Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

2024 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի առանձնազրույցը։ Ողջունելով իրաքցի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պաշտոնական այցը կնպաստի դրանց դինամիկ զարգացմանը։ Ջասիմ Մուհամմադ Աբուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տարբեր ոլորտներում հայ-իրաքյան բարեկամությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերությունների զարգացման և կապերի ամրապնդման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները՝ երկու երկրների Բարձր դատարանների համագործակցությունը դարձնելով առավել գործնական և արդյունավետ։  
Այսօր 14:31
Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում․ Փաշինյան
 |civilnet.am|

Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության մասին Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նշելով, որ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. «Արդյոք Ադրբեջանը ցանկանո՞ւմ է, որ ՀՀ Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ իր նկատմամբ, թե՞ անկեղծ մտահոգություններ ունի այդ հարցի շուրջ»։ Վարչապետը կենտրոնացավ երկրորդ հարցի վրա՝ առաջինը որակելով որպես «ուրիշ դեպք»։ «Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, որտեղ նշված է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։ Այդ հարցը ներկայացվում է Սահմանադրական դատարան։ Եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա արձանագրվում է, որ մենք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, և մենք պետք է դիրքորոշվենք այս իրավիճակի նկատմամբ։ Հակառակ դեպքում, եթե ՍԴ-ն հաստատում է, որ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն փաստը, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, ստանում է իրավական ուժ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ վերանում են, միաժամանակ լուծվում են Հայաստանի մտահոգությունները։ Փաշինյանը նշեց, որ թեև Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ՝ կառավարությունն այդ հարցը չի բարձրաձայնում. «Մենք այդ մասին չենք խոսում, քանի որ այն գործընթացը, որը տեղի է ունենալու Հայաստանում (նկատի ունի խաղաղության պայմանագրի վավերացումը ՍԴ-ում – խմբ.), հայելային կերպով տեղի է ունենալու նաև իրենց մոտ, և այդ հարցը լուծվելու է»,- ասաց նա։
18:10 - 11 սեպտեմբերի, 2024
ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը

 |factor.am|

ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը |factor.am|

factor.am: Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան, այս մասին Factor.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանի հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նաև տեղեկացրին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի հարցի քննությունը նշանակված է սեպտեմբերի 24-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ այսօր հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի կառավարությունն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։ Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով վավերացման: Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս ուշ ստորագրվեց։ Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նաև նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - ասված է կանոնակարգի տեքստում։
16:31 - 10 սեպտեմբերի, 2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
 |azatutyun.am|

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի: Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման: Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ: Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։
16:29 - 10 սեպտեմբերի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ |armenpress.am|

armenpress.am: Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ. Հարց - Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության, հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։  Պատասխան – Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։  Հարց- Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։ Պատասխան – Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:   Հարց - Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։ Պատասխան –  Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։  Հարց – Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։ Պատասխան – Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:  Հարց – Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։ Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:  Հարց – Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։ Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։ Հարց - Որքա՞ն ժամանակ կարող է տեւել վավերացման գործընթացը: Պատասխան - Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը: 
11:42 - 30 օգոստոսի, 2024
Այս գործի նպատակն էր ազատվել ՍԴ նախագահից եւ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում. Հրայր Թովմասյանի պաշտպան
 |news.am|

Այս գործի նպատակն էր ազատվել ՍԴ նախագահից եւ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում. Հրայր Թովմասյանի պաշտպան |news.am|

