Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սեւանի շրջակա տարածքների տերերը փակել են Սեւան-Գավառ ճանապարհը |news.am|

Սեւանի շրջակա տարածքների տերերը փակել են Սեւան-Գավառ ճանապարհը |news.am|

news.am։ Սեւանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սեւան-Գավառ ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սեւանի ջուրը մաքուր չէ, որի հետեւանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու եւ իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը եւ այսօր ժամը 11-ին հանդիպել Սեւան քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ժամապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:
07:26 - 15 հուլիսի, 2019
«SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար․ բաց նամակ

«SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար․ բաց նամակ

«SOS Սևան» նախաձեռնությունը Սևանա լճի բնապահպանական խնդրով բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է. Հարգելի ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, «SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ: Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սևանա լճի փրկության համար: Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» և հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սևանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում: Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաև այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլն: Հաշվի առնելով, որ Սևանա լճի խնդիրները բազմազան են և պահանջում են և մասնագիտական, և քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը և չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կենտրոնացել է հետևյալ խնդիրների վրա. • Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրերից կեղտաջրերի մուտքը լիճ• Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ • Գյուղատնտեսությունը և անասնապահությունը • Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ • Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ• Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները• Տեղումների սակավությունը • Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը: Այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է համապատասխան գործողություններ: Նշելով այս խնդիրների լուծման կարևորությունը` «SOS Սևան» նախաձեռնությունն առանձնացնում է առաջնային լուծում պահանջող խնդիր` Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում: Բարձրացմանը խանգարում են հետևյալ կարևոր հանգամանքները.  Սևանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, որոնք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ:  Պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը և այլն, նույնպես կարող են ջրածածկվել: Մինչ օրս կառավարությունը չի առաջարկել ենթակառուցվածքների տեղափոխման միջոցառումների ծրագիր: Սևան-Հրազդան հիդրոկասկադի բիզնես-շահը Սևանա լճի ջրառի հաշվին:  Ոռոգման համակարգի խիստ անբավարար վիճակը Սևան-Հրազդան ջրատարում և Արարատյան դաշտում: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների շարունակվող գերշահագործում, ինչը հանգեցրել է Սևանա լճից հավելյալ ջրառների: Որոտան-Արփա թունելի չշահագործումը, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մտնող ջրի պակասը: Անհրաժեշտ է. • կատարել Սևանա լճին սպառնացող վտանգների համալիր գնահատում • բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը հիպոլիմնիոնի պաշտպանիչ շերտի ձևավորման համար • Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար • վերանայել Սևանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903,5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սևանա լճի ջրային բալանսը • ապահովել Սևանա լճի ջրառի առցանց հանրային վերահսկողություն: Մինչև ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ: Մյուս գլխավոր խնդիրը Սևանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու և կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է. • պարզել, թե ով, որտեղից և ինչով է աղտոտում Սևանը` մշակելու Սևանա լճի մաքրման միջոցառումների կարգ • Սևանա լճում կիրառել նոր տեխնոլոգիաներ լճի մաքրման համար, ինչի համար անհրաժեշտ է մշակել նոր նորմեր և ստանդարտներ, այդ թվում` կապտականաչ ջրիմուռների կողմից արտադրվող թունավոր միկրոցիստինի համար: Որպես ֆինանսական աղբյուր` Սևանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 և 2018 թթ. Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները: Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սևանա լճի ափամերձ տարածքների և լիճ թափվող գետերի, Սևանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության և պետական այլ կառույցների մասնակցությամբ և ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները: «SOS Սևան» նախաձեռնություն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան, Վիկտորյա Բուռնազյան, Ռոզա Ջուլհակյան, Կրիստինա Տեր-Մաթևոսյան«Հանուն կայուն մարդկային զագացման ասոցիացիա» ՀԿ, Կարինե Դանիելյանէկոլոգիական հասարակական դաշինք, Սիլվա Ադամյան«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ, Ամալյա Համբարձումյան, Արամ Գաբրիելյան, Մարզպետունի Քամալյան«Կանաչ Հայաստան» ՀԿ, Հայկ Գրիգորյան, Թեհմինե Ենոքյան«ԻԿՈՄՈՍ-Հայաստան» ՀԿ, Գագիկ Սուխուդյան«Բլեջան» ՀԿ, Լիանա ԱսոյանՄարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Անահիտ Գևորգյան«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Սաթիկ Բադեյան«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի ՎարդանյանԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և Կենդանաբանության Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե ՀամբարյանԷդվարդ Արզումանյան, էներգետիկ փորձագետ«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, Սամվել Պիպոյան «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի փորձագետ Դշխուհի Սահակյան«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Հայաստան Ստեփանյան«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Ելենա Մանվելյան, Քնարիկ Գրիգորյան«Դալմա-Սոնա» հիմնադրամ, Ռուզաննա Ղազարյան«Բոսոֆիա» ՀԿ, Գևորգ Պետրոսյան«Հասարակական պաշտպանների միություն», Արամ ԳրիգորյանԼիլիթ Հովհանիսյան«Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ, Տատիանա ԴանիելյանՍիրինե ԿոսյանՏիգրան Սեկոյան, էներգետիկ Փորձագետ«Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ, Լիանա ՄարգարյանԼևոն Գալստյան, Հայկական բնապահպանական ճակատ
09:01 - 13 հուլիսի, 2019
Սեւանից պետք է հանվեն ձկնաբուծական օբյեկտները. փորձագետ |lragir.am|

