Ինֆոքոմ

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։ «Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
11:20 - 26 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել էր Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնելիս իր բարեւին ի պատասխան՝ սեռական հայհոյանքներ էր հնչեցրել, որից հետո ինքն էր հարվածել նրան, ինչի արդյունքում սկսվել էր ծեծկռտուք։ Մինչդեռ «Ադեկվադ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դանիելյանն էր Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվել, ինչի համար էլ Դանիելյանը դիմել էր ինքնապաշտպանության։ Ավելի ուշ թե՛ Սիմոնյանը, թե՛ Դանիելյանը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի՝ բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելի ուշ այդ ժամանակվա Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ՀՔԾ-ն հայտնել էր, որ  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ինչը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով, ինչով պայմանավորված՝ որոշում էր կայացվել Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը, Երևանի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով Արթուր Դանիելյանին, բարեւել է նրան, սակայն վերջինս ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել․ «Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ օգոստոս ամսից։ Այն գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, որն էլ նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 41-րդ, 313-րդ եւ 379-րդ հոդվածների հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Արարքը, որ մեղսագրվում էր Դանիելյանին, նախատեսում է պատիժ տուգանքով՝ 100․000-300․000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը համարվում է ոչ արդարացնող հիմք։   Միլենա Խաչիկյան
15:20 - 25 հուլիսի, 2022
Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։ Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։ Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։ Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։ Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից  Թովմասյանը բացակայել է։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։ Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։ Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով,  պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։ Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։  Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։  Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով  որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։  Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա  նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու  իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։ Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։    Միլենա Խաչիկյան  
18:32 - 21 հուլիսի, 2022
Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել այն բանից հետո, երբ հրետանային ռմբակոծության հետևանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող պուրակում: Այս մասին գրում է BBC-ն։ Զոհերի մեծ մասը իրաքցի զբոսաշրջիկներ են, նրանց թվում կան նաև երեխաներ։ Իրաքի պետական հեռուստատեսության փոխանցմամբ «կատաղի հրետանային ռմբակոծությունը» հարվածել է Զախո քաղաքի զբոսայգուն, որը Իրաքի Քուրդիստանի շրջանի և Թուրքիայի սահմանին է։ Քուրդիստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թվում կան երեխաներ, այդ թվում մեկամյա երեխա։ Առնվազն 23 մարդ վնասվածքներ է ստացել։ Իրաքը Անկարայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին, ինչպես նաև կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին՝ ներողություն խնդրելու։ «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադըմին։ Իրաքի Քերբալա քաղաքի թուրքական վիզաների կենտրոնի մոտ էլ իրաքցի ցուցարարները ակցիա են իրականացրել ու այրել են Թուրքիայի դրոշը։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Բաղդադում և Նասիրիայում։ Հրետակոծությունը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ «Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Անկարան մտահոգված է հարձակման հետևանքով զոհերի մասին լուրերով։ Գերատեսչությունը հավելել է նաև, որ Թուրքիան առավելագույն կերպով հետևողական է եղել՝ խուսափելու քաղաքացիական զոհերից կամ պատմական, մշակութային վայրերը վնասելուց «իր հակաահաբեկչական գործողություններում» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի, որ ճշմարտությունը ի հայտ գա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ հավելումով, որ Թուրքիայի ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին․ «Մենք Իրաքի կառավարությանը կոչ ենք անում չանել հայտարարություններ նողկալի ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցությամբ ու համագործակցել՝ բացահայտելու այս դաժան արարքի հեղինակներին»։ Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Լուսանկարները՝ Reuters
11:42 - 21 հուլիսի, 2022
Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկվանից լուր են տարածում Հայաստանում Ամերիկայի դեսպանության հաղորդագրության վերաբերյալ։ Լուրի սկզբնաղբյուրն oragir.news կայքն է, որը երեկ «ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգված է ՀՀ-ում բնակվող իր քաղաքացիների անվտանգությամբ» վերտառությամբ նյութ է հրապարակել։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար»,- ասվում է նյութում։  Իսկ վերջում նշվում է․ «Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ-ի դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։  Oragir.news-ին հղումով այս լուրը հրապարակել է նաև lurer.com-ը (արխիվացված հղումը)։ Armlur.am-ն էլ  գրել է․ «Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։ Լուրը armlur.am-ի տեքստով հրապարակել է news.am-ը (արխիվացված հղումը)։   Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է Համայնքային կապի կամավորների (Community Liaison Volunteer) պարտականությունների մասին, ինչպես նաև նշվում է, թե Հայաստանի որ հատվածներից կամավորների կարիք կա։ Այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն դեսպանություն կամ հյուպատոսություն ունի, կամավորներն անհրաժեշտ են, որ տեղեկություններ փոխանցեն իրենց բնակության վայրերում ապրող ԱՄՆ քաղաքացիների մասին։ Օրինակ, եթե դեսպանատանն իմանան, որ տվյալ երկրի մայրաքաղաքից հեռու ամերիկացի  է վիրավորվել, կարող են խնդրել կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Նմանատիպ հաղորդագրությունները, սակայն, չեն վերաբերում միայն ԱՄՆ-ի՝ Հայաստանում գործող դեսպանությանը։ Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնական կայքերում կարելի է հանդիպել տարբեր ժամանակահատվածներում հրապարակված նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների: Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանության կայքում, օրինակ, ևս կա հաղորդագրություն այն մասին, որ դեսպանությունը փնտրում է կամավորների՝ Ֆրանսիայի տարբեր շրջաններում ԱՄՆ քաղաքաիցներին օգնելու համար, եթե դրա կարիքն ունեն։ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանության կայքի հաղոդրագրությունում էլ կարող ենք տեսնել, որ ինչպես Հայաստանի դեպքում, նշված են երկրի այն քաղաքները, որտեղից կամավորների կարիք կա։ Կամավորների մասին հաղորդագրություն կարող ենք գտնել նաև այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների կայքերում (1, 2, 3, 4)։ Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը։ Այս ստանդարտ հաղորդագրությունն իրենց կայքերում տեղադրում են տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսությունները: Իսկ նպատակն այդ երկրներում կամավորների հավաքելն է, որոնք կարիքի դեպքում կօգնեն բնական աղետներից կամ արտակարգ իրավիճակներից տուժած ԱՄՆ քաղաքացիներին։ Այսօր պարզաբանող հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ դեսպանությունը։  «Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասվում է հայտարարության մեջ։  Աննա Սահակյան