news.am: Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապօրինի, որի միակ նպատակը ՀՀ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն էր, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից և հնարավորություն ունենալ ՀՀ-ում իրականացնել սահմանադրական հեղաշրջում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը: «Նշածս ապացուցվում է դատական նիստում ներկայացված ապացույցներով, այդ թվում մամուլում ներկայացված, այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից տրված հարցազրույցում, որտեղ հստակ մատնանշվել է, որ իրեն հորդորել են, որպեսզի ինքը միջամտի Հրայր Թովմասյանի գործունեությանը՝, որ ինքը գործեր կարի, որ կանչի բարեկամներին եւ դրա շրջանակներում հասնի նրան, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա»: Նա հավելեց, որ դատավարության ընթացքում դատավարական գործընթացները տեղի են ունեցել, ընդհանուր ռամամբ Քրեական օրենսգրքի շրջանակներում մի շարք խախտումներով։ «Նախագահողը չի կարող համարվել օրինական, քանի դեռ չի քննարկվել  իմ բացարկի միջնորդությունը և դրա վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացվել։ Երբ դատավարական գործընթացը տեղի է ուենում օրենքի խախտումներով և դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ՝ տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների 6-րդ հոդվածի խախտում»,- հայտարարեց Օրբելյանը։ Տաթևիկ Գրիգորյանն փաստաբանին հորդորեց պաշտպանական ճառում անդրադառնալ գործում առկա մեղադրանքներին, հակառակ դեպքում ինքը կընդհատի պաշտպանական կողմի ճառը։ Օրբելյանը նաև հայտարարեց, որ ենթադրաբար նկարագրված արարքը չի հաստատում, որ կատարվել է Հրայր Թովմասյանի կողմից, մեղադրանքի մեջ որոևէ արարք նկարագրված չէ։ Նրա խոսքով, գործում մեղադրանքները պասիվ սեռով են նկարագրված, չի նշվում, որ Հրայր Թովմասյանն է արել ենթադրյալ արարքը, այլ նկարագրված է այլ անձանց գործողությունները. «Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ: Մեղադրանքում ընդամենը գրված է, որ կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի տակ արարք նկարագրված չէ։ Բայց հետագայում կներկայացնեմ, որ այն, ինչ նկարագրված է թե ենթադրաբար կարող էր դիտվել օրինախախտում, չի կատարվել Հրայր Թովմասյանի կողմից և չի հաստատվում սույն քրեական գործի շրջանակներում»,- ընդգծեց պաշտպանը: «Հրայր Թովմասյանը օժտված լինելով ՍԴ դատավորի կարգավիճակով, նրա նկատմամբ կիրառելի են 2005 թվականի Սահմանադրության կարգավորումները, նա չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քրեական գործով որեւէ կարգավիճակ ունենալ առանց ՍԴ համապատասխան որոշման: Այս ողջ ընթացքում չի ներկայացվել ՍԴ համապատասխան որոշումը»,-ասաց Արամ Օրբելյանը: Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
13:33 - 28 օգոստոսի, 2024
Ինչ է տեղի ունեցել Հրայր Թովմասյանի գործով նիստին․ պարզաբանում են դատավոր  Տաթևիկ Գրիգորյանն ու պաշտպան Արամ Օրբելյանը
 |factor.am|

