Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այսօր 10:14
ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Գորիսում և հարակից գյուղերում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Գորիսում և հարակից գյուղերում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների հետևանքները։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:
21:15 - 24 հոկտեմբերի, 2022
Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Մութը լուսարձակներն անջատած մեր մեքենայի ընթացքը քաշում է դեպի հեռվում երեւացող մանր կայծերը։ Դրանք կամաց-կամաց դառնում են գծեր, հետո լայնանում ու տարածվում ճանապարհի աջ ու ձախ կողմերում։ Այրվում են Իշխանասարի ու Նորավանի մոտ փռված դաշտերը։ Ապակին իջեցնում եմ՝ հասկանալու՝ ճամփեզրին մոտ միայնակ այրվող կետիկն ինչ է․ ոնց որ թե՝ մեքենա, բայց Իշխանասարի ուղղությամբ գնալ չի թույլատրվում, ու հրդեհվող այդ բիծը հեռվանում-մարում է մեքենայի հայելու մեջ։  Քամին այրվող դաշտերի ծխի հոտն ու հրետանու պայթյունների ձայներ է բերում։ Մեկ։ Երկու։ Երեք։ Երեք արկ՝ Իշխանասարի ուղղությամբ։ Մեկ։ Երկու-երեք։ Չորս՝ մյուս ուղղությամբ։ Ձայներն ավելի են խլանում, ու մենք հետեւում ենք թողնում զինվորականներին, որոնք շտապ կանգնեցնում են բոլոր մեքենաները ու առանց ավելորդ բարեւ-հաջողի կոնկրետ հրահանգ տալիս Գորիս շարժվողներին՝ հնարավորինս, առավելագույնս, ինչքան ձեւ է՝ արագ անցնել ճանապարհի այս հատվածը, որովհետեւ անօդաչուներ են պտտվում։ Իշխանասարից Գորիս ես անընդհատ փակում եմ աչքերս, որ չմոռանամ զինվորի դեմքը։ Ես անընդհատ հարցեր եմ տալիս Սաքոյին, որ մոռանամ զինվորի դեմքը։  Ես ուզում եմ մտածել հասարակ բաների մասին, որ կորցրել եմ մազակալս, որ չունեմ ձմեռային վերարկու, որ եփած լոլիկն ավելի համով է, որ ժամանակ չկա սիրահարվելու, որ ծխելը վնասակար է առողջությանը, որ Կիեւյանի ջուրը համով չէ։ Ես ուզում եմ ամաչել հասարակ բաների համար, որ ներքնազգեստս պարանից ցած է ընկել, որ կոշիկներս կեղտոտ են, որ ուշացել եմ աշխատանքից։ Բայց ես ամաչում եմ զրահաբաճկոնով մտնել գյուղ, որը հրետակոծվում է անցած գիշերվանից։ Ռաֆիկը չգիտի՝ ոնց նկարագրի՝ ինչ կատարվեց իր հետ, երբ արկն ընկավ մի քանի մետր հեռու։ Ռաֆիկն ուզում է բառեր գտնել՝ բացատրելու, թե ինչ ձայն էր գալիս իր գլխում այդ պայթյունից։ Թե ոնց փշրվեցին ապակիներն ու իրեն չկպան։ Ռաֆիկն արդարանում է, որ այդ գիշեր շատ ցուրտ էր, ինքն էլ՝ հողաթափերով, ու ստիպված էր նկուղից բարձրանալ տուն՝ տաք շոր վերցնելու։ Ես ասում եմ՝ ահավոր է։ Ռաֆիկն ասում է՝ ահավոր է, ահավոր է։ Նա ափի մեջ ցույց է տալիս արկի բեկորները, ցույց է տալիս կացինը, որով բացել է տան դուռը, որովհետեւ ուժգին պայթյունից փականը կոտրվել էր, տան դուռը փակվել-մնացել։  Պայթյուններից փակվում են տների դռները։ Մարդիկ հավաքում են բեկորները, լցնում գրպանները, լցնում են փոսերը, լցնում են բաժակները, լցնում են աչքերը։ Ես սովորում եմ մի քանի րոպեն մեկ պայթող արկերի ձայնին, բայց չեմ դիմանում Էդգարի ուսերի դողին, որ օդը շարժելով փլված առաստաղով բարձրանում է մինչեւ տանիք։ Ամեն անգամ նա խոսքը կիսատ է թողնում, անշարժանում, նայում սարերի ուղղությամբ, որտեղից ծուխ է բարձրանում․ «Էսի մերոնք էին»,- ինքն իրեն հանգստացնում է Էդգարն ու շարունակում խոսել դադարներով։ Սարերից ծուխ է բարձրանում դադարներով։ Հրետանին կրակում է դադարներով։ Ճանճը տզզում է դադարներով։ Քամին խաղում է դադարներով։ Ես շնչում եմ դադարներով։ 
14:30 - 10 հոկտեմբերի, 2022
Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ժամը 20։00-ի սահմանում Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում  կրակոցների, հրետակոծությունների ձայներ չեն լսվել»,- նշեց մարզպետը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ «Երկու ժամից ավելի է՝ Գորիսում եմ, կրակոցներ չկան, ամեն ինչ բանակի վերահսկողության տակ է, բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է։ Մարտերը դադարել են, դրա համար էլ իջել ենք դիրքերից, առաջին բանակային կորպուսն իր խնդիրը բարձր մակարդակով կատարում է»,- ասաց Գորիս համայնքի ղեկավարը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21.00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է»,- հայտնել էին ՊՆ-ից։
00:34 - 14 սեպտեմբերի, 2022
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր հրապարակեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Ավետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի  154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ արդարացրեց նրան։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է, երկու կամ ավելի ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն  եւ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում երկու կամ ավելի անձանց հանրահավաքին մասնակցելուն հարկադրելուն։ Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց եւ արգելանքից հանվեցին որպես գրավ ընդունված 49․450․000 դրամ գնահատված բնակելի տունը եւ հողամասը։
15:50 - 28 մարտի, 2022
Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, քիչ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Առուշ Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներում եւ նրան արդարացրեց։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, երկու կամ ավելի ընտրողների կաշառք տալու հանցակցությանը, դրա նախապատրաստմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը (որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), ինչպես նաեւ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմանը։ Հիշյալ հոդվածներում Առուշանյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Միեւնույն ժամանակ նա մեղավոր ճանաչվեց ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ( բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչությունը) եւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագայուն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով (700․000 ՀՀ դրամ)։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով (խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով, որ նա արդեն իսկ 8 ամիս 12 օր գտնվել է արգելանքի տակ՝ վերջնական պատիժ սահմանվեց  6 ամիս 18 օրը։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կանոններով համակցելով հանցանքները եւ գումարելով պատիժները՝ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը, 700․000 ՀՀ դրամ տուգանքը եւ ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ փոփոխելով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ ընտրելով երկրից չհեռանալու մասին ստորագրությունը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդյունքում, Առուշանյանը անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։   Միլենա Խաչիկյան
15:01 - 28 մարտի, 2022
Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ  հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները: Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞: Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն: Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են: Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել: Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն: Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ: Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:
10:34 - 22 հունվարի, 2022
Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն և մյուս  գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 02 դեկտեմբերի, 2021
ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը: Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:
12:07 - 01 դեկտեմբերի, 2021
Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։  «Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
12:58 - 17 նոյեմբերի, 2021
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ: Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ: Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով: Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական: Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ: Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն: Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»:
14:08 - 16 նոյեմբերի, 2021