Ապրումակցում․ սա բառ է, որի զգայական շերտերն ամենից տեսանելիորեն բացվում են այս հինգ օրերին։ Կամ չեն բացվում առհասարակ։ Գուցե հեշտ չէ զգալ այն, ինչ կիլոմետրեր հեռու՝ մի բռաչափ հողում շրջափակված մարդիկ, երբ կա հացի տեսականուց ամենալավն ընտրելու հնարավորությունը, երբ չի կախում ինտերնետը, եւ երբ չես մտածում՝ եղած փայտով ձմեռը կհանե՞ս, թե չէ։
Կրկնում եմ ու խնդրում կարդալ դանդաղ, բառ առ բառ, փակել աչքերը, փորձել պատկերացնել մարդկանց՝ հատ-հատ․ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ արդեն հինգ օր է՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է․ 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում վերադառնալ տուն։
Գորիսի հյուրանոցներից մեկում ես հանդիպում եմ այս 270 երեխաներից 4-ին։ 10-ամյա Գրետան, նրա քույրը՝ 8-ամյա Անգելինան, 9-ամյա Ասյան ու 8-ամյա Տաթեւը միջանցքի սեղանի մոտ դոմինո են խաղում։ Ես խնդրում եմ ինձ էլ սովորեցնեն, ու նրանք իրար հերթ չտալով սկսում են բացատրել՝ սա սրան կարող է կպնել, սա՝ սրան, ու սկսում ենք միասին խաղալ։ Այս աղջնակները մինչեւ բլոկադայի պատճառով հյուրանոցում հարկադրված տեղավորվելը իրար չեն ճանաչել, թեեւ բոլորն են Ստեփանակերտում ապրում։ Այս վերջին չորս օրերի ընթացքում են ընկերացել, պայմանավորվել, որ երբ հետ գնան, անպայման ընկերներ են մնալու։ Առաջարկում եմ հենց հիմա համարներով փոխանակվեն, Ֆեյսբուք-բան վերցնեն, որ հանկարծ չկորչեն իրարից։
Ձախից՝ աջ՝ Ասյան, Գրետան, Տաթեւը, Անգելինան
Երեխաներն ասում են, որ չեն վախեցել, երբ իմացել են ճանապարհի փակման մասին։ Միայն փոքրիկ Անգելինան է խոստովանում, որ մի փոքր վախեցել է։ Հետո նրան շարունակում է Տաթեւը՝ ասելով, որ մի քիչ անհանգստացել են, թե ինչպես են գնալու, բայց ադրբեջանցիներից չեն վախեցել։
Տաթեւը Ստեփանակերտում ասեղնագործության դասերի է գնացել, սա նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Իսկ Անգելինան գիմնաստիկա է պարապում։ Նա մայրիկի ու քրոջ հետ եկել էր Երեւան՝ մրցումների․ երրորդ տեղն է զբաղեցրել։ Քույրիկը միանգամից ասում է՝ բայց նախորդ մրցումներին առաջին տեղն է զբաղեցրել։ Հետո կապույտ աչքերով Անգելինան մեզ սալտո ու մի քանի հնարքներ է ցույց տալիս՝ շարժվելով փետուրի պես թեթեւ։
Տաթեւի ծնողները, եղբայրը նրա հետ մնացել են Գորիսում, իսկ Ստեփանակերտում բլոկադայի մեջ են տատիկն ու հորաքույրը․ «Տատիկը ասում ա, որ լավ կլինի, որ ճանապարհները շուտ բացենք, շուտ գնանք հասնենք, թե չէ ինքն էլ մենակ չի կարողանում, գազերն անջատել են էնտեղ, իրենց համար էլ ա շատ դժվար»։ (Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հաղորդվեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է)։
Իսկ Գրետային ու Անգելինային Ստեփանակերտում սպասում է հայրիկը։ Ասում են՝ շատ են կարոտել․ «Դե, մենք ոչինչ, էլի, մենք հլը երկրից դուրս ենք, բայց մեր հայրիկը, տատիկները, պապիկները այնտեղ են շրջափակման մեջ, մենք ոչինչ»,- մեծ մարդուն հատուկ խորաթափանցությամբ ասում է Անգելինան ու կես-ժպտալով հայացքը հառում ներքեւ։ Նրա քույրը շարունակում է․ «[Հայրիկը] ասում ա չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»։
Տաթեւն էլ նկատում է՝ գոնե այստեղ իրար գտել են, թե չէ միայնակ շատ տխուր կլիներ։
Ասյան, որ ամենից շատ սիրում է նկարել ու որն ինձ դոմինոյի տրամաբանությունն է բացատրում, շատ ինքնավստահ աղջնակ է։ Ալիքավոր մազերը հաստ հյուսքեր արած՝ առաջինն ինքն է պատասխանում, որ չի վախեցել այս լարված իրավիճակից։ Նրան Արցախում սպասում են հայրիկը, տատն ու պապը։ Ասում է՝ թեեւ անհանգստանում են, բայց «դուխ են տալիս», ասում են՝ շուտ կբացվի ճամփան, կգնա նրանց մոտ։
