ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո

ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է արել․ որտեղ, մասնավորապես, ասվում է․  «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագոյն սպառնալիքներ։ Արցախի յանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանութիւնը ամէն կերպ մոռացութեան է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրաւունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազօրութիւն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունէութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարուել այդ իրաւունքներից։ Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը հայութեան օրակարգի վրայ են եւ մինչեւ չլուծուեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիւ եւ իրական խաղաղութիւն։ Հ.Յ.Դաշնակցութիւնը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանութիւնը։ Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ։ Համոզուած ենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մէկն է՝ հայկական պետականութեան փրկութիւնը»։
09:15 - 29 մարտի, 2024
Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, ում երեկ բերման էր ենթարկել ԱԱԾ-ն, մեկ ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։ Փաստաբան Վահե Եփրիկյանն «Ազատությանն» ասաց, որ քննիչը 2 ամսվա կալանք է պահանջել, դատավորը մասնակի է բավարարել ու մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և պնդում է, որ որևէ առնչություն չունի այդ ամենի հետ։ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ: Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։    
17:51 - 14 մարտի, 2024
«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։ Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։ Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։ Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն  «Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Պատիվ ունեմ» դաշինք «Ազգային անվտանգություն» կուսակցություն «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն «Հայաստանի հանրապետական» կուսակցություն «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն «Միասին» շարժում»,- նշված է հայտարարության մեջ:
10:50 - 14 մարտի, 2024
Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի (հղումը` մեկնաբանություններում), և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ ֊ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե《 ... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են》խստագույնս չափազանցված է։ Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին Դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ  Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը: Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
22:50 - 13 մարտի, 2024
Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է Էրդողանի ռեժիմին․ Հայ դատի Կանադայի հանձնախումբ

Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է Էրդողանի ռեժիմին․ Հայ դատի Կանադայի հանձնախումբ

Հայ դատի  Կանադայի հանձնախումբը  դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը։ Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբերին Թուրքիային զենք վաճառելու մորատորիում սահմանելուն, կառավարությունը 2020թ․ գարնանը թույլ էր տվել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։ 2020թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուց հետո, ի հայտ եկան էական ապացույցներ Թուրքիայի կողմից սարքավորումները դեպի Ադրբեջան անօրինական  տարանցելու վերաբերյալ, ինչը  խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները և հանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրության WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչության դեմ։ Ներքին հետաքննության և խորհրդարանական ստուգումների արդյունքում կառավարությունը 2021 թվականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թույլտվությունները։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան հետևողականորեն անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացվում են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայության նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, և անգամ ևս իրեն վտանգում է՝ մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը և խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը: Կանադայի կառավարությունը պետք է վերջ տա կեղծավորությանը և կարճաժամկետ քաղաքական նկատառումների փոխարեն առաջնահերթություն տա մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը: Հայ դատի հանձնախումբը կառավարությանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգություններին։ Թեև ի գիտություն ենք ընդունել զենքի արտահանման թույլտվությունները չեղարկելու կամ կասեցնելու կառավարության որոշումը այն պարագայում,  երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն, մենք Կանադայի կառավարությանը կոչ ենք անում ընդհանրապես չեղարկել այս որոշումը և վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ՝ դրանով իսկ վերահաստատելով հավատարմությունը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին:
13:20 - 30 հունվարի, 2024
Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Բյուրո

Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։ Անտարբերության, սեփական ուժերի նկատմամբ թերահավատության, պառակտվածության, ազգային-պետական շահերի ստորադասման արմատացած դրսեւորումները այդպես էլ չկարողացանք հաղթահարել։ Ու դրա համար վճարեցինք շատ թանկ։ Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանում Հայաստանը եւ ողջ հայությունը տակավին շարունակում են կանգնած մնալ ճգնաժամի եւ լրջագույն մարտահրավերների առջեւ։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հեշտ ու արագ լուծումներ չկան։ Մենք խնդիր ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Արտաքին մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել առանց ներքին մարտահրավերները հաղթահարելու։ Մեր բոլորի գերխնդիրն է նոր կորուստներ ու կենսական զիջումներ, անվտանգային իրավիճակի վատթարացում թույլ չտալը։ Այս ամենը մենք ի զորու ենք անել, եթե վերականգնենք հավատը մեր ուժերի նկատմամբ ու մեր ռեսուրսների ամբողջական գույքագրմամբ պայքարենք ու գործենք առանց հոգնելու։ Միայն այդկերպ կարող ենք կանխել կորուստների, պարտության ու ազգային նվաստացման այս կործանարար ընթացքը։ Օրվա հայրենադավ վարչախմբի ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը, որը կապահովի ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, ե՛ւ Արցախի ժողովրդի ու Հանրապետության իրավունքների պաշտպանությունը եւ ընդհանրապես մեր ժողովրդի բարօրությունը։ Արդարության, արժանապատվության եւ հավասարության արժեհամակարգերի վրա հիմնված մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ։ Մենք հավատում ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությանն ու ուժին եւ վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը»։
13:43 - 10 հունվարի, 2024
ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը
 |hetq.am|

ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։ 843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։ Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։ Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստացան վարձակալության պայմանագրի արժեքի մասին տեղեկատվությունը տրամադրել գրավոր հարցմամբ։ Այդուհանդերձ դեռևս 2020 թ․-ին նույն տարածքը Կոմիտեն վարձակալության էր տրամադրում ամսական 4 միլիոն 448 հազար դրամով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:18 - 05 հունվարի, 2024
Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին

Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին։ Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։ Հանցագործ եռյակն ուղիղ ասում է` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։ Հիշեցնեմ` ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն բանաձևով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարգավորել Արցախահայերի հարցը: Վերջին 100 տարվա մեջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Ընդ որում, եթե 1915 թվականին չունեինք պետականություն, 2020 թվականին ունեինք զույգ հայկական պետություն։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանության փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագա ագրեսիան կանխելու փոխարեն, թրքահպատակ եռյակը, թշնամիների գործողությունները արդարացնելով, նրանց հրավիրում է Հայաստան։ ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը: Հ.Գ. Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»,- գրել է նա
11:25 - 29 նոյեմբերի, 2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները Սյունիք կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին հայտնում է ՀՅԴ հայաստանյան գրասենյակը։ «Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը: Հանդիպմն ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կոմից իրականացվող ծրագրերը: ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
13:12 - 18 նոյեմբերի, 2023
«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է
 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Ինքնաբացարկների դիմումները կքննարկվեն  ԿԸՀ-ի նոյեմբերի 6-ի նիստում: Նշենք, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
15:40 - 03 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ

Ցեղասպանությունը չկանխելը և բոլոր միջոցներով դրա իրականացումը չդադարեցնելը միջազգային իրավունքի նորմերով ծանրագույն հանցագործություն է։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ: «Այս պահին Արդբեջանն Արցախում հայության ցեղասպանության է իրականցնում։ Այն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։ Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։ ՀՀ կառավարության անդամները, քաղաքական մեծամասնությունը, ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը։ Կոչ ենք ուղղում նրանց՝ գնահատել պահի ծայրահեղությունը, առերեսվել իրականությանը, ցուցաբերել քաղաքական և քաղացիական խիզախում, մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասապան քաղաքականությունը և միանալ ժողովրդին։ Սա դավաճանի խարանից մաքրվելու վերջին հնարավորությունն է, այլապես անխուսափելի պատասխանատվության եք ենթարկվելու և պատմության մեջ մնալու եք որպես ցեղասպանության հանցակից»,-ասված է հայտարարությունում:
17:44 - 21 սեպտեմբերի, 2023
Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ուսանողներին ստիպել իրենց դասախոսներին դասադուլ իրականացնել։  «Բացի հատուկ նշանակության կառույցներից՝ մենք պետք է գործադուլների շարք սկսենք։ Մենք պետք է կարողանանք ամբողջ հանրապետությունով այս հրապարակի ոգին տարածել։ հավատացնում եմ ձեզ՝ այդ դեպքում է միայն հնարավոր, որ մենք կարողանանք արդյունք ապահովել»,- ասաց նա։ Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությանբ է կոմիտեն զբաղվելու։  Հիշեցնենք՝ Ազգային կոմիտե ստեղծելու մասին այսօր հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ որոշմանն են հանգել ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ «Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք նոր փուլի մեջ։ Ի տարբերություն նախորդ շարժումների՝ Փրկության կոմիտեի, Դիմադրության շարժումի, որոնք բավականին արդյունավետ բաներ անում էին, մենք հիմա մի շրջանում ենք, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է հիմա Հայաստանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Հանրահավաքի ժամանակ մարդկանց կոչ արեցին վաղը՝ Անկախության օրը, առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։ 
21:29 - 20 սեպտեմբերի, 2023
Դաշնակցությունը մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է․ հայտարարություն

Դաշնակցությունը մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է․ հայտարարություն

ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ «Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին` գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչն Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։ Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին՝ Արցախի խորհրդարանն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին, թե՛ խորհրդարանական ուժերին։ Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։ Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։ Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունը իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է»։
12:47 - 10 սեպտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի քան 200,000 գրություն է ուղարկել Բայդենին, ԱՄՆ փոխնախագահին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով կանխել ԼՂ-ում վերահաս ցեղասպանությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200,000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։ Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․ ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։ Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։ Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։ Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։ Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին վիդեոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։ Արցախի ադրբեջանական շրջափակման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ կառավարության հստակ անելիքների հրատապ անհրաժեշտության մասին հանդես են եկել նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը և Բիլ Քասիդին։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է բազմաբնույթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Արցախի ապաշրջափակմանը միտված կոնկրետ գործողությունների ձեռնարկմանը։
13:57 - 24 օգոստոսի, 2023
Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան պաշտոնական բացմանը

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան պաշտոնական բացմանը

Հայ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների ծրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին։
11:55 - 22 օգոստոսի, 2023