Դանիա

Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
18:24 - 14 մայիսի, 2024
Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցի: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։ Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։ Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ. 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ. զբաղեցնում էինք 111-րդ տեղը։ Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն: Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս: Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ: Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է: Տիկնայք և պարոնայք, Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։ Տիկնայք և պարոնայք, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ»:
17:16 - 14 մայիսի, 2024
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների  նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։  Այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։ Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը պարզապես հանգամանքների բերումով չէ, որ հայտնվել է Հայաստանում։ «Դա, կարծում եմ, լիովին համընկնում է մեր ժողովրդի մտածելակերպի հետ և դա ռազմավարություն է մեր կառավարության համար։ Դա մեր քաղաքական համոզմունքն է։ Դա նաև մեր քաղաքական ինքնությունն է, քանի որ մեր քաղաքական թիմի անդամները իրենց կյանքի մեծ մասը պայքարել են մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաստատման համար։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք այդ բոլոր արժեքները ներդնել մեր երկրում: Բայց, իհարկե, անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի պատճառով, այլ նաև գլոբալ իրավիճակի պատճառով: Որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը հիմա փլուզվում է։ Պատերազմը, որը տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, դա հետագա զարգացումների մի տեսակ նախերգանք էր»,- հայտարարել է Փաշինյանը։
17:08 - 14 մայիսի, 2024
Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը

Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է:  
13:49 - 14 մայիսի, 2024
Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
20:20 - 07 մարտի, 2024
Դանիայի խորհրդարանական պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը. վարչապետ

Դանիայի խորհրդարանական պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը. վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակների շրջանակում:  Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության և մեր հասարակության համար ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումն ունի ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները:  Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
16:00 - 07 մարտի, 2024
Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավորն է դարձել գահից մոր հրաժարվելուց հետո |armeniasputnik.am|

Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավորն է դարձել գահից մոր հրաժարվելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավոր դարձավ մոր՝ Մարգրետե II-ի գահից հրաժարվելուց հետո, որը երկիրը ղեկավարել է 52 տարի։ Մարգրետե II-ը գահից հրաժարումը ստորագրել է կիրակի Քրիստիանսբորգ թագավորական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ֆրեդերիկը գտնվում էր մոր աջ կողմում և փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո պաշտոնապես նոր միապետ դարձավ։ Ամանորի իր ուղերձում Դանիայի այժմ արդեն նախկին թագուհի Մարգրետե II-ը հայտարարել էր, որ գահից կհրաժարվի 2024 թվականի հունվարի 14-ին, երբ լրանա իր կառավարման 52-րդ տարին։ 83-ամյա թագուհին հայտարարել էր, որ գահը կթողնի որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։ Ավելի վաղ Դանիայի թագավորական պալատը հայտնել էր, որ թագուհի Մարգրետե II-ը իր նախորդներից ամենաերկարն է զբաղեցնում գահը Դանիայի ողջ պատմության ընթացքում։
19:45 - 14 հունվարի, 2024
Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը ամանորյա ուղերձի ժամանակ անսպասելիորեն հայտնել է գահից հրաժարվելու մասին |tert.am|

Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը ամանորյա ուղերձի ժամանակ անսպասելիորեն հայտնել է գահից հրաժարվելու մասին |tert.am|