Սեւանից պետք է հանվեն ձկնաբուծական օբյեկտները. փորձագետ |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը Տիկին Հովհաննիսյան, Սևանա լճի վիճակը շտկելու Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները որքանո՞վ են բավարար։ Նախարարն ասել է, որ առաջին անգամ ամբողջությամբ գույքագրվել է մաքրման ենթակա ընդհանուր ծավալը, ուսումնասիրվել է Սոթքում պոչամբարների ու թափոնակույտերի ծավալները, եռաչափ մոդելավորում է իրականացվում։ Սրանք բավարա՞ր քայլեր են։ Այո, նախարարն դրանք ասել է, բայց մենք չենք կարող համոզված լինել, որ այդ բոլորն արվել է։ Առողջապահության նախարարությունը ջրի նմուշներ վերցրեց, որ լուրջ անալիզ իրականացնի, հետազոտություն է իրականացնում ԳԱԱ Կենսաբանության ու իխտիոլոգիայի ինստիտուտը, բայց դրանք երկարատև անալիզներ են, դրանք դեռ պատրաստ չեն։ Մինչդեռ դա հենց Էրիկ Գրիգորյանի գործն էր առաջին հերթին։ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է առաջին հերթին դրանով մտահոգված լիներ։ Մենք խնդիրները գիտենք, գիտենք՝ ինչու է «ծաղկում» լիճը, գիտենք, թե ինչ է պետք անել։ Իսկ ինքը դա ասում է մի քանի տարի հետո, երբ մենք նախօրոք զգուշացնում էինք։ Միայն Սևանի մասին չէ խոսքը, այլ նաև Թեղուտի, Ամուլսարի մասին և այլն։ Այն տխուր կանխագուշակումները, որ ինքս եմ գրել Թեղուտի մասին, ուղիղ երեք տարի հետո կատարվեց։ Բայց ես չէի սպասում, որ այսքան շուտ կլինի։ Նախարարը նշել է, որ մենք ճահճացման չենք գնում։ Ճահճացումը մի քիչ ամպագոռգոռ բառ է, որովհետև դա ժամանակավոր երևույթ է, որն ի վերջո անցնում է։ Սրտի մխիթարության համար նախարարն ասում է, որ Սև ծովն էլ է «ծաղկում», Բայկալն էլ է «ծաղկում», մինչդեռ Բայկալը քաղցրահամ ջրով աշխարհի ամենախոր ու մաքուր լիճն է։ Այնտեղ ուրիշ խնդիրներ են, իսկ մեզ մոտ լիճը «ծաղկելու» պատճառները հետևյալն են. տարածաշրջանի Սևանի ամբողջ ջրահավաք ավազանի տարածքում գտնվող բնակավայրերի կեղտաջրերն ու կոյուղաջրերը, աղբը, լցվում են գետերն ու հասնում Սևան։ Սևան է լցվում 28 գետ, իսկ դուրս է գալիս միայն Հրազդանը։ Այդ գետերը բերում են 170 մլն խմ ջուր տարեկան։ Հենց այդ ջրի քանակով է պայմանավորված, որ օրենքով սահմանված է, որ տարեկան Սևանից կարելի է 170 մլն խմ ջուր բաց թողնել։ Քանի որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մեր գետերի ջրերի նոսրացել են, իմ խորին համոզմամբ մեր գետերն այդքան ջուր չեն բերում Սևան։ Բացի դրանից, ջրերի ջերմաստիճանն է բարձրացել, կլիմայի փոփոխության և կեղտաջրերը Սևանը լցվելու պատճառով Սևանի ջրի ջերմաստիճանն է բարձրացել, արդյունքում Սևանի սառը շերտը փոքրացել է։ Հաջորդն այն է, որ Սևանի շրջակա տարածքներում բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ, այլ օբյեկտներ են կառուցված, որոնց կեղտաջրերը լցվում են Սևանը։ Կա մարդ, որ պարտաճանաչ սարքում է զուգարան, հետո ժամանակ առ ժամանակ մեքենաներով դրանք տանում, թափում են։ Սակայն ռեստորանների, հանգստյան գոտիների, ճաշարանների մեծ մասը մաքրում չի կատարում։ Սևանի շուրջը 400 օբյեկտ կա, որից միայն 14-ն ունեն մաքրման կայան։ Բացի այդ, Սևանի շուրջը կան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնք ջրվում են, անպայման քիմիական պարարտանյութ են օգտագործում, որոնք լվացվում ու անձրևների հետ նորից լցվում է Սևանը։ Եվ վերջապես ձկնաբուծություն արհեստականորեն Սևան մտցնել չէր կարելի, քանի որ այդ տարածքներում, որտեղ արհեստական ձուկ են աճեցնում, ձկներին տալիս են տարբեր կերեր, որոնք չգիտենք՝ ինչ պարունակություն ունեն, տալիս են կոնսերվանտներ, ներկեր, անտիբիոտիկներ։ Ձուկը չի հասցնում այդ ամենն ուտել, դրանք մնում են լճում և նստում հատակին։ Այդ նյութերը չեն տարալուծվում, դրանք ունեն կուտակային հատկություն, անընդհատ ավելանում են։ Այսինքն՝ մենք ունենում ենք լճի հատակի երկրորդական աղտոտում։   Ավելին՝ lragir.am-ում
07:32 - 13 հուլիսի, 2019
Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

