Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Ապրումակցում․ սա բառ է, որի զգայական շերտերն ամենից տեսանելիորեն բացվում են այս հինգ օրերին։ Կամ չեն բացվում առհասարակ։ Գուցե հեշտ չէ զգալ այն, ինչ կիլոմետրեր հեռու՝ մի բռաչափ հողում շրջափակված մարդիկ, երբ կա հացի տեսականուց ամենալավն ընտրելու հնարավորությունը, երբ չի կախում ինտերնետը, եւ երբ չես մտածում՝ եղած փայտով ձմեռը կհանե՞ս, թե չէ։ Կրկնում եմ ու խնդրում կարդալ դանդաղ, բառ առ բառ, փակել աչքերը, փորձել պատկերացնել մարդկանց՝ հատ-հատ․ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ արդեն հինգ օր է՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է․ 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում վերադառնալ տուն։ Գորիսի հյուրանոցներից մեկում ես հանդիպում եմ այս 270 երեխաներից 4-ին։ 10-ամյա Գրետան, նրա քույրը՝ 8-ամյա Անգելինան, 9-ամյա Ասյան ու 8-ամյա Տաթեւը միջանցքի սեղանի մոտ դոմինո են խաղում։ Ես խնդրում եմ ինձ էլ սովորեցնեն, ու նրանք իրար հերթ չտալով սկսում են բացատրել՝ սա սրան կարող է կպնել, սա՝ սրան, ու սկսում ենք միասին խաղալ։ Այս աղջնակները մինչեւ բլոկադայի պատճառով հյուրանոցում հարկադրված տեղավորվելը իրար չեն ճանաչել, թեեւ բոլորն են Ստեփանակերտում ապրում։ Այս վերջին չորս օրերի ընթացքում են ընկերացել, պայմանավորվել, որ երբ հետ գնան, անպայման ընկերներ են մնալու։ Առաջարկում եմ հենց հիմա համարներով փոխանակվեն, Ֆեյսբուք-բան վերցնեն, որ հանկարծ չկորչեն իրարից։ Ձախից՝ աջ՝ Ասյան, Գրետան, Տաթեւը, Անգելինան Երեխաներն ասում են, որ չեն վախեցել, երբ իմացել են ճանապարհի փակման մասին։ Միայն փոքրիկ Անգելինան է խոստովանում, որ մի փոքր վախեցել է։ Հետո նրան շարունակում է Տաթեւը՝ ասելով, որ մի քիչ անհանգստացել են, թե ինչպես են գնալու, բայց ադրբեջանցիներից չեն վախեցել։ Տաթեւը Ստեփանակերտում ասեղնագործության դասերի է գնացել, սա նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Իսկ Անգելինան գիմնաստիկա է պարապում։ Նա մայրիկի ու քրոջ հետ եկել էր Երեւան՝ մրցումների․ երրորդ տեղն է զբաղեցրել։ Քույրիկը միանգամից ասում է՝ բայց նախորդ մրցումներին առաջին տեղն է զբաղեցրել։ Հետո կապույտ աչքերով Անգելինան մեզ սալտո ու մի քանի հնարքներ է ցույց տալիս՝ շարժվելով փետուրի պես թեթեւ։ Տաթեւի ծնողները, եղբայրը նրա հետ մնացել են Գորիսում, իսկ Ստեփանակերտում բլոկադայի մեջ են տատիկն ու հորաքույրը․ «Տատիկը ասում ա, որ լավ կլինի, որ ճանապարհները շուտ բացենք, շուտ գնանք հասնենք, թե չէ ինքն էլ մենակ չի կարողանում, գազերն անջատել են էնտեղ, իրենց համար էլ ա շատ դժվար»։ (Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հաղորդվեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է)։ Իսկ Գրետային ու Անգելինային Ստեփանակերտում սպասում է հայրիկը։ Ասում են՝ շատ են կարոտել․ «Դե, մենք ոչինչ, էլի, մենք հլը երկրից դուրս ենք, բայց մեր հայրիկը, տատիկները, պապիկները այնտեղ են շրջափակման մեջ, մենք ոչինչ»,- մեծ մարդուն հատուկ խորաթափանցությամբ ասում է Անգելինան ու կես-ժպտալով հայացքը հառում ներքեւ։ Նրա քույրը շարունակում է․ «[Հայրիկը] ասում ա չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»։  Տաթեւն էլ նկատում է՝ գոնե այստեղ իրար գտել են, թե չէ միայնակ շատ տխուր կլիներ։ Ասյան, որ ամենից շատ սիրում է նկարել ու որն ինձ դոմինոյի տրամաբանությունն է բացատրում, շատ ինքնավստահ աղջնակ է։ Ալիքավոր մազերը հաստ հյուսքեր արած՝ առաջինն ինքն է պատասխանում, որ չի վախեցել այս լարված իրավիճակից։ Նրան Արցախում սպասում են հայրիկը, տատն ու պապը։ Ասում է՝ թեեւ անհանգստանում են, բայց «դուխ են տալիս», ասում են՝ շուտ կբացվի ճամփան, կգնա նրանց մոտ։ Գրետայի ու Անգելինայի մայրիկը՝ Արմինե Աղաջանյանը, պատուհանագոգին հենված՝ ժպտալով հետեւում է մեր զրույցին։ Արմինեն Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան կամ Չայլու գյուղից է։ 1990-աականներին Չայլու գյուղը մնաց հակառակորդի վերահսկողության տակ, ու գյուղացիները նոր գյուղ հիմնեցին՝ Նոր Այգեստան։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այս գյուղը եւս անցավ հակառակորդի հսկողության տակ։ Արմինեն ամուսնացել, Ստեփանակերտում է ապրում։  Արմինե Աղաջանյանը Նա պատմում է, որ երեխաներին Երեւան էր բերել գիմնաստիկայի մրցումների, որոնց ավարտից հետո նստել են տրանսպորտ, շարժվել դեպի տուն՝ Ստեփանակերտ։ Բայց ճանապարհին արդեն իմացել են, որ ադրբեջանցիները կապը կտրել են։ Հուսալով, որ ճանապարհը կբացվի շուտ, ինչպես նախորդ անգամ, եկել են Գորիս։ Ու արդեն հինգ օր է՝ այստեղ են։ «Թուրքերը էլի էին տենց բան արել, մի անգամ էլ էին փակել ճանապարհը, դրա համար հույսով եկանք Գորիս, որ մի քանի ժամից կբացեն, բայց չբացեցին»։ Արմինեն աշխատում է հանրապետական հիվանդանոցում, գործընկերներին տեղեկացրել է, որ մնացել են ճանապարհին։ Ասում է՝ իհարկե բոլորն էլ ըմբռնումով են մոտենում խնդրին։ Երբ հարցնում եմ՝ իր հարազատներից ո՞վ է մնացել Արցախում շրջափակված, ասում է, որ ամուսինը, ու միանգամից ավելացնում․ «Սաղ մեր արցախցիները, սաղ մերոնք են էլի, ես սաղին էլ հարազատ եմ համարում ինձ»։  Արմինեն վստահ է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, որ իրենց ուզածը ստանան, բայց, ասում է, ոչ մեկն էլ նրանցից չի վախենում․«Մենք գիտենք, որ էդ ժամանակավոր բան ա, էքուց էլ կարող ա ճանապարհը էլի փակեն, ուրիշ բան ուզեն։ Ինչքան պետք ա՝ կմնանք ստեղ, մինչեւ ճանապարհը բացեն։ Ուզում եմ ասել՝ ոչ մի բան էլ չենք տա էլի, ուղղակի ուզում են վախեցնեն, իրանց գործն ա էլի, իրանք սովոր են էդպիսի արարքներով վախեցնեն մեզ, բայց ոչ մեկն էլ չի վախենում, երեխաներն էլ չեն վախենում, ուղղակի դպրոց պիտի գնան, ես աշխատանքի եմ, դրան ա խոչընդոտում, բայց ինչքան պետք ա՝ կմնանք, մինչեւ ճանապարհը բացվի»,- ասում է նա ու արձանագրում, որ միջազգային կառույցները չեն միջամտում, չեն արձագանքում․ «Կուզենամ, որ սաղ միջամտեն, մեր էս Ղարաբաղի հարցը քննարկեն, լուծում տանք։ Մենք ընդամենը ուզում ենք խաղաղություն էդ մեր սիրուն, փոքրիկ Արցախում։ Ես սաղի հետ եմ, մեր արցախցիների հետ եմ, ուզում եմ, որ ոչ մեկը չկոտրվի, սաղ լավ ա լինելու»,- եզրափակում է նա։ Երեկոն իջնում է Գորիսի վրա։ Հյուրանոցների բակերում հավաքվում են տղամարդիկ, քննարկում են իրավիճակը, բայց աղմուկ չկա։ Գորիսում առհասարակ աղմուկ չկա։ Վեցամյա Ավետն ու երեքամյա Մարիան Մարտակերտի Մեծ Շեն գյուղի իրենց տանը սպասում են հայրիկին՝ Մխիթար Անանյանին, որը մեկն է այն հարյուրներից, որ չի հասցրել վերադառնալ տուն։ Մխիթարը Մեծ Շենի դպրոցի ֆիզիկայի, բնագիտության ու շախմատի ուսուցիչն է։ Օրեր առաջ Երեւան էր եկել առողջական հարցերով, հետ դառնալու նախորդ օրը ադրբեջանցիները կտրում են ճամփան, ու Մխիթարը ստիպված է լինում մնալ Գորիսում։  Մխիթար Անանյանը «Մինչեւ էսօր սպասում ենք էստեղ մեծ հույսով, որ ճանապարհը կբացվի, կգնանք։ Երեւան չենք ուզում, որովհետեւ մեր հարազատները Ղարաբաղում են, ավելի լուրջ վտանգի մեջ, մենք ուզում ենք օր առաջ հասնել մեր երեխաներին։ Ես երկու երեխա ունեմ, հեռախոսով շուտ-շուտ խոսում ենք, զանգում, իրավիճակ ենք իմանում, բայց անորոշ իրավիճակ է։ Մենք իրենց ավելի շատ ենք քաջալերում, պարզ է՝ երեխաներ, կանայք, մի քիչ ավելի շատ են մտածում, իհարկե»,- ասում է Մխիթարը, բայց հույս հայտնում, որ սա եւս հաղթահարելի է, կհաղթահարեն։ Մխիթարն այս իրավիճակում ամենից կարեւորը համարում է համախմբվածությունը։ Ասում է՝ ոչ թե ամեն մեկը իր տեսանկյունից մի քայլ պետք է ձեռնարկի, այլ միահամուռ, որ հնարավոր լինի դուրս գալ ճգնաժամից․ «Կոչ կանեի չընկճվեն էս ամենից, սա էլ հաղթահարելի արգելք է, պետք է փորձենք էս իրավիճակից դուրս գալ»։  Հայարփի Բաղդասարյան
