ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ակադեմիական քաղաք ծրագրի թիրախներն, անխոս, ճշմարտություն են, բայց հասկանալի չէ՝ ինչ մոտեցմամբ ենք հասնելու դրանց. Գևորգ Քառյան

Ակադեմիական քաղաք ծրագրի թիրախներն, անխոս, ճշմարտություն են, բայց հասկանալի չէ՝ ինչ մոտեցմամբ ենք հասնելու դրանց. Գևորգ Քառյան

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկծանու Գևորգ Քառյանի հետ։   Պարո՛ն Քառյան, ակադեմիական քաղաքի ստեղծման և բուհերի ու գիտական ինստիտուտների միավորման համատեքստում հաճախ է խոսվում այն մասին, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը հեռացած են իրարից։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս խնդրի պատճառը։ Սա հիմնաքարային հարց է՝ պատմականորեն ձևավորված և իներցիայով շարունակված, որի արմատները բարձրագույն կրթության և գիտության այն մոդելի մեջ են, որը մենք ժառանգել ենք Խորհրդային տարիներից։ Իսկ դա իր արմատներով պրուսական համակարգն է, որտեղ կա տարանջատում բուհերի՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատությունների, և ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտների միջև։ Դրանք Կայզեր Վիլհելմի հաստատություններն են, որոնք հետագայում Մաքս Պլանկի անունով են վերափոխվել (այժմ՝ Մաքս Պլանկի անվան գիտական հետազոտությունների ընկերություն,- խմբ․) և իրենց մեջ խմբավորել են գիտահետազոտական ինստիտուտները։ Սա պրուսական (այժմ՝ Գերմանիա,- խմբ․) մոդելն է, որը Խորհրդային համակարգը մեծ մասամբ ժառանգել է։  Մենք էլ նորանկախ շրջանում ժառանգել ենք Խորհրդայինից, հասել մեր օրեր իներցիայով։  Այլընտրանքային մոդելն ամերիկյանն է, որտեղ գիտությունը և հետազոտությունը մեկտեղված են հետազոտական համալսարաններում։ Իհարկե, դրան զուգահեռ կան, այսպես կոչված, զուտ հետազոտական բնույթի հաստատություններ, որոնք կոչվում են ազգային լաբորատորիաներ։    Հենց այդ գաղափարն էր հիմքում, երբ 2011-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը դարձավ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա։ Այո՛, այնեղից է վերցված, որովհետև ազգային լաբի գաղափարը «մաքուր» ամերիկյան է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջուկային ժամանակաշրջանը սկսվեց, առաջացան ու սնկի նման տարածվեցին ազգային լաբերն Ամերիկայով մեկ։    Ճի՞շտ եմ հասկանում, որ բարձրագույն կրթություն-գիտություն տարանջատվածության խնդրի պատճառն, ըստ Ձեզ, հենց մոդելն է, որտեղ բուհերն ու գիտական կազմակերպություններն իրարից անջատ են գործում։  Այո՛։ Այսինքն՝ հենց մոտեցումն է եղել այդպիսին․ անձնային կամ սոցիալական բնույթի խնդիրների մասին չէ խոսքը։ Այդ մեծ գիտակրթական համակարգը բավականին արդյունավետ աշխատել է ժամանակին։ Մենք Խորհրդային տարիների մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ մի ահռելի գիտակրթական համակարգի մասին ենք խոսում՝ շատ մեծ ռեսուրսներով օժտված։ Եվ գերմանական, պրուսական Մաքս Պլանկի [ինստիտուտի] արտացոլումը մեզանում մեր Գիտությունների ազգային ակադեմիան է։  Հիմա գանք բովանդակային մասին, որը մեզանում, իմ կարծիքով, ոչ միշտ է ճիշտ ներկայացվում․ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն անբաժանելի են։ Առանց բարձրագույն կրթության չկա գիտություն, և հակառակը, որովհետև բուհերում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը պիտի կազմված լինի ակտիվ գիտնականներից, եթե մենք խոսում ենք արդյունավետ բարձրագույն կրթական համակարգ ունենալու մասին։ Եվ հակառակը՝ եթե կրթական պրոցեսը լավ չի կազմակերպվում, ապա, բնականաբար, գիտությունը կարիք է ունենալու կադրերի, և կադրերի սով է զգալու ժամանակի ընթացքում, ինչի առջև մենք, ցավոք, հայտնվել ենք։  Հիմա, ինչպե՞ս դա կազմակերպել: Թերևս սա է առանցային հարցը, և այն բոլոր ռիսկերը, վտանգները, որոնք ես ինքս տեսում եմ, որ կարող են լինել [«Ակադեմիական քաղաք»] ծրագրի հետ կապված, հենց այստեղ է․ ինչպե՞ս բարձրագույն կրթության և գիտության կապը ճիշտ ապահովել։   Այդ հարցին, իհարկե կանդրադառնանք։ Դուք նշեցիք, որ այս տարանջատվածության պատճառն ընտրված մոդելն է։ Բայց անգամ գոյություն ունեցող մոդելի պայմաններում հնարավոր չէ՞ր բարձրագույն կրթության և գիտության միջև համագործակցության եզրեր գտնել։ Օրինակ, ԱԱԳԼ գիտաշխատողների քանի՞ տոկոսն է դասավանդում բուհերում։ Առաջին հարցին ի պատասխան՝ ասեմ, որ, իհարկե, կարելի էր, և այդպես եղել է։ Խորհրդային շրջանում գիտությունը և բարձրագույն կրթությունը բավականին բարձր մակարդակի վրա են եղել, և այդ չակերտավոր տարանջատվածությունը, որը մենք համակարգերի մասին խոսելիս նշեցինք, չի բերել այն խնդիրներին, որոնք այսօր մենք տեսնում ենք։ Բայց պետք է հասկանալ՝ ինչու։ Որովհետև եղել է շատ մեծ գիտակրթական տարածք՝ մեծ ռեսուրսներով։    Ենթակառուցվածքնե՞րը նկատի ունեք։  Պարամետրերն են այլ եղել։ Օրինակ, եթե նայենք Գիտությունների ազգային ակադեմիան հիմա և Խորհրդային շրջանում, մեր ինստիտուտները, որոնք հիմա կան, և այն ժամանակվա ինստիտուտները․․․ Ի՞նչ է տեղի ունեցել․ պետությունը բավականին մեծ ռեսուրսներ ուղղել է այդ միջավայր, և եթե այստեղ, օրինակ, որևէ մասնագետ չկար, այդ մասնագետը հրավիրվել է մեկ ուրիշ տեղից, և մեր Ակադեմիան այդպես էլ ձևավորվել է․ Լենինգրադից Օրբելին է եկել, Համբարձումյանն է հրավիրվել։ Այսինքն՝ եղել է այդ ռեսուրսը, մարդիկ պետության մի կետից գնացել են մյուս կետ։ Բնականաբար, այդ ռեսուրսը մենք [հիմա] չունենք։  Եղած սեղմ ռեսուրսն ինչպե՞ս կառավարել։ Ես այսպես եմ տեսնում, որ խնդիր դնողները փորձում են մեկտեղել այդ ռեսուրսը։ Երբ որ դուք ռեսուրսի խնդիր ունեք, իսկ ակնհայտ է, որ մենք ունենք ռեսուրսի խնդիր․․․   Երևի նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներ կան։ Հենց մեկտեղումն արդյունավետ օգտագործման մասին է։ Նորից հետ ենք գալիս այն հարցին, թե ինչպես մեկտեղել, որովհետև դա չի կարող լինել արհեստական մեկտեղում։ Այսինքն, ասել՝ այ հիմա դու Ա կետից գնում ես Բ կետ (նկատի չունեմ տեղադիրքը)՝ մի միջավայրից մյուսը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այդպես չի լինում։ Պետք է այդ կապն օրգանիկ դարձնել։  Գալով Ձեր հարցին, թե մենք ինչքանով ենք ներգրավված։ Ես մի քանի առիթով ասել եմ, որ, ցավոք, մեր բարձրագույն կրթության համակարգը տարիների ընթացքում ուսանողահեն կամ «ուսանողավարձավճարահեն» հիմքով է աշխատել։ Ուսանողները եկել են, վճարել են սովորելու համար, ինչը նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես, բայց քանի որ գնալով ուսանողների թիվը նվազել է դեմոգրաֆիկ կամ երկրից արտահոսքի պատճառով, սա բերել է նրան, որ քչացել է վարձավճարների հոսքը, որը հետո պետք է ուղղվեր դասավանդողներին։ Եվ, ի վնաս որակի, այս համակարգը փորձել է իրեն պահել։    Այսինքն, ինչքան ուսանող դիմել է, ընդունե՞լ են բուհեր։ Եվ, ամենակարևորը, չեն հեռացրել նրանց։ Ես նույնիսկ խնդիր չեմ տեսնում ընդունվողների մեջ․ խնդիր է, թե ինչպես են նրանք շարունակում ընթացքը։ Որովհետև կարելի է բոլորին տալ հնարավորություն (դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես կրթության մասնագետ չեմ)․ պետք է ընդունվելը լինի համեմատաբար հեշտ, իսկ սովորելու ընթացքը պետք է լինի որակի այն շրջանը, որ մարդը պիտի անցնի։    Ձեր կարծիքով բուհերում սովորելու գործընթա՞ցն էլ է հեշտ, ինչպես ընդունվելը։ Ես ինքս եմ տեսել՝ ուսանողներին ինչպես են մի կուրսից մյուսը փոխադրում, և դա ամենևին հաճելի տեսարան չէ։ Միգուցե ոչ բոլոր բուհերում․․․   Դուք ո՞ր բուհերում եք նման երևույթի առնչվել։ Ես Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) դա տեսել եմ, Պոլիտեխնիկական համալսարանում եմ տեսել։ Այդ երկուսում վստահ կարող եմ ասել, որովհետև ես ներսից եմ դա տեսել։ Մնացածի մասին լսել եմ։  Այո՛, կարող են լինել ֆակուլտետներ, առանձին վերցված դասախոսներ, որոնք չեն անում այդպես։ Այստեղ խոսքն անձի մասին չէ, այլ համակարգի։ Սա բերում է նրան, որ համակարգը լճանում է։ Երբ որ համակարգն իր մեջ չունի մրցակցություն, պրոֆեսորադասախոսական կազմը ամեն տարի դասավանդելիս օգտագործում է գրեթե նույն լեկցիաները, ինչ որ օգտագործել է տարիներ կամ տասնամյակներ առաջ։ Սա ընդհանրական ձևակերպում է․ իհարկե, միշտ կլինեն անհատներ, որոնք այդպես չեն անի։  Համակարգի լճացում կա։ Եվ, իհարկե, սոցիալական կոմպոնենտով պայմանավորված՝ անհրաժեշտ ժամաքանակի հավաքագրումը, որ [ամբողջական] դրույք ձևավորվի, դասախոսին թույլ չի տալիս հետազոտական աշխատանքով զբաղվել։ Եթե մարդն ամբողջովին կենտրոնացած է 600-700 ժամը հավաքելու և ամբողջական դրույք ունենալու վրա, նա հետազոտության համար ժամանակ ուղղակի չի ունենա։    Հնարավոր չէ՞ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որ նրանք, օրինակ, դասավանդեն կես դրույք զբաղվածությամբ և մնացած ժամանակը տրամադրեն հետազոտական աշխատանքին, իսկ ազատված ժամերը դասավանդելու հրավիրել գիտական կազմակերպությունների աշխատակիցների։ Համագործակցության նման եզրեր հնարավոր չէ՞ր գտնել այս տարիների ընթացքում, որ բարձրագույն կրթությունը չհասներ Ձեր նշած լճացած վիճակին։  Միգուցե և կարելի էր գտնել, բայց անդառնալիության կետ կա, որից եթե անցաք այն կողմ, հնարավոր չէ հետ գալ։ Երբ որ Դուք ասում եք․ «Կիսել ու ասել, որ նրանք զբաղվեն հետազոտությամբ», դա ենթադրում է, որ նրանք կարող են զբաղվել հետազոտությամբ։ Բայց ինչ-որ մի փուլում, երբ մարդիկ տարիներ շարունակ զուտ դասավանդման պրոցեսի մեջ են ներգրավված լինում՝ առանց հետազոտության բաղադրիչի, նրանք դադարում են լինել ակտիվ գիտնականներ։ Դասավանդելը շատ կարևոր է, բայց եթե դուք դա չեք զուգորդում ակտիվ հետազոտական աշխատանքի հետ, դադարում եք լինել ակտիվ գիտնական։ Մարզավիճակի նման բան է․ երբ մարզիկը երկար չի պարապում, միանգամից չի կարող անհրաժեշտ քանակի ձգումներ անել կամ վազքուղում վազել։    Դուք խոսեցիք համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի մասին։ Հարցին մոտենանք ԱԱԳԼ-ի կամ գիտական այլ կառույցի տեսանկյունից. արդյո՞ք գիտական կառույցները չպիտի շահագրգռված լինեին, որ իրենց գիտնականները ներգրավված լինեին կրթական պրոցեսներում, քանի որ գիտության մեջ կա երիտասարդ կադրերի ներգարվման խնդիր, և այդպես ավելի հեշտ կլիներ ապագա գիտնականների պատրաստմանը մասնակցելը։ Ձեր գիտաշխատողներին կրթական գործընթացում ներգրավելու փորձեր արե՞լ եք։ Այն, որ մենք շահագրգիռ կողմ ենք, միանշանակ։ Անշուշտ, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր ակտիվ գիտնականները զբաղվեն դասախոսական գործով։ Մենք դրա համար բազմիցս ԵՊՀ-ի մեր գործընկերների հետ փորձել ենք ծրագրեր անել։ Այս պահին ընթացիկ ծրագիր ունենք, որը մեծ լավատեսություն է ներշնչում։   Խոսքն այն ծրագրի մասի՞ն է, որի շրջանակում ԵՊՀ ուսանողները պիտի գային ԱԱԳԼ դասախոսությունների։ Դա արդեն մեկնարկել է սեպտեմբերից և առաջին քայլն է, որ փորձենք միասին կրթական ծրագիր իրականացնել։    Դա ուսանողների դասապրոցեսից դո՞ւրս է իրականացվում։ Նրանց դասապրոցեսի, կրթական ծրագրի մի մասն է։ «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագիրը սկսվել է 2020-ին։ Ես առիթ ունեցա որոշակի ժամանակահատված լինել այդ ծրագրի ղեկավարը համալսարանում։ Հենց այդ ժամանակ մտածեցինք համալսարանի գործընկերների հետ, որ միգուցե ուսանողները գան մեզ մոտ այդ առարկաները լսելու և նաև ակտիվ հետազոտություն անելու, որովհետև մենք ունենք խմբեր, որոնք հենց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած երկակի նշանակության ծրագրերի շահառուներ են։ Ուսանողների թիվն առաջին հոսքում մեծ չէր․ 4-5 ուսանող էր։ Երկրորդ տարվա ընդունվածների թիվը մոտ 13 էր, և այս տարի ընդունելությունն ավելի մեծ թվով է եղել։ Գումարային մոտ 35 ուսանողի մասին է խոսքը։ Մենք ավելի հեռուն նայող ծրագիր ունենք՝ միջազգային մագիստրատուրա, որը «Մասնիկների ֆիզիկա» անվանումն ունի։ Դեռ ընթացիկ քննարկման փուլում է, Բոննի համալսարանի հետ է իրականացվում, և ԵՊՀ-ի գործընկերները մեզ աջակցում են։ Կունենանք կրթական ծրագիր, որտեղ կդասավանդեն ակտիվ գիտնականներ՝ և՛ Բոնի համալսարանից, և՛ մեր գիտաշխատողներից։    Մագիստրոսական ծրագիրը հաջորդ ուսումնական տարի պատրաստ կլինի՞։ Հույս ունենք։ Մենք սա իրականացնում ենք մի համաձայնագրի շրջանակներում, որը ԵՊՀ-ի հետ կկնքենք։ Բոննի համալսարանի աջակցությամբ մեզ մոտ կբացվի Ֆիզիկայի գերազանցության կենտրոն։ Մենք այդ կենտրոնում կանենք և՛ հետազոտական աշխատանքներ, և՛ կրթական ծրագիր։ Կենտրոնը կտեղակայվի և կաշխատի ԱԱԳԼ-ում, համալսարանը կլինի կրթական ծրագրերի պատասխանատուն։  Հետո այն կընդլայնենք․ փորձում ենք տարածաշրջանային դարձնել, նաև վրացական կողմին հրավիրել։ Փորձել ենք նաև Թուրքիային ներգրավել։ Ցավոք սրտի, շատ մեծ հաջողություններ այդտեղ չունենք, և սա քաղաքական խնդիր չէ. ուղղակի նրանք ունեն լավ համալսարաններ և, բնականաբար, նախընտրում են լինել այնտեղ։  Հիմա գանք խնդիրներին․ ինչո՞ւ գրավիչ չէ ակտիվ գիտնականի համար ներգրավվել կրթական պրոցեսի մեջ։ Մենք խոսեցինք ժամաքանակի մասին․ սա բերում է կոնկրետ սահմանափակումների։ Երբ որ դուք պետք է բաժանեք ժամաքանակը մարդկանց միջև, դա պետք է արվի ինչ-որ սկզբունքով։ Եթե սկզբունքը դրված է նախևառաջ սոցիալականը կամ ժամանակի անհրաժեշտ պաշարի ձևավորումը․․․ Մենք նույնիսկ առաջարկել ենք առանց գումարի դասավանդել։ Դուք հիմա կզարմանաք, թե ինչու այդ առաջարկը տեղ չի գտնում։ Որովհետև անհրաժեշտ ժամաքանակը, որն այդ բաժանումից հետո մնում է, բավարար չէ, որ ակտիվ գիտնականը որակով ներկայացնի իր ծրագիրը։ Մարդկանց կարող են ժամավճարով հրավիրել շաբաթական մեկ ժամ, բայց այդ մեկ ժամում․․․ Ընդ որում, այստեղ գումարի հարցը չէ, ես ուզում եմ սա շեշտել․ մենք պատրաստ ենք դա անվճար անել։   Այսինքն հարցն այն ժամանակն է, որը տրվում է ակտիվ գիտնականներին իրենց ծրագրերը ուսանողներին ներկայացնելու համա՞ր։ Այո՛։   Ի՞նչ են այդ դեպքում ուսանողներին դասավանդում, որ ձեր թեմաների համար ժամաքանակ չի մնում։ Կան այնտեղ, միգուցե, կարևոր ծրագրեր, որ մենք չգիտենք կամ հաղորդակից չենք այդ կարևորությանը։ Նրանք ունեն որոշակի ժամաքանակների բաշխում՝ ըստ առարկաների։ Երբ մենք փորձում ենք մեր ակտիվ գիտնականներով ներգրավվել այդ պրոցեսի մեջ, այն ժամաքանակները, որ մեզ մնում են, լուսանցքային ժամաքանակներ են որպես կանոն։ Եվ ակտիվ գիտնականն իր ժամանակը ոչ էֆեկտիվ չի ծախսի երբեք։ Նա, բնականաբար, նպատակահարմար չի գտնում մի ժամում, օրինակ, պատմել քվանտային խրոմոդինամիկայի մասին․ դա անհնար է անել, եթե ուզենաք էլ։  Կրթական ծրագիրը ճիշտ կազմակերպելու խնդիր է։ Նախ, պետք է ճիշտ ընտրել թիրախները․ ի՞նչ ենք մենք ուզում ունենալ։ Մենք, այսպես ասած, գիտական շուկայի ամենամեծ սպառողներից մեկն ենք, ուսանողներին դեռ իրենց ուսանողական նստարաններից վերցնում ենք մեզ մոտ աշխատանքի․ կես դրույքով որպես լաբորանտ կարող են գալ, ներգրավվել հետազոտությունների մեջ և վճարվել։ Բայց այն բովանդակությունը, որը մեզ պետք է այստեղ միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ անելու համար, նրանք չեն ստանում այնտեղ (բուհում,- խմբ․), և արդեն հասկանալի է՝ ինչ պատճառով։ Որպեսզի ստանային, մենք պիտի գնայինք այնտեղ, որպեսզի մենք գնայինք, պիտի ժամաքանակների բաշխումը լիներ այնպես, որ մեր գիտելիքն արդյունավետ ձևով հասներ լսարանին։  Դուք հիմա կարող եք հաջորդ հարցը տալ․ «Այդ դեպքում ի՞նչ եք անում դուք այստեղ, եթե մարդիկ չկան»․․․ Մենք ուսանողներին դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մեջ ենք ներգրավում, նույնիսկ երրորդ կուրսից կարող են գալ: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այդ հարցով ընդառաջել է մեր խնդրանքներին, իջեցրել է շեմը, և ուսանողներն ավելի վաղ շրջանից կարող են ներգրավվել։ Մենք Կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկումներում միշտ շեշտել ենք՝ կարևոր է, որ վաղ շրջանից ուսանողին վերցնես հետազոտության մեջ, որովհետև եթե չվերցնես, նա շատ արագ կողմնորոշվում է դեպի ՏՏ ոլորտ։ Մենք հրավիրում ենք և ասում՝ ձեզ կսովորեցնենք այն, ինչի պակասը դուք ունեք։ Այո՛, դա ենթադրում է արտաժամյա աշխատանք, բայց այլ տարբերակ չկա։   Եթե, «Ակադեմիական քաղաք» ծրագրի համաձայն, բուհերն ու գիտական կառույցները մի կլաստերում միասին գործեն, Ձեր թվարկած խնդիրները կլուծվե՞ն։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում երկու թիրախ կա՝ [վարկանիշային ցուցակների] հինգհարյուրակում 4 բուհ ներգրավել և նաև միջազգային ուսանողներ ներգրավել, որն, ի դեպ, հիմա մենք փորձում ենք անել ԵՊՀ-ի հետ նշածս ծրագրով։ Եթե ծրագրի հիմնավորումը