Հայաստան

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև ՀՀ-ում. Արցախի պետնախարար

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև ՀՀ-ում. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։ Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում  է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել  ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,- գրել է Ներսիսյանը։ Լուսանկարը՝ Ստեփանակերտի համաժողովրդական շարժման հանրահավաքից/ Արցախպրեսս
09:53 - 17 հուլիսի, 2023
Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ

Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ

Արցախի Հանրապետությունում շարունակվում է Համաժողովրդական հանրահավաքը։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր․ «Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի»։ Ներսիսյանի խոսքով միաժամանակ ականատես են լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։  «Ուզում եմ հայտարարել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»,- նշեց Ներսիսյանը։ Արցախի պետնախարարը անդրադարձավ նաև հետպատերազմյան շրջանում այն հայտարարություններին, որ կան քննարկումներ ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Ներսիսյանի խոսքով այդ ամենից հետո Արցախում այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի վերաբերմունք և խաղաղասեր վերաբերմունք Արցախի-ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսան։  «Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ոչ միայն ամեն օր տուժում է, այլև ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում գտնվող երեխաները։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն՝ խաղաղություն պետք չէ։ Մեզ խաղաղություն պետք է արժանապատիվ տեսքով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքները և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,- հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը։ Նա նաև կոչ արեց ՀՀ-ում գտնվող արցախցիներին միանալու «Հայաքվե» նախաձեռնությանը։ 
21:03 - 15 հուլիսի, 2023
Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:57 - 15 հուլիսի, 2023
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս․ չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս․ չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն Արցախի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․«2022թ․ հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, միաժամանակ դա կտրուկ կերպով փոխեց հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի իրավիճակը։ Կարծում ենք, որ այս պայմաններում չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Հարկ է անհապաղ սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի պատրաստումը՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ելնում ենք նրանից, որ այդ համաձայնության անբաժան մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հուսալի եւ հստակ երաշխիքները, ինչպես նաեւ եռակողմ հայտարարության ողջ փաթեթի խստիվ կատարումը՝ ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։ Ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար։ Մտահոգում է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն այսօր զարգանում է բացասական սցենարով։ Այդ տարածքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Տեղի բնակչությունը զգում է սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս, գործնականում զրկված է էլերկտրա եւ գազամատակարարումից։ Սա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար։  Ադրբեջանական ղեկավարությանը խստորեն կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, քաղաքացիների, տրասնպորտային միջոցների եւ բեռների անխափան շարժը երկու ուղղություններով վերսկսելու, գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
16:27 - 15 հուլիսի, 2023
Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին և նրանց հետ սերտ փոխհամաձայնեցված: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որն առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Շառլ Միշելի և կանցլեր Շոլցի հետ Քիշնևում կայացած հանդիպման արդյունքում  նախագահ Մակրոնը վերահաստատել է, որ մեր պատասխանատվությունն է ձեռնամուխ լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և մարդկանց, ինչպես նաև փոքրամասնությունների անվտանգությունը»։ Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին՝ վերջիններիս հետ սերտ փոխհամաձայնեցված»,-ասաց դեսպանը: Անն Լույոն նաև ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Եվրամիության քաղաքացիական առաքելության անդամներին՝ նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին։  Նա հույս հայտնեց, որ բանակցությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից հետո հուլիսի 15-ին կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։  Նա կոչ արեց չթուլացնել համատեղ ջանքերը՝ ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
10:55 - 15 հուլիսի, 2023
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի՝ Բաքվի գնդակոծությունները կդիտվեն որպես քաղաքական որոշում. ԱՄՆ սեփականատերեր |armenpress.am|

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի՝ Բաքվի գնդակոծությունները կդիտվեն որպես քաղաքական որոշում. ԱՄՆ սեփականատերեր |armenpress.am|

armenpress.am: Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ ընկերությունները չեն խախտել և պատրաստ են միջազգային իրավական հարթակներում պահանջելու կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Իսկ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: Հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք  համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ 5 օր անց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ և լրագրողներ: Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային կետերը՝ 1.  Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյունքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավելի երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գնտվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա: 2.   Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով: 3.   Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող: 4.   Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան 6 ամիս: Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն: Այս պնդումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման,  այնպես էլ հեռահար ձևաչափերով:  Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է»:
21:38 - 14 հուլիսի, 2023
Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին
 |armenpress.am|

Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ «Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։ Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին: ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- շեշտեց Բաղդասարյանը։
17:33 - 14 հուլիսի, 2023
Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի |panorama.am|