Գրետայի ու Անգելինայի մայրիկը՝ Արմինե Աղաջանյանը, պատուհանագոգին հենված՝ ժպտալով հետեւում է մեր զրույցին։ Արմինեն Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան կամ Չայլու գյուղից է։ 1990-աականներին Չայլու գյուղը մնաց հակառակորդի վերահսկողության տակ, ու գյուղացիները նոր գյուղ հիմնեցին՝ Նոր Այգեստան։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այս գյուղը եւս անցավ հակառակորդի հսկողության տակ։ Արմինեն ամուսնացել, Ստեփանակերտում է ապրում։
Արմինե Աղաջանյանը
Նա պատմում է, որ երեխաներին Երեւան էր բերել գիմնաստիկայի մրցումների, որոնց ավարտից հետո նստել են տրանսպորտ, շարժվել դեպի տուն՝ Ստեփանակերտ։ Բայց ճանապարհին արդեն իմացել են, որ ադրբեջանցիները կապը կտրել են։ Հուսալով, որ ճանապարհը կբացվի շուտ, ինչպես նախորդ անգամ, եկել են Գորիս։ Ու արդեն հինգ օր է՝ այստեղ են։
«Թուրքերը էլի էին տենց բան արել, մի անգամ էլ էին փակել ճանապարհը, դրա համար հույսով եկանք Գորիս, որ մի քանի ժամից կբացեն, բայց չբացեցին»։
Արմինեն աշխատում է հանրապետական հիվանդանոցում, գործընկերներին տեղեկացրել է, որ մնացել են ճանապարհին։ Ասում է՝ իհարկե բոլորն էլ ըմբռնումով են մոտենում խնդրին։
Երբ հարցնում եմ՝ իր հարազատներից ո՞վ է մնացել Արցախում շրջափակված, ասում է, որ ամուսինը, ու միանգամից ավելացնում․ «Սաղ մեր արցախցիները, սաղ մերոնք են էլի, ես սաղին էլ հարազատ եմ համարում ինձ»։
Արմինեն վստահ է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, որ իրենց ուզածը ստանան, բայց, ասում է, ոչ մեկն էլ նրանցից չի վախենում․«Մենք գիտենք, որ էդ ժամանակավոր բան ա, էքուց էլ կարող ա ճանապարհը էլի փակեն, ուրիշ բան ուզեն։ Ինչքան պետք ա՝ կմնանք ստեղ, մինչեւ ճանապարհը բացեն։ Ուզում եմ ասել՝ ոչ մի բան էլ չենք տա էլի, ուղղակի ուզում են վախեցնեն, իրանց գործն ա էլի, իրանք սովոր են էդպիսի արարքներով վախեցնեն մեզ, բայց ոչ մեկն էլ չի վախենում, երեխաներն էլ չեն վախենում, ուղղակի դպրոց պիտի գնան, ես աշխատանքի եմ, դրան ա խոչընդոտում, բայց ինչքան պետք ա՝ կմնանք, մինչեւ ճանապարհը բացվի»,- ասում է նա ու արձանագրում, որ միջազգային կառույցները չեն միջամտում, չեն արձագանքում․
«Կուզենամ, որ սաղ միջամտեն, մեր էս Ղարաբաղի հարցը քննարկեն, լուծում տանք։ Մենք ընդամենը ուզում ենք խաղաղություն էդ մեր սիրուն, փոքրիկ Արցախում։ Ես սաղի հետ եմ, մեր արցախցիների հետ եմ, ուզում եմ, որ ոչ մեկը չկոտրվի, սաղ լավ ա լինելու»,- եզրափակում է նա։
Երեկոն իջնում է Գորիսի վրա։ Հյուրանոցների բակերում հավաքվում են տղամարդիկ, քննարկում են իրավիճակը, բայց աղմուկ չկա։ Գորիսում առհասարակ աղմուկ չկա։ Վեցամյա Ավետն ու երեքամյա Մարիան Մարտակերտի Մեծ Շեն գյուղի իրենց տանը սպասում են հայրիկին՝ Մխիթար Անանյանին, որը մեկն է այն հարյուրներից, որ չի հասցրել վերադառնալ տուն։ Մխիթարը Մեծ Շենի դպրոցի ֆիզիկայի, բնագիտության ու շախմատի ուսուցիչն է։ Օրեր առաջ Երեւան էր եկել առողջական հարցերով, հետ դառնալու նախորդ օրը ադրբեջանցիները կտրում են ճամփան, ու Մխիթարը ստիպված է լինում մնալ Գորիսում։
Մխիթար Անանյանը
«Մինչեւ էսօր սպասում ենք էստեղ մեծ հույսով, որ ճանապարհը կբացվի, կգնանք։ Երեւան չենք ուզում, որովհետեւ մեր հարազատները Ղարաբաղում են, ավելի լուրջ վտանգի մեջ, մենք ուզում ենք օր առաջ հասնել մեր երեխաներին։ Ես երկու երեխա ունեմ, հեռախոսով շուտ-շուտ խոսում ենք, զանգում, իրավիճակ ենք իմանում, բայց անորոշ իրավիճակ է։ Մենք իրենց ավելի շատ ենք քաջալերում, պարզ է՝ երեխաներ, կանայք, մի քիչ ավելի շատ են մտածում, իհարկե»,- ասում է Մխիթարը, բայց հույս հայտնում, որ սա եւս հաղթահարելի է, կհաղթահարեն։
Մխիթարն այս իրավիճակում ամենից կարեւորը համարում է համախմբվածությունը։ Ասում է՝ ոչ թե ամեն մեկը իր տեսանկյունից մի քայլ պետք է ձեռնարկի, այլ միահամուռ, որ հնարավոր լինի դուրս գալ ճգնաժամից․ «Կոչ կանեի չընկճվեն էս ամենից, սա էլ հաղթահարելի արգելք է, պետք է փորձենք էս իրավիճակից դուրս գալ»։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)