Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։
«Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
comment.count (0)