգ է առնում նկարելու «մահացած ռեստորանը», խումբն առաջ է շարժվում՝ ստեփանավանցիներին հարցուփորձ անելով ածնանոթ տեղերի ու հուշարձանների մասին։ Մահացած ռեստորանը Անցնում են կայարանի կողքով։ Այն հիմա չի գործում․ դարձել է «Լեո» մանկական սրճարան։ Առյուծի նկարով գունավոր պաստառը տարօրինակ հակադրության մեջ է մտնում քաղաքի անձյուն ձմեռվա մռայլության հետ։ Որքան հեռանում են կենտրոնից, այնքան ավելի մռայլ է դառնում պատկերը․ ասֆալտապատ ճանապարհներին ու գեղեցիկ մայթերին հաջորդում են կիսաքանդ տներն ու ցեխոտ, անհարթ ճանապահները։ 1988-ի երկրաշարժի հետքերն ամենուր են․․․ Թափառող շները քաղաքում շատ են։ Նրանցից մեկը՝ սպիտակ մորթով ու փոքր, կարմրած աչքերով, ողջ օրը գիտնականներից չի հեռանում։ Արամը նրան Ջեմսիկ է կոչում։ Դե, իրականում, նա բոլոր շներին է այդպես կանչում․ մանկուց մնացած սովորություն։  Ջեմսիկը՝ Ստեփանավանի Կապի գործարանի փլատակների մոտ Խումբը հասնում է Ստեփանավանի այգի կամ, ինչպես բնակիչներն են ասում, սադ (ռուսերեն сад՝ այգի բառից)։ Նոր ու գունավոր կարուսելներ են այգում․ դրանք եկել են փոխարինելու խորհրդային կարուսելներին։ Իսկ թե ինչով են փոխարինվել խորհրդային գործարաններն ու արդյունաբերական կյանքը, հենց այս հետազոտությամբ են գիտնականները փորձում հասկանալ։ Հետինդուստրիալ քաղաքների մասին հետազոտությունն իրականացվում է մի քանի փուլով՝ արխիվային նյութերի ուսումնասիրություն, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարանների նախկին տնօրեններ ու աշխատակիցներ)  և նարատիվ հարցազրույցներ բնակիչների հետ, որոնք հիշում են խորհրդային շրջանն ու արդյունաբերական կյանքը։ Հարություն Վերմիշյանը հիշում է՝ երբ նոր էին թեման ընտրել, իրենց առաջ մեթոդաբանական կարևոր հարց դրեցին՝ տարբեր քաղաքների համեմատությամբ ընդհանրական պատկե՞ր են ուզում ստանալ, թե՞ պիտի ամեն քաղաք որպես մի առանձին դեպք ուսումնասիրեն։ «Վիեննայի գործընկերների հետ քննարկմամբ եկանք այն եզրահանգման, որ սրանք դեպքի ուսումնասիրություններ են (case study,- խմբ․)»,- ասում է գիտնականը։ Ստեփանավանում Որպես հետազոտության օբյեկտ ընտրվեցին հետարդյունաբերական երեք քաղաքներ՝ Չարենցավանը, Ստեփանավանն ու Սիսիանը։ Այս ընտրությունը պատահական չէր։  Գիտնականները հետարդյունաբերական քաղաքների միջև ընտրություն կատարելիս մի շարք չափանիշներ սահմանեցին․ ե՞րբ է հիմնվել քաղաքը, ե՞րբ է քաղաքի կարգավիճակ ստացել, Երևանից ինչքա՞ն է հեռու, քանի՞ բնակավայր է ընդգրկում, միգրացիոն ի՞նչ ցուցանիշներ ունի, որքա՞ն է բնակչությունը, արդյո՞ք տուժել է երկրաշարժից, սահմանին ինչքա՞ն մոտ է։ Արդյունքում քաղաքների երեք խումբ ստացվեց, և ամեն խմբից մեկական քաղաք ընտրվեց՝ Չարենցավանը, որ մոտ է Երևանին, Սիսիանը, որ սահմանամերձ է, և  Ստեփանավանը, որ տուժել է 1988-ի երկրաշարժից։ «Սիսիանը փլուզումից հետո արդյունաբերական քաղաքից վերապրոֆիլավորվել է գյուղատնտեսականի, Չարենցավանի բոլոր գործարանները կան, ինչ-որ չափով, երբեմն՝ 100 տոկոսով, աշխատում են։ Ստեփանավանը փլուզվել է»,- ասում է Հարությունը։ Այն, ինչ մնացել է նախկին Կապի գործարանից  Գլխավոր հարցերից մեկը, որին պիտի պատասխանեն գիտնականներն այս քաղաքների ուսումնասիրությամբ, հետևյալն է․ ինչո՞ւ է մի քաղաքն այս ուղին բռնել, մյուսը՝ այն։  Հարությունը նշում է, որ այս նպատակով իրենք տարածական մի քանի հատվածներ պիտի ուսումնասիրեն՝ ինդուստրիալ տարածություն (գործարաններ/գործարանների փլատակներ), բնակտարածություն, հանրային տարածքներ, բնություն (պոտենցիալ զբոսաշրջային վայրեր)։ Հենց այս տարածքների ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես են փոխվել, կամ, Արամ Վարտիկյանի բնորոշմամբ, ծռմռվել քաղաքները։ Գիտնականներն արդեն հասցրել են ճանաչողական այցով շրջել Չարենցավանի փողոցներով։ Իսկ այժմ նրանք Ստեփանավանում են։   Միայն մի գիտակարգը բավարար չէ  Բնակիչների հետ նարատիվ հարցազրույցներ անցկացնողների թվում է Նարինե Աբգարյանը։ Աշխարհագրագետ Նարինեի՝ սոցիոլոգների շրջապատում, այնուհետև թիմում հայտնվելու մեղավորը նրա հետաքրքրասիրությունն էր։ Այն, որ տարածքների ուսումնասիրությունը և, առհասարակ, գիտական հետազոտությունները պետք չէ սահմանափակել միայն մի գիտակարգով, Նարինեն հասկացավ աշխարհագրության ֆակուլտետում սովորելու տարիներին։ Կենտրոնում Նարինեն է Ֆակուլտետ նա ընդունվել էր աշխարհագրության մասին միակողմանի պատկերացումներով։ Սակայն պարզվեց, որ աշխարհագրությունը միայն գետերի, մայրաքաղաքների ու ֆիզիկական տարածությունների մասին չէ․ ֆիզիկական աշխարհագրությունից բացի՝ կա նաև հասարակական աշխարհագրություն։ Որոշ ժամանակ անց էլ Նարինեն հանգեց այն մտքին, որ այս երկուսը տարանջատել պետք չէ։ «Գոյություն չունի հասարակական աշխարհագրություն առանց ֆիզիկական աշխարհագրության, և հակառակը, քանի որ փոխպայմանավորող գործոններ են․ տարածքը չես կարող ուսումնասիրել միակողմանի»,- ասում է նա։ Նարինեի մագիստրոսական թեզը վերաբերում էր Երևանում ծառայությունների բաշխման անհավասարությանը։ Թե ինչու են ծառայություններն անհավասար բաշխված, Նարինեն փորձեց հասկանալ աշխարհագրության դիտանկյունից, բայց զգաց, որ մի բան կիսատ է։ Հենց այդ կիսատը լրացնելու համար դիմեց սոցիոլոգների օգնությանը, սկսեց կարդալ դասական սոցիոլոգներին ու այդ դիտանկյունից ևս անդրադարձավ թեմային։ Երբ Նարինեն արդեն ասպիրանտուրայում էր, նրան սկսեցին դասավանդել Հարություն Վերմիշյանը, Արամ Վարտիկյանը, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչ գրքեր կարդալ, պատասխանում նրա հարցերին։ Նարինեն՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում Եվ այժմ, ասպիրանտուրային, փորձառական զբոսաշրջության վերաբերյալ դիսերտացիային և աշխարհագրության ֆակուլտետում դասավանդամանը զուգահեռ, Նարինեն Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայում ուսումնասիրում է հետարդյունաբերական քաղաքները։ «Այս դեպքում ունենք սոցիոլոգիայի լեզու, ունենք աշխարհագրագրության լեզու, ունենք մարդաբանության լեզու։ Մենք կփորձենք մեր գիտությունների լեզուներով պատմել քաղաքների ու դրանց տրանսֆորմացիաների մասին»,- ասում է գիտնականը։ Դե իհարկե, այն, ինչ պակասում էր այս բազմաշերտ հետազոտությանը, մարդաբանությունն է։  Մարդաբան Մարիա Գունկոն Հայաստան տեղափոխվեց 2022-ին։ Մարիան ծնվել ու մեծացել է ռուսական փոքր քաղաքում, որտեղ տղաներն ինժեներ էին դառնում, աղջիկները՝ բժիշկ կամ ուսուցիչ։ Իսկ Մարիան ընտրեց աշխարհագրությունը՝ մասնագիտանալով հասարակական աշխարհագրության ուղղությամբ։ Ասպիրանտական տարիներին նրա ուսումնասիրության թեման դարձան հենց փոքր քաղաքները, որոնք, ըստ գիտնականի, հետազոտություններում մեծ քաղաքների համեմատ պակաս են ներկայացված։ Մարիա Գունկոն 2022-ին նա Օքսֆորդի համալսարանում սկսեց իր ասպիրանտական երկրորդ կրթությունը՝ այս անգամ մարդաբանության