կարդանք, ասվում է, որ ակադեմիական քաղաքը միջգիտակարգային, միջմշակութային, միջավայրաստեղծ գաղափար է, որտեղ բարձրագույն կրթությունը պետք է անպայման ունենա հետազոտական բաղադրիչ, և որտեղ պետք է իրականանան միջազգայնորեն մրցունակ ծրագրեր։ Նաև միջավայրը պետք է լինի դրան համապատասխան, այսինքն՝ անհրաժեշտ հագեցվածություն ունենա և այլն։  Սրանք բոլորն, անխոս, ճշմարտություններ են, ես չեմ տեսնում որևէ վիճելու տեղ, և աշխարհագրական տեղադիրքով պայմանավորված քննարկումներն, օրինակ, ինձ այդքան էլ հասկանալի չեն, և ես այդտեղ չեմ տեսնում կարևորությունը ծրագրի։  Վտանգները, ռիսկերը որտե՞ղ են։ Երբ որ մենք ասում ենք՝ բարձրագույն կրթությունն ունենա հետազոտական բաղադրիչ, ինչպե՞ս ունենա։ Հայեցակարգում դա դեռ չկա, որովհետև հայեցակարգ է։ Ենթադրվում է, որ դրան պետք է հետևի ռազմավարությունը, որտեղ այդ հարցերի պատասխանները հստակ պիտի լինեն։ Հիմա մենք այս պահին էլ ունենք բարձրագույն կրթություն և հետազոտություն․ ԵՊՀ-ում կար ժամանակին Ֆիզիկայի ֆակուլտետ, և կար Ֆիզիկայի ինստիտուտ․ համալսարանն իր մեջ ուներ հետազոտական ինստիտուտ (այժմ երկուսը միասին դարձել են Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ,- խմբ․)։ Հիմա կարո՞ղ ենք ասել, որ բարձրագույն կրթությունն ուներ հետազոտական բաղադրիչ։ Ես քիչ առաջ խոսում էի խնդիրների մասին, թե ինչպես է լինում, որ ակտիվ գիտնականները չեն մասնակցում կրթական պրոցեսին։ Խնդիրն այստեղ է․ ինչպե՞ս դա կազմակերպել։ Սա է, որ այս փուլում դեռ հստակ չէ։ Ինչ-որ փուլում հստակություն պետք է ունենալ և արդեն դրա մասին կոնկրետ խոսել։   «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում շատ մանրամասներ չկան, բայց կառավարությունը բուհերից ու գիտական կազմակերպություններից հայեցակարգային առաջարկներ է սպասում՝ միավորման գործընթացի վերաբերյալ։ Ձեր խոսքով նպատակները կան, բայց հստակ նշված չէ՝ ինչպես են դրանք իրականացվելու։ ԱԱԳԼ-ն ի՞նչ է առաջարկում այդ նատակներին հասնելու համար, որո՞նք են ձեր հայեցակարգային առաջարկները։ Դա ամենակարևոր, առանցքային հարցն է։ Մենք կներկայացնենք մեր առաջարկները, դրանք դեռ մշակման փուլում են։ Ես փորձեցի, խնդիրների մասին խոսելով, հենց նախանշել, թե մեր առաջարկներն ինչ ուղղվածություն են ունենալու։  Ես նշում էի, թե բարձրագույն կրթությունն ինչպես է կազմակերպվում, և դրանից ինչ խնդիրներ են առաջանում։ Մեր առաջարկները կփորձեն այդ խնդիրներին լուծումներ տալ։ Այսինքն՝ ինչպե՞ս ակտիվ գիտնականներին ներգրավել [կրթական] պրոցեսի մեջ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կա teaching duty` դասավանդման պարտականություն։ Այնտեղ առավելություններով օժտված շատ քիչ գիտնականներ կարող են չդասավանդել, բայց եթե դուք ակտիվ գիտնական եք, չեք կարող ասել՝ ես մենակ իմ սենյակում հետազոտություն եմ անում․ պետք է անպայման նաև մտնեք լսարան և հենց ձեր հետազոտությունների մասին պատմեք։ Գիտությունը միայն գիտության պատմություն չէ․ ցավոք սրտի, մեզանում այդ ընկալումը, նաև լճացմամբ պայմանավորված, կարծրացել է։ Այս խնդիրներին մենք կփորձենք հասցեական առաջարկներով անդրադառնալ։   Հասկանալով, որ առաջարկները դեռ մշակվում են, ո՞րն է ԱԱԳԼ-ի լուծումն այս խնդիրներին, կամ որո՞նք են ձեզ համար այն իդեալական պայմանները, որոնք պիտի լինեն ակադեմիական քաղաքում։ Դուք հիմա հասցեավորում եք միջավայրային մասը, այսինքն՝ զուտ ենթակառուցվածքները, որոնք պակաս կարևոր չեն։    Խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլ թե ինչպես են կրթական և հետազոտական գործընթացներն ակադեմիական քաղաքում կազմակերպվելու։  Դա շատ լայն հարց է։ Մենք խոսեցինք այն մասին, թե կրթությունն ու հետազոտությունն ինչպես կապել, այնտեղ խնդիրներն առանձնացրինք, և առաջարկներն, այո՛, լինելու են այդ ուղղությամբ։ Բայց կա նաև ղեկավարման հարցը․ ինչպե՞ս ղեկավարվի ակադեմիական քաղաքը, որովհետև դա էլ պակաս կարևոր հարց չէ։   Նկատի ունեք ընդհանուր ակադեմիական քաղաքի՞ ղեկավարումը, թե՞ առանձին կլաստերների։ Ե՛վ նա, և՛ նա, որովհետև մեկը մյուսից բխում է։ Պետք է լինի որոշումներ կայացնող մարմին, պետք է լինեն տեղերում որոշումներ կայացնող մարմիններ, որոնք իրար ինչ-որ ձևով պիտի լինեն փոխկապակցված։  Այս մոդելն էլ դեռ հստակ չկա։  Գիտությունն իրականացվում է իրավակազմակերպչական երկու ձևերով՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) և հիմնադրամներ։ Արդյո՞ք այս երկու իրավակազմակերպչական ձևերը բավարարում են գաղափարների իրականացմանը, կամ մենք կարո՞ղ ենք հենց հենվել այդ երկու ձևերի վրա։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե ավելի լայն նայենք, դրանից նաև բխելու են տարբեր իրավական բնույթի հարցեր, որովհետև հիմնադրամների գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» օրենքով, ՊՈԱԿ-ները՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով։    Գիտական կազմակերպությունները հիմնականում ՊՈԱԿ-ներ են, բուհերը՝ հիմնադրամներ։  Այո՛։ Մենք կարող ենք ունենալ լավ գաղափարներ և այդ լավ գաղափարները չկարողանանք իրականացնել, որովհետև չկա անհրաժեշտ օրենսդրական միջավայր։  Հիմա մենք ազգային լաբորատորիա անվանումն ունենք, բայց հիմնադրամ ենք,  «Հիմնադրամների մասին»  օրենքով ենք ղեկավարվում։ Սրանք հարցեր են, որոնք հեշտ պատասխաններ չունեն։   Փորձե՞լ եք ստանալ այդ հարցրերի պատասխանները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կամ այլ կառույցից, քննարկումներ ունեցե՞լ եք։ Քննարկումներ ունեցել ենք։ [«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի] հանրային քննարկում եղել է, բայց ֆորմալ քննարկումներ, որոնք կմեկտեղեն բոլոր կարծիքները, դեռ չեմ տեսել։ Բայց ի՞նչն է հարցը, որ այս նոր իրավակազմակերպական ձևերը նույնպես կարող են լինել առաջարկների մեջ։ Մեզ, համենայնդեպս, ասվել է, որ կարող ենք առաջարկել իրավակազմակերպական նոր ձև, որն, ըստ մեզ, լավագույնս կսպասարկի այն խնդիրները, որոնք պետք է լուծել «Ակադեմիաման քաղաք» ծրագրով։  Սա նույնպես մեծ փաթեթ է ենթադրում, օրենսդրական գործունեությամբ հանդես գալու նման մի բան է։ Դուք իրավակազմակերպական ձև առաջարկելիս չեք կարող ուղղակի մեկ-երկու նախաասությամբ անել։ Մենք հենց հիմա դրա վրա ենք աշխատում։   Անկախ նրանից, որ ձեր առաջարկները դեռ պատրաստ չեն, պատկերացնո՞ւմ եք, թե ԱԱԳԼ-ն որ կլաստերում կարող է լինել։ Կարելի է, իհարկե, ենթադրել՝ որտեղ կլինենք։ Ես չեմ կարող ասել, որ հենց այս կլաստերում մենք պետք է լինենք; Պետք է նախ քննարկել լինելությունը, թե ինչ ձևով պետք է լինել ինչ-որ տեղ։ Սա հենց իրավակազմակերպական ձևի մասին է։ Մենք հիմնարար հետազոտություններով ենք զբաղվում մեծամասամբ։ Իհարկե, մեզ մոտ կան նաև կիրառական բնույթի հետազոտություններ, բայց մեր առանցքը հիմնարար հետազոտություններն են եղել պատմականորեն և շարունակում են մնալ։ Մենք, իհարկե, ակտիվ քննարկումներ ունենք ԵՊՀ-ի մեր գործընկերների հետ, բայց առաջին մասով՝ կրթական բաղադրիչի, այսինքն՝ ինչպես կրթական բաղադրիչը հագեցնել հետազոտական մասով։   Այդ քննարկումներն ընթացի՞կ ծրագրերի մասին են և ո՞չ ակադեմիական քաղաքի։ Այո՛, ընթացիկ։ Մեզ թվում է՝ ինչ-որ կետից պետք է դա սկսել, քանի որ խորացող խնդիր ունենք։ Նկատի ունեմ՝ կրթությունը և գիտությունը պետք է մոտենան իրար։ Մեր կադրային խնդիրներն են ժամանակի ընթացքում սրվում․ մենք ունենք համագործակցության բավականին լուրջ առաջարկներ միջազգային գործընկերների կողմից լավ պայմաններով, բայց անհրաժեշտ կադրեր չենք կարողանում գտնել։    Ձեր գիտաշխատողների քանի՞ տոկոսն է մինչև 40 տարեկան։  Մեր աշխատակիցների թիվը 330 է, որից 70%-ը գիտատեխնիկական աշխատողներն են, որոնք երկու խմբերում են՝ ավագ խումբը և երիտասարդները։ Միջին տարիքում՝ 40-65 տարեկան, ցավոք, մենք փոս ունենք։ Գիտատեխնիկական աշխատողների կեսը մինչև 40 տարեկան է, կեսը՝ 65-ից բարձր։    Դուք՝ որպես ԱԱԳԼ-ի տնօրեն, ի՞նչ հնարավորություններ և  ռիսկեր եք տեսնում ակադեմիական քաղաքի ստեղծման և միավորման գործընթացում։ Ծրագիրը երկարժամկետ է, եռափուլ, ինչպես հայեցակարգում է նշված։ Հենց ժամանակի գործոնը՝ երկարաժամկետ լինելը, մեծ ռիսկեր է պարունակում։    Կարո՞ղ եք թվարկել մեկ-երկու ռիսկ։ Օրինակ, թե ինչ ձևով [ծրագիրը] կընթանա, որովհետև երբ դուք երկար ճանապարհ պիտի անցնեք, այդ ճանապարհին ավելի մեծ հավանականությամբ կարող եք բախվել խոչընդոտների, որոնք հաշվի չէիք առել, քան եթե կարճաժամկետ ծրագիր եք անում։ Երկարաժամկետ ծրագրերն այդպիսի ռիսկեր ունեն․ արդյո՞ք կեսից այլ ուղղություն ճանապարհը չի վերցնի, կամ ինչպիսի՞ն կլինի վերցված ուղղությունը։ Եթե գանք բովանդակային մասին, գաղափարները, որոնք նշված են [հայեցակարգում], անխոս, ընկակելի են շատերի համար, ում հետ որ ես խոսել եմ․ ոչ մի արտառոց բան այտդեղ չկա։ Ամբողջ խնդիրը դրա իրականացնումն է։ Իսկապես, դա տալիս է հնարավորություն հետազոտությունը տանելու կրթություն, կադրերի խնդիրը լուծելու և կրթության որակը բարձրացնելու, բայց չպետք է դա անել մեկը մյուսի հաշվին։ Բարձրագույն կրթությունը և հետազոտությունը միշտ նորմալ միջավայրերում եղել են փոխլրացնող։    Վտանգ տեսնո՞ւմ եք, որ գիտության հաշվին է որևէ բան արվելու։  Այդ «հաշվին» բառը որ ասում ենք, կախված է լինելու, թե ինչ ձևով կկազմակերպվի։   Իրավակազմակերպակա՞ն ձևը։ Ե՛վ իրավակազակերպական, և՛ այն, թե հենց տեղում գիտնականներն ինչ ձևով կներգրավվեն կրթական ծրագրերի մեջ։ Իրավակազմակերպականն ավելի լայն բան է՝ ինչ ստատուս կունենան այնտեղ գիտական կազմակերպությունները և բուհերը, բայց թե կրթական ծրագրերն իրականացնելու մակարդակում ինչպես հետազոտական կոմպոնենտը կմիացվի, շատ կարևոր է։ Այս պահին հստակ չէ, և սա հնարավոր ռիսկերից մեկն է։   Կարո՞ղ եք որևէ կոնկրետ օրինակով ներկայացնել այդ ռիսկերից մեկը․ օրինակ՝ եթե գործընթացն իրականացվի այսպես, մենք կունենանք այսպիսի հետևանք։ Մեկ հետևանք արդեն տեսել ենք, և դրա մասին ես նշեցի, երբ ասում էի, որ, օրինակ, եթե դուք ակտիվ գիտնականին տանեք դասախոսական աշխատանքի և պահանջեք, որ նա պետք է 720 ժամ դասավանդի, բնականաբար, նա ինչ-որ ժամանակ հետո կդադարի ակտիվ գիտնական լինելուց, որովհետև անընդհատ դասավանդելով՝ ժամանակ չի ունենա հետազոտությամբ զբաղվելու, ինչ-որ մի ժամանակ հետո անդառնալիության կետը կանցնի, և սա լճացման կբերի, ինչի ականատեսն ենք մենք հիմա։ Եվ հակառակը՝ մարդուն ընդհանրապես դասաժամ չտալ կամ տալ մի ժամ․ սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Ես փորձեցի երկու ծայրահեղ օրինակ ասել, որ հնարավորինս պատկերացնեք՝ խնդիրները որտեղ են։  Բալանսավորված և ճիշտ ընտրված տարբերակն է, որ ակտիվ գիտնականին թողնում է մնալ գիտնական, և նա շարունակում է իր ակտիվ հետազոտությունները, ինքնազարգացման շարունակական պրոցեսի մեջ գտնվելով՝ չի լճանում և, միաժամանակ, իր ստացած գիտելիքը փոխանցում է՝ բարձրագույն կրթության համակարգում դասախոսելով։    Ե՞րբ պատրաստ կլինեն ԱԱԳԼ-ի առաջարկները։ Նախատեսում ենք տարվա վերջ կամ մինչև հունվարի կես ունենալ։ Մենք մեր կազմակերպության ներսում պետք է հասկանանք խնդիրը։ Նաև գործընկերների հետ դա պետք է, բնականաբար, քննարկել, հասկանալ, թե նրանց մոտեցումներն ինչպիսին են, որպեսզի հնարավոր լինի բոլոր կողմերի դիրքորոշումները ինչ-որ մի փուլում բերել կառուցողական դաշտ։ Կարելի է քննարկմանը մասնակցել՝ կոնկրետ մի բան պնդելով, բայց ինչ-որ մի փուլում քննարկումն արդյունքի բերում է այն դեպքում, երբ որ կողմերը փորձում են այդ մոտեցումները համադրել իրար և միասին հասկանալ, թե որը կլինի իսկապես շահավետ ամեն մեկի համար առանձին վերցված և ընդհանուր միջավայրի համար առհասարակ։ Մենք շատ հաճախ, կենտրոնանալով միայն մեր կազմակերպությունների վրա, կարող ենք ավելի կարևոր բաներ բաց թողնել։   Աննա Սահակյան
