ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Եթե նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների դեմ ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում ավելի մեծ մասշտաբով

Եթե նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների դեմ ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում ավելի մեծ մասշտաբով

Այսօր առավոտվանից Երևանի պետական համալսարանի hայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։ Դասադուլի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն է այն մասին, որ «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնալու են ոչ պարտադիր։ Ինչպես պարզ է դառնում վերոնշյալ նկարից, դասադուլի կազմակերպիչն է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։ Գևորգ Գյուլումյանը մեկ օր առաջ իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ լինելու է դասադուլ, և ցանկացողները կարող են միանալ։ Ուսանողական խորհուրդի ներկայացուցիչ Սոնան մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք սովորում ենք հայ բանասիրության ֆակուլտետում և հասկանում ենք մեզ մոտալուտ սպասվող վտանգը, այդ իսկ պատճառով այսօրվա պայքարը հենց մեզ համար է, քանի որ եթե այսօր որոշել են հանել այդ առարկաները, ապա վաղը կորոշվի, որ այդպիսի մասնագիտություն մեր երկրին պետք չէ, իսկ այդպես մեր հասարակությունը կգնա դեպի տգիտություն»,-  մեզ հետ զրույցում ասաց Ուսանողական խորհուրդի ներկայացուցիչ Սոնան ։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Պողոսյանը նշեց, որ կարևորագույն առարկաներ են, որոնք հանելու փոխարեն կարելի է հանել այլ առարկաներ, որոնց անհրաժեշտությունը չկա, սակայն իրենք անցնում ենք, իսկ ինչ վերաբերում է դպրոցի գիտելիքներին, դպրոցում հիմքը շատ թույլ է, և կարիք կա ամրապնդելու, քանի որ ամեն մարդ պետք է որոշ չափով իմանա իր պատմությունը, լեզուն ու գրականությունը։ Իսկ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ինեսա Ոսկանյանն ասաց․ «Մենք գիտենք, որ այս ամենի հետևանքով կկրճատվեն շատ աշխատատեղեր, բացի դրանից՝ մեր հաջորդ սերունդներին հարկավոր է ունենալ կրթված ուսուցիչներ։ Խնդիրն այն է, որ դպրոցները չեն ապահովում գիտելիքի հիմքային պաշարը։ Մենք դպրոցից եկել ենք բուհ և հասկացել, որ չունենք բավարար չափով գիտելիք, հասկացել ենք, թե ինչքան բաներ կան, որ չեն ասվել։ Վտանգի տակ են դրված նաև Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաները։ Զինվորը նախ կրթվում է դպրոցում, եթե այդ մինիմալ կրթությունը չլինի, նա ինչպե՞ս պիտի բանակ գնա՝ առանց իմանալու, թե զենքը ինչ է, կամ ինչպես են բռնում»։ Այն հարցին, թե ովքեր են հավաքի հեղինակները, արդյո՞ք որևէ կառույց կա, որը կազմակերպել է, ուսանողների մի մասը պնդեց, որ հավաքի հեղինակները և՛ ուսանողներն են, և՛ դասախոսները, միահամուռ ուժերով որոշել են և պատրաստ են մինչև վերջ գնալ։ Որոշ ուսանողներ էլ ասացին, որ նրանց ասվել է, թե ներկա-բացակա է արվելու, և պարտադիր բոլորը պետք է ներկա լինեն դասադուլին։ Բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանի կարծիքով` օրենքի ընդունումից հետո մայրենին կորցնելու է իր դերն ու նշանակությունը. «Մայրենիի կորուստը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում մեր նման փոքր ազգի համար, ինչու են երեխաներին առաջին դասարանից պատրաստում, եթե այսօր չի կիրառվելու»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նույնպես միացավ ուսանողներին։ Նա ասաց, որ դեռևս վեց տարի առաջ գիտխորհրդի որոշմամբ, «Հայոց լեզու և հայ գրականություն», իր կարծիքով, շատ ընդհանրական և մի քիչ էլ անորոշ բովանդակություն ունեցող ձևակերպման դեմ հանդես են եկել, և հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն առաջարկել է նոր առարկա, որը կոչվում է՝ «Խոսքի մշակույթ»։ Այդ ժամանակից վեց տարի է անցել, դասագիրք է գրվել, և հիմա այստեղ ոչ ոք չի անցնում «Հայոց լեզու և գրականություն» անվամբ ընդհանրական առարկա։ Ավելի ուշ բանասերներին միացան պատմության ֆակուլտետի ուսանողները։ Ֆակուլտետի առաջ հավաքված ուսանողները նախարար Արայիկ Հարությունյանին կոչ արեցին՝ «Պատվո՛վ հեռացիր»: Նախարարությունը հաղորդագրություն տարածեց` հիշեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: Դասախոսներին անհանգստացնում է այն փաստը, որ մեր համալսարանները համեմատում են Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների հետ` հաշվի չառնելով, որ Հայաստանում չկա այդ կրթական մակարդակը։ Ասվեց, որ եթե այս նախազգուշական դասադուլով որևէ արդյունքի չհասնեն, ցույցերը կշարունակվեն ԱԺ բակում՝ ավելի մեծ մասշտաբով։   Օֆելյա Նահապետյան
18:00 - 06 նոյեմբերի, 2019
Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների |shantnews.am|

Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և ըստ այդմ կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ: Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե որոշ արտադրության ճյուղեր, որոնք ՀՀ-ում ժամանակին եղել են ու այսօր չկան, դրանց զարգացմանը նպաստած ինստիտուտները հնարավո՞ր է` հայտնվեն չորրորդ կատեգորիայում: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք ազգային կարևոր արժեք են ներկայացնում, կլինի այլ մոտեցում:
11:11 - 06 նոյեմբերի, 2019
Ուսանողների դասադուլի հասցեատերը ոչ թե նախարարությունն է, այլ բուհական գիտական խորհուրդը. ԿԳՄՍ փոխնախարար |pastinfo.am|

Ուսանողների դասադուլի հասցեատերը ոչ թե նախարարությունն է, այլ բուհական գիտական խորհուրդը. ԿԳՄՍ փոխնախարար |pastinfo.am|

pastinfo.am: Երբ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը շրջանառել ենք, առաջինը այն ներկայացրել ենք մեր գործընկեր բուհերին, որոնցից միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետն է այդ կետի հետ կապված անհամաձայնություն հայտնել։ Այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Վերջինս մամուլից է տեղեկացել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասադուլ իրականացնող ուսանողների մասին։ ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ գործող օրենքում գրված է, որ հայոց լեզուն և գրականությունը պարտադիր են։ Նոր օրենքի նախագածի աշխատանքային տարբերակում այն բացակայում է, ինչը սակայն չի նշանակում, որ այդ առարկաները բուհերում չեն դասավանդվելու. «Այդ լիազորությունը տրված է բուհերի գիտական խորհուրդներին, ամբիոններին և ֆակուլտետային խորհուրդներին։ Այսինքն օրենքում մենք դրա մասին չենք գրում, բայց եթե բուհի գիտական խորհուրդը գտնում է, որ օրինակ տնտեսագետ պատրաստելու համար իրենց ուսումնական ծրագրում պարտադիր պետք է ուսուցանեն հայոց լեզու և հայոց պատմություն, ապա նախարարությունը կամ օրենքն այստեղ արգելք չեն հանդիսանում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։ Նրա համար անհասկանալի է ուսանողների դասադուլն այն պարագայում, երբ նախարարություն չեն ներկայացրել որևէ առաջարկ կամ դիմում, ոչ էլ հանդիպում ունենալու ցանկություն են հայտնել. «Մենք բաց ենք քննարկումների համար։ Բաց ենք կարծիքներ լսելու համար և եթե կներկայացվի այնպիսի հիմնավոր կարծիք, որին հակադարձելու արգումենտներ չենք ունենա, պատրաստ ենք նաև ընդունել նրանց առաջարկներըն օրենքի աշխատանքային տարբերակի հետ կապված»,-նշեց Գրիշա Թամրազյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախարարությունում դասադուլ իրականացնող ուսանողների առաջարկությունների հետ կապված որևէ դիմում մուտք չի եղել։ Նա ընդգծեց, որ օրինագիծը չի արգելում համալսարաններում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների դասավանդումը, պարզապես բարձրագույն կրթության և գիտահետազոտական օրենքի մասին նախագծից հանվում է պարտադիր պահանջը։ Փոխնախարարի խոսքով լիազորությունն անցնում է բուհերին, քանի որ նրանք են կազմում ուսումնական ծրագիրը, որն էլ վերջնական հաստատվում է գիտական խորհրդում: Ավելին՝ pastinfo.am-ում
09:43 - 06 նոյեմբերի, 2019
Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին |panarmenian.net|

Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին |panarmenian.net|

panarmenian.net։ 2020 թվականի բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորումը Հայաստանում չի ավելանում: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Տարիներ շարունակ ՀՀ գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալը չավելացնելը պայմանավորված է եղել տվյալ պահին գործող կառավարության կողմից վարվող ֆինանսաբյուջետային քաղաքականությամբ: Ինչպես վերը նշեցինք, 2020 թվականին ոլորտի ֆինանսավորման նվազում չի լինելու»,- նշվում է հարցման պատասխանում: Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ գիտության ոլորտին հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս»: 2020-ին, չնայած բյուջեի եկամուտներն ավելանալու են 13.4%-ով, գիտության ոլորտի ֆինանսավորումը չի ավելանալու: Այն 2020-ին, ըստ 2020-2022 թթ-ի «Միջնաժամկետ ծախսերի ծրագիր և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման» հայտի, կկազմի 12,6 մլրդ դրամ: Պատասխանելով հարցին, թե արդյոք գիտության ոլորտի ֆինանսավորումը չավելացնելն օրենքի խախտում չէ, ԿԳՄՍ-ից նշել են, որ 2020-ի բյուջեի նախագիծը դեռևս քննարկումների փուլում է, իսկ նախորդ տարիների համեմատ գիտության ֆինանսավորման ընդհանուր թվի նվազումը պատճառ ունի. «2020 թվականին, ի տարբերություն, նախորդ տարիների, ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացվող գումարը այլևս չի ներառում ավելացված արժեքի հարկի գումարը, այդ պատճառով ֆինանսավորման ընդհանուր գումարը նվազել է նախորդ տարվա համեմատ, ինչը չի ազդի գիտությանը տրվող ֆինանսավորման չափի վրա»,- ասվում է հարցման պատասխանում: Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ-ից նշում են՝ գիտությանը հատկացվող ֆինանսավորման նվազումը կհանգեցնի գիտությամբ զբաղվել ցանկացողների թվի նվազման, երիտասարդ ու խոստումնալից կադրերի արտագաղթի՝ հավելելով, որ նախարարությունը աշխատանքներ է տանում, որպեսզի ոչ միայն չկրճատվեն իրականացվող գիտական ծրագրերը, այլև ֆինանսավորվեն նորերը, ինչպես նաև ներգրավվեն ֆինանսավորման նոր աղբյուրներ: Հարցին, թե որն է առավել առաջնային ծախս՝ օրինակ, 450 մլն դրամ WCIT համերգին հատկացնելը, թե գիտության լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելը, ԿԳՄՍ-ից արձագանքել են, որ իրենք հավասարապես կարևորում են և' գիտության, և՛ մշակույթի ոլորտները՝ հիշեցնելով, որ ընդամենը 3 ամիս առաջ բյուջեից լրացուցիչ 448 մլն դրամ հատկացվել Գիտության կոմիտեին՝ սարքերի և սարքավորումների ձեռքբերման և Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծման համար, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ է: Ըստ նախարարությունից ստացված տվյալների՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին պետական բյուջեով հատկացված ծախսերը 2018 թվականին կազմել են 14,2 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին' 16,8 մլրդ դրամ (վերջինիս դեպքում' ներառյալ 20% ԱԱՀ): ԿԳՄՍ-ից նշել են, որ ֆինանսավորման ծավալների տարբերությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նպատակային-ծրագրային հետազոտությունների «Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառմանն ուղղվող ֆինանսական միջոցները տեղափոխվել են «1119. Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագիր, ինչպես նաև դադարեցվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ֆինանսավորումը: Շարունակությունը՝ panarmenian.net-ում
12:46 - 01 նոյեմբերի, 2019
Երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու ծրագիր է ներկայացվել գիտական ինստիտուտներին |hetq.am|

Երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու ծրագիր է ներկայացվել գիտական ինստիտուտներին |hetq.am|

