Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով Բարձրագույն կրթության ինտեգրման հարցը նոր չէ. դրա շուրջ վերլուծական աշխատանքը իրականացվում է արդեն մի քանի տարի |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարի խոսքով Բարձրագույն կրթության ինտեգրման հարցը նոր չէ. դրա շուրջ վերլուծական աշխատանքը իրականացվում է արդեն մի քանի տարի |armenpress.am|

armenpress.am: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացրեց, որ Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է. այս հարցի շուրջ վերլուծական աշխատանքը կատարվում է արդեն մի քանի տարի և առկա են բազմաթիվ զեկույցներ: Այս մասին մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան  նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության զարգացման պետական ծրագրով ֆիքսվել են մի շարք թիրախներ, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենանք պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ, որ դրանք պետք է ունենան բնականաբար, շատ ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ, ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհեր պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման 500-յակում: Թե սա ինչպես ենք անելու, քննարկվում է, որովհետև ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների, դրանց հնարավորությունների մասին: Տարբեր մոդելներ են առաջարկվել, հիմա առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին: Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ինտեգրումը: Սա պետք է լինի թափանցիկ ու հասկանալի գործընթաց: Մեր մոտեցումը լինելու է շատ կոնկրետ: Մայիսին արդեն կունենանք հստակ սկիզբ այս պրոցեսի, կսկսվի աշխատանքը, ոչ թե բուհերի միավորումը: Բուհերի միավորումը շատ ժամանակատար պրոցես է և դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կազմակերպվում է որակյալ և ունենում է  համապատասխան ճանապարհային քարտեզ»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ սա հատուկ շեշտում է, որ տպավորություն չստեղծվի, թե հենց վաղը բուհերը կրճատվելու են: Հարցին, թե Գիտությունների ազգային ակադեմիան այդ պրոցեսի արդյունքում մնալո՞ւ է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Ակադեմիայի մնալ-չմնալու հարցը ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն  համակարգում: Ես կարծում եմ՝ Ակադեմիայի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից մենք լավագույն լուծումը իրենց հետ կգտնենք»,- եզրափակեց Անդրեասյանը:
15:05 - 24 մարտի, 2023
ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար |armtimes.com|

ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում ռուսական դպրոցների հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում ռուսական կողմի հետ մեր օրենդրության շրջանակներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որով նա  նշել էր Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտության մասին: Նախարարը նկատեց՝ մեր երկրում մեր քաղաքացիների համար ուսուցումը պետք է լինի գրական հայերենով, որը սահմանված է նաև օրենքով։ «Մեր երկրում պետական լեզուն մեկն է և դա հայերենն է։ Ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի  հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ  մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը: Դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձեւավորվել է, մենք ունենք  մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել»,– ասաց նա: Ըստ նախարարի՝ ռուսական կողմին ներկայացրել են, օրինակ, ՀՀ–ում գործող չինական դպրոցի գործունեությունը, որտեղ ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծ ներդրում․ «Կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն՝ այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք եւ ռուսական կողմին սա ներկայացրել ենք»։ Անդրեասյանի խոսքով՝ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:  Այստեղ նաեւ անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա եւս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները: Կրթության գերատեսչության ղեկավարը նկատեց՝ ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով։ Այդ ուսուցումը կարող է այլ լեզվով լինել նաև մեր երեխաների համար միայն կրթության երրորդ աստիճանում, այսինքն՝ ավագ դասարաններում, եթե խոսքը գնում է միջազգային կրթական ծրագրերի մասին, ինչպիսին է միջազգային բակալավրիատ ծրագիրը։ Սրա համար ամեն երեք տարի մեկ, Կառավարության որոշմամբ տրվում է թույլտվություն։
13:11 - 24 մարտի, 2023
Ժաննա Անդրեասյանը մեկնաբանեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը |armtimes.com|