ուղղությամբ։ «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» ծրագրի շրջանակում նա պետք է ուսումնասիրեր հետխորհրդային քաղաքներն ու դրանց տրանսֆորմացիաները։ Մարիայի ասպիրանտական հետազոտությունը քաղաքական տարրեր էր պարունակում․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ զրույցներ, ենթակառուցվածքների մասին հարցեր։ Բացի այդ՝ նա սովորում էր արևմտյան համալսարանում։ Հենց այս հանգամանքներն անհնարին դարձրին, որ գիտնականն իր հետազոտությունն իրականացնի պատերազմական Ռուսաստանում։ Հետազոտության համար հետխորհրդային այլ երկրների փնտրտուքը նրան բերեց մեր տածաշրջան։ Ի վերջո, Մարիայի ցանկում մնացին երկու պետություններ՝ Հայաստանը և Վրաստանը, որոնցից էլ նա ընտրեց Հայաստանը՝ մտածելով, թե հայերեն սովորելն շատ ավելի հեշտ է լինելու։ Այստեղ, իհարկե, ինչպես Մարիան է նշում, ամեն բան շատ խճճված է։ Գիտնականը հիշում է Նյու Յորքի համալսարանի մարդաբան Բրյուս Գրանտի խոսքերը․ «Անհնար է ուսումնասիրել ողջ Կովկասը․ պետք է կենտրոնանաս կա՛մ որևէ դարաշրջանի, կա՛մ որևէ լեզվի, կա՛մ որևէ կրոնի, կա՛մ էլ որևէ գյուղի վրա: Որովհետև եթե փորձես ամեն ինչ ընդգրկել, պարզապես կխելագարվես»։ Այսպիսով, հայաստանյան փոքր քաղաքներից մեկում Մարիան սկսեց իր հետազոտությունը։ Այդ ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետից հրավեր ստացավ միանալու նոր ստեղծվող Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիային։ Այդպես նա դարձավ թիմի անդամ։ Մարիան նշում է՝ հետարդյունաբերական քաղաքների ուսումնասիրության մեջ ինքն այն մարդն է, որն այս քաղաքներին նայելու է դրսի աչքերով։ «Իսկապես հետաքրքիր է մարմնավորել այդ օտարականին, գտնվել մի տեսակ լիմբոսում։ Մի կողմից՝ դու մեկն ես, ով ինչ-որ բան գիտի և մի փոքր տիրապետում է լեզվին՝ այդպիսով արժանանալով մարդկանց հարգանքին: Բայց մյուս կողմից՝ դու դեռևս օտարական ես, երբեք չես դառնա մերոնցական, այնպես որ քեզ թույլատրված է «հիմար» հարցեր տալ։ Գուցե կա ինչ-որ բան, որ տեղացի գիտնականը չի հարցնի, ոչ միայն որովհետև դա ակնհայտ է, այլ նաև կարող է անհարմար զգալ նման հարց տալուց: Իսկ ես կարող եմ ասել՝ բացատրե՛ք ինձ պարզ բառերով, ես չեմ հասկանում, ես տեղացի չեմ: Եվ սա, իսկապես, հետաքրքիր է․ ինչ-որ առումով քեզ երեխա ես զգում»,- ասում է գիտնականը։ Մարիայի նոթատետրը Հարցին, թե ինչպես են ընթանում հայերենի դասերը՝ Մարիան պատասխանում է․ «Կամաց-կամաց»։ Հայերեն սովորելուն զուգահեռ նա իր ուսուցչի օգնությամբ հայկական պոեզիա է ընթերցում։ Հիշում է՝ ամեն բան սկսվեց Չարենցի ծննդյան օրը «Կապուտաչյա հայրենիք»-ը կարդալուց։ Դե իսկ հետո նա ծանոթացավ Տերյանին, որի «Մոռանալ» բանաստեղծությունն ու «Դինջիս» խմբի համանուն երգը դարձան ամենասիրելիներից։ Այժմ Մարիան ընթերցում է Թումանյանի հեքիաթները։ «Կարծում եմ՝ հայերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է աշխարհն ընկալելու մոտեցումների առումով: Օրինակ՝ «համբուրել» բառը՝ «համ» և «բույր»․ սա այնքա՜ն գեղեցիկ ձև է նկարագրելու համբույրը: Կամ «հուսալքվածություն»․ դու, կարծես, մնացել ես առանց հույսի․․․ Ես հայերենը սովորում եմ՝ բառերի ստուգաբանությունները հասկանալով»,- ասում է գիտնականը։ Ապա ցույց է տալիս իր նկարները, որ արել է դաշտային աշխատանքների ժամանակ՝ Ստեփանավանում ու այլ քաղաքներում շրջելիս։ Դրանց կողքին երբեմն նաև հայերեն գրություններ են հանդիպում։ Սովորաբար, հենց շրջապատն ուշադիր զննելով ու նկարելով և մարդկանց հետ առօրյա զրույցներով է Մարիան սիրում դաշտային աշխատանքների ժամանակ տեղեկություններ հավաքել։   *** Երեկո է։ Ձորի էն կռից վերադարձողների խումբը միանում է էս կուռը մնացածներին։ Ստեփանավանում դաշտային առաջին աշխատանքն ամփոփվում է։ Դաշտային աշխատանքները շարունակվելու են․ գիտնականները դեռ պիտի այցելեն Սիսիան, վերադառնան Չարենցավան ու Ստեփանավան։ Իսկ հավաքած տվյալների ամփոփումից հետո նրանք կանցնեն դրանց մշակմանն ու վերլուծությանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այս քաղաքները կարող են ունենալ կայուն զարգացում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
18:42 - 12 մայիսի, 2025
Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի 18-հոգանոց անձնակազմին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։  Երեկ այս մասին դատարանում հայտարարեց Բուդաղյանը՝ հավելելով, որ չկատարելու դեպքում մարտական գործողությունների ավարտից հետո ինքն անձամբ Վերանյանի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացներ՝ քրեական գործ հարուցելու համար։ Քննչական մարմինները, այնուհանդերձ, քրեական գործ հարուցել են․ Մեղրու զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով նախկին տեղակալ Վերանյանը այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական մեկնելու ճանապարհին՝ Իշխանաձորի խաչմերուկում, պատսպարված անձնակազմին տեսնելով՝ Վերանյանը մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել, չնայած երկնքում տեսանելի եւ լսելի է եղել հակառակորդի անօդաչու թռչող սարքը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է զինծառայողներին տեղափոխող Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արտակ Բուդաղյանն այսօր մանրամասնեց՝ զորքի տեղափոխման հրամանն ինքն է Վերանյանին տվել․ «Ես խնդիր եմ տվել, որ պիտի պաշտպանության անցնենք ինչ-որ տեղամասում, սկզբում ասած եմ եղել, որ ինժեներասակրավորական վաշտը երեկոյան գա, բայց քանի որ հակառակորդի առաջխաղացում կար, առաջնագիծը ճեղքվել էր, ասել եմ՝ առավոտյան արագ հասեք, ականապատում իրականացրեք, որպեսզի առաջխաղացումը կասեցվի։ Ջաբրայիլ քաղաքը վերցնելու ժամանակ վտանգ էր սպառնում մնացած թեւերին, դրա համար լուսաբացին որ գային, լավ կլիներ»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ իր պատկերացմամբ՝ ժամը գոնե 11-ին պիտի ժամանեին։ ԻՍՎ անձնակազմը, սակայն, այդպես էլ տեղ չի հասել։ Անձնակազմի մյուս մասը հասել է միայն ժամեր անց՝ 16։00-ի մոտակայքում։ Կորպուսի նախկին հրամանատարը մեղադրյալին միայն դրական բնութագրեց Հարցաքննության սկզբում Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային խնդրեց բնութագրել իր պաշտպանյալին նախ որպես սպա, ապա՝ որպես մարդ․ - Որպես զինվորական եղել է խստապահանջ, կարգապահ եւ ֆունկցիոնալ պարտականությունները կատարող։ Որպես մարդ՝ նույն ձեւ։ - Մինչեւ պատերազմը նույն կե՞րպ կբնութագրեիք։ - Նույն կերպ։ - Այսինքն՝ բացասական բանով աչքի չի՞ ընկել։ - Ոչ։ - Իսկ Ձեր կամ կորպուսի ղեկավարության աչքի առաջ հավելյալ աչքի ընկնելու կարիք ունե՞ր։ - Ինչո՞ւ պիտի կարիք ունենար, ծառայություն էր, կատարում էր։ - Պարո՛ն գեներալ, ըստ Ձեզ՝ Ձեր ենթակա Վերանյանը ունա՞կ էր անձնական կամ այլ շահագրգռվածության համար խաղաղ պայմաններում ի վնաս Զինված ուժերի կատարել որեւէ գործողություն կամ մի