hetq.am: Այս օրերին շարունակվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի աշխատանքային տարբերակի քննարկումը: Սրան զուգահեռ Գիտությունների ազգային ակադեմիան իր համակարգում գործող ինստիտուտներին է ուղարկել երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու ծրագիր, որտեղ, սակայն, նշված չէ նախաձեռնող կառույցի անունը: ԳԱԱ-ից «Հետքին» հայտնել են, որ ծրագիրն ակադեմիա է ուղարկել ՀՀ գիտության կոմիտեն (ԳԿ): 14 էջից կազմված ծրագրում ներկայացվել են գիտության ներկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Նշվել է, որ ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, նպաստել գիտության ոլորտը բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրելուն: Գիտության ներկա վիճակին, առկա խնդիրներին անդրադառnալիս նշվել է, որ անկախության տարիներին երկրի գիտական ոլորտը ենթարկվեց կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների, որոնց պատճառը գիտական մի շարք ուղղությունների նկատմամբ պահանջարկի բացակայությունն էր ու մինչ օրս շարունակվող թերֆինանսավորումը: Սրա հետեւանքով գիտական կադրերի եւ առաջին հերթին երիտասարդների արտահոսք եղավ գիտության ոլորտից, ինչն էլ հանգեցրեց գիտության ոլորտի «ծերացմանը»՝ խախտելով սերնդափոխության ընթացքը: Առանձնացված խնդիրներից են պետպատվերի մեխանիզմի բացակայությունը գիտական կադրեր պատրաստելիս, գիտական ատենախոսությունների ցածր մասնագիտական մակարդակը, մեծամասամբ դրանց թեմաների անհամապատասխանությունը Հայաստանի գիտության եւ տնտեսության պահանջներին, ասպիրանտների ու երիտասարդ գիտաշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանները, գիտաշխատողի աշխատանքային կարիերայի ոչ գրավիչ լինելը: Այս հարցերի լուծման համար ԳԿ-ի ծրագիրն առաջարկում է լուծումներ: Գիտկոմիտեն գտնում է, որ գիտական կադրեր պատրաստելիս անհրաժեշտ է ձեւավորել պետպատվերի մեխանիզմ, մշակել ու ներդնել նման կադրերի պահանջարկի եւ առաջարկի գնահատման չափորոշիչներ: Այս քայլերն, ըստ ԳԿ-ի, պետք է ուղղված լինեն արդեն իսկ կայացած գիտական դպրոցների պահպանմանն ու զարգացմանը, բխեն Հայաստանի տնտեսության կարիքներից, ինչպես նաեւ գիտական եւ գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրությանը: Ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է մշակել ասպիրանտական տեղերի հատկացման չափանիշներ ու չափորոշիչներ, որի նպատակն է ասպիրնատուրայում ընդգրկել գիտությունը որպես ապագա մասնագիտություն ընտրած երիտասարդներին: Այս դեպքում առաջնահերթությունը պիտի տրվի այն բնագավառներին, որոնցում մեր երկիրն ունի կամ կարող է ունենալ իր առանձնահատուկ տեղը համաշխարհային շուկայում: Ընդ որում՝ ծրագիրը նշում է, որ ասպիրանտական ուսուցումը կարելի է կազմակերպել մասնավոր հատվածի հետ համատեղ՝ սահմանելով պետական նպատակային եւ մասնավոր հատվածի պատվերով ձեւավորվող ասպիրանտական տեղեր: Առաջարկվում է բարձրացնել ատենախոսությունների մասնագիտական մակարդակը, դրանց թեմաները համապատասխանեցնել Հայաստանի գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայություններին ու տնտեսության պահանջներին: Ծրագրով նախատեսվում է ներդնել գիտության վրա հիմնված կրթություն եւ ստեղծել հետազոտական համալսարաններ: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ուսուցման գիտական եւ կրթական բաղադրիչները,- ասվում է ծրագրում,- միայն ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր որակավորում ունեցող եւ գիտության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստեղծարար մասնագետներ»: Բացի նշվածից, ըստ ծրագրի, պետք է մշակել ու ներդնել օտարերկրյա պետությունների կամ միջազգային առաջատար գիտական կամ գիտակրթական կենտրոններում նպատակային ասպիրանտական կրթության եւ հետդոկտորանտուրայի կազմակերպման մեխանիզմներ: Ասպիրանտների եւ երիտասարդ գիտաշխատողների սոցիալական ու աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ առաջարկվում է ասպիրատուրայում սովորողների կրթաթոշակը հավասարեցնել ՀՀ ամսական նվազագույն աշխատավարձին, իսկ հետազոտական եւ այլ ծախսերի համար ամեն ամիս հատկացնել ֆինանսական միջոցներ նվազագույն ամսական աշխատավարձի կեսի չափով: Նախատեսվում է հետդոկտորանտների (գիտական ատենախոսությունը նոր պաշտպանած գիտաշխատողների) աշխատավարձը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 1,5-ի չափով, հետազոտական եւ այլ ծախսերի համար էլ յուրաքանչյուր ամիս հատկացնել նվազագույն ամսական աշխատավարձի 0,75-ի չափով ֆինանսական միջոցներ: Առաջարկվում է նաեւ շարունակական դաձնել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը: Որպես գիտաշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանները բարելավելուն ուղղված քայլ դիտարկվում է նրանց աշխատավարձի բարձրացումը. ըստ ծրագրի՝ գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը պետք է լինի հանրապետության նվազագույն աշխատավարձի կրկնակին: Բացի սոցիալական գործոնից՝ ծրագրով առաջարկվում է արդիականացնել գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ենթակառուցվածքները, ստեղծել եզակի գիտական սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոններ: Ծրագիրն անդրադառնում է նաեւ հասարակության մեջ գիտության վարկի, գիտնականի հեղինակության բարձրացմանը: Օրինակ՝ առաջարկվում է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերում հատուկ եթերաժամ տրամադրել Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային գիտության եւ տեխնոլոգիաների ձեռքբերումներին՝ նման կերպ ցույց տալով նաեւ այն շահը, որ տնտեսությունն ու հասարակությունը կարող են ստանալ գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործումից:
15:39 - 31 հոկտեմբերի, 2019
Պետությունը կքննարկի միջազգային դոնորի կողմից Արտաշատի մարզադաշտում խոշոր ներդրում կատարելու հարցը |armenpress.am|