11:56 - 18 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին այցելել է Երևանի պետական համալսարան: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղում ծանոթացել է նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այնուհետև, Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն: Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:  
17:14 - 17 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում։  «Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կատարված ցավալի միջադեպը մեզ թույլ չի տալիս տոնական շնորհավորանքներով անդրադառնալ ուսանողների օրվան, սակայն օրվա խորհրդի ընդգծումը կարևոր է։ Սիրելի՛ ուսանողներ, ձեր առողջությունը մեզ համար ամենաթանկն է․ պետությունը բուհերի և կրթական համակարգի բոլոր շահակիցների առջև կրթության անվտանգության, անհրաժեշտ նորմերի պահպանման առաջնային պահանջ է դնում, որը հստակ շեշտադրված է մեր կողմից նախաձեռնված բարեփոխման բոլոր ծրագրերում։ Կրթական տարբեր մակարդակներում այսօր ակտիվորեն իրականացվող բարեփոխումները՝ սկսած բովանդակությունից մինչև ենթակառուցվածքների բարելավում, նպատակաուղղված են ձեր որակյալ կրթության ապահովմանը։ Հայաստանի բուհերն ու միջին մասնագիտական կրթական հաստատություններն այսօր համալրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներով, որոնք ևս Հայաստանի Հանրապետության անմիջական հոգածության ներքո են: Յուրաքանչյուրիս ջանքն ու ցանկությունը կարևոր են՝ մեր հայրենակիցներին օր առաջ ինտեգրելու, նրանց կրթական իրավունքը վերականգնելու և աջակցելու հարցում: Պետության կողմից նախատեսվող աջակցության ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար, լինելու են շարունակական։ Սիրելի՛ ուսանողներ, մենք պատրաստակամ ենք աջակցել ձեր նորարար նախաձեռնություններին, նպաստել, որ դեպի ձեր երազանքների իրականացում տանող ճանապարհը լինի հուսալի և լուսավոր։ Պետությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, որի իրագործումը մեր բարձրագույն կրթության համակարգը հասցնելու է նոր մակարդակի։ Բազմաթիվ ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, և ձեր համառ ջանքերի, մասնագիտության նկատմամբ սիրո, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ պետության հետ ձեռք ձեռքի կառուցելու ենք ամուր և զարգացող հասարակություն՝ դիմակայելով ծանր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
13:40 - 17 նոյեմբերի, 2023
Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան
 |news.am|

Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։ «Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։  
13:34 - 17 նոյեմբերի, 2023
Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կրթության ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը

Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կրթության ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու» կարգը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի  դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը տրամադրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարությունում առկա կամ անձի կողմից ներկայացված արխիվային հիմքերի առկայության դեպքում։ Կրկնօրինակի տրամադրումից հետո նախկինում տրամադրված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված։ Ըստ աղբյուրի՝ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտին ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է հիմնական կրթության վկայականի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ, միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ: Նշվում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմի հավելված (ներդիր) տրամադրվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Ուսումնական պլանների և անցած առարկաների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներին տրվում է դիպլոմի հավելված (ներդիր)՝ համապատասխան առարկաների նշմամբ:շ
19:05 - 15 նոյեմբերի, 2023
Որոշ կուսակցություններ չպետք է գաղտնի բջիջներ ստեղծեն բուհերում. Փաշինյանը` պատգամավորին
 |armeniasputnik.am|