այնպիսի գործողություն կամ անգործություն, որը կվտանգեր համածառայակիցներին։ Նման դեպք հայտնի՞ է։ - Ոչ։ - Իսկ ունա՞կ էր։ - Ոչ։ - Անդրանիկ Վերանյանը ունա՞կ էր իր անձնական շահի համար վտանգի տակ առնել թեկուզ մեկ զինվորի կյանք, լինել այնքան դաժան, անմարդկային, որ իր սեփական եսը ընդգծելու համար այսքան մեծ դժբախտության պատճառ դառնար։ - Ոչ։ - Ձեզ հայտնի՞ է դեպք, երբ նա կոնֆլիկտ է ունեցել իր վերադասի կամ ենթակայի հետ։ - Չէ, չի եղել։ -  Այդ պարագայում հնարավո՞ր է, որ սպան ինքնահաստատվելու կամ կայանալու կամ իր անձը ծառայության շահերից վեր դասելու խնդիր ունենա ու կոնֆլիկտի մեջ չլինի վերադասի կամ ենթակայի հետ։ - Ես ընդհանրապես նման ենթականեր չեմ ունեցել։ Գեներալ Արտակ Բուդաղյանը հայտնեց նաեւ, որ դեպքից առաջ Անդրանիկ Վերանյանը Ջրականում ավելի բարդ խնդրի կատարման է մասնակցել։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ դրա դիմաց պաշտոնի բարձրացման, պարգեւատրման խոստում տվե՞լ է, ինչին ի պատասխան՝ գեներալն ասաց՝ ինքը միայն հրամաններ է տվել։ Գեներալի խոսքով՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն ունեցել Արտակ Բուդաղյանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առաջին անգամ առնչվել են 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ մեր ԶՈՒ-ն այդ միջոցից դեռ չի ունեցել։ - Մինչ 2020 թ․ սեպտեմբերի 27-ը Գլխավոր շտաբից ցուցում, նորմատիվ այլ ձեւակերմամբ փաստաթուղթ ստացե՞լ եք, թե ԱԹՍ-ի դեմ պայքարի ինչ միջոցներ կան,- հետաքրքրվեց պաշտպանը։ - ԳՇ-ն տալիս Է՝ էսինչ տեղը էսինչ գործողության մասնակցել, ԱԹՍ-ի մասին առանձին գրություն չի տալիս, դրա համար կա հակաօդային պաշտպանություն, բայց կա նաեւ ԱԹՍ, որից անգամ ՀՕՊ-ով չես կարող պաշտպանվել։ - Այսինքն՝ չկա՞ր կարգ, թե ԱԹՍ տեսնելու, լսելու դեպքում ինչ պիտի արվի։ - Գրվածքներ կան՝ զինվորների՝ մարտի դաշտում տեղաշարժի մասին, օրինակ՝ ձեռքի գնդացիրով ցածր թռչող օբյեկտի խոցում։ - Մեղրու զորամասը ԱԹՍ-ի դեմ պայքարի համապատասխան միջոցներ ունեցե՞լ է։ - Ոչ, միայն ՀՕՊ-ն է ունեցել՝ Իգլա տեսակի հրթիռ։ - Դա արդյունավե՞տ միջոց էր։ - ԱԹՍ-ի դեմ՝ չէ, այն նախատեսած է բարձր թռչող, ավելի խոշոր ինքնաթիռների համար։ - Իսկ Ձեր կորպուսը ունե՞ր։ - Չէ, չուներ։ - Իսկ Զինված ուժե՞րը։ - ՀՕՊ համակարգի մեջ էր, ՀՕՊ-ն էր ապահովում մեր շարժը դեպի մարտական գործողությունների տեղանք։ Ըստ Բուդաղյանի՝ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահորեն չի հանգեցնում խնդրի չկատարմանը Անցնելով ավելի առարկայական հարցերի՝ պաշտպանը հետաքրքրվեց՝ հոկտեմբերի սկզբին Իշխանաձորի տարածքում ԱԹՍ-ներ կայի՞ն։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ամեն օր էլ 50-ից ավելի ԱԹՍ կար օդում․ «Նույն ձեւ խոցվել եմ ես, բայց պատահականությամբ ողջ եմ մնացել»։ - Այսինքն՝ այդ տարածքը անվտա՞նգ չէր,- ճշգրտեց պաշտպանը։ - Չէ, բոլորն էլ վտանգված էին,- պատասխանեց վկան։ - Իսկ Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ մարտի ժամանակ ԱԹՍ-ն օդում լինի։ - Ո՞նց կարող է չլինել։ -  Պարո՛ն գեներալ, կյանքի, առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը բացառո՞ւմ են խաղաղ պայմաններում մարտական խնդրի կատարումը։ - Ո՞նց են բացառում․ եթե խնդիր է, պետք է կատարվի։ - Նույնը վերաբերո՞ւմ է պատերազմին։ - Առավել եւս։ - Այսինքն՝ վտանգ լինի թե չէ, խնդիրը ենթակա է կատարման։ - Բա ոնց։ - Իսկ մարտի ժամանակ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահ հանգեցնո՞ւմ է խնդրի չկատարմանը։ - Ոչ, նորից եմ կրկնում՝ 50-ից ավելի ԱԹՍ գտնվում էր օդում, օպերատորն է որոշում՝ որտեղից կխփի, երբ․․․ - Որեւէ մեկը կարո՞ղ է կանխատեսել օպերատորի գործողությունները։ - Ոչ։ - Պիկապները ի՞նչ նշանակություն ունեին հակառակորդի համար։ - Առավել խոցելի էին, քանի որ, ենթադրաբար, հրամանատարական մեքենա էին։ - Այս համատեքստում կարո՞ղ էր նույն կերպ խոցվել Պիկապը, ոչ թե զինծառայողների Ուրալը։ - Կարող էր,- նշեց գեներալ Արտակ Բուդաղյանը։ Արտակ Բուդաղյանի պնդմամբ՝ ոչինչ չէր կարող հետաձգել իր հրամանի կատարումը Պաշտպան Նարեկ Գրիգորյանը մեջբերեց Ներքին ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ըստ որի՝ զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։  - Այս համատեքստում հրամանը պե՞տք է անվերապահ կատարվի թե՞ դրանից շեղում թույլատրվում է։ - Պետք է անվերապահ կատարվի։ - Անդրանիկ Վերանյանին Ձեր տված հրամանը օրինակա՞ն էր։ - Այո։ - Ենթակա՞ էր կատարման։ - Բա ոնց, հրաման է, համապատասխան հրաման էլ ես իմ վերադասից եմ ստանում։ - Իսկ սպաները ի՞նչ պիտի անեին՝ պիտի արագ հասնեի՞ն թե՞ կարող էին ոտները կախ գցել։ - Հրաման են ստացել, ո՞նց ոտները կախ գցեին։ - Որեւէ հանգամանք կարո՞ղ էր արդարացնել այդ հրամանի չկատարումը կամ դրա հետաձգումը։ - Ոչ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջամտեց՝ նշելով՝ ակնհայտ ապօրինի հրամանը, օրինակ, ենթակա չէ կատարման։ Արձագանքելով՝ Բուդաղյանն ասաց՝ դե, դա պարզ է, բայց չհամաձայնեց, թե հրամանատարը կարող է նման հրաման տալ։ Մարգարյանը նաեւ խնդրեց մանրամասնել՝ ինչպիսին է եղել երթի կազմակերպման կարգն այդ օրվա դրությամբ․ - Ես խնդիր եմ դնում՝ շարժվել էսինչ ուղղությամբ, մնացածը իրենք պիտի որոշեն, իրենք են գտնվում մարտական գործողության շրջանում,- նշեց գեներալը։ - Բայց ժամանակ, հեռավորություն, արագություն պե՞տք է նշվի,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ Իմ մտածելով՝ ժամը 11-ի կողմերը պիտի տեղ հասնեին։ - Բայց Դուք ժամ չեք ասել։ - Սկզբում ասել եմ՝ երեկոյան՝ ժ․ 20։00, բայց քանի որ Ջրականի հատվածում էդ վիճակն է հասել, արդեն պետք էր առավոտ, ասել եմ՝ շուտ հասեք։ - Մեր դեպքը եղել է ժ․ 16-17-ի սահմաններում, այսինքն՝ Ձեր պատկերացրած ժ․ 11-ից 5-6 ժամ հետո, եւ այդ ընթացքում ոչ մի մեքենա հասած չի եղել։ Ո՞նց կպարզաբանեք։ - Չեն հասցրել, բայց հետո 2-3 մեքենա եկած է եղել, այն անձնակազմը, որ խրամատ էր զբաղեցնելու։ - Դա՝ ժ․ 16-ի սահմաններում։ Ձեր ասած ժամից՝ 5-6 ժամ ուշ, դրա հրատապը էլ ո՞րն է։ - Հրատապը կայանում է նրանում, որ ականապատեին տարածքը, հակառակորդի ուժերը կանգնեցնեին։ Ես խնդիրը ուրիշ զորամասի եմ տվել արդեն, ժ․ 2-ի կողմերը սկսել են։ - Բա կապվե՞լ եք՝ տեսնեք՝ ուր են։ - Ես վիրավորվել եմ այդ օրը։  - Ժա՞մը։ - Երեկոյան․․․ Բայց հա,  իրենց շտաբի պետի հետ 10 անգամ կապվել ենք՝ արագացրեք, արագացրեք․․․ - Ե՞վ։ Զորքը 5 ժամ ուշանում է, այդ թվում՝ այն զորքը, որը լիցքավորման խնդիր չուներ՝ երթի առաջին ավտոմեքենան՝ շտաբի պետի՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարմամբ։ - Որ Դավիթն է ղեկավարել, բա խի՞ եք ինձ հարցնում։ - Դուք եք խնդիրը դրել։ Էդքան ուշացել են, բա էլ ի՞նչ հրատապ։ - Ելնելով իրադրությունից՝ ուշացել են, դրա համար եւս մեկ այլ միջոցի դիմել եմ, բայց հետագայում էդ անձնակազմը եկել, պաշտպանության