Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին

Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող եւ այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն եւ անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն  (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։    Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին եւ ստացավ դրական արձագանք։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։   
16:40 - 28 հուլիսի, 2020
Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցը վաճառված է. սեփականատերը պարիսպ է կառուցում |armtimes.com|

Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցը վաճառված է. սեփականատերը պարիսպ է կառուցում |armtimes.com|

armtimes.com: Գյումրու կենտրոնական հատվածների փողոցներից մեկում ծառեր են հատվել, կառուցապատում է սկսվել: Նման բողոքով գյումրու բնակիչ Մալխաս Ղազարյանն ասաց՝ շատ բան չգիտի ոչ վաճառողի, ոչ գնորդի մասով, բայց որ քաղաքի փողոցի այդ հատվածը վաճառվել է, ու սկսել են ծառուղին վերացել, որպեսզի դա դառնա փակ տարածք, հստակ է: Նշենք, որ Մհեր Մկրտչյան փողոցի մի հատվածը ձգվում է մինչև Խրիմյան Հայրիկ խճուղի, երկրորդ մասն ավարտվում է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մոտ՝ դեպի Ձորի թաղ կոչվող հատվածում: «Ֆունդամենտն են փորել, պարիսպ բդի շարեն: Լրիվ փողոցը վաճառված է: Կսեմ՝ ո՞վ է ծախել, որ առել ես, կսե մետրը 2000 դրամով առել եմ: Եկել է, ընձի կսե՝ տոկ կուտա՞ս, գործ ենեմ: Ըսի՝ չէ, չեմ տա, ես մենակ կռնամ բողոքե, որ ուլիցն առել ես, բայց ո՞վ է ծախել: Լավ դու առար, բայց քաղաքապետարան ու կադաստրը ինչխ են հաստատել: Հարցրեցի, կըսե՝ ես չեմ հասկընա՝ ընդիկ քու ի՞նչ գործդ է, ես էլ ըսի՝ այ մարդ, ես էլ չեմ հասկընա, թե դու ինչղ ես առել»,-վրդովված ներկայացրեց քաղաքացին: Վիճահարույց տարածքը ժամանակին պատկանել է նախկին Տեքստիլ գործարանին: 88-ի աղետից հետո գործարանը չի աշխատել, այնուհետ սեփականաշնորհվել է, սեփականատերն էլ գործարանն ու գործարանի տարածքը մաս-մաս վաճառել է: «Էդ մարդն էլ իրեն իրավունք վերապահեց, որ ինքն է էդ տարածքի և ճարտարապետը, և քաղաքապետը, և ամեն ինչը, ու սկսեց էդ հողամասերն իր գիտելիքների չափով բաժանել մանր մասերի, առանց հաշվի առնելու գլխավոր հատակագծի պահանջները, հողի օգտագործման, գործառնական  նպատակային նշանակությունը: Ու սկսեց աճուրդով վաճառել էդ հողամասերը, առանց որևէ քաղաքաշինական փաստաթուղթ հաշվի առնելու: Մենք դրա դեմ բողոք ներկայացրեցինք էն ժամանակ, որ անթույլատրելի է, դատական պրոցես սկսվեց, մենք պարտվեցինք: Դրանից հետո արդեն, երբ որ էդ հողատերերն արդեն ուզում էին ստանալ ճարտարապետական առաջադրանք, նախագծման շինթույլտվություն, արդեն մեր իրավունքներն օգտագործելով, մեր պահանջները դրեցինք, որ անպայման պետք է տարածքի կառուցապատումն իրականացվի գլխավոր հատակագծին համապատասխան»,- բացատրեց Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Նախկին սեփականատերը վաղուց է մահացել, սակայն գնորդները կան: Նրանցից մեկն էլ Հովհաննես Հարությունյանն է, որն օրեր առաջ  տարածքում կառուցապատում է սկսել իրականացնել: Տարածքը ձեռք է բերել աճուրդով՝ 2007-2008 թվականներին: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց՝ օրենքով, փաստաթղթով:  ՀԺ-ի հարցին, թե ինչու այսքան ժամանակ սեփական տարածքում որևէ աշխատանք չի արվել, ասաց՝ տարբեր պատճառներով չի հարմարվել: «Հիմա արդեն տարածքը կառուցապատվում է՝ արտադրություն հիմնելու համար: Ներդրում է արվելու էն հողի վրա, որը հանդիսանում է սեփականություն, ունի սեփականության վկայական և պահանջվող բոլոր փաստաթղթերը: Օրինական դիմել ենք Գյումրու համայնքապետարան, ստացել ենք շինթույլտվություն  և սկսել ենք իրականացնել շինաշխատանքները»,- ասաց սեփականատերը: Խնդրի պարզաբանման նպատակով Գյումրու քաղաքապետարանին ուղղված մեր հարցերին կառույցի որոշմամբ պատասխանող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը վստահ ընդգծեց. տարածքում ապօրինի շինարարություն է սկսված: «Ես չգիտեմ ով է, բայց գիտեմ, որ էնտեղ ինչ-որ պարսպի կառուցման փորձ է կատարվել: Սկսել էին շինարարություն կատարել, որն ապօրինի էր: Մեր կողմից շինարարական աշխատանքների թույլտվություն չի տրվել, կասեցվել է սկսած աշխատանքը: Թույլտվություն չկա, կարող  է տարիներ առաջ դիմել են, բայց էս վերջերս չեն դիմել շինարարությունից առաջ»,- ասաց քաղաքապետարանի պատասխանատուն: Ոչ  թե էս վերջերս, կամ ավելի վաղ, այլ 2020 թվականի  մայիսին է Հարությունյանը քաղաքապետարանից ստացել  իր շինթույլտվությունը: Մայիսի 22-ին: Փաստաթղթի հաստատումն ու ստորագրությունը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է: Փաստաթուղթը փոխանցեց Հովհաննես Հարությունյանը: Դրանով սեփականատեր Հովհաննես Ավետիքի Հարությունյանին թույլ է տրվում Մհեր Մկրտչյան 48 հասցեում իրականացնել պարսպի կառուցում: Լուսանկարում սեփականատիրոջ կողմից ներկայացված փաստաթուղթն է Քաղաքապետարնի պատասխանատուն պնդում է, որ շինարարությունն ապօրինի է, սեփականատերը ներկայացնում է նույն քաղաքապետարանի կողմից իրեն տրված շինթույլտվությունը: Տարածքի բնակիչն էլ պնդում է՝ թույլ չի տա, որ որևէ մեկը փողոցը զավթի, պարիսպներ դնի, փակի իր, մյուսների և մեքենաների ճանապարհը: Ճարտարապետն ասում է, իրենք էլ թույլ չեն տա, քանի որ Մհեր Մկրտչյան փողոցը քաղաքի մայր երակն է: Այն սեփականաշնորհված հատվածում միանալու է Խրիմյան Հայրիկ խճուղուն, իսկ հակյառակ ուղղությամբ՝  ձոր կա, որի վրայով կառուցվելիք կամրջով Մհեր Մկրտչյանը կմիանա Շիրակացի փողոցին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:59 - 25 հուլիսի, 2020
Չենք կարող անտեսել դժվար վիճակի մեջ գտնվող մարդկանց խնդիրները. Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի

Չենք կարող անտեսել դժվար վիճակի մեջ գտնվող մարդկանց խնդիրները. Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 24-ին կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։ Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գյումրիի Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իրավիճակը: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է բնական աղետից տուժած ընտանիքների հետ, անմիջապես տուժածներից տեղեկացել նրանց կրած վնասների մասին: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահին տեղեկություններ են հաղորդվել հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած՝ քաղաքացիների խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախագահը հետաքրքրվել է տուժած ընտանիքների վիճակով։ «Այնպիսի տպավորություն է, որ հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին, տուժել են այն մարդիկ, որ ապրում են տնակներում,-նշել է նախագահը: -Այդ մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»: Հանրապետության նախագահն ասել է, որ իր հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ ծրագրվել են և ընթացքի մեջ են տուժած ընտանիքներին աջակցության որոշակի ծրագրեր: Մասնավորապես, այդ ընտանիքների համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը շուտով կհանձնվի հասցեատերերին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի․ «Էական է, որ մարդիկ իրենց մոռացված չզգան, գյումրեցիներն իմանան, որ ուշադրության կենտրոնում են, չնայած կորոնավիրուսին, չնայած սահմանային ընդհարումներին»: Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ուշադրությունը կենտրոնացված է առողջապահության համակարգի և առողջության հետ կապված խնդիրների վրա․ համավարակը ողբերգական հետևանքներ է ունենում՝ մարդկային կյանքեր խլելով: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ, անշուշտ, կարևոր է վիճակագրական տվյալներ ունենալ ցանկացած իրավիճակի վերաբերյալ, սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացած թվի հետևում մարդկային կյանք ու ճակատագիր է: Ինչպես Գյումրիում տեղացած անձրևների պարագայում, այնպես էլ ավելի մեծ ու, ցավոք, նաև մարդկային կյանքեր խլող համաշխարհային աղետի՝ կորոնավիրուսի համավարակի դեպքում պետք է ամեն ինչ անել, որ որևէ մեկն իրեն անօգնական չզգա: Նախագահ Սարգսյանը մարզային և քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի պատրաստված լինել, ենթակառուցվածքները վերանորոգելիս կամ նորը կառուցելիս հաշվի առնել նաև նման տարերքների հավանականությունը. «Եթե կոյուղի կամ ջրահեռացման գիծ ենք կառուցում, կամ բնակելի շենքի կամ դպրոցի տանիք ենք ամրացնում, պետք է հաշվի առնել նաև եղանակային հնարավոր փոփոխությունները»: Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները Հանրապետության նախագահին տեղեկություններ են ներկայացրել մարզի և մարզկենտրոնի զարգացմանն ուղղված ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի մասին: Նախագահն ասել է, որ որևէ ծրագիր իրականացնելիս չափազանց կարևոր է Գյումրիի դիմագծի և, առհասարակ, մարզի պատմամշակութային միջավայրի պահպանությունը: «Գյումրին գեղեցիկ է իր պատմաճարտարապետական յուրահատուկ ոճով: Այս գեղեցկությունը պետք է պահպանել, սա Հայաստանի ադամանդն է, և պետք է շատ ուշադիր լինել,-ասել է նախագահ Սարգսյանը: -Մեր ունեցած արժեքներին շատ ավելի զգայուն պետք է վերաբերվենք, շատ խնամքով պահպանենք»: Գյումրիի ծրագրերի համատեքստում անդրադարձ է եղել նաև մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գեորգի Գուրջիևի այգի, գուրջիևյան միջավայր ստեղծելու նախագահական նախաձեռնությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ծրագրի իրագործումը նպաստելու է քաղաքի զարգացմանը թե՛ զբոսաշրջային, թե՛ մշակութային ու սոցիալ-տնտեսական ուղղություններով: Նշված ծրագրի իրականացման համար դիտարկվում է Գյումրու Կարսի խճուղու վրա գտնվող նախկին զորամասի տարածքը:
20:40 - 24 հուլիսի, 2020
«Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները ստացել են ապօրինի վարձատրություններ. ՔԿ

«Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները ստացել են ապօրինի վարձատրություններ. ՔԿ

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, համապատասխանաբար 2020թ. մարտից մինչև հունիս և 2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. հունիս ընկած ժամանակահատվածներում, իրենց լիազորությունների շրջանակներում վարձատրություն տված կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, անձամբ կամ միջնորդի միջոցով տարբեր քաղաքացիներից, շորթմամբ կամ այլ եղանակով պարբերաբար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սոցիալական աջակցության տարածքային նշված բաժինների աշխատակիցները յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժինների պետերին: Բացի այդ, նշված բաժինների ղեկավարներն ինչպես անձամբ, այնպես էլ՝ իրենց աշխատակիցների միջոցով, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար, քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը, որի մի մասը աշխատակիցները փոխանցել են բաժնի պետերին, իսկ մի մասը պահել են իրենց: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 312.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) 1-ին մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 312.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
19:19 - 24 հուլիսի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն են իրականացրել Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է մասնավորապես «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը: Այցի և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը: Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում և «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն»-ում հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով: Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
20:07 - 23 հուլիսի, 2020
Գյումրիում շուտով իր դռները կբացի կամերային «Մտորումների թատրոնը» |hetq.am|

Գյումրիում շուտով իր դռները կբացի կամերային «Մտորումների թատրոնը» |hetq.am|

hetq.am: Մայթին շարած փոքրիկ աթոռների վրա տեղավորված սակավաթիվ հանդիսատեսը հեքիաթի սպասումով լուռ հետեւում է կիսաթափանց էկրանին հայտնվող ու անհետացող ստվերներին: Եվս մի քանի րոպե եւ ներկայացումը սկսվում է: Գյումրվա բարբառով տարբեր պատումները հնչում են ծանոթ դերասանների ձայններով: Էկրանի հետեւում «թաքնված» տիկնիկավարները հմտորեն ղեկավարում են կաշվից պատրաստված խամաճիկներին: Գյումրեցի հանդիսատեսի համար ստվերային թատրոնը նորություն է: Սա տեսողական արվեստի ձեւ է, որ ձեւավորվել է Չինաստանում 1700 տարի առաջ, հետագայում տարածվել Հնդկաստանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում: Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ եւ հարթ մարիոնետներ՝ խամաճիկներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները սովորաբար պատրաստվում են բարակ, թափանցիկ կաշվից, թղթից կամ ստվարաթղթից, կարող են լինել ինչպես ամուր եւ ամբողջական, այնպես էլ ճկվող եւ առանձին մասերից բաղկացած: Այստեղ էլ, ինչպես եւ տիկնիկային թատրոնի պարագայում, խամաճիկներին շունչ ու հոգի տվողը տիկնիկավարն է:    Հովհաննես Հովհաննիսյան   Հուլիսի 19-ին, ստվերային ներկայացմամբ, Գյումրու նորաստեղծ «Մտորումների թատրոնն» առաջին անգամ, ոչ պաշտոնապես ներկայացավ իր սակավաթիվ հանդիսատեսին: Թատրոնի