Ինչ է տեղի ունեցել Հրայր Թովմասյանի գործով նիստին․ պարզաբանում են դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ու պաշտպան Արամ Օրբելյանը |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ներկայացել էր նրա գործով դատական նիստին։ Դատարանը նիստերի դահլիճից 10 ժամով հեռացված Հրայր Թովմասյանից գրություն էր ստացել այն մասին, որ ցանկանում է, որ իր շահերի պաշտպանությունը կրկին իրականացնի նաև պաշտպան Միհրան Պողոսյանը, որի հետ մեկ ամիս առաջ էր դադարեցրել պայմանագիրը։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ այսօրվա նիստի ընթացքում նախատեսվում է ունկնդրել պաշտպանական ճառը։ Մինչ այդ, դատավորը նշեց, որ փոստային առաքմամբ Օրբելյանին ուղարկել է նրա բացակայությամբ տեղի ունեցած դատական նիստերի արձանագրության կրիչները։ Օրբելյանը, սակայն, ծանոթանալով փոստային առաքանին  ստանալու հավաստագրին, նկատեց, որ այն ուղարկվել է Շերամի փողոցում գտնվող ինչ-որ հասցեով, որն իր հետ կապ չունի։ Ավելին, հայտարարեց, որ ստացականի վրա առկա ստորագրությունն իրենը չէ։ Օրբելյանը նշեց՝ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական ճառ է ընթերցվել, խնդրեց ճառը, ինչպես նաև իր բացակայությամբ կայացած նիստերի արձանագրություններն իրեն տրամադրել։   Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշել է Թովմասյանի սանիկ, նույն գործով մեղադրյալ Նորայր Փանոսյանի մասն առանձնացնել Հրայր Թովմասյանի գործից։ Արամ Օրբելյանը պահանջել է տրամադրել գործն առանձնացնելու որոշումը և հետաձգել նիստը, սակայն դատավորը չի հետաձգել, ինչից հետո Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը։ Այնուհետև պաշտպանը մեկնել է արձակուրդ, որի մասին դատարանը նախապես տեղյալ է եղել։ Մինչ այդ՝ հուլիսի 23-ին, Հրայր Թովմասյանի և նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանի միջև համաձայնագիրը լուծվել էր, և ստեծվել է իրավիճակ, որ Թովմասյանը դատարանում պաշտպան չի ունեցել։ Այս իրադարձություններին հաջորդել են Հրայր Թովմասյանին նիստերի դահլիճից հեռացնելու և նրա համար հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դատարանի որոշումները, սակայն նախորդ՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած դատական նիստին Թովմասյանի գործով ներգրավված հանրային պաշտպանը գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն արձակուրդում է գտնվելու և ներկայանալ չի կարող։   Նախորդ նիստի ընթացքում մեղադրող կողմը դիրքորոշում է հայտնել, որ պաշտպաններն ամեն կերպ փորձում են ձգձգել գործի քննությունը, և չնայած դատարանը ևս համաձայն է մեղադրանքի կողմի հետ, այսօր որոշեց հետաձգել նիստը, սակայն միաժամանակ հանդես եկավ վերջին շրջանում Թովմասյանի գործով տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներով, որն ավելի շատ նման էր դատավճռից հատվածի։   «Սույն քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2020 թվականի մարտին և գործի քննության ողջամիտ ժամկետների՝ որպես արդար դատաքննության իրավունքի  բաղադրատարր, ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, դատարանը դատավարության մասնակիցների հետ դեռևս 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերել շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակելու վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսի 25-ի դրությամբ, այսինքն՝ երբ դատարանը որոշում է կայացրել  Նորայր Փանոսյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, ընդհանուր առմամբ, դատարանի կողմից նշանակված են եղել 132 դատական նիստեր, որոնցից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով, որոնցից միայն 31-ը՝ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ընթերցեց դատավորը։   Նա նշեց, որ Թովմասյանի բացակայությունների գերակշիռ մասը պայմանավորված է եղել վերջինիս՝ Սահմանադրական դատարանում դատական կազմի նիստերին մասնակցությամբ, այն դեպքում, երբ դատարանը շաբաթական մեկ անգամ նիստեր նշանակելու որոշումը կայացնելիս Հրայր Թովմասյանի և նրա պաշտպանների համաձայնությամբ է որոշել հինգշաբթի օրերին նշանակել, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, այդ օրը Սահմանադրական դատարանում նիստեր չէին նշանակվում։   «Ընդ որում՝ հետագայում Սահմանադրական դատարանից ստացված գրությամբ պարզվել և հաստատվել է, որ դատական կազմի նիստերը նշանակվում են դատական կազմի նախագահողի կողմից, իսկ տվյալ ժամանակահատվածում նախագահողը եղել է հենց Հրայր Թովմասյանը։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ Հրայր Թովմմասյանը դատական կազմի նիստերը նշանակել է հինգշաբթի օրերին՝ հենց իր գործով դատական նիստերի ժամերին՝ արհեստականորեն ստեղծելով դատական նիստերը հետաձգելու դատավարական հիմք, իր վարքագծով խոչընդոտելով դատական վարույթի բնականոն ընթացքը»,- ասաց դատավորը։   Ըստ Գրիգորյանի՝ պաշտպանության կողմի՝ դատական նիստերն անընդմեջ հետաձգելու վարքագծի մասին է վկայում նաև այն, որ ընդհանուր 73 նիստերի հետաձգման պատճառը որևէ անգամ պայմանավորված չի եղել երկու ամբաստանյալների կամ նրանց պաշտպանների միաժամանակյա բացակայությամբ։ Այդ կերպ, փաստացի, դատական նիստերի հետաձգման հիմքը յուրաքանչյուր դեպքում եղել է կա՛մ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի և վերջինիս պաշտպանների, կա՛մ Նորայր Փանոսյանի և վերջինիս պաշտպանների բացակայությունը։   Հատկանշական է, որ 2024 թվականի հուլիսի 25-ի դատական նիստում ամբաստանյալ Նորայր Փանոսյանի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնվելու և բուժում ստանալու հետևանքով դատական նիստը հետաձգելու դատավարական հիմքն արդեն առկա լինելու պայմաններում, երբ դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործն անջատելու, իսկ Հրայր Թովմասյանի գործի քննությունը շարունակելու մասին, պաշտպանության կողմի՝ հերթական դատական նիստը հետաձգելու նպատակի ձախողումը հանգեցրել է նրան, որ  նիստը խափանելու միակ և վերջին միջոցը դարձել է առանց դատարանի թույլտվության պաշտպան Արամ Օրբելյանի՝ նիստերի դահլիճը լքելը, իսկ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի դեպքում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հետևանքով դատարանի դահլիճից հեռացվելը։ Ընդ որում, մինչև դատական նիստերի դահլիճը լքելը դատարանը մի քանի անգամ հորդորել է պաշտպան Օրբելյանին չլքել դահլիճը և պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար շարունակել  ներկայացնել դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդությունները, սակայն պաշտպանության կողմը նախընտրել է ոչ թե ներկայացնել դրանք, այլ պարզապես դատական նիստը խափանել՝ գիտակցելով անգամ դրա հետևանքով դատական սանկցիաներ կիրառելու հնարավորությունները։   «Նշվածի համատեքստում դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ պաշտպան Օրբելյանը դատական նիստերի դահլիճը լքել է այն պատճառով, որ դատարանն այդ պահին իրեն չի տրամադրել գործից մաս տրամադրելու վերաբերյալ որոշումը և չի հետաձգել դատական նիստը, ինչը որևէ կերպ չէր կարող արդարացնել պաշտպանի վարքագիծը, քանի որ նշվածը դատական նիստը հետաձգելու դատավարական հիմք չի հանդիսանում, ինչպես նաև դատարանն այդ որոշումը կողմերին անհապաղ տրամադրելու պարտականություն չունի։ Հատկանշական է նաև այն, որ պաշտպան Արամ Օրբելյանը չի բողոքարկել իր նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը»,- ասաց դատավորը։    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
18:02 - 22 օգոստոսի, 2024
Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ՍԴ որոշումից հետո իր գործը վերանայելու պահանջով |factor.am|

Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ՍԴ որոշումից հետո իր գործը վերանայելու պահանջով |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ Բացի այդ՝ նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբանները։ ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։
16:58 - 20 օգոստոսի, 2024
Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև
 |azatutyun.am|

Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ «Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը: 2008-ի արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, այս որոշումը սակայն, դեռ ուժի մեջ չի մտել։ Նախկին նախագահի արդարացման պատճառը ոչ թե այն էր, որ նա քննության արդյունքում անմեղ էր ճանաչվել, այլ՝ Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունը դեռ այդ օրերին էր հայտարարել՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը, և բողոքարկել էր արդարացման դատավճիռը Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։ Իր հերթին, Վճռաբեկ դատարանը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս և Սահմանադրության հետ խնդիր ունի, ու չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։ 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։ Մեղքը չընդունող երկրորդ նախագահի փաստաբանը պնդում է՝ Սահմանադրական դատարանը սխալ ճանապարհով է գնացել՝ դուրս է եկել իր լիազորություններից: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:11 - 26 հուլիսի, 2024
Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել
 |1lurer.am|

Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել |1lurer.am|

1lurer.am: Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը: Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: Բարձր դատարանը որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակվել: Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է
21:28 - 22 հուլիսի, 2024
ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով

ՍԴ-ն որոշել է վարույթ սկսել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականության հարցով

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հիշեցրել է, որ 2022 թ․ այս անհեթեթ և գաղտագողի «թխված» հոդվածի հիման վրա է իր դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և իրենք ի սկզբանե դատարանում վիճարկել են ոչ միայն իր մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ «Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։ Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մանտնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը Խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար»,- գրել է Ավետիք Չալաբյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։ Խորհրդարանական ընդդիմությունն դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «նյութապես շահագրգռման» մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ ՍԴ-ն որոշել է գործն ընդունել քննության և դատաքննությունը սկսել 2024թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին։
10:18 - 09 հուլիսի, 2024
Սահմանադրությունը մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար, այն պետք է դառնա հասարակության կենսակերպ․ ՍԴ նախագահ |armenpress.am|