Պետությունը կքննարկի միջազգային դոնորի կողմից Արտաշատի մարզադաշտում խոշոր ներդրում կատարելու հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արտաշատի համայնքապետի հետ կքննարկի մարզադաշտում միջազգային դոնորի կողմից ներդրումային ծրագիր կատարելու հնարավորությունը: Դոնորները ցանկանում են Հայաստանում որևէ մարզադաշտ հարմարեցնել թեթև ատլետիկային, վազքուղիներ կառուցել: Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին: Պատգամավորը նկատեց, որ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան թեթև ատլետիկայի մարզադաշտ չկա, նշեց, որ բոլոր մարզադաշտերում գրեթե բոլոր վերանորոգումներն իրականացվում են` հարմարեցվելով միայն ֆուտբոլին: Եղիազարյանը նշեց, որ կապի մեջ է Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ և տեղյակ է, որ կա ներդրումային ծրագիր` ավելի քան 1մլն դոլարի, որ միջազգային դոնորները պատրաստ են ներդրում անել մարզադաշտում վազքուղիները կառուցելու համար: Նախարարը արձագանքեց` ատլետիկայի ուղղությամբ ներկայում աշխատանք տարվում է: «Նոյեմբերի 2-ին ես լինելու եմ Արտաշատում, որպեսզի տեղի մարզադաշտն ուսումնասիրվի, և համայնքապետի հետ բանակցություն տանենք, որ այդ մարզադաշտը տրամադրվի ծրագիրն իրականացնելու համար»,-ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ ինքը ևս սերտ կապի մեջ է Էմմիյանի հետ և վերջերս, երբ հանդիպել են Փարիզում, այդ հարցը ևս քննարկել են: Նախարարը նշեց` համայնքապետի հետ զրույցից հետո կհասկանան, թե արդյոք հնարավոր է Արտաշատի մարզադաշտը տրամադրել` այդ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար:
12:39 - 31 հոկտեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am։ Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ընդհանուր առամամբ մեր բյուջեն ավելացել է 12.9 տոկոսով կամ 20 մլրդ-ով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին: Դա վերաբերում է համամասնորեն մյուս ոլորտներին: Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են և ըստ համամասնության՝ էնտեղ էլ է ավելացում եղել, այսինքն՝ անտեսված չեն այդ ոլորտները»,- ասել է Հարությունյանը Նախարարի խոսքով՝ ծրագրային կրճատման որևէ հարց իրենք չեն դրել իրենց առջև: Ինչ վերաբերում է կառուցվածքին, նշել է. «Մենք ասել ենք, որ երեք նախարարությունների միավորման արդյունքում պաշտոնների մասով 13 հաստիք է կրճատվելու: Հաջորդ կրճատումները լինելու են առաջիկ ամիսների ընթացքում, որիշ ծրագրերի կրճատման հարց նախարարություններում չի եղել»:
12:22 - 31 հոկտեմբերի, 2019
Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|

Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am։ Միջին մասնագիտություն ընտրելու որոշ ուղղություններով կա իներցիոն երևույթներ, բայց աշխատաշուկայի համապարփակ վերլուծությունը թույլ կտա հաջորդ տարի այնպիսի պատվեր իրացնել, որոնց կարիքը կլինի. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Վատ է, որ հանրության շրջանում դեռևս կա մեռնող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն, բայց մենք կողմնորոշման ծրագրեր ենք իրականացնում դպրոցներում, որ մեր աշակերտները կարողանան այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ավարտելուց հետո պահանջարկը լինելու է»,-ասաց նա: Այդուհանդերձ, ըստ նախարարի, արդեն իսկ միջին մասնագիտական կրթության հարցում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել: «Եթե նայեք նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտական տեղերի պատվերը, կտեսնեք, որ շեշտակի փոփոխություններ են եղել, մասնավորապես, հաշվապահական, առողջապահական մասնագիտություններով, և մենք գնահատում ենք աշխատաշուկայի պատկերը և փոփոխություն իրականացնում»,-ասաց նա: ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար հատկացված 1,5 մլրդ դրամի միայն 22 տոկոսն են կարողացել իրացնել, իսկ 2020 թ. համար 2,2 մլրդ գումար են ուզում: Շարունակությունը՝ tert.am-ում
10:20 - 31 հոկտեմբերի, 2019
Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

news.am։ Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը եւ ինչ խնդիր ենք մենք լուծում։ Այս մասին  ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցին։ «ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ժամանակ նշվել է, որ այժմ քննարկվում եւ մշակվում են չափորոշիչները, թե յուրաքանչյուր առարկայի մասով մեր առջեւ ինչ խնդիր ենք դնում, նաեւ պետք է հասկանանք յուրաքանչյուր առարկայի նպատակը, թե ինչ խնդիր ենք մենք լուծում։ Եթե մեր առջեւ դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»,-նշեց նա։ Արեւիկ Անափիոսյանի կարծիքով՝ եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ»։ Նրա խոսքով՝ եթե առարկայի նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա բոլոր առարկաները դրան պետք է միտված լինեն․ «Իսկ եթե մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, որ արժեքային հենք ձեւավորենք սովորողների մոտ, ապա կարծում եմ դա ոչ թե մեկ առարկայի խնդիր պետք է լինի, այլ բոլոր առարկաներն էլ պետք է միտված լինեն ճիշտ արժեքային հենք ձեւավորելուն»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցնում է՝ կրոնների մասին դպրոցներում կրոնների ուսումնասիրման համար կա մշակված «Տոլեդոյի սկզբունքները»․ «Մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ուսումնասիրության խնդիրը։ Եթե ուսումնասիրության խնդիրը հասկանալն է, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ դավանաբանական հենք ունի, այդ դեպքում նաեւ աշխարհում կա փորձ, որ ուսումնասիրվում են մյուս կրոնների պատմությունները։ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը մշակել է «Տոլեդոյի սկզբունքները» կրոնների պատմությունն ուսումնասիրելու համար, որտեղ ասվում է, որ հոգեորսություն չպետք է լինի, քարոզ չպետք է իրականացվի դասի ժամանակ, եւ կա, որ տվյալ պետության առանձնահատկություններից ելնելով հնարավոր է կրոնների ուսումնասիրություն ժամանակ մեկի մասին ավելի մանրամասն ու խորը ուսումնասիրություն արվի, բայց արգելվում է որեւէ կրոն բացասական լույսի ներքո ներկայացնել, այսինքն՝ կան սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնենք, սակայն չկա որոշում, թե առարկան ինչ ձեւով է դասավանդվելու»։ Նա վստահ է՝ ՀԱԵ հետ կկարողանան համաձայնության գալ․ «Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցության, որտեղ մենք կկարողանանք հասկանալ, թե որն է առարկայի առանձին կամ միավորված ունենալու նպատակը եւ ուսումնասիրության խնդիրը, դրանց շուրջ վստահ եմ՝ գալու ենք համաձայնության, իսկ թե ինչ մեթոդով է հարցը լուծվելու, ապա կան մանկավարժներ եւ գիտության ներկայացուցիչներ, որոնք մեզ լավագույնս կկարողանան օգնել եւ աջակցել, թե մեր առջեւ դրված նպատակը ինչպես կարող ենք լուծել։
09:32 - 31 հոկտեմբերի, 2019
Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|

Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նիստում որոշեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ըստ գործող բանաձեւի դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է՝ կախված սովորողների թվից: «Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջեւ մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը, որոնք միակն են բնակավայրում, եւ սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով եւ նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում եւ վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն խոշոր դպրոցների փողից վերցրել եւ հատկացրել են փոքր դպրոցներին»,- ասաց նախարարը: Հարությունյանը նշեց, որ նոր փոփոխություններով առաջարկվում է՝ փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաեւ դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը. «Թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչեւ 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչեւ 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչեւ 207 սովորող, վարժարան եւ ավագ դպրոց՝ մինչեւ 135 սովորող»: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան: Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձեւում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա, այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը, վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը, պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը: Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչեւ նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն: Հարությունյանը նշեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի: Նրա խոսքով՝ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ ի պատասխան ասաց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու: Արձագանքելով վարչապետին Հարությունյանն ասաց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցն ինչ-որ ձեւով պետք է լուծել. «Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երեւանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի: Եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսք եւ մենք դիսբալանս կունենանք»:  
08:28 - 31 հոկտեմբերի, 2019
Նախարարությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

Նախարարությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, Այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, որոնք չեն արտացոլում օրինագծի կարգավորումները։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրինագիծը դեռևս գտնվում է աշխատանքային տարբերակում և նախարարությունը հավելյալ պարզաբանումներ կներկայացնի այն հանրային քննարկման դնելուց հետո։ Մինչ այդ կոչ ենք անում զերծ մնալ թյուրըմբռնումների առիթ հանդիսացող գրառումներից»։
08:13 - 30 հոկտեմբերի, 2019
Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին: Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից: «Վերջին տարիներին մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Մենք աշխատանքներ ենք տանում, որ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նաև բարելավվի կրթության որակը»,- նշել է Ա.Հարությունյանը` հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ՄԿՈՒ ոլորտի կրթության որակի բարելավման նպատակով համագործակցում է Եվրոպական միության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ: Նախարարի խոսքով` կառավարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: Նա նաև նշել է, որ ոլորտի զարգացման կարևոր նախադրյալներից մեկն աշխատաշուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է. «Մենք պետք է ունենանք կանխատեսումներ, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի տեսք է ունենալու աշխատաշուկան, որպեսզի իներցիայով չթողարկենք այնպիսի մասնագետներ, որոնք 4 տարի անց, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, աշխատաշուկայում պահանջարկ չեն ունենալու»,- նշել է Ա.Հարությունյանը: Տնտեսվարողների հետ համագործակցությունը, նախարարի ընդգծմամբ, այս գործում հաջողության հասնելու հիմնական ճանապարհն է, և նախարարությունը արդյունավետ է համարում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը: ԵՄ պատվիրակության ղակավար տիկին Անդրեա Վիկտորինի խոսքով` երիտասարդության ներուժի բացահայտումն ու զարգացումը Եվրամիության հիմնական նպատակներից է. «Եվրոպական միությունը և Հայաստանի կառավարությունը միասին աշխատում են երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ` սովորելու, աշխատելու և գնալու երազանքների հետևից: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մեկն էլ գործազրկությունն է»,-արձանագրել է դեսպանը` մեջբերելով Համաշխարհային բանկի տվյալը, որի համաձայն Հայաստանի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 36,7 տոկոս է: Ա. Վիկտորինի խոսքով` կրթության համակարգում սովորողին տրվող հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին Հայաստանում ԵՄ գործունեության ուղենիշերից է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի տեղեկացմամբ` ԵՄ աջակցությամբ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: «Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ` վերանայվել են «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը, մշակվել են 2 մասնագիտությունների ուսումնական ձեռնարկներ, կատարվել է դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում, հիմնվել է կաթի վերամշակման 2 լաբորատորիա »,-տեղեկացրել է նա: Նշենք, որ «Համագործակցության խթանում՝ հանուն Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից:
13:00 - 29 հոկտեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն ու լաբորատորիաների ստեղծումը, բարձրագույն կրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության զարգացումը: Կողմերն ընդգծել են որակյալ կրթության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ծրագրերով նախանշվող մարդկային կարողությունների հզորացմանը միտված հնարավորությունները: Նախարարը նշել է, որ ընթացող փոփոխությունները մեծածավալ են և առնչվելու են ոլորտի բոլոր շահառուներին, հետևաբար թիրախային խմբերը պետք է փոփոխություններին հաղորդակից դառնան։ Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է կրթության ոլորտի բարեփոխումների այս փուլի ընթացքը: Նրա խոսքով` բարեփոխումներն իրենց հիմնական արդյունքը կտան 10-15 տարի հետո, բայց կարևոր է նաև այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքները շոշափելի կլինեն կարճաժամկետ կտրվածքում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԲ կողմից պատրաստվող «Աշխարհի զարգացման զեկույցի» (World development report) մարդկային կապիտալի զարգացման կրթական բաղադրիչին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրինագծի մշակմանը և մի շարք այլ հարցերի:
13:33 - 28 հոկտեմբերի, 2019
Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան

Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան

Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացավ հանրային քննարկում՝ «Փակուղի՞ Հայոց լեզվի և Հայոց պատմության համար. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, դրա հնարավոր հետևանքներն ու վտանգները» թեմայով: Քննարկման ընթացքում ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը նշեց, որ ինքը հակված է մտածելու, թե սպասվող փոփոխությունները բխում են մշակվող կրթական քաղաքականության տրամաբանությունից, և բուհերին վերապահվում է բացարձակ ինքնավարություն: «Եթե իսկապես տրվում է բավարար չափով ինքնավարություն, և պետք է բուհերը տնօրինեն իրենց կրթական ծրագրերը, այդ դեպքում ինչո՞ւ է հենց ի վերուստ ուղղորդվում ուղղափառ հետևողականությամբ հետևյալ գաղափարը, որ Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ժամանակավրեպ են, հայագիտական առարկաները ժամանակավրեպ են, որ այդ առարկաները խլում են մասնագիտական առարկաների ժամերը և ճնշում են մասնագիտական առարկաներին, հետևաբար, ենթադրվում է, որ բուհերը պետք է հակված լինեն այդ առարկաներն իրենց կրթական ծրագրերից հանելուն»,- նշեց նա:  Յուրի Ավետիսյանի խոսքով՝ բուհերում չպետք է կրկնեն Հայոց լեզվի դպրոցական ծրագիրը. «Երևանի պետական համալսարանում իրավիճակ է փոխվել այն առումով, որ խախտելով «Բուհական կրթության մասին» գործող օրենքը՝ մենք գիտխորհրդով որոշում ընդունեցինք, որ ԵՊՀ-ում անցնելու ենք Հայոց լեզու և խոսքի մշակույթ, որի նպատակը հետևյալն է. ամբողջացնում ենք, ամփոփում ենք դպրոցում անցած գիտելիքները, ապահովում ենք գրագիտության որոշակի մակարդակ, անցնում ենք հաջորդ փուլին, դասավանդում ենք խոսքի մշակույթ, հաղորդակցման արվեստ, հաղորդակցման էթիկետ, բարեվարքություն»: Նա նաև նշեց, որ եթե անգամ օրենքի նոր նախագծով չսահմանվի, որ բուհերում Հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է, այդ կետը սահմանված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով: ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը նշեց, որ ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում մենք ունենք ժամանակակից հայոց լեզվի դասավանդման խնդիր: «Ըստ Սահմանադրության` հայերենը մեր պետական լեզուն է, ուստի մենք պետք է ապահովենք հայերենի գործառնությունը բարձր մակարդակով պետական կառավարման ոլորտում, գիտության ոլորտում և կրթության ոլորտում»,- ասաց նա: Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտո Կատվալյանի խոսքով փոփոխությունների նպատակը բարի է, բայց թերի է: «Մեր նպատակն է պատրաստել իրենց ոլորտի համար փայլուն մասնագետնե՞ր, թե՞ պատրաստել էլի փայլուն մասնագետներ, որոնք ունեն ազգային նկարագիր, բարձր մտավորականներ են, բարեկիրթ են, շատ ավելի լավն են, քան թե սոսկ իրենց ոլորտի մասնագետներ»,- նշեց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը վստահեցրեց, որ երբ օրենքի նոր նախագիծը պատրաստ լինի, կլինեն նոր քննարկումներ: Նրա խոսքով՝ այս առարկաների պարտադիր ուսուցումն օրենքով չի ամրագրվելու, քանի որ կրթական ծրագրին ներկայացվող որակավորումների ազգային շրջանակով, որը ենթաօրենսդրական ակտ է, արդեն պահանջվում է հետևյալը. ցանկացած ինքնավար բուհի որակյալ կրթական ծրագրի ստեղծման հիմնական նպատակն այն է, որ նա պատրաստի մասնագետ, որը կարողանա հաղորդակցվել իր մասնագիտական լեզվով, կարողանա իր մասնագիտական գիտելիքը և փորձը հաղորդել ոչ միայն մասնագիտական, այլ նաև ոչ մասնագիտական հանրությանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում դպրոցներում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց. «Աշխատանքներ արդեն տարվում են՝ նոր պետական կրթական չափորոշիչ և դրանից բլող առարկայական չափորոշիչներ ընդունելու, որոնց պահանջները և որոնցից բխող բովանդակությունը պիտի էապես փոխվեն: Ընդհանրապես, հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում, որոնց մենք շուտով ականատես կլինենք»:  
18:53 - 24 հոկտեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների որակավորման շրջանակի և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր: Ըստ այդ նախագծերի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը: «Որակավորումների շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև վարպետ ուսուցիչ: Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որը կազմելու է 125 հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:
15:18 - 23 հոկտեմբերի, 2019