15:28 - 20 հուլիսի, 2022
Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

«Ի՞նչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ Բարեկամավանի դպրոցականներին: «Որ շատ մարդ լիներ»,- միաձայն հնչում է նույն պատասխանը: Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին է՝ անդունդի եզրին, որտեղից այն կողմ այլ իրականություն է: Բարեկամավանը պարզապես սահամանամերձ գյուղ չէ, այն սահմանամերձի սահմանամերձն է, որտեղ հայտնվելիս թվում է` հայտնվել ես երկրագնդի եզրագծին: Երբեմնի մեծ ու շեն Դոստլու գյուղից (գյուղի հին անվանումը) այսօր Բարեկամավանում (գյուղի նոր անվանումը) ապրում է 140 հոգի: Գյուղի կենտրոնով քայլելիս մարդ չկա, փակ են նաև գյուղի 2 խանութները: Դրանցից մեկի վրա հեռախոսահամար է փակցված, որ զանգի դեպքում կբացվի: Այստեղ փակցված է Նոյեմբերյան-Բարեկմավան հանրային տրանսպորտի ժամանակացույցը, սակայն, տեղացիների խոսքով, «օրա լինում՝ մարդ էլ չի գնում»: Խանութը Դատարկ փողոցների ու տների արանքից մարդկանց փոխարեն «ձեռքով են անում» վառ կարմիր նռենիներն ու «ողջունում են» բերքաշատ ծառերը: Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար: Խանութը՝ կոտրված ապակու միջից Ահա և ինձ ընդառաջ են գալիս ընկերուհիներ Դիանան, Անահիտը և Անահիտի կրտսեր քույր Մանեն: Այսօր Բարեկամավանն իրենք են ներկայացնելու: Անցնող ուսումնական տարում տեղի դպրոցում սովորել է 13 աշակերտ, դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ: Երկու տարի առաջին դասարանցի չունենալուց հետո սեպտեմբերին դպրոցն ընդունելու է 3 առաջին դասարանցիների: Դիանան, Անահիտը և Մանեն Դիանան և Անահիտը փոխադրվել են 11-րդ դասարան, Մանեն՝ 8-րդ: Դիանան որոշել է դառանալ իրավաբան, «որ մարդկանց շահերը պաշտպանի»: Անահիտն ընտրել է ծրագրավորողի մասանգիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվելու են Երևան: Դասերից դուրս ազատ ժամանակն աղջիկները զբաղվում են ընթերցանությամբ, հավաքվում են գյուղի կենտրոնում՝ եկեղեցու բակում, կամ էլ, ինչպես իրենք են ասում, «ես իրանց տուն եմ գնում, հետո ինքը՝ մեր»: Բացի դասերից ու ընթերացանությունից՝ այստեղ օրն ունի իր կարևոր առաքելությունը. աղջիկները մյուս տեղացիների նման ամեն օր խմելու ջուր են բերում մոտակա աղբյուրներից, քանի որ տներում առկա է միայն տեխնիկական ջուր: «Ի՞նչը կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ աղջիկներին աղբյուր տանող ճանապարհին: «Որ շատ մարդ լիներ, շատ լավ կլիներ»,- գրեթե միաբերան պատասխանում են նրանք: «Իսկ գյուղում շատ մարդ կա՞, որ մենակ ա ապրում»: «Հա՜, շատ»,- միանգամից հնչում է պատասխանը: «Մի տատիկ էլ կա, ինքը բանաստեղծություններ ա գրում»: Եվ մենք մոտենում ենք այդ տան դարպասին:  «Անգրագետ կնիկը բանաստեղծ կըլի՞», - իր մասին մուտքի մոտ շտապում է ասել Անիչկա Միքայելյանը, որին գյուղում բոլորը Անիկ տատ են ասում: «Նախդի հըմի կոֆե էփե»,- դիմում է նա աղջիկներից մեկին, - «խմենք, ծերգին (նախ և առաջ) էդ, ըժու (հետո) ինչ որ ցանկանաք, այն էլ կասեմ: Ափսուս գրագետ չեմ, որ բնական խոսքերը ասեմ, բայց ինչքան որ հիշեմ, էնքանը կասեմ: Ես կլինեմ բոլորիդ տատը, ամուր լինի մեր կապը»: Անիկ տատը Անիկ տատը շտապում է մեզ սուրճ հյուրասիրել, որից հետո միայն սկսում է պատմել իր մասին: Իր ամբողջ խոսքը նա կազմում է հանգերով: «Ասածներս իմացեք, իմ խոսքերին դիմացեք», - սկսում է նա: «Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի Անիչկա Միքայելյանս ծնվել եմ 1934 թ.-ի նոյեմբերի 17-ին: Ես ծերության սիրել եմ ամեն աշխատանք էլ անեմ, սրտանց ցանկանում եմ բնական խոսքերով սրտիս փափագը հանել»: Դիանան սուրճ է պատրաստում Անիկ տատի տանը Անիկ տատը 2 տարի է դպրոց գնացել, բայց սիրել է ամբողջ կյանքը գրել ու ստեղծագործել, որոշ գործեր նաև տպագրել է: «Ի՜, ցավդ տանիմ, ոչ ջնջել եմ, ոչ գրել եմ, խոսքեր ա, որ գալիս ա», - ասում է նա:  «Ես չեմ տեսել գիր ու գրիչը, ա՜խ, ինձնից է ամեն ինչը: Ցերեկները հողն եմ փնտրել, գիշերները խոսքն եմ ընտրել, հերիք ինչքան, որ գիշեր ու ցերեկ ես մնացի արթուն, խելքս ու խոսքս մնաց թաքուն»: Անիկ տատի ամուսինը 8 տարի առաջ է մահացել, այդ օրվանից նա մենակ է ապրում: Նրա երեխաները, թոռներն ու ծոռները ապրում են տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ Անիկ տատը տեղափոխվել չի ցանկանում: «Ոչ մի տեղ էլ ա հնարավոր չի, որ ես կենամ աղջիկ ջեն»,- ասում է նա: «Ըստի (այստեղ) ծնվել եմ, ըստի սնվել եմ, էս մի պուճուր բուդկեն (ցույց է տալիս սենյակը, որտեղ նստած ենք) որ կա է, Ռուսաստան էլ ա, Հունաստան էլ ա, Կիրովական էլ ա (այստեղ են ապրում իր երեխաները): Սա ինձ հմար շատ քաղցր հող ա: Ես չեմ սիրում դրսի փողը, սիրում եմ իմ հայրական ու մայրական հողը»: 22 տարի Անիկ տատը աշխատել է որպես կթվորուհի, այնուհետև 20 տարի թութուն է հավաքել: Ասում է, որ 42 տարվա աշխատանքային փորձով այսօր ստանում է 54.000 դրամ: Բայց հիմա էլ շարունակում է աշխատել իր տանը: Նա արդեն հասցրել է մշակել ու ցանել իր տնամերձ այգին, որը լի է տարատեսակ ծառերով ու պտուղներով: Անիկ տատն աղջիկների հետ «Պըտիտ չեմ գալի է՜, 50 տարեկանի գործ եմ անում»,- ասում է նա,- «փորում եմ, ցանում եմ, վարում եմ, կարտոլ եմ ցանում: Լա էս դուռը (ցույց է տալիս այգին) մատեն տեղ չկա, մտիկ արա: Լրիվ փորել եմ, ցանել եմ, վարունգ ա, պոմիդոր ա, ծառերը լավ բռնած են, թութը վաքել եմ, արաղը քաշել եմ, կյանքս մաշել եմ: Ջահելի նման պըտիտ եմ գալիս, զբաղվում եմ, օրս անց եմ կացնում»: Ու դեռ երկար Անիկ տատը վերհիշում է իր գրած բանաստեղծություններն ու տողերը, որոնք ընթացքում վերափոխվում են իր հեղինակային երգերի: «Ոչ մի երիտասարդ չմնացին իրենց տանը, Լրիվ գնացին Ռուսաստանը, ուզում են հանգիստ մնալ իրենց տանը: Մե՛ք մոռանալ Հայաստանը, հետ գալիս եք դուք ձեր տանը: Շատ մի սիրեք ռսի փողը, եկեք պաշտապանեք մեր պապական քաղցր հողը: Հենց այդ հողն է ձեր ծնողներին պահողը: *** Շատ եմ խնդրում խաղաղություն ձեռք բերեք, Դրսում ապրողներին հետ բերեք, Մենք էլ ենք սիրում մեր հողը, Գրպանումս չկա ոչ մի տեսակ փողը, Բա ինչո՞վ սնվեմ, որ պաշտպանեմ ես իմ հողը: Աշխարհս արյունոտ ծով է, հայոց ազգը ոտից գլուխ սով է, Բայց ոչ մեկս չգիտի, թե արդյոք մեղավորը ով է»: Անիկ տատի տնից հետո մեզ իրենց տուն է հրավիրում Սյուզի Ղարաքեշիշյանը: Սյուզին եղել է Բարեկամավանի 2020թ.-ի միակ շրջանավարտը: Նրանից հետո գյուղում առաջին դասարանցի չի եղել: Այժմ Սյուզին սովորում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: Մեծ երազանք ուներ մասնագիտական կարիերան սկսել իր գյուղի դպրոցից, սակայն «օրենքը թույլ չէր տվել առանց ավարտելու աշխատանքի անցնել դպրոցում»: Սյուզին՝ ապագա ամուսնու հետ Այսօր նրանց տանը մեծ իրարանցում է. Սյուզին պատրաստվում է ամուսնանալ և իր սահմանամերձ գյուղից տեղափոխվել համայնքի մյուս սահմանամերձ՝ Բերդավան գյուղ: Ծերացող գյուղում կրկին հնչելու է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը, ամբողջ գյուղը սպասման մեջ է: Այսպես են պահում սահմանամերձ համայնքներն այստեղ՝ սահմանի մոտ՝ անդունդի եզրին: Սահմանամերձի սահմանամերձով սիրով շրջեց Մերի Մամյանը
15:04 - 19 հուլիսի, 2022
Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձագույն, արեւապաչ դաշտերի հեռվում մի խորդուբորդ կատարով, միայնակ սար է երեւում։ Դրա փեշերին փռված է Դեղձավան գյուղը, փոքրիկ այնքան, որ շոգ ժամին հեռվից նայելիս թվում է՝ արեւի ջերմությունից լղոզվում է հողին, համարյա չի երեւում՝ մինչեւ չմոտենաս։ Դեղձավանցիները սարը Օձասար են կոչում։ Հեռվում՝ Օձասարն ու Դեղձավանը Գյուղացիներն անասուններին արոտ են տարել, իրենք էլ տապից պատսպարվել տներում։ Առաջին երկու տների բակերում մարդ-մուրդ չկա, միայն ծտերի ծլվլոց ու դարպասների հետեւից ուղիղ դեմքիս սլացող ճանճեր։ Բայց մի բակում ընկուզենու հովին վերնաշապկի կոճակերն արձակած նստած է մի մորուքավոր տղամարդ։ «Չե՞մ խանգարի»,- հարցնում եմ ցանցի հետեւից։ Զարմացած ինձ է նայում, հետո առանց երկմտանքի ասում՝ «արի՛, աղջիկ ջան»։ Ռոմիկն է, օրվա շոգ ժամերին ամեն օր գալիս, նստում է այս ծառի տակ։ Ասում է՝ ընկուզենու շուրջ մոծակներ չեն հավաքվում։ Բայց երբեմն ձանձրանում է Ռոմիկը, ասում է՝ կուզեր գյուղում մշակույթի տուն լիներ, միջոցառումներ կազմակերպեին, որ գյուղացիները զբաղվեին, կուզեր նաեւ մի տեղ լիներ՝ շախմատ-շաշկի խաղար։ Ուրիշ բանից նա չի բողոքում։ Պատմում է, որ գործի բերումով շատ տեղեր է գնացել, շատ բաներ է տեսել, հիմա էլ աշխատանքից չի նեղվում, ընդհակառակը՝ նեղվում է, եթե աշխատանք չի լինում։ 60-ամյա Ռոմիկը, չնայած սրտի խնդիրներին, այժմ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, համ իր այգին է մշակում, համ էլ որոշակի վարձատրության դիմաց գյուղացիների արտերում է աշխատում։  Ռոմիկը Երբ Ռոմիկն իր երեխաներից, թոռներից է խոսում, ու ես արձանագրում եմ՝ թոռատեր մարդ է, բայց լավ էլ ջահել, ասում է՝ «բա ջահել եմ, ես իմ տարիքի կամ ինձնից մեծ մարդկանց հետ չեմ շփվում, իմ շրջապատում ջահելներ են, ջահելը հեշտ ա հասկանում, տարեցի հետ մի քիչ բարդ ա»։ Ռոմիկը մի քանի անգամ ներս է հրավիրում, որ տիկնոջ հետ ծանոթացնի, թոռներին ներկայացնի, բայց խոսքով ենք ընկնում, դեռ էլի մնում այգում՝ խունացած մետաղե խողովակին նստած։ Զրուցակիցս ասում է՝ համեմատած այլ գյուղերի՝ Դեղձավանի մարդիկ շատ հյուրընկալ են, շատ բարի են, միմյանց հասնող։ Դեղձավանի բնակիչներից շատերը եկել են Վրաստանի Ծալկայի շրջանից։ Ռոմիկն ինքն էլ այդ շրջանի հայաբնակ Խաչգյուղից է։ Եկել է Հայաստան, աշխատել, հետո ամուսնացել ու հաստատվել այստեղ։ Մինչ կգնանք ներս ու իր տիկինը՝ Էլմիրան էլ կմիանա մեր զրույցին․ Ռոմիկն իր այգին է ցույց տալիս ինձ։ Նա ծառից քաղում է հասած, արեւագույն դեղձերը, հետո քայլելով գնում ենք դեպի տուն, որին կապող նեղ ու կարճ արահետի երկու կողմերում հետաքրքիր դրվագները քիչ չեն․ ամեն տեսակի ծառեր՝ նռենուց մինչեւ ձիթենի, մեծ տարայով տարատեսակ մրգեր, որ օղի դառնալու ճանապարհին են, վառարան, որտեղ հաց են թխում օրը մեջ։ Ընդ որում, ինչպես ասում է Ռոմիկը, գյուղում ով ուզում է՝ հանգիստ գալիս, իրենց տանը հաց է թխում։ Միայն ափսոս, որ իմ այստեղ գալուց քիչ առաջ այդ արարողությունն արդեն ավարտել են․ երբ Ռոմիկը վառարանի դուռը բացում է, տաք մետաղի ջերմությունը երեսիս է խփում։ Ի դեպ, Ռոմիկը գյուղի խոհարարն է․ ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ հիմնական ուտեստներն ինքն է սարքում։ «Էլմիրա՜»,- դռան մոտից ձայն է տալիս տիկնոջը ու մինչ արձագանք կստանա, ինձ պատմում է, որ դռան կողքին դրված ծաղիկները կինն է խնամում․ «Շատ ա սիրում։ Հլը էս ի՜նչ ա, կեսն էլ չորացավ, թե ջրից, թե ինչից»,- ասում է Ռոմիկը ու նորից կանչում՝ «Էլմիրա՜, բաբուլյա՜», հետո դիմում թոռներին, որ տատին կանչեն։  Բաց դռան վերին փեղկից կախված վարագույրը մի կողմ է տանում տիկին Էլմիրան․ «Աստծու բարին, աղջիկ ջան»,- ողջույնիս միանգամից պատասխանում է նա ու ասում՝ «արի տեսնենք՝ մեր քովն ի՞նչ կա»։ Էլմիրան էլ է Վրաստանից այստեղ տեղափոխվել․ «Ես անձամբ Վրաստան եմ ամուսնացել, բայց վերադարձել ենք ստեղ, աշխատում, ապրում ենք։ Տուն ու տեղ ենք դրել, ընտանիք ենք ստեղծել, չորս երեխա ունինք, ութ թոռնիկ, սպասում ենք իններորդի ծնվելուն։ Թոռներիցս յոթը տղա են։ Էդպես, աղջիկ ջան, աշխատեցինք, ստեղծեցինք, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր մարդ ու կնիկ յոլա գնացինք, մի օր կռվեցինք»,- ասում է տիկին Էլմիրան, ամուսինն էլ շարունակում՝ առանց վեճի ընտանիք չկա։ Բայց երկուսով էլ հաստատում են՝ ոչ մի օր մտքներով չի անցել լքել Հայաստանը․ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի աշխարհում, մնացած ամեն ինչն էլ մարդու համար է»,- ասում է Էլմիրան, որի որդիները ծառայել են հայկական բանակում։  Տիկին Էլմիրան՝ թոռան հետ Տիկին Էլմիրան գյուղի խնդիրներից ու առավելություններից շատ օբյեկտիվ է խոսում։ Ասում է՝ գյուղի դպրոցը հիմնական է, աշակերտներն իններորդից հետո գնում են հարեւան Պտղավան գյուղի դպրոց, բայց գյուղապետարանը տրանսպորտ է հատկացրել, գնալ-գալը հեշտացել է։ Ասում են՝ այստեղ՝ Դեղձավանում, բնակիչներն իրար թիկունքի կանգնած են, ուրախության առիթ լինի, թե տխրության։ Հիշում են՝ Ռոմիկի երկու եղբայրներն անցած տարի մահացան, իրենց ընտանիքը ոչ մի հարցով չզբաղվեց այդ տխրության ծանր օրերին․ «Բառիս բուն իմաստով ոչ մի բանի չենք խառնվել, մենք մենակ առեւտուր ենք արել, մեր հարեւաններն են մնացած հարցերը լուծել, ժողովրդին ընդունել, ճամփու դրել»։  Բացի մշակույթի տան բացակայությունից՝ դեղձավանցիներին մտահոգում է մանկապարտեզ չունենալու հարցը․ «Ես, օրինակ, թոռներ չունեմ մոտս, բայց կուզենայի՝ մանկապարտեզ լիներ, որ հարեւանի երեխեքը զբաղվելու, խաղալու տեղ ունենային»,- ասում է տիկին Էլմիրան, - «արեւի տակ, էս շոգին, կրակին մնում են դրսերը երեխեքը։ Երիտասարդներն էլ զբաղվելու բան չունեն, մի ժամանցի տեղ չկա»։ Խաղահրապարակ էլ չկա, ֆուտբոլի դաշտն էլ մի սովորական փոքրիկ դաշտ է, լրիվ սարքած չէ, անասուններին էլ ֆուտբոլրի դաշտից են հանդ տանում, ուրիշ տեղ չկա։ Իսկ ահա ճանապարհները, ասում է, բարեկարգ են, շատ լավ սարքած։ Տրանսպորտ էլ կա, երկուշաբթիից ուրբաթ 200 դրամով աշխատում է, մեքենան շրջում է Նոյեմբերյանի բնակավայրերով։ Կոմունալ խնդիրները մեծ մասամբ լուծված են, միայն թե կան որոշ թաղամասեր, որտեղ կոյուղագիծ չկա, ինչպես շատ այլ գյուղերում։ Տարիներ շարունակ դեղձավանցիները խմելու ջուրը գնել են տարաներով, հիմա այդ հարցը եւս լուծվել է։ Ռոմիկն էլ հավելում է՝ ոռոգման ջուր էլ կա, բայց խողովակներն են հին։  Մեր զրույցի ընթացքում Ռոմիկը գնում է «կովերը բաց թողնելու»։ Կովերն արոտում են, բայց այնտեղ անասուններին ջուր տալու հարմարություն չկա, դրա համար Ռոմիկն օրը երկու անգամ կովերին բերում է ջուր խմելու, նորից ուղարկում արոտ։ Ես նրա հետ դուրս եմ գալիս, գնում գյուղապետարան։ Դեղձավանի վարչական ղեկավարը՝ Յուրիկ Հովհաննեսյանը, հեռու չի ապրում աշխատավայրից։ Մինչ նա կգա, գյուղապետարանի զրուցարանում նստում եմ այնտեղ հավաքված երեխաների մոտ։ Սուրենը, Ռաֆայելը, Ժորան, երեքն էլ ֆուտբոլ խաղալ շատ են սիրում։ Ռաֆայելն ու Ժորան Սուրենն ու Ժորան ուզում են ֆուտբոլիստ դառնալ, Ռաֆայելը՝ ոստիկան։ Վստահեցնում են՝ դպրոցում լավ են սովորում, Սուրենն ասում է՝ շախմատի դասերին միշտ իրենց են կանչում գրատախտակի մոտ։ Մինչեւ հովը կընկնի ու ֆուտբոլի հավեսը կբացվի, նրանք բլոտ են խաղում։ Ես բլոտ խաղալ չգիտեմ, կուզեի՝ շախմատի տախտակ լիներ սեղանին, մի երկու քայլ էլ ես անեի, բայց այս անգամ նրանց թուղթ ու գրիչ եմ տալիս, որ իրենց խաղի հաշվարկն օդի մեջ չանեն։  Ֆուտբոլի դաշտը Վարչական ղեկավարը գալիս է, նա, ի դեպ, Ռաֆայելի հայրն է։ Զրույցի սկզբում Հովհաննեսյանն ասում է՝ Դեղձավանն աշխարհի կենտրոնն է։ Այդպես է այստեղ ապրող ամեն մեկի համար, ինչպես մյուս գյուղերում՝ տեղացիների։ Դեղձավանը հիմնվել է 1973-ին։ Վարչական ղեկավարն ասում է՝ կզարմանաք, բայց այստեղից արտագաղթողներ չկան։ Կարող է՝ մի քանիսը մեկնեն արտագնա աշխատանքի, բայց գյուղն, ամեն դեպքում, չեն լքում։  Հովհաննեսյանը կոյուղու խնդրի մասին, իհարկե, տեղյակ է, բայց դրա լուծումը մեծ փողերի հետ է կապված, բացի դրանից՝ տեղանքի ռելիեֆը տարբեր է, ճանապարհներն էլ ասֆալտապատված են, նախքան աշխատանքներ սկսելն ուսումնասիրություն պիտի անեն, հետո ասֆալտը քանդեն։ Համայնքապետարանում էլ են տեղյակ այս հարցից, բայց կարծես այս պահին միայն հուսալն է մնում, որ հարցը մի օր լուծում կստանա։  Մշակույթի տուն ժամանակին եղել է գյուղում, հետո զորամաս է դարձել, հետո, երբ գյուղից դուրս զորամաս է կառուցվել, այդ շենքը դարձել է «հացատուն», հիմա՝ տարբեր առիթների, հանդիսությունների սրահ։ Իսկ մանկապարտեզի նախագծա-նախահաշվային պլաններն արդեն արված են, մնում է Ճապոնիայի դեսպանատունը հաստատի ծրագիրը, ու կսկսեն կառուցման աշխատանքները, եթե ոչ այս տարի, ապա եկող։ Յուրիկ Հովհաննեսյանը Դեղձավանն, ինչպես ասացի, փոքր գյուղ է։ Այստեղ տնտեսությունների թիվը հարյուրի էլ չի հասնում, բնակիչներն էլ մոտ երեք հարյուրն են։ Հովհաննեսյանը շեշտում է՝ գյուղում դատարկ բնակարան չկա։ Ինքն էլ փորձում է առկա խնդիրները լուծել՝ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնելու համար։ Ապագայում մտադրված են խաղահրապարակ էլ կառուցել։ Գյուղում նաեւ նախակրթարան է գործում, որտեղ վեց երեխա է հաճախում, իսկ դպրոցում հիսունին մոտ աշակերտ կա։ Մի քանի առարկաների ուսուցիչներ կողքի գյուղերից են գալիս դասավանդելու, օրինակ՝ ռուսերեն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա։ Իսկ մեծերի զբաղմունքն էլ հիմնականում այգեգործությունն է, անասունները քիչ են, խոշոր եղջերավորները՝ ընդամենը 118-ը։  Քանի որ արդեն կովերին նորից արոտ են ուղարկել, սպասում են՝ հետ բերելուն, դուրս եմ գալիս գյուղամեջ՝ կարծելով՝ հաստատ մարդ-մուրդ կլինի։ Պատի տակ նստած են չորս գյուղացիներ, նրանցից մեկը Ռոմիկն է։ Կողքին Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին են։ Հարցուփորձ եմ անում, ասում են՝ «գրի, որ էս գյուղից ավելի լավ տեղ չկա, ամեն ինչ ունենք՝ դպրոցը կա, խանութները կան, վարսավիրանոց կա, փողոցային լուսավորություն ունենք, ի՞նչ ա պետք մարդուն, ամեն ինչ կա, մենակ մանկապարտեզի հարցն ա, երանի Հայաստանի բոլոր գյուղերն այ սենց լինեին»։ Ռոմիկը, Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին Լսել եմ, որ Դեղձավանում մի երիտասարդ կին կոմպոտների բիզնեսով է զբաղվում։ Առանց հարց ու փորձի եմ ուզում գտնել նրա տունը։ Մի քիչ քայլում եմ, ու Ռոմիկի տնից քիչ հեռու տեսնում մի տուն, որի տանիքին արեւային պանելներ կան։ Մտքովս անցնում է, որ ճիշտ եմ եկել։ «Էս Արուսանց տունն ա՞»,- հարցնում եմ բակում կանգնած աղջնակին։ Ասում է հա ու կանչում՝ «մա՜մ, քեզ են հարցնում»։ Արուսին պատմում եմ իմ մասին, մեր «մարzoom» նախագծի մասին, ու միասին գնում ենք նրանց փոքրիկ արտադրամաս։ Արուսը 2019 թվականին Արուս Ղազարյանը որոշում է բիզնես սկսել, ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ հենց այդ տարի էլ սկսում է։ Սկզբում վերանորոգում է հին ավտոտնակը, որն այժմ իրենց արտադրամասն է։ «Ի սկզբանե բիզնես ծրագիրը գրելիս նախատեսել էի օշարականեր պատրաստել, բայց հետո հասկացա, որ մաքուր օշարակաները կամ պիտի շատ թանկ վաճառեմ, կամ չեմ կարող այդքան հաճախորդ ունենալ թանկով, մարդիկ ավելի էժան օշարակներից են օգտվում»,- պատմում է Արուսն ու շարունակում,- «չընկճվեցի, ու արդեն 2020 թվին անմիջապես միտք եկավ, որ ես պետք ա կոմպոտ անեմ, համ գյուղին օգտակար կլինեմ, համ իմ բիզնեսը կանեմ։ Ես միշտ ասում եմ՝ մրգի առումով էս գյուղն աշխարհի կենտրոնն ա, որովհետեւ ամենահամով ու ամենահյութալի մրգերը մեզ մոտ են լինում»։  Այսպես, Արուսը հիմնում է «Հայք ֆուդ» ընկերությունը ու հիմա զբաղվում է կոմպոտների, մուրաբաների, պահածոների արտադրությաբ։ 2020թ․ համավարակի, պատերազմի ծանր շրջանում Արուսի բիզնեսը շարունակել է աշխատել։ Նա պատմում է, որ զինվորներին պատերազմի օրերին միշտ կոմպոտ ու մուրաբա են ուղարկել․ «Ամուսինս տանում, գյուղապետի հետ բաժանում էին կոմպոտները։ Որ ամեն շաբաթ Յուրան (գյուղապետը) պիտի տաներ պոստ, զանգում էր ինձ, ասում էի՝ ինչքան կոմպոտ ա պետք, ինքն ասում էր՝ էսքան շիշ, խնդիր չկա, դնում, ուղարկում էինք»։  Այդ տարվա ամբողջ արտադրանքն էլ վաճառել են միջնորդին, հաջողությամբ շարունակել աշխատել, սկսել է նոր սարքավորումներ ձեռք բերել։ Արուսը շատ ոգեւորված է իր աշխատանքով, դժվարություններից էլ չի վախենում․ «Էն մի փոքրիկ գումարն էլ, որ մեր տուն ա մտնում, արդեն տեղավորված ա, որովհետեւ ուզում ենք նենց բան ստեղծենք, որ համ արտադրական տարածքն իր հիգիենիկ վիճակով ոչ մի պրոբլեմ չունենա, համ մեր ապրանքը գրագետ տեսք ունենա, հաճախորդը գա, մտնի մեր արտադրամաս, ինքը դրանից լավ զգա»,- կոմպոտների շշերը դասավորելով՝ ասում է Արուսը։ Հետո ինձ հարցնում՝ ես որի՞ց եմ սիրում, ես էլ, դե, ինչ մեղքս թաքցնեմ, բալի կոմպոտ շատ եմ սիրում։ Եւ դուք միայն փորձեք, թե ինչ համով է Արուսի սարքած բալի կոմպոտը։ Արուսի արտադրամասում սարքավորումները նոր են, մեկը՝ պահածոների շշերն է փակում, մեկը եփում է, մեկը պիտակ է փակցնում։ Բայց պատրաստվում են ինքնակպչուն պիտակներ էլ ձեռք բերել, այդպես կհեշտանա աշխատանքը։ Դրան օգնում են նաեւ արեւային պանելները։ Արուսն ասում է՝ հենց մեծացնի արտադրամասը, պանելներն էլ կավելացնի։ Իսկ այս գյուղում արեւն այնքան մոտ է թվում, որ հյուրընկալս հաստատ էներգիայի պակաս չի ունենա։ Զրուցակցիս արտադրամասում գյուղի չորս-հինգ կանայք էլ են աշխատում․ «Ես իրենց ինձանից չեմ տարբերում, աշխատում ենք բոլորով, ես իրենցից մեկն եմ»,- վստահեցնում է Արուսը ու ասում։  Ի դեպ, Արուսի արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն հավելվածներով, ինչպիսին է, օրինակ, «Կորիզը»։ Դեղձավանում, ինչպես ասացի, նաեւ ձիթապտուղ է աճում։ Արուսն էլ առիթը բաց չի թողել եւ փորձել է նաեւ ձիթապտուղ փակել։ Ասում է՝ շատ հավանել են, հիմա էլ, երբ ձիթենին պտուղներ տա, նորից կպահածոյացնի։ Անցած անգամ ողջ արտադրանքը վաճառել է։  Արուսենց բակը, որտեղ ապագայում մեծ արտադրամասը կլինի Բայց այս բիզնեսում նաեւ դժվարություններն են շատ, գնորդները տարբեր մարդիկ են՝ տարբեր բարեխղճության, հետո պետք է շատ հաշվարկել, շատ աշխատել, գնած ապրանքը կարողանալ իրացնել։ Արուսին իր աշխատանքում ողջ ընտանիքն է աջակցում։ Ասում է՝ գյուղացիներն էլ ամեն տեղ իր արտադրանքը գովազդում են, գովում։ Զրուցակիցս նույն խանդավառությամբ պատրաստվում է տան բակում ավելի բարեկարգ արտադրամաս հիմնել, ավելի լավ պայմաններով, ընտիր սարքերով, մի խոսքով՝ իր ներուժն է դնում լավագույն որակ ստանալու համար։ Արուսն ինձ ճանապարհելիս հետս կոմպոտ է դնում։ Ես որոշում եմ Նոյեմբերյան հասնել ավտոստոպով, ու ինձ տեղ հասցրած վարորդին պատմում եմ այս գյուղի, այնտեղ ապրող ջերմ մարդկանց, Արուսի ու իր բիզնեսի մասին, կոմպոտն էլ նվիրում նրան, որ անունը հանկարծ չմոռանա։ Հայարփի Բաղդասարյան
13:47 - 19 հուլիսի, 2022
Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Հուլիսյան ալարկոտ մի կիրակի շարժվում եմ դեպի Բերդավան (հին անունը Ղալաչա, տեղացիների խոսքով՝ Ղլաչա)։ Այստեղ կյանքը կարծես ենթարկվում է արեւին․ մարդիկ առավոտյան մտնում են այգիներ, կեսօրին, երբ արեւը զենիթում է, թաքնվում տներում, ու այդ ժամերին միայն բերդն է դիմանում շոգին՝ միշտ կանգուն, միշտ ձիգ։ Իսկ երեկոյան մարդիկ հերթով դուրս են գալիս տներից, նստում հովին, նայում անցող-դարձողին, զրուցում կամ լռում իրար հետ։  Դեպի Ղալինջաքար ամրոց տանող ճամփան Բերդավանում շրջելը սկսում եմ հենց Ղալինջաքար ամրոցից՝ որպես ծիսակարգ, որպես այստեղ այցերի անդավաճան արարողություն։ Սահմանին շատ մոտ այս ամրոցի գլխին հայկական դրոշն է ծածանվում։ Որոշ հիշատակումներում Ղալինջաքար ամրոցը թվագրվում է 12-րդ դարին, բայց որոշ աղբյուրներ էլ նշում են 17-րդ դար։ Մինչեւ կիջնեմ գյուղ ու կպատմեմ բերդավանցիների մասին, գրեմ, որ բերդի տարածքում պահպանվել են տարբեր գերեզմանաքարեր ու խաչքարեր, որոնց թվում թեեւրը բաց կանգնած է նաեւ մի խաչքար։ Որքանով հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու՝ թեւավոր քարակերտ խաչքարերը հիմնականում տարածում են ունեցել 5-7-րդ դարերում, դրանցից քչերն են պահպանվել։ Թեւավոր խաչքար Ուրեմն, ժամանակին հին գյուղատեղին ամրոցին ավելի մոտ է եղել, բայց հետո մարդիկ իրենց տները տեղափոխել են քիչ հեռու, այնտեղ, որտեղ գյուղը հիմա է՝ ավելի հարմար դիրքով ու պայմաններով։ Գյուղը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, շատ հողեր հակառակորդի ուղիղ դիտակետում են, եւ արոտներ, եւ այգիներ։ Բերդավանում հիմա 730 փաստացի տնտեսություն կա, մոտ 3000 բնակիչ։ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Անահիտ Աբրահամյանն ինձ մի քանի տվյալներ էլ է հայտնում, օրինակ՝ 1100 խոշոր եղջերավոր անասուն են պահում գյուղացիները, 700 գլուխ էլ՝ մանր։ Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, պտղատու այգիներ մշակում։ Բերդավանը Գյուղամիջի տներից մեկում աշխատանքային ակտիվ շարժ է։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցչուհու՝ տիկին Օֆելյայենց տունն է։ Նրանց այգիների մի մասն էլ է դիտարկվում, այնտեղից բերք հավաքելը ռիսկային է։ 77-ամյա Օֆելյա Գիշյանն ինձ պատմում է, որ մի օր որդին տուն է եկել ոտքից գլուխ ցեխ․ խաղողը պառկած էին քաղել․ «Ասի՝ բրախեցեք․․․ Դե՜, ժամանակին զոհեր էլ են եղել»,- ասում է տիկին Օֆելյան՝ հիշելով անցած տարիները, երբ նույնիսկ այգիներում հակառակորդի կրակոցներից զոհեր էին լինում։  Տիկին Օֆելյան Տիկին Օֆելյայից հետաքրքրվում եմ՝ լա՞վ գյուղ է, արժե՞ գալ այստեղ ապրել։ Նա, իհարկե, չգովել չի կարող, բայց զգացվում է, որ ամեն բառն անկեղծ է՝ ձեռքով կրծքավանդակից բառեր է հանում․ «Ազնիվ մարդիկ են էստեղ, աշխատասեր։ Դե, գյուղ չի լինում, որ, ասում ա, շուն չունենա, բայց լավ մարդիկ են, մշակութային մարդիկ են»,- ասում է հյուրընկալս՝ շեշտելով, որ ցանկացած բերդավանցու նպատակն իր երեխային որակյալ կրթության հնարավորություն տալն է․ «Կրթությունն էս ժողովրդի համար առաջնային ա։ Տհենց երեխա չկա, որ փող տա ավարտելու համա»։  Գալ հասնել Բերդավան եւ տեղացիներին Կողբի հետ իրենց բարդ հարաբերություններից չհարցնել չեմ կարող։ Տիկին Օֆելյան ծիծաղում է ու հիշում, որ երբ ուսանող էին, գնում-գալիս էին քաղաք, այնտեղ թե մեկին նեղող լիներ, մյուսն անպայման թեւութիկունք էր լինում, կողբացին՝ բերդավանցուն, բերդավանցին՝ կողբացուն։ Բայց թե հարցն այս երկուսի մեջ է, իրար օգնել չկա․ «Տհենց բան չկար, որ չվիճեին, դա հնարավոր չի, որ Բերդավանն ու Կողբը իրար հետ չվիճեն, տհենց ա։ Թե դա որդեղից ա եկել, չգիտեմ, ես երեխա եմ եղել, էդ եղել ա, հմի էլ կա ու կա»։ Իսկ տիկին Օֆելյայի հարսը՝ Արեւը, հավելում է, որ համ էլ լավ բարեկամություն են անում, հենց այսօր էլ Բերդավանից Կողբ հարս են ճամփել։  Տիկին Օֆելյան մի պահ հայացքը ծաղիկներին է գցում ու մտքերով ընկնում” թոռանը բանակ են ճանապարհել, ինքը շատ է կարոտում, անհամբեր զանգին է սպասում։ Հյուրընկալներիս համբերությունը չեմ չարաշահում ու նրանց հրաժեշտ եմ տալիս՝ այլ որոնումներով գնալու մտքով։ Մի խանութ եմ մտնում՝ ջուր առնելու, որովհետեւ ծորակի ջրերն այս շոգին տաք են լինում։ Աշխատող տիկնոջն ասում եմ՝ «որտեղի՞ց ա գալիս էս կողմի ջուրը, մի տեսակ ուրիշ համ ունի, Ստեփանավանից ա՞»։ Կինն ասում է, թե Ստեփանավանի ջուրը պիտի որ լավ էլ համով լինի, ու հոնքերը մի տեսակ կիտելով՝ հավելում, թե՝ «էդ վատ համով ջուրն աչքիս Կողբից ա գալիս»։ Ծիծաղս զսպել չեմ կարող, նա էլ ինձ հետ է ծիծաղում։  Բերդավանցի պապիկները Գյուղամիջի զրուցարանում հավաքված պապիկների հետ մի քիչ զրուցելուց հետո էլ գնում եմ այն ճանապարհով, որի վերջում բացվում է փարթամ անտառով ծածկված Գոնչուտը։ Գոնչուտը 93-ամյա Սոնյա տատի «կուշտն եմ եկել»։ Նրա այգում խնամված, արդեն ճութ տված խաղողն է հով անում, տատն էլ բակում կատուներին կեր է տալիս, զբոսնում, ներս գնում։ Սոնյա տատը կարդալ շատ է սիրում։ Նրա սենյակում պատուհանագոգին տարբեր գրքեր են դրված ու օրացույց, որի էջերն ամեն օր պոկում է տատը։ Գիրքը, որ հիմա կարդում է Սոնյան Նա մտահոգվում է, որ այս տարվա օրացույցում սխալ կա։ Սոնյա տատը ցույց է տալիս, որ էջերի վրա գրված է «ցերեկվա տեւողությունը»․ «Արդյո՞ք ճիշտ ա օրվա տեւողությունը, օրը 24 ժամ ա, չէ՞, իսկ ստեղ օրվայա գրված, բայց ցերեկվա մասին ա»,- ասում է նա։  Տատը հիշում է՝ եկող շաբաթ Բերդավանում վարդավառ են նշում՝ Ջանգյուլում։ Պատմում է՝ ոնց էին ժամանակին խաղում, ասում է՝ հարս են ընտրում, ու հարսը մինչեւ եկող առավոտ պետք է չխոսի, եթե խոսեց, «գյուլումը» վատ է գնում։ Հարցնում եմ՝ դու խաղացել ե՞ս ջահել վախտդ, երազկոտ, երկարացնելով ասում է՝ «շա՜տ-շա՜տ-շա՜տ-շա՜տ», բայց հարս չի եղել՝ «անխոս կարեցել չեմ կենամ»։ Հետո տատը հնձանն է ցույց տալիս, որտեղ խաղողից գինի են ստանում։ Այս հնձանը նաեւ ապաստարան է ծառայում․ կրակոցների ժամանակ այդտեղ են պատսպարվում։ Սոնյա տատը Սոնյայի հետ զբոսնում ենք, խոսքի մեջ ասում է, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում․ ո՞նց է, որ ռուսները շաբաթը понедельник-ից են հաշվում, իսկ մենք՝ երկուշաբթիից։ Ասում եմ՝ դե նույնը չի՞, понедельник-երկուշաբթի․ «Ո՞նց ա երկուշաբթի, էդ вторник-ն ա»։ Տատին խոստանում եմ, որ հենց իմանամ հարցի պատասխանը, իրեն էլ կասեմ։  Իմ զբոսանքի ընթացքում մի տուն տանող արանքում տեսնում եմ խոտի տուկերի մոտ նստած տղամարդկանց։ Նրանք Չարդախլուից՝ Զորական գյուղից են եկել, խոտ են բերել այստեղ, սպասում են՝ տան տերը գա։ Մի քիչ զրուցում ենք դեսից-դենից, գյուղից, կյանքից, ու նրանք թողնում եմ հանգիստ՝ հովն ու պաղպաղակը վայելեն։ Իսկ Չարդախլուից մեր պատմությունը կարող եք կարդալ այստեղ։ Զորականցի Մաքսը, Հովհաննեսը, գլխահակ նստած Անդրանիկը՝ Սպիտակից, եւ զորականցի Ալբերտը Քիչ հեռու տներից մեկի բացում խաղ անող երեխաների ձայներ են լսվում։ Դարպասի մոտից աղջնակը տեսնում է ինձ ու ներս կանչում։ Տասնամյա Մանեն է, մայրիկին էլ ձայն է տալիս, ինձ տուն են հրավիրում։ Մի բաժակ սուրճի շուրջ շատ խոսակցություններ են լինում ամենատարբեր թեմաներից։ Բայց ինձ անչափ գրավում է երեխաների հավես չարաճճիությունը։ Մանեն Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ունի, ասում է՝ քույր կամ եղբայր է ուզում ու առողջանալ։ Աղջնակը հոդերի խնդիրներ ունի, շատ ցավեր է հաղթահարել, հիմա ավելի լավ է ու խոստանում է՝ արագ կլավանա մինչեւ վերջ։ Նա ուզում է մատնահարդար դառնալ, իր եղունգներն էլ հենց ինքն է ներկել։ Համ էլ լավ նկարում է ու ոգեւորված ինձ ցույց է տալիս իր նկարները։ Իսկ իր զարմիկը՝ յոթամյա Արմենը, որ ցնցող դիմախաղ ունի, ուզում է օդաչու դառնալ։ Ո՞նց է այդ միտքը ծագել, հարցնում եմ, պատասխանում է, որ իր փոքրիկ եղբայրը՝ արդեն մեկ տարեկան Լեոն, ատամհատիկին քաշել է օդաչու գրությամբ թղթիկը, ինքն էլ որոշել է՝ երկուսով կթռչեն։ Տղաներն ընտանիքի հետ Ռուսաստանում են ապրում, ամռան ամիսներին գալիս են գյուղ։  Լեոն եւ Արմենը Մանեն սիրում է իր գյուղը, ինքը գնալ չի ուզում։ Նրա մայրը՝ Սաթինեն էլ, ասում է Բերդավանն իրեն շատ հոգեհարազատ է։ Ամուսինն էլ զինծառայող է, նաեւ այդ հանգամանքի բերումով իրենց մտքով անգամ չի անցնում գյուղից հեռանալը։ Աշխատում են, ապրում, ապագայի պլաններ ունեն, վերանորոգել տունը, շենացնել, մի խոսքով՝ սիրելով ապրելով։ Բերդավանից գնալիս մեկ էլ մսագործ Արայիկի խանութ եմ գնում։ Նա քչախոս մարդ է, լուռ իր գործն է անում։ Առեւտրից չի բողոքում, ասում է՝ նորմալ է։ Մսի սառնարանի ապակու վրա թղթով կպցրած է՝ «նիսյա չկա»։ Հարցնում եմ՝ բայց չեք տալի՞ս «նիսյա»։ Ժպտում է, թե՝ «տալիս եմ, որ ուզում