Ժաննա Անդրեասյանը մեկնաբանեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդրեասյանը մեկնաբանեց ԿԳՄՍ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին Երևանի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը: «Բուհի նախկին ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով, ինչը նշանակում է, որ Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով։ Հիմնադրամների օրենքի համաձայն՝ ձևավորվել է ժամանակավոր եռյակ խորհուրդ, և հաջորդ գործընթացները ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասով նպատակ ունեն ապահովել բուհի բնականոն գործունեությունը։ Երեկ ես եղել եմ բուհում, պարզաբանել այն հարցերը, որոնք հնչել են, կարծում եմ՝ թեման սպառվել է»,- ասաց նա։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել էր Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը, որոնց թվում են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ այս նշանակումը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ բուհերն ինքնավար են, ունեն ակադեմիական ազատություն։ Նա նաև անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ դպրոցներ բացելու հարցին․ «Համատեղ ծրագրի նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ։ Մենք ունենք հայ-չինական բարեկամության դպրոց, որտեղ ունեցել ենք ներդրումներ ենթակառուցվածքների մասով, և Չինաստանի կառավարությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել դպրոցին, Չինաստանից մասնագետներ են ուղարկվում։ Այն խնդիրը, որը այսօր դրված է օրակարգում, համատեղ ծրագրեր ունենալու մասին է։ Քննարկումներ են ընթանում, մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ կոնցեպտով է լինելու»: Ըստ նրա՝ Ռուսաստանին առաջարկվել է ունենալ դպրոց հայ-չինական բարեկամության դպրոցի օրինակով, ինչպես նաև լուծել այն ՌԴ քաղաքացիների կրթության հարցը, որոնք վերջին շրջանում տեղափոխվել են Հայաստան և կրթության հավելյալ ապահովման հարց ունեն։
14:02 - 16 մարտի, 2023
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը․ պետական բուհերի թիվը կհասցվի 8-ի |armenpress.am|

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը․ պետական բուհերի թիվը կհասցվի 8-ի |armenpress.am|

armenpress.am: Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։ «Բուհական ոլորտում կունենանք խոշորագույն բարեփոխում, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի և պետք է այնտեղ պարտադիր ունենանք գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ։ Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք, և նախատեսում ենք, որ այս ուղղությամբ արվող գործողություների արդյունքում մեր առնվազն չորս բուհերը ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգի հինգհարյուրյակում»,- ասաց Անդրեասյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: «Առաջիկայում մենք կներկայացնենք Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը: Կարծում եմ, որ մենք մեկնարկային փուլում ենք այն իմաստով, որ արդեն իսկ հստակեցված է, թե որտեղ պետք է տեղակայված լինի Ակադեմիական քաղաքը: Մենք ունենք պատկերացում, որ կարող ենք ունենալ Ակադեմիական քաղաքի 3 կլաստերներ: Ունենք նաև պատկերացում, թե որ կլաստերը որ ուղղությամբ բուհի համար կարող է հարմար լինել»,- ասաց Անդրեասյանը:
14:01 - 16 մարտի, 2023
Մինչև 2030 թվականը գյուղական բոլոր բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ |armenpress.am|

Մինչև 2030 թվականը գյուղական բոլոր բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 156-ի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։ «Գործողությունների պլանով նախատեսված է, որ Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում կունենանք գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսում ենք ապահովել 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայությունները, որը նաև էական ազդեցություն կունենա աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2030 թվականին պլանավորում են, որ Հայաստանի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն ունենան օգտվելու դպրոցական սննդի ծրագրից։   «Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարից բոլոր մարզերի 1-ից 4-րդ դասարանի 104 հազար երեխա օգտվում են դպրոցական սննդի ծրագրից՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Եվ այստեղ խնդիր ունենք Երևանում ևս հասանելի դարձնել այդ հնարավորությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։
13:47 - 16 մարտի, 2023
Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»: «Ներկայացված նախագծով մենք, ըստ էության, արդեն վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարի ավելի քան 6 տարի դադարից հետո ԱԺ-ն հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որով հստակ ուղենշվեցին կրթության բոլոր մակարդակներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները: Սա մեր միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ: Այսպիսով՝ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Գործողությունների պլանը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ»,- նշեց նախարարը:
11:52 - 16 մարտի, 2023
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: ԿԳՄՍ նախարարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իրավական հիմքերին՝ նշելով, որ այդ մասին համապատասխան որոշումը նախապես ուղարկվել է նաև բուհ: «Կառավարության համար՝ որպես բուհի հիմնադրի, առաջնային պարտավորությունն է գործադրել բոլոր ջանքերը՝ բուհի բնականոն աշխատանքը և կրթական ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար, որն ամենակարևորն է: Սա է մեր գերխնդիրը: Կարծում եմ՝ դրանում համոզվել եք դեռևս հունվարի վերջին, երբ ունեինք իրավական փակուղի. թե՛ բուհի կանոնադրության և թե՛ որևէ այլ իրավական ակտում չկար կարգավորում, որն այդ պահին թույլ կտար լուծելու բուհի անխափան գործունեության, աշխատավարձերի վճարման և այլնի հետ կապված մի շարք հրատապ հարցեր: Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրեց կանոնադրության փոփոխություն, որը թույլ տվեց կանոնադրության ուժով ռեկտորի պարտականությունների կատարումը պատվիրակել բուհի պաշտոնատար անձին, ինչի արդյունքում այս ընթացքում կազմակերպվեց բուհի գործունեությունը»,- նշել է նախարարը: Համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի՝ երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, պաշտոնակատարի նշանակում և այլն: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը: «Հենց այս նպատակով է ձևավորվել ժամանակավոր խորհուրդ»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ սա չի սահմանափակում բուհական ինքնավարությունը: ԿԳՄՍ նախարարը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Դավիթ Գյուրջինյանը կկարողանա ամբողջացնել բուհի ներսում ակադեմիական մթնոլորտի, կրթության որակի, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ջանքերը: «Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է կառուցողական բոլոր քննարկումների համար: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես սկզբունքային, ճիշտ աշխատանքի կողմնակիցն եմ՝ ակադեմիական պատշաճ միջավայրի ապահովման համար: Կուզեի, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքն անխաթար լիներ: Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Կարևորում եմ նաև ուսանողներին այս գործընթացները ճիշտ բացատրելու անհրաժեշտությունը»: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հարցերին՝ անդրադառնալով բուհական ոլորտում նախանշված բարեփոխումներին, դրանց առնչությամբ շրջանառվող թյուրընկալումներին և շահարկումներին: Նախարարն ընդգծել է, որ բուհերի միավորման և խոշորացման ծրագիրը նախատեսված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» և վերաբերում է բուհական ողջ համակարգին: Նախատեսվող միջոցառումները միտված են բուհերի մրցունակության բարձրացմանը՝ միջազգային վարկանշային սանդղակներում տեղ գտնելու նպատակով: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։
19:26 - 15 մարտի, 2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։ «Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։ Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհրակե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ լինեն։ Վերահսկողության մեխանիզմները նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։ «ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում այս խնդիրը վերաբերում է ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագորվող փոխադրամիջոցներին»,- ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ կապի մեջ է մարզպետարանի հետ։ «Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- նշել է նախարարը։ Նշենք, որ երեխաներից շատերն արդեն դուրս են գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, ուսուցչուհիներից մեկը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստություններից մեկը, մյուսների վիճակը կայուն է, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նախարարը նշել է, որ մարզպետարանի հետ քննարկվել են տուժած երեխաներին և ուսուցիչներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագա ուսումնական գործընթացի կամակերպման հարցերը։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
16:10 - 11 մարտի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: «Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Նախարարը այս համատեքստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխհամագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ համատեղ ծրագրերի իրականացումն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ ու կրթագիտական կառույցներ ևս: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրի կարևորությանը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Նա հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ աշխատանքները համակարգելու նպատակով հայկական կողմը մշակել է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի  նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը դեռևս գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում և շուտով կներկայացվի վրացական կողմին՝ փոխհամաձայնեցման»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:   ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին  տեղեկացրել է Հայաստանում նախատեսվող միջազգային մարզական միջոցառումների՝ Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների և Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունների մասին: Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը՝ ընդգծելով հայ-վրացական երիտասարդական ֆորումի անցկացումը, որի նպատակն է զարգացնել երկխոսությունը երիտասարդների  միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:18 - 10 մարտի, 2023
Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան

Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։  Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության ոլորտներում: Ջաբա Սամուշիան առանձնահատուկ կարևորել է միջբուհական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախարարի առաջին այցը Թբիլիսիի պետական համալսարան խորհրդանշական է: Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում գիտական կապերն ունեն մեծ նշանակություն: Ռեկտորն անդրադարձել է համալսարանում 1922 թ.-ին հիմնադրված հայագիտական ամբիոնի գործունեությանը և զարգացման հեռանկարներին: Նա նշել է, որ հայագիտության ամբիոնում կրթությունը կազմակերպվում է բոլոր մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Ջաբա Սամուշիան տեղեկացրել է, որ բակալավրիատում ավելացրել են ևս 60 կրեդիտ, որի շրջանակում կպատրաստվեն նաև համապատասխան ուսուցիչներ: Ռեկտորը վստահություն է հայտնել, որ միջբուհական համագործակցությամբ կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ՝ ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-վրացական բարեկամական կապերը: «Հայ-վրացական ընդհանուր պատմությունը մեր արժեքն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խորհրդանշական է հայագիտությանն ու վրացագիտությանն ուղղված համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտական ամբիոնում մանկավարժական կադրերի պատրաստումը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է գտել դպրոցներում տարածաշրջանային լեզուների զարգացումը, և այդ նպատակով սեպտեմբերից ՀՀ երեք դպրոցում դասավանդվում է վրացերեն: Նախարարը վստահություն է հայտնել, որ ԵՊՀ-ն մեծ պատրաստակամությամբ կհամագործակցի Թբիլիսիի պետական համալսարանի հետ, որի շրջանակում կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը: Նախարարը հայտնել է, որ ներկայում օտարերկրյա պետություններում գործող բուհերում և կրթագիտական կենտրոններում իրականացվում է հայագիտական կենտրոնների և ամբիոնների ստեղծման ծրագիր: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 13 հայագիտական կենտրոնների գործունեության զարգացման ծրագիր: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուրախ կլինի տեսնել Թբիլիսիի պետական համալսարանը և դրա հայագիտական ամբիոնը 2023 թվականի հունիսին կայանալիք հայագիտական խորհրդաժողովի աշխատանքներին: ԵՊՀ ռեկտորը նույնպես կարևորել է համագործակցությունը Թբիլիսիի պետական համալսարանի հետ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով լավագույնս կնպաստեն հայագիտության զարգացմանը Թբիլիսիի պետական համալսարանում և վրացագիտության զարգացմանը՝ ԵՊՀ-ում: Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում կիրականացվեն համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և գիտականների փոխանակման ծրագրեր: Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան ստորագրել են համագործակցության հուշագիր:
14:56 - 10 մարտի, 2023
Կանանց բոլոր արձաններն ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք․ Ժաննա Անդրեասյան

Կանանց բոլոր արձաններն ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք․ Ժաննա Անդրեասյան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարբեր ոլորտների կին գործիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կնոջ պատմական դերակատարմանը և տարբեր ասպարեզներում հայտնի կին գործիչների` ըստ արժանվույն գնահատման խնդրին։ Նախարարն իր խոսքում, մասնավորապես, նշել է․ «Այսօրվա իմ խոսքն ուզում եմ կառուցել իբրև հարցերի շարք։ Հարցերը բարձրացնում եմ՝ հրավիրելով միասին մտածելու դրանց շուրջ, որովհետև մարտի ութն ինձ համար առաջին հերթին հարցեր տալու օր է։ Հարցեր, որ օգնում են հասկանալ՝ ինչ է այս օրը նշանավորում, ինչու է այն մեր օրացույցի մաս, ինչու է այն շարունակում մնալ արդիական։ Այս ամենի մեջ կարևոր է պատմականության գիտակցումը․ այն, ինչ մենք այսօր ունենք կամ չունենք, շարունակվող պատմության հետևանքն ու ընթացքն է։ Այն, ինչ մեզ համար այսօր ինքնըստինքյան ընկալելի է, օրինակ, որ մենք կարող ենք գնալ սրճարան, տաբատ կրել, մեքենա վարել, ընտրության մասնակցել, հրամաններ տալ, ի վերջո, հետևանք է այն պայքարի, որը ժամանակին բազմաթիվ կանանց կյանք ու երջանկություն է արժեցել։ Պետք է հիշենք այդ դժվարությունների