Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Արմեն Գրիգորյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։  ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները՝ մեկնաբանելով դրանք։ 
14:19 - 17 մարտի, 2023
ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
13:45 - 09 մարտի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը մարտի 6-ին 168.am-ի տաղավարում, խոսելով միջազգային հանրությունից Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու ակնկալիքների մասին, ասում է․ «Սա մոտավորապես նմանվում է ՀԱՊԿ-ին դիմելուն, որ գա ՀՀ տարածքը պաշտպանելու, շատ եմ նմանեցնում դրան, երբ որ կոնկրետ, այսինքն, դրույթով չեն դիմում, բայց պահանջում են, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները կատարի, հիմա նույնը միջազգային հանրությունից է․․․»։ Կոստանյանը սխալվում է՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել կոնկրետ դրույթով։  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում դիմել է երկու անգամ՝ 2021թ․ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, եւ 2022թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ։ Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը մի քանի ուղղությամբ ներխուժեց մեր պետության տարածք, հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:  Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածում ասված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ու կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու ու առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցների ձեռնարկում եւ զարգացում: Արդեն մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Նույն օրը ՏԱՍՍ–ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, եւ որ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց հարցը, թեեւ մանրամասներ հայտնի չդարձան, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումը տեւական ժամանակ թողեց անարձագանք, իսկ հետագայում՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ագրեսիան որակեց պարզապես «սահմանային միջադեպ»՝ ասելով, որ իրավիճակը «չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում, այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ»:  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով Անցյալ տարի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը սկսեց ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ ու անօդաչուներ։  Նույն օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:  Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արմենպրեսը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, հաղորդեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ Վիկտոր Բիյագովը նշեց, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Փաշինյանն ասաց, որ «ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, այդ թվում՝ ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը»։ ԱԺ-ում Փաշինյանը նաեւ ասաց, որ նախորդ օրը ՀԱՊԿ խորհրդի նիստի կայանալը գոհացուցիչ փաստ է, տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում, եւ որ կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այդ փուլի համար։ Նույն օրը երեկոյան ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդեց, որ ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ Հայաստան կժամանի հաջորդ օրը, իսկ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կլինի հաջորդ շաբաթ։ Սեպտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման եւ դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքները, եւ դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։ Չնայած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանի սպասելիքներին, ՀԱՊԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին, չնայած իրավիճակի լրջությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ շոշափելի օգնություն չտրամադրեց Հայաստանին, ինչը բազմաթիվ քննադատությունների արժանացավ եւ արժանանում է։  ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը 2022թ․ հոկտեմբերի 28-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվեց որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Մոտ մեկ ամիս անց՝ 2022թ․ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։  Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Նա այդ իրավիճակը համարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։  Խոսելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի մասին՝ Փաշինյանի նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ այն հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերման․  «Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ [․․․] Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը եւ ապա հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ օրը ներկայացված էր, քանի որ այդ՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Կարճ ասած՝ այդ փաստաթղթի բովանդակությունն այն չէր, ինչ ակնկալում էր Հայաստանը։ Այն քաղաքական գնահատականը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, այդպես էլ չի հնչել։ Այսպիսով, Աննա Կոստանյանի պնդումը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է լիազորությունների կատարում այն պարագայում, երբ Կազմակերպությանը չի դիմել հստակ դրույթով, իրականությանը չի համապատասխանում ե՛ւ մայիսյան ներխուժման, ե՛ւ սեպտեմբերյան պատերազմի համատեքստում։ Հայարփի Բաղդասարյան
19:46 - 07 մարտի, 2023
Արմեն Գրիգորյանը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը: Նշենք, որ Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:
16:05 - 07 մարտի, 2023
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:
14:05 - 07 մարտի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 24-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ Նշենք, որ Տոյվո Կլաարը ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային նոր այց է սկսել՝ Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար:  Հիշեցնենք նաև, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։
11:59 - 24 փետրվարի, 2023
Ստեֆանո Տոմատն Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից իրականացվելիք աշխատանքները

Ստեֆանո Տոմատն Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից իրականացվելիք աշխատանքները

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց իրականացնելիք աշխատանքները: Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելությունը իր աշխատանքը սկսել է փետրվարի 20-ին։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
13:37 - 21 փետրվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել
 |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է փետրվարի 14-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծման մասին դրույթ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հաջիզադեն նշել է, որ հայկական կողմը դիմել է «մանիպուլյացիաների», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, ևս մեկ անգամ ցույց տալիս, որ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։ «Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում Հայաստանի նախաձեռնությունը՝ «ստեղծել միջազգային մեխանիզմ՝ Ղարաբաղի տարածքում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար», խոչընդոտներ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար և ևս մեկ անգամ ցույց տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ: Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Հաջիզադեն: ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, թե ցանկանում է «հիշեցնել», որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և այս տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են՝ ԱՀ Սահմանադրության համաձայն։ «Հայաստանի միջամտությունը հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացին, որն Ադրբեջանի ներքին խնդիրն է, անընդունելի է»,- եզրափակել է նա:
11:27 - 16 փետրվարի, 2023
Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին
 |armenpress.am|

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը։ «Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։ ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։ «Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։
16:25 - 14 փետրվարի, 2023