Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն  պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Աբդուլաեւան նշել է, որ «Արդրբեջանի ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ չէ։  «Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է եւ անընդունելի»,-ասել է Աբդուլաեւան։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային հրավիրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ պահանջել Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ Սրան արձագանքել էր նաեւ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դատապարտելով ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի եւ մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։
21:09 - 20 մարտի, 2022
Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել այդ կապակցությամբ և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե ​​Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսելու կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը անդրադարձել էր խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել էր Ադրբեջանը:
19:18 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
Տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում․ Բաքուն ներկայացրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 կետերը

Տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում․ Բաքուն ներկայացրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 կետերը

Ադրբեջանի Արտգործնախարարության ներկաայցուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին։ Այդ առաջարկների թվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի ելույթի ժամանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հակամարտությանը հաջորդած շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի մասին։ Նշվել է, որ չնայած մեր կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին և  այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակի հայտարարություններին, Հայաստանի կողմից վերջին շրջանում որևէ արձագանք չի տրվել»։ Այնուհետև Աբդուլաևան կետերով ներկայացրել է Ադրբեջանի առաջարկը, որը Հայաստանին են փոխանցել միջնորդները։ Այդ կետերն են՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի փոխադարձ ճանաչումը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և հետագայում նման պահանջ չներկայացնելու իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ընդունումը, իրենց միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը խաթարելուց, քաղաքական անկախության,  տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրության նպատակներին չհամապատասխանող ցանկացած այլ ձևով  ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից կիրառումից զերծ մնալու պարտավորությունը, պետական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը, անհրաժեշտության դեպքում այլ հաղորդակցությունների ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատումը։ «Վերոնշյալ սկզբունքների հիման վրա երկու երկրները կարող են կնքել երկկողմ խաղաղ համաձայնագիր՝ վարելով ինտենսիվ, առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
16:45 - 14 մարտի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը |fip.am|

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը |fip.am|

fip.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։ Փետրվարի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքման օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում էր արել, որում, մասնավորապես, պարսկական տիրապետության տակ գտնվող Երևանի և Նախիջևանի խանությունները ներկայացվում էին որպես Արևելյան Հայաստան։ «Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Պարսկաստանը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցումն այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրության կազմում»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։ Այս գրառումն առաջացրեց սոցմեդիայի ադրբեջանցի օգտատերերի զայրույթը, որոնք «գրոհել էին» գրառման մեկնաբանությունների տիրույթը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջեց ՌԴ ԱԳՆ-ից հեռացնել ֆեյսբուքյան գրառումից «Արևելյան Հայաստան» եզրույթը։ «Անհրաժեշտ ենք համարում վերացնել թույլ տրված խեղաթյուրումը և ակնկալում նշված ոչ հավաստի տեղեկատվության ուղղումը Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցմեդիայի պաշտոնական Էջում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն դրանից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը՝ փաստացի, կատարելով Բաքվի պահանջը։  Հատկանշական է, որ հրապարակումն արվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի օրը, որի ընթացքում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Դրանով կողմերը, ի թիվս այլի, պարտավորվում են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, պայմանագրի 11-րդ կետով սահմանվում է, որ կողմերը «վճռականորեն կասեցնում են իրենց տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։  1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մեծ մասը, ներառյալ՝ մինչ այդ Պարսկաստանին ենթակա Նախիջևանի և Երևանի խանությունները։ Մինչ այդ, 1813-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ էին անցել Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Արցախը, ներկայիս Սյունիքի մարզի զգալի մասը, ներկայիս Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերը՝ մասամբ։   Նանե Մանասյան
12:57 - 25 փետրվարի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից պահանջում է Թուրքմենչայի մասին հրապարակումից ջնջել «Արևելյան Հայաստան» հիշատակումը |civilnet.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից պահանջում է Թուրքմենչայի մասին հրապարակումից ջնջել «Արևելյան Հայաստան» հիշատակումը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «զարմանք ու ափսոսանք է» հայտնում Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակման վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է հրապարակումից ջնջել Արևելյան Հայաստան հիշատակումը։ Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև 1828-ին ստորագրված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի օրվա առթիվ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքի էջում պատմափաստագրական հրապարակում է եղել, որտեղ Էրիվանի և Նախիջևանի խանությունները ներկայացվել են Արևելյան Հայաստան։ «Պայմանագրով Ռուսական կայսրությունն անցան Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ «զարմանք ու ափսոսանք» հայտնելով Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակման վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Թուրքմենչայի պայմանագրի մասին «խեղաթյուրված տեղեկատվություն է» ներկայացվել։ «Զարմանք և ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակվել հենց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը։ Հարկ է հատուկ ընդգծել, որ «Արևելյան Հայաստան» արտահայտությունը որևէ կերպ չի հիշատակվում վերոնշյալ համաձայնագրի տեքստում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում թույլ տրված խեղաթյուրումը վերացնելը» և ակնկալում է, որ նշված «ոչ հավաստի տեղեկատվությունը կուղղվի Ռուսաստանի ԱԳՆ Ֆեյսբուքի պաշտոնական Էջում»։
14:06 - 23 փետրվարի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ «Ագրեսիվ անջատողականությունը, որը Հայաստանի ԱԳՆ-ն որակում է որպես «վերածնունդ», տասնամյակներ շարունակ հանգեցրել է լայնածավալ աղետի տարածաշրջանում։ Այս իրավիճակը երկար տարիներ լրջորեն խոչընդոտել է տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացումը։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանում հաստատվում է միջազգային իրավունքը և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Հայաստանի ԱԳՆ-ի՝ երկու ազգերի միջև ազգամիջյան տարաձայնությունները խրախուսող հայտարարությունը ցույց է տալիս մի կողմից երկրի անպատասխանատու պահվածքը և մյուս կողմից, որ Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Ադրբեջանական կողմից հավելում են, որ «Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի»։
14:05 - 21 փետրվարի, 2022
Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան. Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների:
11:15 - 20 հունվարի, 2022
Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտնել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։ «Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - երեկ Ազգային ժողովում ասել է Միրզոյանը։
10:43 - 20 հունվարի, 2022
Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով |1lurer.am|

Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին սպանության սպառնալիքի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում: Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր Պեկրեսի՝ Արցախ կատարած այցին՝ նշելով, որ եթե Բաքվում տեղյակ լինեին այդ այցի մասին, ապա Պեկրեսին չէին թողնի Ֆրանսիա վերադառնալ: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել։ «Ես մեկնել եմ Հայաստան, որովհետև ինձ շատ է հուզում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցը, և որովհետև շատ կարևոր է պաշտպանել Հայաստանը»,- հայտարարել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը:  Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և ավելի քան 200 գործիչներ հրապարակային դատապարտել են Ալիևի հայտարարությունը:
11:58 - 18 հունվարի, 2022