pastinfo.am: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Այն վերաքննիչ դատարան մուտք է եղել հուլիսի 22-ին, իսկ հուլիսի 24-ին մակագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին։
Ավելի վաղ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին։ Նման միջնորդությամբ հանդես են եկել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Հուլիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չհեռանալով խորհրդակցական սենյակ, հայտարարեց, որ հետաձգում է քննարկումը՝ մինչեւ Վճռաբեկ դատարանում եւ Սահմանադրական դատարանում առկա դիմումների գործով որոշման կայացումը։
Կարեն Մեժլումյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել դատարանի՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու միջոցով մերժելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ միջնորդությունը բավարարելու մասին։
comment.count (0)