հիմնադիրը ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Գյումրիում գործող երկու թատրոնների՝ դրամատիկականի եւ տիկնիկայինի կողքին իր առաջին քայլերն անող 3-րդ թատրոնի ծնունդը համընկավ աշխարհն իրար խառնած կորոնավիրուսային պանդեմիայի, արտակարգ դրության հաստատման եւ մի շարք սահմանափակումների հետ: Հիմնադրի խոսքերով, Գյումրու 3-րդ թատրոնը հավակնություններ չունի մրցելու մյուս թատրոնների հետ, այն կամերային բնույթի է, լինելու է խիզախումների, գաղափարների իրականացման փորձարարական հարթակ:  «Երկու տարի է մտածում էի այս մասին,-խոստովանում է Հովհաննես Հովհաննիսյանը,-երկար ժամանակ որոնումների մեջ էի, անգամ մտածում էի թատրոնը կոչել «Որոնումների թատրոն», սակայն հետո հասկացա, որ այն ինչը հանդիսատեսին բերելու է մեր մոտ, պարտադիր մտորումների տեղիք է տալու, այդպես ծնվեց թատրոնի ներկայիս անունը»:         Չլիներ կորոնավիրուսը, ապրիլի 1-ին՝ Հումորի միջազգային օրը, թատրոնը պաշտոնապես ազդարարելու էր մուտքը թատերական աշխարհ: Մարտ ամսին, երբ աշխարհում ամեն ինչ գնում էր փակման ճանապարհով, Գյումրու սրտում՝ Կումայրի արգելոցի հենց կենտրոնում, ծնվում էր մի նոր մշակութային օջախ: Տեղն եւս պատահական չի ընտրված: Աբովյան փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի նկուղային հարկում 1978-79թթ-ին բացվել էր առաջին՝ «Կոնյակի բարը», որտեղ կարելի էր ճաշակել կոնյակ, վիսկի, ջին, սկոտչ, ռոմ, լսել ջազային երաժշտություն:  «Բարմենը Ֆիլիպն էր: Երեկոյան այստեղ միշտ լիքն էր, գալիս էին միայն տղամարդիկ՝ կանանց մուտքն արգելված էր: Խմում էին, խոսում ու վերջում պարտադիր կռիվ էր՝ ժամը 24-ից հետո սկսվում էր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»,-զրուցակիցս ծիծաղում է,-մենք էլ նոր-նոր կյանք մտնող 16-17 տարեկան պատանիներ էինք, դպրոցի համար տված գումարները խնայում էինք, որ գայինք մի բաժակ ռոմ կամ վիսկի խմելու, էդպես փորձում էինք հասուն կյանք մտնել: Վայրն ինձ համար միշտ ասոցացվել է ազատության, նոր գաղափարների հետ, այնպես որ Գյումրիում, երբ տեղ էի փնտրում թատրոնի համար, էս տեղն աչքի առաջ ունեի, խոսեցի տանտիրոջ հետ, որ հիմա Երեւանում է ապրում, սիրով համաձայնվեց վարձով տալ»:    Արթուր Օթարյան «Մտորումների թատրոնն» ազատ հարթակ է լինելու ստեղծագործողների համար, որտեղ կարելի է գալ սեփական նախագծով, անգամ սեփական փոքրիկ թատերական կազմով եւ անել ներկայացումներ: Տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար Արթուր Օթարյանի համար նորաստեղծ թատրոնը հնարավորություն է մարմին տալու տարիների երազանքին: «Միշտ երազել եմ, որ Գյումրիում ունենանք ստվերների թատրոն,-ասում է Արթուրը,-Չինաստանում եւ Հնդկաստանում արվեստի այս տեսակը մեծ տարածում է ունեցել 2-րդ հազարամյակում, 16-րդ դարում տարածվել է Թուրքիայում, որտեղ ավելի շատ հայտնի է եղել «Ղարագյոզ» կոչվող տիկնիկը, հայերն եւս անմասն չեն մնացել այս արվեստին: Մենք՝ վերցնելով էդ կերպարն, իրեն կոչել ենք Ղազարոս: Երեւանում կա ստվերների թատրոն՝ «Այրոգի»-ին, որ գործում է 1980-ականներից, մենք էլ կլինենք երկրորդը: Անունը կորոշենք, երբ խումբը վերջնականապես ձեւավորվի, կարեւորը որ արդեն ունենք ստեղծագործելու տեղ»: Շարունակությունը՝ hetq.am-ում
18:00 - 23 հուլիսի, 2020
Գյումրու ծերանոցում համաճարակային իրավիճակը կայունանում է․ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից միայն 4-ն է հիվանդանոցում
 |factor.am|

