ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ ենք անում անմիջապես վերականգնել մուտքը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցի մասին

Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ ենք անում անմիջապես վերականգնել մուտքը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցի մասին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջացնքի փակման առնչությամբ․ «ԱՄՆ-ն մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը՝ այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը»,- գրել է նա։  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել։
10:33 - 07 հունվարի, 2023
Արցախի ԱԺ նախագահի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին

Արցախի ԱԺ նախագահի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին: «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25-րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ունեին: Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»,- ասված է Թովմասյանի կոչում:  
13:52 - 05 հունվարի, 2023
Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։  «Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ հունվարի 5-ից»,- ասել է Փրայսը։ Նա ընդգծել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը․ «ԱՄՆ-ն շարունակում է երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, դյուրացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»։ Փրայսի խոսքով՝ դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կառուցվածքային գործընթաց՝ խաղաղություն հաստատելու անհանգիստ տարածաշրջանում․ «Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև մեր նպատակը աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավարի»։ Նեդ Փրայսը հայտնել է, որ անցյալ տարվա օգոստոսին Ռիքերի նշանակման սկզբից ի վեր միշտ հասկացվում և ակնկալվում էր, որ նա այս պաշտոնում ծառայելու է կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև 2022 թվականի վերջ։
09:31 - 05 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
20:50 - 23 դեկտեմբերի, 2022
Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին կարևորել է միասնական ջանքերը միջազգային հանրությանը հասցնելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի թեման։ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա։ Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Նման փորձերը սին են և հիմնազուրկ»,- նշեց Փաշինյանը։  Ի հավելումն Փաշինյանը նշեց, որ ՀՀ-Ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, որ իրենք պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը․ «Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»։ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ ՀՀ-ն  դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչ օր պատասխան չենք ստացել»։ Փաշինյանը հավելեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղության և կայունություն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:33 - 22 դեկտեմբերի, 2022
Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա

 |armenpress.am|

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը: «Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ  համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
17:16 - 08 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
 ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին․ Ֆիլիպ Ռիկեր

ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին․ Ֆիլիպ Ռիկեր

Միացյալ նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Միսնկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիկերը։ «Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, նա ասաց՝ ԱՄՆ-ն հանձնառու է անելու ամեն ինչ աջակցելու կայուն խաղաության հաստատման ձեր ջանքերին»,- նշել է Ռիկերը։ 
17:14 - 02 դեկտեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

Քրիստիննե Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:   Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, որ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։     Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։   Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:   Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին:   Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը և շնորհակալություն հայտնել: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գործում:
15:22 - 02 դեկտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:  Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:   Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
15:14 - 02 դեկտեմբերի, 2022
Միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները

Միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։  Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։ Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:
10:40 - 02 դեկտեմբերի, 2022
Պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար

Պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․ Հարգելի գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։ Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը  ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց  ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին  տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են: Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։ Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։ Տիկնայք և պարոնայք,  Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։  Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել  հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբԱդրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո։ Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունըկխթանեն այս գործընթացը:  Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։ Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից  տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում  է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են: Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը։ Շնորհակալություն
20:05 - 01 դեկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: 
16:35 - 01 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Արևմտյան երկրները Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավելու ՌԴ միջնորդական ջանքերին․ Լավրով  |armenpress.am|

Արևմտյան երկրները Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավելու ՌԴ միջնորդական ջանքերին․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային և Եվրոպական Միությանը մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: Դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: «Արևմուտքը հայտարարել է, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Ժամանակին Մինսկի խումբը ստեղծվել է ՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին և որոնք պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահության ներքո: Ինչ-որ մի փուլում Ֆրանսիան ևս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և՛ առանձին, և՛ անցկացրել են համատեղ միջոցառումներ», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Այդ միջոցառումներից Լավրովն առանձնացրել է Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում առաջարկվել են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ռուսաստանի առաջատար դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նշելով, որ 2008-ին, 2011-ին, Ռուսաստանը Երևանի և Բաքվի ղեկավարների հետ շուրջ 10 եռակողմ հանդիպում է անցկացրել, որոնց որպես համանախագահ ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: «2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով հրադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակեց և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այդ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա  ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար, այլև մյուս հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի: Ռուսաստանը ևս դրանում հետաքրքրված է: Բացի այդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը երկու կողմերին կօգնի սահմանի սահմանազատման գործում: Եվ երրորդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու հարցում», - ասել է Լավրովը: Դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր բանակցությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովների արդյունքում: Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է արևմտյան երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ: «Այս ամենին զուգահեռ մենք ականատես ենք եղել այլ խաղացողների ջղաձիգ փորձերին՝ խցկվելու այս գործընթացների մեջ: Մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հայտարարել է, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք ասում ենք, որ այդ հարցը մեզ չպետք է ուղղվի: Այդ հարցը պետք է ուղղվի ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարեցին, որ նրանք այլևս չեն հավաքի այդ խումբը, և, իհարկե, հարցը պետք է ուղղվի Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության միջնորդական որևէ ջանք անիմաստ է»: ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են միջամտել միջնորդական ջանքերին: «Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ», - ասել է Լավրովը:   Նա շեշտել է, որ Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովների նիստ, որին հայերն ու ադրբեջանցիները, լինելով բարեկիրթ մարդիկ, գնում են, սակայն Բրյուսելը չունի նախկին խորհրդային երկրների քարտեզները, «դրանք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»: «Նույնը խաղաղության պայմանագրի հետ կապված: Նրանք գնացել էին Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին, այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնակարգի և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանի վրա: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրով բոլոր խորհրդային հանրապետությունները կազմում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել է Լավրովը:  
15:03 - 01 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է էստոնացի գործընկերոջը

Արարատ Միրզոյանը հանդիպել է էստոնացի գործընկերոջը

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։ Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
14:35 - 01 դեկտեմբերի, 2022