Հայկական բնապահպանական ճակատ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած այս դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաև Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009 թվականի հետազոտության մեջ․ «Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչեւ 1903.5 մ բարձրությունը»։   
06:22 - 12 հուլիսի, 2019
Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|

Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|

aysor.am: Կարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, նախատեսել, որ գոնե մինչև այս սեզոնին ջուրը բարձանար, իսկ մենք ունենք հակառակ պատկերը, խոսելով Սևանա լճի կանաչման մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։ «Նույնիսկ անցած տարվա համեմատ ջրի մակարդակը բացասական հաշվեկշիռ ուներ։ Մենք բազմիցս խոսում ենք նաև ձկնային պաշարների կարևորության մասին՝ ասելով, որ դրանք պետք է դիտարկենք ոչ միայն սննդի աղբյուր, այլ որպես էկոհամակարգի վերին օղակ։ Ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է այդ օրգանական նյութը, և եթե մենք որսում ենք այդ ձուկը, ջրում նվազեցնում ենք օրգանական նյութը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև այս ծաղկման պրոցեսը։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք ձկան և խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով ձկնային սակավ պաշարը, չի կարող առաջարկվել որս իրականացնել։ Ինչ վերաբերում է խեցգետնին, բանախոսն ասաց, որ այն նույնպես լճի համար համարվում է արդյունագործական օբյեկտ, ինչպես նաև սննդի և եկամուտի աղբյուր։«Ձկան պաշարների անկման պայմաններում այն բավական կարևոր դեր էր խաղում։ Բայց, ցավոք, էլի որոշ մարդիկ սխալ տվյալներով տալով՝ բերեցին նրան, որ մեր որոշում ընդունող մարմինները սխալ ճանապարհով գնացին, որսը չկառավարվեց։ Որսում էին այնքան, ինչքան կարողանում էին, և այսօր ունենք նաև խեցգետնի պաշարի խզում», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ հասել ենք այն պայմաններին, որ պաշարները նվազում են, միայն սիգի պաշարն է տարեցտարի ավելանում, սակայն այն էլ ոչ այն չափով, որքան կարող էր իր ներուժն ապահովվել։
08:34 - 10 հուլիսի, 2019
Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ

Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ

«Հայկական բապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Սևանի ճահճացման խնդրի մասին․ «Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները՝ ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։ Իմ համեստ կարծիքով պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։Հետո պետք է անցնել մյուս քայլերին. մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն»։
07:58 - 09 հուլիսի, 2019
Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|

Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում մեկնարկել է կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին պատգամավորները հարցեր ուղղեցին Սևանա լճի որոշ ափերի կանաչելու վերաբերյալ։ «Կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սևանի հետ, արդյոք փորձագիտական պետական մակարդակում արված եզրակացություն կա՞, թե պատճառը որն է»,-հարցրեց «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ գործոնները մի քանիսն են։ «Կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Սև ծովում, Բայկալ լճում և այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Մեկը՝ Գեղարքունիքի կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում»,-ասաց նախարարը։ Նախարարի խոսքով, սակայն, հիմնական պատճառն այն է, որ Սևանում առկա սառը շերտը՝ հիպոլինիումը, սահմանված մակարդակից նվազել է։ «Այդ մակարդակի բարձրացումը` վեց մետր, ըստ էության պետք է սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը սահմանափակվի, և դրա հետևանքով ջուրը մնա բարձր որակի»,-ասաց Գրիգորյանը։Նախարարն ասաց նաև, որ ընթացիկ մոնիթորինգ են իրականացնում, դիմել են երկու միջազգային կազմակերպությունների։ «Նախադրյալներ ենք ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանի լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար, նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ կատարվեն, հստակ ախտորոշումը կարվի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,-ասաց Էրիկ Գրիգորյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց` արդյոք ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, որպեսզի ափամերձ մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացնելու համար պատասխանատվության ենթարկվեն համապատասխան սուբյեկտները, քանի որ տարիներ շարունակ պետական բյուջեից հատկացումներ են արվել այդ մաքրման աշխատանքների համար։ Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել ջրառների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու համար։ Նախարարի խոսքով՝ գործ է հարուցվել նաև Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքների առնչությամբ։Ինչ վերաբերում է լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներին, նախարարն ասաց, որ վերլուծություններ են կատարել և փաթեթն ուղարկել դատախազություն։ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդյոք նախարարության համար Սևանա լճի առկա վիճակն անակնկալ է եղել։ «Էդ որ խոշոր եղջերավոր անասունների անկում է եղել, ձկնատեսակները ոչնչանում են, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է ձեզ համար։ Կառավարության նիստերի ժամանակ քանի՞ անգամ եք ներկայացրել այս հարցերը, պատասխանատվություն կրո՞ւմ եք էս վիճակի համար, թե չէ»,-հարցրեց նա։ Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ միանշանակ կրում է պատասխանատվություն, քանի որ նախարարն ինքն է։ «Ձկնատեսակների մասով հիմնավորված տեղեկատվություն չկա, որ անկում է եղել, կենդանատեսակների հետ կապված լուրերը, որ տարածվեցին, դա առվույտի հետ կապված էր, գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին, դա ջրից է եղել։ Պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի»,-ասաց նախարարը։
07:38 - 09 հուլիսի, 2019
«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ–երի կառուցումը Սեւանի կենտրոնական եւ անմիջական գոտիներում |news.am|

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ–երի կառուցումը Սեւանի կենտրոնական եւ անմիջական գոտիներում |news.am|

news.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում։ «Առաջարկության նպատակն է բացառել լճի ջրային բացասական հաշվեկշիռը եւ այն` որպես խմելու ջրի պաշար պահպանել: Օրենքի նախագծում առաջարկվում է նաեւ արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կենտրոնական եւ անմիջական գոտիներում»,–ասված է պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման մեջ: Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է հետեւյալ փոփոխությունները օրենքում. «Հոդված 1. «Սեւանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը շարադրել նոր խմբագությամբ. «Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սույն օրենքի առաջնային նպատակը Սեւանա լիճը` որպես խմելու ջրի պաշար պահպանելն է: Այլ նպատակով լճի ջրի օգտագործումը (հողերի ոռոգում, էներգետիկ եւ այլն) ստորադասվում է առաջնային նպատակին»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:» Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետից հանել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Սեւանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այն համարվում է խմելու համար պիտանի բնական ջրամբար: 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: 2012 թվականին «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվեց` լճի ջրային բացասական հաշվեկշիռ ունենալու հնարավորություն (օրենքով նախատեսված դեպքերում), որը տեղի ունեցավ 2012, 2014 եւ 2018 թվականներին: Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:
18:00 - 08 հուլիսի, 2019
Սևանի վիճակը գնալով վատթարանում է. Քիմիական գիտությունների թեկնածու |shantnews.am|

