Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ
21:03 - 15 հուլիսի, 2023

Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ

Արցախի Հանրապետությունում շարունակվում է Համաժողովրդական հանրահավաքը։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր․ «Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի»։

Ներսիսյանի խոսքով միաժամանակ ականատես են լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։ 

«Ուզում եմ հայտարարել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»,- նշեց Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը անդրադարձավ նաև հետպատերազմյան շրջանում այն հայտարարություններին, որ կան քննարկումներ ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Ներսիսյանի խոսքով այդ ամենից հետո Արցախում այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի վերաբերմունք և խաղաղասեր վերաբերմունք Արցախի-ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսան։ 

«Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ոչ միայն ամեն օր տուժում է, այլև ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում գտնվող երեխաները։

Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն՝ խաղաղություն պետք չէ։ Մեզ խաղաղություն պետք է արժանապատիվ տեսքով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքները և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,- հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը։

Նա նաև կոչ արեց ՀՀ-ում գտնվող արցախցիներին միանալու «Հայաքվե» նախաձեռնությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել