Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախքան նիստի մեկնարկը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետի ելույթն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Օգտվելով առիթից՝ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել ղազախստանյան մեր ընկերներին և անձամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ավանդական ջերմ ընդունելության և, ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան, ԱՊՀ ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ջանքերի համար։ Նաև շնորհավորում եմ Ակիլբեկ Ժապարովին գալիք նախագահության կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՊՀ գործադիր կոմիտեին և անձամբ Սերգեյ Լեբեդևին՝ գործադիր կոմիտեի ուղղությամբ կատարած աշխատանքի և այսօրվա հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար։Վերջերս պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մեր երկրների ղեկավարներն ընդունել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանը։Ընդհանուր առմամբ դրական գնահատելով այս տարի կատարված աշխատանքը՝ ընդգծեմ, որ ներկա տնտեսական պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն մակրոտնտեսական ռիսկերի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղումը, ինչպես նաև հնարավոր ֆինանսատնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված նպատակային միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքները:Այս համատեքստում ընդգծեմ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը, որի իրականացումը կարևոր գործոն կդառնա ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսությունների աճի համար։ Առաջիկայում շոշափելի արդյունքի հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս ուղղությամբ արդյունավետ երկխոսության։Բարձր, գիտատար և մրցունակ տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը առաջնահերթություն է տնտեսական աճի ապահովման համար։ Միաժամանակ առանցքային նշանակություն ունեն տեխնոլոգիական զարգացման նախագծերի մշակումն ու իրականացումը։ Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիական նախագծերի հետևողական իրականացումը շոշափելի տնտեսական արդյունք կտա և կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում առկա ավանդական կապերի խորացումն ու ընդլայնումը, ԱՊՀ երկրների փոխգործակցությունը գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կարող են լրացուցիչ խթանի դեր խաղալ տեխնոլոգիական զարգացման ապահովման գործում։Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից համարվում են արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծման, բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործիքներ։ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական ոլորտում այսօր կա և գործում է միակ հիմնարար փաստաթուղթը՝ «Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագիրը։ Այս առումով նպատակահարմար է թվում մտածել այնպիսի փաստաթղթի մշակման մասին, որը հաշվի կառնի նոր տեխնոլոգիական մարտահրավերները, ինչպես նաև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ կտա ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսություններին հասնել նոր մրցակցային մակարդակի:Այս համատեքստում մենք աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի և դրա իրականացման համար Գործողությունների ծրագրի ընդունմանը, ինչը դրականորեն կազդի Համագործակցության շրջանակներում բնակչության աճող սոցիալ-տնտեսական կարիքները բավարարող և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայող միջպետական գիտական և տեխնոլոգիական միասնական տարածքի զարգացման վրա:Նիստի հարգելի մասնակիցներ,Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները։Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դերը վերապահված է այդ թվում նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության իրականացման շրջանակներում ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին։Հատկապես կարևոր է նշել, որ պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացում մենք պետք է հենվենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։Ինչպես արդեն գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից Ադրբեջանն անօդաչու սարքերի, հրաձգային և հրետանային զենքերի օգտագործմամբ ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը՝ ներառյալ բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների (այդ թվում՝ խաղաղ բնակիչների) թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր։Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված խոշտանգումների, դաժան սպանությունների և գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունները ցնցել են ողջ քաղաքակիրթ աշխարհի գիտակցությունը:Չափազանց տագնապալի է, որ մեդիա տարածքում տեղադրված նյութերը, որոնք վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, ոչ միայն լայնորեն տարածվում են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, այլև ստանում են դրական գնահատական։Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր:Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է հատկացվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին։Ամփոփելով ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը։Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:Հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով։Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ»:
16:58 - 28 հոկտեմբերի, 2022
Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Մհեր Գրիգորյան

Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Հարգարժան պարոն դեսպան,Ձերդ գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ, կյանքի կոչելով ինքնորոշման իրավունքը, խաղաղ ճանապարհով սկիզբ դրեց երկրի վերամիավորմանը։ Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աշխարհի և Եվրամիության առաջատար երկրներից մեկն է, այն օրինակելի է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման տեսանկյունից: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել է հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ առկա ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացմանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխգործակցությունը դինամիկ զարգացել է: Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև ստեղծված բարեկամական կապերն ու փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է՝ միասնաբար հաղթահարելու առկա տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերները։ Վստահ եմ, որ երկուստեք կներդնենք բոլոր ջանքերը հայ-գերմանական հարաբերություններն ամրապնդելու, առևտրատնտեսական համագործակցության առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Այս համատեքստում չեմ կարող չմատնանշել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեության կարևորությունը: Հարգարժան դեսպան, Օգտվելով առիթից` ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Գերմանիայի հայկական համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես և ԵՄ շրջանակներում։ Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին, ԳԴՀ Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն: Շնորհակալություն»:
21:03 - 04 հոկտեմբերի, 2022
ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար

ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը տուծաժ բնակավայրեր: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարել Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
18:29 - 03 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.«Հարգելի Սերիկ Մակաշևի,Հարգելի Սերգեյ Նիկոլայի,Հարգելի գործընկերներ, Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում մենք ԱՊՀ շրջանակներում ընդունում ենք փաստաթղթեր ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու միջոցների վերաբերյալ, մշակում ենք մեթոդներ՝ ուղղված մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցության մեղմմանը, ԱՊՀ մասնակից մի երկիր ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածների վրա՝ փաստացի ուղղակիորեն ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր տարածել հայկական կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներով՝ հստակ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար։Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ից 9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները։Անընդունելի են ադրբեջանական կողմի հորինված մեղադրանքները Հայաստանի կողմից որևէ գործընթաց, աշխատանքներ կամ բանակցություններ ձգձգելու վերաբերյալ։ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նպատակ ունի նաև խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, որոշել է դիմել ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ակնկալում ենք, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն առաջին հերթին ՀԱՊԿ-ի կողմից։Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, իրենց զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն:Շնորհակալություն ուշադրության համար»: 
19:00 - 23 սեպտեմբերի, 2022
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը: 
19:03 - 19 սեպտեմբերի, 2022
ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:   Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:   Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,- իր ուղերձում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,- ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։   Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։   Լիագումար նիստից հետո կլոր սեղան ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։  
16:08 - 19 սեպտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը. քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր

Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը. քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։ Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։
18:19 - 30 օգոստոսի, 2022
Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախատեսված է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, օրակարգը, սակայն, հայտնի չէ։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջեւ այս հանդիպումը երկրորդն է լինելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։  
13:07 - 25 օգոստոսի, 2022
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
 |armeniasputnik.am|

Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։   «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։   Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:   Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։   Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։  
15:41 - 23 օգոստոսի, 2022