Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|
14:28 - 07 հուլիսի, 2020

Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ դահլիճում ապահովված չէ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, որ դահլիճի կահավորումն այդ պահին փոխել հնարավոր չէ, սակայն կարող է առաջարկել, որ դատավարության մասնակիցների մի մասը նստի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատվածում։ Պաշտպանները նշել էին, որ եթե իրենք գնան նման անհարմարության, ապա նույնը պետք է անեն նաեւ մեղադրող դատախազները, ինչին վերջիններս առարկել էին։ Նիստը հետաձգելիս Աննա Դանիբեկյանը հաշվի էր առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ պետք է թեստ հանձնի։ Նա այսօր ներկայացել է դատարան։

Այսօրվա դատական նիստին դահլիճի կահավորումը փոխված է․ սեղանները դասավորված են իրարից հեռու, առանձին սեղաններ են դրված նաեւ ապակիների մյուս կողմում գտնվող հատվածում։ Բոլոր սեղանների վրա առկա են ախտահանիչ միջոցներ։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ դահլիճում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Ապա դիմելով պաշտպանական կողմին՝ նա հարցրեց, թե ինչն է պատճառը, որ այն նրանց կողմից կրկին չի պահպանվում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե իրարից անջատ դասավորված սեղաններից որոնք են նախատեսված պաշտպանների համար, կարող են արդյոք իրենք զբաղեցնել դահլիճի հիմնական հատվածում դասավորված տեղերը եւս, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, որպեսզի պաշտպանները նստեն իրարից հեռու։

Ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներ ի հայտ եկան կորոնավիրուսով վարակված լինելու իր կասկածների վերաբերյալ։ Պողոսյանը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորում է անցել, եւ պատասխանը դարձյալ բացասական է եղել։

Այնուհետեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել եւ խնդրեց իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել։ Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա, սակայն մինչ դա հիշեցրեց, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։ Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու ու դատաքննությանն անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը, քանի որ այն վերաբերում է նաեւ պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելուն։

Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։ Դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը եւ հավելեց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։

Պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ․ «Դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետեւ մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, եւ որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, եւ դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետեւ կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, եւ դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»։

Մեժլումյանը շեշտեց, որ իր միջնորդությունը քննության առնելու որոշում դատարանը կայացրել է գրավոր տարբերակով՝ դատական ակտով, եւ ինքը առարկում է, որ դատարանը, միգուցե մեղադրողների հետ համաձայնեցված, փորձում է ամեն ինչ անել, որ իր միջնորդությունը քննության չառնվի։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել