Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին

Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: «Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:   Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացրել դատարան»,- հայտնում է պաշտպանը:
12:07 - 29 սեպտեմբերի, 2020
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։  Այն վերաքննիչ դատարան մուտք է եղել հուլիսի 22-ին, իսկ հուլիսի 24-ին մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին։ Ավելի վաղ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին։ Նման միջնորդությամբ հանդես են եկել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Հուլիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չհեռանալով խորհրդակցական սենյակ, հայտարարեց, որ հետաձգում է քննարկումը՝ մինչեւ Վճռաբեկ դատարանում եւ Սահմանադրական դատարանում առկա դիմումների գործով որոշման կայացումը։ Կարեն Մեժլումյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել դատարանի՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու միջոցով մերժելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ միջնորդությունը բավարարելու մասին։
15:38 - 25 հուլիսի, 2020
Օնիկ Գասպարյանի, Գրիգոր Խաչատուրովի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել

Օնիկ Գասպարյանի, Գրիգոր Խաչատուրովի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Այսօր hraparak.am կայքում հրապարակվել է «Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին» հոդվածը, որում վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից ասվում է․ «․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց»։   Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «․․․Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է և հերյուրանք։   Պահանջում եմ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը։   Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, և նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել։   Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։   Ինչպես նաև կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։   Իսկ ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել և բազմակի անգամ ամրապնդվել», - ասված է Օհանյանի տարածած հայտարարությունում։   Քիչ առաջ hraparak.am-ը հրապարակեց «Տեղադրում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ մասնավորապես ասվում է․ «Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո կրկին լսեցինք ձայնագրությունը, համոզվելով, որ հարցին, թե իրեն հայտնի՞ է, թե տարածքային ու դիրքային ինչ ձեռքբերում ունենք այս օրերին, մասնավորապես, Ղարադաշ բարձունքի, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է․ «Գիտեք ինչ, ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես ստեղծում էի հայոց բանակը, էս դիրքերը մեր դիրքերն էին, երբ Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էս դիրքերը թուրքը վերցրեց։ Հիմա, երբ նրանք սկսեցին, մերոնք, մեր հերոսական զինվորներն ու սպաները վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ պետք է պահել, որովհետև ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն»։ Ձայնագրությունը լսելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցինք կրկին զանգահարել պարոն Տեր-Գրիգորյանցին և հարցնել, թե ինչու է նա Սեյրան Օհանյանին ասել, որ «Հրապարակի» գրածը «բացահայտ սուտ է և հերյուրանք»։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նախ ասաց, որ ինքը խոսքում ասել է՝ «կարծես թե», սակայն մենք չենք թարգմանել։ «Հասկանո՞ւմ եք՝  ես ռուսերենով ասել եմ ,որ ինձ ասել են, որ կարծես թե Սեյրանի օրոք են այդ բարձունքները հետ տրվել և հիմա վերադարձվել»։ Ի պատասխան դիտարկման, որ «կարծես թե»-ն չի ասում, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց․«Դե, լավ, ներողություն եմ խնդրում․․․ հիմա նման բան է եղել, կախվե՞մ, ինչ է։ Ի՞նչ անենք, ինձ այդպես էին ասել։ Չէ՞ որ ես այդտեղ չեմ ապրում, ես այդպես եմ իմացել»։ Շարունակելով՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ Սեյրան Մուշեղովիչը շատ լավ նախարար էր ու շատ լավ ղեկավարում էր բանակը․ «Ես սխալ եմ, Սեյրանը՝ ճիշտ»,-ամփոփեց Նորատ Տեր-Գրիգորյանցը»։ 
17:16 - 23 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան |azatutyun.am|

ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են բարձր մակարդակով,  նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Օհանյանն ասում է՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, իսկ նման քայլի դիմելու պատճառները բազմաթիվ կարող են լինել: Սա լոկալ ընդհարում է, և կարևոր է, որ այն լայնամասշտաբ գործողությունների չվերածվի, նշում է նա. - «Լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն` իրենք փորձում են նորից այլ վայրերում, այլ տեղերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո այն հիմքը, այն իրադրության տվյալներն այսօր չկան, որ լայնամասշտաբ գործողություններ սկսեն, բայց համենայն դեպս Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն: Իմ խորին համոզմամբ` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների` ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների»: Օհանյանն անդրադաձավ նաև երեկ ՀԱՊԿ-ի հրավիրված և կարճ ժամանակ անց անորոշ ժամանակով հետաձգված նիստին, որի օրակարգում պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի սահմանի վիճակը: 2008-ից մինչև 2016-ի սեպտեմբերը պաշտոնավարած Օհանյանը ասում է` ՀԱՊԿ-ում կոնսեսնսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել. - «Որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել:Ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն. պետության ղեկավարությունն Անվտանգության խորհրդի անցկացնելուց, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի լայնամասշտաբ, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի»:
17:30 - 14 հուլիսի, 2020
Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ դահլիճում ապահովված չէ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, որ դահլիճի կահավորումն այդ պահին փոխել հնարավոր չէ, սակայն կարող է առաջարկել, որ դատավարության մասնակիցների մի մասը նստի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատվածում։ Պաշտպանները նշել էին, որ եթե իրենք գնան նման անհարմարության, ապա նույնը պետք է անեն նաեւ մեղադրող դատախազները, ինչին վերջիններս առարկել էին։ Նիստը հետաձգելիս Աննա Դանիբեկյանը հաշվի էր առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ պետք է թեստ հանձնի։ Նա այսօր ներկայացել է դատարան։ Այսօրվա դատական նիստին դահլիճի կահավորումը փոխված է․ սեղանները դասավորված են իրարից հեռու, առանձին սեղաններ են դրված նաեւ ապակիների մյուս կողմում գտնվող հատվածում։ Բոլոր սեղանների վրա առկա են ախտահանիչ միջոցներ։ Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ դահլիճում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Ապա դիմելով պաշտպանական կողմին՝ նա հարցրեց, թե ինչն է պատճառը, որ այն նրանց կողմից կրկին չի պահպանվում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե իրարից անջատ դասավորված սեղաններից որոնք են նախատեսված պաշտպանների համար, կարող են արդյոք իրենք զբաղեցնել դահլիճի հիմնական հատվածում դասավորված տեղերը եւս, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, որպեսզի պաշտպանները նստեն իրարից հեռու։ Ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներ ի հայտ եկան կորոնավիրուսով վարակված լինելու իր կասկածների վերաբերյալ։ Պողոսյանը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորում է անցել, եւ պատասխանը դարձյալ բացասական է եղել։ Այնուհետեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել եւ խնդրեց իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել։ Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա, սակայն մինչ դա հիշեցրեց, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։ Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու ու դատաքննությանն անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը, քանի որ այն վերաբերում է նաեւ պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելուն։ Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։ Դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը եւ հավելեց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ․ «Դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետեւ մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, եւ որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, եւ դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետեւ կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, եւ դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»։ Մեժլումյանը շեշտեց, որ իր միջնորդությունը քննության առնելու որոշում դատարանը կայացրել է գրավոր տարբերակով՝ դատական ակտով, եւ ինքը առարկում է, որ դատարանը, միգուցե մեղադրողների հետ համաձայնեցված, փորձում է ամեն ինչ անել, որ իր միջնորդությունը քննության չառնվի։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:28 - 07 հուլիսի, 2020
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

hetq.am: 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին: «Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:   Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին: «Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:   Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման: Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց: Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:   Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի: Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում: Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն: «Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:16 - 04 հունիսի, 2020
Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։ Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։ Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։ «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
11:18 - 03 ապրիլի, 2020
Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյան |news.am|

Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։ Նա շեշտեց, որ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որեւէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես եւ ՊՆ-ն այդտեղ որեւէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ փոխանցվել է եւ օտարվել է, Կառավարության որոշումները անցնում են միջգերատեսչական համաձայնություն եւ պետության բոլոր կարեւոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են։ Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետեւ մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի արդյունավետությունը, վիճակ, դերը, նրա օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։ Նրանք են ընտրել գնորդ կողմին, գինը։ Փորձագիտական խմբի գնահատմամբ գինը որոշվել է նրանց կողմից։ Այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլարը, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9,5 միլիոն դոլար։ ՊՆ-ն որեւէ շահագրգռվածություն չուներ։ Այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետեւ ինձ հետ որեւէ կապ չունի»։ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորգրություն չեմ տվել, որովհետեւ ՀՔԾ-ում ես քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, քանի որ «Մարտի 1-ի» գործով էլ ստորագրություն ունեմ։ Տեղեկատվական դաշտում այս ամբողջ թատրոնն անտեղի է, որովհետեւ ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել։ Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն այնտեղ չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչեւ ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»։ Երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում եւ 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:
15:29 - 03 մարտի, 2020