Որոշ կուսակցություններ չպետք է գաղտնի բջիջներ ստեղծեն բուհերում. Փաշինյանը` պատգամավորին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ ու քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ, ու բուհերը սարքեն քաղաքական գործիքակազմի մաս։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն հարցին, որ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, մինչդեռ պատկերն այլ է, քանի որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդների նախագահները կա՛մ կուսակցական են, կա՛մ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՀՀ վարչապետը իր խոսքում մեջբերեց Լիլիթ Գալստյանի ելույթի մի ձևակերպում` նշելով. «Դուք ասացիք, որ ձեզ դասաժամեր չեն տվել Ձեր իսկ քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք` իմ հայացքների կամ կուսակցական պատկանելության համար, այլ խոսեցիք վարքագծի մասին։ Այսինքն, ստացվում է` Դուք Ձեր հարցին պատասխանեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի ու օգտագործվի ընդդեմ նպատակի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պետք է լուռումունջ հետևի»,- հայտարարեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդների նախագահներին, ապա նա նշեց, որ բոլոր բուհերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, ու հենց ՀՀ կառավարությունն ունի ամենամեծ լիազորությունը նրանց այսօրվա ու վաղվա օրվա համար։
17:50 - 15 նոյեմբերի, 2023
Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Կրթության նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կրթական չափորոշիչների ներդրման գործընթացը, ներկա հնարավորություններով, տվել է աշակերտների կրթական արդյունքների ավելացում ավելի քան կես տարով։ Մեր կրթական արդյունքը, որ ձևավորվել էր տարիների ընթացքում, բերել էր մի իրավիճակի, որ մեր երեխաները սովորել են 12 տարի, բայց իրենց կրթական արդյունքը, որ ստանում էին, կարող էին ստանալ ընդամենը 8 տարում»,- ասաց նախարարը։   Վերջինիս խոսքով կրթական ոլորտում արդեն ունեն չափորոշիչների ներդրման արդյունքները՝ չնայած այդ բոլոր դժվարություններին։ «Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել։ Մի դասագրքի համար մենք տարիներ շարունակ մեկ տպագրության համար վճարել ենք 1044 դրամ, դասագրքի ստեղծման, փորձարկման, տպագրության համար այս տարվա արդյունքում վճարում ենք ընդամենը 741 դրամ։ Սա հետևանք է նրա, որ դաշտը ազատականացվել է, հայտվել են նոր մասնակցներ և մենք կարողացել ենք իրավիճակի փոփոխության հասնել։ Բովանդակության վրա կաշխատենք, անհոգ եղեք, ամեն ինչ միանգամից չի լինում, 30 տարվա խնդիրները միանգամից չեն լուծվում, բայց այն, որ դրանք սկսվել են լուծվել և կրթության ոլորտում դրանք տվել են իրենց արդյունքները, ավելի քան ակնհայտ է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
14:08 - 15 նոյեմբերի, 2023
Փաշինյանը պարգևատրվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով

Փաշինյանը պարգևատրվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, որը Հայաստանում է Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով: Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը: Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար: Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով:
13:51 - 11 նոյեմբերի, 2023
Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար

Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) նոյեմբերի 8-ին մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում, անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում, լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում և այլն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար. «Մենք հաջողությամբ ավարտել ենք ևս մեկ ծրագիր, որի արդյունքների ազդեցությունը նշանակալի է ոլորտի զարգացման համար: Ըստ միջազգային փորձագետների եզրակացությունների՝ ծրագիրն ու նոր գործիքակազմերն իրենց արդյունավետությամբ կարող են ներդրվել այլ երկրներում ևս: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը  ստեղծում է  միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի արտադրանք»: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կլինի շարունակական՝ գործիքակազմերի ընդլայնմամբ նոր խնդիրների լուծման նպատակով:
17:56 - 08 նոյեմբերի, 2023
«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։   Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝ գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում, որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։ Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։ Լիլիթ Սահակյանը «Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։ Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։  Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։  Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։  Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։ «Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։  Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։ «Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։  Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները   Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։ Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը:  Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։  Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։  Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։    Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։  «Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։   Նախագծի իրականացման ժամանակացույց Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։  Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։ Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը:  «Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը: Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը   Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։ Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։ «Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։ «Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։ Կենտրոնի լաբորատորիաներից մեկում   Հնարավոր ռիսկեր Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։ «Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։ Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։ «Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։  «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»: Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։  Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։  Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։    Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով Աննա Սահակյան
19:27 - 07 նոյեմբերի, 2023
Հաստատվել է մանկավարժական աշխատողներին և դպրոցականներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

Հաստատվել է մանկավարժական աշխատողներին և դպրոցականներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։  Հանրակրթության մատչելիություն Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների. 1) այն ուսուցիչներին (նաև զինղեկներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո նաև հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռու գտնվող այլ բնակավայրի հաստատության ուսուցիչ՝ 0.5 և ավելի հաստիքային դրույքով: Դրույքի այս սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների  վրա։ Ամենամյա երկարացված արձակուրդի ընթացքում մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվում: 2) սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաև քննաշրջանի ընթացքում: Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատության կողմից կարող են ձեռք բերվել նաև ուղևորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն փոխհատուցման կարգում նշված շահառուները։ Ընդ որում՝ ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է ներառել սահմանված  բոլոր պահանջները, այդ թվում՝ վարորդին և նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաև ուղևորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ: Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցում Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ծրագրից օգտվող և հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ այցելելու դեպքում։ Փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տարին մեկ անգամ անվճար այցելելու մշակութային օջախներ:
17:25 - 07 նոյեմբերի, 2023
Թույլտվություն չենք տրամադրել և չենք մասնակցել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ հերքումը

Թույլտվություն չենք տրամադրել և չենք մասնակցել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ հերքումը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Հերքման տեքստում նշված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար  իրականության հետ աղերս չունեցող  տեսանյութը հերթական տեղեկատվական  մանիպուլյացիան է: Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»:
19:31 - 06 նոյեմբերի, 2023
Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։ Բացի այդ, կարևորելով միջազգային հյուրախաղերը և նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռքբերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաև մարզային շրջագայությունների համար: Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ և որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների և բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ: Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։
13:59 - 06 նոյեմբերի, 2023
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը։  «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։  Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։ Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»,- նշված է գրառման մեջ։ 
13:21 - 05 նոյեմբերի, 2023
Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|

Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|

tert.am: Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են Աշխատանքային օրենսգրքի հիման վրա և բոլոր այն դեպքերում, երբ ԱՕ-ով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան համապատասխան գործողություններ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով  Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելուն։ «Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալը։ Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է ադ գործունեությունը իրականացնելու իրավունքը»,- ասաց փոխնախարարը։ Լրագրողների հարցին՝ ինչու նախարարությունը թույլ չի տվել տնօրենին մեկնելու գործուղման, փոխնախարարը պատասխանեց․ «Քանի որ ես չեմ համակարգում տվյալ ոլորտը, դետալային չեմ տիրապետում տեղեկատվությանը, բայց անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով և ինչպես է այդ գործուղումը տեղի ունենում, հստակ սահմանված է որ գործուղման մեկնելու համար դու պետք է ունենաս գործուղման հրաման։ Որոշակի տեղեկատվությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ գործուղման ընթացքը բավականին երկարատև էր, միգուցե դրանով է պայմանավորված, որ նախարարությունը նպատակահարմար չի գտել»,- ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
14:42 - 02 նոյեմբերի, 2023