Կառավարությունն անտարբերության աստիճանի մոռացել է Արցախի մասին. Տեղահանված արցախցի |panorama.am|

panorama.am: Ազատության հրապարակում հավաքվել են կանայք՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության ու 120 հազար արցախցիների, ովքեր յոթ ամիս  գտնվում են  շրջափակման մեջ։ «Երեկ երեկոյան Արցախից կոչ արեցին հավաքվել Վերածննդի հրապարակում, մենք էլ այստեղ՝ մտահոգ քաղաքացիներով, մտածեցինք հավաքվել Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի այսօրվա հավաքի, կոչ անել՝ թույլ չտալ 120 հազար  արցախցի, այդ թվում 30 հազար երեխա, մատնվի սովի։ Իրականում վիճակն օրհասական է, ընտանքիները ծանր վիճակում են գտնվում։ Բոլոր համակարգերում իրավիճակը շատ ծանր է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սաիդա Պողոսյանը։ Սաիդան Հարդութի շրջանից է, Արցախյան երրորդ պատերազմից հետո ընտանիքով տեղահանվել է, այժմ ապրում է Երևանում։ Ասաց, որ շատ հարազատներ ունի Ստեփանակերտում, Մարտունիում ու Մարտակերտում։ «Մինչ օրս, երբ իրենց հարցում էինք՝ ո՞նց եք, ասում էին՝ ինչ է եղել, ժամանակի խնդիր է, հարցը կկարգավորվի։ Բայց արցախցի երեխաների մահը շատ է ազդել բոլորի վրա, բացի այդ՝  երբ կա խնդիր, որը 200 օրից ավելի չի լուծվում, մարդիկ հիասթափվում են։ Հայաստանից աջակցություն չկա, կառավարությունն անտարբերության աստիճանի  մոռացել է  Արցախի մասին։ Այսօր արցախցիներն արդեն շատ մեծ հուսահատության եզրին են կանգնած»,- ասաց Ս. Պողոսյանը։ Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ Ազատության հրապարակում այս հավաքը շատ ինքնաբուխ է, հավաքված են մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար ինչ-որ քայլեր անել։ «Այսօր Արցախում մարդիկ ծանր դրության մեջ են, վիճակն օրհասական է։ Քննարկում ենք հնարավոր քայլերը։ Պահն է ու ժամանակը, որպեսզի շատերը միանան, խնդիրը բարձրաձայնել ու հասցնել միջազգայն կառույցներ, կառավարություններ, պահանջել Լաչինի միջանցքի բացումը»,- ասաց Հ. Իսրայելյանը։ Ըստ նրա, միջազգային հանրությունը կարող է շատ բան անել, բայց քանի որ պահանջող մեծ ուժ չի տեսնում, դրա համար այլ հարցերով են զբաղված։ Ամբողջականը՝ սկզբնաղբյուր կայքում
14:19 - 14 հուլիսի, 2023
Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին

Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով․ Արցախի ՄԻՊ-ը կոչով դիմեց խաղաղապահներին

Արցախի՝ 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված։ Այս մասին Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 25-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման եւ ցեղասպանության իրական եւ անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին խոսել եմ յոթ ամիս շարունակ, ահազանգել եմ բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք՝ մեր ժողովրդի կյանքի եւ սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ, ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով․․․ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով բոլորս միասին պետք է անենք»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ դիմելով միջազգային հանրությանը։  «Մարդու իրավունքնե՞ր, ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար, ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում, եւ վերջապես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունըհ՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում եւ նմանատիպ այլ հայտարարություններ․․․ Բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։ Ստեփանյանը դիմեց նաեւ ռուս խաղաղապահներին, որոնց 2020թ․ եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը․ «Մեզ խաղաղություն էր խոստացվել, խաղաղությունն ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ, խաղաղությունն ամենօրյա հաց հայթաթելով՝ ֆիզիկական գոյություն քաշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ, խաղաղությունը ամեն օր հոգեբանական հարձակումները եւ մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»։ Հաջորդիվ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին․ «Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք եւ սրբություն է, 31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու մայր հայրենիքին, այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ՝ մեն-միայնակ։ Սփյուռքում ապրող քույրեր եւ եղբայրներ, ձեզանից շատերն իրենց նախնիների օրինակով գիտեն՝ ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ այլեւս երբեք, պարտադրեք նրանց՝ հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին, մենք պետք է ջնջենք մեր ճակատից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Այս ամենը էկրանից այնկողմ ինչ-որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի եւ եղբայրների ամեն օր խեղվող ճակատագիրն է։ Եթե աշխարհի շատ ժողովուրդներին պետությունն ու պետականությունը մատուցվել են սկուտեղի վրա, մենք վաստակել ենք մեր ինքնորոշման իրավունքը, արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, յոթամսյա շրջափակման տառապանքները աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք կարող ու վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, ովքեր դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատկերացնեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը Նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով, բոլորը դրանում վաղուց արդեն համոզված պետք է լինեին։ Սա 21-րդ դարում իրականացվող ամենամեծ ողբերգություններից մեկն է․ ուրեմն վերջ տվեք խոսելուն, անհապաղ եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկելւ ցպահանջ է՝ Արցախում ողբերգությունը կանխելու համար։ Անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության, եւ հիշեք, անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է, այսուհետ մեր անյալը, մեր ներկան ու ապագան նաեւ ձեր ձեռքերում է։ Արցախի ապրելու է, Արցախի հարատեւելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների, եւ ի փառս համայն հայության»։ Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։  Հանրահավաքին ներկա են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 
10:11 - 14 հուլիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Թոբիաս Լինդները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Նիկոլ Փաշինյանը և Թոբիաս Լինդները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում: Գերմանիայի ԱԳ պետնախարարն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը:
19:22 - 13 հուլիսի, 2023
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր
 |armenpress.am|

Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Երբ ասում ենք, որ (խմբ․՝ խաղաղությունը) մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չլուծված։ Այնպես որ, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է», - ասել է Մեթյու Միլլերը։ Դիվանագետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հաջորդ բանակցություններին, Միլլերը նշել է, որ առայժմ նման հանդիպում պլանավորված չէ։
10:28 - 13 հուլիսի, 2023
Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ

Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Արցախի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համաձայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
17:04 - 12 հուլիսի, 2023
ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի  արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Դատարանն իր վերջին որոշումով փաստեց, որ Ադրբեջանի պնդումները, թե վերջինս իրականացնում է Դատարանի փետրվարի 22-ի` Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը, աղերս չունեն իրականության հետ։ Այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է էլ ավելի վատթարանալ։  Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում իսպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։ Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։ Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում։ Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։  Նման իրավիճակում Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները եւ Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»:
13:17 - 12 հուլիսի, 2023
Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց. Իլհամ Ալիև   |tert.am|

Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց. Իլհամ Ալիև |tert.am|

tert.am: Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական, հիմնված  միջազգային իրավունքի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին կիսամյակի՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպմանը։ «Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրին։ «Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն, նորից եմ ասում, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդգծելով «Հայաստանի դիրքորոշման դրական առաջընթացը» (չակերտները - Tert.am)՝ Իլհամ Ալիևը նշել է. «Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա (Հայաստանը - Tert.am) ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
20:34 - 11 հուլիսի, 2023
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով անգամ՝ Փաշինյանը չի ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Օսկանյան
 |civilnet.am|

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով անգամ՝ Փաշինյանը չի ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Օսկանյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 10-ին Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում կրկին խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու առաջարկության մասին։ «Կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործն առաջ տանելու համար։ Իմ առաջարկության մեջ երբ ես ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, ես որևէ նպատակ չունեի ինչ-որ մեկին վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով մեր վերջին տարիների դառը փորձից։ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, նա չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը։ Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը և դա ճիշտ ժամանակին օգտագործելը էական նշանակություն ունի։ Սխալ խոսքը կարող է բերել պատերազմի, ճիշտ խոսքը՝ նպաստել խաղաղության»,- ասել է նա։ Վարդան Օսկանյանը նկատում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունից հետո Փաշինյանը նույնիսկ չի կարողանում ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ «Այնտեղ նույնպես նա սխալ է խոսել։ Եթե նա ոչ թե ասած լիներ՝ ես ճանաչում եմ, այլ ընդամենը ասած լիներ՝ պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․։ Հավատացեք, այս դեպքում Հայաստանը բանակցային առումով ավելի լավ դիրքերում կլիներ։ Միգուցե նա կստանար այն ինչ ուզում էր, արդեն ստորագրած կլիներ իր երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց նա դա չի կարողանում անել, որովհետև սխալ է խոսել»։ Նախկին արտգործնախարարն առաջարկում է ընդլայնել բանակցությունների օրակարգը և դրանում ներառել նաև խորհրդային շրջանում Արցախի՝ ինքնավար մարզ լինելու հանգամանքը։ «Այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, ընկալելի են միջազգային հանրության, միջնորդների, և հավատացեք՝ նաև մեր հակառակորդի համար։ Որոշակի շեշտադրումների փոփոխություններով մենք հնարավորություն կարող ենք ունենալ բանակցությունները դնել շատ ավելի հայանպաստ հունի մեջ։ Այս հարցը օրակարգ բերելու պարագայում դժվար թե լուրջ դիմադրություն լինի։ Ադրբեջանը համարձակվում է անկլավների հարց դնել, և այդ նույն քարտեզներով, որոնք վկայում են անկլավների մասին, ցույց են տալիս նաև ԼՂԻՄ-ը։ Եթե Փաշինյանը հոգեբանորեն պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նրա համար խնդիր պետք է չլինի բարձրացնելու Արցախի՝ ինքնավար մարզ լինելու հարցը։ Այդքանի իրավունքն էլ չունի՞ արցախցին»,- նշել է Օսկանյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
11:15 - 11 հուլիսի, 2023