պատմությունը` հասկանալով, որ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարելի են։ Այս տարի մենք մի աշխատանք սկսեցինք՝ առանձնացնել այն գործիչների ցանկը, որոնք տարբեր ոլորտներում, պատմական տարբեր դարաշրջաններում նշանակալի դեր են ունեցել մեր պետականության գաղափարի և արժեքների համար։ Նպատակ կար՝ նրանց հուշարձանների մոտ հարգանքի միջոցառումներ կազմակերպել։ Կազմեցինք երկար ու կարճ ցանկեր՝ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ։ Հետո առաջացավ հարց՝ իսկ ու՞ր են կանայք։ Արդյոք որևէ կին ներառվե՞լ է որևէ ցանկում։ Օրինակ՝ Ալենուշ Տերյանը, որ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է, Իրանի առաջին կին պրոֆեսորը, Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը: Իր տունը նա կտակել էր Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները, իսկ ինքը վախճանվել ծերանոցում։ Կամ Դիանա Աբգարը, որն աշխարհում առաջին կին հյուպատոսն է և Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Դիանա Աբգարը խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։ Այդ նույն ժամանակահատվածում Առաջին Հանրապետության խորհրդարանում երեք կին պատգամավոր ունեինք, որոնք հսկայական աշխատանք են տարել կրթության, առողջապահության և այլ բնագավառներում։ Կին է եղել նաև մինչ այս կրթության նախարարներից միակը՝ Արուսյակ Խաչիկյանը, որը պաշտոնավարել է ամենաբարդ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1945 թվականներին։ Հետո եկավ ավելի բարդ հարցը. եթե նույնիսկ կանայք ներառվեն ցանկում, որտե՞ղ են նրանց հիշատակը նյութականացնող արձանները, կիսանդրիները, որոնց շուրջ կարելի է տալ այդ հարգանքի տուրքը։ Պրպտեցի արձանները՝ սկսելով Երևանից։ Մի հետաքրքիր օրինաչափություն հայտնաբերեցի. կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք։ Տղամարդկանց արձանները գրեթե միշտ կոնկրետ մարդկանց, գործիչների արձաններ են։ Կինը մեզանում արժևորված է առավելապես իբրև հավաքական կերպար, բայց ոչ իբրև կոնկրետ մարդ` կոնկրետ անունով և ազգանունով, կոնկրետ գործերով և աշխատանքով։ Մայր Հայաստան, Սպասում, Զարթոնք, Ավետում, Տիրամոր արցունքը․ սրանք Երևանում տեղադրված կանացի կերպարով արձաններն են, որոնք թեև ներկայացված են կանանց կերպարով, սակայն մյուս կողմից` կանանց դարձնում են այնպիսի կերպարներ, որոնց Կանտը կբնորոշեր՝ էակ առանց հողեղենության, առանց մարդկային կոնկրետ դրսևորման ու պատմության։ Մինչդեռ առաջ գնալու, սեփական ուժերին վստահելու համար մեր կանանց, մեր աղջիկներին պետք են կոնկրետ օրինակներ, մարդիկ, որ ցույց են տալիս, որ դա հնարավոր է։ Այո, վերջին տարիներին Զապել Եսայանի արձանն է բացվել. 2021 թվականին բոստոնահայ բարերարներ Վիկտոր Զարուգյանը և տիկին Ջուդի Սարյանը, ում տանը Բոստոնում լինելու պատիվ եմ ունեցել, պատվիրել են հայ արձակագիր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զապել Եսայանին նվիրված ինքնատիպ հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում։ Եվ Ջուդի Սարյանը հենց այս կոնկրետության պակասն է շեշտել իր խոսքում․ «Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, քանի որ կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է» ։ Կարծում եմ՝ սա է մեր այսօրվա ամենամեծ խնդիրը. կոնկրետ օրինակներով ցույց տալ մեր կանանց, որ ամեն ինչ հնարավոր է, և իրենք ամեն ինչ կարող են։ Նախորդ տարվա վերջին ոլորտի փորձագետները, մարզիչները, լրագրողները որոշեցին տարվա տասը լավագույն մարզիկներին։ Նրանց մեջ երկու կին կար, որոնց հետ բախտ ունեցա շփվել պարգևները հանձնելու ժամանակ։ Նրանցից մեկը՝ Անին, 24 տարեկան է, նախորդ տարի դարձել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության հաղթող, չեմպիոն։ Հարցնում եմ՝ ինչպես վերաբերվեց ընտանիքդ բռնցքամարտով զբաղվելու որոշմանդ։ «Վատ, երկար ժամանակ չէին ընդունում, փորձում էին համոզել, մտածում էին՝ դեմքս կվնասեմ, համոզում էին գոնե այլ մարզաձև ընտրել, օրինակ՝ մարմնամարզություն։ Հետո հասկացան՝ իմաստ չունի, չեմ համոզվելու» ,-ասում է։Նախորդ շաբաթ եղա Արմավիր քաղաքում, որտեղ ապրում է Անին և այցելեցի մարզադպրոցը, որտեղ նա պարապել է։ Իր հաջողություններից հետո մարզադպրոցում ավելացել են աղջիկները։ Նրանք արդեն տեսել են Անիին, որն իր նպատակի հետևից գնացել է ու գնացել են Անիի հետևից՝ իրենց սեփական երազանքներով ու նպատակներով։ Անին իր հետևից աղջիկների համար ճանապարհ է բացել։ Այդ ճանապարհը բացում է յուրաքանչյուր կին, որ իր ընտրած ոլորտում, իր զբաղմունքի մեջ չի վհատվում, առաջ է գնում։ Խնդրել եմ Անիին, որ շարունակի առաջ գնալ, ու մեր անվանի մարզիկների անուններով բացվող մարզադպրոցների շարքում մարզադպրոց կառուցենք իր անունով, նաև մեր մյուս հրաշալի կին մարզիկների անունով» ։ Անդրադառնալով գիտության մեջ կանանց ներգրավվածության խնդրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան տարիներով արմատացած համակարգային խնդիրներ, ինչի մասին փաստում է նաև բարձրագույն կրթություն ստացողների մասին պաշտոնական վիճակագրությունը։ Մասնավորապես` STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթությամբ կանայք քիչ են, այն դեպքում, երբ երբ ընդհանուր բարձրագույն կրթություն ստացողների մեջ կանանց տեսակարար կշիռն ավելի մեծ է։Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հիշատակել է իրեն նախկինում ուղղված՝ ինչ է պետք կնոջը երջանկության համար հարցին ինքնաբերաբար տրված պատասխանը՝ ինչ-որ պետք է մարդուն։ «Կանայք հսկայական ուժ ունեն, ամեն մեկն առանձին և նաև իրենց հավաքականությամբ ու համերաշխությամբ։ Զորեղացնենք միմյանց, սիրելի կանայք, ու զորեղացնենք մեր պետությունը»,- եզրափակել է նախարարը։
20:08 - 08 մարտի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան |armenpress.am|

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որում նշված է. «Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»: Պավիրակության մյուս անդամներն են՝ Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Արկադի Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ, Մարիամ Գիգոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ, Հովհաննես Հովհաննիսյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, Լուսինե Ղասաբօղլյան - «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Որոշման մանրամասները՝ այստեղ։
09:10 - 08 մարտի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին՝ այս համատեքստում անդրադառնալով, մասնավորապես, շուրջ 30 հազար երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ 2022 թվականի դեկտեմբերին համապատասխան  նամակ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում է երեխաների կրթության իրավունքը․ այս  անթույլատրելի իրավիճակը ձգվում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեական գործողությունները կնպաստեն խնդրի կարգավորմանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման գործընթացում և նշել, որ ծրագրով նախատեսված միջոցառումների պլանն իրականացնելիս ևս ակնկալում են զարգացման գործընկերների աջակցությունը: «Մեզ համար որպես նպատակներ սահմանվել են ինչպես բովանդակության, այնպես էլ մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Բորեն Շակրունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության մշակած բարեփոխումների նախագիծը՝ կրթության փոխակերպման համատեքստում: Փորձագիտական խմբի ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեխնիկական և մասնագիտական կրթության և վերապատրաստման ռազմավարության շրջանակում (EFTP) Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացմանը. «Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է: Արդեն ծանոթացել ենք «ՀՀ կրթության՝  մինչև 2030  թվականը զարգացման  պետական ծրագրին», որում սահմանվել են շատ հավակնոտ ծրագրեր և թիրախներ: Գնահատում ենք ձեր ջանքերն այդ ռազմավարական փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում: Դա վկայում է կրթության փոխակերպում իրականացնելու ձեր պատրաստակամության մասին: Երեկ հանդիպել ենք նաև զարգացման մյուս գործընկերներին: Կա ընդհանուր դրական տրամադրվածություն կրթության զարգացման պետական ծրագրում և գործողությունների պլանում ներառված գաղափարների իրագործման առումով: Համակարգային բարեփոխումների իրականացման հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր աջակցությունը և քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր»: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման, քոլեջների և ուսումնարանների գործունեության, մարդկային կապիտալի զարգացման ու հմտությունների բարելավման կարևորությանը և այս համատեքստում համագործակցության հեռանկարներին: Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կրթության ոլորտի քաղաքականությամբ ստեղծվել է մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ, ինչի արդյունքում դիտարկվում է նաև քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
11:25 - 01 մարտի, 2023
ԿԳՄՍ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խնդրին

ԿԳՄՍ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, ԵԽ այլ ներկայացուցիչներ:  ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկը և ընդգծել՝ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, ինչը բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է տալիս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության ապահովման մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին: «Գտնվում ենք հանրակրթության բարեփոխումների ակտիվ փուլում: Մարդու իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացումը, իրավական կրթությունը մեր առաջնահերթություններից են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարեվերջին ընդունվել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որտեղ շեշտադրված են ոլորտի կարևոր խնդիրները: Նախարարը շեշտել է, որ նոր ծրագրի շրջանակում կրթության առաջընթաց է նախանշվում մի շարք ուղղություններով: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը բազմաշերտ է և համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Բյորն Բերգեն ընդգծել է՝ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են, իսկ Հայաստանի հետ համագործակցությունը և այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել մի շարք ոլորտներում, Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում: Անդրադառնալով սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն կարևորել է, մասնավորապես, դոպինգի դեմ պայքարի շրջանակում իրականացվելիք գործողությունները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններով՝ հստակեցվել են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը՝ երկրում գործող օրենսդրությունը միջազգային և ներպետական իրավունքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով մշակութային համագործակցության ընդլայնմանը, կարևորել է ԵԽ մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի հարցերով ղեկավար կոմիտեի հետ համատեղ աշխատանքը: Այս համատեքստում, Ժաննա Անդրեասյանը եվրոպացի գործընկերներին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ: ԿԳՄՍ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։ Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր, վերահաստատելով, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրով ընդլայնվում են Հայաստանի հետ համագործակցության ոլորտները:
11:53 - 18 փետրվարի, 2023
Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100- ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար
 |armenpress.am|

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100- ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար |armenpress.am|

armenpress.am:  2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մեր երկիրը ներգրավվել է այդ ասպարեզի համաշխարհային գործընթացներում: Հայ կինոյի 100- ամյակի, ինչպես նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ հրատարակվել է մեծանուն ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն արդեն իսկ տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում: 2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իրականացրել է միջոցառումների կազմման աշխատանքները: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունում, որի հայտարարությունը հրապարակված է եղել ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում, և հետաքրքրված բոլոր կառույցները հայտեր ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Հաստատված միջոցառումների ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ նախագծեր` գիտաժողովներից, հրատարակություններից ու կրթական ծրագրերից սկսած՝ մինչև ցուցահանդեսներ, միջազգային կինոփառատոններ և մասնակցություն առաջատար միջազգային կինոշուկաներին: «Կարևորում եմ նաև հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրերը, որոնք ուղղված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում համապատասխան միջոցառումների անցկացմանը՝ ի նպաստ մշակույթի ապակենտրոնացման և հասանելիության ապահովման քաղաքականության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առանձնացնելով, մասնավորապես, «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի: Ծրագրի շրջանակում հայկական դասական և ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ և հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով:  «Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Նախագծերին մասնակցություն են ունենալու նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ` ռեժիսորներ, պրոդյուսերներ, քննադատներ և այլք: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով հրատարակչական ծրագրերը, ընդգծել է, որ դրանք թույլ կտան նաև հետազոտական բաղադրիչ ապահովել. «Մասնավորապես՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ստեղծվելու է երկլեզու պատկերագիրք՝ նվիրված հայկական կինոյի 100-ամյա պատմությանը: Այն ընդգրկելու է մեր ֆիլմարտադրության մասին լիակատար տեղեկատվություն, որն հետագա ուսումնասիրությունների և հետազոտությունների համար լավ նյութ է լինելու: Առանձին հրատարակություն ունենք համր կինոյի վերաբերյալ»: Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում նախատեսվող գործողություններին, նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը Փարիզում: Նախատեսվում է նաև առանձին տաղավարով ներկայանալ Կաննի միջազգային կինոփառատոնին և կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն: «Ծրագիրը բազմաբաղադրիչ է: Ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նորովի վերաիմաստավորելու և ներկայացնելու հայկական կինոն ու նաև կարևոր խնդիրների շուրջ հանրային խոսույթ ձևավորելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալվի որպես անկյունաքար՝ հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով: Հոբելյանական տարվա մեկնարկը նախատեսված է ապրիլի 16-ին` Հայ կինոյի օրը:
17:08 - 16 փետրվարի, 2023