Հուլիսի 17-ին «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ թափվող Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնվեց Սեւանի իշխանի Գեղարքունի տեսակի 322 հազար հատ մանրաձուկ` 1,5-ից 3 գրամ միջին քաշով։ Մանրաձուկը բաց թողնվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան հանձնաժովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Միջոցառումից առաջ գործարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ղեկավարությամբ քննարկում կազմակերպվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առանցքային հարցերի շուրջ։
«Նոր կարգի ներդրմամբ մենք պետք է նվազագույնի հասցնենք ապօրինի ձկնորսության դեպքերը Սեւանա լճում, օրինականության դաշտ բերենք արդյունագործական ձկնորսությունը Սեւանա լճում։ Չեմ ասում, թե ՀՀ կառավարության կողմից գործողության մեջ դրված նոր կարգը իդեալական է, նոր խնդիրներ ի հայտ չեն գա, սակայն համոզված եմ,որ այն ընթացքում բոլորիս համատեղ աշխատանքի ընթացքում հաջող քննություն կբռնի եւ կատարելագործվի։
Սեւան ազգային պարկը պետք է վերազինվի տեխնիկական միջոցներով, տեսչական ոլորտը պետք է ուժեղացվի, հարկային վարչարարության մեջ որոշակի փոփոխություններ պետք է արվեն։ Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից կարողանանք երկրի պարենային խնդիրը լուծել, մյուս կողմից Սեւանա լճում ավելացնենք ձկնապաշարը։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկն էլ Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործունեության ծրագրով է ամրագրված»,- նշեց նախարարի տեղակալը։
«Հիմնադրամի պարտավորությունների մեջ մտնում էր 62 հազար հատ եւ 3 գրամ քաշով Գեղարքունի տեսակի մանրաձկան բացթողումը Սեւանա լիճ։ Մնացած 260 հազար հատ մանրաձկուկը, մինչեւ 3 գրամ քաշով, լիճ է բաց թողնվում հիմնադրամի նվիրատվությամբ»,- ներկայացրեց «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վարդանյանը։
comment.count (0)