են, ո՞նց չտաս»։ Արայիկը՝ խանութում Մաքուր, կոկիկ խանութ է, առաջին հայացքից չես էլ հասկանա՝ միս են ծախում։ Միսն էլ մաքուր, կոկիկ շարված ամանների մեջ, իսկը՝ բուսակերների դժոխք ու մսակերների դրախտ՝ ինքս ինձ ասում եմ, երբ Արայիկը սուր դանակով կտրում է պատառը, ավելորդ, բայց երեւի թե համեղ մասերն էլ տալիս իր շանը՝ Գեցոյին։  Արայիկը Իսկ ինձ գյուղից դուրս է ուղեկցում թաղերով հեծանիվ քշող 11-ամյա Հենրին։ Ասում է՝ «ուղիղ գնա ասֆալտ, դուրս ես գալու Նոյեմբերյան գնացող  ճամփա»։ Մինչ ես կհասնեմ «ասֆալտին»՝ գլխավոր ճանապարհին, Հենրիին հարցուփորձ եմ անում։ Նա արդեն վեցերորդ դասարան է փոխադրվել, ամենից շատ ֆիզկուլտուրան է սիրում եւ ուզում է զինվորական ու փրկարար դառնալ։ Ինչո՞ւ, հարցնում եմ․ «Որ մեր հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հենրին, որ ամռան արեւից մգացած համաչափ դեմք ու լուրջ աչքեր ունի։ Հենրին Հենրին երեւի այնքան է սիրում իր գյուղը, որ հենց ինձ հասցնում է «ասֆալտի» պռնկին, անմիջապես հետ է դառնում․ «Դե հաջող»,- հեռվից ձայնում է,- «զգույշ կլնես»։ Հաջող եմ անում Հենրիին, բայց մտքով, որ հուլիսի 23-24-ին էլի այստեղ եմ լինելու, որովհետեւ Բերդավանն այդ օրերին մեծ փառատոն է անցկացնելու, Սոնյա տատի հիշատակած «ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ»-ը։ Փառատոնին, ուրեմն, հագեցած հանգիստ է կազմակերպվելու բնության գրկում՝ վրանային գիշերակացով, լինելու է առողջ նախաճաշի, անուշեղենների ու տոնական խորովածի հյուրասիրություն, իսկ ժամանցային-խաղային հագեցած ծրագրերը՝ անպակաս։ Ինձ ամենից շատ դուր է գալիս այն գաղափարը, որ տեղի է ունենալու նաեւ քայլարշավ՝ դեպի անտառի խորքում կառուցված միջնադարյան եկեղեցի՝ Մշկավանք, հետո արդեն մեծ խարույկ՝ կիթառային երգերի ուղեկցությամբ ու, իհարկե, Վարդավառյան ջրոցի եւ ավանդական Ջանգյուլում խաղ։ Տեղացիներն ինձ պատմում են, որ նաեւ ձիարշավ է լինելու, իսկ փառատոնին ներկա է լինելու «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Մնում է միայն գրանցվել մասնակցելու համար՝ անցնելով այս հղմամբ։ Փառատոնից գոյացած գումարով Բերդավանի միջնակարգ դպրոցի միջանցքներն են վերանորոգվում, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Հայարփի Բաղդասարյան
22:25 - 18 հուլիսի, 2022
Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

«Անտառնի՜ն»,- ամեն կողբացի այսպես ձգելով պատասխանում է այն հարցին, թե ինչն է ամենից լավը իրենց բնակավայրում։ Անտառներից հետո, իհարկե, թվարկումը երկար է ձգվում․ «Մեր հողը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, մեր մարդիկ․․․»,- ասում են ինձ պատահած անցորդները, որոնք, պարզվում է, մեկը մյուսից ինքնամփոփ են ու այնքան էլ նկարվել չեն սիրում։ Պատրաստ են օգնել ինչով կարող են, բայց հրապարակային խոսելն իրենց սրտով չէ։ Կողբ այցիս առաջին ժամերին մտածում եմ՝ դեռ կոթեցիներին են ասում բարդ հասարակություն, աչքիս՝ Կողբում չեն եղել։ Բայց, ինչպես այս կյանքում շատ այլ բաներ, այնպես էլ տարածաշրջանում ապրողների բնավորությունները միանշանակ ու նույնատիպ չեն, մարդիկ տարբեր են՝ ինչքան էլ տարիներով իրար հետ ապրելով բնավորության նմանություններ ունենան։  Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է։ Եւ թեեւ ես նախկինում այս գյուղում չեմ եղել, բայց ինչ-որ արտասովոր աշխուժություն եմ զգում գյուղամիջում, որին գյուղամեջ ասելն այնքան էլ չի ստացվում, այլ ավելի նման է փոքրիկ քաղաքային հրապարակի։ Բնակավայրի կենտրոնական փողոցում նստարանին նստած է Մարտուն պապը։ Հարցնում եմ՝ մի՞շտ է գյուղն այսքան ակտիվ շարժի մեջ, պապն ասում է՝ սա կապված է վաղվա միջոցառման հետ, վաղը Կողբում մեծ վարդավառ են նշում։ Բայց Կողբում վարդավառը, պարզվում է, միայն վաղը չեն նշում, մի անգամ էլ հուլիսի 24-ին են տոնելու, բայց արդեն ամեն մեկն իր ընտանիքի հետ, ոչ թե այսպես՝ ամբողջ գյուղով ու հյուրերով։ Մարտուն պապն ասում է՝ վաղը տարբեր միջոցառումներ են լինելու, համերգ, եւ այլն․ «Ի՞նչ թվարկեմ, քյանդրբազ էլ ա լինելու, քյանդրբազը գիտե՞ս որն ա»,- հարցնում է ինձ, ճշտում եմ՝ կարող է՞ լարախաղացն է, ու ճիշտ էլ գուշակում եմ։  Մարտուն պապին հարցնում եմ՝ Կողբը լա՞վ տեղ է, ապրելո՞ւ տեղ է, նա միանշանակ այո է պատասխանում․ «Բա իհարկե լավ տեղ ա, իրա ապրելաձեւով, դրվածքով, կողբացիք շատ խելացի մարդիկ են։ Ի՞նչ ա նշանակում Կ․Ո․Ղ․Բ․»,- հարցնում է ինձ, իսկ ես զարմանում եմ, որովհետեւ առաջին անգամ եմ լսում, որ Կողբ անունը հապավում է։ Պապը դասատուի հայացքով բացատրում է․ «Ուրեմն՝ կադրեր, որոնք ղեկավարում են բոլորին»։ 1941-45թթ․ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Ծիծաղելով հաջողություն եմ մաղթում պապին ու գնում դեպի փողոցի մյուս ծայրը, որտեղ տաքսի ծառայություն է։ Տիկնայք, որոնք այստեղ աշխատում են, շատ համեստն են ու նրանցից եւս մի կադր պոկել չի հաջողվում, բայց զրույցներից որոշ հատվածներ գրի կառնեմ այստեղ։  Տիկնայք սիրում են իրենց գյուղը, դժգոհ չեն, միայն թե մտահոգություններ կան, որ ոչ բոլոր թաղամասերում կա ոռոգման ջուր, կոյուղու ցանց։ Ջրատարեր կան, որոնք կոյուղաջրերը դուրս են հանում ու լցնում Կողբաչայ կոչվող գետը, որը ամռան ամիսներին գրեթե ցամաքում է։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցներս չեն մոռանում շեշտել, որ կողբացիք խելացի, աշխատասեր մարդիկ են։ Ես, իհարկե, առիթը բաց չեմ թողնում հարցնել Կողբ-Բերդավան «հակամարտության» մասին։ Տիկնայք ծիծաղում են, ասում՝ դա արդեն լրիվ հումորի դաշտում է, ու երբ պետք լինի՝ կողբացին բերդավանցու կողքին կկանգնի, ու հակառակը։ Բայց այդ դեպքերը, ինչպես ես հասկացա, լրջագույն դեպքեր պիտի լինեն, ինչպես, օրինակ, եթե նոյեմբերյանցին փորձի նեղը գցել նրանցից որեւէ մեկին, մյուսն անպայման թիկունքին կկանգնի։ Համ էլ հիմա շատ-շատ բերդավանցիներ ու կողբացիներ են իրար խնամություն անում, ու թշնամանքի մասին խոսելն ուղղակի աբսուրդ կհնչի։ Ես էլ այս «կոնֆլիկտը չսրելու» համար իմ նյութերում ձեզ չեմ պատմի այն հումորները, որ իրար մասին հորինել են մեր հայրենակից հարեւանները։ Զանգ է գալիս տաքսի ծառայության հեռախոսին․ «- Տաքսի ծառայություն։ - ․․․։ - Հա։ - ․․․։ - Գալիս ա։ - ․․․։ - Սերվիսը։ - ․․․։ - Ո՞ւր տի գալ (ծիծաղում է), կարող ա՞ Լոնդոն։ - ․․․։ - Քեզ ո՞ւր ա պետք, Ղլաչե՞ն (Բերդավանը), թե՞ ձեր տուն։ - ․․․։ - Կացի լա տենամ ո՞վ գիդե Աղունանց տան տեղը։ Հա, Սաշիկն եկավ, նա կգիդենա»,- այսպես պատվիրատուի հետ խոսակցությունն ավարտում է ծառայության աշխատակիցն ու վարորդ Սաշիկին ուղարկում ճշտած ուղղությամբ պատվերը կատարելու։ Իսկ ես շարունակում եմ քայլել գյուղի փողոցներով, որոնցով անընդհատ մեքենաներ են գնում-գալիս։ Բայց պատահում են նաեւ երիտասարդներ, որոնք զբոսնում են։ Ինձ ընդառաջ են գալիս երկու ընկերուհիներ՝ Թամարան ու Աշան, որոնք տուն են գնում Կողբի մշակույթի տնից, որտեղ պատրաստվում էին վաղվա միջոցառումներին։ ։ Թամարան եւ Աշան Թամարա Գալստյանը 11-րդ դասարան է փոխադրվել։ Նա ուզում է լեզուների մասնագետ դառնալ, այս պահին ամենից շատ անգլերենն է սիրում, հետո պատրաստվում է եւս մեկ լեզու սովորել։ Իսկ Աշա Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում։ Սկզբում նա ուզել է լուսանկարիչ դառնալ, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է հագուստի մոդելավորող դառնալ։  Ճամփեզրին մի տղամարդ միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Վարուժն է, նա քչախոս մարդ է։ Ասում է առեւտուրը վատ չէ, միայն եթե «նիսյա» չլիներ, ավելի լավ կլիներ։ Սակավախոս զրուցակիցս կարճ ու կոնկրետ ասում է՝ Կողբը լավ տեղ է, մարդն իր գյուղը ո՞նց չի սիրի։ Վարուժը Իսկ նրանից քիչ հեռու խելոք նստած են իր թոռնիկները՝ ութամյա Մարին, որն ուզում է բժշկուհի դառնալ, որ իր մյուս պապիկին բուժի, եւ երկուամյա