15:25 - 16 դեկտեմբերի, 2022
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։    Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
14:17 - 13 դեկտեմբերի, 2022
ՌԴ պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ

ՌԴ պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Սյունիզի մարզպետարանից։ «Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը և ընկերության ղեկավար կազմի անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Այցը ճանաչողական էր ու նպատակ ուներ դիտարկել հետագայում մարզի հետ կրթական, մշակութային, գիտատեխնիկական, միջռեգիոնալ կապերը ամրապնդելու հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են նշված ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով մասնագետների ու սովորողների փորձի փոխանակումը, կրթական համատեղ ծրագրերի իրագործումը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության ու երկուստեք ձեւավորվելիք մասնագիտական խմբերի միջոցով միասնական ծրագրեր մշակելու վերաբերյալ»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։
20:35 - 04 դեկտեմբերի, 2022
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հարուստ փորձառության հիման վրա երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությունը և վստահեցրել է, որ երկուստեք արդյունավետ աշխատանքի հիման վրա այն կընդլայնվի և նոր որակ ձեռք կբերի: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ականառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Այս համատեքստում դեսպան Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից: Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում: Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:
16:26 - 22 նոյեմբերի, 2022
ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am: Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։ Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման  աշխատանքներից: Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։ «Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ՝ կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,- նշեց Թաթոյանը։ Նա ընդգծեց՝ Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
13:07 - 10 նոյեմբերի, 2022
Սյունիքի մարզում 53 մոդուլային նոր կրթահամալիր կկառուցվի |armenpress.am|

Սյունիքի մարզում 53 մոդուլային նոր կրթահամալիր կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։ Ընդ որում, այդ կրթահամալիրները իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշում են կայացրել ծրագիրը մեկնարկել Սյունիքի մարզից։
12:23 - 03 նոյեմբերի, 2022
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ: Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր: «Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը: Հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում եւ այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի եւ թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին: Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատում պահանջող բանաձեւ: Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին: Անդրադարձ է կատարվել տեւական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ քույր-քաղաքներ Գորիսի եւ Վիենի միջեւ համագործակցությանը:
18:15 - 31 հոկտեմբերի, 2022
Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը Գորիսում հանդիպել են Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։   «Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին։   Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։   Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։   Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ իրենք խորհրդարանում ներգրավված են հայկական հարցերի մասին բարձրաձայնելու գործընթացներում և վերջին ագրեսիայից հետո նպատակ ունեն այս հարցում ակտիվացնել ֆրանսիական ու միջազգային հանրությանը՝ տեղ հասցնելով Հայաստանի շուրջ կատարվողի մասին իրականությունը։   Ն․ Ղազարյանն ու Ս․Քեսեջյանը պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, որտեղ նրանք տեղում ծանոթացել են ագրեսիայի հետևանքներին»,- նշված է գրառման մեջ
22:04 - 30 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են

Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Աննա Վարդապետյանը  խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, դատախազներ, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը: «Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- ողջունելով ներկաներին՝ նկատել է գլխավոր դատախազն ու ընդգծել, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ: Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:  «Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքներին պաշտպանություն ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- շեշտել է գլխավոր դատախազն ու հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա: Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը: «Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։ Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության: Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար: Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին:  Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:  
17:33 - 29 հոկտեմբերի, 2022
Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

hetq.am: Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը նախատեսված էր այսօր, սակայն ժամը 11։00-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Սիսիան համայնքի ավագանու մանդատ ստացած մյուս չորս կուսակցությունները նախորդ օրերին հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մանդատներից։ Այսպիսով, չնայած հոկտեմբերի 12-ին, կրկնակի քվեարկություն կազմակերպելուց հետո ավագանու անդամներից 9-ի քվեով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնն ստանձնել։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարեց, որ վաղը կրկին նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:09 - 15 հոկտեմբերի, 2022
Սիսիանում ևս 2 խմբակցություն մանդատը վայր դրեց, բացառում են համայնքի ղեկավար ընտրած ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն

Սիսիանում ևս 2 խմբակցություն մանդատը վայր դրեց, բացառում են համայնքի ղեկավար ընտրած ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն

Սիսիան համայնքի նորընտիր ավագանու «Աշխատանք և արդարություն» և «Մեկ Հայաստան» խմբակցությունները վայր են դնում իրենց մանդատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աշխատանք և արդարություն» խմբակցության անդամ Հայկ Առաքելյանը։ «Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։ Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։ Չստացանք․․․ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Ապրելու երկիր» կուսակցությունն էր Սիսիանում վայր դրել ավագանու իր մանդատները: 
10:39 - 15 հոկտեմբերի, 2022
Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Մութը լուսարձակներն անջատած մեր մեքենայի ընթացքը քաշում է դեպի հեռվում երեւացող մանր կայծերը։ Դրանք կամաց-կամաց դառնում են գծեր, հետո լայնանում ու տարածվում ճանապարհի աջ ու ձախ կողմերում։ Այրվում են Իշխանասարի ու Նորավանի մոտ փռված դաշտերը։ Ապակին իջեցնում եմ՝ հասկանալու՝ ճամփեզրին մոտ միայնակ այրվող կետիկն ինչ է․ ոնց որ թե՝ մեքենա, բայց Իշխանասարի ուղղությամբ գնալ չի թույլատրվում, ու հրդեհվող այդ բիծը հեռվանում-մարում է մեքենայի հայելու մեջ։  Քամին այրվող դաշտերի ծխի հոտն ու հրետանու պայթյունների ձայներ է բերում։ Մեկ։ Երկու։ Երեք։ Երեք արկ՝ Իշխանասարի ուղղությամբ։ Մեկ։ Երկու-երեք։ Չորս՝ մյուս ուղղությամբ։ Ձայներն ավելի են խլանում, ու մենք հետեւում ենք թողնում զինվորականներին, որոնք շտապ կանգնեցնում են բոլոր մեքենաները ու առանց ավելորդ բարեւ-հաջողի կոնկրետ հրահանգ տալիս Գորիս շարժվողներին՝ հնարավորինս, առավելագույնս, ինչքան ձեւ է՝ արագ անցնել ճանապարհի այս հատվածը, որովհետեւ անօդաչուներ են պտտվում։ Իշխանասարից Գորիս ես անընդհատ փակում եմ աչքերս, որ չմոռանամ զինվորի դեմքը։ Ես անընդհատ հարցեր եմ տալիս Սաքոյին, որ մոռանամ զինվորի դեմքը։  Ես ուզում եմ մտածել հասարակ բաների մասին, որ կորցրել եմ մազակալս, որ չունեմ ձմեռային վերարկու, որ եփած լոլիկն ավելի համով է, որ ժամանակ չկա սիրահարվելու, որ ծխելը վնասակար է առողջությանը, որ Կիեւյանի ջուրը համով չէ։ Ես ուզում եմ ամաչել հասարակ բաների համար, որ ներքնազգեստս պարանից ցած է ընկել, որ կոշիկներս կեղտոտ են, որ ուշացել եմ աշխատանքից։ Բայց ես ամաչում եմ զրահաբաճկոնով մտնել գյուղ, որը հրետակոծվում է անցած գիշերվանից։ Ռաֆիկը չգիտի՝ ոնց նկարագրի՝ ինչ կատարվեց իր հետ, երբ արկն ընկավ մի քանի մետր հեռու։ Ռաֆիկն ուզում է բառեր գտնել՝ բացատրելու, թե ինչ ձայն էր գալիս իր գլխում այդ պայթյունից։ Թե ոնց փշրվեցին ապակիներն ու իրեն չկպան։ Ռաֆիկն արդարանում է, որ այդ գիշեր շատ ցուրտ էր, ինքն էլ՝ հողաթափերով, ու ստիպված էր նկուղից բարձրանալ տուն՝ տաք շոր վերցնելու։ Ես ասում եմ՝ ահավոր է։ Ռաֆիկն ասում է՝ ահավոր է, ահավոր է։ Նա ափի մեջ ցույց է տալիս արկի բեկորները, ցույց է տալիս կացինը, որով բացել է տան դուռը, որովհետեւ ուժգին պայթյունից փականը կոտրվել էր, տան դուռը փակվել-մնացել։  Պայթյուններից փակվում են տների դռները։ Մարդիկ հավաքում են բեկորները, լցնում գրպանները, լցնում են փոսերը, լցնում են բաժակները, լցնում են աչքերը։ Ես սովորում եմ մի քանի րոպեն մեկ պայթող արկերի ձայնին, բայց չեմ դիմանում Էդգարի ուսերի դողին, որ օդը շարժելով փլված առաստաղով բարձրանում է մինչեւ տանիք։ Ամեն անգամ նա խոսքը կիսատ է թողնում, անշարժանում, նայում սարերի ուղղությամբ, որտեղից ծուխ է բարձրանում․ «Էսի մերոնք էին»,- ինքն իրեն հանգստացնում է Էդգարն ու շարունակում խոսել դադարներով։ Սարերից ծուխ է բարձրանում դադարներով։ Հրետանին կրակում է դադարներով։ Ճանճը տզզում է դադարներով։ Քամին խաղում է դադարներով։ Ես շնչում եմ դադարներով։ 
14:30 - 10 հոկտեմբերի, 2022