Սևանի վիճակը գնալով վատթարանում է. Քիմիական գիտությունների թեկնածու |shantnews.am|

shantnews.am։ Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը «Հեռանկար» հաղորդաշարի տեղավարում խոսել է Սևանի խնդրից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել լճի՝ նախորդ տարվա համեմատ ավելի վաղ ու ավելի փոքր մասշտաբով ծաղկման պատճառներին:Նա տեսակետ է հայտնել, որ լճի վիճակը գնալով վատթարանում է:«Ընդհանուր առմամբ՝ ծաղկման պրոցեսների առաջին սինդրոմները դիտվել են դեռևս 50-ական թվականներին, և հենց դա է եղել պատճառը, որ Խորհրդային միության կառավարությունն այն ժամանակ որոշում կայացրեց տրամադրել միլիարդավոր դոլարներ, այսօրվա պայմաններով եթե նայում ենք, որպեսզի ջրի մակարդակը բարձրացվի, ստաբիլանա լճի էկոհամակարգը, և նման երևույթներ չդիտվեն»,- ասել է նա:Նրա խոսքով՝ նման երևույթներն այսօր դիտվում են, որովհետև լճի վիճակը «շատ վատ» է կառավարվում:
05:53 - 06 հուլիսի, 2019
Անասնապահերը խուճապի մեջ են․ կենդանիներն անսպասելի սատկում են |shantnews.am|

Անասնապահերը խուճապի մեջ են․ կենդանիներն անսպասելի սատկում են |shantnews.am|

Shantnews.am: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա էլ արածում են ափամերձ, անտառամերձ հատվածներում և ջրվում Սևանա լճից`չնայած որ «Սևան» ազգային պարկի կանոնադրությամբ արածեցումն այս հատվածներում արգելվում է: Այսօր առավոտյան Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկություն տարածեց, որ այս դեպքերն իրենց վերահսկողության տակ են: Հայտարությունում նշված էր, որ դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառներում, որտեղ առվույտ է աճում: Իսկ թաց առվույտը որոճողների մոտ փքվածություն, ևորպես հետևանք՝ նաև անկումներ է առաջացնում: Հենց դա էր նշվում որպես կենդանիների անկման նախնական պատճառ, բայց ավելի ստույգ պատճառները հայտնի կլինեն ախտորոշումից հետո: Սևանա լճի երկայնքով շրջելիս մենք ափամերձ համայնքներում ականատես դարձանք տարբեր իրավիճակների: Եթե Կարճաղբյուրում անասունների անկման նախնական վարկածը կապվում էր առվույտի հետ, ապա Կարմիր գյուղի սարերում առվույտը վաղուց չորացել է, սակայն այստեղ այսօր 2 կով է սատկել, իսկ 15-ն էլ իրենց վատ են զգում: Այստեղ նշեցին, որ անցած տարի, երբ լիճը կրկին կանաչել էր, 5 կով է սատկել: Այսպես. շփոթահար մարդիկ շարունակ վազվզում էին վատառողջ կովերի հետևից և փորձում կանխել հնարավոր անկումները:Արտանիշում էլ անկել է 7 կով, դարձյալ Սևանա լճից ջուր խմելուց հետո, իսկ ահա Ծովինարում անկած կովերը 9-ն են: Արծվանիստում էլ մի տիկին նշեց, թե լսել են անկման դեպքերի մասին, անհանգստացած են: Սակայն առայժմ իրենց անասունները չեն հիվանդացել, առաջվա պես ուտում և ջուր են խմում նույն տարածքներից: Գավառի Հացառատ թաղամասից էլ ահազանգում են, որ կովեր են սատկում, դարձյալ անհասկանալի պատճառով: Այդ տեղանքն էլ բավականին հեռու է Սևանա լճից, և անասունները ջրվում են այլ աղբյուրներից: Գեղարքունիքի մարզ մասնագետներ են եկել: Մսից, տեղանքից համապատասխան նմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր հետազոտության: Թե ինչն է անասունների անկաման պատճառ դառնում, ցույց կտան հետազոտության արդյունքները:
19:16 - 05 հուլիսի, 2019
Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կկատարվի Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կկատարվի Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադվի։ Այդ մասին Ֆեսբուքի էջում հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ», – ասված է գրառման մեջ։
17:49 - 05 հուլիսի, 2019
Սեւանը մաքրվելու է՝ անկախ պահանջվող գումարի չափից․ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

Սեւանը մաքրվելու է՝ անկախ պահանջվող գումարի չափից․ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

Ափամերձ գյուղերից Սեւանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետեւանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջեւ է: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի դիտարկմամբ, Սեւանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան, կոյուղիները ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում են ենթադրենք պլաստիկե շշերը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը: Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը եւ ձկնային պաշարների սակավացմանը: Իրավիճակը շտկելու համար մյուս տարվա բյուջեում պետք է կատարվեն հատկացումներ: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին` պատգամավորն ասել է, որ Սեւանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար է ծախսվելու: «Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար: Աննախադեպ բան է: Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից: Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»,-տեղեկացրել է նա:
07:08 - 02 հուլիսի, 2019
Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|

Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|

24news.am: «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում մայիսի 11-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիր գրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այդ մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։ Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։ Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։
08:33 - 12 մայիսի, 2019