Լյուսին, որը նոր-նոր պատրաստվում է մանկապարտեզ գնալ։ Ինչ հարց տաս՝ ասում է «հա», պապն էլ կողքից կատակում է՝ ինչ ուզես իմանալ, երեխեքից կիմանաս։ Մարին եւ Լյուսին Բայց քանի որ երեխեքը հիմա դժվար թե գյուղի նիստ ու կացից շատ պատմեն, ես շարունակում եմ իմ զբոսանքը։ Գյուղամեջից մի քիչ այն կողմ եռուզեռ համարյա թե չկա։ Բակերում ոչ մեկը չի երեւում, ես էլ սկսում եմ նկարել շուրջս, ու մի մեքենա է գալիս-կանգնում իմ կողքի դարպասի մոտ։ Մի քանի վայրկյան ինչ-որ բան են խոսում վարորդն ու կողքին նստած կինը ու բացում դուռը։ «Բարեւ ձեզ»,- ասում եմ,- «չե՞մ խանգարի, եթե մի քիչ ժամանակ խլեմ ձեզնից»։ Միաձայն ասում են՝ «չէ, աղջիկ ջեն, ի՞նչ խանգարել, արի ներս գնանք»։ Ամուսիններ են՝ տիկին Օֆիկն ու պարոն Ալբերտը։ Արդեն 45 տարի է՝ միասին են։ Նրանց գործողությունները համաչափ են, սինխրոն։ Տիկին Օֆիկն ինձ առաջարկում է զբոսնել իրենց այգում, մինչեւ արագ վերջացնեն գործերը, գան զրուցենք։ Բայց ես մի ընթացք չեմ կտրվում նրանց շարժումներից, որ լրացնում են մեկը մյուսին։ Առանց իրար որեւէ բառ ասելու՝ մեկը մի գործ է անում, մյուսը՝ ուրիշ․ տոպրակով հացը բերում է կինը, ձմերուկները ձեռքերին՝ ամուսինը, լիմոնադը, մրգոտ մի ճյուղ։ Պարոն Ալբերտը Բերում դասավորում են, ու տիկին Օֆիկը ձայնում է պատշգամբից՝ տեսա՞ր՝ ինչ մրգեր ունենք։ Գլուխս բարձրացնում եմ, տեսնեմ՝ բանանի ծառ, մյուս կողմս՝ կիվի։ Ամուսինները երկար են մշակել այս այգին, տուն ու տեղ են դրել։ Նոր էլ իրենց մեղուների մոտից են գալիս․ 23-24 փեթակ ունեն։ Տիկին Օֆիկն իր սկեսրոջից է սովորել մեղու պահելը։ Նա ձմերուկ է կտրատում, գալիս նստում զրուցարանում․ «Կողբը շատ լավ տեղ ա, տեսարժան վայրերը՝ շատ, բնությունը՝ լավը, լիքը աղբյուրներով, ման գալու տեղեր։ Սրբասար ունինք՝ մի արտակարգ տեղ ա»,- հավեսով գովում է տիկին Օֆիկը։ Ասում է՝ աշխատանք լինի, ամեն ինչ էլ լավ կլինի․ «Ով աշխատում ա, նա գտնում ա, աշխատողը երբեք չի սովում»։ Այս ընթացքում պարոն Ալբերտը լիմոնադ է բերում։ Նա գալիս է խոսակցության այն պահին, երբ ես էլի Բերդավան-Կողբ թեման եմ բացել։ Տիկին Օֆիկը շեշտում է՝ Կողբում հարսին շատ են տեղ տալիս։ «Հա՞»,- զարմացած հարցնում եմ, ու պարոն Ալբերտը միանգամից դիմում է տիկնոջը, թե՝ «դու որ հմի չասես՝ հա, չի՞ տեսնում՝ ոնց ես դու նստած զրից անում, ես էլ սեղան եմ դնում»։ Ծիծաղում են ամուսինները ու ուրախանում նաեւ, որ ես լա՜վ տեղյակ եմ հարեւան բնակավայրերի կատակներից։  Բայց խոսում ենք նաեւ Կողբի խնդիրներից։ Կոյուղու ցանց չլինելու մասին եմ հարցնում։ Հյուրընկալներս ասում են՝ նման խնդիր կա, բայց որոշ թաղամասերում հարցը լուծված է։ Սա, իհարկե, դժվարացնում է կյանքը, բայց հույս ունեն՝ ամեն տեղ կլուծվի խնդիրը։ Ոռոգման ջրից նրանք դժգոհություն չունեն․ իրենց այգին ոռոգում են Բերթաղ սարի տակից եկող աղբյուրի ջրով․ այգում հոր ունեն, ջուրը այդ հորում է հավաքվում։ Սառնորակ ու համեղ ջուր է։ Մեզ է միանում տիկին Օֆիկի հարեւանուհին՝ Վալյան։ Ասում են՝ ամեն օր անպայման միասին մի բաժակ սուրճ պիտի խմեն։ Վալյան էլ բուժքույր է աշխատում, ինքն է տնտեսությամբ զբաղվող Օֆիկին պատմում դրսի անցուդարձը։  Տիկին Օֆիկը, պարոն Ալբերտն ու տիկին Վալյան Հետո Վալյան առաջարկում է մի հատ էլ իրենց տունը նկարեմ, պարզվում է՝ ես այն անցնելիս արդեն նկարել եմ։ Օֆիկին էլ ասում է՝ գնա, տեսնի՝ ոնց են սարքում իրենց բակը ինքն ու ամուսինը՝ Սարիբեկը։  Օֆիկն ինքնըստինքյան բռնում է Վալյայի ձեռքը ու նրանք միասին քայլում են կողքի տուն։ Ալբերտն էլ իրենց դարպասի մոտից ինձ հաջող է անում։ Հայարփի Բաղդասարյան
00:51 - 16 հուլիսի, 2022
Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

#Կարճասած ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց՝ այն հիմնավորմամբ, որ 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, որով նախատեսված հոդվածները նրանց մեղսագրվում են, օրեր առաջ՝ 2022 թ․ հուլիսի 1-ին, ճանաչվել է ուժը կորցրած։ Հանրային մեղադրող (դատախազ) Արամ Արամյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ մեղսագրվող արարքները, միեւնույն է, հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենսգրքով եւս քրեականացված են։ Տուժող Սիմոն Աղեկյանը միացավ նրա առարկությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։ #Մանրամասն Իրավաբանական համայնքն արդեն քանի օր է՝ քննարկում է այն հարցը, թե Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո նախկինում կատարված ենթադրյալ հանցանքին տրված որակման հետ ինչպես է պետք վարվել․ առաջադրված մեղադրանքը պե՞տք է համապատասխանեցնել նոր օրենսգրքին, եթե այն չի ապաքրեականացվել, թե՞ պետք է պահպանել արարքի կատարման պահին գործող, սակայն այժմ ուժը կորցրած իրավակարգավորումը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, ուր այսօր նշանակված էր Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, այս հարցը դարձյալ քննարկման առարկա դարձավ։ Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ Արա Կուբանյանը՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նարինյանի մորաքրոջ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ սնանկության գործով կառավարիչը՝ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Այս մեղադրանքները նրանց առաջադրվել են 2003 թվականին ընդունված եւ մինչեւ վերջերս գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այդ օրենսգիրքը, սակայն, օրեր առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ճանաչվեց ուժը կորցրած։ Նույն օրը ուժի մեջ մտան Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Հանրային մեղադրողը մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում Այս փոփոխությունը հաշվի առնելով՝ այսօրվա նիստի սկզբում Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ անորոշություն է առաջացել, եւ պաշտպանության  իրավունքի լիարժեք իրացման նպատակով դատախազը պետք է հստակեցնի՝ ի՞նչ դիրքորոշում ունի, արդյո՞ք գործը պետք է այս մեղադրանքով շարունակվի, ի վերջո ի՞նչից պետք է պաշտպանության կողմը պաշտպանվի: Արձագանքելով հարցերին՝ հանրային մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ներկա փուլում ինքը չի պատրաստվում մեղադրանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես գալ, եւ կարծում է, որ առկա իրավական կարգավորումներով անորոշություն եւ դատական նիստը շարունակելու խոչընդոտ չկա։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արամ Արամյանը Ըստ Արամյանի՝ օրենքի փոփոխությամբ մեղսագրված հանցավոր որեւէ արարք չի ապաքրեականացվել․ հին օրենսգրքով նախատեսված 190-րդ հոդվածը ներկայումս նախատեսված է նոր օրենսգրքի 296-րդ հոդվածով, 310․1-դ հոդվածը՝ 443-ով, 314․3-րդը՝ 444-րդով, 308-րդը՝ 441-ով, 196-րդը՝ 283-ով։ Նա մեջբերեց  2022 հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՔՕ-ի 8-րդ մասը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ այս կանոնից բացառությունը միայն մեղմացնող օրենքի առկայության պարագայում է։ Արամյանը հիշատակեց նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ․ «Պետք է արձանագրենք, որ պաշտպանի բարձրացրած հարցը վերաբերում է պաշտպանության իրավունքի խախտմանը, իսկ ես գտնում եմ, որ խախտում առկա չէ, եւ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մեղադրողն ուսումնասիրել եւ գտել է, որ հին եւ նոր օրենքներով հոդվածների դիսպոզիցիաները, արարքի նկարագրությունները չեն փոխվել, ուստի առաջադրված մեղադրանքների հոդվածները համապատասխանում են նրա վկայակոչած հոդվածներին, ինչին Արամյանը դրական պատասխան տվեց։ Քիչ անց, սակայն, դատավորը նկատեց, որ հոդվածների դիսպոզիցիաներում ձեւակերպումների փոփոխություն, ամեն դեպքում, առկա է․ «Արարքները, որոնք մեղսագրվում են, ապաքրեականացված չեն, փոփոխություններ կան, այո, բայց իմ ասածը վերաբերում է ներկա փուլում գործողությունները շարունակելուն, միգուցե հետագայում լրացուցիչ փոփոխությունների կարիք լինի, բայց դրանք խոչընդոտ չեն»,- արձագանքեց հանրային մեղադրողը։ Պաշտպանական կողմի համոզմամբ, սակայն, առաջադրված մեղադրանքները պետք է փոխվեին եւ համապատասխանեցվեին գործող օրենսգրքին հենց այս փուլում։ Նման կարծիք հայտնեց նաեւ Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ պաշտպանական իրավունքի լիարժեք իրացման համար է պետք հստակ իմանալ, թե երկու հոդվածներից ի վերջո որը պետք է կիրառել։ Դատավորն ընդգծեց, որ օրենքը երկու շաբաթ է, ինչ փոխվել է, եւ միասնական պրակտիկա դեռ ո՛չ դատախազությունն ունի, ո՛չ փաստաբանական համայնքը, ուստի առաջարկեց այսօր սկսել գրավոր նյութերի ուսումնասիրությունը, իսկ այս հարցի քննարկումը թողնել մեկ այլ նիստի․ «Կարող է լինել իրավիճակ, երբ արարքի դիսպոզիցիան նույնը լինի, եւ այդ դեպքում միայն հոդվածի վկայակոչումը կարող է հերիք լինել, բայց եթե դիսպոզիցիայում փոփոխություն կա, միգուցե պարոն Արամյանը հետագայում իր դիրքորոշումը էլ ավելի հստակեցնի, եթե կա արտահայտությունների, ձեւակերպումների փոփոխություն, դա հստակեցում է պահանջում»,- ասաց նա։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, նշեց՝ փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ առաջադրված են մեղադրանքներ, որոնց լույսի ներքո շարունակվում է կիրառվել մի օրենսգիրք, որը ուժը կորցրել է․ «Միայն այն հանգամանքը, որ դատախազը վերջնական դիրքորոշում չի հայտնում, տեղ է թողնում, որ կարող է վաղը-մյուս օրը ինչ-որ բան փոխվել, նշանակում է, որ խնդրի առաջ ենք, եւ եթե այսօր շարունակենք, բայց վաղը միասնական դիրքորոշումը այլ տեսք ունենա, ինչքանո՞վ մեր այսօրվա գործողությունները օրինական կլինեն կամ հարցականի տակ չեն դրվի»,- ասաց նա՝ առաջարկելով հետագայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։ Դատավորը հետաքրքրվեց, թե նախկինում, երբ ընդունվում էր 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, այս հարցը ինչպե՞ս են լուծել, ինչին ի պատասխան՝ Վարոսյանն ասաց, որ անցումային դրույթներում եղել է նորմ, որը ժամկետ է սահմանել մեղադրանքները նոր օրենքին համապատասխանեցնելու համար, եւ մինչ դա չէր արվում, գործն առաջ չէր գնում։ Պաշտպանական կողմը միջնորդեց դադարեցնել մեղադրյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը  Հաշվի առնելով, որ հանրային մեղադրողը նախկին օրենսգրքով առաջադրված մեղադրանքները նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում՝ Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով գոյություն չունեցող մեղադրանքի պայմաններում օրենքի եւ իրավունքի ուժով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերացնել ընտրված խափանման միջոցը։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը եւ Տիգրան Մարտիրոսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միացան միջնորդությանը՝ խնդրելով այն քննարկել նաեւ իրենց պաշտպանյալների նկատմամբ։ Մեջբերելով նախկին եւ ներկա իրավակարգավորումները՝ Հովսեփ Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել չգործող քրեական օրենսգրքի համապատասխան որակմամբ, իսկ շարունակվելու դեպքում կխախտվեն նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ  Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։ Սարգսյանի կարծիքով՝ դատարանի առջեւ կանգնած անձի արդյունավետ պաշտպանության իրավունքն այս հարցի կենտրոնական մասն է, քանի որ քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է հստակ իմանա, թե իր կատարած արարքը որ հոդվածով է որակված, որպեսզի տարրական հնարավորություն ունենա գոնե այն բացելու եւ կարդալու: Ըստ նրա՝ անձը պաշտպանվում է հավասարաչափ նաեւ արարքի որակումից, իսկ որակումը միշտ ենթադրում է քրեական օրենքի հոդվածի, մասի, կետի հստակ նշում․ «Այլ կերպ ասած՝ եթե անձը, որի վերաբերյալ քրեական վարույթ է իրականացվում դատարանում, չիմանա, թե ինչ հոդվածով է մեղադրվում, ամբողջությամբ կչեզոքացվի նրա պաշտպանության իրավունքը, եւ դատավճիռ կայացնելիս արարքի վերջնական որակումը նրա համար կլինի անակնկալ։ Դրանից բացի, անձի համար վարույթի ընթացքում տեսանելի չէ հին օրենքի եւ նոր օրենքի էական կամ ոչ էական փոփոխությունները, անձը պարտավոր չէ ունենալ պաշտպան կամ իրավաբանական կրթություն»,- ասաց նա։ Որպես հիմնավորում՝ Սարգսյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Պելիսին եւ Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով դիրքորոշումը, ըստ որի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաեւ այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին։ Մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Պապյանի վերաբերյալ գործով որոշումը՝ պաշտպանն ասաց՝ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ դատական քննության սահմաններն ընդգծելու եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման եւ դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ՝ որ ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ դատարանը, չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքը դադարել է գոյություն ունենալ, եւ դա չպետք է շփոթել մասնավոր իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող օրենքի կիրառման հետ։ Պաշտպանի խոսքով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածը՝ օրինականության սկզբունքը, որոշում է արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը, այլ ոչ թե որակումը․ «Ավելի պարզ ասած՝ «արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով» կանոնը պաշտպանում է մարդուն ոչ հանցավոր արարքը հետագայում քրեականացնելուց եւ պատասխանատվության կանչելուց, որը երբևէ չի կարող մեկնաբանվել զուտ հետադարձության համատեքստում»,- ասաց նա՝ միջնորդելով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։ Հանրային մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ հղում կատարելով իր արդեն իսկ նշած դիրքորոշմանը եւ հավելելով, որ քրեական հետապնդման դադարեցման հիմքերը բացակայում են։ Լուսանկարում՝ տուժող Սիմոն Աղեկյանը Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժող Սիմոն Աղեկյանը՝ կարծիք հայտնելով, որ վերջերս դատավոր նշանակված Արթուր Դավթյանը հնարավոր ամեն ինչ արել է Կուբանյանին աջակցելու, իր գնահատմամբ՝ օրենքի այսպիսի բացեր ստեղծելու համար։ Նշենք, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի մասին է, որը հունիսի 28-ին ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր․ «Կուբանյանի եւ Նարինյանի կալանքի քննության օրը, երբ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանը՝ ոչ, ես ինքս տեսել եմ՝ նա ոնց Կուբանյանին նստեցրեց իր մեքենան ու տարավ․․․ Սա մեծ կոռուպցիոն հանցագործություն է, եւ երբ մենք կանցնենք ապացույցների փուլին, դրանք կներկայացվեն, ես տիրապետում եմ, թե ով ինչ է արել, եւ գտնում եմ, որ այստեղ նստած ամբաստանյալները արժանի են այդ հոդվածներին»։ Դատավորը հորդորեց դիրքորոշում հայտնել կոնկրետ միջնորդության վերաբերյալ, ինչից հետո տուժողն ասաց, որ միջնորդությունը տեղին չէր, եւ ինքը համաձայն է դատախազի դիրքորոշմանը․ «Մինչեւ օրենքը տրամաբանություն կա․ մարդը որ մարդու հանդեպ անմարդկային սխալ է անում, նրան մեղադրում են, եւ եթե չլիներ դատարան, պիտի մարդիկ հավաքվեին, խոսեին, հասկանային՝ վա՞տ բան է արել եւ կամ ի՞նչ պատիժ է հասնում, որ արածների համար պատասխան տա»։ Տուժողը հույս հայտնեց, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որտեղից վերադառնալով՝ հրապարակեց դրա եզրափակիչ մասը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան
22:39 - 15 հուլիսի, 2022