է նստել՝ բացառությամբ  նռնականետային դասակի եւ ԻՍՎ–ի։ - Փաստացի, էդ մարդիկ չեն շտապել,- արձանագրեց մեղադրող Մարգարյանը։ - Ես իրավիճակը չեմ իմանում,- նշեց վկա Բուդաղյանը։ Ըստ գեներալի՝ երթի ընթացքում դադար չպիտի իրականացվի Մարտական կանոնադրությունը սահմանում է, որ օդային հարձակման ժամանակ, երթը, որպես կանոն, շարունակվում է։ Այս առնչությամբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝  օդում ԱԹՍ-ի առկայությունը ենթադրո՞ւմ է հարձակում, թե՞ այն սոսկ վտանգ է։ Ի պատասխան՝ գեներալն ասաց՝ երկուսն էլ։  - Որպես կանոն ասելով՝ ինչ ենք հասկանում, կարելի՞ է ենթադրել, որ կան բացառություններ, եթե այո, դրանք սահմանող իրավական ակտ կա՞։ - Երթի ժամանակ ամեն 100 կմ-ից հետո 1 ժամ դադար է տրվում հանգստանալու համար, հաջորդ երթից հետո՝ 2-3 ժամ․․․ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը եւս անդրադարձավ այս եզրույթին, նշեց՝ որպես կանոն-ը հայերենի իմաստով նշանակում է, որ կան բացառություններ։ Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ըստ հետազոտված ապացույցների՝ նախօրյակին զորքին հանձնարարել են մեքենաները լիցքավորել․ եթե այդ խնդիրը չի կատարվել, ԶՈՒ նորմատիվների համաձայն՝ պիտի՞ զեկուցվեր»,- հարցրեց նա։ Նշենք, որ լիցքավորման խնդրի պատճառով է, որ անձնակազմը երթի ընթացքում մի պահ շեղվել է բուն ճանապարհից։ Վկան միանշանակ պնդեց՝ ծառայության պետը պիտի դա զեկուցեր։ - Իսկ եթե երթին մասնակից անձնակազմից մեկը ԱԹՍ է նկատում, երթի մյուս մասնակիցներին պիտի՞ տեղեկացնի,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Այո։ - Իսկ եթե ԱԹՍ-ով պայմանավորված դադար է իրականացնում, այդ մասին ե՞ւս։ - Երթի ընթացքում դադար չպիտի լինի, հակառակը՝ պիտի մեծացնես արագությունը կամ մեքենաների միջեւ հեռավորությունը, դրա համար մեքենաներում դիտորդներ են նշանակվում,- պնդեց վկան։ Մեղադրող Հայկ Մարգարյանը վկայակոչեց ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանի ցուցմունքը, որի համաձայն՝ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։ - ՀՕՊ պետը իր ցուցմունքում ասաց՝ համար մեկ խնդիրը պատսպարվելն է, համաձայն չե՞ք։ - Ես տենց չեմ գտնում։ - Արմեն Վարդանյանը, որպես ՀՕՊ-ի պետ, ցուցմունք է տվել, որ անձամբ զորամասերի մեծամասնությունում հրահանգել է՝ օդային հարձակման դեպքում պատսպարվել, հնարավորության դեպքում ձեռքին առկա միջոցներով խոցել։ - Բայց ոչ երթի ժամանակ, այլ եթե գտնվում ես մարտական գործողությունների մեջ։ - Նույն գեներալը ասում է՝ էդ տեղանքում Ուրալով 60-80 կմ/ժ արագություն ժամ զարգացնել հնարավոր չէ։ - Նույն գեներալը էնտեղ ե՞րբ է ծառայել, որ ասի, ես չեմ ասում՝ եսիմինչ արագություն, 100 չես կարող, 60 կարող ես։ - Անձնակազմը իջել եւ պատսպարվել է ըստ գեներալ Վարդանյանի նշած հրահանգի։ Սխա՞լ է արել։ - Հրամանատարն է որոշում՝ իրադրությունից ելնելով։ - Հրամանատարը, ցավոք, հանգուցյալ Տարոն Նիկողոսյանն է, սխալվե՞լ է։ - Ես չեմ իմանում՝ ինչ իրադրություն է եղել։ - Օդում ԱԹՍ է եղել, տեսել են եւ լսել են,- ընդգծեց մեղադրողը։ - Դուք ինձ ստիպում եք, որ ես զոհվածին գնահատական տամ, ես ի՞նչ իմանամ էդ իրադրության ժամանակ․․․ Եղել է դեպք՝ գնացել եմ, մտածել եմ՝ հենց ձայնը մոտենա, կկանգնեմ, բայց չի մոտեցել, չեմ կանգնել։ Ես ոչ մի տեղ չեմ կանգնել, վարորդին ասում էի՝ քշի,- նշեց վկան՝ հավելելով, որ հրամանատարը, ամեն դեպքում, կարող էր վերադասին զեկուցել, նոր իր այդ որոշումը կայացնել։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 14-ին։   *Վկա Արտակ Բուդաղյանն առարկել է իրեն լուսանկարելու դեմ Գլխավոր լուսանկարում՝ ձախից պաշտպանը, Անդրանիկ Վերանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
17:11 - 09 մայիսի, 2025
Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

- 2020 թ․ հոկտեմբերի 4-ին 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակը, պարենով, զինամթերքով, գիշերային տեսանելիության սարքերով ապահովված լինելով հանդերձ, թույլ է տվել, որ թշնամին մոտենա մինչեւ 400-500 մ հեռավորության վրա, ինչի հետեւանքով նրա զրահատեխնիկան եւ կենդանի ուժը թափանցել են իմ թիկունք, որտեղ թաքնվելով էլ՝ գիշերը սկսել են խփել իմ անձնակազմին,- Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպիսի հայտարարություն արեց նույն բանակային կորպուսի մեկ այլ գումարտակի հրամանատար, այժմ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։ Փոխգնդապետ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության իր անձնակազմի հետ Ջրականից դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենից աջ գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Դրա հետեւանքով, ըստ մեղադրանքի, վերջիններս ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ զրահատանկային հիշյալ գումարտակն է, որի մասին իր հայտարարության մեջ նշեց Գաբրիելյանը․ - Ընկե՛ր Գաբրիելյան, Ձեր նշած տեխնիկան ես չեմ ունեցել,- մեղադրյալի հայտարարությանը այսպես հակադարձեց այդ գումարտակի հրամանատարի տեղակալ Սարգիս Ադամյանը,- 11 ԲՄՊ-ից ունեցել եմ 1-ը, իսկ 20-21 տանկերից մնացել է 15-ը, մնացածը խոցվել են, ականանետային մարտկոցն էլ 12 հաշվարկից 3 հաշվարկ է ունեցել։ Ես Ձեր ասած ուժը չեմ ունեցել, որ հակագրոհ իրականացնեի, առաջին օրը կանգնեցրել եմ, երկրորդ օրը էլ չեմ կարողացել, կարողացել եմ միայն ինքս ինձ պաշտպանել։ Արդեն երկրորդ նիստն է, ինչ Ադամյանը ներկայանում է դատարան՝ գործի հանգամանքների վերաբերյալ որպես վկա ցուցմունք տալու։ Սարգիս Ադամյանի խոսքով՝ զորքը բարոյահոգեբանական լավ վիճակում էր Ցուցմունքով Ադամյանը հայտնել է, որ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ 4-ի գրոհը, նրա խոսքով, իրենց գումարտակը կասեցրել է, հակառակորդը նահանջել է։ Դրանից հետո՝ մինչ 5-ի առավոտ, ըստ Ադամյանի, այլ գրոհ չի եղել։ Մեղադրյալ Գաբրիելյանը, սակայն, այլ բան է հայտնել․ ըստ նրա՝ գիշերն իրենց ուղղությամբ հարձակում է եղել, եւ իրենք, չունենալով բավարար զինամթերք, զինտեխնիկա, սնունդ ու հագուստ, ստիպված են եղել նահանջել։ Պատասխանելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի հարցերին՝ վկա Ադամյանը հայտնեց, որ տեղանքը, ըստ էության, բնագիծ չէր, պատշաճ խրամատներ չկային, եղածները հին էին, բայց անձնակազմին տեղավորել են, ինչպես որ հնարավոր է եղել։ - Ձեր ստորաբաժանումը պառազինության խնդիր ունե՞ր։ - Այդ դեպքից հետո՝ հա, հոկտտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան, որ մարտի էինք, դրանից հետո հնարավորություն չկար մատակարարելու։ - Իսկ մինչ այդ դե՞պքը։ - Չէ, խնդիր չկար։ - Իսկ Գաբրիելյանի ստորաբաժանումը զորքի եւ սպառազինության խնդիր ունե՞ր։ - Ես տեղյակ չեմ։ Հովիկ Գաբրիելյանը վկայից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նրանց ապահովել են, իսկ իրենց, որ դարձյալ նույն կորպուսի ենթակայության տակ էին, չեն մատակարարել։ Վկան ասաց, որ ինքն այդ հարցին պատասխանել չի կարող․  «Այդ ամենը կազմակերպել է զորամասի թիկունքի պետը, հագուստը եղել է քաղաքացիական, սնունդը՝ քաղաքացիական։ Թե ձեզ ինչու չեն բերել, չեմ կարող ասել»։ Դատավորը խնդրեց հայտնել նաեւ, թե ինչպիսին էր իր զորքի բարոյահոգեբանական վիճակը։ - Տվյալ պահին՝ լավ, մանավանդ, որ հոկտեմբերի 4-ի գիշերը մարտում կարողացանք հակառակորդին հետ շպրտել, կներեք, այսպես ասած, դուխավորվել էին։ - Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Համլետ Լեւոնյանը, պատմել, որ անձրեւին զորքը հայր մերն է ասել․․․ Բայց նույն պայմաններում, երբ հարցաքննում ենք պարոն Գաբրիելյանի ենթականերին, նրանք ասում են՝ շատ վատ էր, շատ ընկճված։ Ինձ մոտ դիսոնանս է առաջանում․ դուք անմիջական շփման մեջ եք մտնում հակառակորդի հետ, բայց մարտի արդյունքում բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, Հովիկ Գաբրիելյանի զորքը, որ, ենթադրաբար, մարտի մեջ չի մտնում, վատ է։ Սա չեմ կարողանում հասկանալ։ Դուք դա ինչպե՞ս կբացատրեք,- հարցրեց դատավորը։ - Ես չեմ կարող ասել,- պատասխանեց վկան։ Ըստ վկայի՝ դիվերսիոն ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր Վկան տեղեկություն չուներ՝ նահանջից առաջ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է թե ոչ։ Ասաց՝ հետագայում է իմացել, որ նահանջել են Հադրութ։ Հարցին, թե ինչու հենց Հադրութ, վկան պատասխանեց․ «Հադրութն էր մոտիկ, բայց չեմ կարող ասել՝ ինչի համար են գնացել»։ Հովիկ Գաբրիելյանը, դիմելով Ադամյանին, հարցրեց․ «Եթե ամսի 4-ի գիշերը հակառակորդը հետ է գնացել, դա խուճապի մատնված հակառակորդ է, չէի՞ք կարող 21 տանկով եւ 11 ՀՄՄ-ով բաց դաշտում ոչնչացնել եւ մարտն ավարտել»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը առարկեց հարցի դեմ, հարցը հանվեց։ Մեղադրյալը հայտարարությամբ հանդես եկավ․   - 32 հատ զրահատեխնիկա ունենալը ահռելի ուժ է, կարելի էր թշնամուն էն ձեւ քայքայել, որ էդ զորքը հետ չգար։ - Ձեր հայտարարությունը արձանագրվեց,- ասաց դատավորը։ Պատասխանելով Հովիկ Գաբրիելյանի հարցերին՝ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ հակառակորդն իրենցից ընդամենը 400-500 մ հեռավորության վրա էր․ - Որ մոտեցել է 400-500 մ, կարո՞ղ էր գիշերը թաքնվել ու առավոտյան դիպուկահարներով կրակ բացել ձեր վրա,- հարցրեց մեղադրյալը։ - Կարող էր, տեսանելիություն չկար, հորդառատ անձրեւ էր, հնարավոր էր։ - Այսինքն՝ խումբ–խումբ հնարավոր էր էդ տարածք մտնել։ - Նմանատիպ մարտերի, անձնակազմի ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր,- պատասխանեց վկան։ Գաբրիելյանը նաեւ հետաքրքրվեց՝ ծանր հրետանու աշխատելու ընթացքում զորամասի հրամանատարը որտեղի՞ց էր կապ պահում․ - Առաջնագծում էր։ - Կոնկրետ որտե՞ղ։ - Խրամատում։ - Ըստ Մարտական կանոնադրության՝ չպիտի՞ լիներ ՀՄՄ-ի մեջ, որպեսզի տեղյակ լիներ՝ ում ինչ ցուցում տա․․․ - Ըստ Կանոնադրության՝ հա, բայց մենք էնտեղ ըստ Կանոնադրության ոչ մի բան չենք արել, զրահատեխնիկայի մեջ գտնվելը տվյալ պահին շատ սխալ էր,- նշեց վկան՝ հավելելով, որ խոցման դեպքեր են եղել հենց դրա պատճառով։ Ըստ վկայի՝ Գաբրիելյանի նահանջի հետեւանքով իրենք ունեցել են կորուստներ Դատավորը հիշեցրեց նաեւ, որ Համլետ Լեւոնյանը, թվելով զոհերի անունները, պնդում է կատարել, որ զոհերի մեծ մասը հետեւանք է նրա, որ Գաբրիելյանը նահանջել է, եւ հակառակորդը կարողացել է շրջանցել իր զորքին։ Ապա խնդրեց վկային հայտնել իր կարծիքը այդ պատճառահետեւանքային կապի վերաբերյալ․ -  Պատերազմ է եղել, ես չեմ կարող ասել՝ իր մեղքով է եղել թե չէ, մարտ է եղել, ցանկացածն էլ կարող էր․․․ - Բայց նահա՞նջն է պատճառահետեւանքյին կապի մեջ գտնվել ձեր կորուստների հետ։ - Ես չեմ կարող ասել՝ եթե Գաբրիելյանը դուրս չգար, կբռնվեին մարտի թե ոչ։ Այնուհանդերձ, վկան պնդեց՝ ենթադրյալ նահանջի հետեւանքով իրենք կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ։ Զոհվել են թե՛ ժամկետայիններ, թե՛ սպաներ։ Մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը եւս անդրադարձավ այս դրվագին՝ խնդրելով ճշգրտել՝ այդ կորուստները Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ պատճառահետեւանքային կապ ունե՞ն թե՞ անկախ նահանջից հակառակորդը կխոցեր․ - Դուրս գալու հետեւանքով որեւէ զինտեխնիկայի կորուստ ունեցե՞լ եք թե՞ ոչ։ - Ունեցել ենք ավտոտեխնիկայի կորուստ էլ, զրահատեխնիկայի կորուստ էլ։ - Դա եղել է Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքո՞վ։ Պաշտպանի կրկնվող հարցին առարկեց մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ նշելով, որ վկան հստակ պատասխան տվեց։ Առարկությունը ընդունվեց։ - Իսկ զինտեխնիկան ինչպե՞ս է խոցվել։ - Նռնականետով եւ հրետանիով։ -Որքան հեռավորության վրա դրանք կարող են խոցել։ - Մինչեւ 1 կմ։ Հաշվի առնելով, որ հակառակորդը, ըստ վկայի խոսքերի, իրենցից հենց 1 կմ հեռավորության վրա էր, պաշտպանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում հնարավո՞ր է, որ հակառակորդը իր գտնվելու վայրից խոցած լինի, ոչ թե Գաբրիելյանի ուղղությունից։ Ի պատասխան վկան ասաց՝ հնարավոր է։ - Բա եթե հնարավոր է, Ձեր ենթադրությունը, որ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով է տեխնիկան խոցվել, այլ ոչ թե հակառակորդի 1 կմ հեռավորության հատվածից, Ձեր այդ համոզմունքը ինչո՞ւմն է կայանում։ Մեղադրողը դարձյալ առարկեց հարցի ձեւակերպման դեմ՝ նշելով, որ հնչեց գնահատական, որը դատավորի տիրույթի հարց է․ «Եվ սա կարծես դիմում լինի Ձեզ, պատվարժան դատարան, որ դա ընդամենը ենթադրություն է։ Ես առարկում եմ հարցի ձեւակերպման դեմ, իսկ  բովանդակային մասով այն կրկնվում է»։  Պաշտպան Խաչիկյանը հետաքրքրվեց նաեւ, թե քանի տեխնիկա է խոցվել։ ի պատասխան վկան ասաց․ «5 տարի է անցել, չեմ կարող մանրամասն ասել՝ տվյալ խոցումը այստեղ է եղել, թե այնտեղ։ Թե քանի մետրից, քանի սմ-ից քանի տեխնիկա է խոցվել, չեմ կարող հիշել»։ - Ձեր հենց կողքի՞ց է հրթիռախոցվել, թե՞ առջեւից,- հարցրեց պաշտպանը։ - Պարոն Խաչիկյան ջան, ես ուրախ եմ, որ Դուք նման իրադրության մեջ չեք ընկել, Դուք չեք կարող պատկերացնել՝ ես չեմ տեսնի՝ տվյալ պադրոնը էս ուղղությամբ եկավ, թե էս։ Գլխիս թափում է, ես նստեի, բախտագուշակությամբ զբաղվեի՞՝ որ կողմից է եկել։ Չեմ կարող ասել․ մարտ է եղել, մարտը ղեկավարել ենք, անձնակազմին ղեկավարել ենք, թե աջից կգա, թե ձախից, ես չեմ կարող ասել։ Արձագանքելով վկայի վրդովմունքին՝ պաշտպանը նշեց՝ պատերազմի ժամանակ ինքը եւս առաջնագծում է եղել․ «Պետք չէ ռազմական գործի մասնագետ լինել․․․ Երբ վկան հայտարարում է, որ 1 կմ-ից տեխնիկա է խոցվել, եւ չի կարողանում ասել՝ աջ կողմից թե դիմացից, բայց ենթադրում է, որ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով, վերջինիս ենթադրությունը ողջամիտ չէ»,- հարցաքննության ավարտին