Սահմանադրությունը մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար, այն պետք է դառնա հասարակության կենսակերպ․ ՍԴ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առիթով «Արմենպրես»-ի հետ զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։   - Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Ըստ Ձեզ՝ այդ օրվանից մինչ այսօր ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ են արձանագրվել:  -Սահմանադրությունն ինքնին մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար։ Ուզում եմ, որ մենք սա խորապես գիտակցենք։ Սահմանադրությունը պետության անկախության և ամբողջականության ամենակարևոր երաշխիքն է։  Ինչ վերաբերում է ձեռքբերումներին և բացթողումներին, ապա պետք է տեսնենք, թե ինչպես է զարգանում պետությունը, ինչպես են զարգանում պետություն-անհատ, պետություն-հասարակություն հարաբերությունները։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում պետական ինստիտուտները, քաղաքական համակարգի մյուս մասնակիցները։ Եթե տեսնենք մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, անհատի նկատմամբ պետության դրական վերաբերմունքի պրոգրեսիվ զարգացում, պետական մարմինների սահմանադրամետ վարքագիծ, իրավական օրենքներ՝ ուղղված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանությանը, արդյունավետ մեխանիզմներ օրենքների իրականացման համար, քաղաքական համակարգի հասունություն, ապա կարձանագրենք նաև Սահմանադրության ձեռքբերումները։ Եթե մենք դրանք չտեսնենք, ապա կարձանագրենք Սահմանադրության բացթողումները։  Սա է, կարծում եմ, ամենահիմնական բանաձևը, որով պետք է բացահայտենք ձեռքբերումները և բացթողումները։  Պետք է միշտ հիշենք և սերմանենք Սահմանադրության կարևորությունը հասարակության բոլոր շերտերում։ Պետք է ձևավորենք սահմանադրական մշակույթ։ Եվ այս համատեքստում մեկ բացթողում կցանկանայի նշել, որ մեր պետության ներսում բացակայում է սահմանադրական մշակույթը։ Սահմանադրական դատարանում նկատում ենք, որ այն խնդիրները, որոնք առաջանում են պետական ինստիտուտներում, իրականում կարող էին շատ հեշտ լուծվել, եթե լիներ կամք ձևավորելու այդ խնդիրների լուծման սահմանադրական ավանդույթներ։ Իհարկե, երբ այդ խնդիրները հայտնվում են Սահմանադրական դատարանում, մենք իրավական մեկնաբանությունների միջոցով տալիս ենք լուծումները, բայց խնդիրներ կան, որոնք կարող էին առանց բարդ իրավական ընթացակարգերի  սահմանադրական ավանդույթների միջոցով լուծվել, և այդ ամենը կլիներ գեղեցիկ վարքագիծ։ Եվ դա իր հերթին շատ լավ քայլ կլիներ սահմանադրական մշակույթի ձևավորման, կայուն և հարատև ժողովրդավարական ինստիտուտներ ունենալու գործում։ - 2018 թվականից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից շատ է խոսվել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Դուք այս մասով ի՞նչ դիրքորոշում ունեք, արդյոք գործող Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն կա՞:  - Շնորհակալություն հարցի համար, բայց, ցավոք, ճիշտ պաշտոնյայի չեք ընտրել այդ հարցը տալու համար։ Ես և Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր էթիկական և օրենքով նախատեսված սահմանափակում ունենք այդ հարցերին պատասխանելու համար։ Կբացեմ, թե խոսքը ինչի մասին է։ Էթիկական առումով Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար Սահմանադրությունը իդեալական փաստաթուղթ է։ Դա այն կարևորագույն փաստաթուղթն է, որի պաշտպանությանն է կոչված Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ գործ ունենք իդեալական, ինքնաբավ փաստաթղթի հետ։ Հետևաբար, ես որևէ պարագայում չեմ կարող ասել կա՞, թե՞ չկա Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն։  Որպես Սահմանադրական դատարանի նախագահ,  Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել՝ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից։ Ժողովուրդն այս առումով ազատ է, ինքն է որոշում փոխե՞լ, թե՞ չփոխել Սահմանադրությունը։ Եվ, եթե ժողովուրդը գնաց այդ ճանապարհով և համաձայնեց այդ նախաձեռնության հետ, ապա այդ գործընթացը ինչ-որ մի օր գալու է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ փոփոխությունների վերաբերյալ որոշում կկայացնի։ Եվ այդ պարագայում, եթե ես կարծիք արտահայտեմ՝ կա՞ անհրաժեշտություն Սահմանադրության փոփոխության, թե՞ ոչ, ապա ես ինքս կսահմանափակեմ այդ գործին մասնակցելու իմ իրավունքը և կկորցնեմ վստահությունն անաչառ դիտորդի մոտ։ Առավել մամրամասն՝ armenpress.am-ում։
10:23 - 05 հուլիսի, 2024
ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը՝ կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակման մասին

ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը՝ կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակման մասին

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Դիմումով բարձրացվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 30-րդ, 31-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։ Վիճարկվող դրույթները վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում, ինչպես նաև դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում) կիրառման առնչությամբ սահմանում են բացարձակ արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող՝ 53 տարին լրացած, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` նշված կարգավորումները խնդրահարույց են խտրականության արգելքի սկզբունքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի տեսանկյունից՝ նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով միջամտում են անձի վերարտադրողական ինքնավարությանը, ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը, տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով։ Ըստ Պաշտպանի` օրենսդրական նման սահմանափակումները հակասում են վերարտադրողական իրավունքի իրացման համատեքստում Եվրոպական դատարանի այն տրամաբանությանը, որ ընդհանուր արգելքը՝ ծառայությունների հասանելիությունից օգտվելու համար, առանց անհատական հանգամանքները հաշվի առնելու, համաչափ չէ: Ավելին, դրանք չեն բխում Կառավարության՝ իր առջև դրված վերարտադրողականության ու ծնելիության մակարդակի բարելավման նպատակից։ Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը, նախատեսելով կանանց համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:20 - 27 հունիսի, 2024