Գյումրու ծերանոցում համաճարակային իրավիճակը կայունանում է․ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից միայն 4-ն է հիվանդանոցում |factor.am|

factor.am: Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Այժմ խնամքի կենտրոնի շահառու 4 պացինենտ է հոսպիտալացված։ «Հիվանդանոցում արդեն 4 հոգի է մնացել, մյուսները դուրս են գրվել։ Երկուսը Սպիտակում են, մեկը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում»,-  ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 16 շահառու մեկուսացած է խնամքի կենտրոնում, նրանց վիճակը նորմալ է։ Աշխատակիցների մոտ էլ փոփոխություն չկա առաջին օրվանից։ «12 հոգի էր հիվանդ, որոնցից մեկը՝ հիվանդանոցում, մյուսների վիճակը նորմալ է։ Իրենք տանն են մեկուսացած»,- ասաց Նունե Գրիգոյանը։ Ընդհանուր առմամբ, հիվանդ շահառուներից մահացել է 5-ը։ «Վերջին շահառուի մոտ կրկնակի թեստը բացասական էր, սակայն այնքան ծանր հիվանդություններ ուներ, որ մահացել է»,- ասաց Գրիգորյանը։  Շարունակությունը՝ factor.am-ում։
17:00 - 22 հուլիսի, 2020
Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել |shantnews.am|

Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել |shantnews.am|

shantnews.am: Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։ 5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման առանցքում մի շարք տնտեսվարողներ էին։ Նախ այցելեցին  բենզալցակայաններ, որոնցում անվտանգության կանոնները հիմնականում պահպանված էին, բայց փակ աղբամանները ճիշտ տեղում, գծանշումները համապատասխան հեռավորությամբ չկատարելու դիտողություններ արվեցին։ «Առաջին այցելության ժամանակ Գյումրիում 5-6 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, էստեղ աղբամանների, գծանշումների  խնդիրներ կային հիմնականում, բայց էսօրվա կրկնայցը ցույց է տալիս, որ մի քանի տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը նախկինում կասեցվել էր, տեսնում ենք, որ շտկված են դրանք, էդ խնդիրները վերացված են»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը։ Հանրային սպասարկման օբյեկտներում ջերմաչափման գրանցամատյաններ կան, աշխատակիցները դիմակներ կրում են։ Սանիտարական նորմերի պահպանմանը ժամանցի վայրերում պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, հատկապես երբ նման սրահներ այցելում են նաև երեխաները։Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեքստիլ  արտադրության ընկերություններն էին, որոնցում աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը։ Մեկ ամիս առաջ է աշխատանքը վերսկսել  «Սվետտեքս» ընկերությունը։ Հունիսի սկսզբին ընկերության երկու տասնյակ  աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր COVID 19-ը , ինչի պատճառով  ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, մոտ  120 աշխատակիցներ մեկուսացվել էին։ «Մենք 26-27 վարակակիր ունեինք, աշխատակիցները հունիսի 9-ից գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, մարդիկ իրենց տներում նստած իրենց հեռավորությունը պահել են, գտնվել են բժիշկների հսկողության տակ, աշխատանքը վերսկսել ենք հունիսի 22-ից»,- նշեց «Սվետտեքս» ընկերության արտադրամասի ղեկավար Սուսաննա Պետրոսյանը:   «35 դեպք ենք ունեցել հունիս ամսվա սկզբին, կասեցվեց մեր գործունեությունը, բոլոր հիվանդները մեկուսացվեցին, սկսել ենք աշխատել, ու առ այսօր ոչ մի հիվանդ չունենք»,- ասաց Հմայակ Ապիկյանը: Շարունակությունը՝ shantnews.am-ում
11:07 - 22 հուլիսի, 2020
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում, կասեցումներ` Երևանում

ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում, կասեցումներ` Երևանում

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ չեն հայտնաբերել: Երևանի կենտրոն վարչական շրջանի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը դիտարկել է թերություններ կապված ջերմաչափման գրանցամատյանների հետ, որոնք տեղում շտկվել են: Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել «Գնունի» շինանյութերի տոնավաճառում: Բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: Հուլիսի 21-ին ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում: 24 ժամով կասեցվել է շինանյութի առևտրի մի շարք կետերի գործունեությունը, որտեղ բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:  
17:28 - 21 հուլիսի, 2020
Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|

Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», հայտնվել է ծանր վիճակում: Բավական է ասել, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Շիրակից» ուղեւորներ չեն օգտվել: Եվ չէին էլ կարող, քանի որ այդ 3 ամիսներին ընդամենը 1 չվերթ է եղել այստեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած վիճակագրությունից:   Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում երեւում է, որ հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքի թվերը վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին համահունչ են եղել, բայց մարտին ուղեւորների քանակը կտրուկ նվազել է, իսկ ապրիլ-հունիսին օդանավակայանը փաստացի պարապուրդի մեջ է եղել: Passengers: LWN (06.2014-06.2020)Infogram Համեմատության համար նշենք, որ եթե այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակն» սպասարկել է 27.533 ուղեւորի, ապա անցյալ տարվա նույն հատվածում այդ թիվը եղել է 2,5 անգամ շատ՝ 68.175 հոգի:  Անցած 6 ամիսներին «Շիրակում» բեռնափոխադրում չի կատարվել: Որքան էլ վատ հնչի, սա սովորական երեւույթ է Գյումրու օդանավակայանի պարագայում, որի միջոցով 2019-ի ամբողջ ընթացքում եւս բեռ եւ փոստ չի առաքվել ու ներմուծվել: Անցյալ տարի կառավարությունը որոշել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնել: ԱՏԳ-ն գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Այստեղ կարեւոր դեր է վերապահված «Շիրակ» օդանավակայանին, որի միջոցով նախատեսվում են մեծածավալ բեռնափոխադրումներ: Առայժմ սա միակ հույսն է, որ Գյումրու օդային դարպասներում կաշխուժանա բեռնափոխադրումը: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:30 - 21 հուլիսի, 2020
Առաջիկա օրերին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթներ կիրականացվեն

Առաջիկա օրերին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթներ կիրականացվեն

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը  ներկայացրել է «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։ Հուլիսի 22-ին – Մոսկվա – ԵրևանՀուլիսի 23-ին – Մոսկվա – ԳյումրիՀուլիսի 25-ին – Մոսկվա – Գյումրի«Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։Տոմսերի վաճառքը մեկնարկում է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստնում ավիավառելիքի սակագնի աճի հետ։Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,- տեղեկացնում են դեսպանատնից:
14:51 - 19 հուլիսի, 2020
Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները: Նախաձեռնությունը նոր չէ. դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝  Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: Այս անգամ էլ, հուլիսի 12-ից Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, արձագանքը չուշացավ: Գյումրիում  ակտիվությունն աննախադեպ է՝  քաղաքի տարբեր հատվածներում, կարելի է տեսնել երիտասարդների, որոնք հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները տեղափոխում են  զորամասեր: «Գյումրիում  բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու Գյումրիում մեծ  թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել է»,- նշեց Ժորա Աբգարյանը  տեղեկացնելով՝ զորմասեր անձամբ իրենք են տանում:
17:39 - 18 հուլիսի, 2020
Գյումրու ավագանին արտահերթ նիստ գումարեց. 10 մլն դրամ հատկացվեց կարկուտից տուժածներին օգնելու համար |armtimes.com|

Գյումրու ավագանին արտահերթ նիստ գումարեց. 10 մլն դրամ հատկացվեց կարկուտից տուժածներին օգնելու համար |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ավագանին այսօրվա արտահերթ նիստը սկսեց մեկ րոպես լռությամբ՝ ի  հիշատակ Տավուշի սահմանային գոտում զոհված  հայ քաջորդիների: Այն հրավիրվել էր հուլիսի 13-ին Գյումրիում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված: Հիշեցնենք, այդ օրն աննախադեպ երկարատև կարկուտն ու անձրևը ջրածածակ էին արել քաղաքի գրեթե բոլոր փողոցները, գոյացրել սառցի հաստ շերտ, որոնց տակ մեքենաներ էին մնացել: Կակրկուտը լցվել էր բնակարաններ, սելավը՝ շենքերի նկուղներ, ջուրը քշել, տարել էր փողոցում ու մայթերում գտնված ամեն ինչ: Հոսանքազրկվել էին Գյումրու գրեթե բոլոր թաղամասերը:«Այդ օրը մեկ ժամում այնքան տեղում է եղել, որքան պետք է լիներ ամբողջ հուլիսի ընթացքում: Տվյալը հիդրոմետից եմ վերցրել»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ավագանին համաձայն եղավ, որ 10 մլն դրամը բաշխվի կարկուտից տուժած քաղաքացիներին: 5լն դրամը հատկացվեց մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆոնդից, 3 մլն-ը՝ սպորտային գործուղումների համար նախատեսված գումարներից: 2 մլն դրամն էլ ՝ համայնքային բյուջեի չծախսված գումարներից: Չծախսված գումարներն, ըստ կառույցի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի,  ներկայացուցչական  ծախսերի համար բյուջեւոմ առանձնացված հոդվածով է ամրագրված: Դա հիմականում պետք է ծախսվի ընդունելությունների, հյուրասիրությունների, նվիրատվությունների վրա: «Բայց քանի որ դրանք քաղաքապետն իր անձնական ֆոնդից է անում և այս չծախսված գումարի ֆոնդից կա տնտեսում, քաղաքապետը գտավ, որ դրանից 2մլն-ն առանձնացնենք օգնություններին: Նաև քաղաքապետի տնտեսված աշխատավարձն ենք օգտագործում, կօգտագործենք նաև գալիք աշխատավարձը»,-տեղեկացրեց Ջիլավյանը: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այս օրերին ստացել և քննարկել է 120 դիմում՝  ստացված տնակատերերից և սեփական սեկտորի բնակարաններից: 84 ընտանիք է համապատասխանել օգնություն ստանալու չափանիշներին: Նրանցից բացի, 6 ընտանիքի արդեն տրվել է նորակառույց բնակարան՝ սոցիալական թաղամասում: Բազմաբնակարաններով համատիրությունները կզբաղվեն, աջակցություն կտրվի կարկուտից տուժած և այդ մասին քաղաքապետարանին տեղյակ պահած Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին, «Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ հկ-ին և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին: Յուրաքանչյուրին 100.000-ական դրամ կհատկացվի: Սրանք արդեն ստացված, ուսումնասիրված դիմումներն են: Երեկ 65 նոր դիմում է կրկին ստացվել, որոնք դեռ պետք է քննարկվեն:  Այս դիմումներում են նաև այն 3 մեքենաների տերերը, որոնք կարկուտի պահին մնացել էին կամրջի տակ՝ սառցաբեկորների մեջ, և ջրից դուրս են բերվել փրկարարների ուժերով: Դիմումներ կընդւոնվեն նաև շաբաթ-կիրակի օրերին: Բոլոր դիմումները կուսումնասիրվեն տնայցերի և տեսանկարահանումների միջոցով: Դրանից հետո նոր կկայացվի դիմումին ընդառաջելու կամ մերժելու որոշում: Սամվել Բալասանյանն ասաց, եթե զգան ինչ-որ գործողություն քաղաքն ի վիճակի չէ միայնակ անելու, կդիմեն կառավարության օգնությանը: «Պարոն Պապիկյանն էլ է զանգել, հետաքրքրվել, նախագահի աշխատակազմից էին զանգել, նաև տարբեր բարեգործներ: Եթե պետք եղավ, անպայման նրայնց կդիմենք, որովհետև չենք կարող նույն իրավիճակում հայտնված մարդկանց մեկին օգնենք, մեկին չօգնենք»,-ասաց քաղաքապետը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
18:45 - 17 հուլիսի, 2020
Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|

Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|

armtimes.com: Արդեն երկու օր է Գյումրու ուոռուցքաբանական դիսպաներում լարված մթնոլորտ է: Ստացվել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փակել դիսպանսերի ճառագայթային ծառայությունը, տեղափոխել Երևան, իսկ վիրաբուժական և թերապիայի ծառայությունը կենտրոնացնել «Գյումրի» բկ-ում՝ 10-12 մահճակալով: Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանն ասաց, սա անթույլատրելի գործողություն է, քանի որ ուռուցքային հիվանդություն ունեցող մարդը դիսպանսերում ստանում է համալիր բուժում, այսինքն միաժամանակ և քիմիոթերապիա, և ճառագայթ: «Հիմա առաջարկում են էստեղ քիմիան ստանա, քիմիայից հետո էդ ծանր վիճակով նստի գազելը գնա Երևան, ճառագայթը ստանա, գա քիմիան ստանա, հետո նորից գնա: Եղավ որ ոչ մեկն էլ չի կարողանալու: Ով հնարավորություն ունի, կգնա Երևան ընդհանրապես, ով էլ չէ, ստիպված պետք  է համակերպվի  իր ճակատագրի հետ, մնա տանը սպասի Աստծո ցանկությանը»,-ասաց Շիրինյանը: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասաց, տեղյակ է նախագծից էլ, դրանում առկա հիմնավորումներից էլ: Ավելին, ըստ Ասլանյանի, ճառագայթային բուժման կարիք ունեցող հիվանդները, բացառությամբ մաշկի քաղցկեղ ունեցողների,  հիմա էլ են գնում Երևան, քանի որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ԱԳԱԹ Ռ1 ճառագայթային սարքը չի գործում արդեն 25 տարի: Այն վերջին անգամ վերալիցքավորվել է 1995 թվականին: Եվ վարչության պետը, և դիսպանսերի տնօրենը փաստում են, գրեթե ամեն տարի մի քանի անգամ դիմել են կառավարությանն այդ խնդրի լուծման համար: Տեղաշարժ չի եղել:Պատճառների մասին յուրաքանչյուրն իր տեսակետը ներկայացրեց: «30 տարի կրկնում եմ խնդրանքն ու ստանում նույն պատասխանը. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքավորման համար գումար նախատեսված չէ: Տարին 20 անգամ դիմում  եմ, 100.000 դոլարի մասին է խոսքը, որը պետության համար ես համարում եմ չնչին գումար, որով պետք է կյանք փրկել»,-ասաց Շիրինյանը: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, կառավարությունն այլ իմնավորում ունի: Դեռ 2019 թվականին, ՀՀ-ում այս ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել միջազգային տարբեր կառույցների մասնագետները, մասնավորապես ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության, քաղցկեղի հետազոտման միջազգային  գործակակալության և ԱՀԿ մասնագետները: Նրանք նաև Գյումրու դիսպանսերում են եղել, որտեղ աշխատանքը գնահատվել է անբավարար, ճառագայթային բուժման համար օգտագործվող սարքավորումները՝ շատ հին: «Բնականաբար, այդ սարքի լիցքավորումը բուժհաստատությունը իր ֆինանսի հաշվին չի կարող անել, դա պետք է փոխհատուցի կառավարությունը, պետությունը, պետությունն էլ հաշվի առնելով  միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոշել է, որ ճառագայթային բուժումը կկենտրոնացվի Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական   կենտրոնում»,-ասաց Լեյլի Ասլանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:58 - 16 հուլիսի, 2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

Կառավարությունն արտոնություն տրամադրեց 30 մլրդ դրամի կարագի արտադրության ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումք, 105-150 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար որպես հումք հանդիսացող 50%  յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար:
12:58 - 16 հուլիսի, 2020
Գյումրիում անձրևի պատճառով ոչ պիտանի դարձած 3 տնակների բնակիչներին բնակարաններ կհատկացվեն

Գյումրիում անձրևի պատճառով ոչ պիտանի դարձած 3 տնակների բնակիչներին բնակարաններ կհատկացվեն

Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ էր գումարել, որի հիմքում բաշխման ենթակա սոցիալական 6 բնակարանները հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս տնակների բնակիչներին հատկացնելու հարցն էր: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: Նիստի սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը խոսեց հորդառատ անձրևի պատճառած վնասների, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին: Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիք: Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը:
23:07 - 15 հուլիսի, 2020