հայտարարեց նա։ Դատարանն անփոփոխ թողեց մեղադրյալի խափանման միջոցը Երեկվա նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդեց դրա ժամկետը երկարաձգել․ «Ես չեմ ուզում այստեղ վկայակոչել, որ անձը մեղադրվում է ծանր հանցանքի կատարման մեջ կամ այն, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է ռազմական դրության պայմաններում, այլ ուզում եմ շեշտադրել արարքի հանրային հնչեղությունը, հանրային նշանակությունը եւ մեղադրյալի՝ մեղավոր չճանաչվելու ցանկության մեծությունը։ Զգալով հնարավոր մեղավոր ճանաչվելու վտանգը՝ անձը կարող է խուսափել քնննությունից»,- նշեց նա։ Պաշտպան Խաչիկյանը առարկեց՝ նշելով, որ մինչ այս պահը չի եղել որեւէ հանգամանք, որը կփաստեր, որ Գաբրիելյանը խուսափել, խոչընդոտել է կամ կարող էր խոչընդոտել։ Տնային կալանքի տակ անցկացրած վերջին ամիսները, ըստ պաշտպանի, հակառակն են փաստում։ Ուստի նա միջնորդեց Գաբրիելյանի նկատմամբ սահմանել վարչական հսկողություն։ Խաչիկյանը շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը այլեւս դադարել է, ինչի պայմաններում Գաբրիելյանը կարիք ունի աշխատելու եւ իր ընտանիքի հոգսը հոգալու․ «Մենք գործ չունենք անձի հետ, ով ՀՀ-ում ում է մեծացել, ունի պապենական տուն, այլ բարեկամի տանն են ապրում, հնարավորություն տանք, որ ընտանիքի կարիքները հոգա, դա է պատճառը, թե չէ խնդիր չէ տանը նստելը»։ Գաբրիելյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ ազատության մեջ գտնելով՝ ոչ մի խնդիր չի ստեղծի․ «Ուզում եմ հավաստիացնել, որ իմ կողմից ոչ մի խնդիր չի լինի, կարողանամ աշխատել եւ գումար վաստակել իմ ընտանիքի համար։ Շատ խնդիրներ կապված են երեխաների, մորս հետ։ Գնալով ավելի է սպառվում ամեն ինչ, եւ խնդիրները շատանում են»։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով․  «Դատաքննության այս փուլում դատարանը իրատեսական չի համարում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը եւ դրանով պատշաճ վարքագիծ ապահվումը, միգուցե դատաքննության այլ փուլում այլ հետեւության գա»,- ասաց նա։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին։ Միլենա Խաչիկյան
14:11 - 07 մայիսի, 2025
Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) հեռացված Վահե Մխիթարյանն ու 7 այլ աշխատակիցներ դատական հայց են ներկայացնել Կոմբինատի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, հարկադիր պարապուրդի համար բռնագանձել իրենց միջին աշխատավարձը, վերականգնել իրենց նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում բռնագանձել նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցումը։ Այս տարեսկզբին ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի՝ Կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին իրականացնում։ Նրանք դժգոհում էին սոցիալական անհավասար պայմաններից եւ պահանջում աշխատավարձերի բարձրացում։ Թեեւ օրեր անց Կոմբինատը հայտարարեց, որ կբարձրացնի աշխատավարձերը, այնուհանդերձ, գործադուլը նաեւ բացասական հետեւանքներ ունեցավ․ 8 անձ, այդ թվում՝ Մխիթարյանը, հեռացվեց աշխատանքից։  Արդյո՞ք իրավաչափ են գործադուլին հաջորդող ազատումները, գործադուլ անվանումը ստացած բոլոր ակցիանե՞րն են համարվում իսկապես գործադուլ, առհասարակ, գործադուլի իրականացման ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված Հայաստանում եւ աշխարհում, եւ ի՞նչ խնդիրներ կան։ Նյութում կարդացեք գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն, գործադուլի իրավունքը ներպետական օրենսդրության մեջ, ԶՊՄԿ-ի  օրինակը․ ինչ են ասում կողմերը ինչ խնդիրներ կան․ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանի եւ ճյուղային Արհմիության նախագահի կարծիքը, գործադուլի իրավունքը միջազգային փաստաթղթերում․ եվրոպական երկրների փորձը։   Գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն Զարգացող պետություններում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքացիները, որպես կանոն, մշտապես ունենում են դժգոհության տարաբնույթ առիթներ եւ ձգտում՝ հասնելու դրական փոփոխությունների։ Եվ շատ հաճախ այս ճանապարհին որպես պայքարի ձեւ ընտրվում է հենց գործադուլը։ «Ինֆոքոմը» բաց աղբյուրներում որոնում է իրականացրել՝ հավաքագրելով վերջին տասը տարում կազմակերպված եւ լուսաբանված գործադուլերի վերաբերյալ տվյալները (հավաքագրում իրականացնելիս հիմք է ընդունվել կազմակերպիչների հայտարարությունը գործադուլի մասին, այլ ոչ թե գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենքին)։ Թեեւ ստացված պատկերը կարող է ամբողջական չլինել, սակայն եղածն էլ հստակ ցույց է տալիս որոշակի օրինաչափություն․ Հայաստանում ամենից հաճախ գործադուլի են դիմել 2018 թ․-ին (իշխանափոխության ընթացքում տեղի ունեցած գործադուլերը հաշվարկվել են մեկ անգամ՝ հիմք ընդունելով դրանց մեկ ընդհանուր պահանջը), ամենաքիչը՝ 2015-ին։    Գործադուլերի թեմատիկայում ամենից հաճախ հանդիպում են աշխատավարձերի բարձրացման կամ ղեկավարի հրաժարականի պահանջները։    Գործադուլի իրավունքը․ ներպետական օրենսդրություն Գործադուլի իրավունքը ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով։ ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում, որ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Գործադուլի իրականացման կարգը հիմնականում սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով։ Ըստ դրա՝ գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի` կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով։ Սակայն գորադուլը ծայրահեղ միջոց է, որին պետք է նախորդեն այլ փուլեր՝ կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (պարտադիր փուլ է)  կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում (եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին): Կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծելու, հաշտեցման գործընթացից խուսափելու եւ օրենքով սահմանված մի քանի այլ դեպքերում նոր միայն կարող է իրականացվել գործադուլ։ Արհեստակցական միությունն է այն միակ մարմինը, որի միջոցով, ըստ Արհմիությունների մասին ՀՀ օրենքի, հնարավոր է իրականացնել օրինական գործադուլ։ Արհմիությունը հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով։ Հայաստանում առաջին արհմիությունները կազմավորվել են 1905-1907 թթ․-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդիում, իսկ մասսայական տարածում՝ ստացել 1921 թ․-ին։ Անդամների թիվն էապես ավելացել է 1950-ականներին՝ հետպատերազմյան շրջանում։ Խորհրդային տարիներին, սակայն, արհմիությունները ձեւական բնույթ էին կրում եւ սերտաճած էին պետական կառավարման համակարգին։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ որպես աշխատողների շահերը ներկայացնող մարմին՝ արհմիությունների արդյունավետության մակարդակն ու դերը շարունակեց մնալ ցածր՝ կապված նաեւ այն հանգամանքի հետ, որ խորհրդային արհմիություններն օգտվում էին պետական աջակցությունից ու այդպիսով աշխատավորների համար նյութական արտոնություններ ստեղծում։ Արհմիությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ։   ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաեւ, որ նախատեսվող գործադուլի մասին արհմիությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն 7, իսկ անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպիսին Կոմբինատն է, 14 օր առաջ: Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից, իսկ գործատուն իրավունք է ստանում ցանկության դեպքում գործադուլի մասնակիցներին աշխատավարձ չվճարել: Սակայն գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը):  Չնայած օրենսդրական այս պահանջին՝ գործադուլներին հաճախ ազատումներ են հաջորդում։ Գործատուները աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից՝ կազմակերպված ակցիաները օրենքի իմաստով գործադուլ չհամարելով կամ հղում կատարելով Աշխատանքային օրենսգրքի այն դրույթներին, որոնց համաձայն՝ գործատուն կարող է սեփական նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը, եթե նա կորցրել է վստահությունը աշխատողի նկատմամբ, որը կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Հենց սա է, ի թիվս այլնի, դրված ԶՊՄԿ-ի աշխատակիցների, ինչպես նաեւ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլավոր վարորդներին աշխատանքից ազատելու որոշման հիմքում։    ԶՊՄԿ-ի օրինակը․ ինչ են ասում կողմերը Մեր զրույցում ԶՊՄԿ-ի նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը պատմում է՝ ինչպես է իրականացվել իրենց կազմակերպած գործադուլը։ Մխիթարյանի խոսքով՝ իրենք նախ գրավոր ծանուցել են նախազգուշական գործադուլի մասին։ Նախազգուշական գործադուլը, ըստ Աշխատանքային օրենսգրքի, չի կարող շարունակվել 2 ժամից ավելի: Գործադուլ իրականացնելու որոշումը պետք է գաղտնի քվեարկությամբ հավանության արժանանա քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից։ Տվյալ դեպքում, ըստ Մխիթարյանի, այդ ցուցանիշն ապահովվել է․ կոմբինատի 4600 աշխատակցից ստորագրահավաքին միացել է 2448-ը։ Վահե Մխիթարյանը շեշտում է՝ իրենք հավաքված ստորագրությունները տրամադրել են միությանը, սակայն վերջինս անարձագանք է թողել այն․ «Հունվարի 31-ին մեզ հաջողվեց հանրային ճնշման ներքո գալ համաձայնության եւ հանդիպել Կոմբինատի տնօրենի՝ Ռոման Խուդոլլիի հետ։ Մոտ 2․5 ժամ տեւած բանակցությունները անարդյունք եղան, նույնիսկ կասեի` ոչ կառուցողական․․․ Ի վերջո, տնօրենը հայտարարեց՝ եթե ուզում եք կանգնեցնել աշխատանքը, գնացեք, կանգնեցրեք; Դրանից անմիջապես հետո այդպես ինքնաբուխ գործադուլը ստացվեց։ Այսինքն՝ մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ ընդամենը 2 ժամ պետք է կանգնեցնենք աշխատանքը, որովհետեւ առաջնորդվում էինք չվնասելու սկզբունքով, բայց քննարկումներից հետո այդ էմոցիոնալ ֆոնի վրա, ինքնաբուխ գործադուլ ստացվեց»։ Դրանից հետո «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը հայտարարեց՝ վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում եւ չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Կատարվածի առնչությամբ նաեւ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվեցին։ Հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնիրավչության հոդվածով։ Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ որպես մեղադրյալ ներգրավված անձինք այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է։ Ի վերջո 11 օր անց՝ 8 աշխատակցի հեռացնելուց հետո միայն, երբ Կոմբինատը հայտարարեց, որ խոստանում է աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով, գործադուլը դադարեց։ Վահե Մխիթարյանը ընդգծում է՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ այնպիսի գործադուլ, որը կհամապատասխանի օրենքի բոլոր կետերին, ըստ ամենայնի, տեղի չի ունեցել․ «Ենթադրում եմ՝ օրենքը ուղղակի փոխառնվել է զարգացած երկրներից որեւէ մեկից, բայց չի տեղայնացվել եւ ցավոք սրտի, մեր հասարակությունը եւ գործատուները, դեռեւս չունեն այն իրավագիտակցությունը եւ մշակույթը, որ այդ օրենքը գործարկվի»,- ասում նա։ Մեր զրույցում ԶՊՄԿ-ից նշեցին, որ հավելյալ մեկնաբանություն չունեն՝ առաջարկելով դիմել Ճյուղային արհմիությանը։ Մանրամասները՝ տեսանյութում   Ինչ խնդիրներ են մատնանշում մասնագետները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը մեր զրույցում նշում է՝ աշխատանքային իրավունքների պահպանման, աշխատողների եւ գործատուների իրավագիտակցության հարցում այսօր կա որոշակի առաջընթաց, սակայն դեռ շատ անելիքներ կան։ Առկա օրենսդրական ընթացակարգերը Բարիկյանը երկար ու բարդ է որակում, նշում՝ դրանք գործնականում խոչընդոտում են աշխատողների` օրինական գործադուլ կազմակերպելու հնարավորությունը։ Արհեստակցական կազմակերպությունները գործադուլ հայտարարելու համար պարտավոր են անցնել փուլերով, ինչը լրջորեն սահմանափակում է նրանց գործողությունները։ Բարիկյանն ընդգծում է՝ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ամեն տարի հրապարակում է Իրավունքների գլոբալ ինդեքսը, որը կարեւոր զեկույց է ամբողջ աշխարհում ժողովրդավարության հիմնական սկզբունքների՝ աշխատողների և արհեստակցական միությունների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության և իրականացման համար պայքարի իրավիճակի մասին․ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան փաստում է կառավարությունների և գործատուների կողմից միջազգայնորեն ճանաչված կոլեկտիվ աշխատանքային իրավունքների խախտումները, մասնավորապես՝ միավորման ազատության, կոլեկտիվ բանակցությունների և գործադուլի իրավունքի: Աննա Բարիկյանը համաձայն է՝ Հայաստանի արհմիությունները դեռեւս բախվում են պատմական ժառանգության հետևանքներին, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վերջին տարիներին ակտիվ աշխատանք է իրականացրել՝ կազմակերպելով սեմինարներ և հանդիպումներ, իրազեկման արշավներ, որոնք նպաստում են արհեստակցական կազմակերպությունների վերաբերյալ կարծրատիպերի վերափոխմանը։ 2023 թվականին նույնիսկ դատական կարգով վերականգնվել է արհեստակցական կազմակերպության նախագահի լիազորությունը, քանի որ գործատուն խոչընդոտում էր նրա գործունեությունը որպես արհեստակցական կազմակերպության նախագահ․  «Ուստի, արհմիությունների միջոցով գործադուլ կազմակերպելու պահանջը ոչ միայն իրավաչափ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ աշխատողների գործադուլի իրավունքի լիարժեք իրացման համար։ Բացի գործադուլ կազմակերպելուց, արհմիությունները ներգրավված են նաև պետության և գործատուների հետ բանակցային գործընթացներում, ինչը թույլ է տալիս գտնել լուծումներ առանց ծայրահեղ միջոցների։ Եթե յուրաքանչյուր աշխատող ինքնուրույն փորձի գործադուլ իրականացնել, դա կարող է հանգեցնել անկայունության, մինչդեռ արհմիությունը տրամադրում է կառուցվածքային մոտեցում՝ պաշտպանելով ինչպես աշխատողների իրավունքները, այնպես էլ սոցիալական կայունությունը»։ «Լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանը եւս մի շարք գործնական խնդիրներ է մատնանշում։ Աշխատանքային օրենսգրքում առկա կարգավորումները, ըստ նրա, գործնականում անհնար են դարձնում գործադուլի իրականացումը․ «Վերցնենք մի օրինակ՝ մեծ կազմակերպություն, որտեղ առաջացել է կոլեկտիվ վեճ, այդ կոլեկտիվ վեճը չի հանգուցալուծվել բանակցությունների միջոցով։ Ըստ օրենսգրքի՝ պիտի գնանք գործադուլի, չէ՞, պիտի նախազգուշացնենք, սահմանված ժամկետում մեր իրավական պահանջները ներկայացնենք գործատուին, եւ կամ պիտի ստեղծվի հանձնաժողով, արձագանք լինի, կամ բողոք լինի դատական կարգով, կամ ընդհանրապես հանգուցալուծում չունենա։ Այդ ժամանակ պիտի փակ քվեարկությամբ հավաքենք բոլոր աշխատողների մեկ երրորդի համաձայնությունը, բայց դեռ չկա սահմանված որեւէ կարգ, թե ինչպես պիտի դա անես, որ գործատուն չբողոքարկի։ Կոնֆեդերացիան բղավում է այս մասին, բայց մեր գործընկերները` ի դեմս ՀՀ կառավարության, ականջալուր չեն»,- ասում է Փահլեւանյանն ու ընդգծում՝ ԱԺ-ում աշխատավորները չունեն իրենց գեթ մեկ ներկայացուցչին, որպեսզի կարողանան անմիջականորեն բարձրաձայնել խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում   Գործադուլի իրավունքը․ միազգային փաստաթղթեր Աշխատողների իրավունքների վերաբերյալ միջազգային առաջնահերթ փաստաթղթերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն են։ 1948 թ․-ին Կազմակերպությունն ընդունել է Միավորման ազատության եւ կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիա (ՀՀ-ն վավերացրել է 2005 թ․-ին), իսկ 1949 թ․-ին՝ Կազմակերպվելու եւ կոլեկտիվ բանակցությունների իրավունքի մասին (ՀՀ-ն վավերացրել է 2003 թ․-ին)։  Գործադուլի իրավունքն ուղղակիորեն ամրագրված է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ 1966 թ․-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում, որը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար (ՀՀ-ն անդամ է 1992 թ․-ից)։  Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան էլ սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը (հոդված 11)։ Բարիսը եւ մյուսները ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ գործադուլը, սկզբունքորեն, պաշտպանված է 11-րդ հոդվածով միայն այն չափով, որ կազմակերպվում է արհեստակցական միությունների կողմից եւ համարվում է արհեստակցական միության գործունեության ոչ թե ենթադրյալ, այլ արդյունավետ մաս (Barış and Others v. Turkey (dec.), § 45): Մի շարք վճիռներում Եվրոպական դատարանը նշել է, որ գործադուլի արգելքը պետք է համարվի արհեստակցական միության` իր անդամների շահերը պաշտպանելու լիազորության սահմանափակում և հետևաբար, միավորման ազատության սահմանափակում (UNISON v. the United Kingdom (dec.), 2002; Hrvatski liječnički sindikat v. Croatia, 2014, § 49; Veniamin Tymoshenko and Others v. Ukraine, 2014, § 77): Այս համատեքստում, ըստ ՄԻԵԴ-ի, որեւէ սահմանափակում դրանց անդամներին  չպետք է ենթարկի վնասներ կրելու կամ աշխատավարձի իջեցման կամ աշխատանքային այլ պայմանների վատթարացման ապագա փորձերի դեպքում անպաշտպան մնալու իրական կամ անմիջական վտանգի (UNISON v. the United Kingdom )։ Գործադուլի կարգավորման միջազգային փորձից խոսելիս հարկ է հիշատակել նաեւ եվրոպական երկրների օրինակը։ Գերմանիայի Սահմանադրության 9-րդ հոդվածն է ամրագրում միավորման ազատությունը, որն ընդգրկում է ինչպես արհմիությունների ստեղծման, այնպես էլ գործադուլի իրավունքը։ Գործադուլ հայտարարելու ընթացակարգը հիմնականում ձևավորվել է դատական պրակտիկայով և արհմիությունների կանոններով։ Գործադուլից առաջ գերմանական արհմիությունները պետք է վարեն բանակցություններ գործատուի հետ՝ նոր պայմանագիր կնքելու կամ պահանջներ ներկայացնելու նպատակով։ Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամանակահատվածում գործում է «խաղաղության պարտավորությունը» (Friedenspflicht), որն արգելում է գործադուլները պայմանագրի գործողության ընթացքում: Սա ապահովում է կայունություն և կանխատեսելիություն։ Գործադուլի ծանուցման ժամկետը (Ankündigungsfrist) Գերմանիայում հստակ սահմանված չէ, բայց ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ ծանուցումը պետք է արվի «հիմնավոր և համապատասխան ժամկետում» (angemessene Frist), որպեսզի գործատուն կարողանա կազմակերպչական քայլեր ձեռնարկել։  Ընդհանուր առմամբ, օրինական գործադուլի մասնակցությունը չի կարող պատճառ դառնալ աշխատանքից հեռացման։ Բայց կա բացառություն՝ հավատարմության երդման խախտումը (Verletzung der Treuepflicht). եթե գործադուլի ընթացքում աշխատակիցը ծանր ձևով խախտի իր վերաբերմունքը գործատուի հանդեպ (օրինակ՝ վիրավորական արտահայտություններ, ֆիզիկական բռնություն), գործատուն կարող է կիրառել խիստ կարգապահական միջոցներ՝ մինչև աշխատանքից ազատում։ Ֆրանսիայում եւս գործադուլի իրավունքը ամրագրված է սահմանադրական մակարդակով: 1946 թվականի Սահմանադրության նախաբանը, որը 1958 թվականի ներկայիս Սահմանադրության անբաժանելի մասն է, ուղղակիորեն ճանաչում է գործադուլի իրավունքը որպես հիմնարար իրավունք: Սակայն ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայում գործադուլը համարվում է աշխատողի անհատական իրավունք, որը կարող է իրականացվել կոլեկտիվ կերպով: Սա նշանակում է, որ արհմիության մասնակցությունը պարտադիր չէ: Ֆրանսիայում գործադուլ հայտարարելու համար չկան խիստ պահանջներ, ինչպիսիք են նախնական բանակցությունների պարտադիր լինելը կամ հատուկ ծանուցման ժամկետները (բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի, որտեղ գործում է 5 օրվա ծանուցման եւ բանակցություններ վարելու պահանջ): Հանրային ծառայությունների ոլորտում գործում է «նվազագույն ծառայության» (service minimum) պահանջը, որը նշանակում է, որ անգամ գործադուլի դեպքում պետք է ապահովվի հիմնական ծառայությունների մատուցումը: Ֆրանսիայում տարածված են կարճաժամկետ նախազգուշական գործադուլները, որոնք սովորաբար տևում են մեկ օր կամ նույնիսկ մի քանի ժամ՝ հիմնականում ճնշում գործադրելու և բանակցային դիրքեր ամրապնդելու նպատակով: Այսպիսով, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում գործադուլի իրավունքն ունի սահմանադրական արժեք։ Ներպետական կարգավորումները, սակայն, այնքան խրթին ու տեւական են, որ գործնականում գրեթե անհնարին են դարձնում օրինական գործադուլի հնարավորությունը, ինչը փաստում են թե՛ աշխատողները, թե՛ Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։ Իսկ դրա բացասական հետեւանքները կրում են աշխատավորները։   Միլենա Խաչիկյան
21:01 - 30 ապրիլի, 2025