tert.am: Դանիայի թագուհի Մարգրեթե II-ն անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին ազգին ուղղված ամանորյա հեռուստատեսային ուղերձի ժամանակ։ Այս մասին գրում է BBC-ն։ Պաշտոնական գահից հրաժարվելը տեղի կունենա հունվարի 14-ին. այդ օրը կլրանա նրա թագուհի դառնալու 52 տարին։ Մարգրեթե II-ի հեռանալուց հետո թագավոր կդառնա նրա ավագ որդին՝ թագաժառանգ Ֆրեդերիկը։ «Ես գահը կթողնեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին»,- ասել է միապետը։ 83-ամյա Մարգրեթե II-ը Դանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետն է, որը գահ է բարձրացել 1952 թվականին իր հոր՝ Ֆրեդերիկ IX թագավորի մահից հետո: Աղբյուրը նկատում է, որ Մարգրեթե թագուհին Դանիայում սիրված դեմք է, և շատ դանիացիներ ակնկալում էին, որ նա կմնա գահին մինչև իր մահը: Ի տարբերություն բրիտանական թագավորական ավանդույթի՝ 55-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկի թագադրման պաշտոնական արարողություն չի լինելու։ Փոխարենը նույն օրը պալատը կհայտարարի նրա գահ բարձրանալու մասին։
17:14 - 01 հունվարի, 2024
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի շրջաններից հակամարտությունից տուժած, իրենց տներից տեղահանված հայ բնակչությանը: Անհապաղ արձագանքը կկենտրոնանա ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության և խնամքի վրա: «Հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ այս օրերին լքում են Լեռնային Ղարաբաղը և հետևաբար, օգնության կարիքը զգալիորեն մեծանում է: Անհրաժեշտ է ինչպես անհապաղ օգնություն՝ ապաստանի և շտապ օգնության տեսքով, այնպես էլ հոգեսոցիալական աջակցություն: Այդ իսկ պատճառով Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը կարևոր է»,- ասել է Դանիայի Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Անդերս Լադեկարլը։ Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում բոլորն ազդված են այս օրերին և ժամերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող բազմաթիվ հայերի իրավիճակից և անորոշ ապագայից: «Իրավիճակը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով աջակցելու Դանիայի որոշումը կարևոր է։ Հուսով եմ, օգնությունը կօգնի մեղմել բազմաթիվ տուժած ընտանիքների անմիջական կարիքները։ Դանիան լիովին աջակցում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմական գործողության և դրա պատճառած մարդկային կորուստների խստիվ դատապարտմանը։ Առաջին հերթին կարևոր է խուսափել նոր սրացումներից։ ԵՄ-ում մենք ակտիվորեն աշխատում ենք հակամարտության դեէսկալացիայի և միջնորդության միջոցով երկարաժամկետ լուծման ուղղությամբ: ԵՄ-ում այլ գործողությունների տարբերակները շարունակաբար դիտարկվում են զարգացող իրավիճակի լույսի ներքո»,- նշել է Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը:
21:01 - 29 սեպտեմբերի, 2023
Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։  Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:03 - 27 հուլիսի, 2023
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին. խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-ների միջև

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին. խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 5-ին Կոպենհագենում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, դանիականը՝ ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդերս Թանգ Ֆրիբորգը: ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-դանիական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել բարձրաստիճան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը: ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշել է, որ Ադրբեջանի քայլերը միտված են խաթարելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում Արա Մարգարյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացումը և ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
14:13 - 06 ապրիլի, 2023
Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպանը մտահոգված է Լաչինի միջանցքի իրադրությամբ

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպանը մտահոգված է Լաչինի միջանցքի իրադրությամբ

Եվրամիությունը մտահոգված է Լաչինի միջանցքում տարածաշրջանային զարգացումներով և կրկնում է Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ ամբողջությամբ վերականգնելու ազատ տեղաշարժը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Տոֆտ Սորենսենը: «Եվրամիությունն ավելի ու ավելի է անհանգստանում Հայաստանի վրա մարդասիրական բացասական ազդեցության համար: Ստեղծվում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդմանն ուղղված այդքան անհրաժեշտ ջանքերին»,- նշել է դեսպանը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
16:02 - 18 հունվարի, 2023
Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ |armenpress.am|

Ֆրանսիան հաղթեց Դանիային Մբապեի դուբլի շնորհիվ |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբայի փուլի երկրորդ տուրի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Դանիայի թիմի հետ: D ենթախմբի այս հանդիպումը կայացավ Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում: Հենց մեկնարկից աշխարհի գործող չեմպիոնները մեծ ուժերով գրոհում էին: Սակայն մեկը մյուսին հաջորդող գրոհների վերջնամասում չէր բավարարում միայն վերջին, դիպուկ հարվածը: Վիճակագրությունը խոսում էր Ֆրանսիայի օգտին, սակայն Դանիայի պաշտպանությունը գործում էր գրեթե անթերի: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:   Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան այնուամենայնիվ իրացրեց իր պահը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն: Սակայն Դանիայից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Կրիստիանսենը: Հանդիպման վերջնամասում Մբապեն դարձավ նաև դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ 86-րդ րոպեին:   Ֆրանսիա-Դանիա` 2:1:   Այս տուրից հետո Ֆրանսիան մնում է մրցաշարային աղյուսակի առաջատար և ունի 4 միավոր: Երկրորդ տեղում 3 միավորով Ավստրալիան է: 2 միավոր ունի Դանիան և մեկը` Թունիսը: Վերջին տուրում միմյանց դեմ կմրցեն Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա զույգերը:
22:04 - 26 նոյեմբերի, 2022